Add to favourites

Under development

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագծի վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների տվյալները սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարելու և նրանց՝ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չդիտարկելու  անհրաժեշտությամբ։ 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ստացվել հակակոռուպցիոն կոմիտեի գրությունը, որով առաջարկում է կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների տվյալները համարել որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն՝ պահպանելով նրանց սոցիալական վճար կատարելու հնարավորությունը կամ այդ տարբերակի անհնարինության դեպքում առաջարկել այլ տարբերակ՝ նրանց սոցիալական երաշխիքներն ապահովելու համար։ 

Այս դեպքում հաշվի են առնվել՝

  1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն,
  2. ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ եթե անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի համար գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում Կառավարության սահմանած կարգով:

Այսինքն, Հակակոռուպցիոն կոմիտեի առաջարկի համաձայն՝ կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների տվյալները հարկ է համարել որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ինչն իր հերթին հանգցնում է նրան, որ այդ աշխատակիցները չեն կարող հանդիսանալ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ, քանի որ համակարգի հիմքում դրված է մասնակցի վերաբերյալ անձնավորված տեղեկատվության առակությունը։

Այս հարցի վերաբերյալ Կենտրոնական բանկի դիրքորոշման համաձայն՝ Բանկը կարևորում է վարձու աշխատող հանդիսացող բոլոր անձանց համար կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցության ապահովումը, այդ թվում՝ այն անձանց մասնակցության վերաբերյալ համակարգային լուծումների մշակումը՝ ովքեր ներառված են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «վարձու աշխատող» հասկացության բացառության մեջ (պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների և փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողներ, քրեակատարողական ծառայողներ և հարկադիր կատարողներ)։

Պետական եկամուտների կոմիտեն բացառել է սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության պարագայում անձանց՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից լինելը, քանի այն ենթադրում է անձնավորված տեղեկատվության առկայություն։

Գրության կապակցությամբ շահագրգիռ մարմինների՝ Ազգային անվտանգության ծառայությունից, Պաշտպանության նախարարությունից, Ներքին գործերի նախարարությունից ստացված դիրքրոշումներով բացառվել է նշված համակարգերի զինծառայողների վերաբերյալ անձնավորած տեղեկատվության տրամադրումը։

Սա նշանակում է, որ կենտրոնական բանկի առաջարկը նշված անձանց ևս ներառել կուտակային կենսաթշոակային համակարգ, գործնականում անհնար է։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի համաձայն՝ գործատուի հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, բացառությամբ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների և փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողները, քրեակատարողական ծառայողների և հարկադիր կատարողները, հանդիսանում վարձու աշխատողներ (կատարում են սոցիալական վճարներ և հանդիսանում են կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ)։

Հաշվի առնելով ստացված դիտողություններն ու առաջարկությունները, որոնցով  բացառվել է սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության պարագայում անձանց՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից լինելը, նպատակահարմար է թողնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված՝ վերնշյալ  բացառությունները, դրանում ներառելով նաև կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներին։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը։ 

  1. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով առաջարկվում է՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողներին նեռառել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված՝ վարձու աշխատող չհանդիսացող անձանց կազմում։

Միաժամանակ, հաշվի առնելով անձանց աշխատանքային գործունեության ընթացքում վարձու աշխատողի կարգավիճակի հնարավոր փոփոխությունները, նախագծով առաջարկվում է սահմանել, որ մինչև պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների և փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների, հարկադիր կատարողների, հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների պաշտոն զբաղեցնելը իր համար (օգտին) կուտակային հատկացումներ կատարված լինելու դեպքում մասնակիցը կենսաթոշակային հաշվում առկա միջոցները կարող է ստանալ բացառապես սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով կամ միանվագ՝ սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում։ 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծի ընդունմամբ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների տվյալները կդիտարկվեն սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն և նրանք չեն հանդիսանա կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից։ 

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»,  Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։ 

  1. Տեղեկանք

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերը և եկամուտները կնվազեն՝ ի հաշիվ  հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից կատարվող սոցիալական վճարների (եկամուտների մասով) և այդ վճարների հիման վրա կատարվող կուտակային հատկացումների (ծախսերի մասով)։

  • Discussed

    27.07.2023 - 14.08.2023

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1990

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

30.07.2023

Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Դեմ ենք օրինագծին, քանի որ դրանով նախատեսվող իրավակարգավորումը խտրական է և անհավասար և ըստ այդմ հակասում է ՀՀ սահմանադրության 28 և 29 հոդվածներով սահմանված իրավակարգավորումներին: Հետևաբար օրինագիծը պետք է հանվի շրջանառությունից:

Մարինե Հովհաննիսյան

27.07.2023

Առաջարկում եմ փոփոխության նախագիծ ներկայացնեիք նաև ուսուցիչների և մանկավարժական աշխատողների կենսաթոշակի անցնելու տարիքի,աշխատանքային ստաժի մասին։ Շնորհակալություն։

See more