Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու՝ Հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունը ուժը կորցրած ճանաչելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներկայումս հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով Կառավարության կողմից քայլեր են իրականացվում հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ: Կրճատվում են հասցեականություն չունեցող կամ ոչ արդյունավետ հարկային արտոնությունները:
Այլ կերպ ասած՝ ներկա փուլում խնդիր է դրված ոչ միայն ձեռնպահ մնալ նոր հարկային արտոնությունների տրամադրումից, այլ նաև կիրառությունից հանել բոլոր այն հարկային արտոնությունները, որոնց կիրառությունը չի հիմնավորվում ծախսեր/օգուտներ հարաբերակցության տեսանկյունից։
Բացի այդ, հատկանշական է նաև այն, որ խնդրո առարկա արտոնության սահմանման մոտ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսավարող սուբյեկտների շրջանում (նշյալ ժամանակահատվածում արտոնությունից օգտվել է ընդամենը 4 կազմակերպություն):
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու՝ Հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունը ուժը կորցրած ճանաչել:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկի մասով սահմանված հարկային արտոնություններն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորինս կրճատել հասցեականություն չունեցող կամ ոչ արդյունավետ հարկային արտոնությունները, ինչպես նաև ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարձրացում:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ: Կրճատվելու են հասցեականություն չունեցող կամ ոչ արդյունավետ հարկային արտոնությունները, դրանց կիրառումն ու արդյունավետության գնահատումն իրականացվելու է համալիր խթանների և միջոցառումների շրջանակներում: