Add to favourites

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«_____» ___________-ի 2021 թվականի  N___-Ն

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «ա» պարբերությունը և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի  2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) կանոնները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշմամբ հաստատված կանոնների շրջանակներում պարտադիր իրականացման ենթակա միջոցառումների և աշխատանքների համար անհրաժեշտ խոշորացված ծախսերի հաշվարկման մեթոդական ցուցումներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2021 թվականի

_________ __-ի N___ -__Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ 

(ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     Սույն կանոնները սահմանում են բազմաբնակարան շենքի (այսուհետ՝ Շենք) ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետ՝ ընդհանուր բաժնային գույք) պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էնարգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) աշխատանքների դասակարգման ընթացակարգը, ներառում են քաղաքաշինական, հակահրդեհային և սանիտարական նորմերի պահանջների ապահովմանն ուղղված կազմակերպչական և տեխնիկական համալիր միջոցառումները, որոնց ժամանակին չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շենքին, շենքի շինությունների սեփականատերերին կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին:

 

    II. ՇԵՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Ընդհանուր բաժնային գույքի կազմում ներառվում են.

1) կրող կոնստրուկցիաները՝ ներառյալ հիմքերը, կրող պատերը և դրանց տարրերը, միջհարկային ծածկերը, ծածկի և պատշգամբային սալերը, կրող սյուները, հեծանները և այլ կրող կոնստրուկցիաները, սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանները (ՍՇՌՄՀ),

2) պատող կոնստրուկցիաները, ոչ կրող կամ կախովի պատերը, ընդհանուր օգտագործման տարածքների պատուհանները և դռները, միջնորմները, ճաղաշարերը, քիվապատերը (պարապետը) և այլ պատող կոնստրուկցիաները,

3) մեկից ավելի շինություններ սպասարկող և շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված՝

ա. տանիքը, տանիքածածկը, ձեղնահարկը, մանսարդային հարկը, տանիքի ջրահեռացման համակարգը, ճաղաշարային ցանկապատերը,

բ. մուտքերը, միջանցքները, աստիճանավանդակները, աստիճանները,

գ. նկուղային, կիսանկուղային և տեխնիկական հարկերը,

դ. փոստային բաժանորդային պահարանները,

ե. վերելակները, վերելակային հորերը և սենքերը,

զ. աղբամուղները և աղբահավաք խցերը,

է. մեխանիկական, էլեկտրական, սանիտարահիգիենիկ և այլ սարքավորումները, այդ թվում հաշմանդամություն և սահմանափակ շարժունակություն ունեցող բնակչության խմբերի համար նախատեսված կոնստրուկցիաները և սարքավորումները,

ը. օդափոխության, օդի լավորակման համակարգերը, օդափոխության հորանները և ծխաօդատար ուղիները,

թ. հակահրդեհային պաշտպանության համակարգերը,

ժ. ջեռուցման, տաք ջրամատակարարման և ջերմամատակարարման համակարգերը՝ (բացառությամբ ներտնային անհատական ջերմամատակարարման համակարգերի) ջեռուցման կաթսաները կամ այլ ջերմային էներգակայանքները, ջրատաքացուցիչները (ջերմափոխանակիչները), մատակարարող և հետադարձ խողովակաշարերը, կանգնակները, տաք ջրամատակարարման շրջանառու խողովակաշարը, շրջանառու պոմպերը, ջերմության սպառման կայանքները, ջեռուցման սարքերը (մարտկոցները), խցանող և կարգավորող արմատուրը, սողնակները, ծորակները, հավասարակշռային փականները, խմբային (ընդհանուր շենքային) և անհատական ջերմային էներգիայի և ջերմակրի հաշվառքի հանգույցները, սարքերը, օդահավաքիչները, կեղտանջատիչները, զտիչները, կոմպենսատորները, հսկման-չափագրման սարքերը (ջերմաչափերը, ճնշաչափերը),

ի. ներշենքային սառը ջրամատակարարման համակարգը (բացառությամբ ներբնակարանային ջրաբաշխման ցանցի)՝ ներանցումը, ընդհանուր խմբային ջրաչափական հանգույցը, ջրաբաշխիչ ցանցը, կանգնակները, ներբնակարանային ջրաբաշխման ցանցի առաջին փակող արմատուրը, վերահսկիչ-չափիչ սարքերը, ջրընդունիչ կառուցվածքը, պոմպային կայանքը, պաշարապահ ծավալը, ջրի մշակման ու հովացման կառուցվածքները,

լ. ներշենքային ջրահեռացման համակարգը (բացառությամբ ներբնակարանային ջրահեռացման ցանցի)՝ թողարկները, կոյուղու խողովակները, կանգնակները, արտաձգիչ խողովակները, ստուգիչը ու մաքրիչ ձևավոր մասերը (հարմարանքները), անցումները, հիդրավլիկական փականները, դրենաժային, ֆեկալային պոմպերը, ընդհանուր օգտագործման սանիտարական սարքերը,

խ. ներշենքային գազամատակարարման համակարգը՝ գազատարները, գազակարգավորիչ կետերը, ընդհանուր օգտագործման գազօգտագործող տեղակայանքները, օդատար և ծխատար ուղիները, կարգավորող և ապահովիչ արմատուրը, գազի կոնցենտրացիայի անթույլատրելի չափը կանխարգելող ինքնավար համակարգերը, սարքերը, առևտրային հաշվառքի սարքերը,

ծ. ներշենքային էլեկտրամատակարարման համակարգը՝ մուտքի ընդհանուր արկղերը, հարկերում գտնվող բաց բաշխիչ էլեկտրավահանակները, պահարանները, պաշտպանության, ղեկավարման և ստուգման ապարատները, միասնական սպասարկման համար նախատեսված էլեկտրակայանքի էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը, տրանսֆորմատորները, ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության սարքերը, միասնական սպասարկման համար նախատեսված, ընդհանուր բաժնային գույք հանդիսացող ինժեներական համակարգերի էլեկտրասարքավորանքը, վերելակների էլեկտրասնուցման համակարգը, հոսանքալարերի, մալուխների ցանցը,

կ. էլեկտրոնային հեռահաղորդակցման համակարգը՝ լարային ռադիոհեռարձակման ցանցերը, կաբելային հեռուստատեսության, օպտիկամանրաթելային ցանցերը, հեռախոսային կապի գծերը, դոմոֆոնները, տեսախցիկները,

4) ընդհանուր բաժնային գույք հանդիսացող ինժեներական սարքավորումները և սարքերը՝ ջեռուցման կաթսաները, շենքի օդափոխության, օդի լավորակման համակարգերի այլընտրանքային էներգիայով աշխատող սարքավորումները,

5) շենքի տակ գտնվող և շենքի սպասարկման համար նախատեսված հողամասերը, որոնց սահմանները որոշվում են օրենսդրությամբ նախատեսված կարգով,

6) այլ տարածքները, որոնք նախատեսված են շենքի պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էնարգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) աշխատանքների համար, ներառյալ՝ էլեկտրակայանները, ջերմակայանները, ընդհանուր ավտոկայանատեղիները, խաղահրապարակները, որոնք գտնվում են շենքի ընդհանուր սպասարկման համար նախատեսված հողամասերի վրա և գրանցված են անշարժ գույքի պետական ռեգիստրում՝ որպես առանձին գույքային միավոր:

2. Շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված ինժեներական համակարգերի շահագործման պատասխանատվության սահմանազատման կետերը որոշվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N95-Ն (ԳՄՕԿ), 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» N378-Ն (ՋՄՕԿ) և 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն (ԷՄՕԿ) որոշումների համաձայն:

3. Շենքի ընդհանուր բաժնային գույքի կազմում ընդգրկված այլ ինժեներական համակարգերի շահագործման պատասխանատվության սահմանազատման կետը կարող է սահմանվել նաև շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր ժողովի (այսուհետ՝ ժողով) կամ նրա կողմից լիազորված կառավարման մարմնի և շենքի սպասարկումը իրականացնող անձի միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

   III. ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

4. Ընդհանուր բաժնային գույքը պետք է պահպանվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական, հակահրդեհային, շինարարական և այլ նորմերի ու կանոնների պահանջների համաձայն, ապահովելով`

1) պարտադիր իրականացման ենթակա նվազագույն միջոցառումների և աշխատանքների (այսուհետ՝ պարտադիր նորմեր) իրականացումը,

2) շենքի հուսալիության չափանիշները,

3) բնակիչների կյանքի, գույքի և առողջության անվտանգությունը,

4) բնակելի և ոչ բնակելի, ինչպես նաև ընդհանուր բաժնային գույք հանդիսացող տարածքների, շենքի սպասարկման համար նախատեսված հողամասի օգտագործման հասանելիությունը, այդ թվում՝ սակավաշարժ խմբերին և հաշմանդամություն ունեցող անձանց համար,

5) ընդհանուր բաժնային գույք հանդիսացող ինժեներատեխնիկական համակարգերի և սարքավորումների անխափան աշխատանքը,

6) էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները:

5. Պարտադիր նորմերը ներառում են.

1) սպառման թափոնների հեռացում` առնվազն երեք օրը մեկ անգամ, իսկ +50C և ավելի բարձր օդի ջերմաստիճանի դեպքում` ամեն օր,

2) ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիայի (պայքար միջատների դեմ) և դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ) իրականացում` առնվազն երեք ամիսը մեկ անգամ,

3) ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրում` առնվազն երկու օրը մեկ անգամ,

4) ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում` առնվազն տարեկան մեկ անգամ,

5) շենքի փոստային բաժանորդային պահարանների սպասարկում,

6) վերանորոգման աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացում՝ ուղղված սույն կանոնների պահանջների ապահովմանը: 

7) ուղղակի վտանգ ներկայացնող վթարային բնույթի վնասվածքների ու անսարքությունների անհապաղ վերացում (ուղղակի վտանգի փաստը պետք է հաստատվի տվյալ բնագավառում պետական լիազորված մարմնի կողմից),

8) շենքերի տեխնիկական վիճակի հետազննություն՝ պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ, իսկ նոր կառուցվող, ինչպես նաև մինչև 10 տարի առաջ կառուցված շենքերի տեխնիկական վիճակի հետազննություն` դրանց 10 տարին լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում,

9) շենքի անձնագրավորում:

6. Ընդհանուր բաժնային գույքի պատշաճ պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էնարգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) միջոցառումների իրականացման լիազորությունը շենքի շինությունների սեփականատերերը կարող են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի համաձայն վերապահել թե ընտրված շենքի կառավարման մարմնին, և թե այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ քաղաքացիաիրավական պայմանագրեր կամ լիազորագրերի հիման վրա:

7. Վերանորոգման աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ժամկետները որոշվում են շենքի կառավարման մարմնի կողմից` առնվազն տարեկան 2 անգամ (գարնանը և աշնանը) կատարվող դիտողական զննման, անհրաժեշտության դեպքում` մասնագիտական կազմակերպության կողմից տրված եզրակացության հիման վրա:

8. Բացի սույն կանոնների 7-րդ կետի զննումներից տեղի ունեցած վթարներից, վտանգավոր բնակլիմայական երևույթներից և աղետներից հետո 24 ժամվա ընթացքում իրականացվում են նաև արտահերթ զննումներ:

9. Շենքի ընդհանուր բաժնային գույքի դիտողական զննումն իրականացվում է նախօրոք կազմված և շենքի կառավարման մարմնի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն:

10. Դիտողական զննման արդյունքում ի հայտ եկած թերությունների արձանագրվում են դիտողական զննության մատյանում (ձև N1):

 

IV. ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ) ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

11. Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են շենքի կոնստրուկտիվ առանձնահատկությունները հաշվի առնող համապատասխան ստանդարտների (նորմերի) համաձայն, իսկ հատուկ թույլտվություն պահանջող աշխատանքների դեպքում՝ մասնագիտացված կազմակերպությունների միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Վերանորոգման աշխատանքների ցանկը ներառվում է տվյալ շենքի տարեկան բյուջեում: Աշխատանքների ցանկը և տարեկան բյուջեն մշակվում են շենքի կառավարման մարմնի կողմից և սահմանված կարգով ներկայացվում են ժողովի հաստատմանը:

13. Այն աշխատանքները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն ունեն միջին, միջինից բարձր, բարձր և բարձրագույն ռիսկայնության ասիճան (lI-V կատեգորիա), պետք է իրականացվեն լիցենզավորված կազմակերպության կողմից շենքի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում տրված եզրակացությունում բերված առաջարկությունների և հանձնարարականների համաձայն մշակված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխան:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն ցածր ռիսկայնության աստիճան (l կատեգորիա) ունեցող ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների մասով կազմվում է ցանկ՝ ըստ դրանց իրականացման առաջնահերթության, որը հաստատվում է ժողովի կողմից:

15. Շենքի ընդհանուր բաժնային գույքի պահպանմանը, շահագործմանը, արդիականացմանն (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն) ուղղված նորոգման աշխատանքները ներառում են.

1) վթարների վերացման աշխատանքներ,

2) ընթացիկ նորոգում,

3) հիմնական նորոգում (ներառյալ՝ վերականգնումը, ուժեղացումը և սեյսմազինվածության բարձրացումը):

16. Վթարների վերացման աշխատանքները ներառում են շենքում հայտնաբերված վթարների, դրանց ազդեցություններից առաջացած քայքայումների և անսարքությունների հայտնաբերումը, վերացումը:

17. Ընթացիկ նորոգումն իրենից ներկայացնում է կանխարգելիչ, մասնակի նորոգման և կարգաբերման միջոցառումներ, որոնք ուղղված են վթարների կանխարգելմանը և շենքի անվտանգ շահագործմանը:

18. Հիմնական նորոգումն (ներառյալ՝ վերականգնումը, ուժեղացումը և սեյսմազինվածության բարձրացումը) իրականացվում է ընդհանուր բաժնային գույքի սահմանված առավելագույն թույլատրելի հուսալիության և անվտանգության բնութագրերի խախտման դեպքում՝ գույքի ֆիզիկական մաշվածությունը վերացնելու, սպառողական հատկանիշները վերականգնելու նպատակով:

19. Շենքի վերակառուցումը կարող է ներառել միջնորմների տեղափոխումը, քանդումը և փոխարինումը, դռների և պատուհանների որմնանցքների տեղափոխումը և տեղադրումը, շինությունների ընդլայնումը և բաժանումը, օժանդակ շինությունների հաշվին բնակելի տարածքների ընդլայնումը, վերելակների և այլ սարքավորումների փոխարինումը և այլն:

20. Շենքում չի թույլատրվում իրականացնել այնպիսի վերակառուցումներ, որոնց հետևանքով կարող են առաջանալ.

1) կառուցվածքային տարրերի ամրության խախտումներ կամ փլուզման վտանգներ,

2) շենքում տեղակայված ինժեներական համակարգերի շահագործման խափանումներ,

3) հակահրդեհային անվտանգության սարքավորումների խափանումներ,

4) շենքի ճակատային արտաքին տեսքի փոփոխություններ:

21. Եթե շենքի շինության սեփականատերը, վարձակալը, շենքի ինժեներական համակարգերի կամ այլ ընդհանուր գույքի սպասարկումն ու շահագործումն իրականացնող անձը (անձիք) կամ կառավարման մարմինը իրականացրել է անթույլատրելի վերակառուցումներ, լրացուցիչ սարքերի և այլ սարքավորումների վերադասավորում կամ տեղադրում, որի հետևանքով վնաս է հասցվել շենքի բնակիչների կյանքին, գույքին, առողջությանը և շրջակա միջավայրին, ապա վերջիններս պարտավոր են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, վերացնել հետևանքները:

22. Շենքում նորոգման վերաբերյալ գրավոր կամ հեռահաղորդակցման կապի միջոցներից ստացված հայտերն անհրաժեշտ է դիտարկել նույն օրվա ընթացքում։

23. Կառավարման մարմնի կողմից նորոգման միջոցառումների կազմակերպման անհնարինության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագիտացված համապատասխան կազմակերպություններին՝ նշած աշխատանքներն իրականացնելու համար:

24. Վթարների վերացումն իրականացվում է արտահերթ (ոչ հերթական) կարգով՝ շենքի կառավարման մարմնի կողմից և/կամ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ՝ ըստ շենքի կոնստրուկտիվ առանձնահատկությունները հաշվի առնող համապատասխան ստանդարտների:

25. Վթարների վերացման աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ է ներգրավել լրացուցիչ տեխնիկական միջոցներ կամ մասնագիտական կազմակերպություններ։ Շենքի բնակիչների անվտանգությանը, կյանքին, գույքին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգների ահազանգման հայտերը դիտարկվում են արտահերթ կարգով:

26. Կառավարման մարմինները հաշվառում և արձանագրում են շենքում վթարների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, վերահսկելով դրանց իրականացման ժամկետներն ու կատարված աշխատանքների որակը:

27. Շենքի հիմնական կառուցվածքային տարրերի (հիմքեր, պատեր, ծածկի սալեր, պատող կոնստրուկցիաներ), ինժեներական համակարգերի (ներշենքային սառը և տաք ջրամատակարարում, ջրահեռացում (կոյուղի), ջերմամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն), ինչպես նաև սարքավորումների ընթացիկ նորոգումն իրականացվում է տվյալ բնագավառում մասնագիտացված և/կամ լիցենզավորված կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

28. Շենքում հայտնաբերված վնասվածքների և թերությունների վերացման միջոցառումները ներառվում են շենքի ընդհանուր բաժնային սեփականությունըհանդիսացող գույքի դիտողական զննության մատյանում (Ձև N1) և հիմք են հանդիսանում տարեկան բյուջեի կազմման համար:

29. Ընթացիկ նորոգման տևողությունը սահմանվում է շենքի յուրաքանչյուր տեսակի կառուցվածքային տարրի, ինժեներական համակարգերի և սարք-սարքավորումների նորոգման տևողության նորմերով հաշվարկված ժամկետով:

30. Ընթացիկ նորոգման աշխատանքների ընդունում-հանձնումը կատարվում է հանձնաժողովի կողմից, որի կազմում ներառվում են նաև շենքի շինությունների սեփականատերերի և կառավարման մարմնի ներկայացուցիչներ:

31. Շենքի հիմնական նորոգման և վերակառուցման՝

1) աշխատանքներն իրականացվում են շենքի կառուցվածքային տարրերի և ինժեներական համակարգերի, սարք-սարքավորումների ամբողջական կամ մասնակի վերականգնմամբ և/կամ փոխարինմամբ:

2) աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամկետները սահմանվում են նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետով,

3) Շենքերի հիմնական նորոգման ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և հաստատման կարգերը ու դրանց կազմի և բովադակության կանոնները սահմանվում են գործող օրենսդրությամբ,

4) աշխատանքների վերջնական ընդունում-հանձնումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման համաձայն:

32. Շենքի շինությունների կոնստրուկտիվ տարրերի վերականգնման, սեյսմազինվածության բարձրացման և հիմնական նորոգման աշխատանքներն իրականացվում են օրեսդրությամբ սահմանված կարգով շինարարական թույլտվություն ստանալուց հետո:

 

V. ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

33.Շահագործմանը և պահպանմանը ներկայացվող պահանջներ

1) Հիմքեր.

ա. Հիմքերը պետք է լինեն առանց անհավասարաչափ նստվածքների և դեֆորմացիաների, պաշտպանված լինեն խոնավությունից: Ընդ որում, հիմքերի նստվածքային ճաքերը կարող են լինել նորմերով թույլատրելի շեղումների շրջանակներում` առանց ուղղակի վտանգ սպառնացող վնասվածքների:

բ. Հիմքերում պետք է բացառվեն առանց սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերի նկուղներում սարքավորումների տեղադրման համար լրացուցիչ հիմքերի կառուցման կամ հողի հանույթի միջոցով նկուղային հարկի բարձրության ավելացման աշխատանքները:

2) Նկուղային, կիսանկուղային և տեխնիկական հարկեր

ա. Նկուղային, կիսանկուղային և տեխնիկական հարկերում և գետնախորշերում պետք է ապահովել ինժեներական տարրերի, համակարգերի և սարքավորումների հասանելիությունը, սանիտարական նորմերի համաձայն՝ դեռատիզացիայի և դեզինֆեկցիայի (ախտահանման) պարբերաբար իրականացումը:

բ. Նկուղային, կիսանկուղային և տեխնիկական հարկերում պետք է բացառվեն ջրամատակարարման և կոյուղու խողովակաշարերի անօրինական, առանց հաստատված նախագծային փաստաթղթերի փոփոխությունները և շեղումները, ջրամատակարարման և կոյուղու խողովակաշարերի անսարքությունը, կոնդենսատի առաջացումը, արտահոսքերը, դյուրավառ և վառելիքային հեղուկների, հեղուկ գազերի, պայթուցիկ նյութերի պահպանումը, վերամշակումը և օգտագործումը, թափառող կենդանիների (կրծողների, կատուների և շների) ներթափանցումը:

3) Սյուներ, Կանգնակներ

ա. Սյուները և կանգնակները պետք է լինեն առանց ուղղահայաց հարթության նկատմամբ շեղումների, կայունության կորստի և նորմալ շահագործման պայմանների խախտումների:

բ. Հավաքովի և միաձույլ երկաթբետոնե սյուներում պետք է ապահովել մետաղական ներդիր տարրերի հուսալի ամրակցումը և կոռոզիակայուն նյութերով պատումը:

գ. Սյուներում և կանգնակներում պետք է բացառվեն առանց հաստատված նախագծային փաստաթղթերի կոնստրուկտիվ լուծումների փոփոխությունները, բետոնե պաշտպանիչ շերտի վնասվածքներն ու ամրանների մակերևույթի մերկացումները:

4) Հեծաններ և պարզունակներ

ա. Հեծանները և պարզունակները պետք է լինեն առանց մակերևութային վնասվածքների, բետոնե պաշտպանիչ շերտի շերտավորման երևույթների, ամրանի և բետոնի շաղկապման խախտումների, տեղային կայունության կորուստի (հեծանի պատի և գոտիների ուռչման դեպքում) և ճկվածքների:

բ. Փայտե հեծաններում պետք է լինեն առանց խոնավության և նեխման օջախների, փայտանյութի ճեղքումների և ակնհայտ ճկվածքների:

գ. Հեծաններում և պարզունակներում պետք է բացառվեն կոնստրուկտիվ լուծումների փոփոխությունները՝ առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

5) Միջհարկային ծածկեր

ա. Միջհարկային ծածկերը պետք է լինեն առանց մեծ ճկվածքների (թռիչքի 1/400-ի չափով) և 0.3մմ-ից մեծ լայնությամբ ճաքերի, շերտավորման և ամրանի մակերևույթի մերկացման երևույթների:

բ. Միջհարկային ծածկերում պետք է բացառվեն կոնստրուկտիվ լուծումների փոփոխությունները՝ առանց հաստատված նախագծային փաստաթղթերի, ինչպես նաև նախագծային բեռնվածության գերազանցումը:

գ. Հավաքովի ծածկերում պետք է բացառվեն միմյանց նկատմամբ հարակից ծածկի սալերի տեղափոխությունները:

6) Վերնածածկեր

ա. Վերնածածկերի ճկվածքները պետք է լինեն առանց նորմերով սահմանված շեղումների՝ չգերազանցեն թռիչքի 1/400-ի չափը և ճաքերի բացվածքների լայնությունը չգերազանցի 0.3մմ:

բ. Վերնածածկերում պետք է բացառվեն կոնստրուկտիվ լուծումների փոփոխությունները՝ առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

գ. Վերնածածկերում պետք է բացառվեն գերսառեցումները և չափից մեծ բեռնվածքների կիրառությունը:

7) Պատեր

ա. Պատերը պետք է լինեն առանց զգալի դեֆորմացիաների, ակնհայտ վնասվածքների, ուղղահայացից շեղումների, առանձին հատվածների ուռչման, շերտավորման, քարե պատերի շարվածքի և երկաթբետոնե գոտիների, միջուկների միջև կապվածության խախտումների:

բ. Արտաքին պատերի փակցված ցուցանակները, համարային նշանները, դրոշակիրները, ինչպես նաև պատշգամբների մետաղական կոնստրուկցիաները և էվակուացիոն աստիճանները պետք է հուսալիորեն ամրակցված լինեն քարե շարվածքին:

գ. Պատերում պետք է բացառվեն կոնստրուկտիվ լուծումների փոփոխությունները՝ առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

8) Տանիքներ

ա. Տանիքները պետք է լինեն առանց պարապետների, ճաղաշարային ցանկապատերի, ծխատար և օդափոխության խողովակաշարերի գլխամասերի և քիվապատերի մետաղյա ծածկերի վնասվածքների:

բ. Տանիքի կրող կոնստրուկցիաները (ծպեղները, թեքահեծանները, մարդակները, կավարամածը) պետք է լինեն առանց ակնհայտ մեծ ճկվածքների:

գ. Տանիքի կրող փայտե կոնստրուկցիաները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն հականեխիչ և հակահրդեհային ծածկույթներով:

դ. Տանիքի մետաղական կոնստրուկցիաները, ներդիր դետալները պետք է լինեն հուսալիորեն պաշտպանված հակակոռոզիոն ներկերով և բաղադրանյութերով:

ե. Հարթ, շահագործվող տանիքներում պաշտպանիչ, պարփակող երկաթբետոնե պատային սալերը և մյուս տարրերն ու դրանց միացման հանգույցները պետք է լինեն համապատասխան իրենց նախագծային դիրքերին և առանց վնասվածքների:

զ. Ներքին ջրահեռացմամբ հարթ տանիքները հաշվարկված են ելնելով ձյան բեռնվածությունից, այդ իսկ պատճառով արգելվում է վերնածածկի ձյան մաքրումը՝ ջրամեկուսացման շերտերի վնասումը բացառելու նպատակով:

է. Արտաքին ջրահեռացման համակարգով տանիքներում տանիքածածկը պետք է պարբերաբար մաքրվի ձնից՝ կուտակված ձյան շերտի հաստությունը չպետք է գերազանցի 30 սանտիմետրը:

ը. Շանթարգել սարքավորումների, կայմերի և տանիքի վրա տեղադրված այլ սարքավորումները և տանիքի կոնստրուկցիաների հետ դրանց միացման հանգույցները պետք է լինեն անխափան աշխատանքային վիճակում՝ առանց վնասելու տանիքի ջրահեռացման շերտերը:

թ. Տանիքածածկը պետք է լինի մաքուր աղբից, ցեխից՝ անձրևաջրերի և հալոցքային ջրերի հեռացումը չխոչընդոտելու համար:

ժ. Տանիքներում պետք է բացառվեն հիմնակմախքի կոնստրուկտիվ լուծումների փոփոխությունները՝ առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

ի. Տանիքներում պետք է բացառել սառցե լեզվակների առաջացումը:

9) Միջնորմներ

ա. Պետք է ապահովել միջնորմների թեթևությունը և շենքի կրող տարրերի հետ հուսալի կապվածությունը:

բ. Պետք է ապահովել 20մմ-ից ոչ պակաս լայնությամբ ուղղաձիգ և հորիզոնական հակասեյսմիկ կարանների առկայությունը:

գ. Շենքի սյուների, կրող պատերի, ծածկերի հետ կցորդման տեղերում, ուղղաձիգ և հորիզոնական կարանները պետք է լցված լինեն էլաստիկ (առաձգական) նյութով:

10) Ձեղնահարկ, մանսարդային հարկ

ա. Ձեղնահարկի և մանսարդային հարկերում կրող հեծանային կոնստրուկցիաները պետք է լինեն առանց մեծ ճկվածքների, ներքին ջրահեռացման համակարգերի վնասվածքների, իսկ սյուները և կանգնակները՝ առանց կայունության կորստի նշանների:

բ. Ձեղնահարկերը և մանսարդային հարկերը պետք է ապահովված լինեն բնական օդափոխությամբ և հուսալի ջերմամեկուսացմամբ:

գ. Ձեղնահարկի ծածկի փայտե կոնստրուկցիաները պետք է մշակված լինեն հրապաշտպան նյութերով:

11) Տանիքներից ջրահեռացման համակարգ

ա. Տանիքներից ջրահեռացնող սարքավորումները (ձագարները, ջրհորդան խողովակները, կախովի ջրհոս ճոռերը և այլ ջրհորդան սարքավորումները) պետք է ապահովեն շենքի տանիքից ջրի հեռացումը:

բ. Պետք է պահպանվի ջրհորդան խողովակների նորմատիվային ուղղաձգությունը և հորիզոնական մասերի թեքությունը:

գ. Ջրահեռացնող սարքավորումները պետք է մաքրվեն աղբից, աղտոտվածությունից ձմեռ-գարուն նախապատրաստական շրջանում:

12) Ճակատներ

ա. Ճակատներում պետք է ապահովել կոնստրուկտիվ լուծումների, պատուհանների և դռների բացվածքների չափերը և տեսքը՝ նախագծային փաստաթղթերին համապատասխան:

բ. Երեսապատված ճակատներում պետք է ապահովվի պատերի հետ երեսապատման շերտերի միացումների հուսալիությունը:

գ. Երեսակման նյութից, շենքի մակերևույթի վիճակից և շահագործման պայմաններից կախված՝ որոշակի պարբերականությամբ պետք է իրականացվեն ճակատի մաքրում և լվացում:

դ. Ճակատներում պետք է բացառվեն առանձին տարրերի հարդարման, կոնստրուկտիվ լուծումների, բացվածքների չափերի և տեսքի լուծումների փոփոխությունները՝ առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

13) Դռներ և պատուհաններ

ա. Շենքի դռների և պատուհանների փեղկերի, ապակեկալների և առանձին տարրերի միացումները պետք է լինեն առանց ճեղքերի, առանց կցածալվածքներում մածկանի քայքայման, հերմետիկացնող միջադիրների բացակայության կամ մաշվածության, լցվածքների տարրերի փտման և կորացման, ապակեկալների հանգույցներում և դռների շերտերում կցորդումների թուլացման, պատուհանային ջրթափերի եզրերի ոչ բավարար թեքության և անորակ խցման, ապակիների և սարքավորումների ամրացման բացակայության և թուլացման, պատուհանների շրջանակների, ապակեկալների և դռների շերտերի ներկի շերտազատման և քայքայման, կոնդենսատի ջրհոսքի համար նախատեսված ջրհորդանի խցանման, պատշգամբի դռների լողաթների (միջատախտակների) սառեցման:

բ. Պետք է բացառել դռների և պատուհանների մթնոլորտային խոնավության ներթափանցումը բացվածքների լցվածքների միջով, պատուհանների և պատշգամբների դռների առանձին հատվածների, օդափոխման սարքերի օդի ներհոսքն ապահովող բացվածքների սառցապատումը, մուտքի դռների դեպքում պետք է բացառել կիպ փեղկերի, խցող ներդիրների, ինքնափակվող սարքերի (զսպանակներ և այլն), դռների բացվածքի սահմանափակիչների (դադարակներ) բացակայությունը:

գ. Մուտքի դռների ապակիները, որպես կանոն, պետք է լինեն ամրանավորված, ամրացված ռետինե ճկուն միջադիրների վրա կամ պաշտպանված լինեն վանդակաճաղերով:

14) Պատշգամբներ

ա. Պատշգամբներն ամրակցման տեղամասերում պետք է լինեն առանց ճաքերի, կախովի պատշգամբների դեպքում պողպատե կամ երկաթբետոնե հեծանների ամրանները պետք է կոռոզիայի ենթարկված չլինեն և նորմատիվային պահանջները գերազանցող ճկվածքներ չունենան:

բ. Պատշգամբների հատակը պետք է ունենա 3% թեքություն շենքի պատից դեպի ազատ եզրը:

գ. Պատշգամների շահագործման ընթացքում պետք է բացառել դրանցում խոշոր և ծանր իրերի տեղադրումը, դրանց աղտոտումը:

դ. Պատշգամբների մետաղական պարփակող տարրերը պետք է պարբերաբար ներկվեն:

15) Աստիճաններ և աստիճանավանդակներ

ա. Աստիճանները և աստիճանավանդակները պետք է լինեն առանց ներկվածքի և սվաղի վնասվածքների, պոկված կերամիկական սալիկների, փայտե բռնաձողերի ճաքերի և ճկվածքների, խարխուլ վիճակում գտնվող աստիճանակալների, աստիճանահարթակների ծածկույթների, աստիճանների և պաշտպանակների վնասված հատվածների:

բ. Մուտքի արտասանդուղքների տակը գտնվող օդափոխվող տարածքը պետք է բաց լինի դիտարկման համար:

գ. Մուտքերի հովարները և արտասանդուղքների աստիճանները ձյունատեղումների ժամանակ պետք է մաքրվեն՝ չթույլատրելով ձյան սահում:

դ. Աստիճանավանդակներում պետք է ապահովվի պատերի, պատուհանների, պատուհանագոգերի, ջեռուցման մարտկոցների պարբերական մաքրումը․ արտաքին մուտքի դռների առջև պետք է տեղադրել քերակներ և մետաղական ցանցեր՝ կոշիկները ցեխից և ձյունից մաքրելու համար:

ե. Աստիճանավանդակներում պետք է բացառել որևէ սարքավորումների օգտագործումը և գույքի պահեստավորումը, ինչպես նաև աղեղալարերի աստիճանահեծանների հետ ոչ բավարար ամրությամբ ամրակապը:

զ. Աստիճանների վրա տեղադրված սողնակները, էլեկտրավահանակները և այլ անջատիչ սարքավորումները պետք է գտնվեն փակ պահարաններում, որոնց բանալիները պահվում են շենքի սպասարկումն իրականացնող կազմակերպության մոտ:

16) Սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարաններ (ՍՇՌՄՀ)

ա. ՍՇՌՄՀ-ի շահագործումը պետք է իրականացվի ծառայության ժամկետին համապատասխան: Ժամկետը լրանալուն պես, պետք է ապահովել դրանց փոխարինումը մասնագիտական կազմակերպությունների կողմից՝ խստիվ պահպանելով տեխնիկական պայմանների սեյսմակայուն շինարարության և նախագծման նորմերի պահանջները:

բ. ՍՇՌՄՀ-ով շենքերում յուրաքանչյուր ՍՇՌՄՀ-ի շուրջ պետք է ապահովել նախագծով նախատեսված բացակը:

գ. ՍՇՌՄՀ-ով շենքերում ինժեներական հաղորդակցության համակարգերը պետք է ունենան ճկուն միացումներ, որոնք թույլ են տալիս առանց վնասվածքների հաղորդակցման տարրերի տեղաշարժը:

դ. Շահագործման ընթացքում ՍՇՌՄՀ-ի միջոցով սեյսմամեկուսացված շենքերում պետք է պահպանվեն նորմատիվատեխնիկական պահանջներով և նախագծային լուծումներով նախատեսված պարամետրերը և ջերմաստիճանային ռեժիմը:

ե. ՍՇՌՄՀ-ի մետաղական դետալները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից, և բացառվի սեյսմամեկուսչի տարրերի աղտոտումը ներկով, սվաղով, այլ նյութերով ու դրանց շփումն այլ նյութերի հետ:

17) Աղբամուղները և աղբահավաք խցերը

ա. Աղբամուղները պետք է գործեն անխափան` քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային նորմերի պահանջների ապահովմամբ:

բ. Պետք է իրականացվեն շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի և աղբահավաք խցերի դեզինuեկցիայի (պայքար միջատների դեմ) ու դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ) աշխատանքները:

գ. Աղբամուղների ձեղնահարկային դռնակները և հորանների ստուգիչ անցքերի կափարիչները պետք է պահվեն փակ վիճակում:

դ. Աղբամուղների բեռնավորող փականների կափարիչները պետք է ապահովված լինեն ռետինե միջադիրներով և հուսալի փակվեն:

ե. Աղբախցերի դռները պետք է ամուր փակվեն և ունենան սողնակ, նրանց ստորին մասը և շեմքերը` պատվեն թիթեղով, իսկ հատակների անցքերը և բացվածքները ամրակցվեն` բացառելով կրծողների և միջատների թափանցումը:

զ. Աղբախցերի ներսի պատերը պետք է երեսապատված լինեն խոնավ եղանակով մաքրման հնարավորություն ընձեռող նյութերով և ապահովված լինեն ջրի ծորակով և հոսակով:

է. Աղբախցերը պետք է ապահովված լինեն բնական արտածման օդափոխությամբ:

ը. Աղբամուղեր ունեցող շենքերում սպառման թափոնները ժամանակավոր պահվում են աղբահավաք խցերում տեղակայված մետաղական կամ պլաստմասսե, առնվազն 750 լիտր տարողությամբ աղբահավաք բեռնարկղերում` կոնտեյներներում:

թ. Աղբահավաք խցի մուտքը պետք է մեկուսացված լինի շենքի մուտքից, աղբամուղի բացվածքների և աղբահավաք խցի դռները պետք է հերմետիկ փակված լինեն, ինչպես նաև ապահովված լինեն հարթ, բարեկարգ, ամբողջական, մաքրման, լվացման և ախտահանման հնարավորություն ընձեռող ներքին մակերեսներով:

ժ. Աղբամուղի բացվածքի տակ պետք է տեղադրված լինի կոնտեյները, որը լինում է անվավոր, իսկ աղբամուղի ներքին բացվածքը անհրաժեշտության դեպքում պետք է կահավորված լինի դեպի կոնտեյներ ուղղված ռետինե խողովակով: Աղբահավաք խցի հատակը պետք է ունենա թեքություն դեպի ջրահեռացման համակարգին միացված հատականցքին:

18) Փոստային բաժանորդային պահարաններ

ա. Պահարանները պետք է լինեն առանց ներկվածքի շերտի վնասվածքների, հարթ մակերեսով, փակվող խցիկներով:

բ. Պահարանները պետք է տեղակայված լինեն կապի ծառայությունների մատուցման համար հասանելի վայրում, պետք է լինեն սարքին վիճակում և համապատասխանեն հետևյալ չափանիշներին.

գ. պահարանի բարձրությունը, երկարությունը, լայնությունը և բացվածքը պետք է ապահովեն ISO միջազգային ստանդարտով C4 (229 մմ x 324 մմ) չափսի ծրարի առանց վնասելու և ծալելու տեղադրումը ու պետք է լինեն ոչ պակաս, քան բարձրությունը` 330 մմ, երկարությունը` 250 մմ, լայնությունը 40 մմ, բացվածքի երկարությունը` 230 մմ և լայնությունը` 30 մմ,

դ. պահարանը պետք է տեղադրված լինի այնպես, որ բացվածքի բարձրությունը գետնից լինի ոչ պակաս 0,7 մ-ից և ոչ ավելի 1,7 մ-ից:

     34. Վնասվածքները մատնանշող հիմնական արտաքին նշանները

1) Հիմքեր

ա. Հիմքերի շարվածքում ճեղքերը, շարվածքի թեքությունը և խզումները, պատերի ուղղահայաց հարթության նկատմամբ շեղումները:

բ. Հիմքի և նկուղային հարկի պատերի շարվածքի հողմնահարումն ու առանձին քարերի դուրս թափվելը:

գ. Հիմքերի խոնավացումը, այդ թվում շենքի գետնախարսխի և սալվածքի միջև ճեղքերի առկայության, ջրամեկուսիչ շերտի, վնասվածության, ջրահեռացման համակարգի խափանումների, գրունտային ջրերի ներթափանցման պատճառով:

2) Նկուղային, կիսանկուղային և տեխնիկական հարկեր

ա. Նկուղային, կիսանկուղային և տեխնիկական հարկերի քարե, խամքարաբետոնե, բետոնե կամ երկաթբետոնե պատերում՝ ներքին հարդարման սվաղի կամ ծեփամածիկի շերտավորման երևույթները, շարվածքի շաղախի, բետոնե պաշտպանիչ շերտի քայքայումները:

բ. Նկուղային, կիսանկուղային և տեխնիկական հարկերի (այդ թվում ծածկերի և պատերի) խոնավացումը:

գ. Նկուղային, կիսանկուղային և տեխնիկական հարկերի և գետնախորշերի մուտքերի հեղեղումները, աղտոտումներն ու դժվարանցանելիությունը:

3) Սյուներ, Կանգնակներ

ա. Սյուներում և կանգնակներում բետոնի վնասվածքները, երկայնական և լայնական ամրանների մակերևույթի մերկացումները, ամրանների մակերևույթի վրա կոռոզիայի հետքերը:

բ. Սյուներում և կանգնակներում բետոնե պաշտպանիչ շերտի շերտավորումները, ամրանի և բետոնի շաղկապման խախտումները:

գ. Պողպատե սյուներում կոռոզիայի նշանները:

դ. Քարե կանգնակներով (մույթերով) շենքերում` քարերի քայքայումը և/կամ առանձին քարերի ընկնումը, հեծանների և միջնապատերի հենարանների տակ շարվածքի վնասվածքները, քարի մասնատումը, շարվածքի շարքերի կարերի հորիզոնական ուղղությամբ սահքը:

ե. Հավաքովի երկաթբետոնե սյուներով շենքերում սյուների միացումների խախտումները, մետաղական ներդիր տարրերի քայքայումները, դրանցում առկա եռքային միացումների վնասվածքները:

4) Հեծաններ և պարզունակներ

ա. Հեծանների և պարզունակների բետոնի մակերևութային ակնհայտ վնասվածքները, ակնհայտ խորը և բացվածքի մեծ լայնությամբ ճաքերի, պաշտպանիչ շերտի շերտավորումը, ամրանների մակերևույթի մերկացումը, պողպատե հեծաններում՝ կոռոզիայի առաջացումը:

բ. Փայտե հեծանների խոնավության և նեխման օջախները, փայտանյութի ճեղքումները և ակնհայտ ճկվածքները:

5) Միջհարկային ծածկեր

ա. Միջհարկային ծածկի սալերում ճոճունության, անթույլատրելի ճկվածքների առկայությունը, նախատեսվածից մեծ բեռնվածքների կիրառությունը:

բ. Արտաքին պատերի հարակից տեղամասերում սառեցման հետքերը, ծեփամածիկի շերտավորումը, թերի ձայնա և ջերմամեկուսացումը:

գ. Հավաքովի հարակից սալերի միջև կարերի տեղամասերում հարթեցնող շերտում ճեղքերի առկայությունը:

6) Վերնածածկեր

ա. Վերնածածկերում ճոճունության, անթույլատրելի ճկվածքների առկայությունը, նախատեսվածից մեծ բեռնվածքների կիրառությունը:

բ. Վերնածածկի սալերում, ինչպես նաև պատերի վրա դրանց հենման հատվածներում կաթոցների կամ սառեցման հետքերը:

գ. Ջերմամեկուսացման, ջրամեկուսացման և ձայնամեկուսացման շերտերի, վերնածածկերի կրող կոնստրուկցիաների հարդարման շերտերի վնասվածքները:

7) Պատեր

ա. Պատերի երկաթբետոնե տարրերում (գոտիներ, միջուկներ) բետոնի քայքայումները, ամրանների մակերևույթի մերկացումները, պատերի և երկաթբետոնե տարրերի միջև կապերի խախտումները, ճեղքերի առկայությունը:

բ. Պատի շարվածքներում ճաքերը, քարաթափումները, վնասվածքները, շարվածքի շաղախի քայքայումները:

գ. Պատերի (ներքին և արտաքին) ներկվածքի և հարդարման շերտերի վնասվածքներ:

դ. Արտաքին պատերին մետաղական էվակուացիոն աստիճանների, բարձակային պատշգամբների կոնստրուկցիաների, ցուցանակների, դրոշակիրների, համարային նշանների ամրակցման տեղամասերում պատի շարվածքների վնասվածքներ:

8) Տանիքներ

ա. Տանիքի պարապետների, ճաղաշարային ցանկապատերի, ծխատար և օդափոխության խողովակաշարերի գլխամասերի և քիվապատերի մետաղյա ծածկերի վնասվածքները կամ բացակայությունը:

բ. Տանիքի կրող հեծանային կոնստրուկցիաների (ծպեղների, թեքահեծանների, մարդակների, կավարամածի) ակնհայտ մեծ ճկվածքները, կանգնակների կայունության կորուստի նախանշանները:

գ. Հարթ տանիքներում պարփակող պատային սալերի հիմնակմախքի հետ միացման հանգույցներում վնասվածքների առկայությունը:

դ. Տանիքի կրող պողպատե կոնստրուկցիաների, ներդիր դետալների պաշտպանիչ շերտերի քայքայումը:

ե. Տանիքածածկույթից կաթոցների նշանները:

զ. Տանիքի փայտե կոնստրուկցիաների հականեխիչ և հակահրդեհային շերտերի վնասվածքները:

է. Տանիքածածկույթի վրա աղբի առկայությունը, ձմռան ընթացքում ծածկույթի վրա ձյան կուտակումները, մակասառցաշերտերը, սառցալեզվակների առկայությունը:

9) Միջնորմներ

ա. Միմյանց, կրող պատերի և վերնածածկերի հետ միացման տեղամասերում ճաքերի առկայությունը:

բ. Միջնորմների ձայնամեկուսացման և հրապաշտպանության խափանումները:

10) Ձեղնահարկ, մանսարդային հարկ

ա. Ձեղնահարկի և մանսարդային հարկի կրող հեծանային կոնստրուկցիաներում մեծ ճկվածքների առկայությունը, իսկ սյուներում և կանգնակներում կայունության կորստի նշանները:

բ. Ձեղնահարկերում ներքին ջրահեռացման համակարգերի վնասվածքներն ու անթույլատրելի դեֆորմացիաները:

11) Տանիքներից ջրահեռացման համակարգ

ա. Ջրհորդան խողովակների նորմատիվային ուղղաձգության և հորիզոնական մասերի թեքության խախտումները:

բ. Ջրահեռացնող համակարգերից անձրևաջրերի և հալոցքային ջրերի արտահոսքերի առկայությունը:

գ. Ջրահեռացնող սարքավորումներում աղբի, ձյան կուտակումների և սառույցի հաստ շերտերի առկայությունը:

12) Ճակատներ

ա. Ճակատներում կոնստրուկտիվ լուծումների, պատուհանների և դռների բացվածքների չափերի և տեսքի ոչ օրինաչափ փոփոխությունների առկայությունը:

բ. Երեսապատման, սվաղային, ծեփամածիկային շերտերի թափման, տեղային վնասվածքների ու շերտավորման երևույթների առկայությունը:

բ. Պանելային ճակատներով շենքերում պատային սալերի միացման հանգույցներում ճեղքերի և հերմետիկության խափանումների առկայությունը:

13) Դռներ և պատուհաններ

ա. Բացվածքների պարագծի երկայնքով խզումները (ոչ հոծ լինելը):

բ. Փեղկերի և դռների ապակեկալներում, ինչպես նաև առանձին տարրերի միացումների միջև ճեղքերը:

գ. Կցածալվածքներում մածկանի քայքայումը:

դ. Հերմետիկացնող միջադիրների բացակայությունը կամ մաշվածությունը:

ե. Լցվածքների տարրերի փտումը և կորացումը:

զ. Ապակեկալների հանգույցներում և դռների շերտերում կցորդումների թուլացումը:

է. Պատուհանային ջրթափերի եզրերի ոչ բավարար թեքությունը և անորակ խցումը:

ը. Ապակիների և սարքավորումների ամրացման բացակայությունը և թուլացումը:

թ. Պատուհանների շրջանակների, ապակեկալների և դռների շերտերի ներկի շերտազատումը և քայքայումը:

ժ. Կոնդենսատի ջրհոսքի համար նախատեսված ջրհորդանի խցանումը:

ի. Պատուհանների և դռների փեղկերի ամրացման թուլացումը, կոտրված ապակիները:

լ. Պարակալների, ճեղքակալների, փեղկային շերտաձողերի և բռնակների ամրացման թուլացումը:

խ. Դռների թուլացած ծխնիները, թուլակազմված բռնակները, մետաղաձողերը և այլ օժանդակ պարագաները (ֆուրնիտուրան):

14) Պատշգամբներ

ա. Պատշգամբների ամրակցման տեղամասերում առկա ճաքերը:

բ. Պողպատե հեծանների կամ երկաթբետոնե հեծանների ամրանների կոռոզիայի նշանները:

գ. Նորմատիվային պահանջները գերազանցող ճկվածքները:

15) Աստիճաններ և աստիճանավանդակներ

ա. Մետաղական աստիճանահեծանների կոռոզիան:

բ. Հարթակների և աստիճանբազուկների ճկվածքները:

գ. Հարթակների և աստիճանաբազուկների պատերի նկատմամբ ոչ կիպ նստեցումը:

դ. Աստիճանահարթակների հատակների և աստիճանների վրա փոսերը, ճաքերը:

ե. Աստիճանների վրա քերամաշումից առաջացած խորացումները:

զ. Պաշտպանակների, բռնաձողերի ամրակապի և պաշտպանիչ ցանցի թուլացումը:

է. Բազրիքների վնասումը:

ը. Փայտանյութի նեխումը:

թ. Աղեղալարերը աստիճանահեծանների հետ ոչ բավարար ամրությամբ ամրակապելը:

ժ. Փոքր վնասվածքները (ծլեպներ, անհարթ մակերևույթ):

16) Սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարաններ (ՍՇՌՄՀ)

ա. Վերնակառույցի (սեյսմամեկուսացման համակարգից վերև գտնվող կառուցվածքի մասի) անհավասարաչափ նստվածքների առկայությունը:

բ. ՍՇՌՄՀ-ի մետաղական դետալներում կոռոզիայի առաջացման նախանշանները:

գ. ՍՇՌՄՀ-ի կքվածությունը, ռետինի մակերևույթի վրա ճաքերի առկայությունը:

17) Աղբամուղները և աղբահավաք խցերը

ա. Աղբամուղի խողովակի ճաքերը և անցքերը:

բ. Միջհարկային տարածքների բացվածքներում հերմետիկ փակվող կափարիչների բացակայությունը:

գ. Աղբահավաք խցերի արտաքին դռների ոչ հերմետիկ փակվելը:

դ. Աղբամուղի և աղբախցի խցանվածությունը, կրծողների և միջատների առկայությունը:

ե. Աղբահավաք խցի ներքին մակերեսներում մաքրման, լվացման և ախտահանման համար՝ հարթ, բարեկարգ, ամբողջական մակերեսների բացակայությունը:

զ. Շենքի մուտքերի տեսանելի մասերում աղբահանության սխեմայի և ժամանակացույցի բացակայությունը:

է. Աղբախցի սողնակի, դռան ստորին մասի և շեմքերի պատման թիթեղի բացակայությունը:

18) Փոստային բաժանորդային պահարաններ

ա. Պահարանների ներկվածքի շերտի վնասվածքները, մակերեսի անհարթությունը, խցիկներում փականների բացակայությունը, անսարքությունները:

բ. Պահարանների անհասանելիությունը՝ կապի ծառայությունների մատուցման համար:

գ. սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված չափանիշներին անհամապատասխանությունը:

      35. Վնասվածքների վերացմանն ուղղված աշխատանքներ և միջոցառումները

1) Հիմքեր

ա. 34-րդ կետի 1-ին ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել հիմքերի տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 34-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության մեջ նշված՝ հիմքերում խոնավացման նշաններ բացահայտելու, դեպքում պետք է իրականացվեն շենքերի գետնախարիսխներում օդանցքների բացման, հիմքերի խոնավացման պատճառների վերացմանն ուղղված նորոգման, ինչպես նաև սալվածքի մակերևույթի պատշաճ հարթեցման (ներառյալ խորդուբորդությունների վերացման ու հետադարձ թեքությունների կարգավորման), սալվածքի ու շենքի պատերի միջև ճեղքերի փակման աշխատանքներ:

2) Նկուղային, կիսանկուղային և տեխնիկական հարկեր

ա. 34-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել նկուղային և կիսանկուղային հարկերում տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 34-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված խոնավացման նշաններ բացահայտելու դեպքում պետք է ստուգել ջրամատակարարման և կոյուղու խողովակաշարերի սարքինությունը, պատճառների չհայտնաբերման դեպքում ստուգել սալվածքի վիճակը, վերնահարկում գտնվող տեխնիկական հարկերի դեպքում՝ ստուգել տանիքածածկույթից անձրևաջրերի արտահոսքերը:

գ. 34-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ կետում նշված վնասվածքները բացահայտելու դեպքում պետք է իրականացվի դրանց վերացումը:

3) Սյուներ, Կանգնակներ

ա. 34-րդ կետի 3-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել սյուների տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. Պողպատե սյուներով շենքերում վերականգնել դրանց պաշտպանվածությունը հակակոռոզիոն նյութերով՝ բացառելով դրանց քայքայման երևույթները:

4) Հեծաններ և պարզունակներ

ա. 34-րդ կետի 4-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել հեծանների և պարզունակների տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. Պողպատե հեծաններով (պարզունակներով) շենքերում պետք է վերականգնել դրանց հուսալի պաշտպանվածությունը հակակոռոզիոն նյութերով:

5) Միջհարկային ծածկեր

ա. 34-րդ կետի 5-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել միջհարկային ծածկերի տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության կողմից:

բ. Միջհարկային ծածկի սալերի վրա ազդող՝ նորմատիվային արժեքը գերազանցող բեռնվածության վերացում:

6) Վերնածածկեր

ա. կետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել միջհարկային ծածկերի տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության կողմից:

բ. Վերնածածկերի վրա ազդող՝ նորմատիվային արժեքը գերազանցող բեռնվածության վերացում:

գ. 34-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված վնասվածքի բացահայտման դեպքում անհրաժեշտ է ստուգել ջերմամեկուսիչ շերտերի հաստությունները, հաշվարկայինից փոքր լինելու դեպքում անհրաժեշտ է ապահովել հաշվարկային հաստությունը:

7) Պատեր

ա. 34-րդ կետի 7-րդ ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել պատերի տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 34-րդ կետի 7-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ նշված վնասվածքների բացահայտման դեպքում իրականացվում է մետաղական էվակուացիոն աստիճանների, բարձակային պատշգամբների կոնստրուկցիաների, դրոշակիրների, ցուցանակների և համարային նշանների ամրակցումների և այդ տեղամասերում վնասված քարերի վերականգնում:

8) Տանիքներ

ա. 34-րդ կետի 9-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել տանիքի տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության կողմից:

բ. Տանիքի պարապետների, ճաղաշարային ցանկապատերի, ծխատար և օդափոխության խողովակաշարերի գլխամասերի և քիվապատերի մետաղյա ծածկերի վերականգնում (ամրացում կամ փոխարինում):

գ. Տանիքածածկի, քիվերի, պարապետների, հովհարների մաքրում աղբից և աղտոտվածությունից, ձնից, մերկասառցաշերտերից և սառցալեզվակներից:

դ. Տանիքի կրող փայտե կոնստրուկցիաների մշակում հականեխիչ և հակահրդեհային նյութերով:

ե. Տանիքի պողպատե կոնստրուկցիաների պաշտպանում հակակոռոզիոն նյութերով, դրանց վնասված միացման հանգույցների վերականգնում:

զ. Տանիքածածկույթից ջրի կաթոցների վերացում:

9) Միջնորմներ

ա. 34-րդ կետի 9-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել միջնորմների տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 34-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված ճաքերի առկայության դեպքում իրականացնել հորիզոնական և ուղղաձիգ կարանները, ապահովելով դրանց առանձին աշխատանքը կրող կոնստրուցիաներից:

գ. 34-րդ կետի 9-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված դեպքերում միջնորմները պետք է պատել ձայնամեկուսիչ և հրապաշտպան շերտերով:

10) Ձեղնահարկ, մանսարդային հարկ

ա. 34-րդ կետի 10-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել ձեղնահարկերի և մանսարդային հարկերի կրող կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության կողմից:

11) Տանիքներից ջրահեռացման համակարգ

ա. 34-րդ կետի 11-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է իրականացնել ջրահեռացման համակարգի տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության կողմից:

բ. 34-րդ կետի 11-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ նշված շահագործումը խոչընդոտող երևույթների բացահայտման դեպքում՝ ջրահեռացման համակարգերից աղբի, ձյան կուտակումների և սառույցի հաստ շերտերի, սառցալեզվակների վերացում:

գ. Ջրհորդանների, կախովի ջրհոս ճոռերի, ձագարների վերականգնում (ամրացում կամ փոխարինում):

դ. Ջրհորդանների առանձին հատվածների ամրացում (առանց դրանց տեղաշարժման մինչև 2 մ բարձրության վրա) կամ փոխարինում:

12) Ճակատներ

ա. 34-րդ կետի 12-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել ճակատի տարրերի տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության կողմից:

13) Դռներ և պատուհաններ

ա. 34-րդ կետի 13-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը» և «թ» պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել դռների և պատուհանների տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 34-րդ կետի 13-րդ ենթակետի «ժ» պարբերության մեջ նշված վնասվածքի բացահայտման դեպքում իրականացվում է ջրհոսքի համար նախատեսված ջրհորդանի մաքրում:

գ. 34-րդ կետի 13-րդ ենթակետի «ի», «լ» և «խ» պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում իրականացվում է դռների և պատուհանների ամրացում, կոտրված ապակիների փոխարինում, բացվող դռների և պատուհանների պարակալների, ճեղքակալների, փեղկային շերտաձողերի և բռնակների ամրացում, դռների թուլացած ծխնիների ձգում:

14) Պատշգամբներ

ա. 34-րդ կետի 14-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել պատշգամբների տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. Պատշգամբներում լուրջ վնասվածքների, դեֆորմացիաների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է փակել և կապարակնքել դրանց մուտքը և ձեռնամուխ լինել դրանց վերականգնման աշխատանքներին:

15) Աստիճաններ և աստիճանավանդակներ

ա. 34-րդ կետի 15-րդ ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել պատշգամբների տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 34-րդ կետի 15-րդ ենթակետի «ե», «զ», «է», «ը» և «թ» պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է իրականացնել աստիճանների մետաղական տարրերի ներկումը, աստիճանահարթակներում վնասված կամ պոկված կերամիկական սալիկների փոխարինումը նորերով, փայտե ճաքերով և ճեղքվածքներով բռնաձողերի փոխարինումը նորերով, խարխուլ վիճակում հայտնված աստիճանակալների, աստիճանահարթակների ծածկույթների, աստիճանների և պաշտպանակների վնասված հատվածների փոխարինումը նորով, ճոճվող պաշտպանակների ամրացումը:

գ. 34-րդ կետի 15-րդ ենթակետի «ժ» պարբերության մեջ նշված վնասվածքները (ծլեպներ, անհարթ մակերևույթ) պետք է վերացվեն մակերևույթը մաքրելու կամ առանձին ոչ պիտանի մասերը ներդիրներով փոխարինելու և անմիջապես բռնաձողերի վերջնամշակում իրականացնելու միջոցով:

16) Սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարաններ (ՍՇՌՄՀ)

ա. 34-րդ կետի 16-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում անհրաժեշտ է կազմակերպել ՍՇՌՄՀ-ի տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության կողմից:

17) Աղբամուղները և աղբահավաք խցերը

ա. 34-րդ կետի 17-րդ ենթակետում նշված շահագործման շեղումների բացայատման դեպքում պետք է իրականացվեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով մասնագիտացված կազմակերպությանը:

18) Փոստային բաժանորդային պահարաններ

ա. 34-րդ կետի 18-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է իրականացվեն պահարանների ներկարարական աշխատանքներ, փականների տեղադրում, անսարքությունների վերացում:

բ. 34-րդ կետի 18-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պետք է դիմել համապատասխան կազմակերպությանը՝ անհամապատասխանությունները վերացնելու նպատակով:

 

     VI. ՆԵՐՇԵՆՔԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

36. Շահագործմանը և պահպանմանը ներկայացվող պահանջներ

1) Ներշենքային կենտրոնացված ջերմամատակարարում

ա. Կենտրոնացված ջերմամատակարարման ցանցը պետք է լինի նորոգման համար պիտանի, առանց ցանցի մաշվածության, ծորումների ու հոսակորուստների, խցանող-կարգավորող արմատուրի վնասվածքների, անսարքությունների:

բ. Խողովակաշարերի քանդովի միացումները, խցանող-կարգավորող արմատուրը, ստասարկման ենթակա սարքերն ու սարքավորումները, ստուգատեղերը և անցքամաքրիչները պետք է հասանելի լինեն սպասարկման համար:

գ. Ցանցում պետք է ապահովվի ջերմակրի նորմավորված ջերմաստիճանն ու հոսքը, ցանցի ջրալցումն ու դատարկումը, առանձին տեղամասերի անջատման-միացման, կարգավորման հնարավորությունը:

դ. Համակարգի շահագործումը պետք է լինի էներգաարդյունավետ, էներգախնայող:

ե. Ներշենքային կենտրոնացված ջերմամատակարարման համակարգում պետք է բացառվեն մասնակի ձևափոխությունները և հիմնանորոգումները՝ առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

2) Ներշենքային սառը ջրամատակարարման համակարգ

ա. Սառը ջրամատակարարման ցանցը պետք է լինի նորոգման համար պիտանի, առանց վնասվածքների, խցանող-կարգավորող արմատուրի անսարքությունների, ծորումների ու հոսակորուստների:

բ. Պետք է ապահովվի խողովակաշարերի քանդովի միացումների, խցանող-կարգավորող արմատուրի, սպասարկման ենթակա սարքերի ու սարքավորումների, ստուգատեղերի, զտիչների, անցքամաքրիչների հասանելիութունը, առանձին տեղամասերի (կանգնակների) փակելու, դատարկելու հնարավորությունը, նորմատիվային քանակի և ճնշման ջրամատակարարումը սպառողներին:

գ. Համակարգի շահագործումը պետք է լինի էներգաարդյունավետ և էներգախնայող:

դ. Պետք է բացառվեն սառը ջրամատակարարման համակարգերի ձևափոխությունները և հիմնանորոգումներն՝ առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

3) Ներշենքային ջրահեռացման (կոյուղու) համակարգ

ա. Ներշենքային ջրահեռացման ցանցը պետք է լինի նորոգման համար պիտանի, ամբողջական, առանց մաշվածության, վնասվածքների, խցանումների, ծորումների:

բ. Պետք է ապահովվի ցանցի ստուգիչների, զտիչների հասանելությունը սպասարկման համար, առաջացած կեղտաջրերի հեռացումը սպառողների հաշվարկային թվին կամ տեղակայված սանիտարատեխնիկական սարքերի քանակին համապատասխան:

գ. Համակարգի շահագործումը պետք է լինի հուսալի և էներգախնայող:

դ. Պետք է բացառվեն ջրահեռացման (կոյուղու) համակարգերի ձևափոխությունները և հիմնանորոգումներն՝ առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

4) Ներշենքային գազամատակարարման համակարգ

ա. Ներշենքային գազամատակարարման ցանցը պետք է լինի առանց վնասվածքների և թերությունների, համալրված՝ գազի արտահոսքի վտանգի դեպքում ինքավար անջատման համակարգերով:

բ. Արտաձիգ օդափոխության հորանները և օդածխատար ուղիները պետք է ապահովեն նորմատիվային օդափոխությունը և քարշանքը բոլոր այն շինություններում, որտեղ տեղակայված են գազօգտագործող սարքավորումներ:

գ. Գազասպառման համակարգում կամ գազատարների պահպանման գոտիներում պետք է բացառվեն բաժանորդի կողմից կատարված ինքնակամ փոփոխությունները, որոնք մատակարարի գնահատմամբ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին կամ գույքին:

5) Ներշենքային էլեկտրամատակարարման համակարգ

ա. Ներշենքային էլեկտրամատակարարման համակարգը պետք է լինի սարքին վիճակում, առանց վնասվածքների, իսկ շահագործումը՝ անվտանգ, ապահով, առանց մարդկանց կյանքին, առողջությանը կամ գույքին սպառնալիքի:

բ. Պետք է ապահովվի ցանցի կամ առանձին տեղամասերի հոսանքազրկումը և անխափան միացումը, ռելեական պաշտպանության առկայությունը:

գ. Պետք է ապահովվի ընդհանուր օգտագործման տարածքների, օժանդակ սենքերի, մուտքերի արհեստական լուսավորությունը:

դ. Էլեկտրասարքավորանքի շահագործումը պետք է լինի էներգաարդյունավետ և էներգախնայող:

ե. Պետք է բացառվեն ներշենքային էլեկտրամատակարարման համակարգերի ձևափոխությունները և հիմնանորոգումներն՝ առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

6) Oդափոխության և օդի լավորակման համակարգեր

ա. Oդափոխության և օդի լավորակման համակարգի(երի) շահագործումը պետք է իրականացնել համաձայն նորմատիվային, նախագծային, անձնագրային փաստաթղթերի տեխնիկական պահանջների։ Համակարգը(երը) պետք է լինեն սարքին, առանց վնասվածքների, խզումների, նորոգապիտանելի, կարգավորվող և կառավարվող, մաքրվող, անաղմուկ, սպասարկման համար հասանելի:

բ. Բնական և մեխանիկական օդափոխության համար նախատեսված հորերը և հորանները, օդածխատար ուղիները պետք է լինեն ամբողջական, առանց խցանումների, ապահովեն նախատեսված քարշանքը:

գ. Համակարգերի շահագործումը պետք է լինի էներգախնայող և չգերազանցի թույլատրելի աղմուկի սահմանը և թրթռումները:

դ. Պետք է բացառվեն ներշենքային օդափոխության, օդի լավորակման համակարգերի ձևափոխությունները և հիմնանորոգումներն՝ առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

7) Հրդեհային պաշտպանության համակարգ

ա. Հակահրդեհային պաշտպանության համակարգի(երի) գործարկումը պետք է ապահովի մարդկանց անվտանգ տարահանման հնարավորությունը, անկախ նրանց տարիքից և ֆիզիկական վիճակից, համակարգի(երի) տարրերը պետք է լինեն մշտապես սարքին վիճակում:

բ. Հրդեհային անվտանգության նպատակով պետք է ապահովել շենքերի միջտարածությունների պահպանումը՝ հրշեջ փրկարարական ստորաբաժանումների անձնակազմի և տեխնիկական միջոցների անարգել մոտեցման, մարդկանց, նյութական արժեքները փրկելու միջոցառումների իրականացման համար:

գ. Պետք է բացառվեն հրդեհային պաշտպանության համակարգերի ամբողջականության խզումները, ձևափոխությունները և հիմնանորոգումներն՝ առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

8) Հաղորդակցման էլեկտրոնային համակարգեր (ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետային ցանց, հեռախոսակապ, հեռահաղորդակցման այլ համակարգեր)

ա. Շենքում պետք է ապահովել հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի և սարքերի հասանելիությունը կապի ծառայություններ մատուցողների համար:

բ. Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերը և սարքավորումները պետք է լինեն սարքին վիճակում, առանց վնասվածքների և շահագործվեն անվտանգության պահանջներին համապատասխան:

գ. Շենքում մուտքերի հաղորդակցման մալուխների իրանները պետք է փակել մեկուսիչ չհրկիզվող նյութով և պատյաններով կամ դրանք անցկացնել մեկուսիչ խողովակներով, բոլոր մետաղական արկղերի և էլեկտրական սարքավորումների իրանները հողանցել, բնակարանների էլեկտրոնային հաղորդակցման մատուցումն իրականացնել ավտոմատ անջատիչների միջոցով:

դ. Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի տեղադրման ընթացքում պետք է ապահովել դեպի տանիքների վրա գտնվող հենասյուները տանող մուտքերի և ելքերի անվտանգությունը, որոնք անցնում են ձեղնահարկային տարածքների, պատուհանների, դռների միջով, ապահովել տանիքների մետաղական ցանկապատերի, ներկառուցված սարքավորումների, ռադիոհենասյուների հողանցումների ճշգրիտ շահագործումը:

ե. Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի սպասարկումը և նորոգումը պետք է իրականացվի մասնագիտական կազմակերպությունների միջոցով:

զ. Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի շահագործման ընթացքում պետք է բացառվեն դրանց աշխատանքը խափանող սարքավորումների, այդ թվում՝ գովազդային սարքավորումների, վահանակների, ալեհավաքների տեղադրումը:

   37. Վնասվածքները մատնանշող հիմնական արտաքին նշանները

1) Ներշենքային կենտրոնացված ջերմամատակարարում

ա. Ցանցի մաշվածությունը, բարձակների, հենարանների վնասվածքները, խցանող-կարգավորող արմատուրի անսարքությունները, ծորումներն ու հոսակորուստները, համակարգի կամ առանձին տեղամասերի դատարկման անհնարինությունը:

բ. Ջեռուցվող սենքերի թերի տաքացումը, ջրառի կետերում տաք ջրամատակարարման ջրի ջերմաստիճանի և ճնշման շեղումները նորմատիվային արժեքներից:

գ. Ջերմատար խողովակաշարերի թերի ջերմամեկուսացումը:

դ. Ջերմամատակարարման կարիքների համար ծախսվող էներգակիրների՝ գազի, էլեկտրական հոսանքի, կամ այլ վառելիքի գերածախսը:

2) Ներշենքային սառը ջրամատակարարման համակարգ

ա. Ցանցի մասնակի կամ ամբողջական տեխնիկական մաշվածությունը, փականների, սողնակների անսարքությունը կամ բացակայությունը, ցանցի ամբողջական կամ առանձին հատվածի անջատման անհնարինությունը, ծորումներն ու հոսակորուստները, ջրառի կետերում ճնշման անկումը կամ գերազանցումը թույլատրելի նորմատիվային արժեքից:

բ. Չջեռուցվող սենքերով անցկացված ջրագծերի թերի ջերմամեկուսացումը, ջրագծերի սառչելը:

գ. Պոմպերի (պոմպակայանների) անսարքությունը, դրանց շահագործման ծախսատարությունը:

3) Ներշենքային ջրահեռացման (կոյուղու) համակարգ

ա. Կոյուղագծերի խցանումները, ծորումները, զտիչների, մաքրիչների անհասանելիությունը, արտաձգիչ խողովակների ամբողջականության խախտումը, բացակայությունը:

բ. Չջեռուցվող սենքերով անցնող կոյուղագծերի թերի ջերմամեկուսացումը:

գ. Շենքի առանձին հատվածների նստվածքային դեֆորմացիաները:

4) Ներշենքային գազամատակարարման համակարգ

ա. Ցանցի տեխնիկական անբավարար վիճակը, մաշվածությունը, գազի արտահոսքը:

բ. Սպասարկողների անարգել մուտքի անհնարինությունը շենք և հատկապես այն սենքեր, որտեղ անցնում են գազատար խողովակներ կամ տեղադրված են առևտրային հաշվիչները:

գ. Օդածխատար ուղիների ոչ պատշաճ վիճակը, ոչ լիարժեք քարշանքը կամ դրա բացակայությունը:

դ. Գազատար խողովակներ անցնող կամ առևտրային հաշվիչներ տեղադրված սենքերի թերի օդափոխությունը կամ օդափոխության բացակայությունը:

ե. Ընդհանուր սպասարկման համար նախատեսված գազասարքավորանքի(ների) գազի գերածախսը:

5) Ներշենքային էլեկտրամատակարարման համակարգ

ա. Կյանքի համար վտանգավոր հոսանքատար հատվածների հասանելիությունը սեփականատերերի կամ կողմնակի անձանց համար:

բ. Ցանցի ոչ պատշաճ անբավարար տեխնիկական վիճակը, կախված էլեկտրահաղորդագծերը:

գ. Ընդհանուր օգտագործման տարածքների արհեստական լուսավորության բացակայությունը:

դ. Ընդհանուր սպասարկման համար նախատեսված էլեկտրասարքավորանքի հոսանքի գերածախսը:

6) Oդափոխության և օդի լավորակման համակարգեր

ա. Օդափոխության ամբողջ համակարգի կամ առանձին տարրերի տեխնիկապես անբավարար վիճակը, օդատարների վնասվածքները, սարքավորանքի հաշվարկային արտադրողականության չապահովումը:

բ. Օդածխատար ուղիների, օդափոխության հորերի, հորանների անբավար քարշանքը կամ քարշանքի բացակայությունը:

գ. Համակարգի աղտոտվածությունը, անթույլատրելի աղմուկն ու թրթռումները:

դ. Համակարգի շահագործման անարդյունավետությունը, հոսանքատարությունը:

7) Հրդեհային պաշտպանության համակարգ

ա. Բնակիչների տարահանմանը և փրկարարական աշխատանքին խոչընդոտող ավելորդ իրերի, շինարարական աղբի առկայությունը տարահանման ուղիներում, խոչընդոտների առկայությունը հակահրդեհային միջտարածություններում:

բ. Դյուրավառ նյութերի կիրառումը վերանորոգման, ջերմամեկուսացման կամ այլ տիպի աշխատանքներում:

գ. Ձեղնահարկի կամ շենքի ընդհանուր օգտագործման այլ սենքերի նպատակային նշանակությանն՝ անհամապատասխան (որպես խորդանոց կամ պահեստ) օգտագործումը:

դ. Հակածխային պաշտպանության, հրդեհաշիջման համակարգերի անսարքությունը, ամբողջականության խախտումը, հրդեհի ազդանշանման և ահազանգման համակարգերի անսարքությունը, հակահրդեհային ջրմուղի ցանցում հրդեհաշիջման համար անբավարար ջրաքանակը և ճնշումը:

8) Հաղորդակցման էլեկտրոնային համակարգեր (ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետային ցանց, հեռախոսակապ, հեռահաղորդակցման այլ համակարգեր)

ա. Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի և սարքերի անհասանելիությունը՝ կապի ծառայություններ մատուցողների համար:

բ. Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի և սարքավորումների անսարքությունները, վնասվածքները և շահագործման անվտանգության պահանջների խախտումները:

գ. Մեկուսիչ չհրկիզվող նյութերի և պատյանների բացակայությունը:

դ. Դեպի տանիքներ տանող մուտքերի և ելքերի անվտանգության պահանջների խախտումները:

ե. Հաղորդակցման էլեկտրոնային համակարգերի աշխատանքը խափանող սարքավորումների, այդ թվում՝ գովազդային սարքավորումների, վահանակների, ալեհավաքների առկայությունը:

38. Վնասվածքների վերացմանն ուղղված աշխատանքներ և միջոցառումները

1) Ներշենքային կենտրոնացված ջերմամատակարարում

ա. 37-րդ կետի 1-ին ենթակետում նշված վնասվածքների և թերությունների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել ներշենքային կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 37-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված վնասվածքները վերացնելու կամ կանխարգելելու համար պարբերաբար պետք է անցկացվեն ջեռուցվող սենքերի օդի և ջրառի կետերում տաք ջրի ջերմաստիճանների չափում, ստուգում, ջեռուցման սարքերի, ջրատաքացուցիչների (ջերմափոխանակիչների) ակնադիտական զննում, ցանցի սեզոնային կոնսերվացում և ապակոնսերվացում, օդային խցանումների վերացում, կեղտանջատիչի և զտիչների մաքրում, խցանող-կարգավորող արմատուրի կանխարգելիչ սպասարկում, կիպահղկում, եռընթաց ծորակի, սողնակների սպասարկում, օդահավաքիչների, կոմպենսատորների, փականների, սողնակների կազմատում, զննում, մաքրում դիրտից, ջեռուցման սարքերի բարձակների (հենարանների) և անհրաժեշտության դեպքում խողովակաշարի ամրացում:

գ. 37-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության մեջ նշված թերության բացահայտման դեպքում պետք է կատարել խողովակաշարի առանձին տեղամասերի ջերմամեկուսացման վերականգնում:

դ. 37-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության մեջ նշված խնդրի լուծման համար պետք է նախաձեռնել սարքավորանքի փոխարինում ավելի բարձր էներգախնայողության ցուցանիշ ունեցող սարքավորանքով, ներդնել ջերմակրի ջերմաստիճանային ռեժիմների ինքնավար կարգավորման համակարգեր, ցանցը համալրել «խելացի սարքերով»:

2) Ներշենքային սառը ջրամատակարարման համակարգ

ա. 37-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վնասվածքների և թերությունների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել ներշենքային սառը ջրամատակարարման համակարգի տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 37-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված թերության բացահայտման դեպքում պետք է իրականացնել ցանցի մասնակի կամ ամբողջական վերանորոգում, փակող-կարգավորող արմատուրի ակնադիտական զննում, նկուղային հարկերում, ձեղնահարկերում, տեխնիկական հարկերում, տեխնիկապես մաշված տեղամասերի, փակող-կարգավորող արմատուրի փոխարինում, ճնշման կարգավորիչների փոխարինում կամ տեղադրում, պարբերաբար ջրմուղային ծորակների միջադիրների փոխարինում, խցանումների վերացում, խցուկների լցում, զտիչների մաքրում, խողովակաշարի, փակող արմատուրի, սողնակների ծորումների վերացում, համակարգի լվացում:

գ. 37-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված թերության բացահայտման դեպքում պետք է նորոգել ջրագծերի վնասված ջերմամեկուսացումը, ինչպես նաև նախատեսել սառչելու վտանգը կանխարգելող միջոցառումներ:

դ. 37-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ նշված թերության բացահայտման դեպքում անհրաժեշտ է իրականացնել ջրամատակարարման պոմպի (պոմպակայանի) վերանորոգում կամ փոխարինում բարձր էներգաարդյունավետության ցուցանիշ ունեցող սարքավորանքով, նախատեսել պահուստային պոմպի(երի) ձեռքբերում, համակարգի համալրում հիդրոօդաճնշման բաքով, ջրամատակարարման անջատման, կարգավորման ինքնավար համակարգերով:

3) Ներշենքային ջրահեռացման (կոյուղու) համակարգ

ա. 37-րդ կետի 3-րդ ենթակետում նշված վնասվածքների և թերությունների բացահայտման դեպքում անհրաժեշտ է իրականացնել ներշենքային ջրահեռացման (կոյուղու) համակարգի տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 37-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված թերության վերացման համար անհրաժեշտ է անհապաղ իրականացնել կոյուղու անցանելիության վերականգնումը, կոյուղու կանգնակների ծորման վերացումը (կցվանքների լցափակում ցեմենտային շաղախով (լայնուկի կարանախցում), խտացնող օղակների փոխարինումը, կոյուղու ստուգիչների միջադիրների փոխարինումը), ապահովել կոյուղու կանգնակների ստուգիչ պատուհաններին ազատ մոտենալու հնարավորությունը, պարբերաբար կատարել կոյուղու ցանցի մաքրումը, լվացումը, ձեռնարկել միջոցառումներ ցանցի ամբողջականությունը վերականգնելու համար:

գ. 37-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված թերության բացահայտման դեպքում վերականգնել վնասված հատվածի ջերմամեկուսացումը, ձեռնարկել կոյուղագծերի չսառչելու կանխարգելիչ միջոցառումներ:

դ. 37-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ նշված թերության հայտնաբերման դեպքում պետք է ստուգել շենքի կրող կոնստրուկցիաների հետ կոյուղագծերի հատման մասերում պողպատյա պատյանների առկայությունը, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

4) Ներշենքային գազամատակարարման համակարգ

ա. 37-րդ կետի 4-րդ ենթակետում նշված թերությունների բացահայտումը և վերացումը վերապահված է գազամատակարարող կազմակերպություններին կամ վերջիններիս հանձնարարությամբ սպասարկող կազմակերպություններին:

բ. 37-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված թերության վերացման և կանխարգելման համար անհրաժեշտ է ապահովել մատակարարի կողմից տեխնիկական կանոնակարգերով սահմանված տեխնիկական սպասարկման և ստուգման աշխատանքների իրականացումը:

գ. 37-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված թերության վերացման համար պետք է ապահովել սպասարկող ծառայության անարգել մուտքը շենք և սպասարկման ենթակա սենքեր:

դ. 37-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ նշված թերությունը վերացնելու և կանխելու համար պետք է պարբերաբար ստուգել օդածխատար ուղիների ամբողջականության պահպանումը, քարշանքի առկայությունը, ապահովել օդածխատար ուղիների մաքրումը:

ե. 37-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ նշված թերությունը կանխելու և վերացնելու համար պետք է ապահովել գազի առևտրային հաշվիչների արկղեր տեղադրված աստիճանավանդակների պարբերաբար օդափոխումը՝ վերին և ստորին հարկի պատուհանները միաժամանակ բացելու միջոցով:

զ. 37-րդ կետի 4-րդ ենթակետի «ե» պարբերության մեջ նշված թերության դեպքում կազմակերպել ընդհանուր շենքային սպասարկման համար նախատեսված գազօգտագործող սարքավորանքի փոխարինում ավելի բարձր էներգախնայողության ցուցանիշ ունեցող սարքավորանքով, ներդնել կարգավորման ինքնավար համակարգեր:

5) Ներշենքային էլեկտրամատակարարման համակարգ

ա. 37-րդ կետի 5-րդ ենթակետում նշված վնասվածքների և թերությունների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել ներշենքային էլեկտրամատակարարման համակարգի տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 37-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների մեջ նշված թերությունների վերացման և կանխարգելման համար պետք է պարբերաբար անցկացնել՝ դիտողական զննումներ, ներանցային, ուժային, բաշխիչ և լուսավորման վահանակի սպասարկում, հարկային էլեկտրավահանակների տեխնիկական զննում, Էլեկտրավահանակային սենքի տեխնիկական զննում, սարքավորումների հողակցման ստուգում (պոմպեր, վահանային օդափոխիչներ, հարկային էլեկտրավահանակներ), էլեկտրահաղորդագծի աննշան անսարքությունների վերացում, կախված էլեկտրական լարերի ձգում, կյանքի համար վտանգավոր հոսանքատար հատվածների ցանկապատում, կողմնակի անձանց համար մատչելի վայրերում (օրինակ` մուտքերում կամ նկուղներում), հաղորդաձողի պաշտպանական պատյանի առկայություն, պահարան կամ արկղ՝ բանալիով փակվող դռնակով, վտանգավոր տեղամասերում նախազգուշական նշանի առկայությունը, Էլեկտրական մալուխների թաղանքի մեկուսացման ստուգում, մեկուսացման և հողակցման սարքավորանքի դիմադրության չափումների անցկացում:

գ. 37-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ նշված թերության վերացման համար պետք է կատարել ընդհանուր տարածքների դիտողական զննումներ, ընդհանուր օգտագործման և օժանդակ բոլոր սենքերի, բնակելի շենքերի ճակատներին տեղադրված լուսատուների այրված լամպերի փոխարինում, լուսամփոփների, անջատիչների մաքրում և ամրակում, անսարք կոթառների փոխարինում:

դ. 37-րդ կետի 5-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ նշված թերության վերացման համար պետք է կազմակերպել՝ էլեկտրաէներգիայի ծախսի հաշվառման խմբային սարքերի և հոսանքի տրանսֆորմատորների ստուգում, շենքի ընդհանուր օգտագործման տարածքների շիկացման լամպերի փոխարինում ժամանակակից, լուսադիոդային լամպերով, շարժման, ժամանակի տվիչներով ինքնավար համակարգերի ներդնումով, ընդհանուր էլեկտրասարքավորանքի՝ ջրամատակարարման պոմպերի, օդափոխիչների, վերելակների և այլ հոսանքատար սարքերի, համակարգերի արդիականացում, արևային ֆոտովոլտային համակարգի ներդնում:

6) Oդափոխության և օդի լավորակման համակարգեր

ա. 37-րդ կետի 6-րդ ենթակետում նշված թերությունների, վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել օդափոխության և օդի լավորակման համակարգի(երի) տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 37-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված թերության վերացման կամ կանխարգելման համար պետք է իրականացնել օդափոխության համակարգի տեխնիկական վիճակի ստուգում, զննում, օդամղիչների տեխնիկապես սարքին վիճակի վերահսկում, անհրաժեշտության դեպքում կատարել նորոգումներ՝ ներգրավելով մասնագիտացված կազմակերպություն:

գ. 37-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված թերության վերացման և կանխարգելման համար պետք է պարբերաբար կատարել ծխաօդատար ուղիների օդափոխության անցքերի քարշանքի առկայության ստուգում, օդածխատար ուղիների գլխամասերի զննում, ծխատար և օդափոխության խողովակաշարերի գլխամասերի և քիվապատերի մետաղյա ծածկերի ստուգում, ամրացում, օդատար հորանների մաքրում, ամբողջականության ապահովում:

դ. 37-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ նշված թերության բացահայտման դեպքում պետք է իրականացնել օդատարների և համակարգի մյուս տարրերի պարբերաբար մաքրում, ապահովել օդատարների օդափոխիչներին ճկուն անցումներով միացում, կիպությունն ու երկարակեցությունն ապահովող թրթռամեկուսիչ ներդիրների առկայություն, օդամղիչի և էլեկտրական շարժիչի պտտման արագության կարգավորում, օդատարների այնպիսի ամրակապում, որ նրանց ծանրությունը չփոխանցվի օդափոխման սարքավորանքին:

ե. 37-րդ կետի 6-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ նշված թերության վերացման համար պետք է կազմակերպել՝ օդափոխիչների փոխարինում ժամանակակից էներգախնայող, անաղմուկ սարքերով, շարժման, խոնավության, ածխածնի օքսիդի և այլ վնասակարությունների նկատմամբ զգայուն տվիչներով ինքնավար համակարգերի ներդնում, հեռացվող օդի ջերմության օգտահանում՝ ռեկուպերացիոն սարքերի տեղադրում, օդորակման սարքերի ու համակարգերի արդիականացում, արևային ֆոտովոլտային համակարգի ներդնում համակարգի(երի) հոսանքի ծախսերի նվազեցման նպատակով:

7) հրդեհային պաշտպանության համակարգ

ա. 37-րդ կետի 7-րդ ենթակետում նշված թերությունների, վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել հակահրդեհային պաշտպանության համակարգի(երի) տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 37-րդ կետի 7-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված թերության հայտնաբերման դեպքում պետք է իրազեկել, նախազգուշացնել սեփականատերերին հակահրդեհային անվտանգության վերաբերյալ բոլոր նախազգուշացումների ու դիտողությունների անվերապահորեն կատարման մասին, կանխել ավելորդ իրերի, շինարարական աղբի առկայությունը տարահանման ուղիներում, պարբերաբար կատարել դիտողական զննումներ, ստուգումներ, հետևել շենքերի հակահրդեհային միջտարածությունների պահպանմանը՝ համապատասխան գործող նորմերի և կանոնների:

գ. 37-րդ կետի 7-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված թերության կանխման նպատակով նախատեսել տանիքածածկերի, ճակատների ջերմամեկուսացման, հարդարման ու երեսապատման, սենքերի և տարահանման ուղիների մակերևութային շերտերում օգտագործվող շինարարական նյութերի հրդեհային վտանգավորության սահմանափակում:

դ. 37-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ նշված թերության կանխման նպատակով ապահովել շենքի վարձակալությամբ տրվող սենքերի, ձեղնահարկերի պայթյունահրդեհային և հրդեհային վտանգավորության մակարդակի նվազեցումը:

ե. 37-րդ կետի 6-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ նշված թերության վերացման և կանխման համար ապահովել հրդեհաշիջման հիդրանտային կամ ավտոմատ միջոցների առկայությունը, այլ նպատակով հակահրդեհային ջրամատակարարման ցանցի ջրի օգտագործման արգելումը, վթարային օդափոխման և հակածխային պաշտպանության ամբողջականությունը, կատարել հրդեհաշիճման և ազդանշանային համակարգերի պարբերաբար փորձարկումները, հակածխային պաշտպանության և հրդեհային ավտոմատ ազդանշանման համակարգերի աշխատունակության ստուգումներ:

8) Հաղորդակցման էլեկտրոնային համակարգեր (ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետային ցանց, հեռախոսակապ, հեռահաղորդակցման այլ համակարգեր)

ա. 37-րդ կետի 8-րդ ենթակետում նշված շեղումների բացահայտման դեպքում պետք է դիմել համապատասխան կազմակերպությանը՝ անհամապատասխանությունները վերացնելու նպատակով:

 

    VII. ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՍԱՐՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

39. Շահագործմանը և պահպանմանը ներկայացվող պահանջներ

1) Շենքի օդափոխության, օդի լավորակման համակարգերի սարքավորումներ, այդ թվում ռեկուպերացիա/ջերմաօգտահանում

ա. Սարքավորումների տեխնիկական վիճակը, տեղաբաշխումը, սպասարկման կարգը պետք է համապատասխանի գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, դրանք պետք է լինեն նորոգապիտանելի, պայթունա-հրդեհաանվտանգ, հասանելի սպասարկման, նորոգման և փոխարինման համար:

բ. Սարքավորումների աշխատանքից առաջացած աղմուկն ու թրթռումները չպետք է գերազանցեն նորմավորված մակարդակը:

գ. Սարքավորումների շահագործումը պետք է լինի արդյունավետ և էներգախայող:

դ. Պետք է բացառվեն օդափոխության համակարգի սարքավորումների տեղափոխությունները, փոխարինումը առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

2) Կաթսաներ

ա. Շենքերի ընդհանուր օգտագործման համար տեղակայված ջեռուցման կաթսան, կաթսաների համախումբը, կաթսայական տեղակայանքի այլ սարքավորումները պետք է լինեն գործարանային արտադրության, առանց վնասվածքների, թերությունների, դրանց տեխնիկական վիճակը, փաստացի ջերմային հզորությունը պետք է համապատասխանեն անձնագրային անվանական հզորությանը, շահագործումը պետք է իրականացվի համաձայն նորմատիվային, նախագծային, անձնագրային փաստաթղթերի տեխնիկական պահանջների:

բ. Պետք է բացառվեն կաթսայի, կաթսաների համախմբի, կաթսայական տեղակայանքի այլ սարքավորումների (հրածորանների, շրջանառու պոմպերի, ընդարձակման բաքերի, խցանող-կարգավորող արմատուրի, կեղտազտիչների, հիդրավլիկ բաժանարարի) ձևափոխությունները, տեղափոխությունները, փոխարինումը առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

3) Այլընտրանքային էներգիայով աշխատող սարքավորումներ

ա. Շենքերի միասնական սպասարկման համար նախատեսված այլընտրանքային էներգիայի աղբյուրներով աշխատող սարքավորումներն ու տեղակայանքները (արևային ֆոտովոլտային և ջրատաքացման համակարգերը, ջերմային պոմպերը) պետք է լինեն առանց վնասվածքների, հուսալի ամրացված, դիմացկուն քամու, ձյան շերտի ազդեցությանը, արտաքին միջավայրի ջերմաստիճանային տատանումներին, նորոգապիտանելի, սպասարկման համար հասանելի, արևային ջրատաքացուցիչների կոնստրուկցիան և ջրատաքացուցիչ բաքը ամբողջությամբ պետք է պատրաստված լինեն չժանգոտվող մետաղից:

բ. Այլընտրանքային էներգիայով աշխատող սարքերի ընտրությունը պայմանավորված է շենքի կարիքներով, արտաքին միջավայրի պայմաններով և տեխնիկատնտեսական հիմնավորումներով:

գ. Պետք է բացառվեն այլընտրանքային էներգիայով աշխատող սարքերի, համակարգերի, տեղակայանքների ձևափոխությունները, տեղափոխությունները, փոխարինումը առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

4) Վերելակներ

ա. Վերելակները և վերելակային խցերը պետք է լինեն առանց ուղղակի վտանգ սպառնացող վնասվածքների, անվտանգ շահագործման տեխնիկական նորմերից շեղված տեսանելի թերությունների և անսարքությունների: Ընդ որում, պետք է ապահովվի վերելակների տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ (մարդատար և բեռնատար) տեխնիկական հետազննության անցկացում:

բ. Տեխնիկական հետազննությունը պետք է անցկացվի մասնագիտացված հավաստագրված կազմակերպության կողմից:

գ. Վերելակը տեղադրող կազմակերպության կողմից ստացված շահագործման փաստաթղթերը պետք է ընդգրկեն դրանց բնականոն շահագործման, տեխնիկական սպասարկման, զննման, նորոգման, պարբերական ստուգման, փրկարարական գործողությունների համար անհրաժեշտ հատակագծի և սխեմաների վերաբերյալ ցուցումներ:

դ. Վերելակների խցիկներում տեսանելի տեղում պետք է տեղադրված լինեն վահանակներ, որտեղ պետք է նշված լինի անվանական բեռնունակությունը` կիլոգրամներով և ուղևորների առավելագույն թույլատրելի թվով:

ե. Շենքում պետք է բացառվեն վերելակների շահագործումը` առանց հաստատված տեխնիկական շահագործման թույլտվության, ինչպես նաև շահագործման ընթացում ի հայտ եկած ցանկացած շեղումները և անսարքությունները:

զ. Շենքի կառավարման մարմինը և վերելակ տեղադրող կազմակերպությունները պետք է միմյանց տեղեկացնեն վերելակի անվտանգ շահագործման համար կարևոր նշանակություն ունեցող փաստերի մասին և համապատասխան միջոցներ ձեռնարկեն դրանց անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ:

40. Վնասվածքները մատնանշող հիմնական արտաքին նշանները

1) Շենքի օդափոխության, օդի լավորակման համակարգերի սարքավորումներ, այդ թվում ռեկուպերացիա/ջերմաօգտահանում

ա. Ներածվող-արտածվող օդափոխության, օդի լավորակման, սառնամատակարարման տեղակայանքների, սենքերում օդի տեղական լրախոնավացման սարքերի, օդափոխիչների տեխնիկապես մաշված, ոչ սարքին, աղտոտված վիճակը:

բ. Սարքերի անհասանելիությունը նորոգման, սպասարկման, փոխարինման համար:

գ. Սարքերի աշխատանքից առաջացած անթույլատրելի աղմուկն ու թրթռոցները:

դ. էլեկտրաէներգիայի գերածախսը:

2) Կաթսաներ

ա. Սարքի, տեղակայանքի, ինքնավար կարգավորող համակարգերի անսարքություններ, ջերմաստիճանային ռեժիմների խախտումները, աղտոտվածությունը:

բ. Օդածխատար ուղիների խցանումները:

գ. էներգակիրների գերածախսը:

3) Այլընտրանքային էներգիայով աշխատող սարքավորումներ

ա. Սարքավորումների, դրանց բաղադրիչների վնասվածքները, անսարքությունները, աղտոտվածությունը, թերի ամրացումը շենքի հիմնական կոնստրուկցիաներին:

բ. Սարքավորումների փաստացի հզորության անհամապատասխանությունը անձնագրային անվանական հզորությանը:

4) Վերելակներ

ա. Վերելակի խցիկի աշխատանքային ընթացքի արագության շեղումները:

բ. Խցիկի կանչի միջոցների անսարքությունը, խցիկի մուտքի դռների բացման-փակման կանոնավոր ռեժիմի խախտումը, խցիկի ազատ անկումը կանխարգելող սարքի անսարքությունը:

գ. Վերելակի կանգն ապահովող միջոցների, դրանց կցամասերի և այլ բաղկացուցիչ մասերի, վերելակի անկառավարելի ընթացքը կանխարգելող սարքերի անսարքությունը:

դ. Խցիկի կանգի անճշտությունը:

ե. Շահագործման սպասարկող անձնակազմի հետ մշտական կապ ապահովող երկկողմանի հաղորդակցության միջոցների անսարքությունը:

զ. Բավարար օդափոխության, վթարային լուսավորության միջոցների անսարքությունը:

41. Վնասվածքների վերացմանն ուղղված աշխատանքներ և միջոցառումները

1) Շենքի օդափոխության, օդի լավորակման համակարգերի սարքավորումներ, այդ թվում ռեկուպերացիա/ջերմաօգտահանում

ա. 39-րդ կետի 1-ին ենթակետում նշված թերությունների, վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել համակարգերի սարքավորումների, տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 39-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ նշված թերության բացահայտման դեպքում պետք է իրականացնել սարքերի արտաքին տեսքի վերահսկում, տեխնիկական վիճակի զննում, օդափոխանակման և օդի լավորակման (զտիչներով, ստատիկ ճնշման խցերով, ջերմաօգտահանիչներով) մատուցվող օդի տեխնիկական հարաչափերի ստուգում և վերահսկում, սարքավորումների, ջերմափոխանակիչ մակերևույթների մաքրում:

գ. 39-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ նշված թերության բացահայտման դեպքում պետք է ձեռնարկել միջոցներ, սպասարկման ենթակա սարքերի հասանելիությունը վերականգնելու համար, նախատեսել հսկման հեռակառավարման սարքեր հիմնական հարաչափերի չափման համար:

դ. 39-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության մեջ նշված թերության վերացման և կանխարգելման համար պետք է ապահովել սարքերի ճկուն միացումների առկայությունը, ամրակապերի տեխնիկական վիճակի վերահսկումը, կիպությունն ու երկարակեցությունն ապահովող թրթռամեկուսիչ ներդիրների առկայությունը, ստուգել շառավղային և տանիքային օդափոխիչների տեղակայման դիրքը (շառավղային օդափոխիչները՝ հորիզոնական, տանիքային օդափոխիչներինը` ուղղաձիգ):

ե. 39-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ նշված խնդիրը լուծելու համար պետք է կազմակերպել օդափոխիչների և այլ սարքավորանքի (տեղակայանքի) փոխարինումը նոր սերնդի էներգախայող, անաղմուկ սարքերով, օդափոխության ներածման–արտածման համակարգի համալրումը շուրջ 70%-ով էներգախնայողություն ապահովող ռեկուպերատորով՝ ջերմության օգտահանման ջերմափոխանակիչով (ռոտորային, թերթավոր, խողովակավոր և այլն), կարգավորման և ինքնավար կառավարման «խելացի» համակարգերով:

2)Կաթսաներ

ա. 39-րդ կետի 2-րդ ենթակետում նշված թերությունների, վնասվածքների բացահայտման դեպքում պետք է իրականացնել համակարգերի սարքավորումների, տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 39-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված թերությունների վերացման համար, ինչպես նաև կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար իրականացնել սարքերի տեխնիկական վիճակի զննում, սպասարկում, մաքրում, ջերմաստիճանային ռեժիմների, վառելիքի ծախսի վերաբերյալ արված գրառումների վերահսկում:

գ. 39-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված թերության վերացման համար պարբերաբար պետք է կատարել օդածխատար ուղիների քարշանքի ստուգում:

դ. 39-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ նշված թերության վերացման նպատակով պետք է կազմակերպել կաթսաների փոխարինումը նոր սերնդի բարձր էներգախնայողության ցուցանիշ ունեցող սարքերով, ավանդական վառելիքի աղբյուրները փոխարինել այլընտրանքային, վերականգնվող էներգիայի աղբյուրներով:

3) Այլընտրանքային էներգիայով աշխատող սարքավորումներ

ա. 39-րդ կետի 3-րդ ենթակետում նշված թերությունների, վնասվածքների բացահայտման դեպքում պետք է կազմակերպել համակարգերի սարքավորումների, տեխնիկական վիճակի հետազննություն մասնագիտացված կազմակերպության միջոցով:

բ. 39-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների մեջ նշված թերությունների վերացման, կանխարգելման համար պետք է պարբերաբար իրականացնել սարքավորումների տեխնիկական վիճակի զննում, սպասարկում, մաքրում, ջերմաստիճանային ռեժիմների, արտադրվող և սպառվող էներգիայի վերահսկում, մշտադիտում:

4) Վերելակներ

ա. 39-րդ կետի 4-րդ ենթակետում նշված որևէ շեղումներ բացահայտման դեպքում շենքի կառավարման մարմինը պետք է ահազանգի անմիջապես վերելակների շահագործման մասնագիտացված կազմակերպությանը և վերելակը տեղադրող կազմակերպությանը:

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«_____» ___________ 2021 թվականի  N___- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N1161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.  

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» N1161-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    13.01.2021 - 28.01.2021

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1168

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.01.2021

Նախագծի <<Հիմնավորում>> բաժնում նշվում է, որ <<… բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված առկա եզրակացությունների, անբավարար վիճակում է գտնվում բազմաբնակարան բնակարանային ֆանդի շուրջ 3.2 %-ը>>: Չի ներկայացվել թե ընդհանրապես քանի բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ է առկա մասնագիտացված եզրակացություն: Հաշվի առնելով դրանց ամենայն հավանականությամբ փոքրաթիվ լինելու պայմանը՝ որը բազմաբնակարան շենքերին առննչվող խնդիրների մեծ բաժինն է կազմում կարող ենք փաստել, որ սույն Նախագծով որևէ նոր կարգավորում չի առաջարկվել քննարկվող հարցը էականորեն լուծելու առումով:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.01.2021

Առաջարկում ենք նաև <<Հիմնավորում>> բաժնում ներկայացնել հիմնավորում, թե ինչու նախագծի վերնագրում ներառվել է <<էնարգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման>> բառերը, քանի որ դրանք նախագծի բուն տեքստում ներկայացվել են ընդամեն երկու անգամ և չկա հստակեցված որևիցե մոտեցում դրա վերաբերյալ: Հակառակ դեպքում ստացվում է, որ նախատեսվող այլ աշխատանքները և դրանց արդյունքները կարող են լինել ոչ արդյունավետ և ոչ խնայող:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.01.2021

Նույն <<Հիմնավորում>> բաժնում ներկայացվել է տեղեկատվություն այն մասին, որ Բազմաբնակարան շենքերի վերաբերող քննարկվելիք խնդիրների իրավակարգավորումը իրականացվում է գործող մի շարք նորմատիվ իրավական ակտերով և դրանց մի որոշակի մասը ներառվել է սույն Նախագծում: Այս առումով նույնպես չի հիմնավորվում, թե ինչու է ներկայացվում նոր նախագիծ, եթե հնարավոր էր խնայել միջոցները և համաձայն ՀՀ օրենսդրության ներկայացնել պարազաբանումներ նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթների վերաբերյալ, իսկ դրանց պահանջների չկատարման մասով իրականացնել պետական մարմնին ներկայացվող պահանջներին համապատասխան գործունեություն:

See more