Add to favourites

Under development

Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 18-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

«Գ Լ ՈՒ Խ  18.

ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 116. Գրավոր ընթացակարգով քննվող գործերը

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով,123-123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6, 123.7, 124, 124-124.4, 124.6, 124.7, 125, 126, 128,129.2, 129.3, 131, 132, 134, 135.1, 135.2 և 140-րդ հոդվածներով սահմանված գործերով, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով կամ ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից՝ տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով, վարչական դատարանը գործի քննությունն իրականացնում է գրավոր ընթացակարգով:
  2. Վարչական դատարանը գրավոր ընթացակարգ կարող է կիրառել նաև այլ գործերով, եթե գտնում է, որ գործն ըստ էության քննելու և լուծելու համար ներկայացվել են բավարար ապացույցներ և

                  1) դատավարության բոլոր մասնակիցների կողմից ներկայացվել է գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին միջնորդություն  կամ

           2) գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ դատարանի որոշումը  ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում դատավարության մասնակիցների կողմից առարկություն չի ներկայացվել։ Առարկությունը կարող է ներկայացվել գրավոր, ինչպես նաև բանավոր՝ նախնական դատական նիստի կամ դատական նիստի ընթացքում։

           

 Հոդված 117. Գրավոր ընթացակարգով գործի քննության կարգը և իրականացվող գործողությունները

  1. Սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերում գործի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով՝ որպես կանոն, առանց դատական նիստ հրավիրելու։
  2. Գրավոր ընթացակարգն իրականացվում է գործի քննության ընդհանուր կանոններին համապատասխան՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով։
  3. Վարչական դատարանը սույն գլխի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերի դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ, իսկ 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ գրավոր ընթացակարգ կիրառելու մասին որոշմամբ դատավարության մասնակիցներին ծանուցում է անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, իրենց պահանջներն ու առարկություններն հիմնավորող ապացույցները դատարանին ներկայացնելու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել երկշաբաթյա ժամկետից, ինչպես նաև գործով դատական ակտը հրապարակելու ժամկետի մասին։
  4. Վարչական վարույթ իրականացրած մարմինը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի նյութերը, ինչպես նաև իր տիրապետման կամ ազդեցության ոլորտում եղած բոլոր ապացույցները (իրավախախտումն ամրագրած տեսանյութը, լուսանկարը և այլն) ուղարկում է գործը քննող դատարանին։
  5. Վարչական դատարանը սույն հոդվածով նախատեսված գործերով գրավոր ընթացակարգի հիման վրա գործը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում։
  6. Վարչական դատարանը գործի քննության ընթացքում կարող է փոփոխել դատական ակտի հրապարակման օրը, որի մասին ծանուցում է դատավարության մասնակիցներին:
  7. Վարչական դատարանի սույն հոդվածով նախատեսված գործերով գրավոր ընթացակարգի հիման վրա կայացված դատական ակտի եզրափակիչ մասը սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ծանուցված ժամկետում հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում։

        

              Հոդված 118. Գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումը

  1. Սույն գլխի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական դատարանը որոշում է կայացնում գրավոր ընթացակարգ կիրառելու մասին՝ առանձին դատական ակտի տեսքով։ Որոշման մեջ նշվում է նաև 117-րդ հոդվածի 3-րդ մասով նշված տեղեկությունը։
  2. Գրավոր ընթացակարգ կիրառելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դատավարության մասնակիցներին։
  3. Գրավոր ընթացակարգ կիրառելու մասին որոշում կարող է կայացվել գործի քննության յուրաքանչյուր փուլում։

 

              Հոդված 118.1. Գրավոր ընթացակարգից անցումը բանավոր ընթացակարգի

  1. Դատարանը սույն գլխի 116-րդ հոդվածով նախատեսված գործերով հայցադիմումը վարույթ ընդունելիս կամ գործի գրավոր քննության ընթացքում որոշում է կայացնում գործը ընդհանուր կարգով քննելու մասին, եթե՝

1) գտնում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի պարզումը հնարավոր է միայն բանավոր ընթացակարգի պայմաններում, այդ թվում՝ առկա է դատավարության մասնակիցներից բացատրություն վերցնելու, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու անհրաժեշտություն կամ

2) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն կամ

3) դատարանի որոշմամբ՝ այլ դեպքերում:

  1. Գործն ընդհանուր կարգով քննելու մասին միջնորդություն կարող են ներկայացնել նաև դատավարության մասնակիցները: Գործն ընդհանուր կարգով քննելու վերաբերյալ դատավարության մասնակցի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը պետք է լինի հիմնավորված։ Միջնորդությունը կարող է ներկայացվել հայցադիմումի հետ միասին, ինչպես նաև գործի քննության ընթացքում:
  2. Գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացնելու որոշման դեպքում դատավարության մասնակիցները եռօրյա ժամկետում ծանուցվում են դատական որոշման և առաջիկա նիստի մասին։

          Հոդված 118.2. Վարչական դատարանի՝ սույն գլխի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով  դատական ակտերի բողոքարկումը

  1. Վարչական դատարանի՝ սույն գլխի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով դատական ակտը՝ անկախ գործի քննության գրավոր կամ հետագա բանավոր ընթացակարգից, կարող է բողոքարկվել միայն վարչական ակտի հասցեատիրոջ կողմից։

 

              Հոդված 118.3. Սույն գլխով նախատեսված գործերի քննությունը վերաքննիչ դատարանում

  1. Վերաքննիչ դատարանում գրավոր ընթացակագով քննված գործերի վերաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
  2. Գրավոր ընթացակարգից անցումը բանավոր ընթացակարգի իրականացվում է սույն գլխի 118.1-ին հոդվածով նախատեսված հիմքերով և կարգով:
  3. Վերաքննիչ դատարանը դատավարության մասնակիցներին ծանուցում է գործով դատական ակտը հրապարակելու ժամկետի մասին:
  4. Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածով նախատեսված գործերով գրավոր ընթացակարգի հիման վրա կայացված դատական ակտի եզրափակիչ մասը սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ծանուցված ժամկետում հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում»։

              Հոդված 2. Սույն օրենսգրքի 127-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1. մասով.

            «9.1. Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով դատական ակտը հայցն ամբողջությամբ բավարարվելու դեպքում օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

             Հոդված 3. Սույն օրենսգրքի 148-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1. մասով.

         «5.1. Վերաքննիչ դատարանի՝ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվելու և դատական ակտը ամբողջությամբ բեկանվելու դեպքում դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

 

            Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը դատարանների կողմից վարույթ ընդունված գործերի քննության և դրանց բողոքարկման կարգի վրա: Դատարանի կողմից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված գործերի քննությունը և բողոքարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    05.05.2020 - 21.05.2020

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7056

Print

Related documents / links

Suggestions

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

21.05.2020

1. ՀՀ սահմանադրությունը հստակ սահմանում է ՀՀ քաղաքացիների սահմանադրորեն երաշխավորված անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: 2. Սույն նախագծի ընդունմամբ, հաշվի չի առնվում մրցակցության սկզբունքը, բացի այդ, դատարանն հենց ինքը պետք է հարգի մրցակցային սկզբունքը, քանի որ սկզբունքն անհրաժեշտ է դատավարական պրակտիկայում վարչական ակտերի բողոքարկման օբյեկտիվության պահպանման, փաստական ողջ հանգամանքների բացահայտման համար։ 3. Դատավարության ընթացքում, կողմերին պետք է հնարավորություն տրվի ներկայացնելու իրենց հայցի հաջողության համար անհրաժեշտ ցանկացած ապացույց։ 4. Հետևապես, գործի էության վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը, գրավոր ընթացակարգի կիրառման դեպքում, չեն ապահովում փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, ինչն էլ կբացահայտի գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: 5. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլուխը նախատեսում է գրավոր դատաքննության ինստիտուտ՝ դրա կիրառման պարտադիր նախապայման սահմանելով դատավարության մասնակիցների համաձայնությունը։ 6. Վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգի նախատեսումը նպատակ ունի ապահովել գործերի արագ և արդյունավետ քննությունը՝ միաժամանակ դատարանին և դատավարության մասնակիցներին հնարավորություն տալով տնտեսելու ժամանակը։ 7. Հայտնի է, որ Վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու, կազմակերպելով լսումներ վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: 8. ՀՀ ճանապարհային ոստիկանության բողոքարկման լսումների հանձնաժողովը ոչ միշտ, սակայն ակտի հասցեատիրոջը ընձեռում է հնարավորություն արտահայտելու դիրքորոշում, կայացված վարչական վարույթի շրջանակներում, սակայն անգամ այդ դեպքում, չեն ապահովում վարույթի արդար քննությունը, ուստի վարչական ակտի հասցեատերերը ստիպված են լինում դիմելու վարչական դատարան։ 9. Օրինակ՝ տեսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերով չի իրականացվում լսումներ, ավելին վերադաս բողոքի քննությունը գործնականում չի իրականացվում լսումներով և եթե դատարանում էլ չիրականացվի լսումներ, ապա կստացվի, որ անձին երբեք չեն լսի: 10. Արդար դատաքննություն հասկացությունը ներառում է անձին լսելու, արտահայտվելու իրավունքը։ 11. Դատարանը, դա կարող է իրագործել մրցակցային սկզբունքի կիրառման մեթոդով, այսինքն հնարավորություն ընձեռելով մասնակիցներին երևան բերելու այն բոլոր հանգամանքները, որոնք ի հայտ են եկել գործի քննության ժամանակ։ 12. Ավելին, որոշակի տուգանքներ այնքան բարձր են, որ կարող են համարվել քրեական մեղադրանք և պատասխանատվություն, օրինակ՝ քրեական օրենսգրքի դրույթների համաձայն, եթե տուգանքը սկսում է 50 հազար դրամից, հետևաբար հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը և կենսապահովման նվազագույն զամբյուղը, ապա օրինակ 50 հազար և ավելի տուգանքները լիովին համապատսխանում են քրեական մեղադրանք հասկացությանը և այդպիսի գործերով առանց լսումների դատական ակտ կայացնելը չի համապատսխանում սահմանադրության և ՄԻԵԿ 6-րդ հոդվածներով նախանշված երաշխիքներին։ 13. Ուստի հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք չընդունել սույն նախագիծը։ «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ-ի փորձագետ Գևորգ Մուղումյան

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.05.2020

Առաջարկում ենք նաև "Պետական տուրքերի մասին" ՀՀ օրենքից հանել այն դրույթը, ըստ որի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերով դատաքննության համար ՀՀ քաղաքացիները չեն ազատվում պետական տուրք վճարելուց և պետք է վճարեն օրենքով սահմանված տուրքը։ Շատ հաճախ այդ տուրքի գումարը ավելի բարձր է, քան իրավախախտման համար սահմանված տուգանքը։ Ավելին, հայցադիմումի պահանջը բավարարելու դեպքում ՀՀ քաղաքացիները ընկնելու են երկարաժամկետ բյուրոկրատական քաշքշուկների մեջ՝ իրենց վճարած տուրքը հետ ստանալու համար։ Այս փաստերը ապացուցող գործընթացի մեջ են եղել մեր կազմակերպության շահառուները։ Մովսես արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.05.2020

1. Դեմ ենք այս օրինագծին, քանի որ դրանով ոտնահարվում է ՀՀ քաղաքացիների ՀՀ ահմանադրությամբ երաշխավարոված արդարադատության իրավունքը։ Այս օրինագիծը ընդունելու դեպքում ՀՀ քաղաքացիները կզրկվեն ապացույցներ ներկայացնելու և դրանց արդար քննարկում իրականացնելու իրավունքից։ Դա են վկայում ՀՀ ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի անհիմն վարչական վարույթները, ինչի պատճառով էլ ՀՀ քաղաքացիները ստիպված են լինում դիմել վարչական դատարան։ 2․ Փոխանակ այս օրինագիծը դրվեր շրջանառության մեջ պետք է համապատասխան փոփոխություններ կատրվեին ՎԻՎՕ-ում և խստացնել պահանջը վարչական մարմինների նկատմամբ։ 3․ Խիստ տարակուսելի է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դնում օրինագիծ, որի մեջ նշվում է այնպիսի բառակապակցություն, ինչը ՀՀ օրենսդրության որևէ մեկ ակտում ամրագրված չէ, այն է՝ "այսպես կոչված՝ կարմիր գծերի" հետ կապված խախտումները: Աբսուրդ։ Այդ այսպես կոչված՝ "կարմիր գծերը" իրականում վճարովի ավտակայանտեղիներն են և ըստ էության ապօրինի են և հակասում են ՀՀ Սահմանադրության 2 հոդվածների, ՀՀ օրենսդրության 13 իրավական ակտերի պահանջներին։ 4․ Պահանջում ենք օրինագիծը հանել շրջանառությունից և իրականացնել բարձրացված հարցի հանրային լսումներ ՀՀ ազգային ժողովում։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

See more