Add to favourites

The draft has been accepted

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը և հանրային քննարկման ամփոփաթերթը:

  • Discussed

    14.02.2019 - 01.03.2019

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8863

Print

Suggestions

Սամվել Ջաբաղյան

23.02.2019

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը: Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին»: Սույն կարգավորումը պարունակում է անհստակություն կապված այն հանգամանքի հետ, թե դատական ակտի կատարումը տարաժամկետելու դիմում ներկայացնում է պարտապանը թե պարտատերը: Մինչդեռ, ակնհայտ է, որ Հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը պետք է վերաբերի այն դեպքերին, երբ դատական ակտի տարաժամկետման դիմում ներկայացրել է ոչ թե պահանջատերը, այլ պարտապանը: Նշված նորմով սահմանված նախապայմանների ապահովումը պետք է նպատակ ունենա ապահովել պահանջատիրոջ՝ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Պահանջատիրոջ կողմից դատական ակտի տարաժամկետման դիմում ներկայացվելու դեպքում պարտապանի կողմից պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելուն պատրաստ լինելու, և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտության վերաբերյալ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պահանջատերը՝ որպես սեփականատեր իրականացնում է իր տնօրինչական իրավունքները և վերջինս է կրում այդ իրավունքի իրացման կամ չիրացման բացասական հետևանքները: Պահանջի իրավունքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես «օրինական սպասելիք», և ըստ այդմ՝ գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել, ուստի Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով տրվել է կատարողական թերթ, դիտվում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով որպես «օրինական սպասելիք», և ըստ այդմ՝ գույքային իրավունք (տե՛ս, Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium գործով ՄԻԵԴ 20.11.1995 թվականի վճիռը): ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ «Քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են` 1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները...»: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: 2. Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք»: Հոդվածի նման անորոշ խմբագրությունը հանգեցնում է դատարանների կողմից իրարամերժ մեկնաբանությունների: Որոշ դեպքերում դատարանները համարում են, որ, նույնիսկ այն դեպքերում, երբ դատական ակտի կատարումը տարաժամկետելու դիմումը ներկայացվել է պարտատիրոջ կողմից, անհրաժեշտ է, որ պարտապանը պահանջատիրոջը պատրաստ լինի տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ լինի, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին: Եվ հենց այս հիմքով դատարանները մերժում են դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմումը: Հոդվածի նման մեկնաբանությունը հակասում է հոդվածի էությանը, քանի որ որոշ դեպքերում եթե պարտապանը ունենար նման ապահովում տրամադրելու հնարավորություն, ապա կամովին կկատարեր դատական ակտը, մինչդեռ պարտատերը չի առարկում, որ դատական ակտը կատարվի տարաժամկետ եղանակով: Այսպիսով, հակասական մեկնաբանություններից խուսափելու նպատակով առաջարկում եմ Հոդվածում հստակ ամրագրել, որ նշված նախապայմանները պարտադիր են միայն այն դեպքում, երբ դատական ակտը տարաժամկետելու դիմում է ներկայացնում Պարտապանը: Հետևաբար, առաջարկում եմ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ կերպ՝ «Պարտապանի կողմից դիմում ներկայացվելու դեպքում դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին»:

See more