Add to favourites

The draft has been accepted

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 1998 թվականի մայիսի     5-ին, որից հետո Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Արդյունքում Օրենքը պարունակում է մի շարք թերություններ և հակասություններ, ինչպես նաև չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային, մասնավորապես՝

 Օրենքում առկա են անհստակություններ և թերի կարգավորումներ կապված կատարողական թերթ տալու իրավասություն ունեցող դատարանների, կատարողական թերթ տալու ժամկետների, կատարողական թերթ տալու դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաև  դրանց բողոքարկման հետ: Այսպես՝

  • Օրենքի որոշ կարգավորումներից բխում է, որ եթե վերաքննիչ դատարանը կայացնի, օրինակ, դատական սանկցիա կիրառելու մասին դատական ակտ, ապա կատարողական թերթը պետք է տա առաջին ատյանի դատարանը, այն դեպքում, երբ ակտը կայացրել է վերաքննիչ դատարանը,
  • Օրենքում բացակայում է կատարողական թերթ տալու դիմումը մերժելու և առանց քննության թողնելու կառուցակարգեր,
  • Օրենքով սահմանված կարգավորումները հանգեցնում են այնպիսի իրավիճակներ, երբ դատարանի կողմից տրվում և կատարման է ուղարկվում կատարողական թերթ, այն պարագայում, երբ համապատասխան դատական ակտն արդեն բողոքարկված է լինում,
  • 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխում է, որ արբիտրաժի վճիռների, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, օտարերկրյա դատարանների և արբիտաժի վճիռների հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու նպատակով անձի դիմումի համաձայն դատարանը կայացնում է որոշում, մինչդեռ Օրենքի 18-րդ հոդվածի վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ դատարանի որոշումը բավարար չէ կատարողական թերթ տալու համար և դատարանի որոշման առկայության պայմաններում անհրաժեշտ է կրկին դիմում ներկայացնել:
  • Օրենքով կատարողական թերթ տալը կամ կատարողական թերթ տալու դիմումը մերժելը բողոքարկելու իրավական հնարավորություն նախատեսված չէ, ինչը հակասում է Սահմանադրական դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 13-ի ՍԴՈ-1330 որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը, որի համաձայն՝ կատարողական թերթը կազմում է դատական ակտի օրգանական մասը, հետևաբար` այն ենթարկվում է գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրենքով նախատեսված բողոքարկման ընդհանուր կանոնին:2. Օրենքում բացակայում են կատարողական թերթով նախատեսված պարտավորությունը կամովին կատարելու և անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը խրախուսելու մեխանիզմները:
  • Օրենքը հարկադիր կատարողի կողմից ընդունված որոշումների և ծանուցումների ուղարկման և հանձնման հետ կապված հարաբերությունների կարգավորման համար հղում է կատարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, որում առկա նոր մոտեցումները անհրաժեշտ է ներդնել կատարողական վարույթում:
  • Օրենքը ներկայումս չի նախատեսում կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու համար պարտապանին կամ այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու հնարավորություն:
  • Օրենքը չի ապահովում պարտատիրոջ պահանջների բավարարման լիարժեք մեխանիզմ: Այսպես՝
  • գործնականում դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացում առաջանում են իրավիճակներ, երբ կատարողական վարույթի ընթացքում պարտապանը միջոցներ չի ձեռնարկում իրեն փաստացի պատկանող (օրինակ՝ ժառանգության իրավունքի վկայագրի, դատական ակտի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա) և իր անունով գրանցման ենթակա գույքային իրավունքը գրանցելու ուղղությամբ՝ վճռով իր վրա դրված պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով,
  • Օրենքը չի սահմանում գույք կամ գույքային իրավունք ձեռք բերելու դեպքում նոր հայտարարագիր ներկայացնելու պարտականություն:
  • Օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածների կարգավորումից բխում է, որ պարտապանի բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է ավարտել կատարողական վարույթը, մինչդեռ գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ պարտապանի ներկայության անհրաժեշությունն ընդհանրապես բացակայում է կատարողական գործողություններ իրականացնելու համար (օրինակ՝ պարտապանի բանկային հաշվին առկա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելիս), սակայն, փաստորեն, նրա բացակայության պայմաններում հարկադիր կատարողը կարող է ավարտել կատարողական վարույթը:
  • Օրենքըպարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել մուտք գործելու հնարավորություն նախատեսելու պարագայում չի կարգավորում պարտապանի բացակայության, համաձայնություն չտալու կամ այլ կերպ հարկադիր կատարողի՝ բնակարան մուտք գործելը խոչընդոտելու դեպքում ձեռնարկվող միջոցների հարցը:
  • Գրավով ապահովված պարտավորության կատարման ընթացքում գրավի առարկայի անբավարարության կամ գրավի առարկան չհայտնաբերելու դեպքում հարկադիր կատարողը չի կարող բռնագանձում տարածել պարտապանի այլ գույքի վրա, քանի որ կատարողական թերթում դրա մասին նշված չի լինում:
  • Օրենքը նախատեսում է միայն հարկադիր աճուրդով օտարված բնակարանի, բնակելի տան և այլ շինության նոր սեփականատիրոջ պահանջով բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, վտարելու հնարավորություն:
  • Օրենքով սահմանված կարգավորումների համաձայն՝ դատարանը կատարողական թերթը հարկադիր կատարողին ուղարկում է էլեկտրոնային եղանակով, սակայն հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումները դատարանին էլեկտրոնային եղանակով տրամադրելու մասին դրույթներ նախատեսված չեն:
  • Օրենքի 44.1-ին հոդվածում ներառված չեն գույքն արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու դեպքում նախկինում դրված արգելանքը հանելու կառուցակարգեր:
  • Օրենքում առկա են նաև վերոնշյալ և այլ կարգավորումներ հետ փոխկապակցված մի շարք խնդիրներ ևս:

          Վերոշարադրյալը վկայում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)՝

  • կարգավորվել են կատարողական թերթ տալու կարգի, կատարողական թերթ տալու ժամկետների, կատարողական թերթ տալու դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաև  դրանց բողոքարկման հետ կապված հարցերը.
  • նախատեսվել է դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու հնարավորություն.
  • նախատեսվել է կատարողական թերթը դատական ակտի կատարված մասով մերժելու և չմերժված մասով տրամադրելու հնարավորություն.
  • հստակեցվել են հարկադիր կատարման փուլում որոշումների ուղարկման և ծանուցման ընթացակարգերը.
  • նախատեսվել է գրավի առարկան հայտնաբերելու անհնարինության դեպքում պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորություն միայն կատարողական թերթում այդ մասին նշված լինելու դեպքում.
  • սահմանվել է պարտապան-ֆիզիկական անձի դեպքում մինչև 100 000 դրամ բռնագանձման ենթակա գումարի պահանջով հարուցված կատարողական վարույթով գույքագրում չիրականացնելու մասին դրույթ, բացառությամբ այն դեպքերի, երբ Օրենքով սահմանված հարցումների արդյունքում պարտապանին պատկանող գույք չի հայտնաբերվել կամ հայտնաբերված գույքը բավարար չէ պարտավորությունների կատարման համար.
  • ներդրվել են պարտատիրոջ պահանջների բավարարումն ապահովող մեխանիզմներ՝ 100 000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա գումարով կատարողական վարույթ հարուցելու դեպքում հայտարարագիր, ինչպես նաև գույք կամ գույքային իրավունք ձեռք բերելու դեպքում նոր հայտարարագիր ներկայացնելու պարտականություն է սահմանվել.
  • նախատեսվել է, որ պարտապան-իրավաբանական անձի կամ նրա լիազորված անձի հետախուզումը ևս հայտարարվում է միայն այն դեպքում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական վարույթի իրականացումը.
  • ամրագրվել է հարկադիր կատարողի կողմից պարտապանին պատկանող շինություն ընթերակաների պարտադիր մասնակցությամբ մուտք գործելու պարտականություն.
  • սահմանվել է, որ վտարումն իրականացվում է նաև այն դեպքում, երբ երկրորդ կամ հետագա աճուրդները չկայանալու արդյունքում գույքը հանձնվել է պարտատիրոջը.
  • ամրագրվել են միջանկյալ դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթերով հարուցված վարույթներով հարկադիր կատարողի որոշումները էլեկտրոնային եղանակով դատարանին ներկայացնելու վերաբերյալ կարգավորումներ.
  • սահմանվել է կիրառված արգելանքը հայցագնի չափը գերազանցելու, ինչպես նաև պարտավորությունը մասնակի կատարելու դեպքերում արգելանքը հանելու հնարավորություն.
  • «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով լրացվել են կատարողական մակագրության թերթ տալու պայմանները.
  • «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվել են հարկադիր էլեկտրոնային աճուրդի և տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գնի հետ կապված խնդիրները,
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է վարչական ակտով սահմանված դրամական միջոցների հարկադիր կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն.
  • «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է կատարողական թերթի պատճենը տրամադրելու համար պետական տուրքի չափը.
  • «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով սահմանվել են, մասնավորապես, կատարողական թերթում պարտապանի հայրանվան առկայությունն ապահովելուն ուղղված կարգավորումներ:

 

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարողական վարույթի արդյունավետության բարձրացում, այդ թվում՝ կատարողական թերթ տալու կարգի և ժամկետների հստակեցում, պարտապանին պատկանող գույ­­քի հայտնաբերման, պարտապանին պատ­կա­նող գույքի հայտարարա­գրման, չգրանցված իրավունք­նե­րի գրանցման և դատական ակ­տերի կամավոր կատար­ման խթանման գործիքակազ­մի ներդնում:

  • Discussed

    14.02.2019 - 01.03.2019

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8861

Print

Suggestions

Սամվել Ջաբաղյան

23.02.2019

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը: Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին»: Սույն կարգավորումը պարունակում է անհստակություն կապված այն հանգամանքի հետ, թե դատական ակտի կատարումը տարաժամկետելու դիմում ներկայացնում է պարտապանը թե պարտատերը: Մինչդեռ, ակնհայտ է, որ Հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը պետք է վերաբերի այն դեպքերին, երբ դատական ակտի տարաժամկետման դիմում ներկայացրել է ոչ թե պահանջատերը, այլ պարտապանը: Նշված նորմով սահմանված նախապայմանների ապահովումը պետք է նպատակ ունենա ապահովել պահանջատիրոջ՝ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Պահանջատիրոջ կողմից դատական ակտի տարաժամկետման դիմում ներկայացվելու դեպքում պարտապանի կողմից պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելուն պատրաստ լինելու, և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտության վերաբերյալ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պահանջատերը՝ որպես սեփականատեր իրականացնում է իր տնօրինչական իրավունքները և վերջինս է կրում այդ իրավունքի իրացման կամ չիրացման բացասական հետևանքները: Պահանջի իրավունքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես «օրինական սպասելիք», և ըստ այդմ՝ գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել, ուստի Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով տրվել է կատարողական թերթ, դիտվում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով որպես «օրինական սպասելիք», և ըստ այդմ՝ գույքային իրավունք (տե՛ս, Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium գործով ՄԻԵԴ 20.11.1995 թվականի վճիռը): ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ «Քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են` 1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները...»: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: 2. Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք»: Հոդվածի նման անորոշ խմբագրությունը հանգեցնում է դատարանների կողմից իրարամերժ մեկնաբանությունների: Որոշ դեպքերում դատարանները համարում են, որ, նույնիսկ այն դեպքերում, երբ դատական ակտի կատարումը տարաժամկետելու դիմումը ներկայացվել է պարտատիրոջ կողմից, անհրաժեշտ է, որ պարտապանը պահանջատիրոջը պատրաստ լինի տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ լինի, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին: Եվ հենց այս հիմքով դատարանները մերժում են դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմումը: Հոդվածի նման մեկնաբանությունը հակասում է հոդվածի էությանը, քանի որ որոշ դեպքերում եթե պարտապանը ունենար նման ապահովում տրամադրելու հնարավորություն, ապա կամովին կկատարեր դատական ակտը, մինչդեռ պարտատերը չի առարկում, որ դատական ակտը կատարվի տարաժամկետ եղանակով: Այսպիսով, հակասական մեկնաբանություններից խուսափելու նպատակով առաջարկում եմ Հոդվածում հստակ ամրագրել, որ նշված նախապայմանները պարտադիր են միայն այն դեպքում, երբ դատական ակտը տարաժամկետելու դիմում է ներկայացնում Պարտապանը: Հետևաբար, առաջարկում եմ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ կերպ՝ «Պարտապանի կողմից դիմում ներկայացվելու դեպքում դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին»:

See more