«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
1․1․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ահսուհետ՝ Եվրոպական դատարան) մշտապես արձանագրել է, որ բժշկական հաստատությունում տեղավորվող անձին դատական քննությանը մասնակից դարձնելը, ինչպես նաև նրան իրավաբանական օգնություն տրամադրելը, հիմնարար երաշխիքներ են կամայականության դեմ[1]։ Երաշխիքների կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մասնագիտացված բժշկական հաստատությունում տեղավորելու արդյունքում անձի կամքին հակառակ միջամտություն է տեղի ունենում նրա անձնական կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ[2]։ Հոգեկան հիվանդություն ունեցող անձը դատավարությունում ունի երկբնույթ դեր, մասնավորապես` նա և՛ շահագրգիռ անձ է, և՛ դատաքննության օբյեկտ։ Հետևաբար նրա մասնակցությունն անհրաժեշտ է ոչ միայն գործն անձամբ ներկայացնելու, այլ նաև դատավորին հնարավորություն տալու համար իր անձնական կարծիքը ձևավորել գործի և այդ անձի հոգեկան վիճակի վերաբերյալ[3]։ Դատավորի համար կարևոր է առնվազն հոգեկան հիվանդություն ունեցող անձի հետ կարճ հանդիպում ունենալը և նախընտրելի է նրան հարցեր ուղղելը։ Եվրոպական դատարանը գտնում է, որ դատավորի կողմից գործի լուծումը միայն փաստաթղթավորված ապացույցների հիման վրա, առանց տեսնելու կամ լսելու անձին, հանդիսանում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված մրցակցության սկզբունքի խախտում[4]։
ՀՀ վճռաբեկ դատարանը 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԳԴ1/0058/01/16 որոշմամբ նույն հարցերի շուրջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․
«(…) [Ա]նմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձինք ելնելով իրենց հոգեկան հիվանդության բնույթից և աստիճանից` օգտվում են այն նույն իրավունքներից և երաշխիքներից, որոնք նախատեսված են մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց համար։ Նշված պահանջն օրենսդրի կողմից նախատեսվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածում` հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքների նկատմամբ տարբերակված մոտեցումը բացառելու նպատակով։ Ավելին, նույն հոդվածում օրենսդիրը բացահայտելով նշված կարգավորման էությունը նախատեսել է նաև անմեղսունակ անձանց իրավունքների ոչ սպառիչ ցանկը։
Հետևաբար ինչպես մեղադրյալի իրավունքներից օգտվելու անմեղսունակ անձանց համար նախատեսված իրավական երաշխիքը, այնպես էլ անմեղսունակ անձանց իրավունքների ոչ սպառիչ ցանկում ներառված` դատական քննությանը մասնակցելու իրավունքը հիմք են արձանագրելու, որ անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձինք իրավունք ունեն մասնակցելու իրենց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին։ Այդ իրավունքն անմեղսունակ անձանց արդար դատաքննության իրավունքի ապահովման հիմնական նախապայմանն է, որի միջոցով կենսագործվում են դատարանի առջև կանգնելու և լսված լինելու իրավունքները։ Ավելին, այն երաշխիք է մրցակցության և «զենքերի հավասարության» սկզբունքների արդյունավետ կենսագործման համար։
Սակայն անմեղսունակ անձանց բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին մասնակցելու իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել այն բացառիկ դեպքերում, երբ անմեղսունակ անձի հոգեկան հիվանդությունն արգելք է հանդիսանում նրան դատարան ներկայացնելու և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին նրա մասնակցությունն ապահովելու համար։ Այլ կերպ, անմեղսունակ անձանց բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին մասնակցելու իրավունքի իրացման հնարավորությունը սահմանափակված է նրանց հոգեկան հիվանդության բնույթով և աստիճանով։
(...)
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան հիվանդությամբ տառապող անձինք որպես կանոն պետք է մասնակից դարձվեն իրենց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ միայն մինչդատական վարույթի ընթացքում հավաքված, այլ նաև դատական քննության ընթացքում ձեռքբերված փաստական տվյալների համակցությունը համոզիչ կերպով կվկայի այն մասին, որ անձի հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրան դատարան ներկայացնել։ Ընդ որում, այդ դեպքերում դատարանները պետք է քննարկեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բժշկական հաստատությունում արտագնա դատական նիստ անցկացնելու հնարավորության հարցը։
(...)»[5]։
Եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերը մեջբերված իրավական դիրքորոշումներից բխում է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց դատավարական իրավունքների պատշաճ ապահովման նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ նշված անձանց կողմից բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթին, հատկապես՝ անվտանգության միջոցների կիրառման և դրանց ժամկետների երկարաձգման վերաբերյալ դատական նիստերին անմիջապես մասնակցելու համար։ Այլ կերպ՝ որպես կանոն, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի վերաբերյալ գործը քննող դատավորը անձի հոգեկան վիճակին ծանոթանալու և այդ մասին սեփական կարծիք ձևավորելու համար պետք է վերջինիս հետ անմիջապես տեսակցելու և նրան հարցեր ուղղելու իրավական հնարավորություն ունենա և համապատասխան միջոցներ ձեռնարկի։ Նշվածը պետք է կարևորել հատկապես այն համատեքստում, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց վիճակը պարբերաբար փոփոխվում է, և այդ մասին վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ նախկինում եղած տվյալները կարող են կորցնել իրենց արդիականությունը։ Հետևաբար՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթի ընթացքում, հատկապես՝ անձի նկատմամբ անվտանգության միջոցների կիրառման, երկարաձգման կամ փոփոխության հարցի քննարկման ժամանակ պետք է ձեռնարկվեն միջոցներ՝ հենց այդ պահին անձի առողջական վիճակին անմիջապես ծանոթանալու համար։
Վերը շարադրվածի համատեքստում պետք է արձանագրել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում տեղ են գտել տվյալներ այն մասին, որ անվտանգության միջոցների կիրառման վերաբերյալ դատական ակտերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք հաճախ չեն մասնակցում դատական նիստերին։ Արձանագրվել է նաև դեպք, երբ դատական նիստի ընթացքում դատարանը քննարկել է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ բժշկական հսկողության ժամկետը երկարաձգելու հարցը, սակայն նիստին վերջինիս մասնակցությունը չի ապահովվել: Նշվածի կապակցությամբ դատարանը հիմք է ընդունել հոգեբուժական կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, որի համաձայն հոգեկան առողջության խնդրով պայմանավորված անձի վարքագիծը անկանխատեսելի է, ուստի վերջինիս ներկայությունը դատական նիստին նպատակահարմար չէ։ Փաստացի դատարանը հնարավորություն չի ունեցել անձամբ դիտարկել և սեփական կարծիք ու համոզմունք ձևավորել անձանց նկատմամբ անվտանգության միջոցի շարունակական կիրառման անհրաժեշտության և այդ պահին վերջիններիս հոգեկան վիճակի վերաբերյալ։[6]
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պետք է արձանագրել, որ առկա է օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությունը իր վերաբերյալ վարույթին ապահովելու, գործը քննող դատավորի կողմից նրա հետ անմիջապես հաղորդվելու և հարցեր ուղղելու նպատակով այն դեպքերում, երբ առկա են տվյալներ անձին դատարան ներկայացնելու անհնարինության մասին։ Մասնավորապես՝ քննարկվող հարցը կարող է լուծվել համապատասխան հոգեբուժական կազմակերպություններում արտագնա նիստ անցկացնելու իրավական հնարավորության նախատեսմամբ։
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Արտագնա դատական նիստ կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է անցկացնել միայն առաջին ատյանի դատարանը` հետևյալ դեպքերում`
1) բոլոր մեղադրյալները զինծառայող են.
2) բոլոր մեղադրյալներն ազատությունից զրկելու հետ կապված պատիժ են կրում:»։
Փաստացի, Օրենսգրքով նախատեսվել է արտագնա նիստ անցկացնելու դեպքերի սպառիչ ցանկ, որում բացակայում է այդ դեպքը, երբ անձի հոգեկան առողջության վիճակով պայմանավորված անհնար է նրա՝ դատական նիստին մասնակցության ապահովումը։
Վերոգրյալի հիման վրա առաջարկվում է կատարել համապատասխան լրացում Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում՝ ավելացնելով արտագնա նիստ անցկացնելու քննարկվող հիմքը, և փոփոխել նույն հոդվածի 2-րդ մասը՝ նշում կատարելով այդ հիմքով արտագնա նիստը հոգեբուժական կազմակերպությունում անցկացնելու մասին։
Սույն համատեքստում ավելորդ չի լինի նշել, որ 1998 թվականի հուլիսի 01-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով արտագնա նիստերի անցկացման հիմքերի սպառիչ ցանկ նախատեսված չէր, այլ գործում էր կարգավորում, համաձայն որի՝ գործը քննող դատավորի որոշմամբ կարող էր անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում էր արդարադատության արդյունավետության շահերից (տե՛ս 1998 թվականի հուլիսի 01-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը)։ Այլ կերպ՝ դատարաններին վերապահված էր լայն հայեցողական լիազորություն կոնկրետ դեպքով որոշելու արտագնա նիստ անցկացնելու նպատակահարմարության հարցը, որպիսի պայմաններում հնարավոր էր նաև անհրաժեշտության դեպքում հոգեբուժական կազմակերպություններում արտագնա նիստեր անցկացնել։
Քննարկվող հարցի համատեքստում հարկ է նշել նաև, որ 2018 թվականի փետրվարի 09-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով արդեն իսկ նախատեսված է համանման իրավական կարգավորում՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ քործերի վարույթների շրջանակներում։ Մասնավորապես՝ նույն օրենսգրքի 269-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվել է նշված վարույթների շրջանակներում դիմումը քննելու համար արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշում կայացնելու դատարանի լիազորություն։
1․2․ Օրենսգրքի 51-րդ գլխով նախատեսված՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթի առանձնահատկությունները սահմանող նորմերը նպատակ ունեն ապահովելու վարույթի բնականոն ընթացքը՝ անհրաժեշտության դեպքում անձի նկատմամբ անվտանգության միջոցների կիրառման և հասարակությունից մեկուսացման միջոցով, ինչպես նաև ապահովելու ենթադրյալ հանցանքը անմեղսունակության վիճակում կատարած անձի կամ ենթադրյալ հանցանքը մեղսունակության վիճակում կատարած, սակայն պատժի նշանակումը կամ կատարումն անհնար դարձնող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները և օրինական շահերը՝ հաշվի առնելով նրանց՝ հոգեկան առողջության վիճակի հետ կապված հատուկ պահանջները։ Նշվածից բխում է, որ բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքերի ի հայտ գալու դեպքում քրեական վարույթը ժամանակին բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելը առանցքային նշանակություն ունի թե՛ վարույթի պատշաճ իրականացման և դրա բնականոն ընթացքի ապահովման տեսանկյունից, թե՛ համապատասխան անձի իրավունքների և օրինական շահերի ապահովման տեսանկյունից, թե՛ հասարակության անվտանգության ապահովման տեսանկյունից։
Վերը շարադրվածի հետ մեկտեղ պետք է արձանագրել, որ թեև Օրենսգրքով սահմանվել է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու կարգ, սակայն դրանով չի նաախատեսվել այն ժամկետը, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը պետք է փոխակերպման մասին համապատասխան որոշում կայացնի՝ բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքերի ի հայտ գալու դեպքում։
Մասնավորապես՝ Օրենսգրքի՝ քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու կարգը սահմանող 422-րդ հոդվածի համաձայն՝
«1. Եթե նախաքննության ընթացքում ի հայտ են գալիս բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքեր, ապա քննիչը կայացնում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում, որի պատճենն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին:
2. Եթե ընդհանուր կարգով իրականացվող դատաքննության ընթացում ի հայտ են գալիս բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքեր, ապա դատարանը կողմերի կարծիքը լսելուց հետո սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կայացնում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում:
(...)»։
Նման պայմաններում գործնականում կարող են առաջանալ իրավիճակներ, երբ վարույթն իրականցնող մարմնին հայտնի են դառնում բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքերի մասին տվյալներ, սակայն վերջինս ձեռնամուխ չի լինում սեղմ ժամկետներում բժշկական հարկադրանքի վարույթ սկսելուն և անհրաժեշտության դեպքում անվտանգության միջոցներ կիրառելու հարցի քննարկումն սկսելուն, մինչդեռ անձի ընթացիկ հոգեկան վիճակի առանձնահատկությունները կարող են պահանջել դրանց անհապաղ կիրառումը։ Նման հապաղումը կարող է էական խնդիրներ առաջացնել հատկապես այն դեպքերում, երբ համապատասխան փորձաքննության արդյունքներով պարզ է դառնում, որ անձն ընթացիկ փուլում վտանգ է ներկայացնում իր և հասարակության համար և անհրաժեշտ է բժշկական հսկողություն անվտանգության միջոցի կիրառմամբ նրան մեկուսացնել հասարակությունից։
Վերոգրյալի համատեքստում հատուկ ուշադրության են արժանի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում տեղ գտած այն տվյալները, համաձայն որոնց՝ վերը նկարագրված դեպքերում փորձաքննվողը, հոգեկան առողջության խնդրով պայմանավորված անվտանգության նկատառումներից ելնելով, գործնականում փորձաքննության ավարտից հետո 7-8 օր հավելյալ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում՝ մինչև վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթը բժշկական բնույթի հարկադրանքի վարույթի փոխակերպելու և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ անվտանգության միջոց կիրառելու հարցը քննարկելը և որոշում կայացնելը[7]:
Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ պետք է արձանագրել, որ Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 422-րդ հոդվածով՝ համապատասխան հիմքերի ի հայտ գալուց հետո վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթը սեղմ ժամկետներում բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու պահանջ նախատեսելու անհրաժեշտություն է առկա։
Վերոգրյալի հիման վրա առաջարկվում է կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ Օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում՝ դրանք շարադրելով հետևյալ խմբագրությամբ․
«1. Եթե նախաքննության ընթացքում ի հայտ են գալիս բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքեր, ապա քննիչը անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այդ հիմքերն ի հայտ գալուց հետո 24 ժամվա ընթացքում, կայացնում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում, որի պատճենն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին:
2. Եթե ընդհանուր կարգով իրականացվող դատաքննության ընթացքում ի հայտ են գալիս բժշկական հարկադրանքի վարույթի կիրառման հիմքեր, ապա դատարանը միջոցներ է ձեռնարկում հնարավորինս սեղմ ժամկետում կողմերի կարծիքը լսելու համար, որից հետո սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կայացնում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում։»:
2․ Ակնկալվող արդյունքը.
Ներկայացված Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի հոգեբուժական կազմակերպություններում իրականացնել արտագնա դատական նիստեր՝ այդկերպ ապահովելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պատշաճ մասնակցությունը իրենց վերաբերյալ իրականացվող վարույթներին այն դեպքերում, երբ հոգեկան առողջության վիճակով պայմանավորված անհնար է նրանց՝ դատական նիստին մասնակցության ապահովումը։ Բացի այդ, կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելը և անվտանգության միջոցի կիրառման հարցը քննարկելը դատավարական սեղմ ժամկետներում իրականացնելու համար։
3. Նախագծի մշակաման գորընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
4․ Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
5. Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման կամ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերում փոփոխության անհրաժեշտություն չի առաջանա:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:
[1] Տե՛ս Եվրոպական դատարանի` Beiere v. Latvia գործով 2011 թվականի նոյեմբերի 21-ի վճիռը, գանգատ թիվ 30954/05, կետ 52, Zagidulina v. Russia գործով 2013 թվականի մայիսի 2-ի վճիռը, գանգատ թիվ 1173/06, կետեր 60-62:
[2] Տե՛ս Եվրոպական դատարանի` Trutko v. Russia գործով 2016 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 40979/04, կետ 39:
[3] Տե՛ս, mutatis mutandis, Եվրոպական դատարանի` Kovalev v. Russia գործով 2007 թվականի մայիսի 10-ի վճիռը, գանգատ թիվ 78145/01, կետեր 35-37:
[4] Տե՛ս Եվրոպական դատարանի` Shtukaturov v. Russia գործով 2008 թվականի մարտի 24-ի վճիռը, գանգատ թիվ 4409/05, կետեր 72-73:
[5] Տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի` Տիգրան Գասպարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԳԴ1/0058/01/16 որոշումը, կետեր 15-15․1:
[6] Տե՛ս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը, էջեր 32-33:
[7] Տե՛ս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը, էջ 42:
-
Продолжительность
19.01.2026 04.02.2026 -
Тип
Кодекс
-
Область
Юстиция, Уголовный процесс
-
Министерство
Министерство юстиции
-
Test
Просмотры 344
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .