Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գյուղատնտեսական նշանակության հողերը  որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1.   Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալների բազա ստեղծելու, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներառելու, արդյունավետ քաղաքականություն վարելու հանգամանքով:

2.  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հանրապետության բոլոր մարզերում առկա են չմշակվող գյուղատնտեսական հողեր, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման հիմնախնդիրներ, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատվում է արտադրողականության ցածր մակարդակ: Ըստ ՀՀ 2024 թվականի հողային հաշվեկշռի և ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 440 հազար հեկտար վարելահողերից նպատակային չի օգտագործվել շուրջ 232602 հազար հեկտարը կամ 52.79 %-ը:

Գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման պատճառները բազմազան են՝ սեփականատերերի երկրից բացակայություն, ցածր եկամտաբերություն, շրջանառու միջոցների անբավարարություն, ոռոգման ջրի անհասանելիություն կամ անբավարար մատակարարում, գյու­ղատնտեսական արտադրանքի իրացման դժվարություն, այլ աշխատանքով զբաղվածություն, աշխատուժի բացակայություն, հողի ցածր բերրիություն և այլն:

Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով՝ գյուղատնտեսական նշանակության հողամասը երեք տարվա ընթացքում չօգտագործելու հիմքով (հողամասի յուրացման, մելիորատիվ շինարարության, տարերային աղետներից հետո վերականգնման և նման օգտագործումը բացառող այլ հանգամանքների վերացման համար անհրաժեշտ ժամկետի հաշվանցով), սակայն ներկայումս գործող ոչ մի իրավական ակտով սահմանված չեն գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը:

Միաժամանակ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մասին օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը համայնքները պարտադիր լիազորությունների շրջանակում պետք է վերահսկողություն իրականացնեն հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ, սակայն համապատասխան չափանիշները սահմանված չեն, ուստի այս տեսակետից ևս նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորված է:

Չօգտագործման չափանիշը մշակվել է գյուղատնտեսական նշանակության հողերից վարելահողերի համար, հետագայում այն կարող է կիրառվել նաև մյուս հողատեսքերի համար:

3.  Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ ընդունված Կառավարության ծրագրում, մասնավորապես 2.4 կետում «Գյուղատնտեսություն» բաժնում նշված է՝ «Խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու և հողերի խոշորացման գործընթացը»։

Հարկ է նշել, որ ընթացող գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի (ինտենսիվ այգիներ հիմնելու, կարկտապաշտպան ցանցեր, ոռոգման արդիական համակարգեր տեղադրելու համար գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին տրամադրվող նպատակային վարկերի սուբսիդավորում, գյուղտեխնիկայի լիզինգ և այլն) իրականացումը նպաստում է գյուղատնտեսական հողերի մշակման արդյունավետության բարձրացմանը, սակայն առկա են մեծ տարածքներով հողատարածություններ, մասնավորապես վարելահողեր, որոնք չեն օգտագործվում սեփականատերերի կողմից ու չեն տրամադրվում այլ հողօգտագործողներին մշակության համար:

4.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026թթ ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ 

ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1886-Լ որոշման Հավելված N 1-ի 13-րդ կետով սահմանված գյուղատնտեսության ոլորտի գերակայություններից է հողային բարեփոխումները՝ միտված չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկմանը, հողօգտագործման արդյունավետության բարձրացմանը և հողերի շուկայի զարգացմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 1363-Ա որոշման 2.4 կետով  նպատակ է դրվել խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը:

5.  Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես վարելահողերի չօգտագործվող տարածքների բացահայտումն է՝ համայնքների կողմից իրականացվող դիտարկումների հիման վրա: Ընդ որում նախագծով սահմանվում է, որ համայնքը դիտարկման արդյունքները պետք է արտացոլի ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում, որը կընդգրկի հետևյալ տեղեկատվությունը. հողօգտագործողի և սեփականատիրոջ տվյալները, հողամասի տվյալները՝ գտնվելու վայրը, կադաստրային ծածկագիրը, հողատեսքը, մակերեսը, հողամասի նկատմամբ գրանցված իրավունքների տեսակը, հողամասը որպես չօգտագործվող հող դասակարգելու չափանիշը, hողամասի չօգտագործման պատճառները, դիտարկման վերաբերյալ տվյալները (դիտարկման ժամկետը, նկարներ և այլ տվյալներ):

Նախագծով գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող դասակարգվում են յուրաքանչյուր տարվա համար, որը վերածվում է գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի շտեմարանի և կարող է հիմք հանդիսանալ այդ հողերը շրջանառության մեջ ներառելու համար։

6.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

7.  Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումն ու կիրառումը էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես վարելահողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար:

  • Обсуждалось

    23.12.2025 - 07.01.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 949

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: