Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________2025 թվականի    N ________ Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ  ՈՐՊԵՍ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԵՐ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մասին օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Սահմանել՝

1)   գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի,

2)  չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2 Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածով սահմանվում են գյուղատնտեսական նշանակության հողերից միայն վարելահողերը՝ որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները։

3. Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին (Երևանում` քաղաքապետին)՝ սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել համայնքների հասանելիությունը ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում:

       4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Հավելված 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

N ___ Ն որոշման

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՈՐՊԵՍ
ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԵՐ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ

 

1.      Սույն հավելվածով սահմանված կարգավորումները տարածվում են գյուղատնտեսա­կան նշանակության վարելահողերի վրա՝ անկախ սեփականության ձևից:

2.     Գյուղատնտեսական նշանակության վարելահողերը համարվում են չօգտագործվող, եթե տվյալ տարվա ընթացքում ամբողջությամբ զբաղեցված չեն գյուղատնտեսական մշակաբույսերով:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

N ___ Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ

 ՀՈՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

1.      Չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության վարելահողերի (այսուհետ՝ չօգտագործվող հողեր) հաշվառումն իրականացնում է համայնքը:

2.     Չօգտագործվող հողերի հաշվառման նպատակը Հայաստանի Հանրապետությունում չօգտագործվող հողերի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծումն է: Տվյալների բազան կարող է հիմք հանդիսանալ գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականության մշակման և իրականացման համար:

3.     Չօգտագործվող հողերի հաշվառման արդյունքներն արտացոլվում են ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում առկա՝ համայնքներին հասանելի էջում:

4.     Սույն կարգի դրույթների համաձայն համայնքների կողմից ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում ստեղծվում և վարվում են թեմատիկ շերտեր չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ:

5.     Յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ չօգտագործվող հողերի հաշվառումն ապահովելու նպատակով համայնքը (Երևանում` Երևան քաղաքը) իրականացնում է համայնքի (Երևանում` Երևան քաղաքի) վարչական սահմաններում առկա գյուղատնտեսական նշանակության վարելահողերի դիտարկում՝ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված չափանիշին համապատասխանող հողերի հայտնաբերման ուղղությամբ: Յուրաքանչյուր տարվա դիտարկման արդյունքները՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը, համայնքը (Երևանում` Երևան քաղաքը) արտացոլում է ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում:

6.     Դիտարկումն իրականացվում է համայնքի ղեկավարի (Երևանում` քաղաքապետի) կողմից ընդունված դիտարկումների ժամանակացույցին համապատասխան, որը հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքում, ինչպես նաև փակցվում է համապատասխան համայնքի աշխատակազմի և մարզպետարանի վարչական շենքում՝ յուրաքանչյուր անձի համար տեսանելի հատվածում:

7.     Յուրաքանչյուր տարվա դիտարկումների ժամանակացույցը հրապարակվում է մինչև տվյալ տարվա մարտի 20-ը:

8.     Դիտարկման ժամանակացույցի հրապարակումը համարվում է պատշաճ ծանուցում հողամասի սեփականատերերի համար: Հողամասի սեփականատերերը համարվում են պատշաճ ծանուցված դիտարկման ժամանակացույցի հրապարակումից հետո 5-րդ օրը:

9.     Դիտարկումը փաստացի կարող է սկսվել հողամասի սեփականատերերի (օգտագործողների) պատշաճ ծանուցումն ապահովելուց առնվազն 5 օր հետո:

10.   Դիտարկումն իրականացվում է հողամասը դրա գտնվելու վայրում փաստացի դիտելու, իսկ անհրաժեշտության դեպքում հողից նմուշառում կատարելու, հողամասը լուսանկարահանելու, տեսանկարահանելու, չափագրումներ իրականացնելու միջոցով:

11.    Դիտարկումն իրականացվում է հողամասի սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի մասնակցությամբ՝ բացառությամբ սույն կարգի 12-րդ մասով նախատեսված դեպքերի:

12.   Եթե հողամասի սեփականատերը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, հողամասի սեփականատերն անհայտ է կամ այլ պատճառով չի կարող մասնակցել դիտարկմանը և չունի ներկայացուցիչ կամ հրաժարվում է մասնակցել դիտարկմանը, ապա դիտարկումն իրականացվում է առանց սեփականատիրոջ մասնակցության:

13.   Դիտարկումը պետք է իրականացվի այնպես, որ չխոչընդոտի հողամասի բնականոն օգտագործմանը:

14.   Դիտարկման իրականացման արդյունքներով կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում են դիտարկում իրականացնող անձանց անունները և պաշտոնը, հողամասի սեփականատիրոջ (օգտագործողի) անունը (անվանումը), դիտարկմանը մասնակցած անձանց անունները, դիտարկման իրականացման ժամանակը և վայրը, դիտարկման արդյունքները:

15.   Դիտարկման արձանագրությունը ստորագրում են դիտարկում իրականացրած պաշտոնատար անձինք, հողամասի սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը, իսկ եթե հողամասի սեփականատերը կան նրա ներկայացուցիչը չի մասնակցել հողամասի դիտարկմանը, ապա դրա մասին նշում է կատարվում արձանագրության մեջ՝ նշելով նրանց բացակայության պատճառները, եթե դրանք հայտնի են դիտարկում իրականացնող անձանց:

16.   Դիտարկման արձանագրությանը կցվում են լուսանկարներ, տեսաժապավեններ և/կամ փաստաթղթեր:

17.   Դիտարկման արդյունքներն ամփոփելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում համայնքի ղեկավարն (Երևանում` Երևանի քաղաքապետն) որոշում է ընդունում գյուղատնտեսական նշանակության հողամասը որպես չօգտագործվող հաշվառելու վերաբերյալ, եթե առկա է համապատասխան չափանիշը:

18.    Որոշումը հողամասի սեփականատիրոջն է ուղարկվում նրա հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով՝ ընդունվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստային առաքման կամ առձեռն հանձնելու միջոցով, եթե որոշման հասցեատերը ծանուցման այլ ձևի վերաբերյալ գրավոր չի հայտնել: Եթե հողամասի սեփականատերը կամ նրա գտնվելու վայրն անհայտ է կամ որոշումը մեկ անգամ չի ստացվել որոշման հասցեատիրոջ հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով, ապա որոշումն ուղարկվում է նրա վերջին հայտնի բնակության (գտնվելու) վայրի հասցեով և հրապարակվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

19.   Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հողամասի սեփականատերը կարող է ներկայացնել ապացույցներ, որոնք հիմնավորում են որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածում հողամասն օգտագործելու փաստը, ինչպես նաև դիմել համայնքի ղեկավարին (Երևանում` Երևանի քաղաքապետին) այդ նպատակով դիտարկում իրականացնելու համար։ Սույն  կետում նշված դիտարկման վրա տարածվում են սույն հավելվածով սահմանված կարգավորումները՝ բացառությամբ հողամասի սեփականատիրոջը ծանուցելու վերաբերյալ դրույթների։

20.  Գյուղատնտեսության բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմինը ամփոփում է համայնքների կողմից հաշվառված չօգտագործված գյուղտանտեսական նշանակության հողերի վերաբերյալ տվյալները և ոչ ուշ քան մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը հրապարակում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

21.   Չօգտագործվող դասակարգված գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վերաբերյալ տեղեկատվությունը ազգային գեոպորտալի համայնքներին հասանելի էջում, տարածական տվյալների ստանդարտներին համապատասխան, արտացոլվում է որպես առանձին թեմատիկ քարտեզագրական շերտ, որը ունենալու է հետևյալ հատկանիշները.

1)   հողօգտագործողի և սեփականատիրոջ տվյալները,

2)  հողամասի տվյալները՝ գտնվելու վայրը, կադաստրային ծածկագիրը, հողատեսքը, մակերեսը,

3)  հողամասի նկատմամբ գրանցված իրավունքների տեսակը,

4)  հողամասը որպես չօգտագործվող հող դասակարգելու չափանիշը,

5)  hողամասի չօգտագործման պատճառները,

6)  դիտարկման վերաբերյալ տվյալները (դիտարկման ժամկետ, նկարներ և այլ տվյալներ):

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

 

  • Обсуждалось

    23.12.2025 - 07.01.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 949

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: