ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԴԻՊԼՈՄՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԴԻՊԼՈՄՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ընդունելության և ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները, գիտական աստիճանի շնորհման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) ընդունվում է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ ենթակետին և 13-րդ հոդվածի 5-րդ մասին, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գիտություն» բաժնի 30.4-րդ կետին համապատասխան:
Օրենքով ներդրվել է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, որի երրորդ մակարդակը հաջողությամբ ավարտած անձինք պետք է ստանան դոկտորի որակավորում (PhD)։ Այս համակարգը նախատեսում է ներկայիս ասպիրանտական կրթության՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակին համարժեք դարձնելը՝ համաձայն Բոլոնիայի գործընթացի և Զալցբուրգյան սկզբունքների։
Միաժամանակ, միջազգային չափանիշներին համապատասխան կրթական միջավայրի ապահովելուն միտված՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի համար ևս օրենքով ամրագրվել է կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացների պարտադիր բնույթը, քանի որ ներկայումս ասպիրանտական ծրագրերը չեն լիցենզավորվում (համապատասխան իրավական ակտերով նախատեսված է միայն ըստ մասնագիտությունների ասպիրանտուրայի ձևով գիտական կադրեր պատրաստելու նպատակով ասպիրանտուրայի բացում կամ դրա գործունեության դադարեցում), որը չի համապատասխանում տվյալ մակարդակի կրթական ծրագրերի իրականացման համար մրցունակ կրթության չափանիշներին ու որակի համապարփակ չափորոշիչներին։
2004 թվականին ընդունված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքից հետո մինչ այժմ փաստացի անցում չի կատարվել բարձրագույն կրթության երրորդ մակարդակի և ասպիրանտական ծրագիրը համարվում է հետբուհական, մինչդեռ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում ասպիրանտական կրթությունը դոկտորի որակավորման շնորհմամբ համարվում է բարձրագույն կրթության համակարգի երրորդ մակարդակի որակավորում։ Ավելին, ասպիրանտուրայի ընդունելության և ուսումնառության, ինչպես նաև գիտական աստիճանի շնորհման գործընթացները կանոնակարգող ՀՀ-ում գործող իրավական ակտերը դեռևս լիարժեքորեն չեն ապահովում Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի պահանջներին համապատասխան միջազգային մրցունակություն և որակի գնահատման հստակ մեխանիզմներ, որն էլ իր հերթին խոչընդոտում է՝
- որակյալ և միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հետազոտությունների իրականացումը,
- դոկտորական ծրագրերի միջազգայնացումը,
- բարձրագույն կրթության և գիտության ոլորտում շարժունության ապահովումը։
Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA) կողմից («Salzburg Recommendations» վերնագրով) մշակված և դոկտորական կրթության կազմակերպմանն ուղղակիորեն վերաբերող «Զալցբուրգյան հիմնական սկզբունքները» (Salzburg Principles) հանդիսանում են Բոլոնիայի գործընթացի մի մասը և ուղղված են դոկտորական կրթության բարելավմանը, նպատակ ունենալով խթանել միջազգային համագործակցությունը և շարժունությունը: Մասնավորապես, դոկտորական կրթությունը դիտարկելով որպես անկախ գիտական հետազոտություն՝ դոկտորական ծրագրերի համապատասխան կառուցվածքով և դոկտորական կրթության բոլոր փուլերում որակի գնահատման ու բարելավման մեխանիզմների ապահովմամբ, պետք է հստակ սահմանվեն այն ակադեմիական և հետազոտական չափանիշները, որոնց համապատասխան դոկտորանտը ստանալու է գիտական աստիճան։
Այս համատեքստում երրորդ մակարդակում կրթության համադրելիությունը եւ համապատասխանությունը Զալցբուրգյան սկզբունքներին ապահովելու նպատակով վերանայվում ու սահմանվում են բարձրագույն կրթության համակարգում որակավորման երրորդ մակարդակում ընդունելության և ուսումնառության կազմակերպման պայմանները և պահանջները, ինչպես նաև գիտական աստիճանի (PhD) շնորհման չափանիշներն ու որակի չափորոշիչները:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև հիմք ընդունելով օրենքի լիազորող դրույթները, առաջացել է անհրաժեշտություն՝ նախկինում գործող մի շարք առանձին կարգավորումների փոխարեն հաստատել ընդհանուր կառուցվածքով մեկ միասնական կարգ, բարձրագույն կրթության երրորդ մակարդակի համար առանձին մասերով կարգավորելով ընդունելության, ուսումնառության և որակավորման շնորհման ընդհանուր դրույթներին վերաբերող հարցերը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագիծը նախատեսում է Բոլոնիայի գործընթացի և Զալցբուրգյան սկզբունքների պահանջներին համահունչ վերանայել և արդիականացնել բարձրագույն կրթության երրորդ մակարդակի՝ դոկտորական կրթության համակարգը՝ ընդգրկելով հետևյալ հիմնական ուղղությունները․
1) Ընդունելության և ուսումնառության կարգավորում - նախատեսվում է հաստատել ընդունելության և ուսումնառության կազմակերպման հստակ կարգավորումներ՝ ապահովելով ուսումնական գործընթացի թափանցիկություն, արդարացիություն և համարժեքություն միջազգային չափանիշներին։ Ուսանողների ընդունելության և ուսումնառության կազմակերպման ավելի մանրամասն պայմաններն ու ընթացակարգերը Օրենքով նախատեսվում է սահմանել բուհի ակադեմիական խորհրդի կողմից:
2) Հետազոտական ծրագրերի գնահատում և ղեկավարման մեխանիզմներ - Դոկտորական ծրագրերի թեկնածուները հնարավորություն կունենան ընտրելու հավանական գիտական ղեկավար՝ վերջինիս կողմից ներկայացված հետազոտական թեմաների հետազոտության հիման վրա։ Ամրագրվելու է նաև գիտական ղեկավարի գիտաչափական տվյալների գնահատման մեխանիզմը, ներառյալ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ունեցած տպագրությունները։
3) Ուսումնառության ճկունության ապահովում – Օրենքով ընձեռնված հնարավորություններից ելնելով՝ դոկտորական կրթությունը կարող է իրականացվել ամբողջական կամ մասնակի բեռնվածությամբ (անհրաժեշտ կրեդիտների ամրագրմամբ)՝ ուսանողի կարողությունների, զբաղվածության կամ ֆինանսական հնարավորությունների հիման վրա։
4) Գիտական աստիճանի շնորհման գործընթացի բարելավում – Դոկտորական ատենախոսության արդյունքների և դրույթների հրապարակման հստակ պահանջների սահմանում՝ հավասարակշռություն ապահովելով Scopus ու Web of Science-ի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրությունների և ՀՀ կամ օտարերկրյա պետությունների գրախոսվող գիտական պարբերականներում տպագրված հոդվածների միջև: Դիտարկվում է տվյալ մասնագիտության բնագավառին համապատասխան գիտական աստիճանի հայցման յուրաքանչյուր հեղինակի համար գիտական աստիճան շնորհող առանձին մասնագիտական խորհրդի ձևավորում։
5) Որակական պահանջների բարելավում – դոկտորական ատենախոսության պաշտպանության հեղինակի, ինչպես նաև գիտական ղեկավարի, ընդդիմախոսի, մասնագիտական խորհրդի անդամի և փորձագետի համար միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում անհրաժեշտ քանակի տպագրություններ ունենալու պահանջների սահմանում: Ամրագրվում է դոկտորական ատենախոսության պաշտպանության հեղինակի համար որպես առաջին հեղինակ (հայցողի անունը և ազգանունը տվյալ դեպքում հեղինակների շարքում առաջինն է նշված) հոդված ունենալու պահանջը:
6) Միջազգային համագործակցության խթանում - Կավելացվեն հնարավորություններ օտարերկրյա գիտնականների մասնակցության համար՝ որպես համաղեկավարներ, միաժամանակ պաշտպանության գործընթացին առցանց մասնակցությունն ընդունելի կլինի, այդ թվում՝ որպես մասնագիտական խորհրդի անդամ։
3. ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, Գիտությունների ազգային ակադեմիա, բարձրագույն ուսումնական հաստատություններ և գիտական կազմակերպություններ:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի նպատակն է ներդնել որակյալ և մրցունակ դոկտորական կրթության համակարգ՝ դոկտորական կրթության ամբողջ գործընթացի (ներառյալ՝ գիտական աստիճանի շնորհումը) համար ստեղծելով չափելի, հստակ և թափանցիկ ընթացակարգեր։ Բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ամբողջական ու միասնական կարգավորման միջոցով ընդունելության և ուսումնառության կազմակերպման, ինչպես նաև գիտական աստիճանի (դոկտորական) շնորհման գործընթացը կանոնակարգող իրավական ակտի կիրարկման արդյունքում ակնկալվում է՝
1) Ընդունելության, ուսումնառության և աստիճան շնորհման գործընթացների հստակեցում - Բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ընդունելության ու ուսումնառության պահանջների արդիականացում և կրթական ծրագրերի համադրում եվրոպական չափանիշների հետ, ինչպես նաև հետազոտական կրթության և գիտական աստիճանի շնորհման չափանիշների ու պայմանների սահմանում՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:
2) Միջազգային մրցունակության բարձրացում - Կվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգը, կավելանան միջազգային հրապարակումների պահանջները, ինչը կնպաստի գիտնականի վարկի և միջազգային համագործակցության բարձրացմանը և կխթանի միջազգային ասպարեզում ակադեմիական շարժունությունը:
3) Գիտական աստիճանի շնորհման գործընթացի արդիականացում – Գիտական աստիճանի շնորհման որակական ցուցանիշների ամրապնդում, միջազգայնացման խթանում և գիտական վերարտադրության արդի պահանջներին համապատասխան որակական և բովանդակային չափանիշների վրա հիմնված գործիքակազմի ներդրում: Գիտական աստիճանի շնորհման գործընթացի տարբեր օղակներում գիտնականներին ներգրավելիս կկարևորվի բարձր գիտաչափական տվյալներ ունենալը և ակտիվ գիտնական լինելը: Գիտական աստիճանի շնորհման գործընթացում կխթանվի օտարերկրյա գիտնականների մասնակցությունը՝ բարձրացնելով գնահատման բազմակողմանիությունն ու միջազգային չափանիշներին համապատասխանությունը:
4) Եվրոպական մոդելի ներդրման ապահովում – Առաջարկվող կարգավորումները կստեղծեն պայմաններ գիտական աստիճանի շնորհման համակարգի սահուն անցման դեպի եվրոպական մոդելի՝ հիմք ընդունելով եվրոպական բարձրագույն կրթական տարածքի չափանիշները և սկզբունքները։
5. ՀՀ վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. ՀՀ վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններին
Նախագծի ներկայացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Գիտություն» բաժնի 30.4-րդ կետի ընդհանուր նպատակներից (սահմանված են Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի դրույթներ, որոնք նպաստում են միջազգային համագործակցությանը և ՀՀ-ում իրականացվող գիտական հետազոտությունների միջազգայնացմանը), ինչպես նաև ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի (ՀՕ-441-Ն, 16.11.2022թ.) 81.5-րդ կետի «ժե» և «ժզ» ենթակետերից, մասնավորապես՝
«ժե. բարձրագույն կրթության երրորդ աստիճանի արդիականացում` անցում գիտական միաստիճան (PhD) համակարգի և դոկտորի որակավորման աստիճանի, գիտահետազոտական կրթության և գիտական աստիճանաշնորհման չափանիշների ու պայմանների հստակեցում՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին,
ժզ. դոկտորական ծրագրերի բարելավում Հայաստանի Հանրապետության առաջատար բուհերում կամ բուհերի համագործակցության միջոցով՝ անհրաժեշտության դեպքում կրթության կազմակերպման նոր մոդելների ներդրմամբ»:
-
Продолжительность
24.11.2025 09.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 1034
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .