ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇԱՐԺԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏՆ ԱՂՏՈՏՈՂ (ՎՆԱՍԱԿԱՐ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ դեռևս չկան իրավականորեն ամրագրված մեթոդական ուղեցույցներ, որոնցով հնարավոր կլինի հաշվարկել մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումներն ինչպես աղտոտման անշարժ, այնպես էլ շարժական աղբյուրներից։ Շարժական աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի համապարփակ գույքագրման անհնարինության դեպքում՝ գիտականորեն հիմնավորված և հստակ հաշվարկների վրա հիմնված մթնոլորտային օդի աղտոտովածության նվազեցմանն ուղղված նպատակային քաղաքականությունն ուղղակիորեն դառնում է անհնար։
«Շարժական աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է շրջակա միջավայրի պահպանության և մթնոլորտային օդի որակի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման, արտանետումների ճշգրիտ, համադրելի և միասնական հաշվարկման մեթոդաբանության ստեղծման անհրաժեշտությունից։
Նախագծով առաջարկվող շարժական աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը նպատակ ունի ապահովել շարժական աղբյուրներից արտանետումների հաշվարկման միասնական, միջազգային ստանդարտներին համապատասխան մոտեցում՝ ապահովելով տվյալների համադրելիությունը և հաշվարկների համահունչությունը ինչպես ճանապարհային տրանսպորտային միջոցներից, այնպես էլ ոչ ճանապարհային տրանսպորտային միջոցներից։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագիծը մշակվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության կողմից հրապարակված «EMEP/EEA օդի աղտոտիչների արտանետումների գույքագրման ուղեցույցի հիման վրա և ներառում է «1.A.3.b.i–iv Ճանապարհային տրանսպորտ (Road Transport 2025)», ինչպես նաև «1.A.4 Ոչ ճանապարհային տրանսպորտային միջոց (Non road Transport 2025)» բաժինների պահանջներն ու ցուցումները։
Նախագծով՝
· հստակ սահմանված են ճանապարհային և ոչ ճանապարհային տրանսպորտային միջոցների կատեգորիաները՝ հնարավորություն տալով ստանալ համապարփակ ելակետային տվյալներ աղտոտման շարժական աղբյուրներից,
· մշակված է արտանետումների հաշվարկման ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի վնասակար նյութերի արտանետումների գույքագրման (EMEP/EEA) ուղեցույցի (այսուհետ՝ Ուղեցույց) 1-ին մակարդակի մեթոդաբանությանը համահունչ մեթոդաբանություն։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
4. Ակնկալվող արդյունքը․
Հրամանի ընդունման արդյունքում՝
· շարժական աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի միասնական հաշվառման, գույքագրման համակարգի ստեղծման համար նախադրյալների հիմնում,
· կսահմանվի աղտոտման շարժական աղբյուրներից (ճանապարհային և ոչ ճանապարհային տրանսպորտ) մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման միասնական մեթոդաբանություն,
· կապահովվի շարժական աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տվյալների համադրելիությունը և ճշգրտությունը,
· կբարձրանա քաղաքական որոշումների ընդունման և գնահատման գիտական հիմքը,
· կկատարելագործվի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ միջազգային չափանիշներին համապատասխան պետական հաշվետվությունների պատրաստումը
· Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման արդյունքները համադրելի կլինեն ԵՄ անդամ երկրների և տարածաշրջանային մյուս պետությունների տվյալների հետ՝ ապահովելով միջազգային հաշվետվությունների բարձր որակ և համահունչություն։
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026 թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 11․2 կետի կատարման, այն է վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումների (շարժական և անշարժ աղբյուրներ) միասնական հաշվառման համակարգի ստեղծման համար նախադրյալների հիմնման անհրաժեշտությունից և համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 4.10 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱԺՆԻ շրջակա միջավայրի կառավարման 11-րդ առաջնահերթ ուղղությանը՝ մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը։
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .