««Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
««Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով)՝ «Մրցակցության միջազգային ցանց» (այսուհետ նաև՝ ՄՄՑ) կազմակերպությանը անդամակցելու և ՄՄՑ «Շահերի պաշտպանություն» և «Միակողմանի վարքագիծ» աշխատանքային խմբերում ընդգրկված լինելու հանգամանքներով: 2024 թվականին ՄՄՑ-ն հայտարարել էր «Շահերի պաշտպանություն» աշխատանքային խմբի աշխատաժողովը հյուրընկալելու մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության հայտը, ի դեմս Հանձնաժողովի։
Կոչված լինելով ամբողջ աշխարհում խթանելու մրցակցության մարմինների համագործակցությունը՝ ՄՄՑ-ն տարին մեկ անգամ հրավիրում է համաժողով` ուսումնասիրելու և գնահատելու նախորդ տարիների արդյունքները, նախագծելու հետագա աշխատանքային գործունեության իրականացման ուղիները։
Կարևոր է նկատել, որ Հանձնաժողովը ընդգրկված է ՄՄՑ «Շահերի պաշտպանություն» և «Միակողմանի վարքագիծ» աշխատանքային խմբերում։ Յուրաքանչյուր աշխատանքային խումբ կազմակերպում է կոնկրետ թեմաներով մի շարք համաժողովներ և սեմինարներ, որոնց ընթացքում քննարկվում են մրցակցության օրենսդրության և քաղաքականության արդի մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները։ Հանձնաժողովն ակտիվ մասնակցում է ՄՄՑ աշխատանքային խմբերի կողմից կազմակերպված քննարկումներին՝ տեսահամաժողովների կամ վեբինարների ձևաչափով, լրացնում է համապատասխան հարցաթերթիկներ և տրամադրում իր փորձը մրցակցության ոլորտում։ ՄՄՑ-ին անդամակցությունն ու վերջինիս աշխատանքային խմբերում իրականացվող աշխատանքները հնարավորություն են տալիս Հանձնաժողովին անմիջականորեն մասնակցել միջազգային տնտեսական մրցակցության ոլորտում ծագած մարտահրավերների լուծման գործընթացին, նպաստել Հայաստանի Հանրապետությունում մրցակցության օրենսդրության կիրարկման մեխանիզմների և միասնական տեսակետի ձևավորմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև միջազգային հանրությանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին:
Աշխատաժողովին ակնկալվում է աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների, մրցակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, մրցակցության ոլորտի գիտական շրջանակների, միջազգային կյազմակերպությունների և ԶԼՄ-ների մոտ 200 ներկայացուցիչների մասնակցություն։
Միջոցառման անհրաժեշտ մասն է կազմում «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովն անցկացնելու նպատակով աշխատաժողովի ինտերնետային կայքը (այսուհետ՝ Կայք), որը հնարավորություն է ընձեռելու տվյալ միջոցառման մասնակիցների առցանց գրանցումը ապահովելու, ինչպես նաև միջոցառումը լուսաբանելու և արդյունքները հրապարակելու: Մասնակիցների առցանց գրանցումը անհրաժեշտ է իրականացնել 2025 թվականի նոյեմբերից սկսած՝ Կայքի միջոցով:
2. Կարգավորման նպատակը
Նախագծով առաջարկվում է՝
- Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին իրականացնել «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովը, որի կազմակերպիչ է հանդիսանում Հանձնաժողովը։
- Սահմանել, որ «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովի կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվելու է Հանձնաժողովի կողմից։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահին առաջարկել՝
1) սույն որոշումն ընդունվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովն անցկացնելու նպատակով աշխատաժողովի ինտերնետային կայքի և դիզայներական ծառայությունների ձեռքբերման համար 2025 թվականի նոյեմբեր ամսվա համար նախատեսված 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը (ավելացված արժեքի հարկը ներառյալ) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին 2025 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից հատկացնելու վերաբերյալ,
2) «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն ««Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության «Շահերի պաշտպանության աշխատանքային խմբի» 2026 թվականի տարեկան աշխատաժողովի կազմակերպման համար 2026 թվականի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հատկացնելու վերաբերյալ։
3․ Ակնկալվող արդյունքը.
Երևանում միջոցառման իրականացումը հնարավորություն կընձեռի անմիջականորեն մասնակից լինել միջազգային տնտեսական մրցակցության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման գործընթացին, խթանել մրցակցության օրենսդրության կիրարկման մեխանիզմները, միջազգային հանրությանը ծանոթացնել Հանձնաժողովի՝ վերջին տարիների ձեռքբերումներին, ինչպես նաև ստանալ մրցակցության քաղաքականության կիրարկման ոլորտում նոր գիտելիքներ և փորձ: Այն կարևորվում է նաև Հայաստանի Հանրապետության ճանաչելիության բարձրացման և ամրապնդման, ինչպես նաև միջազգային հարթակներում ներգրավվածության ապահովման տեսանկյունից։
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումը կդառնա կարևոր հարթակ՝ ոլորտում իրականացվող քաղաքականության, բարեփոխումների, իրազեկման միջոցառումների ներկայացման և կառուցողական երկխոսության ձևավորման համար։ Միջոցառման կազմակերպումը կնպաստի հասարակության շրջանում սպառողների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, արդի խնդիրների ու մարտահրավերների քննարկմանը, ինչպես նաև ոլորտի պատասխանատու կառույցների և շահագրգիռ կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը։
Ծրագրի շահառուներն են լինելու արտերկրի մրցակցային մարմինները, Հանձնաժողովը, պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները, տնտեսավարող սուբյեկտները և լայն հանրությունը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Սույն նախագիծը մշակվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից՝ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Սույն նախագծի ընդունման դեպքում միջոցառման կազմակերպման ծախսը մոտ 200 մասնակցի համար ըստ նախնական ուսումնասիրությունների կկազմի 25.000.000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ (ավելացված արժեքի հարկը ներառյալ), որից 2025 թվականի նոյեմբեր ամսվա համար նախատեսված աշխատաժողովի ինտերնետային կայքի և դիզայներական ծառայությունների ձեռքբերման համար 2025 թվականի պետական բյուջեից հատկացման ենթակա գումարը կկազմի 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ (ավելացված արժեքի հարկը ներառյալ), իսկ մնացած 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամը (ավելացված արժեքի հարկը ներառյալ) ակնկալվում է ստանալ 2026 թվականի պետական բյուջեից:
Հարկ է նշել, որ վերոնշյալ հաշվարկներում հնարավոր են փոփոխություններ՝ պայմանավորված գրանցված մասնակիցների քանակի, ձեռքբերման ենթակա ծառայությունների ցանկի և արժեքների հստակեցմամբ: Հաշվարկները կճշգրտվեն և կհստակեցվեն 2026 թվականին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ առաջարկություն ներկայացնելուց առաջ։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի» մասին N1363-Ա որոշման հավելվածի 2-րդ կետից:
-
Обсуждалось
03.11.2025 - 18.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 637
Принт