Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ

«20) ակտիվի սկզբնական արժեք՝ ակտիվի ձեռքբերման գնի (անհատույց ստացման դեպքում՝ ստացվող ակտիվի գնի, իսկ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրման դեպքում՝ կողմերի պայմանավորվածությամբ որոշված գնի, որը ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով), կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում՝ չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար՝ դրամական արտահայտությամբ: Ընդ որում,

ա) լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում` ակտիվի սկզբնական արժեք է համարվում այդ լիզինգի առարկայի համար սույն մասի 70-րդ կետին համապատասխան հաշվարկված սկզբնական արժեքը․

բ) ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հավասար փոխհոսքերի տեսքով ստացվող էլեկտրական էներգիայի սկզբնական արժեքը որոշվում է ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին հավասար փոխհոսքերի տեսքով մատակարարված էլեկտրական էներգիայի արտադրության համար կատարված ծախսերի չափով։

Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը սահմանում է ակտիվի սկզբնական արժեքի որոշման կարգ։».

 

Հոդված 2. Օրենսգիրք 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում՝

1) ապրանքների ներմուծման կամ արտահանման գործառնությունների մասով հարկման բազաները, եկամուտները և ձեռքբերման արժեքները որոշվում են՝

ա. ԵՏՄ անդամ չհամարվող պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքի ներմուծման կամ ապրանքի արտահանման մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործառնությունների մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքի ներմուծման ճշտված մաքսային հայտարարագիր կամ ապրանքի արտահանման ճշտված մաքսային հայտարարագիր ներկայացնելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

բ. ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) կամ ապրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Այն դեպքում, երբ ապրանքը Հայաստանի Հանրապետության սահմանը հատում է օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում հարկման բազաները, եկամուտները և ձեռքբերման արժեքները որոշվում են հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում (կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում) նշված ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.

2) ապրանքների մատակարարման (այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների մատակարարման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների մասով (բացառությամբ սույն մասի 3-5-րդ կետերով սահմանված դեպքերի) հարկման բազաները, եկամուտները և ձեռքբերման արժեքները որոշվում են Օրենսգրքի 38-րդ և 40-րդ հոդվածներով սահմանված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից

3) հարկային գործակալի կողմից վճարվող՝ հարկման ենթակա եկամուտներից հարկի գումարը հաշվարկվում է այդ եկամուտների վճարման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից

4) հարկային գործակալի բացակայության դեպքում՝ հարկման ենթակա եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտների գծով ձևավորվող հարկման բազաների նկատմամբ հարկի գումարի (այդ թվում՝ օտարերկրյա պետություններում գանձված հարկերի) հաշվարկը կատարվում է օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան այդ եկամուտների հաշվառման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից

5) արտարժույթի փոխանակման գործարքների մասով եկամուտների և ծախսերի հաշվարկը կատարվում է արտարժույթի փոխանակման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

6) բացառությամբ սույն մասի 1-5-րդ կետերում նշված գործարքների և գործառնությունների՝ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սկզբնական արժեքները որոշվում են դրանց առաջացման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

7) սույն մասի 1-6-րդ կետերում չնշված գործարքների և գործառնությունների դեպքերում հարկման բազաները, եկամուտները և ձեռքբերման արժեքները որոշվում են դրանց համար օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան հարկման բազաների, եկամուտների և ձեռքբերման արժեքների հաշվառման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

2․Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նախորդ աշխատանքային օրը հրապարակված միջին փոխարժեքը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի։

Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ օրը հրապարակված միջին փոխարժեքը։»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին» բառերը փոխարինել «Օրենսգրքի 73-րդ հոդվածին» բառերով։

 

Հոդված 4. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասում «ռեզիդենտ շահութահարկ վճարողին» բառերը փոխարինել «ռեզիդենտ կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը» բառերով։

 

Հոդված 5. Օրենսգրքի 108-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3-րդ կետում «շահութահարկ վճարողի բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների տեղաբաշխման» բառերը փոխարինել «շահութահարկ վճարողի կողմից իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարման (տեղաբաշխման)» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետում «ռեզիդենտ շահութահարկ վճարողին» բառերը փոխարինել «ռեզիդենտին» բառով, իսկ «ռեզիդենտ շահութահարկ վճարողի» բառերը փոխարինել «ռեզիդենտի» բառով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 109-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«3) տոկոսների (այդ թվում` լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսի գումարների) տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված տոկոսների հաշվարկման յուրաքանչյուր օրվա դրությամբ կամ պարտքի ժամկետը լրանալու պահից:».

2) 4-րդ մասում՝

ա. 16-րդ կետից հանել «4-րդ մասի» բառերը

բ. լրացնել 17-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ

«17) Արտարժույթի փոխանակման գործարքներ իրականացնելիս արտարժույթի վաճառքի կամ ձեռքբերման ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից տարբերվող այլ փոխարժեքի կիրառման արդյունքում ստացվող եկամուտները։»։

 

Հոդված 7. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«13) վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի` էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից հատուցում ստանալու դեպքում, հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված՝ ինքնավար էներգաարտադրողների կողմից կատարված ծախսերը»։

 

Հոդված 8. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1․Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս ներկայացուցչական ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը չգերազանցող չափով, բայց ոչ ավել հինգ միլիոն դրամը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2․ Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում ներկայացուցչական ծախսերի այն մասը, որը գերազանցում է հինգ միլիոն դրամը։»։

 

Հոդված 9. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասում՝

1) 7-րդ կետից հանել «2-րդ մասի» բառերը․

2) լրացնել 8-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ

«8) արտարժույթի փոխանակման գործարքներ իրականացնելիս արտարժույթի վաճառքի կամ ձեռքբերման ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից տարբերվող այլ փոխարժեքի կիրառման արդյունքում կատարվող ծախսերը։»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության՝

1) 1-ին նախադասությունը «Գույքի» բառից հետո լրացնել «(բացառությամբ դրոշմավորման ենթակա՝  ԱՏԳ ԱԱ 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406 և 2105 00 ծածկագրերին դասվող ապրանքների)» բառերով

2) 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ  նոր նախադասություն.

«Դրոշմավորման ենթակա՝  ԱՏԳ ԱԱ 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406 և 2105 00 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի երկու տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում:»։

 

Հոդված 11. Օրենսգրքի 132-րդ հոդված 2-րդ մասի՝

1) 5-րդ կետում «հարկային գործակալ չհանդիսացող» բառերը փոխարինել «այլ» բառով

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6) հարկային գործակալի կողմից եկամտի ստացման պահանջի ներումը»։

 

Հոդված 12. Օրենսգրքի 142-րդ հոդվածում ավելացնել 2-րդ մաս հետևյալ բովանդակությամբ՝

«2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի դրամարկղային մեթոդով հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, բացառությամբ Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի։»։

 

Հոդված 13. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով

«5) ֆիզիկական անձանց վճարվում են եկամուտներ էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի, ինչպես նաև ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգևատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարման դիմաց:»։

 

Հոդված 14.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքի  10-րդ հոդվածը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

3․ Սույն օրենքի  13-րդ հոդվածը տարածվում է 2025 թվականի հուլիսի 4-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

 

 

  • Обсуждалось

    28.10.2025 - 12.11.2025

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2295

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: