«Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2025-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքի 15-րդ հոդվածը և ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվը (2000 թվականի հոկտեմբերի 23-ի 2000/60/EC հրահանգ):
Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և դրանց անդամ պետությունների` մյուս կողմից միջև 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (այսուհետ՝ ՀԸԳՀ), որում Հայաստանը հստակ պարտավորություններ է ստանձնել «Ջրի որակի և պաշարների կառավարում» ոլորտում իրականացնել մոտարկում, ներառյալ` օրենսդրական:
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Եվրոպական միության և Ատոմային էներգիայի Եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N666-Լ որոշման հավելված N1-ի 99.5-րդ «Գետերի ավազանների կառավարման պլանների կազմում, խորհրդակցություններ հանրության հետ և այդ պլանների հրապարակում (13-րդ և 14-րդ հոդվածներ)» կետից։
Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց արդյունավետ օգտագործմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Համաձայն ՀԸԳՀ-ի` ջրի որակի և պաշարների կառավարման ոլորտում Հայաստանը պարտավորություններ է ստանձնել մշակել ջրային քաղաքականության ոլորտում Համայնքի գործողությունների շրջանակը սահմանող` Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2000 թվականի հոկտեմբերի 23-ի 2000/60/EC հրահանգի (դիրեկտիվի)՝ ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի (այսուհետ՝ ՋՇԴ) սկզբունքներին համահունչ գետավազանային կառավարման պլաններ, իրականացնել խորհրդակցություններ հանրության հետ և հրապարակել այդ պլանները` հիմնվելով ՋՇԴ 13-րդ և 14-րդ հոդվածների վրա: ՋՇԴ 13-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետություններն ապահովում են, որ գետավազանային կառավարման պլան կազմվի ամբողջությամբ իրենց պետության տարածքում գտնվող յուրաքանչյուր գետավազանային տարածքի համար։ Գետավազանային կառավարման պլանն ընդգրկում է ՋՇԴ VII հավելվածում նշված տեղեկությունները, ինչը համապատասխանում է սույն Նախագծում ընդգրկված տեղեկատվությանը։ ՋՇԴ 14-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունները խրախուսում են բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը գետավազանային կառավարման պլանների ստեղծմանը, վերանայմանը և թարմացմանը։ Անդամ պետություններն ապահովում են, որ յուրաքանչյուր գետավազանային տարածքի համար պլանները հրապարակեն և մատչելի դարձվեն մեկնաբանությունների և առաջարկությունների համար (հանրային լսումերի և Նախագծի հրապարակայնության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է սույն հիմնավորման 4-րդ մասում և Նախագծի գլուխ 16-ում )։
ԵՄ ՋՇԴ 2000/60/EC Հրահանգի մոտարկմանն ուղղությամբ իրականացվել են փոփոխություններ և լրացումներ ՀՀ ջրային օրենսգրքում (07.07.2022, ՀՕ-316-Ն), «Ջրի ազգային ծրագրի մասին» (07.07.2022, ՀՕ-317-Ն) և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» (07.07.2022, ՀՕ-318-Ն) ՀՀ օրենքներում՝
- սահմանվել են նոր հասկացություններ մակերևութային ջրային մարմին, ստորերկրյա ջրային մարմին, խիստ փոփոխված ջրային մարմին, ջրային ռեսուրսի ինքնամաքրում, կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիություն և հարմարվողականություն և այլ հասկացություններ.
- ամրագրվել է մակերևութային ջրերի որակի հինգ կարգավիճակներ` «ջրային մարմնի գերազանց կարգավիճակ», «ջրային մարմնի լավ կարգավիճակ», «ջրային մարմնի միջակ կարգավիճակ», «ջրային մարմնի անբավարար կարգավիճակ», «ջրային մարմնի վատ կարգավիճակ»` կախված ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչներից.
- տարանջատվել են ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակ.
- նախատեսվել է ունենալ հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներ.
- ամրագրվել է ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիություն ապահովելու սկզբունքը, որը կապահովի հավասար հասանելիություն անձանց, այդ թվում այդ ծառայությունների հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից խոցելի և մեկուսացված խմբերում ներառված անձանց համար:
Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N338–Ն որոշմամբ հաստատվել է «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» որոշումը, իսկ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի նիստի N12 արձանագրության 32-րդ կետով հավանության է արժանացել Արարատյան ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2016-2021 թվականների միջոցառումների ծրագիրը։ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N338–Ն որոշմամբ գործողության ժամկետը 2021 թվականին ավարտվել է, իսկ արձանագրային որոշումը ուժը կորցրած է ճանաչվել (Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշում)։
Նախագիծը հանդիսանում է ջրավազանային կառավարման 2-րդ վեցամյա գործողության փաստաթուղթ։
Նախագծում ներառված են՝ ջրավազանային կառավարման տարածքի և ջրային ռեսուրսների ընդհանուր նկարագիրը, օգտագործելի ջրային ռեսուրսների, ռազմավարական և ազգային ջրային պաշարների հաշվարկը, գետերի էկոլոգիական թողքերի հաշվարկները, ջրավազանում ճնշումների և ազդեցությունների վերլուծությունը, 2025-2030 համար ջրի առաջարկի կանխատեսման և ջրի պահանջարկի հետ համադրման միջոցով ջրային ռեսուրսի ավելցուկի և պակասուրդի գնահատումը, ինչպես նաև միջոցառումների ծրագիրը։
Նախագծի առանցքը միջոցառումների ծրագիրն է, որի նպատակն է հասնել մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների և դրանց հարակից էկոհամակարգերի համար սահմանված էկոլոգիական «լավ» կարգավիճակի: Միջոցառումների ծրագիրը հիմնվում է ջրավազանի ելակետային պայմանների, ինչպես նաև էական մարդածին ճնշումների ու ջրային ռեսուրսների ազդեցության վերլուծության վրա: Շարժիչ ուժեր-ճնշումներ-ազդեցություններ վերլուծության արդյունքում բացահայտվում են խնդրահարույց տեղանքներն ու ռիսկային ջրային մարմինները: Յուրաքանչյուր ռիսկային ջրային մարմնի համար մշակվել է միջոցառումների ծրագիր, ինչը նշանակում է, որ միջոցառումների ծրագիրը հատուկ է տեղանքին ու ճնշմանը:
Ջրավազանային կառավարման պլանի հիմնական խնդիրներն են.
- ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով՝ մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությունը,
- բարելավել վատթարացված ջրային մարմինների կարգավիճակը (որակական և քանակական),
- կանխել բոլոր ջրային մարմինների հետագա վատթարացումը,
- խթանել կայուն ջրօգտագործումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի ջրօգտագործուղների ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում հավասարակշռել ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, միջոցառումների ծրագրի իրականցման արդյունքում բարելավել ջրային մարմինների կարգավիճակը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է շրջակա միջակա միջավայրի նախարարության և Ասիական Զարգացման Բանկի հետ համատեղ։
ՋՇԴ 14-րդ հոդվածի համաձայն՝ ջրավազանային կառավարման պլանի մշակումը ենթադրում է մասնակցային մոտեցման կիրառում, որը միավորում է տարբեր տեսակետներ ունեցող շահառու կողմերին` որոշելու, թե ինչպես պետք է իրականացվի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը: Արարատյան ՋԿՏ-ի պլանի լրամշակման ընթացքում Արարատի և Վայոց ձորի մարզում կազմակերպվել է երկու հանրային լսում՝ Արտաշատ համայնքում և Արենի համայնքի Արփի բնակավայրում : Հանրային լսումների և խորհրդատվական գործընթացների ընթացքում կիրառվել են հարցաթերթիկներ, որոնց միջոցով հանրային ներկայացուցիչներից հավաքվել են ջրային ռեսուրսներին առնչվող հարցերի պատասխանները, առաջարկները և խորհուրդները: Հանրային լսումների ընթացքում մասնակիցների կողմից ի հայտ եկած բոլոր խնդիրների ու առաջարկությունների հիման վրա լրամշակվել են՝ Արարատյան ՋԿՏ-ի կառավարման պլանի համապատասխան գլուխները: Հանրային լսումների վերաբերյալ մասնրամասն տեղեկատվությունը ներկայացված է Նախագծի գլուխ 16-ում։
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Օրենքի 4-րդ հոդվածի Նախագիծը հանդիսանում է հիմնադրութային փաստաթուղթ։ Նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն ենթակա է ռազմավարական գնահատման և փորձաքննության: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ընթացքում անցկացվել է հանրային խորհրդակացություն, որին մասնակցել են ազդակիր համայնքները, շահագրգիռ մարմինները և գիտական հաստատությունները։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության արդյունքում Նախագիծը ստացել է դրական եզրակացություն (կցվում է՝ ԲՓ-234-25 )։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի, Ջրային օրենգրքի 20-րդ հոդվածի և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Նախագիծը նաև հրապարակված է www.e-draft.am և www.azdarar.am կայքերում։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի Արարատյան ջրավազանային տարածքում հասնել ջրային ռեսուրսների լավ էկոլոգիական կարգավիճակի, ինչպես նաև աջակցել ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին ջրային ռեսուրսների ոլորտում որոշումներ կայացնելիս:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ առաջանում է անհրաժեշտություն լրացուցիչ ֆինանսական միջոցների (տես` Հավելվածի Գլուխ 14 աղյուսակ 47):
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Կառավարության որոշման նախագծի մշակումը չի բխում մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությունից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից ։
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և դրանց անդամ պետությունների միջև 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից։
-
Обсуждалось
14.10.2025 - 03.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
-
Test
Просмотры 993
Принт