Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2025-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

            «Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքի 15-րդ հոդվածը և ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվը (2000 թվականի հոկտեմբերի 23-ի 2000/60/EC հրահանգ):

Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվ­­­­­րոպական համայնքի և դրանց անդամ պետությունների` մյուս կողմից միջև 2017 թ. նո­յեմ­բե­րի 24-ին ստորագրվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (այսուհետ՝ ՀԸԳՀ), ո­­րում Հայաստանը հստակ պարտավորություններ է ստանձնել «Ջրի որակի և պա­շար­նե­­րի կա­ռա­­վարում» ոլորտում իրականացնել մոտարկում, ներառյալ` օրենսդրական:

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2019 թվականի  հունիսի 1-ի «Եվրոպական միության և Ատոմային էներգիայի Եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N666-Լ որոշման հավելված N1-ի 99.5-րդ «Գետերի ավազանների կառավարման պլանների կազմում, խորհրդակցություններ հանրության հետ և այդ պլանների հրապարակում (13-րդ և 14-րդ հոդվածներ)» կետից։

Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց արդյունավետ օգտագործմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Համաձայն ՀԸԳՀ-ի` ջրի որակի և պաշարների կառավարման ոլորտում Հայաստանը պար­տա­վո­­րություններ է ստանձնել մշակել ջրային քաղաքականության ոլորտում Համայնքի գործողությունների շրջանակը սահ­­մա­նող` Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2000 թվականի հոկտեմբերի 23-ի 2000/60/EC հրահանգի (դի­­­­­­րեկտիվի)՝ ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի (այսուհետ՝ ՋՇԴ) սկզբունքներին հա­­մահունչ գետավազանային կառավարման պլաններ, իրականացնել խորհրդակցություններ հան­­րության հետ և հրապարակել այդ պլանները` հիմնվելով ՋՇԴ 13-րդ և 14-րդ հոդվածների վրա: ՋՇԴ 13-րդ հոդվածի համաձայն՝  անդամ պետություններն ապահովում են, որ գետավազանային կառավարման պլան կազմվի ամբողջությամբ իրենց պետության տարածքում գտնվող յուրաքանչյուր գետավազանային տարածքի համար։ Գետավազանային կառավարման պլանն ընդգրկում է ՋՇԴ VII հավելվածում նշված տեղեկությունները, ինչը համապատասխանում է սույն Նախագծում ընդգրկված տեղեկատվությանը։  ՋՇԴ 14-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունները խրախուսում են բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը գետավազանային կառավարման պլանների ստեղծմանը, վերանայմանը և թարմացմանը։ Անդամ պետություններն ապահովում են, որ յուրաքանչյուր գետավազանային տարածքի համար պլանները հրապարակեն և մատչելի դարձվեն մեկնաբանությունների և առաջարկությունների համար (հանրային լսումերի և Նախագծի հրապարակայնության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է սույն հիմնավորման 4-րդ մասում և Նախագծի գլուխ 16-ում )։  

ԵՄ ՋՇԴ 2000/60/EC Հրահանգի մոտարկմանն ուղղությամբ իրականացվել են փոփոխություններ և լրացումներ ՀՀ ջրային օրենսգրքում (07.07.2022, ՀՕ-316-Ն), «Ջրի ազգային ծրագրի մասին» (07.07.2022, ՀՕ-317-Ն) և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» (07.07.2022, ՀՕ-318-Ն) ՀՀ օրենքներում՝

  • սահմանվել են նոր հասկացություններ մակերևութային ջրային մարմին, ստորերկրյա ջրային մարմին, խիստ փոփոխված ջրային մարմին, ջրային ռեսուրսի ինքնամաքրում, կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիություն և հարմարվողականություն և այլ հասկացություններ.
  • ամրագրվել է մակերևութային ջրերի որակի հինգ կարգավիճակներ` «ջրային մարմնի գերազանց կարգավիճակ», «ջրային մարմնի լավ կարգավիճակ», «ջրային մարմնի միջակ կարգավիճակ», «ջրային մարմնի անբավարար կարգավիճակ», «ջրային մարմնի վատ կարգավիճակ»` կախված ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչներից.
  • տարանջատվել են ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակ.
  • նախատեսվել է ունենալ հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներ.
  • ամրագրվել է ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիություն ապահովելու սկզբունքը, որը կապահովի հավասար հասանելիություն անձանց, այդ թվում այդ ծառայությունների հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից խոցելի և մեկուսացված խմբերում ներառված անձանց համար:

 

Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N338–Ն որոշմամբ հաստատվել է «Արարատյան  ջրավազանային  տարածքի  2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» որոշումը, իսկ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի նիստի N12 արձանագրության 32-րդ կետով հավանության է արժանացել  Արարատյան ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2016-2021 թվականների միջոցառումների ծրագիրը։ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N338–Ն որոշմամբ գործողության ժամկետը 2021 թվականին ավարտվել է, իսկ արձանագրային որոշումը ուժը կորցրած է ճանաչվել (Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշում)։

Նախագիծը հանդիսանում է ջրավազանային կառավարման 2-րդ վեցամյա գործողության փաստաթուղթ։        

Նախագծում ներառված են՝ ջրավազանային կառավարման տարածքի և ջրային ռեսուրսների   ընդհանուր նկարագիրը, օգտագործելի ջրային ռեսուրսների, ռազմավարական և ազգային ջրային պաշարների հաշվարկը, գետերի էկոլոգիական թողքերի հաշվարկները, ջրավազանում ճնշումների և ազդեցությունների վերլուծությունը, 2025-2030  համար ջրի առաջարկի կանխատեսման և ջրի պահանջարկի հետ համադրման միջոցով ջրային ռեսուրսի ավելցուկի և պակասուրդի գնահատումը, ինչպես նաև միջոցառումների ծրագիրը։

Նախագծի առանցքը միջոցառումների ծրագիրն է, որի նպատակն է հասնել մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների և դրանց հարակից էկոհամակարգերի համար սահմանված էկոլոգիական «լավ» կարգավիճակի: Միջոցառումների ծրագիրը հիմնվում է ջրավազանի ելակետային պայմանների, ինչպես նաև էական մարդածին ճնշումների ու ջրային ռեսուրսների ազդեցության վերլուծության վրա: Շարժիչ ուժեր-ճնշումներ-ազդեցություններ վերլուծության արդյունքում բացահայտվում են խնդրահարույց տեղանքներն ու ռիսկային ջրային մարմինները: Յուրաքանչյուր ռիսկային ջրային մարմնի համար մշակվել է միջոցառումների ծրագիր, ինչը նշանակում է, որ միջոցառումների ծրագիրը հատուկ է տեղանքին ու ճնշմանը:

Ջրավազանային կառավարման պլանի հիմնական խնդիրներն են.

  1. ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով՝ մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությունը,
  2. բարելավել վատթարացված ջրային մարմինների կարգավիճակը (որակական և քանակական),
  3. կանխել բոլոր ջրային մարմինների հետագա վատթարացումը,
  4. խթանել կայուն ջրօգտագործումը:

     

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

          Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի ջրօգտագործուղների ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում հավասարակշռել ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, միջոցառումների ծրագրի իրականցման արդյունքում բարելավել ջրային մարմինների կարգավիճակը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է շրջակա միջակա միջավայրի նախարարության և Ասիական Զարգացման Բանկի հետ համատեղ։

          ՋՇԴ 14-րդ հոդվածի համաձայն՝ ջրավազանային կառավարման պլանի մշակումը ենթադրում է մասնակցային մոտեցման կիրառում, որը միավորում է տարբեր տեսակետներ ունեցող շահառու կողմերին` որոշելու, թե ինչպես պետք է իրականացվի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը: Արարատյան ՋԿՏ-ի պլանի լրամշակման ընթացքում Արարատի և Վայոց ձորի մարզում կազմակերպվել է երկու հանրային լսում՝ Արտաշատ համայնքում և  Արենի համայնքի Արփի բնակավայրում : Հանրային լսումների և խորհրդատվական գործընթացների ընթացքում կիրառվել են հարցաթերթիկներ, որոնց միջոցով հանրային ներկայացուցիչներից հավաքվել են ջրային ռեսուրսներին առնչվող հարցերի պատասխանները, առաջարկները և խորհուրդները: Հանրային լսումների ընթացքում մասնակիցների կողմից ի հայտ եկած բոլոր խնդիրների ու առաջարկությունների հիման վրա լրամշակվել են՝ Արարատյան ՋԿՏ-ի կառավարման պլանի համապատասխան գլուխները: Հանրային լսումների վերաբերյալ մասնրամասն տեղեկատվությունը ներկայացված է Նախագծի գլուխ 16-ում։

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Օրենքի 4-րդ հոդվածի Նախագիծը հանդիսանում է հիմնադրութային փաստաթուղթ։ Նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն ենթակա է ռազմավարական գնահատման և փորձաքննության: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ընթացքում անցկացվել է հանրային խորհրդակացություն, որին մասնակցել են ազդակիր համայնքները, շահագրգիռ մարմինները և գիտական հաստատությունները։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության արդյունքում Նախագիծը ստացել է դրական եզրակացություն (կցվում է՝ ԲՓ-234-25 )։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի, Ջրային օրենգրքի 20-րդ հոդվածի և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Նախագիծը նաև հրապարակված է www.e-draft.am և www.azdarar.am կայքերում։

         

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի Արարատյան ջրավազանային տարածքում հասնել ջրային ռեսուրսների լավ է­կո­լո­գիական կար­գավիճակի, ինչ­պես նաև աջակցել ջրա­­յին ռե­սուրսների կառավարման հա­մար պա­տասխանատու մարմիններին ջրային ռեսուրսների ոլորտում ո­­րո­շումներ կա­յաց­նելիս:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ առաջանում է անհրաժեշտություն լրացուցիչ ֆինանսական միջոցների (տես` Հավելվածի Գլուխ 14 աղյուսակ 47):

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Կառավարության որոշման նախագծի մշակումը չի բխում մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությունից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից,  ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից ։

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվ­­­­­րոպական համայնքի և դրանց անդամ պետությունների միջև 2017 թվականի նո­յեմ­բե­րի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից։

 

  • Discussed

    14.10.2025 - 03.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 997

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: