Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի №ՀՕ-148 օրենքի (այսուհետ` Օրենք)  56․1-ին և 56.2-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 56.1. Ինքնավար էներգաարտադրության կազմակերպումը

  1. Երաշխավորված մատակարարի ցանկացած սպառող, սույն օրենքի և շուկայի կանոնների համաձայն, ունի ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու իրավունք:

Ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած սպառողները դասակարգվում են հետևյալ կերպ.

  • զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողներ, որոնք պետական և տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություն, պետական կամ համայնքային հիմնարկ հանդիսացող, ինչպես նաև մինչև 15 կՎտ (ներառյալ) հզորությամբ էլեկտրական ցանցին միացած մնացած բոլոր ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած սպառողներն են,
  • զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողներ, որոնք զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող չհանդիսացող ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած մնացած սպառողներ են:
  1. Ինքնավար էներգաարտադրողը, սույն օրենքի և շուկայի կանոնների համաձայն, ունի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու կամ ինքնավար խմբում ներգրավվելու իրավունք:
  2. Զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողն էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու կամ դրանում ներգրավվելու իրավունքները կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ նրա հաշվառման համակարգը բավարարում է շուկայի կանոններով սահմանված պահանջներին:
  3. Բաշխման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող սպառողի դիմումի հիման վրա ապահովել վերջինիս արտադրող տեղակայանքի միացումը բաշխման ցանցին՝ շուկայի կանոններով սահմանված կարգով, իսկ երաշխավորված մատակարարը՝ կնքել փոխհոսքերի պայմանագիր՝ հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան:
  4. Ինքնավար էներգաարտադրողը, իսկ ինքնավար խմբի դեպքում դրա մասնակիցները մատուցված էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության համար վճարում են հանձնաժողովի սահմանած սակագներով՝ շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով: Ինքնավար խմբի մասնակիցների հարաբերությունները սույն օրենքի իմաստով ենթակա չեն կարգավորման:
  5. Ինքնավար էներգաարտադրողի էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությունը՝ բայց ոչ ավելի քան 25 կՎտ-ը: Ինքնավար խմբի դեպքում խմբում ներգրավված ինքնավար էներգաարտադրողների էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050 կՎտ-ը: Ինքնավար խմբում էներգաարտադրող չհանդիսացող սպառողները ներգրավվում են առանց հզորության սահմանափակման:
  6. Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների կամ զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների և սպառողների ինքնավար խումբը կոչվում է զուտ հաշվառման ինքնավար խումբ: Ինքնավար խմբում թեկուզ մեկ զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողի ներգրավման դեպքում ինքնավար խումբը կոչվում է զուտ բիլինգային ինքնավար խումբ։
  7. Ինքնավար էլեկտրական էներգիա արտադրողը իր տվյալ տեղակայանքով շուկայի կանոններով սահմանված կարգով կարող է մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարվելու պայմանով՝ առանց հետագայում այն վերականգնելու իրավունքի։
  8. Ինքնավար էներգաարտադրողի էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանքը բաշխման ցանցին միացման, պայմանագրերի կնքման, փոխհոսքերի իրականացման, մատուցվող ծառայությունների համար վճարումների, ինքնավար խմբի ստեղծման և գործունեության, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակը կորցնելու հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով:

Հոդված 56.2. Ինքնավար էներգաարտադրության ընթացքում հաշվառումն ու հաշվարկները      

  1. Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողի կողմից ինքնավար էներգաարտադրության շրջանակում երաշխավորված մատակարարին մատակարարված և այդ ինքնավար էներգաարտադրողի սպառած էլեկտրական էներգիայի քանակությունները հաշվառվում և հաշվանցվում են ամսական կտրվածքով՝ անկախ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման ժամերից:
  2. Զուտ հաշվառման ինքնավար խմբում, խմբի մասնակիցների միջև ինքնավար էներգաարտադրության շրջանակում երաշխավորված մատակարարին մատակարարված և ինքնավար խմբի մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիան խմբի մասնակիցների միջև բաշխվում է ամսական կտրվածքով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:
  3. Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողի, իսկ զուտ հաշվառման ինքնավար խմբի դեպքում՝ խմբի կողմից երաշխավորված մատակարարին մատակարարված և սպառված էլեկտրական էներգիայի ամսական քանակությունների՝
    • դրական տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիայի համար երաշխավորված մատակարարն ինքնավար էներգաարտադրողին, իսկ զուտ հաշվառման ինքնավար խմբի դեպքում խումբն ստեղծած ինքնավար էներգաարտադրողին տրամադրում է հատուցում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից հաշվեկշռման շուկայում անհաշվեկշռույթների արդյունքով առաջացած էլեկտրական էներգիայի վաճառքի տվյալ ժամանակահատվածի նվազագույն գնով, իսկ
    • բացասական տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիայի համար ինքնավար էներգաարտադրողը, իսկ զուտ հաշվառման ինքնավար խմբի դեպքում ինքնավար խմբի մասնակիցը վճարում է երաշխավորված մատակարարին հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված սակագնով:
  4. Զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողի կողմից ինքնավար էներգաարտադրության շրջանակում երաշխավորված մատակարարին մատակարարված և այդ ինքնավար էներգաարտադրողի սպառած էլեկտրական էներգիայի քանակությունները հաշվառվում և հաշվարկներն իրականացվում են առանձին՝ ժամային կտրվածքով։
  5. Զուտ բիլինգային ինքնավար խմբի բոլոր մասնակիցների համար ինքնավար էներգաարտադրության ընթացքում հաշվառումն ու հաշվարկներն իրականացվում են սույն հոդվածի 6-8-րդ մասերով սահմանված պայմաններով։
  6. Զուտ բիլինգային ինքնավար խմբում, էներգաարտադրող չհանդիսացող խմբի մասնակից ինքնավար էներգաարտադրողների կողմից երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրաէներգիայի քանակը բաշխվում է ինքնավար խմբի մասնակիցների միջև ժամային կտրվածքով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով։    
  7. Զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողի, իսկ զուտ բիլինգային խմբի դեպքում՝ խմբի կողմից երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի ամսական արժեքի և սպառած էլեկտրաէներգիայի ամսական արժեքի տարբերության դեպքում այդ դրական տարբերության չափով զուտ բիլինգային ինքնավար խումբը ստեղծող ինքնավար էներգաարտադրողին տրամադրվում է հատուցում՝ շուկայի կանոններով սահմանված կարգով։
  8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված արժեքները որոշվում են ամսական կտրվածքով հետևյալ կերպ՝
  • ինքնավար էներգաարտադրողի իսկ զուտ բիլինգային ինքնավար խմբի դեպքում՝ խմբի բոլոր ինքնավար էներգաարտադրողների կողմից երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը՝ այդ էլեկտրական էներգիայի քանակի և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից հաշվեկշռման շուկայում անհաշվեկշռույթների արդյունքով առաջացած էլեկտրական էներգիայի վաճառքի տվյալ ժամանակահատվածի նվազագույն գնի արտադրյալով, իսկ
  • ինքնավար էներգաարտադրողի, իսկ զուտ բիլինգային ինքնավար խմբի դեպքում՝ խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրաէներգիայի արժեքը՝ շուկայի կանոններով սահմանված կարգով հաշվարկվող սպառված էլեկտրական էներգիայի քանակի և հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված սակագնի արտադրյալով։»։

Հոդված 2Օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8․ Մինչև 2026 թվականի մայիսի 1-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած 50 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություն, պետական կամ համայնքային հիմնարկ հանդիսացող ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ կիրառվում են զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների համար սահմանված կարգավորումները, 50 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ մյուս ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ՝ զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողների համար սահմանված կարգավորումները:»։

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 1-ին:
  2. Մինչև 2026 թվականի մայիսի 1-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգավորումները կիրառվում են հետևյալ ժամկետներում.
    • մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած՝ սույն օրենքի իմաստով զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների համար՝ 2030 թվականի մայիսի 1-ից, իսկ զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրող հանդիսացող արտադրողների համար՝ 2027 թվականի մայիսի 1-ից․
    • 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 30-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած՝ սույն օրենքի իմաստով զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների համար՝ 2031 թվականի մայիսի 1-ից, իսկ զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրող հանդիսացող արտադրողների համար՝ 2028 թվականի մայիսի 1-ից․
    • 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած՝ սույն օրենքի իմաստով զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների համար՝ 2032 թվականի մայիսի 1-ից, իսկ զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրող հանդիսացող արտադրողների համար՝ 2029 թվականի մայիսի 1-ից․
    • 2024 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած՝ սույն օրենքի իմաստով զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների համար՝ 2033 թվականի մայիսի 1-ից, իսկ զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրող հանդիսացող արտադրողների համար՝ 2030 թվականի մայիսի 1-ից․
    • 2025 թվականի մայիսի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած՝ սույն օրենքի իմաստով զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների համար՝ 2034 թվականի մայիսի 1-ից, իսկ զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրող հանդիսացող արտադրողների համար՝ 2031 թվականի մայիսի 1-ից:
  3. Այն ինքնավար էներգաարտադրողները, որոնց մասով շուկայի կանոններով սահմանված է մեծածախ շուկա պարտադիր մուտքի պարտավորություն, պարտավոր են իրենց տվյալ հաշվառման կետերի մասով հրաժարվել ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից և ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ընտրել Մատակարար։ Շուկայի կանոններով սահմանված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ մատակարար չընտրելու պարագայում ինքնավար էներգաարտադրողի՝ երաշխավորված մատակարարի հաշվեկշռման խմբից տեղափոխումն իրականացվում է շուկայի օպերատորի կողմից վերջինիս նախաձեռնութամբ՝ համաձայն շուկայի կանոնների։
  4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր ընդունած իրավական ակտերը համապատասխանեցնում է սույն օրենքի պահանջներին և անհրաժեշտության դեպքում ընդունում սույն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր։
  • Обсуждалось

    05.09.2025 - 21.09.2025

  • Тип

    Закон

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2296

Принт

Предложения

Arsen Hayriyan

14.09.2025

Հոդված 56.2. առաջարկվող նոր խմբագրության 6-րդ կետի մասով՝ Կետը սահմանում է՝ „Զուտ բիլինգային ինքնավար խմբում, էներգաարտադրող չհանդիսացող խմբի մասնակից ինքնավար էներգաարտադրողների կողմից երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրաէներգիայի քանակը բաշխվում է ինքնավար խմբի մասնակիցների միջև ժամային կտրվածքով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով։ “ Կարծում եմ այստեղ վրիպակ կա, քանի որ՝ - Ինչպե՞ս կարող է էներգաարտադրող չհանդիսացողը լինել ինքնավար էներգաարտադրող։ - Ինչպե՞ս կարող է էներգաարտադրող չհանդիսացողը մատակարարել էլեկտրաէներգիա, երբ վերջինս արտադրող չէ, այլ միայն սպառող։ Ենթադրում եմ, որ խոսքը գնում է էներգաարտադրող հանդիսացող խմբի անդամի մասին և առաջարկում եմ „չհանդիսացող“ բառը փոխարինել „հանդիսացող“ բառով։

Arsen Hayriyan

14.09.2025

Հոդված 59-ի 8-րդ մասի առաջարկվող նոր խմբագրության մասով՝ Կետը սահմանում է՝ «Մինչև 2026 թվականի մայիսի 1-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած 50կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություն, պետական կամ համայնքային հիմնարկ հանդիսացող ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ կիրառվում են զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների համար սահմանված կարգավորումները, 50 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ մյուս ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ՝ զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողների համար սահմանված կարգավորումները:» Այս կետը այնքան էլ հասկանալի չէ, կարծես նա պետք է վերաբերի Ինքնավար էներգաարտադրության սահմանաչափին՝ որը ըստ նախագծի 25 կՎտ է, այլ ոչ թե 50 կՎտ։ Այլապես ստացվում է, որ մինչև 2026 թվականի մայիսի 1-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած 26 կՎտ հզորությամբ «պետական կամ համայնքային» կայանը, որը սույն օրենքի իմաստով հանդիսանում է զուտ հաշվառման ինքնավար՝ ամենաուշը 2034 թվականի մայիսի 1-ից պետք է անցնի զուտ բիլինգի՝ համաձայն անցումային դրույթների, մինչդեռ 50 կՎտ-ից ավելի հզորությամբ «պետական կամ համայնքային» կայանները կմնան զուտ հաշվառման համակարգի ներքո։ Ենթադրում եմ, որ այս դրույթը վերաբերում է Ինքնավար էներգաարտադրության սահմանաչափին և առաջարկում եմ Օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի նոր խմբագրության մեջ «50 կՎտ» փոխարինել «25 կՎտ»-ով։

Arsen Hayriyan

14.09.2025

Հոդված 3․ «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ»-ի մասով՝ 2-րդ կետը սահմանում է՝ «Մինչև 2026 թվականի մայիսի 1-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգավորումները կիրառվում են հետևյալ ժամկետներում. 1) մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած՝ սույն օրենքի իմաստով զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների համար՝ 2030 թվականի մայիսի 1-ից, իսկ զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրող հանդիսացող արտադրողների համար՝ 2027 թվականի մայիսի 1-ից.» Անցումային դրույթներում սույն օրենքի իմաստով զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողներին անդրադառնալու անհրաժեշտությունը հասկանալի չէ, քանի որ սույն կետով ստացվում է, որ, օրինակ՝ մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած 13 կՎտ հզորությամբ կայանը, որը սույն օրենքի իմաստով հանդիսանում է Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող, 2030 թվականի մայիսի 1-ից շարունակելու է մնալ Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող, որը անիմաստ կարգավորում է, քանի որ դրան չանդրադառնալու պարագայում էլ վերջինս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո էլ մնալու էր Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող։ Անցումային դրությներում իմաստ ունի անդրադառնալ միայն սույն օրենքի իմաստով զուտ բիլինգային ինքնավարներին, քանի որ վերջիններս անցնում են զուտ հաշվառումից զուտ բիլինքի և դրա համար պետք է սահմանել անցումային շրջան, որը ըստ այդ նախագծի ստացվում է 5 տարի։ Առաջարկվում է Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողներին անդրադառնալ մեկ կետով, հետևյալ խմբագրությամբ՝ «Մինչև 2026 թվականի մայիսի 1-ը փոխհոսքերի պայմանագիր կնքած սույն օրենքի իմաստով Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգավորումները կիրառվում են սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից։» Միաժամանակ առաջարկվում է անցումային դրույթներում առանձին ըստ տարիների անդրադառնալ միայւն Զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողներին, սահմանելով անցումային շրջան։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: