«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքով, որով կարգավորվել են արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները։ Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հետախուզության ստորաբաժանման արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությունը դադարում է Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքն ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո, իսկ 6-րդ մասով սահմանվել է, որ վերոնշյալ կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո Ծառայությունը շարունակում է իրականացնել հետախուզական գործունեություն բացառապես իր կանոնադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում։
Ծառայության կողմից հակահետախուզական, այդ թվում՝ արտաքին հակահետախուզական գործունեությունն առավել արդյունավետ և համակարգված իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Ծառայության հետախուզության գլխավոր վարչության հիմքի վրա ստեղծել արտաքին հակահետախուզական ստորաբաժանում, որտեղ կկենտրոնացվեն արտաքին հակահետախուզական միջոցառումների վարույթները։ Նշված ստորաբաժանման ուժերով իրականացվելու են նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետական դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը։
Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել նախատեսել նաև Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզական և Արտաքին հետախուզության ծառայության միջև փոխգործակցության կառուցակարգերը։
Միաժամանակ, Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի համանմանությամբ, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել ազգային անվտանգության մարմինների համար իրավասություն սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում։ Նման կարգավորման սահմանումը առավել արդյունավետ կդարձնի Ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների իրականացումը։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել նախատեսել հասարակության առավել լայն շերտերին Ազգային անվտանգության ծառայութան սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում ծառայության ներգրավելու հետ կապված մեխանիզմներ:
Բացի այդ, նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենքների մի շարք դրույթներ արդի օրենսդրության իրավակարգավորումներին համապատասխանեցնելու և գործնականում ի հայտ եկած մի շարք խնդրահարույց դրույթներ վերանայելու անհրաժեշտությամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծերով առաջարկվում է՝
1) ամրագրել ազգային անվտանգության մարմինների կողմից արտաքին հակահետախուզական գործունեություն իրականացնելու գործառույթը,
2) որպես ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության իրականացման հիմք սահմանել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում պետական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը,
3) հետախուզական և հակահետախուզական մարմինների համագործակցության կարգը սահմանելու իրավասությունը վերապահել ՀՀ վարչապետին,
4) ազգային անվտանգության մարմինների համար իրավասություն սահմանել ստանալու հասանելիություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ առցանց ձևաչափով,
5) ուժը կորցրած ճանաչել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում ամրագրված Ազգային անվտանգության ծառայության հետախուզական ստորաբաժանումների վերաբերյալ իրավակարգավորումը,
6) ներդնել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում և այլ կառուցվածքային ստորաբաժանումների՝ մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում 30 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև դատապարտված, սակայն դատվածությունը մարված կամ վերացված անձանց սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում ծառայության ընդունելու հետ կապված մեխանիզմներ («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթների համանմանությամբ),
7) Ծառայության՝ որպես ՀՀ վարչապետին ենթակա մարմնի, սպայական անձնակազմի պետական մարմիններ և կազմակերպություններ գործուղման կազմակերպչական գործընթացների միակենտրոն կառավարման ապահովման և արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսել, որ գործուղման կարգը սահմանվում է ՀՀ վարչապետի կողմից,
8) Ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթներին, ինչպես նաև վերացնել անհարկի կրկնվող կարգավորումները,
9) Ազգային անվտանգության մարմինների աշխատակցիներին հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ հատկացնելու և հաշվառելու կարգը սահմանելու իրավասությունը վերապահել Ծառայության տնօրենին,
10) օրենքների մի շարք դրույթներ համապատասխանեցնել արդի օրենսդրության իրավակարգավորումներին և վերանայել գործնականում ի հայտ եկած մի շարք խնդրահարույց դրույթներ:
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Ազգային անվտանգության ծառայության հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը կդադարեցվի, Ազգային անվտանգության ծառայության կողմից կիրականացվի արտաքին հակահետախուզական գործունեություն, իրավասություն կունենա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն՝ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում, կնախատեսվեն Ազգային անվտանգության ծառայությունը՝ առավելապես սահմանապահ զորքերը և հատուկ ստորաբաժանումները համալրելու համար անհրաժեշտ լրացուցիչ իրավակարգավորումներ, ինչպես նաև կարդիականցվեն օրենքներում առկա մի շարք դրույթներ։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը պարբերությունից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
-
Обсуждалось
18.08.2025 - 02.09.2025
-
Тип
Закон
-
Область
Безопасность
-
Министерство
Служба национальной безопасности
Просмотры 1636
Принт