Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հանրային վստահությունը և մասնակցայնությունը քաղաքականության վերաբերյալ որոշումների կայացմանը ժողովրդավարական կառավարման հիմնարար տարրեր են, որոնք կարևոր են կառավարության բարեփոխումների օրինականության և արդյունավետության ապահովման համար: Թափանցիկությունը և հաշվետվողականությունը քաղաքացիների ու կառավարության միջև հանրային վստահության ամրապնդման կարևորագույն գործիքներ են, որոնց հասնելու հնարավոր ճանապարհներից մեկը քաղաքացիական հասարակությանը քաղաքականության որոշումների կայացմանը ներգրավելու օրենսդրական կայուն հիմքերի ապահովումն է:

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին ընդունվել է «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը» (այսուհետ՝ Ռազմավարություն), որը մանրամասնորեն վերլուծում է անցած 30 տարիների ընթացքում հանրային կառավարման ձևավորման, իրականացված բարեփոխումների փուլերը, թույլ տված բացերի պատճառները, հետևանքները և սահմանում է առաջիկա տարիների ռազմավարական նպատակները ու գործողությունների պլանը։

Ռազմավարական նպատակներից մեկը քաղաքականության մշակման և մասնակցային կառավարման համակարգի զարգացումն է։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել նախարարներին և ՀՀ կառավարության ենթակա մարմինների (Քաղաքաշինության, Կադաստրի և Պետական եկամուտների կոմիտեներ) ղեկավարներին կից հասարակական խորհուրդների գործունեության միջազգային չափանիշներին բավարարող իրավական հիմքեր։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հասարակական խորհուրդների գործունեության օրինակելի աշխատակարգը հաստավել է 2015 թվականին կառավարության արձանագրային որոշմամբ, որի հիման վրա, որպես կանոն, նախարարությունները հաստատել են նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը։ Սակայն հարկ է նշել, որ նշված արձանագրային որոշումը գործել է մինչև 2021 թվականի հոկտեմբեր և ՀՀ կառավարության 2021թ․ հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշմամբ ճանաչվել է անվավեր։ 

Գործող օրենսդրության և ընթացիկ իրավիճակի վերլուծության արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական համակարգային խնդիրները՝

  • Նախարարին կից հասարակական խորհրդի գործառույթները չեն համապատասխանում Ռազմավարությամբ առաջադրված խնդիրներին։

Նախարարին կից հասարակական խորհրդի գործառույթների մի մասը հստակ չեն, անհասկանալի են դրանց իրականացման մեխանիզմները, իսկ մի մասը չեն ապահովում Ռազմավարությամբ որոշումների կայացման գործընթացներում հանրային մասնակցության ապահովման ինստիտուցիոնալ հիմքերը, մասնակցության ձևերի իրավական ու ընթացակարգային մեխանիզմները։

Եթե խմբավորենք հասարակական խորհրդի լիազորությունները, ապա կստանանք հետևայալ պատկերը: Խորհուրդները՝

  • աջակցում են նախարարությանը,
  • նախարարությանը ներկայացնում են կարծիքներ ու դիտողություններ,
  • քննարկում են կարծիքներ և տեսակետներ։

Քննարկման կարիք ունի կառավարության ներկա կառուցվածքի պարագայում խորհրդի նախագահի դերը բացառապես նախարարին վերապահելու դրույթը։ Խոշորացված նախարարությունների պարագայում հասարակական խորհրդի նիստի ընթացքում նախարարը գործնականում հնարավորություն չի ունենա անդրադառնալ նախարարության բոլոր ոլորտների խորքային և բովանդակային հարցերին։

Բացակայում են կարգավորումներ խորհրդի կազմում մարզային ՔՀԿ-ների ներգրավման վերաբերյալ։ Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են բացառապես տեղում՝ նիստերի միջոցով, բացակայում են հեռավար նիստերի անցկացման հնարավորության վերաբերյալ կարգավորումները, որը ինչ որ առումով կլուծեր մարզային ՔՀԿ-ների մասնակցության հարցը։

Խնդրահարույց է նաև օրակարգի ձևավորման վերաբերյալ կարգավորումները։ Մասնավորապես, եթե հաշվի առնենք հասարակական խորհուրդներ ստեղծելու նպատակի վերաբերյալ նախարարությունների օրինակելի կանոնադրության գործող դրույթը, ապա օրենսդրությամբ պետք է սահմանված լինեն օրակարգային այն հարցերի նվազագույն ծավալը, որոնք պարտադիր պետք է քննարկվեն Խորհրդում։

Նախարարների կողմից ընդունված աշխատակարգերը, որոնք գրեթե ամբողջությամբ կրկնում են այլևս չգործող 2015 թվականի արձանագրային որոշման դրույթները, չեն կարգավորում ՔՀԿ-ների հետ ընթացիկ աշխատանքների ապահովման հարցերը։ Խորհրդի անդամների լիազորություններն ամբողջական և ավարտուն չեն։ Եթե նախարարի կողմից անդամի առաջարկած հարցը չի ընդգրկվում օրակարգում, ապա այդ հարցին որևէ կերպ նախարարության կողմից անդրադառնալու կարգավորում նախատեսված չէ։ Նույն իրավիճակն է նաև Խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի շուրջ կարծիք հայտնելու լիազորության մասով։

 

  • Ոլորտը կարգավորող իրավական դաշտի համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին։

Ոլորտը կարգավորող իրավական ակտերում բացակայում են մասնակցային կառավարման միջազգայնորեն ընդունված սկզբունքների վերաբերյալ կարգավորումները։

Մասնակցային կառավարման կառուցակարգերի ու գործիքակազմերի միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ՔՀԿ-ների քաղաքականության մշակման որոշումների կայացման փուլերին արդյունավետ ներգրավելու համար կան հիմնարար սկզբունքներ, որոնք անհրաժեշտ է ապահովել ոլորտը կարգավորող օրենսդրության մակարդակում։ Այդ սկզբունքներն են՝

  • տեղեկատվության ժամանակին և համապարփակ տրամադրումը, տեղեկատվության փոխանակումը քաղաքականության մշակման ընթացիկ գործընթացների վերաբերյալ,
  • որոշումների կայացման հստակ, բաց և մատչելի ընթացակարգերի կիրառումը, որոնք սահմանում են քաղաքականության մշակման գործընթացին ՔՀԿ-ների մասնակցության նպատակները, քննարկվող որոշումների տեսակները, առաջարկություններ ներկայացնելու և դրանք քննարկելու կարգը, գործընկեր պետական մարմնի պաշտոնյաների պարտականությունները․
  • նախարարությունների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը ՔՀԿ-ների հետ քննարկումներին, հատկապես՝ կարծիքները, առաջարկությունները և դիտողությունները լսելու և ժամանակին արձագանքելու միջոցով․
  • քաղաքականության ռազմավարական, հայեցակարգային նախագծեր մշակելիս ՔՀԿ-ների հետ երկու փուլով քննարկումների իրականացում՝ մեկնարկային փուլում, երբ քննարկվում են հայեցակարգային մոտեցումները, գաղափարները և նախագիծը մշակելուց անմիջապես հետո (այսպես կոչված նախագծի զրոյական տարբերակ կամ առնվազն շահագրգիռ պետական մարմիններ այն շրջանառելուն զուգահեռ):

ԵՄ անդամ երկրներում հանրային քաղաքականության մշակման գործընթացներում քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման համար հիմնարար փաստաթուղթը Եվրոպական Հանձնաժողովի 12.12.2023թ.(EU) 2023/2836 հանձնարարականն է, որը պարտավորեցնում է ունենալ պարզ և հասանելի ընթացակարգեր։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել իրավական ակտ, որը կանոնակարգում է ՀԽ-ների ստեղծման և աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը։ Վարչապետի որոշման նախագծով հաստատվում են.

Ա. ՀՀ նախարարների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների ղեկավարներին կից հասարակական խորհուրդների աշխատակարգը,

բ. ՀՀ նախարարների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների ղեկավարներին կից հասարակական խորհուրդների ձևավորման կարգը։

Որոշման նախագծով հստակ կարգավորվում են ուսումնասիրությունների ընթացքում վերհանված հետևյալ հարցերը.

  • Նախարարությունները և ՀՀ կառավարության ենթակա մարմինները պարտավոր են խորհրդի աշխատանքները հեռարձակել on-line.
  • Սահմանվում է նվազագույն հարցերի շրջանակ, որոնք պարտադիր ենթակա են քննարկման ՀԽ-ներում.
  • Նախատեսվում է մարզային ՔՀԿ-ների պարտադիր ներգրավման նվազագույն քվոտա, սահմանելով, որ այդ կազմակերպություններն աշխատանքներին կարող են միանալ հեռավար, իսկ Նախարարությունները և ՀՀ կառավարության ենթակա մարմինները պարտավոր են ապահովել այն.
  • Նախարարություններում և ՀՀ կառավարության ենթակա մարմիններում ՔՀԿ-ների հետ արդյունավետ աշխատանքի կազմակերպման և հետադարձ կապի ապահովման համար նշանակվում է համակարգող պաշտոնատար անձ և պատասխանատու անձ՝ իրենց հստակ գործառույթներով
  • Հասարակական խորհուրդը կոնկրետ հարցերի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար կարող է ձևավորել փորձագիտական խմբեր.
  • Խորհրդի անդամ ՔՀԿ-ների հետ քննարկումներ իրականացվելու են քաղաքականության որոշման հայեցակարգային փուլում (պարտադիր չէ նիստերի միջոցով, հնարավոր է նաև համակարգող պաշտոնատար անձի միջոցով) և մշակելուց ու պաշտոնական շրջանառության դնելուց անմիջապես առաջ.
  • Խորհրդի օրակարգը և օրակարգային հարցերի նյութերը, նիստը սկսելու օրը, ժամը, on-line նիստին հետևելու հնարավորության մասին տեղեկությունները նիստից մի քանի օր առաջ հրապարակվելու են նախարարությունների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների պաշտոնական կայքերում, ինչպես նաև սոց.ցանցերի էջերում, եթե այդպիսիք առկա են.
  • Կանոնակարգվում է խորհրդի անդամների առաջարկությունների և դիտողությունների քննարկման հետ կապված հարցերը (ժամկետներ, հետադարձ կապ, ամփոփաթերթ և այլն).
  • Խորհրդի անդամների հետ քննարկված իրավական ակտի նախագծերը պաշտոնական շրջանառությունից հետո, մինչև հաստատող կամ ընդունող մարմնին ներկայացնելը, տեղեկացվում է Խորհրդի անդամներին՝ էլեկտրոնային փոստի միջոցով։

 

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի կողմից՝ քաղաքացիական հասարակության և մասնագիտան ուղղվածություն ունեցող կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ: Նախագիծը շրջանառվել է բոլոր նախարարություններին և ՀՀ կառավարության ենթակա մարմիններին (Քաղաքաշինության, Կադաստրի և Պետական եկամուտների կոմիտեներ) կարծիք ներկայացնելու համար:

 5. Կապը ռազմավարական ծրագրերի հետ

Համաձայն՝

  1. ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Վարչապետի աշխատակազմ» գլխի «Քաղաքականությունների մշակման գործընթացում հանրային մասնակցության ապահովման գործիքակազմի բարելավում» բաժնի «1.2 Մասնակցային կառավարման գործիքների, կարգավորումների և մեխանիզմների բարելավում» կետից.
  2. Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ որոշման հավելված 1-ի 34-րդ կետի՝ Մասնակցային կառավարման համակարգի բարելավման նպատակով կիրականացվեն հետևյալ միջոցառումները՝

1) Մասնակցային կառավարման կառուցակարգերի ու գործիքակազմի վերանայում՝ ապահովելով բաց ու ներառական որոշումների կայացման գործընթաց, այդ թվում՝ «նախարարներին կից գործող հասարակական խորհուրդների գործառույթների ու արդյունավետության բարելավմանն ուղղված միջամտությունները»:

Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1568-Լ որոշմամբ հաստատված մասնակցային կառավարման քաղաքականության զարգացման միջոցառումներից։ 

 

6.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվում է համապատասխան իրավական դաշտ և միջավայր Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ նախանշված արդյունքային ցուցանիշներին հասնելու համար, այն է՝ «Իրավական ակտերի քննարկումներում հանրային մասնակցության աճ, %» և «Իրավական ակտերի հանրային քննարկումների արդյունավետության աճ, %»։

7. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի էական ավելացում չի առաջանում։

Որոշակի ֆինանսական միջոցներ նախարարությունները պետք է պլանավորեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, նախարարությունների պաշտոնական կայքերը սույն որոշման պահանջներին համապատասխանեցնելու համար: Նշենք նաև, որ բոլոր նախարարությունները ունեն հասարակական խորհուրդների համար առանձին բաժիններ։

8. Այլ տեղեկություններ.

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի նախարարությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշումների նախագծերը ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը։

  • Обсуждалось

    06.08.2025 - 22.08.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Общественное управление

  • Министерство

    Аппарат Премьер-министра

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1181

Принт

Предложения

Liana Babayan

21.08.2025

Ռոտացիայի արդյունքում Խորհրդի անդամների թվաքանակն ամբողջությամբ չհամալրվելու դեպքում, Խորհրդի թվաքանակը լրացվում է ռոտացիայի ենթակա Խորհրդի անդամների մեկ երրորդի շրջանակում վիճակահանություն իրականացնելու միջոցով՝ պահպանելով սույն կարգի 7-րդ կետում նշված համամասնությունը։ Շարադրվածից հասկացվում է ռոտացիայի ենթակա Խորհրդի անդամների մեկ երրորդի անդամներից ընտրվելու է մեկ երրորդի շրջանակ վիճակահանություն իրականացելու համար: Առաջարկում եմ նախադասությունից հանել մեկ երրորդի բառերը, քանի որ արդեն վերևը նշված է, որ երկու տարին մեկ անգամ Խորհրդի անդամների մեկ երրորդը ենթակա է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության,և շարադրել այսպես. Ռոտացիայի արդյունքում Խորհրդի անդամների թվաքանակն ամբողջությամբ չհամալրվելու դեպքում, Խորհրդի թվաքանակը լրացվում է ռոտացիայի ենթակա Խորհրդի անդամների շրջանակում վիճակահանություն իրականացնելու միջոցով՝ պահպանելով սույն կարգի 7-րդ կետում նշված համամասնությունը։

Նարինե Շաբոյան

20.08.2025

Համայնքներում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից Խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել․ 1) ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական ոչ առևտրային կազմակերպությունները (բացառությամբ՝ կուսակցությունների), որոնց գտնվելու վայրի հասցեն ՀՀ որևէ համայնքի տարածքում է և տվյալ համայնքում կամ մարզում ծավալում են գործունեություն նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով նախատեսված հիմնական ոլորտներում, ունեն տվյալ ոլորտի առնվազն երկու տարվա գործունեության փորձ: Այս դեպքում ևս սահմանել վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երկու տարվա գործունեության փորձ: Նույնը նաև ֆիզիկական անձանց դեպքում:

Vahan Gharabaghtsyan

20.08.2025

Արդյո՞ք խորհրդի նիստերը միայն ձայնագրվելու են, եթե տեսաձայնագրություն չի նախատեսվում, առաջարկում եմ նաև տեսաձայնագրել: Ընդհանրապես փաստաթղթերի պահպանման համար օրենքով նախատեսված է առնվազն հինգ տարի պահպանման ժամկետ, առաջարկում եմ ձայնագրության պահպանման համար ևս սահմանել առնվազն հինգ տարի:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: