Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել իրավական ակտ, որը կանոնակարգում է ՀԽ-ների ստեղծման և աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը։ Վարչապետի որոշման նախագծով հաստատվում են.
Ա. ՀՀ նախարարների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների ղեկավարներին կից հասարակական խորհուրդների աշխատակարգը,
բ. ՀՀ նախարարների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների ղեկավարներին կից հասարակական խորհուրդների ձևավորման կարգը։
Որոշման նախագծով հստակ կարգավորվում են ուսումնասիրությունների ընթացքում վերհանված հետևյալ հարցերը.
- Նախարարությունները և ՀՀ կառավարության ենթակա մարմինները պարտավոր են խորհրդի աշխատանքները հեռարձակել on-line.
- Սահմանվում է նվազագույն հարցերի շրջանակ, որոնք պարտադիր ենթակա են քննարկման ՀԽ-ներում.
- Նախատեսվում է մարզային ՔՀԿ-ների պարտադիր ներգրավման նվազագույն քվոտա, սահմանելով, որ այդ կազմակերպություններն աշխատանքներին կարող են միանալ հեռավար, իսկ Նախարարությունները և ՀՀ կառավարության ենթակա մարմինները պարտավոր են ապահովել այն.
- Նախարարություններում և ՀՀ կառավարության ենթակա մարմիններում ՔՀԿ-ների հետ արդյունավետ աշխատանքի կազմակերպման և հետադարձ կապի ապահովման համար նշանակվում է համակարգող պաշտոնատար անձ և պատասխանատու անձ՝ իրենց հստակ գործառույթներով
- Հասարակական խորհուրդը կոնկրետ հարցերի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար կարող է ձևավորել փորձագիտական խմբեր.
- Խորհրդի անդամ ՔՀԿ-ների հետ քննարկումներ իրականացվելու են քաղաքականության որոշման հայեցակարգային փուլում (պարտադիր չէ նիստերի միջոցով, հնարավոր է նաև համակարգող պաշտոնատար անձի միջոցով) և մշակելուց ու պաշտոնական շրջանառության դնելուց անմիջապես առաջ.
- Խորհրդի օրակարգը և օրակարգային հարցերի նյութերը, նիստը սկսելու օրը, ժամը, on-line նիստին հետևելու հնարավորության մասին տեղեկությունները նիստից մի քանի օր առաջ հրապարակվելու են նախարարությունների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների պաշտոնական կայքերում, ինչպես նաև սոց.ցանցերի էջերում, եթե այդպիսիք առկա են.
- Կանոնակարգվում է խորհրդի անդամների առաջարկությունների և դիտողությունների քննարկման հետ կապված հարցերը (ժամկետներ, հետադարձ կապ, ամփոփաթերթ և այլն).
- Խորհրդի անդամների հետ քննարկված իրավական ակտի նախագծերը պաշտոնական շրջանառությունից հետո, մինչև հաստատող կամ ընդունող մարմնին ներկայացնելը, տեղեկացվում է Խորհրդի անդամներին՝ էլեկտրոնային փոստի միջոցով։