Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով մարդու առողջության և շրջակա միջավայրի համար սնդիկի և դրա միացությունների խիստ թունավոր հատկությունները ՀՀ կողմից 2017 թվականին վավերացվել է  «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա), իսկ դրա շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Ազգային ժողովի կողմից 2022 թվականի մարտի 23-ին ընդունվել է «Սնդիկի մասին» օրենքը:

«Սնդիկի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված է արգելք ՀՀ-ում  սնդիկի արդյունահանման համար և կոնվենցիայի Ա հավելվածի I մասում թվարկված սնդիկի հավելիչով ապրանքների արտադրության համար։

Ընդերքի մասին օրենսգրքով արգելվել է սնդիկ պարունակող հանքանյութի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրությունը և արդյունահանումը։

 ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 27-Ն հրամանով հաստատված հավելվածի աղյուսակ 5-ի համաձայն՝ սնդիկը և սնդիկի անօրգանական միացությունները հանդիսանում են վտանգավորության 1-ին դասի նյութեր։

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի 1-ին պարբերությամբ սահմանված է, որ սնդիկի միացությունը դա ցանկացած նյութն է, որը բաղկացած է սնդիկի ատոմներից և այլ քիմիական տարրերի մեկ կամ ավելի ատոմներից, որոնք կարելի է բաժանել տարբեր բաղադրիչների միայն քիմիական ռեակցիաների միջոցով:

Հաշվի առնելով, որ սնդիկի միացություններն իրենց թունավոր հատկության պատճառով հանդիսանում են վտանգավոր նյութեր՝ մեծ մասը վտանգավորության 1-ին դասի, ուստի Օրենքի կարգավորումները սնդիկի բոլոր միացությունների վրա տարածելու նպատակով նպատակահարմար է չսահմանափակել սնդիկի միացությունների շարքը միայն Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ թվարկված նյութերով։

Սնդիկը և սնդիկի որոշ միացություններ ներառված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ ԵՏՀ) կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի Ոչ սակագնային կարգավորման մասին» N30 որոշման 2.13-րդ բաժնում սահմանված ապրանքների ցանկում, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք թույլատրվում է լիազոր մարմնի կողմից տրամադրված միանգամյա լիցենզիայի հիման վրա, իսկ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակներով դրանց ներմուծումը ՀՀ և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների տարածք արգելված է։ Արտաքին առևտրի դեպքում վերը նշված թունավոր նյութերի ներմուծումը կարգավորվում է նաև ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշումներով, որոնց համաձայն ԵԱՏՄ, այդ թվում՝ ՀՀ տարածք այդ նյութերի ներմուծման համար անհրաժեշտ է ստանալ շրջակա միջավայրի նախարարության  կողմից տրամադրվող միանգամյա (մեկանգամյա)  լիցենզիա։

 «Սնդիկի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի   1-ին մասով 2-րդ և 3-րդ կետերով սահմանվում է, որ Կառավարության իրավասությունն է սահմանել ՀՀ-ից սնդիկի արտահանման կարգը և ՀՀ սնդիկի ներմուծման կարգը, իսկ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն շրջակա միջավայրի նախարարության  լիազորությունն է ՀՀ սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիաներ տրամադրելը և ՀՀ-ից սնդիկի արտահանման համաձայնություններ տալը, ինչը համահունչ է  «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի դրույթներին։

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 47-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն ներմուծել և կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված՝ երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 4-րդ կետի համաձայն՝ ոչ սակագնային կարգավորման միջոցների սահմանման, կիրառման, երկարաձգման և վերացման մասին որոշումներն ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Արձանագրության 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, իսկ 51-րդ կետի համաձայն՝ ժամանակավոր միջոց սահմանող անդամ պետությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցում է դրա մասին և ԵԱՏՄ մաքսային տարածքում այդ միջոցի սահմանման վերաբերյալ առաջարկ է ներկայացնում։ Արձանագրության 54-րդ կետի համաձայն, եթե Միության մաքսային տարածքում ժամանակավոր միջոց սահմանելու մասին որոշում չի ընդունվում, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ժամանակավոր միջոցը սահմանած անդամ պետությանը և անդամ պետությունների մաքսային մարմիններին տեղեկացնում է, որ ժամանակավոր միջոցը գործում է այն 56-րդ կետի համաձայն՝ Արձանագրության 55-րդ կետում նշված տեղեկություններն ստանալուց հետո անդամ պետությունների մաքսային մարմինները չեն թույլատրում մասնավորապես՝

ժամանակավոր միջոցը կիրառած անդամ պետության տարածքից ծագող համապատասխան այն ապրանքների արտահանումը, որոնց վերաբերյալ տվյալները ներառված են տվյալ տեղեկություններում՝ առանց այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրամադրված լիցենզիայի։

Հաշվի առնելով Արձանագրության 55-րդ կետի պահանջը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև ԵՏՀ «Մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման» վարչության առաջարկությունը անհրաժեշտություն է առաջացել կատարելու փոփոխություն Օրենքում և սնդիկի արտահանման կարգում՝ այդ իրավական ակտերով սահմանված՝ սնդիկի արտահանման համար նախատեսված շրջակա միջավայրի նախարարության համաձայնության տրամադրումը փոխարինելով սնդիկի արտահանման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման գործընթացով։ ՀՀ տարածք ապրանքների ներմուծման կամ արտահանման մաքսային հայտարարագրերի ընդունումն ու սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծման և արտահանման մեկանգամյա լիցենզիաների, թույլտվությունների տրամադրումն իրականացվում է  պետական եկամուտների կոմիտեի կողմից համակարգվող Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով, ուստի անհրաժեշտ կլինի տեխնիկական փոփոխություն (արդիականացում) կատարել էլեկտրոնային հարթակի «Թույլատվական փաստաթղթեր էլեկտրոնային համակարգում՝ թունավոր նյութերի, այդ թվում՝ սնդիկի ներմուծման համար արդեն գործող համակարգից զատ, սնդիկի արտահանման համար ևս մեկանգամյա լիցենզիայի տրամադրումն ապահովելու համար։

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝ արտադրությունները կամ առանձին տեղամասերը, արտադրամասերը, արտադրական հրապարակները, պահեստարանները, տեղակայանքները, տեխնոլոգիական սարքավորումները կամ ցանկացած այլ օբյեկտ, որտեղ՝ ՀՀ կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են մասնավորապես՝ թունավոր հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա, կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ, վտանգ ներկայացնել նաև շրջակա բնական միջավայրի համար։  ՀՀ կառավարության 2006  թվականի փետրվարի 16-ի «Վնասակար նյութերի սահմանաքանակները հաստատելու  մասին» N 182-Ն որոշման հավելվածում, որպես թունավոր նյութեր ներառված են նաև սնդիկը և սնդիկի որոշ միացություններ՝ երկվալենտ սնդիկի օքսիցիանիդը, սնդիկի դիքլորիդը և երկվալենտ սնդիկի ցիանիդը, սակայն հաշվի առնելով Կովենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունները, անհրաժեշտություն է առաջացել խստացնել սնդիկի և դրա միացությունների մասնավորապես՝ պահման, փոխադրման նկատմամբ հսկողությունը՝ նվազեցնելով ՀՀ կառավարության 2006  թվականի փետրվարի 16-ի  N 182-Ն որոշման հավելվածի ցանկով սնդիկի և դրա միացությունների համար սահմանված չափաքանակները և Օրենքով ամրագրել սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց պարտավորությունը՝ ապահովելու «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջների կատարումը։

Սնդիկը, որպես վտանգավոր ապրանք ներառված է նաև 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-67-Ն օրենքով վավերացված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրով սահմանված վտանգավոր ապրանքների ցանկում, որոնց փոխադրումները պետք է իրականացվեն վտանգավոր բեռների փոխադրման համար նախատեսված պայմանների պահպանմամբ, ուստի հանրապետության տարածքում դրա անվտանգ փոխադրումն ապահովելու համար նպատակահարմար է Օրենքում ամրագրել նաև  սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց պարտավորությունը՝ ՀՀ տարածքում ավտոմոբիլային տրանսպորտով սնդիկի փոխադրումն իրականացնելու «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ նշված օրենքով սահմանված կարգով տրամադրված վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվության հիման վրա։

Հաշվի առնելով Կոնվենցիայով և «Սնդիկի մասին» օրենքով սնդիկի շրջանառության համար նախատեսված սահմանափակումների և արգելքների պահպանման, մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար վտանգավոր ազդեցության կանխարգելման անհրաժեշտությունը, ինչպես նաև  ԵՏՀ կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի Ոչ սակագնային կարգավորման մասին» N30 որոշման 2.13-րդ բաժնով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակներով ՀՀ և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների տարածք սնդիկի ներմուծման համար սահմանված արգելքը, առաջարկվում է օրենքով արգելք սահմանել նաև ֆիզիկական անձանց կողմից սնդիկի գործածության (ցանկացած գործողության կամ միջոցառման, որը կատարվում է սնդիկի արտադրության, օգտագործման, պահման, փաթեթավորման, փոխադրման, իրացման, շրջանառությունից դուրսբերման, վերամշակման ընթացքում)  նկատմամբ։ Արգելքը չի տարածվի որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց վրա, որոնց համար Օրենքով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» և «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքներով, այլ իրավական ակտերով սահմանվում են սնդիկի անվտագ գործածության պահանջները, որոնց չկատարման դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով կամ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված են համապատասխան պատժամիջոցներ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն Նախագծով նախատեսվում է.

  • Օրենքի    3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ սնդիկի միացություններ եզրույթի բացատրական մասից հանել երկրորդ պարբերությամբ ներկայացված «Սույն օրենքի իմաստով՝ սնդիկի միացություններն են սնդիկի (I) քլորիդը (կալոմել), սնդիկի (II) օքսիդը, սնդիկի (II) սուլֆատը, սնդիկի (II) նիտրատը, կինաբարը և սնդիկի սուլֆիդը.» նախադասությունը, ինչը սահմանափակում է սնդիկ պարունակող այլ թունավոր նյութերի վրա ևս Օրենքի կարգավորումների տարածումը,
  • Օրենքով սնդիկի արտահանման համար նախատեսված շրջակա միջավայրի նախարարության համաձայնության տրամադրումը փոխարինել սնդիկի արտահանման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման գործընթացով,
  • Օրենքով ամրագրել սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց պարտավորությունները.

ա. սնդիկի գործածության ընթացքում ապահովելու «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին»  օրենքի պահանջների կատարումը,

բ.  ՀՀ տարածքում ավտոմոբիլային տրանսպորտով սնդիկի փոխադրումն իրականացնելիս պահպանելու «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի պահանջները և փոխադրումն իրականացնելու նշված օրենքով սահմանված կարգով տրամադրված վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվության հիման վրա,

4) Օրենքով արգելել՝ որպես անհատ ձեռնարկատեր չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից սնդիկի գործածությունը։

  1. «Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում.

1)         Օրենքի    3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սնդիկի միացություններ եզրույթի բացատրական մասը կներկայացվի համապարփակ ձևակերպմամբ՝ չսահմանափակելով սնդիկ պարունակող այլ թունավոր նյութերի վրա ևս Օրենքի կարգավորումների տարածումը,

2)         Օրենքով սնդիկի արտահանման համար ևս կնախատեսվի շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգ, կվերանա Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Արձանագրության 55-րդ կետի միջև առկա անհամապատասխանությունը,

3)         Օրենքով կամրագրվեն սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց պարտավորությունները.

ա. սնդիկի գործածության ընթացքում ապահովելու «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին»  օրենքի պահանջների կատարումը, մասնավորապես՝ իրենց տարածքում սնդիկի և սնդիկի միացությունների պահման դեպքում գրանցելու այդ  օբյեկտները արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, պահպանելու անվտանգության կանոնները այդ օբյեկտների շահագործման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման ընթացքում,

բ.  ՀՀ տարածքում ավտոմոբիլային տրանսպորտով սնդիկի փոխադրումն իրականացնելու «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվության հիման վրա,

4) Օրենքով կարգելվի ֆիզիկական անձանց կողմից սնդիկի գործածությունը, ինչը կնվազեցնի սնդիկի ապօրինի շրջանառության հետ կապված ռիսկերը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

Նախագիծն առնչվում  է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի 1-ին միջոցառման հետ։                                         

 

  • Обсуждалось

    24.07.2025 - 08.08.2025

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1294

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: