Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվների համար լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման կարգը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 105-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՐԺԵՔԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

       Անհրաժեշտությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի (Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին) N 105–Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվների համար լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման կարգը (այսուհետ՝ կարգ) հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ Հայաստանի Հանրապետությունում գործող գյուղատնտեսական կոոպերատիվների (այսուհետ՝ ԳԿ) արդյունավետ գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի մեծ մասը անցել է մաշվածության համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով:

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում, 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 3114 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 4748 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 1639 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն և 3089 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա: Ձեռք բերված տեխնիկայի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 25․9 մլրդ դրամ, լիզինգի գումարը՝ 20.7 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3.8 մլրդ դրամ:

Միայն 2025 թվականին, հուլիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 436 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 677 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 1 միավոր կոմբայն, 177 միավոր տրակտոր, լիզինգի գումարը կազմել է շուրջ 2․3 մլրդ դրամ։

Համաձայն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ներկայացված տվյալների, հանրապետությունում գործում է գյուղատնտեսական տարբեր ուղղվածություն ունեցող շուրջ 500 գյուղատնտեսական և սպառողական կոոպերատիվ, որից շուրջ 150-ը՝ գյուղատնտեսական։ Կոոպերատիվների գործունեության հիմնական ուղղություններն են՝ բուսաբուծություն, անասնաբուծություն, խառը գյուղատնտեսություն, պտղաբուծություն, բանջարաբուծություն, հացահատիկային մշակաբույսերի աճեցում, կաթի մթերում ու հավաքագրում, մեղվաբուծություն և այլն:

Ագրարային ոլորտում կարևորվում է կոոպերացիայի խթանումը և գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը։ Միաժամանակ, ֆինանսական միջոցների սղության պատճառով ԳԿ-ների մոտ հաճախ առաջանում են խնդիրներ՝ արդյունավետ գործունեության վարման համար ծրագրի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հարցում, մասնավորապես, 20 տոկոս կանխավճարի առկայությամբ պայմանավորված։ Այս հարցում աջակցություն ցուցաբերելու համար նաև ՀՀ վարչապետին են դիմել ԳԿ-ներ։

Աջակցության տարբերակները քննարկվել է նաև գործող մի շարք գյուղատնտեսական կոոպերատիվների հետ, որոնք նշում են, որ եթե կոոպերատիվները ունենան լրացուցիչ արտոնություններ, ապա կդիմեն  և ձեռք կբերեն անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով նպատակ է դրվել շարունակել գյուղատնտեսական տեխնիկայի  լիզինգի օժանդակության ծրագիրը՝ յուրաքանչյուր տարի տեխնիկայի հավաքակազմը թարմացնելով առնվազն 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայով։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման հասանելիության ապահովումը (էջ՝ 46)։

Կարգավորման նպատակը և բնույթը:

Նախագծով առաջարկվող փոփոխության և լրացման նպատակն է` խթանել Հայաստանի Հանրապետությունում գործող ԳԿ-ների արդյունավետ գործունեությունը, մասնակի լուծել ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված խնդիրները և լիզինգի տոկոսադրույքի ամբողջական ու լիզինգի կանխավճարի մասնակի սուբսիդավորմամբ ցուցաբերվող աջակցությամբ հնարավորություն տալ ձեռք բերելու գյուղատնտեսական տեխնիկա։

Նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել լրացում և լիզինգի տոկոսադրույքի ամբողջական սուբսիդավորման ենթակա շահառուների ցանկը լրացնել լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ չունեցող գյուղատնտեսական կոոպերատիվներով, այսինքն գյուղատնտեսական կոոպերատիվների համար լիզինգի տոկոսադրույքը (առավելագույնը՝ 14 տոկոս) սուբսիդավորել այնպիսի չափաքանակով, որ վերջինիս կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։

Իսկ կարգով շահառու կարող է հանդիսանալ այն ԳԿ-ն, որը չունի լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ։

   Շահառուին լիզինգը կտրամադրվի ծրագրով սահմանված պայմաններին և ընթացակարգին համապատասխան, իսկ  լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի կարգի հաստատումից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ֆինանսական կառույցների հետ լիզիգի տրամադրման պայմանագիր կնքած շահառուների համար՝ կարգի դրույթներին համապատասխան։

     Կարգով սահմանվում է, որ ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 30 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 15.0 մլն դրամը։ Յուրաքանչյուր շահառուի համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի սուբսիդավորման հանրագումարը չի կարող գերազանցել 15.0 մլն դրամը, իսկ գերազանցող մասի վճարման պարտավորությունը կրում է շահառուն։

Կարգի շրջանակում լիզինգի կանխավճարի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները։ Ֆինանսական կառույցը կանխավճարի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման առաջին հայտի հետ միասին։ Հայտի հետ միասին (տվյալ լիզիգառուի համար առաջին անգամ ներկայացվող) ֆինանսական կառույցը ԳՖԿ-ին է ներկայացնում նաև ծրագրով սահմանված փաստաթղթերը, ֆինանսական կառույցի և շահառուի միջև կնքված լիզինգի տրամադրման պայմանագրի պատճենը, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածք (տրամադրված հայտի ներկայացման օրվանից ոչ ուշ քան 20 օր առաջ) և շահառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի առնվազն 70 տոկոս չսուբսիդավորվող արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

     Սույն նախագծի ընդունման կապակցությամբ 2025 և 2026 թվականներին ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը տրամադրված միջոցների հաշվին, հաշվի առնելով նաև շահառուների սահմանափակ քանակը։ Հանրապետությունում գործունեություն է իրականացնում շուրջ 150 ԳԿ։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկայի միջին արժեքը կազմում է շուրջ 8,4 մլն դրամ, լիզիգի գումարը՝  6,7 մլն դրամ, իսկ 20% կանխավճարի չափը կկազմի շուրջ 1,7 մլն դրամ։ Եթե բոլոր ԳԿ-ները օգտվեն նախագծով առաջարկվող արտոնություններից, ապա լիզինգի տոկոսադրույքի լրացուցիչ 2 տոկոս սուբսիդավորման ծախսը մեկ լիզինգառուի հաշվով, 5 տարի մարման ժամկետով հաշվարկած կկազմի շուրջ 0․34 մլն դրամ, 150 շահառուի հաշվով՝ շուրջ 50 մլն դրամ, տարեկան միջինը՝ շուրջ 10․0 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում 20% կանխավճարի 30%-ի չափով սուբսիդավորման աջակցության շրջանակում, նշված եղանակով հաշվարկելիս (1,7*150*30%)՝ բյուջեի լրացուցիչ ծախսը կկազմի ընդամենը շուրջ 76 մլն դրամ: Միաժամանակ, համաձայն «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ փոխառու միջոցների մասնաբաժինը կոոպերատիվի գույքի կազմում սահմանվում է կոոպերատիվի կանոնադրությամբ և չի կարող գերազանցել կոոպերատիվի գույքի արժեքի 50 տոկոսը։ Օրենքի նշված դրույթի առկայությամբ պայմանավորված գյուղատնտեսական կոոպերատիվները կսահմանափակեն մեծ արժեքով փոխառու միջոցների  ներգրավումը և ձեռք բերվող լիզինգի առարկաների (գյուղատնտեսական տեխնիկայի) հանրագումարը մեծ գումար կարծում ենք չի կազմի։ Գտնում ենք, որ 2025 թվականի համար լիզինգի տոկոսադրույքի և կանխավճարի սուբսիդավորման համար լրացուցիչ գումար չի պահանջվի, իսկ 2026 թվականի համար կպահանջվի շուրջ 40-50 մլն դրամ, ինչը բնականաբար չի հանգեցնի ծրագրի արդյունքային ցուցանիշների թերակատարման կամ միջոցառման գծով ծախսերի գերագնահատման։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ԳԿ-ների համար՝ ցուցաբերվող աջակցությամբ  ձեռք բերելու գյուղատնտեսական տեխնիկա և վարելու արդյունավետ գործունեություն։

Այլ տեղեկություններ:

Այլ տեղեկություններ չկան:

  • Обсуждалось

    23.07.2025 - 07.08.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1536

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: