Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվների համար լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման կարգը հաստատելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2025 թվական N __ -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 105-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՐԺԵՔԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ, 34-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105–Լ որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով․
- Որոշումը լրացնել նոր 1․1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ․
«1․1․ Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվների համար լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։»․
- Որոշման հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով․
- Որոշման հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետը «իսկ» բառից հետո լրացնել ««Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվների (լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ չունեցող),» բառերով.
- Որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի -ի N -Լ որոշման |
|
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշման |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ
ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՐԺԵՔԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
- Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվների համար լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման ընթացակարգը։
- Սույն կարգի նպատակն է` խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների արդյունավետ գործունեությունը, թեթևացնել նրանց ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված խնդիրները և մատչելի պայմաններով մատակարարել գյուղատնտեսական տեխնիկա։
- Սույն կարգի իմաստով օգտագործվող հասկացությունները և հապավումները՝
- ծրագիր՝ ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր.
- կարգ՝ ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվների համար լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման կարգ.
- շահառու՝ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվ, որը չունի լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ․
- ֆինանսական կառույց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկեր կամ վարկային կազմակերպություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ԳՖԿ-ի հետ կնքել են պայմանագրեր։
- Շահառուի կողմից ծրագրի շրջանակում ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 30 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 15.0 մլն դրամը սուբսիդավորվում է։ Յուրաքանչյուր շահառուի համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի սույն կետում նշված կանխավճարի սուբսիդավորման հանրագումարը չի կարող գերազանցել 15.0 մլն դրամը, իսկ գերազանցող մասի վճարման պարտավորությունը կրում է շահառուն։
- Շահառուին լիզինգը կտրամադրվի ծրագրով սահմանված պայմաններին և ընթացակարգին համապատասխան, իսկ լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի կարգի հաստատումից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ֆինանսական կառույցների հետ լիզիգի տրամադրման պայմանագիր կնքած շահառուների համար՝ կարգի դրույթներին համապատասխան։
- Լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝
- Ծրագրի շրջանակում լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները։ Լիզինգի կանխավճարի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին տվյալ ֆինանսական կառույցի կանխավճարի սուբսիդավորման հայտի հիման վրա: Շահառուն ֆինանսական կառույցին է վճարում ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի առնվազն 70 տոկոսը։ Ֆինանսական կառույցը կանխավճարի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման առաջին հայտի հետ միասին։ Կանխավճարի սուբսիդավորման հայտի հետ միասին ֆինանսական կառույցը ԳՖԿ-ին է ներկայացնում նաև շահառուի հիմնադիր փաստաթղթերի, ֆինանսական կառույցի և շահառուի միջև կնքված լիզինգի տրամադրման պայմանագրի պատճեները, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածք (տրամադրված՝ հայտի ներկայացման օրվանից ոչ ուշ քան 20 օր առաջ) և շահառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի առնվազն 70 տոկոս չսուբսիդավորվող արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթ։ Կանխավճարի սուբսիդավորման հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով:
- ԳՖԿ-ն կանխավճարի սուբսիդավորման հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է կարգի պահանջներին համապատասխանությունը և լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտի հետ միասին դրական եզրակացությամբ ներկայացնում Նախարարություն։ Նախարարությունը ԳՖԿ-ի կողմից տրված դրական եզրակացության և ԳՖԿ-ի ու Նախարարության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա ծրագրով սահմանված ժամկետներում (ֆինանսական միջոցների առկայության դեպքում) լիզինգի կանխավճարի և տոկոսադրույքի սուբսիդավորման գումարները փոխանցում է ԳՖԿ–ին (ֆինանսական միջոցների բացակայության դեպքում ֆինանսավորումը կատարվում է համապատասխան միջոցների ներգրավումից հետո), որն էլ փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին։ Կանխավճարի սուբսիդավորման հայտը՝ ծրագրի և կարգի պահանջներին չբավարարելու դեպքում ԳՖԿ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին՝ նշելով հայտի չբավարարման հիմքերը․
- Կարգի սույն կետի 2-րդ ենթակետում նշված, ԳՖԿ-ի կողմից կանխավճարի սուբսիդավորման հայտի չբավարարման դեպքում, ֆինանսական կառուցը այդ մասին տեղեկացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ԳՖԿ-ին կարող է ներկայացնել ծրագրի և կարգի պահանջներին համապատասխան նոր հայտ։
- ԳՖԿ-ի կողմից ամսական պարբերականությամբ Նախարարությանը ներկայացվող ծրագրի հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկատվություն կարգի ընթացքի, այդ թվում՝ լիզինգի կանխավճարի սուբսիդավորման մասին՝ ԳՖԿ-ի ու Նախարարության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրով սահմանվող ձևաչափով։
- Շահառուի կողմից լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում լիզինգի առարկայի ոչ նպատակային օգտագործման դեպքում լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի սուբսիդավորված գումարը ենթակա է վերադարձման՝ սուբսիդավորված գումարի վրա կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 283-Ն որոշմամբ սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը՝ ԳՖԿ-ի կողմից ֆինանսական կառույցին գումարի փոխանցման օրվանից մինչև գումարի վերադարձման օրը։ Կանխավճարի սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը՝ եռամսյա ժամկետում։»։
-
Обсуждалось
23.07.2025 - 07.08.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1543
Принт