Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի գործնական կիրառման, իրավիճակով պայմանավորված լուծումներ պահանջող, ինչպես նաև թերի, տարընկալումների տեղիք տվող կամ չկարգավորված հարցերի հստակեցմամբ: Նախատեսվող որոշ փոփոխություններ պայմանավորված են Քրեակատարողական ծառայության կողմից իրականացվող գործառույթների արդիականացմամբ և բարելավմամբ։

 

  1. Կարգավորման նպատակը.

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 2-րդ և 11-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է երկու առանձին գործառույթներ իրականացնող, սակայն միևնույն նպատակը հետապնդող ստորաբաժանումների՝ Քրեակատարողական ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայություն) կենտրոնական մարմնի ուղեկցումների և պահպանության ապահովման բաժինների մեկ վարչության ներքո միավորում՝ սահմանելով նաև համապատասխան նոր պաշտոնների համար նախատեսվող կոչումներն՝ ըստ համապատասխան խմբերի։

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման լիազորությունը Պրոբացիայի ծառայությանը վերապահված լինելու հանգամանքով։

Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ներկա կարգավորումը որոշակի առումով սահմանափակում է Ծառայության պաշտոն զբաղեցնել ցանկացող անձանց շրջանակը, քանի որ սահմանված է, որ քրեակատարողական ծառայություն դիմելու պահին պետք է լրացած չլինի անձի 30 տարին։ Մինչդեռ, գործնականում քրեակատարողական ծառայողներն իրենց մասնագիտական, ֆիզիկական պատրաստականությամբ, առողջական վիճակով լիարժեքորեն կատարում են իրենց վրա դրված պարտականություններն՝ առանց տարիքային սահմանափակման։ Հետևաբար, Ծառայությունում ծառայության անցնելու տարիքային վերին շեմի սահմանման նպատակահարմարությունը բացակայում է։

Առաջարկվող փոփոխությամբ կվերանա քրեակատարողական ծառայություն աշխատանքի ընդունվելու տարիքային սահմանափակումը, հնարավորություն կտրվի Ծառայությունում ծառայության անցնել նաև 30 տարին լրացած այն անձանց, ովքեր իրենց անձնական, գործնական հատկանիշներով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի գործառույթները։

Օրենքի 14.1-րդ հոդվածում նախատեսվող փոփոխությունը հնարավորություն է ընձեռնում՝ առանց մրցույթի քրեակատարողական ծառայության ավելի բարձր պաշտոնում նշանակելու կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած քրեակատարողական ծառայողին։ Բացի այդ, նման հնարավորություն նախատեսելը թույլ կտա առաջնայնություն տալ ու խթանել արդեն իսկ քրեակատարողական ծառայող համարվող և ծառայողական արժանիքներ ունեցող անձանց, ինչպես նաև նպաստել նրանց համընթաց և անխոչընդոտ առաջխաղացմանը։ Իսկ այդպիսիք չլինելու դեպքում՝ հայտարարել մրցույթ:

Հարկ է նշել, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում համանման փոփոխությունն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից և դրա գործնական կիրառումը, այդ թվում` քրեակատարողական ծառայության համակարգում աշխատող քաղաքացիական ծառայողների մասով, արդեն իսկ ապացուցել է իր լիարժեք արդյունավետությունը և տվել է դրական արդյունքներ: Ուստի, առաջարկվող փոփոխությունը քրեակատարողական ծառայողների մասով ևս արդյունավետ կլինի։

Օրենքի 17-րդ 3-րդ մասի ներկա կարգավորմամբ քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալի պաշտոնը, քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի կամ առնվազն երեք տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ, սակայն քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալի պաշտոններում աշխատելու վերաբերյալ պայմանի նշումը ավելորդ է, քանի որ հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ ունենալու պայմանն արդեն իսկ բավարար է, որպեսզի անձը կարողանա զբաղեցնել քրեակատարողական ծառայության տվյալ խմբի պաշտոն: Ուստի, նախատեսվող փոփոխություններով կհստակեցվի և կպարզեցվի պաշտոնի նշանակվելու համար ներկայացվող պայմանները։ Նույն հիմնավորումը վերաբերելի է նաև Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկվող փոփոխությանը։

Օրենքի 20․1-րդ հոդվածի 9-րդ մասի փոփոխությամբ կվերանա գործնականում ոչ կիրառելի դրույթը, քանի որ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողի նկատմամբ կիրառելի են ատեստավորման ընդհանուր դրույթները և դրա համար առանձնահատուկ ժամկետներ սահմանելու կարիքը բացակայում է։ Ավելին, երբեմն նշված իրավակարգավորումների կիրառմամբ առաջանում են խոչընդոտներ։ Օրինակ՝ քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնի ծառայողները ծառայողական պարտականությունների բերումով հաճախակի մեկնում են գործուղումների: Ուստի, հնարավոր է տվյալ ծառայողները հերթական գործուղումից հետո՝ մինչև 2-ամսյա ժամկետը լրանալը հնարավորություն չունենան ատեստավորմանը մասնակցելու՝ հնարավոր նոր գործուղման մեկնելու պատճառով։

Նախագծով առաջարկվող Օրենքի 21-րդ հոդվածը 1.2-րդ մասով լրացնելով՝ քրեակատարողական ծառայողը հնարավորություն կունենա սեփական նախաձեռնությամբ, առանց մրցույթի փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնից ավելի ցածր պաշտոնի։ Հարկ է նշել, որ ներկայումս քրեակատարողական ծառայողներն առանց մրցույթի կարող են փոխադրվել միայն հավասարազոր պաշտոնի, հետևաբար անտրամաբանական է, որ իրենց ցանկությամբ առանց մրցույթի մասնակցելու ավելի ցածր պաշտոնի փոխադրվելու հնարավորություն չունենան։

Նախագծով առաջարկվող Օրենքի 22-րդ հոդվածի փոփոխությամբ կհստակեցվի վերոնշյալ հոդվածի կիրառման մեկնաբանությունը, քանզի գործող համապատասխան իրավակարգավորման պայմաններում անհասկանալի է, թե քրեակատարողական ծառայության պետը գործնականում ինչպես պետք է առաջարկություն ներկայացնի համապատասխան նախարարին՝ իրեն այլ պաշտոնի փոխադրելու վերաբերյալ:

Օրենքի 25-րդ հոդվածում համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելով՝ կհստակեցվի նաև, որ ոլորտը կառավարող համապատասխան նախարարը կարող է վերանայման արդյունքում անփոփոխ թողնել քրեակատարողական ծառայողների իրավաչափ հրամաններն ու որոշումները։

Բացի այդ, համապատասխան նախարարը հնարավորություն կունենա գերատեսչական մեդալով և/կամ կրծքանշանով պարգևատրել քրեակատարողական ծառայության համակարգում աշխատող անձանց, ինչպես նաև այլ՝ ՀՀ և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողներին, ինչպես նաև անհատ անձանց գերատեսչական մեդալով պարգևատրել, որպիսի հնարավորությունը ներկայումս բացակայում է։

Օրենքի 25․1-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչելը պայմանավորված է այն հանգամանքով, որ կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելը ներկայումս  ամբողջությամբ իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, ուստի նման լիազորություն Քրեակատարողական ծառայությանը վերապահելը իրատեսական չէ։

Նախագծով առաջարկվող՝ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը նոր 13․1-րդ կետով լրացնելու և Օրենքի 35-րդ հոդվածում առաջարկվող համապատասխան լրացում և փոփոխություններ կատարելու պարագայում Քրեակատարողական ծառայության պետը հնարավորություն կունենա գերատեսչական մեդալով և/կամ կրծքանշանով պարգևատրել քրեակատարողական համակարգում աշխատող անձանց, ինչպես նաև՝ ՀՀ և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողներին, ինչպես նաև գերատեսչական մեդալով պարգևատրել անհատ անձանց։

Ընդհանուր առմամբ քրեակատարողական ծառայության համակարգում գերատեսչական մեդալով ու կրծքանշանով պարգևատրման ենթակա անձանց շրջանակն ընդլայնելով և այդ մեդալներով ու կրծքանշաններով պարգևատրելու լիազորությունները միայն ոլորտը կառավարող համապատասխան նախարարին ու քրեակատարողական ծառայության պետին վերապահելով՝ կվերանան Օրենքի կիրառման հետ կապված տարբեր հակասական մեկնաբանություններն ու կկանոնակարգվեն խրախուսանքների կիրառման օրենսդրական անհստակությունները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության պետը հնարավորություն կունենա համապատասխան անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երկարամյա ծառայության (աշխատանքի) և (կամ) ծառայողական (աշխատանքային) պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու և (կամ) քրեակատարողական ծառայության հետ համագործակցության և (կամ) քրեակատարողական ծառայության առջև դրված խնդիրների իրականացմանն աջակցելու համար գերատեսչական մեդալներով պարգևատրել նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողներին (աշխատողներին) և անհատ անձանց։

Օրենքի 39-րդ և 40-րդ հոդվածներում առաջարկվող լրացումներով Քրեակատարողական ծառայողին քրեակատարողական ծառայությունից ազատելու հիմքերում ավելանում է ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու պարագայում տվյալ պաշտոնն այդ պահին զբաղեցնող ծառայողին ծառայությունից ազատելու պայմանը, այն դեպքում, եթե Քրեակատարողական ծառայությունում առկա հնարավորությունների սահմաններում առաջարկվում է պաշտոն, իսկ ծառայողը հրաժարվում է։ Հնարավորությունների բացակայության պարագայում սահմանված կարգով ծառայողն ազատվում է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից և գրանցվում կադրերի ռեզերվում, որտեղ ևս նախատեսվում է պաշտոնն այդ պահին զբաղեցնող ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու հիմք՝ պաշտոնը նախկինում զբաղեցրած ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում։ Նման պարագայում, օրենսդրական կարագավորում տալով, կհստակեցվի և կկարգավորվի իրավիճակով պայմանավորված նախկին ծառայողին աշխատանքում վերականգնելու դեպքում տվյալ պաշտոնը այդ պահին զբաղեցնող մեկ այլ ծառայողի աշխատանքից ազատելու կամ կադրերի ռեզերվում գրանցելու հետ կապված հարաբերությունները։

Օրենքի 49-րդ հոդվածում առաջարկվող լրացումը հնարավորություն կտա ծառայողական շներ օգտագործել նաև քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղակայված կացարաններում և խցերում՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների և այլ արգելված իրերի և առարկաների որոնման նպատակով։ Մասնավորապես, հաճախ քրեակատարողական հիմնարկների խցերում առկա են թույլատրելի բազմաթիվ առարկաներ, այդ թվում՝ մեծածավալ և այդ պայմաններում խուզարկություններ կատարելը հաճախ բարդանում է և չի տալիս ցանկալի արդյունք։ Նշված դեպքերում ծառայողական շներ օգտագործելը կբարձրացնի խուզարկության արդյունավետությունը և կկրճատի խուզարկության իրականացման ժամանակահատվածը։

 

3 Նախագծի մշակաման գորընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 

4 Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի սահմանել և հստակեցնել ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած չկարգավորված և (կամ) ոչ հստակ կարգավորված, իսկ առանձին դեպքերում նաև տարընկալումների տեղիք տվող իրավահարաբերությունները, ինչպես նաև պատշաճ կարգով կազմակերպել Օրենքով ամրագրված համապատասխան պահանջների ու դրույթների իրականացումը:

 

5 Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիցչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

  1. Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման կամ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1806-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 649-Ն որոշման մեջ։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5․6-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները:

  • Обсуждалось

    11.07.2025 - 28.07.2025

  • Тип

    Закон

  • Область

    Уголовно-исполнительная

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1237

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: