08.07.2025
Առաջարկվոււմ է օրենքի գործողությունը տարածել Հայաստանի Հանրապետությունում (Արցախում) հայտարարված բոլոր զորակոչերի միջոցով իրականացված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի վրա։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը, արտաքին հետախուզության ծառայությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, պրոբացիայի ծառայությունը, հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը, էկոպարեկային ծառայությունը:
Պետության կարևորագույն գործառույթներից է ազգային անվտանգության ապահովումը, և համաձայն ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, իսկ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող ժամկետային զինվորական ծառայությունը կազմում է զինված ուժերի հիմքը:
Ինչպես բխում է Օրենքի կարգավորումներից, զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը չի համարվում հանրային ծառայություն, և հետևաբար այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես հանրային ծառայության ստաժ:
Հանրային ծառայության ստաժի տրամաբանությունը հիմնված է պետության համար կատարված աշխատանքի համարժեք գնահատման վրա: Ստացվում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը, լինելով պետության համար առանցքային նշանակություն ունեցող, մնում է համարժեք չգնահատված և չարժևորված:
Միաժամանակ, նշված հարցը զորակոչի միջոցով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն իրականացնող քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովման տեսակետից առաջացնում է անհավասար իրավիճակ: Մասնավորապես, այն դեպքերում, երբ քաղաքացին պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն իրականացնելուց հետո ցանկանում է անցնել պետական համակարգում աշխատանքի բախվում է խոչընդոտների, քանի որ իր ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվել որպես հանրային ծառայության ստաժ:
Այսինքն, այն դեպքերում, երբ անձը պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով չի անցել զինվորական ծառայություն, հայտնվում է առավել նպաստավոր վիճակում, քան զինվորական ծառայություն անցած անձը, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում վերջինիս համար:
Անհրաժեշտ է նաև նշել, որ հանրային ծառայության ստաժի վերաբերյալ գործող կարգավորումները ստեղծում են սոցիալական և իրավական անհամաչափություն, երբ զինվորական ծառայության տարբեր մոդելներով՝ զորակոչով և պայմանագրային կամ այլ ծրագրերով ներգրավված անձինք գտնվում են անհավասար պայմաններում:
Օրինակ՝ ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 430-Ն և N 455-Ն որոշումներով կարգավորվող «Պատիվ ունեմ» ծրագրի միջոցով ծառայության անցած քաղաքացիների զինվորական ծառայության ժամկետը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ, քանի որ վերջիններս անցնում են կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայություն։ Հաշվի առնելով այն, որ ինչպես «Պատիվ ունեմ» ծրագրով, այնպես էլ զորակոչի միջոցով իրականացվող ծառայությունը ենթադրում է պետության նկատմամբ սահմանադրական պարտականության կատարում, տրամաբանական է, որ պետությունը պետք է հավասարապես գնահատի այդ ծառայությունները։
Բացի այդ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը որպես հանրային ստաժ հաշվարկելը կբարձրացնի ժամկետային զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը և կհանդիսանա խթան զորակոչման ենթակա քաղաքացիների համար: Ավելին, առաջարկվող նախագիծը կնպաստի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառություն անցած կամ անցնող և բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիների ներգրավմանը ՀՀ զինված ուժերում:
Նշված նպատակն ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով, որի համաձայն՝ Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և լինելու է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու է զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ [1]
Բացի այդ, հաշվի առնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության առանձնահատկությունները՝ նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը սահմանել ոչ թե հանրային ծառայություն, այլ նշված ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը հանրային ստաժ հաշվարկելը կամրապնդի զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը և կդառնա խրախուսող ազդակ՝ նախագծով առաջարկվում է զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ:
Այս փոփոխությունը չի փոխելու զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության բնույթը, կարգավիճակը կամ սահմանադրական նշանակությունը, այլ միայն կստեղծի իրավական հենք զորակոչի միջոցով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն իրականացրած քաղաքացիների սոցիալական ապահովության համար: Այն կամրապնդի պետության՝ իր զինծառայողների նկատմամբ ունեցած սոցիալական պարտավորությունները՝ դառնալով պետական աջակցման և երաշխիքների տրամադրման նոր դրսևորում։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը կհաշվարկվի հանրային ծառայության ստաժ և արդյունքում կբարձրանա զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը, պարտադիր զինվորական ծառայությունը կընկալվի ոչ միայն որպես պարտականություն, այլև որպես սոցիալական երաշխիք և հետագա մասնագիտական կայացման հնարավորություն։
[1] Տե՛ս, ՀՀ կառավարաության 2021-2026թթ. ռազմավարություն, էջ 18 https://www.gov.am/files/docs/4586.pdf
Обсуждалось
07.07.2025 - 22.07.2025
Тип
Закон
Область
Безопасность, Публичная служба, Общественное управление
Министерство
Министерство юстиции
Просмотры 1483
Принт08.07.2025
Առաջարկվոււմ է օրենքի գործողությունը տարածել Հայաստանի Հանրապետությունում (Արցախում) հայտարարված բոլոր զորակոչերի միջոցով իրականացված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի վրա։