ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվում է ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները և ներքին աուդիտորների վարքագծի կանոնները, որոնք հիմնված էին տվյալ ժամանակաշրջանում գործող՝ միջազգային չափանիշներին: Սակայն վերջին տարիներին Ներքին աուդիտի ինստիտուտի («The Institute of Internal Auditors, IIA») կողմից իրականացվել է որոշ փոփոխություններ, մասնավորապես՝ 2025թ. հունվարի 9-ին ուժի մեջ է մտել ներքին աուդիտի միջազգային նոր ստանդարտներ. վերանայվել է ստանդարտների կառուցվածքը, կիրառելիությունը և արդիականությունը՝ միջազգային զարգացումների, փորձի և պահանջների համատեքստում։
Ստեղծված իրավիճակում գործող Որոշումը այլևս չի արտացոլում միջազգային պրակտիկայում ընդունված ժամանակակից պահանջները ներքին աուդիտի նկատմամբ և անհրաժեշտություն է առաջանում փոփոխել Որոշմամբ սահմանված ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները և ներքին աուդիտորների վարքագծի կանոնները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը ներքին աուդիտի միջազգային ստանդարտներին։
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Առաջարկվող կարգավորման նպատակն է ապահովել ՀՀ-ում ներքին աուդիտի համակարգի շարունակական զարգացում ու միջազգային լավագույն փորձի ներդրում:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի գործառույթի իրականացում՝ միջազգային նոր չափանիշներին համահունչ, ինչը կնպաստի ՀՀ-ում ներքին աուդիտի համակարգի արդիականացմանը և մասնագիտական գործունեության որակի բարձրացմանը պետական կառավարման մարմիններում և պետական հատվածի կազմակերպություններում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված N 1–ի «Ֆինանսների նախարարություն» բաժնի 14-րդ կետից:
- Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում։