В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման ընդունման
- Անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Ելնելով այս փաստերից՝ Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկությունները մետաղական հումքով ապահովելու համար խիստ արդիական է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արդյունավետ օգտագործման խնդիրը։
Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։ Այս տեսանկյունից (հաշվի առնելով միջազգային ասպարեզում ձևավորված տնտեսական ոչ բարենպաստ պայմանները) կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար։
Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես հումք ներմուծվող (ինչպես ԵԱՏՄ երկրներից, այնպես էլ՝ երրորդ երկրներից) սև և գունավոր մետաղների ջարդոնով կամ նախապատրաստվածքով աշխատելու տնտեսական աննպատակահարմարությունը՝ պայմանավորված ներմուծվող այդ ապրանքների բարձր գների, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով դրանց ուղղակի առաքման հնարավորության բացակայության ու լոգիստիկ մեծ ծախսերի պատճառով: Արդյունքում, ներմուծված հումքով տեղական ձեռնարկությունների արտադրած վերջնական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով (ներմուծված նույն ապրանքների համեմատությամբ) նույնիսկ ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ։
Նշված գործոնները կարող էին հանգեցնել այդ ձեռնարկությունների ֆինանսական վիճակի վատթարացմանը և, ի վերջո, դրանց արտադրական գործունեության խաթարմանն ու դադարեցմանը, ինչն էլ, իր հերթին՝ ներմուծումից կախվածությանը։
Միևնույն ժամանակ, վերջին տարիներին արտաքին շուկաներում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էր Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթաց։ Նշված գործընթացը չկանոնակարգելու դեպքում տեղական մետաղագործական և մետաղամշակման ոլորտի (ինչպես նաև մալուխների և լարերի արտադրության) տասնյակ ձեռնարկություններ ստիպված կլինեն որպես հումք օգտագործել բացառապես ներմուծվող մետաղի ջարդոնը կամ նախապատրաստվածքները, ինչը (ինչպես նշվեց հիմնավորման սկզբնամասում)՝ չի լուծում առկա խնդիրը։
Հարկ է նշել, որ կարևորելով մետաղական հումքով տեղական մետալուրգիական ընկերությունների ապահովման հարցը՝ ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրներ նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար և ելնելով այդ ձեռնարկությունների գործունեության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից՝ Կառավարության 07.11.2024թ. N 1755-Ն որոշմամբ ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների (որոնք կորցրել են որպես առաջնային ապրանք օգտագործելու պիտանելիությունը) արտահանումը։
Արտահանման արգելքի կիրառման արդյունքում զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ արգելքի կիրառման հաջորդ տարում (2021թ.) պողպատի ձուլագլանվածքների արտադրությունը շարունակական աճի բնույթ է կրում, մասնավորապես՝ 2024 թվականին ձուլազանգվածների չլեգիրված պողպատից արտադրաքն աճել է 2.3 անգամ, պողպատե խողովակների, սնամեջ տրամատների և դրանց կցամասերի արտադրանքը՝ 16.8%-ով։
Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2025 թվականներին կատարվել են ներդրումներ ոլորտում, որի արդյունքում տեղի կունենա ներմուծման փոխարինում տեղական արտադրանքով։
Հարկ է նշել, որ սահմանափակումների կիրառման ընթացքում առաջացել են որոշակի խնդիրներ տնտեսավարողների մոտ, մասնավորապես՝ վերջիններս դիմել են Էկոնոմիկայի նախարարություն, հայտնելով, որ եթե ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված սարքավորումները չեն համապատասխանում որակական չափանիշներին կամ խոտանված են՝ անհրաժեշտություն է առաջանում այն վերադարձնելու մատակարարին՝ վերանորոգելու կամ փոխարինելու համար։
Միևնույն ժամանակ ԵԱՏՄ երկրներից ներմուծված սարքվորումները որոշակի ժամկետ շահագործելու արդյունքում առաջանում է անհրաժեշտություն (Հայաստանում բարդ սարքավորումների վերանորոգման համապատասխան տեխնիկական պայմանների բացակայության պատճառով) տեղափոխել ԵԱՏՄ վերանորոգելու և վերադարձնելու Հայաստան։ Սակայն առկա կարգավորումներով նախատեսված չեն նշված երկու դեպքերը, երբ անհրաժեշտության դեպքում, այն կարող է տեղափոխել ԵԱՏՄ՝ վերանորոգելու և վերադարձնելու։
Նկատի ունենալով, որ նման երկու դեպքերի համար երրորդ երկրներից ներմուծված սարքավորումների (ի տարբերություն ԵԱՏՄ երկրներից ներմուծվածի) համար առկա է արտահանման թույլտվության ընթացակարգ, և հաշվի առնելով, որ անհրաժեշտ է ստեղծել հավասար պայմաններ երրորդ երկրներից և ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված սարքավորումների համար (ինչը նախատեսվում է նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով), ինչպես նաև, նպատակ ունենալով չխոչընդոտելու այդ սարքավորումները շահագործող ընկերությունների բնակականոն գործունեությունը, առաջարկվում է նախատեսել դրույթ, համաձայն որի՝ ԵԱՏՄ անդամ պետություններից ներկրված սարքավարումները կարող են տեղափոխվել այդ երկրներ՝ այն վերանորոգելու և վերադարձնելու պայմանով։
Մեկ այլ խնդիր ևս, որը բարձրաձայնել են տնտեսավարողները (այդ թվում՝ դիմելով ԱԺ, Կառավարություն և Էկոնոմիկայի նախարարություն)։ Հայաստանում որոշ կարծրաձույլ մետաղների վերամշակման, (օրինակ՝ կոռոզիակայուն պողպատի, նիկել պարունակող գունավոր մետաղների, ցիրկոնիումի թափոնի և ջարդոնի) ծավալները մեծ չեն՝ հանրապետությունում մետաղի ջարդոնի և թափոնի հավաքմամբ զբաղվող տնտեսվարողները հիմնականում չեն զբաղվում այդ ապրանքների հավաքմամբ, քանի որ մետաղների վերամշակման պրոցեսն ունի իր տեխնոլոգիական առանձնահատկությունները ու բարդությունները, և (ըստ մետաղի ձուլմամբ զբաղվող ընկերությունների) հանրապետությունում առկա արտադրական հզորություններով և տեխնոլոգիաներով այդ մետաղների վերամշակումը դառնում է ոչ արդյունավետ, իսկ նոր տեխնոլոգիաների ներդրումը հանրապետությունում առկա ոչ մեծ պաշարների վերամշակման համար տնտեսապես չի հիմնավորվում։
Այդ իսկ պատճառով, որ ընկերությունների տարածքում հավաքվում է վերը նշված թափոն և ջարդոնը, որոնք իրացում չգտնելով Հայաստանում, խնդիրներ են առաջացնում վերջիններիս բնականոն գործունեության համար, ինչպես ֆինանսական միջոցների սառեցման, այնպես էլ՝ ավելորդ տարածքներ զբաղեցնելու հետևանքով։
Հաշվի առնելով վերը նշվածը և հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 29-րդ և 47-րդ հոդվածները` առաջարկվում է ՀՀ կառավարության 07.11.2024թ. N 1755-Ն որոշմամբ սահմանված ապրանքների արտահանման արգելքի ժամկետն ավարտվելուց հետո (31.07.2025թ.), սույն նախագծով արտահանման արգելքի նոր ժամկետ, որը կգործի 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը։
«Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
«Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության ու հասարակության անվտանգությանն առավելագույն արդյունավետությամբ ծառայեցում։
Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի կայուն գործունեության ապահովում և մրցունակության բարձրացում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Մետաղական հումքային բազայի ապահովում և խնայողաբար օգտագործում, տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:
- Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունումը կնպաստի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացի կանոնակարգմանը և կստեղծի պայմաններ ներքին շուկան տեղական մրցունակ մետաղական ապրանքներով ապահովելու և առավել բարձր ավելացված արժեքով ապրանքներ արտադրելու համար ։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության անդամ պեոտություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.4-րդ կետով սահմանված դրույթի շարունակականության ապահովում, այն է՝ մի շարք ապրանքատեսակների մասով հայրենական արտադրողների համար առավել նպաստավոր պայմանների ապահովում:
- Այլ տեղեկություններ
-
-
Обсуждалось
05.05.2025 - 20.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 813
Принт