Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ծանուցումները հանրային ու մասնավոր իրավունքի սուբյեկտների ամենօրյա գործունեության ամենահաճախ հանդիպող գործընթացներից են։ Ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային կյանքի տաբեր ոլորտներում անընդհատ առնչվում ենք տարբեր տեսակի ծանուցումների անհրաժեշտությանը, որոնք, կախված ոլորտի առանձնահատկություններից և օրենսդրական կարգավորումների բնույթից, կարող են իրականացվել տարբեր կերպ։

Ծանուցումը ոչ միայն տեղեկությունների փոխանցումն է, այլ նաև փաստաթղթերի շրջանառությունը, որը պարունակում է կողմերի համար նշանակություն ունեցող տեղեկատվություն: Այսինքն՝ ծանուցումները վերաբերում են բիզնես գործընթացներից մինչև իրավական կամ վարչական ընթացակարգերի։

Այսպես, հանրային իշխանության մարմինների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ծանուցումները իրականացվում են վարչական վարույթի շրջանակներում, դատական գործընթացներում։ Կարևոր պայման է, որպեսզի ծանուցումները իրականացվեն օրենսդրական պահանջներին համապատասխան։ ՀՀ օրենսդրությամբ կարգավորված են թե՛ վարչական վարույթի շրջանակներում վարույթի մասնակիցներին ծանուցելու, թե՛ դատական գործընթացներում դատավարության մասնակիցներին ծանուցագրերի փոխանցման վերաբերյալ հարաբերությունները։ Վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը նպատակ է հետապնդում ապահովել վարույթին մասնակցող անձի` լսված լինելու իրավունքը, ինչը հնարավորություն է տալիս վերջինիս լիարժեք իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Դատական ծանուցագրերի միջոցով դատավարության մասնակիցները ծանուցվում են դատական նիստի, առանձին դատավարական գործողությունների ժամանակի և վայրի մասին։ Հարկ է նշել, որ կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը համարվում է դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից (տե՛ս Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71): Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ծանուցումները իրականացվում են պատվիրված նամակով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով և պաշտոնական կայքերում հրապարակման միջոցով։

Ավելին, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքը նախատեսում է ծանուցումների երկու եղանակ՝ անհատական ծանուցում և հրապարակային ծանուցում, որոնք իրարից տարբերվում են տեղեկատվության տրամադրման եղանակով։ Անհատական ծանուցումը բնութագրվում է որպես անձին առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով տրամադրման ենթակա տեղեկատվություն, իսկ հրապարակային ծանուցումը՝ տեղեկատվություն պարունակող հայտարարություն։

Հաշվի առնելով ծանուցումների նշանակությունն ու կիրառելիությունը՝ դրանք վերջին ժամանակներում դարձան ժամանակակից թվային կյանքի անբաժանելի մասը: Բջջային հավելվածներից մինչև վեբ բրաուզերներ ռազմավարությամբ, ծանուցումները օգնում են օգտատերերին տեղեկացված լինել վերջին տեղեկությունների, առաջարկների և թարմացումների վերաբերյալ: Մեր օրերում քաղաքացիները և ընկերությունները աստիճանաբար անցում են կատարում հանրային իշխանության մարմինների հետ իրենց գրագրությունը և փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային եղանակով կազմակերպելուն` օգտվելով գործընթացների և ծառայությունների թվայնացումից: Միաժամանակ, հանրային իշխանության մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում ծանուցումների էլեկտրոնային եղանակի տարածվածության բարձր մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է զարգացնել կարգավորող դաշտը և տեխնոլոգիական առաջարկը:

Հենց այդ նպատակին հասնելու համար Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2.3 կետով որպես նպատակ նախատեսվել է թվայնացումը՝ հաշվի առնելով, որ թվային արդիական միջավայրի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ նախատեսված՝ «Էլեկտրոնային արդարադատություն» էլեկտրոնային համակարգի ներդրմանն ուղղված ռազմավարական նպատակի իրագործման համատեքստում Արդարադատության նախարարությունը անդրադարձ է կատարում նաև նախարարության համակարգման ոլորտներին վերապահված հանրային գործառույթների և տվյալների բազաների թվայնացմանն ու արդիականացմանը:

Այսպես, ռազմավարական միջոցառումներից է «Արդիականացնել հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը, ստեղծել անհատական և հրապարակային ծանուցումների միասնական համակարգ» միջոցառումը, որի նախատեսման անհրաժեշտությունը պայմանավորված էր Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (azdarar.am) կայքի տեխնիկական հնարավորություններով, ծանրաբեռնվածությամբ և այն նոր ծրագրային լուծումներով արդիականացնելու, ինչպես նաև անհատական ծանուցումների նոր համակարգ ներդնելու հրամայականով:

Չնայած «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի ընդունմամբ և հետագայում իրականացված էական փոփոխություններով հնարավորություն ստեղծվեց ծանուցումների գործընթացը կազմակերպել ինտերնետի միջոցով ծանուցումների էլեկտրոնային փոստին ուղարկելու եղանակով, որն ավելի էժան է, արագ և արդյունավետ, այնուամենայնիվ, էլեկտրոնային եղանակով անհատական ծանուցման մեխանիզմների ներդրումը դեռևս որպես ծանուցման հիմնական միջոց չի ծառայում և գերակշռում են փոստային ծանուցումները, որոնք և՛ ավելի ժամանակատար են, և՛ ծախսատար: Այսպես, որպես օրինակ, ստորև աղյուսակով ներկայացվում է ծանուցման ձևերի ներկայումս գործող հարաբերակցությունը.

Անհատական ծանուցումների ներկայիս համակարգը, օրենսդրական կարգավորումներով հանդերձ, հնարավորություն չի ընձեռնում ապահովել համակարգի միջոցով իրականացվող ծանուցումների պատշաճ ծանուցում համարվելը, ինչի արդյունքում անձինք նախընտրում են ծանուցումներն իրականացնել թղթային եղանակով՝ հետագա խնդիրներից խուսափելու նպատակով:

Հարկ է նշել, որ քաղաքացիներին նույնականացման քարտերի տրամադրման հետ մեկտեղ անվճար տրվում է նաև www.e-citizen.am հարթակին հասանելիություն, ինչպես նաև պաշտոնական էլեկտրոնային փոստ, որին անձը նույնպես կարող է հասանելիություն ունենալ www.e-citizen.am հարթակի միջոցով: Ինտերնետի հասանելիության ներկա պայմաններում անձը կարող է տեղեկացված լինել իրեն էլեկտրոնային եղանակով հասցեագրված ծանուցումների մասին՝ անկախ իր գտնվելու վայրից, հաշվառման կամ բնակության վայրի փոփոխությունից կամ արտասահմանում գտնվելու հանգամանքից: Սակայն, քանի որ գործող օրենսդրական կարգավորումների և պրակտիկայի պայմաններում էլեկտրոնային ծանուցումներին առաջնահերթություն տրված չէ, ապա ծանուցող կողմը հիմնականում ծանուցումներն իրականացնում է թղթային եղանակով՝ փոստի միջոցով: Ինչպես նշվեց, վերջին եղանակը շատ հաճախ արդյունավետ չէ՝ ոչ միայն իր ծախսատար կամ ժամանակատար լինելու պատճառով, այլ հաճախ խնդիրներ են առաջանում անձի հասցեի (բնակության վայրի) փոփոխման դեպքում:

Ուստի, ծանուցումների ոլորտում առկա խնդիրների կանոնակարգման և էլեկտրոնային ծանուցումների արդիականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ծանուցումների համակարգի համար նախատեսել այնպիսի իրավական լուծումներ, որոնց դեպքում առաջնահերթություն կսահմանվի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծանուցումների դեպքում:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է առաջնահերթություն տալ հենց էլեկտրոնային ծանուցումներին: Մասնավորապես, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծանուցումները նույնականացման քարտ ունեցող ֆիզիկական, ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Որպես էլեկտրոնային եղանակ նախագծով առաջարկվում է նույնականացման քարտ ունեցող ֆիզիկական անձանց համար ծանուցումներ ստանալու միջոցը սահմանել Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակը www.e-citizen.am, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը:

Ընդ որում, նշված եղանակից բացի, քանի որ նույնականացման քարտ ունեցող քաղաքացիները, ինչպես նաև իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը ունեն պաշտոնական էլեկտրոնային փոստ՝ ՀԾՀ@e-citizen.am և ՀՎՀՀ@e-citizen հասցեներով, առաջարկվում է նախատեսել նաև լրացուցիչ երաշխիքներ անձանց այս փոստային հասցեներով ծանուցելու համար: Մասնավորապես նախատեսվում է նշված հարթակ/համակարգերին և էլեկտրոնային փոստերին պարտադիր կարգով, իսկ նշված անձանց կողմից այլ էլեկտրոնային փոստ տրամադրելու դեպքում նաև այդ էլեկտրոնային փոստին Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակում կամ Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգում ծանուցումների առկայության վերաբերյալ ուղարկել տեղեկացում:

Նախագծով սահմանվում է նաև պատշաճ ծանուցման պահը՝ Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակ կամ Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգ համապատասխան ծանուցման մուտքագրման օրը, որը հավաստվում է համակարգի կողմից: Այսինքն, անկախ հավելյալ պաշտոնական կամ այլ էլեկտրոնայի փոստին ուղարկված ծանուցումից, անձը համարվում է ծանուցված ծանուցումը համակարգ կամ հարթակ մուտքագրելու օրը:

Որպես մեկ այլ երաշխիք, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե անձը չի կարդացել ծանուցումը այն մուտք լինելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապա ծանուցումը ուղարկվում է նաև նրա համապատասխան հասցեով և դրվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում:

Նշված գործընթացը իրականացնելու համար որպես ծրագրային հիմք առաջարկվում է դիտարկել e-notify համակարգը, որը ապահովում է Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակի կամ Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի համապատասխան բաժիններում ծանուցումների տեղադրման տեխնիկական ապահովումը, իսկ ծանուցումների իրականացման նշված կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:

Էլեկտրոնային ծանուցումների ներդրման համար հիմք է ծառայել նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը։

  • Դանիա

Դանիայում գործում է «Հանրային ուղարկողների կողմից ուղարկվող թվային փոստի մասին» ակտը  (Proclamation of the Act on Digital Post from Public Senders): Ակտի համաձայն՝ Ֆիզիկական և իրավաբանական անձանց կապը Թվային փոստին նշանակում է, որ հանրային ուղարկողներն իրավունք ունեն հաղորդակցվել թվային փոստով շահագրգիռ անձանց հետ, որը առաջացնում է իրավական հետևանքներ: Հաղորդակցություն նշանակում է ուղարկել փաստաթղթեր, ծանուցումներ և այլն, այդ թվում նաև որոշումներ:

Թվային փոստի հիմնադրման հետ կապված հարցերը կարգավորվում են ֆինանսների նախարարության կողմից: Համաձայն այդ ակտի, 15 տարեկանից բարձր բոլոր ֆիզիկական անձինք, որոնք ունեն մշտական բնակության կամ բնակության վայր Դանիայում, պարտավոր են միանալ Թվային Փոստին, բացառությամբ այն դեպքերի, որբ տվյալ անձը ազատված է պարտադիր միացման պարտականությունից: Իրավաբանական անձինք, որոնք ունեն հաշվառման համար ևս պարտավոր են միանալ Թվային փոստին, եթե վերջիններս ազատված չեն դրանից:

Միացման պարտականությունից բացառություն հանդիսանում են այն հատուկ հանգամանքները, որոնք կարող են անձին զրկել թվային փոստով ծանուցում ստանալու հնարավորությունից: Որոշումը կայացվում է տեղական ինքնակառավարման մարմնի ավագանու կողմից: Որպես ազատման հիմք կարող են դիտարկվել մի շարք հանգամանքներ, օրինակ՝ եթե ընկերությունը չունի հասանելիություն 512 կիլոբիթ արագությամբ կապի, կամ ընկերության տնօրենը հաշմանդամ է կամ ազատազրկված, կամ եթե անձը ունի հաշմանդամություն:

Թվային փոստի միջոցով ուղարկված հաղորդագրությունները համարվում են ՝

- ստացված այն պահին, երբ հաղորդագրությունը հասանելի է դառնում հասցեատիրոջը փոստային ծրագրի մեջ, այդ թվում՝ դիտման հավելվածում, և

- ուղարկված նշված ուղարկողի կողմից։

  • Էստոնիա

Չնայած այն փաստին, որ Էստոնիայում ծանուցումների իրականացման վերաբերյալ առկա չէ միասնական իրավական ակտ, էլեկտրոնային ծանուցումների վերաբերյալ դրույթները հիշատակվում են առանձին իրավական ակտերով։ Մասնավորապես,  Էստոնիայի քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության, ինչպես նաև հարկային օրենսգրքերում առկա են էլեկտրոնային ծանուցումների վերաբերյալ կարգավորումներ։

Էստոնիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3111 հոդվածով սահմանված են ընթացակարգային փաստաթղթերի հանձնման էլեկտրոնային եղանակները, մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ դատարանը կարող է դատավարական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնել ծրագրված տեղեկատվական համակարգի միջոցով՝ փաստաթուղթը համակարգում հասանելի դարձնելու մասին ծանուցում ուղարկելով.

1) դատարանին ծանուցված էլեկտրոնային հասցեին և հեռախոսահամարին,

2) Էստոնիայի անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց վերաբերյալ ռեգիստրի տեղեկատվական համակարգում գրանցված էլեկտրոնային հասցեին և հեռախոսահամարին,

3) բնակչության ռեգիստրում մուտքագրված հասցեատիրոջ և նրա օրինական ներկայացուցչի էլեկտրոնային հասցեին և հեռախոսահամարին,

4) այլ պետական ռեգիստրի տվյալների բազայում հասցեատիրոջ և նրա օրինական ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին, որտեղ դատարանը կարող է ինքնուրույն ստուգել տեղեկատվությունը էլեկտրոնային հարցումով,

5) Էստոնիայի նույնականացման քարտի առկայության դեպքում՝ personal-identification-code@eesti.ee էլ. հասցեին (տե´ս Code of Civil Procedure, §3111

Էստոնիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ փաստաթուղթը համարվում է հանձնված, երբ ստացողը բացում է այն տեղեկատվական համակարգում կամ հաստատում է այն ստանալը տեղեկատվական համակարգում՝ առանց փաստաթուղթը բացելու, ինչպես նաև, եթե դա արվում է մեկ այլ անձի կողմից, ում ստացողը թույլ է տվել տեղեկատվական համակարգում փաստաթղթեր տեսնելու հնարավորությունը։ Համակարգը ավտոմատ կերպով գրանցում է փաստաթղթի հանձնումը։ Ընթացակարգային փաստաթղթերը փաստաբաններին, նոտարներին, հարկադիր կատարողներին, սնանկության կառավարիչներին և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվում են ծրագրված տեղեկատվական համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով։ Նշված սուբյեկտներին ընթացակարգային փաստաթղթերը և դրանց մասին ծանուցումները այլ եղանակով կարող են տրամադրվել միայն հարգելի պատճառաբանության առկայության դեպքում (տե´ս նույն տեղում)։

Էստոնիայում էլեկտրոնային ծանուցումները որոշակի սուբյեկտների համար և որոշակի հանգամանքների առկայության դեպքում պարտադիր են։ Մասնավորապես, եթե հասցեատերը ունի Էստոնիայի նույնականացման քարտ, ապա ընթացակարգային փաստաթղթերը հասանելի դարձնելու վերաբերյալ ծանուցումը ուղարկվում է հատուկ առանձնացված այն էլ.հասցեն, որին պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ուղարկել փաստաթղթեր և ծանուցումներ՝ կապված անձի կամ վերջինիս ընկերության հետ, որոնք բխում են տվյալ անձի կամ նրա ընկերության պարտավորություններից կամ իրավունքներից։ Ընդ որում, հատուկ առանձնացված էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկված ծանուցումները պահվում են Էստոնիայի տեղեկատվական պորտալում (Պետական պորտալ) և վերահասցեագրվում օգտագործողի ամենօրյա օգտագործվող էլ.փոստի հասցեին, իսկ այդ հասցեներին ուղարկված փաստաթղթերը անձի էլ. փոստի հասցեին չեն ուղարկվում, այլ հասանելի են դառնում Պետական պորտալում, մինչդեռ փաստաթղթերի ստացման վերաբերյալ ծանուցումն ուղարկվում է օգտագործողի ամենօրյա օգտագործվող էլ. փոստի հասցեին կամ հեռախոսահամարին (տե´ս Terms of the official email service of eesti.ee):

Ավելին, Էստոնիայի հարկային օրենսգրքով նշվում է, որ հարկային մարմինը կարող է ընդունել ավտոմատացված ձևով վարչական որոշում և փաստաթուղթ առանց հարկային մարմնի պաշտոնատար անձի անմիջական միջամտության, ինչը ծանուցվում է էլեկտրոնային եղանակով՝ համաձայն օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի (տե´ս, Taxation Act, §462)։ Մասնավորապես, Էստոնիայի հարկային օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փաստաթուղթը համապատասխան հարթակում հասանելի դարձնելու մասին ծանուցումն ուղարկվում է փաստաթղթի հասցեատիրոջը նրա էլեկտրոնային հասցեով կամ բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրությամբ։

Այսինքն, այն դեպքերում, երբ հարկային մարմինը, ըստ ոլորտի քաղաքականության պատասխանատու նախարարի որոշմամբ սահմանված ցանկի, պետք է ընդունի ավտոմատացված ձևով վարչական որոշում և փաստաթուղթ, այդ պարագայում յուրաքանչյուր դեպքում հասցեատերը դրա մասին ծանուցվում է օրենսգրքով սահմանված ձևով՝ էլեկտրոնային եղանակով կամ կարճ հաղորդագրությամբ։

  • Ավստրիա

Ավստրիայում պետական գործառույթների թվայնացմանը վերաբերող հիմնական իրավական ակտը թվային կառավարության ակտն է (E-government act)։ Վերջինիս 1 ա կետի 3 ենթակետի համաձայն՝ եթե այլ բան նախատեսված չէ դաշնային օրենքով, ի հավելումն էլեկտրոնային հաղորդակցության տարբերակի, պետք է տրամադրվի առնվազն մեկ այլ կապի ձև համապատասխան մարմնի հետ հաղորդակցվելու համար: Խտրականությունը այն հիմքով, որ անձը ընտրել է հաղորդակցության այլ ձև, արգելվում է։ Էլեկտրոնային հաղորդակցության խթանմանն ուղղված միջոցառումներն այս առումով խտրականություն չեն հանդիսանում:

Այս համատեքստում կարող ենք դիտարկել «Դատարանակազմության մասին» օրենքի 89-րդ հոդվածը, որի համաձայն, փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով արդարադատության նախարարի որոշմամբ սահմանված դեպքերում: Օրենքի համաձայն՝ հաշվի առնելով առկա տեխնիկական հնարավորությունները և պարզ ու խնայողաբար կառավարման ու չարաշահումներից պաշտպանության սկզբունքները, նախարարը որոշում է այն փաստաթղթերը, ինչպես նաև այն դատական որոշումները, որոնք կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով:

  • Գերմանիա

Գերմանիայի Դաշնային Հանրապետության, հանրային մարմինների կողմից էլեկտրոնային ծանուցումների իրականացմանը վերաբերող հարաբերությունները կարգավորվում են «Էլեկտրոնային կառավարումը խթանելու գործողությունների մասին» օրենքով (E-Government-Gesetz), որի համաձայն 2-րդ հոդվածի 2-րդ մաս՝ «Յուրաքանչյուր դաշնային մարմին այնուհետև պարտավոր է բացել էլեկտրոնային մուտքը De-Mail համակարգի միջոցով՝ համաձայն De-Mail Act-ի, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան դաշնային մարմինը մուտք չունի վարչարարության համար նախատեսված ՏՏ կենտրոնական գործընթացին, որի միջոցով համապատասխան ծառայությունները տրամադրվում են դաշնային իշխանություններին:» (տե´ս, E-Government-Gesetz)։

Նշված համակարգը պաշտոնական հաղորդակցության համար Գերմանիայի կառավարության կողմից ճանաչված էլ. փոստի անվտանգ համակարգ է, որն օգտագործվում է օրինականորեն պարտադիր ծանուցումների համար, ինչպիսիք են օրինակ հարկային մարմնի որոշումները, կամ վարչական կարգադրությունները (De-Mail տեղեկատվական պորտալ): Ինչպես նաև, հարկային ծանուցումների համար գործում է կենտրոնացված առցանց հարթակ՝ Mein ELSTER, որը հատուկ օգտատերերի խմբերի համար է նախատեսված (Elster կենտրոնացված առցանց հարթակ):

Էլեկտրոնային փաստաթղթերի փոխանցումը թույլատրելի է, պայմանով, որ ստացողը դրա համար մուտք է սահմանում: Եթե իրավական դրույթները սահմանում են, որ փաստաթուղթը գրավոր է, այն կարող է փոխարինվել էլեկտրոնային ձևով, եթե այլ բան նախատեսված չէ իրավական դրույթով: Այս դեպքում էլեկտրոնային փաստաթուղթը պետք է տրամադրվի որակավորված էլեկտրոնային ստորագրությամբ՝ համաձայն Թվային ստորագրության մասին օրենքի (տե´ս, Administrative Procedures act, § 3a):

Ավելին, Գերմանիայի «Մարդկանց վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման մասին» օրենքով նախատեսվում են դեպքեր, երբ իրավասու մարմինների կողմից էլեկտրոնային ծանուցումները պարտադիր կերպով իրականացվում են էլեկտրոնային հաշվետվությունների և տեղեկատվական համակարգով (տե´ս, Infection Protection Act - IfSG, § 14 )։

 

Ինչպես վկայում է միջազգային փորձը, նշված երկրներում որոշ խումբ անձանց համար ծանուցումները իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ որոշակի հարթակի միջոցով։

ՀՀ Սահմանադրական դատարանը իր որոշումներից մեկում անդրադարձել է էլեկտրոնային փոստին ուղարկված ծանուցմանը՝ նշելով, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ծանուցմանը վերաբերող իրավակարգավորումներից հետևում է, որ ծանուցման հանձնումը պետք է կատարվի այնպիսի եղանակով, որը թույլ կտա հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, որը արդյունավետ կառուցակարգ է պատշաճ ծանուցման իրականացման համար, այսինքն՝ էական նշանակություն ունի ծանուցումը ստանալու հանգամանքը, այլ ոչ միայն այն ուղարկելու փաստի առկայությունը։ Ընդ որում, հարկ վճարողը պետք է հնարավորություն ունենա «բացելու և ծանոթանալու» ծանուցման բովանդակությանը, և որևէ նշանակություն չունի, թե վերջինս օգտվե՞լ է այդ հնարավորությունից, թե ոչ: Այսինքն՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկումը կարող է հաստատված լինել միայն այն ժամանակ, երբ փաստաթուղթը ոչ միայն ուղարկվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին, այլ նաև հասնում է այդ հասցեին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) նույնպես անդրադարձել է ծանուցման խնդրին: Մասնավորապես, գործերից մեկով դատարանը արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում նշելով՝ «… Կողմերը պետք է կարողանան օգտվել հայց հարուցելու կամ բողոք ներկայացնելու իրավունքից այն պահից, երբ նրանք կարող են արդյունավետորեն տեղեկանալ իրենց վրա պարտականություն դնող կամ նրանց օրինական իրավունքները կամ շահերը խախտող դատական որոշումներ մասին։ Հակառակ դեպքում դատարանները կարող են էապես կրճատել բողոք ներկայացնելու ժամանակը կամ նույնիսկ անհնարին դարձնել ցանկացած բողոք՝ հետաձգելով իրենց որոշումների հանձնումը: Դատական ակտի հանձնումը, որպես դատական մարմնի և կողմերի միջև կապի միջոց, կողմերին հայտնի է դարձնում դատական ակտը և դրա հիմքերը՝ այդպիսով նրանց հնարավորություն տալով բողոքարկել նպատակահարմարության դեպքում:» (տե՛ս Escolano and Others v. Spain, 2000, § 37): ՄԻԵԴ-ը արձանագրել է նաև, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի նախատեսում փաստաթղթերի հանձնման հատուկ ձև (տե՛ս Bogonos v. Russia (dec.), no. 68798/01, 5 February 2004): Այնուամենայնիվ, արդար դատավարության ընդհանուր հայեցակարգը, որն ընդգրկում է այն հիմնարար սկզբունքը, որ դատավարությունը պետք է լինի մրցակցային (տե՛ս Ruiz‑Mateos v. Spain, 23 June 1993, § 63, Series A no. 262) պահանջում է, որ քաղաքացիական դատավարության բոլոր կողմերը պետք է հնարավորություն ունենան իմանալու և մեկնաբանելու մյուս կողմի ներկայացրած դիտարկումները կամ ապացույցները: Նպատակ ունենալով ազդել դատարանի որոշման վրա (տե՛ս Lobo Machado v. Portugal, 20 February 1996, § 31, Reports of Judgments and Decisions 1996‑I): Եթե դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դատական ծանուցագրերը, անձամբ չեն հանձնվում, ապա դիմողը կարող է զրկվել իրեն պաշտպանելու իրավունքից դատավարության ընթացքում (see Ozgur-Karaduman v. Germany (dec.), no. 4769/02, 26 June 2007):

Այսպիսով, ՄԻԵԴ-ի տեսանկյունից ծանուցումների հիմնական խնդիրը բացահայտված է դատական գործերում՝ դատարան դիմելու իրավունքի, ինչպես նաև դատարանի կողմից որոշակի իրավունքները սահմանափակելու (վճռելու) կոնտեքստում։ ՄԻԵԴ-ը ծանուցման եղանակը թողնում է ՄԻԵԿ-ի անդամ պետության հայեցողությանը, սակայն արձանագրում է, որ անձի լսված լինելու և դատարան դիմելու իրավունքը չպետք է խաթարվի։

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային ծանուցումները առաջարկվում է սահմանել որպես պարտադիր միջոց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նույնականացման քարտ ունեցող ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ծանուցումը իրականացնելիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախ իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնի հետ հարաբերություններում արդեն ծանուցումները ստանում են Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, իսկ նույնականացման քարտ ունեցող ֆիզիկական անձիք ունեն հասանելություն www.e-citizen.am հարթակին և պաշտոնական էլեկտրոնայի փոստին։ Ընդառաջ գնալով ՀՀ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի դիրքորոշումներին ծանուցման արդյունավետ միջոցների կիրառման համար՝ առաջարկվում է սահմանել, որ համակարգի կողմից հավաստում է ծանուցումը ուղարկվելը, համապատասխան հարթակում կամ համակարգում մուտք լինելը, և անձի կողմից այն կարդալը։ Ընդ որում, համակարգում մուտք լինելը հավաստելը դիտարկվում է բավարար անձի պատշաճ ծանուցման համար։

 

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծով ակնկալվում է հետևյալ արդյունքը․

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև նույնականացման քարտ ունեցող ֆիզիկական անձանց ծանուցումները իրականացվելու են Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի կամ Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ծանուցման գործընթացը դարձնելով դյուրին։
  2. Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը և Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակը միացվելու է e-notify համակարգին, որով իրականացվել է ծանուցումը։ Նշված կարգը սահմանվելու ՀՀ կառավարության կողմից։
  3. Սահմանվելու է պատշաճ ծանուցման պահը՝ Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգ կամ Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակ ծանուցումը մուտքագրելու պահը։
  4. Որպես ծանուցման լրացուցիչ երաշխիք նախատեսվելու է անձանց տեղեկացման հնարավորություն նշված սուբյեկտների պաշտոնական էլեկտրոնային, ինչպես նաև նրանց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին՝ հարթակում կամ համակարգում համապատասխան ծանուցման առկայության մասին։ Ավելին, նույնականացման քարտ ունեցող ֆիզիկական անձանց համար ծանուցումը 3 օրվա ընթացքում չկարդալու դեպքում ծանուցումը ուղարկվելու է նաև իրենց հաշվառման հասցեով, ինչպես նաև տեղադրվելու է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.

Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի նվազեցման՝ ծանուցման էլեկտրոնային եղանակի կիրառման մասշտաբներին համապատասխան, որոնք ենթակա կլինեն հետագա հաշվարկման:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է  Կառավարության 2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 1133-Լ որոշմամբ հավելված N 2-ով հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 1-ին նպատակի 11-րդ կետից:

         

  • Обсуждалось

    30.04.2025 - 15.05.2025

  • Тип

    Закон

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация), Информационные технологии

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2206

Принт

Предложения

Սուրեն Հայրապետյան

14.05.2025

Առաջարկություն օրենքի նախագծի վերաբերյալ՝ պաշտոնական ծանուցումների կարգավորման մասին Հարգելի օրենսդիր մարմին, Ես՝ Սուրեն Հայրապետյանս հանդիսանալով Wooxy․com հարթակի ներկայացուցիչ, որը հանդիսանում է մասնագիտացված ավտոմատացված ծանուցումների լուծում առաջարկող համակարգ, կարևոր ենք համարում, որ նման կարևոր օրենքի ընդունման գործընթացում հաշվի առնվի նաև ժամանակակից միջազգային փորձը և կիրառվեն տեխնոլոգիապես զարգացած լուծումներ՝ ապահովելով հաղորդակցման թափանցիկությունը, իրավական հստակությունը և տեխնիկական անվտանգությունը։ Ստորև ներկայացնում եմ մեր թիմի հիմնական դիտարկումները օրենքի նախագծի վերաբերյալ. Մարդու իրավունքների և անձնական տիրույթի գաղտնիության խախտում․ Նախագծով սահմանված է, որ ծանուցման առաքումը միայն պետական «E-notify» համակարգով համարվում է բավարար, ինչը հակասում է քաղաքացու իրազեկ լինելու իրավունքին։ Նման մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ քաղաքացուն պատժեն՝ առանց փաստացի ծանուցելու։ Սա վտանգավոր նախադեպ է մարդու իրավունքների տեսանկյունից։ Պետական մենաշնորհ և ոչ թափանցիկ գործառույթ․ Ներկայիս ձևակերպմամբ պետական մարմինները բացառիկ կերպով օգտվում են միայն իրենց կողմից վերահսկվող «E-notify» ծառայությունից, ինչը նշանակում է, որ պետությունը տեղեկացնում է ինքն իրեն և այդպիսով հիմք է ստեղծում պատժամիջոցների կիրառման համար՝ առանց իրական վերահսկողության։ Ալտերնատիվ հավաստագրված ծառայությունների անհրաժեշտություն և Wooxy․com հարթակի օգտագործման իրավունքի ընդգրկում․ Օրենքով անհրաժեշտ է սահմանել տեխնիկական և իրավական հստակ պահանջներ՝ ծանուցման ծառայությունների նկատմամբ, ներառյալ՝ գաղտնիություն, անվտանգություն, վավերականություն, մատչելիություն։ Միաժամանակ, պետական մարմինները և մասնավոր կազմակերպությունները պետք է ունենան իրավական լիազորություն օգտագործելու Wooxy․com հարթակի ամպային լուծումները, որոնք ապահովում են՝ ավելի բարձր մակարդակի տեխնիկական անվտանգություն, ծանուցման բարձր առաքման ցուցանիշներ (deliverability), ծանուցման ընթերցման փաստի տեխնիկական գրանցում, ծանուցման մեջ գտնվող հղումների սեղմման փաստի գրանցում։ Բոլոր այս հնարավորությունները բացակայում են ներկայիս «E-notify» համակարգում, որը ներկայում փորձում են օրինականացնել որպես մենաշնորհային լուծում՝ չնայած տեխնիկական և ֆինանսական սահմանափակումներին, ինչպես նաև դրա արդիականացման անհնարինությանը։ Ծանուցման ծառայության ազատ ընտրության իրավունքի ապահովում. Օրենքով անհրաժեշտ է ամրագրել ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձի իրավունքը՝ ընտրելու հավաստագրված ծանուցման ծառայություն, ինչպես օրինակ՝ Wooxy․com։ Նման ծառայությունների միջոցով իրականացված ծանուցումները պետք է ունենան նույն իրավաբանական ուժը, ինչ պետական «E-notify»-ի միջոցով իրականացվածները։ Ծանուցման ընթերցման տեխնիկական հաստատման մեխանիզմ. Պետք է մշակվեն մեխանիզմներ, որոնց միջոցով տեխնիկապես արձանագրվում է ծանուցման ընթերցման փաստը կամ օգտագործողի արձագանքը։ Առանց նման հաստատման, որևէ պատիժ կամ իրավական հետևանք կիրառելը հակասում է իրավական պետության սկզբունքին։ «E-notify» համակարգի թերություններ. Ներկայիս «E-notify» համակարգը չի համապատասխանում ժամանակակից անվտանգության ստանդարտներին։ Դրա թափանցիկությունը, արդիականացման գործընթացները, ֆինանսավորման աղբյուրները և տեխնիկական վերահսկելիությունը բացակայում են, ինչը դարձնում է այն թանկարժեք, մրցակցությունից զուրկ և տեխնիկապես հնացած լուծում։ Եզրակացություն. Օրինագծի ներկայիս տարբերակը վտանգում է քաղաքացիների իրավունքները և ստեղծում է պետական վերահսկվող, մրցակցությունից զուրկ միջավայր։ Առաջարկում ենք վերանայել նախագիծը՝ ընդգրկելով միջազգային փորձը և հնարավորություն տալով մասնավոր հավաստագրված ծառայություններին, ինչպես Wooxy.com հարթակին, մասնակցել ծանուցման գործընթացին՝ իրավական հավասարության և տեխնիկական արդյունավետության սկզբունքով։ Հարգանքով՝ Սուրեն Հայրապետյան

Սուրեն Հայրապետյան

14.05.2025

Առաջարկություն օրենքի նախագծի վերաբերյալ՝ պաշտոնական ծանուցումների կարգավորման մասին Հարգելի օրենսդիր մարմին, Ես՝ Սուրեն Հայրապետյանս հանդիսանալով Wooxy․com հարթակի ներկայացուցիչ, որը հանդիսանում է մասնագիտացված ավտոմատացված ծանուցումների լուծում առաջարկող համակարգ, կարևոր ենք համարում, որ նման կարևոր օրենքի ընդունման գործընթացում հաշվի առնվի նաև ժամանակակից միջազգային փորձը և կիրառվեն տեխնոլոգիապես զարգացած լուծումներ՝ ապահովելով հաղորդակցման թափանցիկությունը, իրավական հստակությունը և տեխնիկական անվտանգությունը։ Ստորև ներկայացնում եմ մեր թիմի հիմնական դիտարկումները օրենքի նախագծի վերաբերյալ. Մարդու իրավունքների և անձնական տիրույթի գաղտնիության խախտում․ Նախագծով սահմանված է, որ ծանուցման առաքումը միայն պետական «E-notify» համակարգով համարվում է բավարար, ինչը հակասում է քաղաքացու իրազեկ լինելու իրավունքին։ Նման մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ քաղաքացուն պատժեն՝ առանց փաստացի ծանուցելու։ Սա վտանգավոր նախադեպ է մարդու իրավունքների տեսանկյունից։ Պետական մենաշնորհ և ոչ թափանցիկ գործառույթ․ Ներկայիս ձևակերպմամբ պետական մարմինները բացառիկ կերպով օգտվում են միայն իրենց կողմից վերահսկվող «E-notify» ծառայությունից, ինչը նշանակում է, որ պետությունը տեղեկացնում է ինքն իրեն և այդպիսով հիմք է ստեղծում պատժամիջոցների կիրառման համար՝ առանց իրական վերահսկողության։ Ալտերնատիվ հավաստագրված ծառայությունների անհրաժեշտություն և Wooxy․com հարթակի օգտագործման իրավունքի ընդգրկում․ Օրենքով անհրաժեշտ է սահմանել տեխնիկական և իրավական հստակ պահանջներ՝ ծանուցման ծառայությունների նկատմամբ, ներառյալ՝ գաղտնիություն, անվտանգություն, վավերականություն, մատչելիություն։ Միաժամանակ, պետական մարմինները և մասնավոր կազմակերպությունները պետք է ունենան իրավական լիազորություն օգտագործելու Wooxy․com հարթակի ամպային լուծումները, որոնք ապահովում են՝ ավելի բարձր մակարդակի տեխնիկական անվտանգություն, ծանուցման բարձր առաքման ցուցանիշներ (deliverability), ծանուցման ընթերցման փաստի տեխնիկական գրանցում, ծանուցման մեջ գտնվող հղումների սեղմման փաստի գրանցում։ Բոլոր այս հնարավորությունները բացակայում են ներկայիս «E-notify» համակարգում, որը ներկայում փորձում են օրինականացնել որպես մենաշնորհային լուծում՝ չնայած տեխնիկական և ֆինանսական սահմանափակումներին, ինչպես նաև դրա արդիականացման անհնարինությանը։ Ծանուցման ծառայության ազատ ընտրության իրավունքի ապահովում. Օրենքով անհրաժեշտ է ամրագրել ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձի իրավունքը՝ ընտրելու հավաստագրված ծանուցման ծառայություն, ինչպես օրինակ՝ Wooxy․com։ Նման ծառայությունների միջոցով իրականացված ծանուցումները պետք է ունենան նույն իրավաբանական ուժը, ինչ պետական «E-notify»-ի միջոցով իրականացվածները։ Ծանուցման ընթերցման տեխնիկական հաստատման մեխանիզմ. Պետք է մշակվեն մեխանիզմներ, որոնց միջոցով տեխնիկապես արձանագրվում է ծանուցման ընթերցման փաստը կամ օգտագործողի արձագանքը։ Առանց նման հաստատման, որևէ պատիժ կամ իրավական հետևանք կիրառելը հակասում է իրավական պետության սկզբունքին։ «E-notify» համակարգի թերություններ. Ներկայիս «E-notify» համակարգը չի համապատասխանում ժամանակակից անվտանգության ստանդարտներին։ Դրա թափանցիկությունը, արդիականացման գործընթացները, ֆինանսավորման աղբյուրները և տեխնիկական վերահսկելիությունը բացակայում են, ինչը դարձնում է այն թանկարժեք, մրցակցությունից զուրկ և տեխնիկապես հնացած լուծում։ Եզրակացություն. Օրինագծի ներկայիս տարբերակը վտանգում է քաղաքացիների իրավունքները և ստեղծում է պետական վերահսկվող, մրցակցությունից զուրկ միջավայր։ Առաջարկում ենք վերանայել նախագիծը՝ ընդգրկելով միջազգային փորձը և հնարավորություն տալով մասնավոր հավաստագրված ծառայություններին, ինչպես Wooxy.com հարթակին, մասնակցել ծանուցման գործընթացին՝ իրավական հավասարության և տեխնիկական արդյունավետության սկզբունքով։ Հարգանքով՝ Սուրեն Հայրապետյան

Տիգրան Ստեփանյան

09.05.2025

Նախագիծը դնել հանրաքվեի՝ նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հետ միասին՝ նկատի ունենալով, որ քաղաքացիների հիմնական իրավունքների վրա անմիջական և շեշտակի ազդեցություն ունեցող <<բարեփոխում>> է

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: