Добавить в избранное

В стадии разработки

ՍԿՍՆԱԿ ԵՎ ՓՈՔՐ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_______ 2024 թվականի N ________-Լ

ՍԿՍՆԱԿ ԵՎ ՓՈՔՐ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել ձեռնարկատիրական հմտությունների զարգացման միջոցառումը՝ համաձայն հավելված 1-ի։
  2. Հաստատել փոքր բիզնեսի արտոնյալ վարկավորման միջոցառումը՝ համաձայն հավելված 2-ի։
  3. Հաստատել հովանոցային երաշխիքի տրամադրման միջոցառումը՝ համաձայն հավելված 3-ի։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:
  5. Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում աջակցության միջոցառումների թիրախները հաստատվում են Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի հրամանով:

 

Հավելված 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

__________ի N ___Լ որոշման

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
  1. Տնտեսավարողների ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և ֆինանսական միջոցների հասանելիության ապահովման միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետությունում ձեռներեցության ոլորտի ուժեղացմանը, կազմակերպությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում ներկայացվածության բարձրացմանը։
  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
  1. Սույն հավելվածով հաստատված ձեռնարկատիրական հմտությունների զարգացման միջոցառման (այսուհետ՝ Միջոցառում) իմաստով շահառու են համարվում (այսուհետ՝ շահառու) արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնող (բացառությամբ դիմումը ներկայացնելու և (կամ) նախորդող օրացուցային տարվա (տարիների) ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից 2019 թվականի օգոստոսի 27-ի թիվ 558-Ն հրամանով հաստատված հաշվետվություններ ներկայացնող (ներկայացրած) տնտեսավարողները)․
    • Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը դիմումի նախորդող օրվա դրությամբ կազմում է առավելագույնը 50 մարդ (այսուհետ՝ փոքր ձեռնարկատեր),
    • այն ֆիզիկական անձիք, որոնք ունեն ձեռնարկատիրական գաղափար և ցանկանում են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և տվյալ ֆինանսական տարում ձեռնարկատիրական գործունեություն չեն իրականացրել  (այսուհետ՝ սկսնակ ձեռնարկատեր),
  2. 2-րդ կետով սահմանվող շահառուները պետք է բավարարեն ստորև ներկայացված պայմանները․

ա) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով հարկային պարտավորությունների բացակայություն,

բ) դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամսվա ընթացքում որևէ վարկի/լիզինգի գծով հանրագումարային 30 օրից ավել ժամկետանց պարտավորությունների բացակայություն։

  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
  1. Միջոցառման շրջանակներում ֆինանսավորվում է սույն որոշման իմաստով շահառուների ձեռնարկատիրական հմտությունների դասընթացի (այսուհետ՝ Դասընթաց) մասնակցության վճարը։
  2. Դասընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրթական կամ խորհրդատվական ծառայություններ մատուցող իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպության միջոցով (այսուհետ՝ մասնագիտացված կազմակերպություն)։
  3. Էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից Մասնագիտացված կազմակերպությանը դասընթացների կազմակերպման վճարն իրականացվում է յուրաքանչյուր շահառուի հաշվով 500 000 ՀՀ դրամի չափով, ընդ որում միայն այն դեպքում, երբ շահառուն ապահովել է մասնակցություն դասընթացի առնվազն 80%-ին և շահառուի կողմից մշակված գործարար ծրագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունը վարկ է տրամադրում շահառուին։
  4. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացը պետք է իրականացվի առնվազն 20 շահառուի համար։
  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
  1. Միջոցառման իմաստով մասնագիտացված կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը․
    • որն առնվազն 3 (երեք) տարի գրանցված է Հայաստանի Հանրապետության տարածքում և դասընթացների կազմակերպման գործունեություն է իրականացնում,
    • որի նշված գործունեության տեսակի շրջանառության ծավալը ծրագրին դիմելուն նախորդող օրացուցային տարում գերազանցել է 50 մլն դրամը,
  2. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացները ներառում են հետևյալ փուլերը․
    • Առնվազն 40 ժամ տևողությամբ ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթաց,
    • Ձեռնարկատիրական գաղափարը ներկայացնելու նպատակով գործարար ծրագրի կազմման/մշակման խորհրդատվություն,
    • Մենթորություն, իսկ առանձին շահառուների կարիքներից ելնելով նաև հարկային, իրավական, ֆինանսական կամ մարքեթինգային անհատական խորհրդատվություններ, դասընթացների ավարտից հետո 12 ամսվա ընթացքում:
  3. Մասնագիտացված կազմակերպությունը միջոցառման շրջանակներում դասընթացներ իրականացնելու նպատակով Լիազոր մարմնի հետ կնքում է պայմանագիր։
  4. Դասընթացին կարող է մասնակցել սույն հավելվածի 2-րդ գլխով սահմանված շահառու հանդիսացող ֆիզիկական անձը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ բաժնեմասի կամ բաժնետոմսի սեփականատերը, ինչպես նաև վերջինիս կողմից լիազորված անձը։ 1-ից ավել սեփականատեր ունենալու դեպքում դասընթացին կարող է մասնակցել սեփականատերերից յուրաքանչյուրը։
  5. Դասընթացի ավարտից հետո դասընթացի մասնակցին տրամադրվում է հավաստագիր։
  6. Դասընթացների ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է այնպես, որ տեսանելի լինեն դասընթացի բոլոր մասնակիցները, ընդ որում տեսաձայնագրումը պահպանվում է առնվազն 5 տարի։
  7. Միջոցառման շրջանակներում կազմակերպվող դասընթացների հավելյալ առանձնահատկությունները սահմանվելու են Էկոնոմիկայի նախարարի հրամանով։
  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
  1. Միջոցառման շրջանակներում Մասնագիտացված կազմակերպությունը տարեկան մեկ անգամ (հաշվետու տարվա ավարտից հետո) պարտավոր է Լիազոր մարմնին տրամադրել միջոցառման պայմաններին համապատասխանության վերաբերյալ մոնիտորինգային հաշվետվություն, որի առանձնահատկությունները կարող են սահմանվել Լիազոր մարմնի կողմից:
  2. Սույն հավելվածի 3-րդ կետի «ա» և «բ» պարբերությունները և 6-րդ կետը չեն տարածվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շահառու հանդիսացող անձանց վրա։ Նշված թիրախային խմբի դեպքում Լիազոր մարմնի կողմից Մասնագիտացված կազմակերպությանը դասընթացների կազմակերպման վճարն իրականացվում է յուրաքանչյուր շահառուի հաշվով 500 000 ՀՀ դրամի չափով, երբ մասնակցի կողմից մշակված գործարար ծրագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունը վարկ է տրամադրում շահառուին, իսկ վարկի մերժման դեպքում Մասնագիտացված կազմակերպությանը իրականացվում է վճար՝ յուրաքանչյուր շահառուի հաշվով 250 000 ՀՀ դրամի չափով։

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

__________ի N ___Լ որոշման

 

ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
  1. Հայաստանի Հանրապետությունում նոր կազմակերպությունների ստեղծման, գործող փոքր ձեռնարկությունների զարգացման, կազմակերպությունների մրցունակության աճի նպատակով՝ նպաստել տնտեսավարողների ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմանը։
  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
  1. Որոշման սույն հավելվածի իմաստով շահառու է համարվում (այսուհետ՝ շահառու) սույն որոշման 1-ին հավելվածով սահմանված՝ ձեռնարկատիրական հմտությունների դասընթացն ավարտած և այդ փաստը վկայող հավաստագիր ստացած շահառուն։ Ընդ որում՝ ֆիզիկական անձ շահառուն կարող է սույն կետի իմաստով տնտեսավարող համարվել, եթե իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրասենյակում գրանցել է առևտրային կազմակերպություն կամ հաշվառվել է՝ որպես անհատ ձեռնարկատեր։
  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
  1. Աջակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկից կամ վարկային կազմակերպությունից (այսուհետ՝ Ֆինանսական կազմակերպություն)՝ շահառուի կողմից ներկայացված գործարար ծրագրի հիման վրա տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով։
  2. Շահառուն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված դասընթացի ավարտից հետո 12 ամսվա ընթացքում՝ գործարար ծրագրով նախատեսված ֆինանսական ներդրումն իրականացնելու նպատակով դիմում է Ֆինանսական կազմակերպություն։
  3. Վարկը ստանալու դիմումի հետ միասին շահառուն Ֆինանսական կազմակերպություն է ներկայացնում սույն որոշման Հավելված 1-ով սահմանված դասընթացն ավարտելու վերաբերյալ հավաստագիրը։
  4. Ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրված վարկը օգտագործվում է բացառապես գործարար ծրագրով սահմանված ծախսերի իրականացման նպատակով՝ անկանխիկ եղանակով։
  5. Աջակցության գործիքի ներքո տրամադրվող վարկը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին․
    • արժույթը՝ դրամ կամ արտարժույթ,
    • ժամկետը՝ մինչև 60 ամիս,
    • Արտոնյալ ժամկետ՝ մինչև 6 ամիս,
    • մեկ շահառուի (ներառյալ` շահառուի հետ «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածով փոխկապակցված համարվող կազմակերպությունները) վարկի առավելագույն սահմանաչափ՝ 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով)։
  6. Աջակցության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորման ժամկետ՝ մինչև 60 ամիս։
  7. Աջակցության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորման չափը՝ կախված արժույթից․

Վարկի արժույթը

Սուբսիդավորման չափ

Դրամ

12%

Արտարժույթ

8%

 

  1. Տոկոսադրույքների սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա։
  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
  1. Միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունները տարեկան մեկ անգամ (հաշվետու տարվա ավարտից հետո) պարտավոր են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել միջոցառման պայմաններին համապատասխանության վերաբերյալ մոնիտորինգային հաշվետվություն, որը կպարունակի նաև Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից թողարկված հավաստիացման (բացի աուդիտից և դիտարկումից) միջազգային 3000 ստանդարտի (ISAE) համաձայն եզրակացություն՝ թողարկված 500 մլն ՀՀ դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող խորհրդատվական/աուդիտորական ընկերությունների կողմից։

 

 

Հավելված 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

__________ի N ___Լ որոշման

 

ՀՈՎԱՆՈՑԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
  1. Սույն հավելվածով հաստատված միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է ռիսկայնության բարձր մակարդակ ունեցող տնտեսավարողների համար ապահովել այլընտրանքային մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն։
  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
  1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկը, վարկային կամ ապահովագրական կազմակերպությունը (այսուհետ՝ Ֆինանսական կազմակերպություն), որը ձևավորել է վարկային պորտֆել սույն որոշման 2-րդ հավելվածի 2-րդ կետով սահմանված շահառուներից։
  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
  1. Ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության և միջոցառման մասնակից յուրաքանչյուր Ֆինանսական կազմակերպության միջև կնքում է վարկային պորտֆելի բյուջետային երաշխիքի եռակողմ պայմանագիր (այսուհետ՝ հովանոցային երաշխիք)՝ մինչև 5 մլրդ ՀՀ դրամ վարկային պորտֆելի շրջանակներում։
  2. Սույն միջոցառման իմաստով վարկային պորտֆել է համարվում սույն որոշման 2-րդ հավելվածով նկարագրված միջոցառման շահառուներից ձևավորված վարկային պորտֆելը:
  3. Ֆինանսական կազմակերպության կողմից միջոցառման շրջանակներում ձևավորված պորտֆելի մինչև 20%-ի չափով դուրս գրված վարկերի կորստի գումարը փոխհատուցվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից։
  4. Միջոցառման շրջանակներում հովանոցային երաշխիք տրամադրվում է յուրաքանչյուր անհատական վարկի մայր գումարի նվազագույնը 50%, առավելագույնը 80%-ի համար, ընդ որում․
    • 50%-ը սահմանվում է Երևանում քաղաքի վարչական սահմաններում գրանցված և գործունեություն իրականացնող, (ինչպես նաև պլանավորող) շահառուների համար,
    • 70%-ը սահմանվում է Երևան քաղաքի վարչական
      սահմաններից դուրս գրանցված և գործունեություն իրականացնող, (ինչպես նաև պլանավորող) շահառուների համար,
    • 80%-ը սահմանվում է Երևան քաղաքի վարչական
      սահմաններից դուրս գրանցված և գործունեություն իրականացնող, (ինչպես նաև պլանավորող) և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շահառուների համար։
  5. Շահառուի կողմից Երևան քաղաքում սեփականության իրավունքով գույքի տիրապետման դեպքում, երբ տրամադրվող ֆինանսավորման գումարը գերազանցում է գույքի շուկայական արժեքը, սույն հավելվածի իմաստով երաշխավորություն տրամադրվում է ֆինանսավորման գումարի և գույքի շուկայական արժեքի տարբերության չափով։
  6. Հովանոցային երաշխիքի տրամադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ էկոնոմիկայի նախարարության և ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված եռակողմ պայմանագրերի հիման վրա,
  7. Շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնային կարգով ուղղվում են հովանոցային երաշխիքի ապահովված պարտավորությունների մարմանը,
  8. Այն դեպքում, երբ հովանոցային երաշխիքի շրջանակներում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ֆինանսական կազմակերպության կողմից իրականացվում է գրավադրված գույքի իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ֆինանսական կազմակերպության կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը:
  9. Հովանոցային երաշխիքի տրամադրման վերաբերյալ հավելյալ առանձնահատկությունները կարող են սահմանվել ֆինանսական կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերով։
  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
  1. Միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունները տարեկան մեկ անգամ (հաշվետու տարվա ավարտից հետո) պարտավոր են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը տրամադրել միջոցառման պայմաններին համապատասխանության վերաբերյալ մոնիտորինգային հաշվետվություն, որը կպարունակի նաև Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից թողարկված հավաստիացման (բացի աուդիտից և դիտարկումից) միջազգային 3000 ստանդարտի (ISAE) համաձայն եզրակացություն՝ թողարկված 500 մլն ՀՀ դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող խորհրդատվական/աուդիտորական ընկերությունների կողմից։

 

  • Обсуждалось

    22.03.2024 - 06.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1095

Принт

Связанные документы / ссылки