Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի №103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 26-ի №103-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

 

1․ Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2004 թվականից սկսած՝ մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերություններից առաքված էլեկտրական էներգիայի համար հաշվարկային սակագներ չի սահմանել, քանի որ այդ ժամանակահատվածից սկսած՝ երկրի էներգետիկ ներուժն առավելագույնս օգտագործելու և էներգաարտադրող կայանների կառուցմանն ուղղված ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով, Հանձնաժողովը նշված ընկերությունների համար կիրառել է ֆիքսված (առավելագույն-սահմանային) սակագներ։ Իսկ մինչև այդ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած ընկերությունները, որոնք գործում էին հաշվարկային սակագներով, օրենքով սահմանված գնված երաշխիքի ավարտից հետո՝ մինչև էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա մուտք գործելու անցումային փուլում ևս գործել են ֆիքսված սակագներով: Այսինքն, 2004 թվականից սկսած՝ մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունների կողմից Հանձնաժողով ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ներառված ցուցանիշները սակագնային քաղաքականության շրջանակում գործնականում չեն կիրառվել: Այդ ժամանակահատվածում, նշված ընկերությունների կողմից Հանձնաժողով ներկայացված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա ձևավորվել է սակագների հաշվարկման (սահմանման, վերանայման) համար անհրաժեշտ՝ վերջիններիս հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշների մասով տեղեկատվական-վիճակագրական բազա, որպեսզի հետագայում, էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հնարավոր փոփոխության և, դրանով պայմանավորված՝ հաշվարկային սակագնային քաղաքականության մեթոդաբանությանը կրկին անցում կատարելու պարագայում, Հանձնաժողովում առկա լինեին կարգավորման գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ցուցանիշներ:

Ներկայումս սակայն, Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման քաղաքականություն և, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշման №2 հավելվածով հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի 4.1 և 4.2 կետերի համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 1-ից կատարվել է փորձնական, իսկ 2022 թվականի փետրվարի 1-ից՝  էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելին ամբողջական անցում: Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման պարագայում, մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունների զգալի մասը ներկայումս արդեն իսկ հանդիսանում են մրցակցային արտադրողներ (Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N516-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների 27-րդ կետի իմաստով՝ ՄԷԱ կայաններ), որոնց համար Հանձնաժողովը կարգավորվող սակագներ չի սահմանում, իսկ օրենքով սահմանված՝ էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող արտադրողների (Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների 27-րդ կետի իմաստով՝ ՎԷԱ կայաններ) համար շուկայի կարգավորվող հատվածում սահմանված են երկարաժամկետ ֆիքսված սակագներ, որոնց գործողության ժամկետի ավարտից հետո վերջիններս ևս հանդիսանալու են մրցակցային արտադրողներ և, այդ ընկերությունների համար նույնպես կարգավորվող սակագներ այլևս չեն սահմանվելու:

Վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ նախագծով առաջարկվում է Հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 26-ի  N103-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, որոնց արդյունքում մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերություններն ինչպես էներգաարտադրող կայանի կառուցման, այնպես էլ էլեկտրական էներգիայի արտադրության փուլերում, կազատվեն Հանձնաժողով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունից: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է լրամշակել Որոշման N2 հավելվածը՝ 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ էլեկտրակայանի, 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունը գերազանցող՝ ջերմային էներգիա արտադրող կայանի, ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման ցանցերի, էլեկտրական էներգիայի հաղորդման, բաշխման ցանցերի, բնական գազի փոխադրման և բաշխման ցանցերի կառուցման (նաև լիցենզիայով ամրագրված՝ վերակառուցման, ընդլայնման) փուլերում կարգավորվող անձանց կողմից Հանձնաժողով հաշվետվություններ ներկայացնելու համար, ինչպես նաև լրամշակել Որոշման N3 հավելվածը՝ ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման փուլերում կարգավորվող անձանց կողմից Հանձնաժողով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար:

 

2․ Կարգավորման նպատակը և բնույթը

 

  Ներկայացված նախագծով առաջարկվում է`

  • ուժը կորցրած ճանաչել Որոշման 1-ին կետի «դ» ենթակետը և N4 հավելվածը, որի արդյունքում, մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերություններն էլեկտրական էներգիայի արտադրության փուլում, կազատվեն Հանձնաժողով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունից:
  • լրամշակել Որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և N2 հավելվածը, որով սահմանված են ֆինանսական հաշվետվությունների ձևեր՝ էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեության կառուցման փուլում կարգավորվող ընկերությունների կողմից Հանձնաժողով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար: Մասնավորապես՝
  • Որոշման 1-ին կետի «բ» ենթակետի գործող խմբագրության համաձայն՝ ի թիվս այլնի, էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունները՝ անկախ լիցենզիայով ամրագրված փաստացի հզորության սահմանաչափից, էլեկտրական կամ ջերմային էներգիա արտադրող կայանի, ինչպես նաև ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման ցանցերի կառուցման փուլում պարտավոր են Որոշման N2 հավելվածի գործող խմբագրությամբ սահմանված ձևերով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնել Հանձնաժողով:
  • Որոշման 1-ին կետի «բ» ենթակետի լրամշակման արդյունքում, Որոշման N2 հավելվածի լրամշակված ձևերով ֆինանսական հաշվետվությունները Հանձնաժողով կներկայացնեն միայն 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունները՝ կայանի կառուցման փուլում (քանի որ մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունների զգալի մասն այլևս գործում է շուկայի ազատականացված հատվածում, իսկ մնացած մասի համար, որոնք հետագայում ևս գործելու են շուկայի ազատականացված հատվածում, հաշվարկային սակագնային քաղաքականություն չի իրականացվում), ինչպես նաև միայն 5․8 ՄՎտ դրվածքային հզորությունը գերազանցող՝ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունները՝ ջերմային էներգիա արտադրող կայանի, ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման ցանցերի կառուցման փուլերում, քանի որ «Էներգետիկայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ կարգավորման ենթակա չեն ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտը:
  • լրամշակել Որոշման 1-ին կետի «գ» ենթակետը և N3 հավելվածը, որի գործող խմբագրությամբ սահմանված են ֆինանսական հաշվետվությունների ձևեր ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունների համար (անկախ հզորության սահմանաչափից)՝ ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման փուլերում կարգավորվող ընկերությունների կողմից Հանձնաժողով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար: Որոշման 1-ին կետի «գ» ենթակետի լրամշակման արդյունքում, Որոշման N3 հավելվածի լրամշակված ձևերով ֆինանսական հաշվետվությունները Հանձնաժողով կներկայացնեն միայն 5․8 ՄՎտ դրվածքային հզորությունը գերազանցող՝ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունները՝ ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման փուլերում, քանի որ «Էներգետիկայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի    2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ կարգավորման ենթակա չեն ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտը:
  • Որոշման 3-րդ կետը լրացնել «գ)» ենթակետով կարգավորմամբ, որի համաձայն, Որոշման 1-ին կետի «բ)» կամ «գ)» ենթակետերում նշված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող ընկերությունները նույն ենթակետերով սահմանված ձևերով ֆինանսական հաշվետվությունները Հանձնաժողով չեն ներկայացնի, եթե վերջիններիս կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների ձևերը սահմանվել են Հանձնաժողովի անհատական իրավական ակտով։ Առաջարկվող կարգավորման հասցեականությունն առավելապես ուղղված է այն դեպքերին, երբ 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունները, որոնք գտնվում են էլեկտրական էներգիայի արտադրություն փուլում, էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության շրջանակում՝ լիցենզավորված գործունեության մասով իրականացնում են նաև Որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված՝ կառուցման գործառույթ: Այս համատեքստում կարևոր է նշել, որ էլեկտրաէներգետիկական շուկայի համակարգային նշանակության ընկերությունների (30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերություններ, էլեկտրական էներգիայի հաղորդման, բաշխման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող ընկերություններ և այլն), ինչպես նաև գազամատակարարման համակարգի ընկերությունների (բնական գազի բաշխման, բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող ընկերություններ) կողմից Հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների ձևերը սահմանված են Հանձնաժողովի անհատական իրավական ակտերով, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ընկերության համար, ելնելով վերջինիս գործունեության առանձնահատկություններից և շուկայում իր ստանձնած դերից, սահմանել տեղեկատվության ներկայացման հասցեական ձևեր, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների և շուկայի կառուցվածքի փոփոխությունների դեպքերում՝ արագ արձագանքման միջոցով լրամշակել Հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների ձևերը: Այս պարագայում, երբ էլեկտրաէներգետիկական շուկայի համակարգային նշանակության ընկերությունների կողմից իրականացվում են նաև գործունեության լիցենզիայով սահմանված՝ կառուցման աշխատանքներ, ապա այդ աշխատանքների մասով համապատասխան տեղեկատվությունը նշված ընկերությունները Հանձնաժողով ներկայացնում են իրենց համար սահմանված անհատական հաշվետվությունների ձևերով և, կարիք չի առաջանում այդ մասով Հանձնաժողով ներկայացնել նաև Որոշման N2 հավելվածով սահմանված տեղեկատվական ձևերը: Այսինքն, առաջարկվող լրացման նպատակն է էլեկտրաէներգետիկական շուկայի համակարգային նշանակության ընկերություններին, ինչպես նաև գազամատակարարման համակարգի ընկերություններին, առանձին իրավիճակներում ազատել կրկնակի հաշվետվողականության պարտավորությունից և դրանից բխող անհարկի վարչարարությունից:

 

3․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հանձնաժողովի կողմից։

 

4․ Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավորվող ընկերությունների կողմից Հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ընթացակարգը բովանդակային առումով կհամապատասխանեցվի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման՝ Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությանը, իսկ ջերմամատակարարման համակարգի կարգավորվող ընկերությունների կողմից Հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ընթացակարգը՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումներին: Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում՝  մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության և մինչև 5.8 ՄՎտ դրվածքային հզորությամբ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունները կազատվեն Հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացման պահանջից, ինչը հնարավորություն կտա վերջիններիս կրճատել վարչական ծախսերը և ազատվել անհարկի վարչարարությունից:

  • Обсуждалось

    10.01.2024 - 26.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 988

Принт