Добавить в избранное

Находится в правительстве РА

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին»

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

-ը հունվարի 2018 թվականի N       -Ն

 

 

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
  2. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

2018 թվականի հունվարի    -ի

N       -Ն որոշման

 

 

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի համաձայն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացմամբ:
  3. Սույն կարգի համաձայն համապատասխան բնագավառում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար քաղաքացին, իսկ սպորտի բնագավառում թիմային մարզաձևերի շրջանակներում՝ նաև համապատասխան մարզաձևի ազգային ֆեդերացիայի նախագահը, կարող է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը հաստատող և սույն կարգի համաձայն սպորտի բնագավառում նշանակալի նվաճումները հաստատող փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճեները: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճեների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին:
  4. Սպորտի բնագավառում քաղաքացու կողմից սույն կարգով սահմանված պայմանները բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից օրենքով սահմանված կարգով մշակվում և շրջանառվում է քաղաքացու տարկետում տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: Սույն կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պաշտոնապես շրջանառության դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքում՝ հրապարակային քննարկման նպատակով:

 2. ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ սպորտի բնագավառում հետևյալ ձեռբերումներ ունեցող քաղաքացիները.

      1) օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում կամ եվրոպական խաղերում կամ պատանեկան օլիմպիական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղեր  գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված  և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ: Սույն ենթակետում նախատեսված պայմանը կիրառելիս թենիս մարզաձևում Դևիսի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը,

        2) ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատա-ների), սամբո մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների առաջնությունում կամ եվրոպական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատա-ների), սամբո մարզաձևերում աշխարհի կամ Եվրոպայի պատանիների առաջնությունում 1-2-րդ տեղերը գրաված  և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկներ,

      3) Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկներ, սակայն ոչ ավելի, քանի յուրաքանչյուր հավաքականից՝ 22 մարզիկ,

       4) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկները:

  1. Սույն կարգի 5-րդ կետում նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է չորս տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրված տարկետման ժամկետի ընթացքում մարզաձևերի ազգային ֆեդերացիաները յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն՝ քաղաքացու կողմից համապատասխան ազգային հավաքականում ընդգրկված լինելու վերաբերյալ: Եթե ներկայացված տեղեկատվության համաձայն քաղաքացին ընդգրկված չէ համապատասխան ազգային հավաքականում, ապա Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին հայտարարված զորակոչի շրջանակներում ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:
  2. Քաղաքացուն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին անգամ կարող է տրվել տարկետում՝ սույն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում, կրկին անգամ տարկետում տալու հարցը սույն կարգի պահանջներին համապատասխան քննարկելիս հաշվի չեն առնվում նախկինում տարկետում տրամադրելու համար հիմք ընդունված պայմանները:

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    17.01.2018 - 01.02.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1152

Принт