Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆսԳԻՐՔ

ԲԱԺԻՆ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենսգրքի գործողության ոլորտը

  1. Սույն օրենսգրքով կարգավորվում են նավերով բեռների, ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրման, քարշակման համար նավերի օգտագործման, փրկարարական գործողությունների իրականացման կապակցությամբ ծագող հարաբերությունները, ինչպես նաեւ առեւտրային ծովագնացության ոլորտում այլ հարաբերություններ:
  2. Սույն օրենսգրքով սահմանված կանոնները տարածվում են՝

ծովային նավերի վրա՝ ծովային ուղիներով, ինչպես նաեւ գետերով, լճերով, ջրամբարներով եւ այլ ներքին ջրային ուղիներով դրանց նավարկության ընթացքում, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ,

ներքին նավարկության նավերի վրա, ինչպես նաեւ խառը (գետ-ծով) նավարկության նավերի վրա՝ ծովային ուղիներով, ինչպես նաեւ գետերով, լճերով, ջրամբարներով եւ այլ ներքին ջրային ուղիներով դրանց ընթանալու ժամանակ՝ ծովային նավահանգիստ մուտք գործելով բեռների, ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրումներ իրականացնելիս, փրկարարական գործողություններ իրականացնելու ժամանակ եւ ծովային նավի հետ բախվելու դեպքում:  

  1. Սույն օրենսգրքի գործողությունը, բացառությամբ դրանում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում նախատեսված դեպքերի, չի տարածվում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող կամ նրա կողմից շահագործվող եւ պահանջների առաջացման պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության կողմից բացառապես ոչ առեւտրային նպատակներով օգտագործվող նավերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ոչ առեւտրային բեռների վրա:
  2. Եթե սույն օրենսգրքով նախատեսված է, որ դրա կանոնները տարածվում են սույն հոդվածի երրորդ մասում նշված նավերի եւ բեռների վրա, ապա այդ կանոնները չպետք է օգտագործվեն որպես հիմք այդ նավերը եւ բեռներն առգրավելու, դրանց վրա կալանք դնելու կամ դրանք արգելապահելու համար:

 

Հոդված 2. Սույն օրենսգրքում գործածվող հիմնական եզրույթները եւ
դրանց սահմանումները

  1. Սույն օրենսգրքում գործածվում են հետեւյալ հիմնական եզրույթները եւ դրանց սահմանումները՝

լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի ոլորտում քաղականություն մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին,

ուղեւոր՝ ֆիզիկական անձ, որն ունի ուղեւորների ծովային փոխադրման պայմանագրի կնքումը հավաստող ճամփորդական փաստաթուղթ (տոմս),

ուղեբեռ՝ իրեր եւ այլ գույք (ներառյալ ավտոմոբիլ)՝, որոնք փոխադրողն ընդունել է ուղեւորից նշանակման կետ հասցնելու համար եւ որոնք տեղափոխվում են ուղեւորից առանձին,

բեռ՝ նյութական արժեքներ, որոնք փոխադրողն ընդունել է ուղարկողից կամ նավավարձորդից ծովային տրանսպորտով դրանք նշանակման կետ հասցնելու համար,

դեմերեջ (համուրդավճար)՝ փոխադրողին հասանելիք հատուցում՝ բեռնման երկարաձգված պայմանաժամկետի ընթացքում նավի պարապուրդի համար,

դիսպաչ՝ հասանելիք հատուցում՝ մինչեւ բեռնման պայմանաժամկետի լրանալը բեռնումը կամ բեռնաթափումը ավարտելու համար,

նավախցային ուղեբեռ՝ ուղեւորի նավախցում գտնվող կամ այլ կերպ նրա պահպանության կամ հսկողության տակ գտնվող իրեր եւ այլ գույք,

դասակարգման ընկերություն՝ համապատասխան դասակարգման պահանջների համաձայն նավերին դաս շնորհող եւ դրանց կառուցման ու շահագործման ընթացքում նավերի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություն,

կոնոսամենտ՝ ապրանքը տնօրինելու մասին փաստաթուղթ (արժեթուղթ), որը հավաստում է ծովային փոխադրման մասին պայմանագրի կնքումը եւ ծառայում է որպես փոխադրողի կողմից այս փաստաթղթում նշված բեռի ընդունման ապացույց,

բեռնման երկարաձգված պայմանաժամկետ՝ բեռնման պայմանաժամկետի լրանալուց հետո սպասման լրացուցիչ ժամանակ,

նավի ծովագնացունակություն՝ նավի անվտանգ լողունակությունը սահմանված շրջաններում՝ ցանկացած եղանակի, արագության նվազագույն կորուստներով, առանց նավի անձնակազմի եւ ուղեւորների կյանքի եւ առողջության ու բեռի պահպանվածության համար վտանգ առաջացնելու,

ծովային փոխադրում՝ ծովային տրանսպորտով ուղեւորների, բեռների եւ ուղեբեռների, ինչպես նաև փոստային և սուրհանդակային առաքանիների տեղափոխման՝ կազմակերպական առումով եւ տեխնոլոգիապես փոխկապակցված գործողությունների ամբողջություն,

ծովային տրանսպորտ՝ ուղեւորների, բեռների եւ ուղեբեռների ծովային փոխադրման գործունեությունն ապահովող կոմունիկացիաների եւ նավերի ամբողջություն,

ընդհանուր օգտագործման ծովային տրանսպորտ՝ այնպիսի տրանսպորտային աշխատանքներ եւ ծառայություններ իրականացնող ծովային տրանսպորտ, որոնք հիմնված են ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմելու դեպքում դրանց կատարման պարտականության վրա,

ուղարկող՝ անձ, որն իր անունից կամ բեռի ծովային փոխադրման պայմանագրի հիման վրա փոխադրողին է վստահում բեռը՝ նշանակման կետ այն հասցնելու եւ բեռը ստանալու համար լիազորված անձին (ստացողին) հանձնելու համար,

փոխադրող՝ անձ, որն ինքնուրույն կամ այլ կերպ իրականացնում է ուղեւորների, բեռների եւ ուղեբեռի ծովային փոխադրում՝ ծովային փոխադրման պայմանագրին համապատասխան,

նավահանգիստ՝ կառույցների համալիր, որոնք տեղակայված են հատուկ հատկացված տարածքում եւ ակվատորիայում ու նախատեսված են նավերի եւ ուղեւորների սպասարկման, բեռների հետ կապված գործողությունների իրականացման եւ նավահանգստում մատուցվող այլ ծառայությունների համար,

նավահանգստի իշխանություններ՝ նավահանգիստների համապատասխան վարչակազմեր, որոնք իրականացնում են վարչակառավարչական եւ իրենց վերապահված այլ լիազորություններ,

նավի սեփականատեր՝ սեփականության իրավունքի սուբյեկտ կամ նավի նկատմամբ այնպիսի իրավունքներ իրականացնող անձ, որի կամ ում նկատմամբ կիրառվում են սեփականության իրավունքի կանոնները,

փրկարար՝ փրկարարական գործողություն իրականացնող անձ,

փրկարարական գործողություն՝ գործողություն կամ գործունեություն, որը ձեռնարկվում է նավի, դրա վրա գտնվող բեռի եւ այլ գույքի փրկության համար, ինչպես նաև նավափոխադրավճարի (ֆրախտի) եւ ուղեւորների ու ուղեբեռի կամ այլ գույքի փոխադրման վճարի պահպանության, շրջակա միջավայրի պահպանության համար, որոնք վտանգված են ցանկացած նավարկելի կամ այլ ջրերում,

բեռնման պայմանաժամկետ՝ ժամանակ, որի ընթացքում փոխադրողը տրամադրում եւ պահում է նավը բեռնման կամ բեռնաթափման համար՝ առանց լրացուցիչ վճարների, բացառությամբ նավափոխադրավճարի

նավ՝ ինքնագնաց կամ ոչ ինքնագնաց լողացող կառույց, որը նախատեսված է առեւտրային ծովագնացության նպատակներով օգտագործման համար,

նավատեր՝ անձ, որն իր անունից շահագործում է նավը՝ անկախ այն հանգամանքից՝ արդյոք նա այդ նավի սեփականատերն է, թե օգտագործում է այն այլ օրինական հիմքով,

տեխնիկական հսկողություն՝ նավերի ստուգումներ, որոնք իրականացվում են դասակարգման ընկերության կողմից այդ ընկերության կողմից հրապարակված՝ նավերի դասակարգման կանոններին, նավերի կառուցման կանոններին, նավերի համար նյութերի եւ արտադրատեսակների արտադրության նկատմամբ տեխնիկական հսկողության կանոններին, նավերի կառուցման նկատմամբ տեխնիկական հսկողության կանոններին, նավերի շահագործման ընթացքում դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության եւ զննության կանոններին, նավերից շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու կանոններին համապատասխան,

առեւտրային ծովագնացություն՝ գործունեություն, որը կապված է բեռների, ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրման, ձկնարդյունագործության եւ այլ ծովային արդյունագործության, հանքային ռեսուրսների հետախուզման եւ մշակման, քարշակման, փրկարարական գործողությունների, խորտակված գույքի վեր բարձրացման, ջրատեխնիկական, ստորջրյա-տեխնիկական եւ նման այլ աշխատանքների, ինչպես նաեւ այլ տնտեսական, գիտական եւ մշակութային նպատակներով,

փաստացի փոխադրող՝ անձ, որին փոխադրողի կողմից պատվիրվել է ծովային փոխադրման կամ դրա մի մասի իրականացումը,

նավի անձնակազմ՝ նավի անձնակազմի անդամների ցուցակում (նավանձնակազմի ցուցակում) ներառված անձինք, որոնց սահմանված կարգով հանձնարարվել է կատարել պարտականություններ՝ կապված նավի կառավարման եւ դրա սպասարկման, ինչպես նաեւ նավարկության անվտանգության ապահովման, նավին եւ դրա վրա գտնվող մարդկանց, ուղեբեռին եւ բեռին վնաս հասցնելու կանխման հետ:

Հոդված 3. Առեւտրային ծովագնացության սուբյեկտները

Առեւտրային ծովագնացության սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս լիազորված պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինները, այլ պետություններ, իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձինք, այդ թվում՝ օտարերկրյա, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք իրականացնում են առեւտրային ծովագնացություն:

 

Հոդված 4. Առեւտրային ծովագնացության ոլորտի օրենսդրությունը

1.Առեւտրային ծովագնացության ոլորտի օրենսդրությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության սահմանադրության վրա եւ բաղկացած է սույն օրենսգրքից եւ իրավական այլ ակտերից:

2.Գույքային հարաբերությունները, որոնք բխում են առեւտրային ծովագնացությունից եւ հիմնված են դրանց մասնակիցների հավասարության, կամքարտահայտության եւ գույքային ինքնուրույնության վրա, կարգավորվում են սույն օրենսգրքով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան: Սույն օրենսգրքով չկարգավորվող կամ ոչ ամբողջությամբ կարգավորվող գույքային հարաբերությունների նկատմամբ կիրառվում են քաղաքացիական օրենսդրության նորմերը:

3.Առեւտրային ծովագնացությունից բխող եւ սույն օրենսգրքով չկարգավորվող այլ հարաբերությունների նկատմամբ կիրառվում են օրենսդրության համապատասխան նորմերը:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 6. Առեւտրային ծովագնացության ոլորտում պետական կարգավորումը

1.Առեւտրային ծովագնացության ոլորտում պետական կարգավորումը առեւտրային ծովագնացության իրականացման եւ զարգացման համար տնտեսական, կազմակերչա-իրավական պայմանների ստեղծմանն ուղղված պետական մարմինների գործունեություն է, որը ներառում է՝

1)     առեւտրային ծովագնացության ոլորտում պետական քաղաքականության մշակումը ու իրագործումը,

2)     առեւտրային ծովագնացության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքումը,

3)     Հայաստանի Հանրապետության ծովային առեւտրային նավատորմի զարգացման եւ գործունեության ծրագրերի մշակումը:

Հոդված 7. Առեւտրային ծովագնացության ոլորտում պետական վերահսկողությունը

1.Հայաստանի Հանրապետությունում առեւտրային ծովագնացության ոլորտում պետական վերահսկողությունը վերապահվում է տրանսպորտի ոլորտում պետական կառավարման համակարգի այն մարմնին, որն իրականացնում է՝  

1)     առեւտրային ծովագնացության ոլորտում օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն,

2)     առեւտրային ծովագնացության անվտանգության ապահովում, ծովում մարդկանց կյանքի եւ առողջության պահպանում, ծովային միջավայրի պաշտպանություն եւ պահպանում,

3)     նավերի, կառուցվող նավերի եւ դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցում,

4)     առեւտրային ծովագնացության մասնագետների դիպլոմավորման կազմակերպում,

5)     օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ։

 

Հոդված 8. Նավերի տեխնիկական հսկողությունը եւ դասակարգումը

1.Նավերի տեխնիկական հսկողությունն ու դասակարգումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դրա համար լիազորված դասակարգման ընկերության կողմից՝ նավատիրոջ ընտրությամբ:

2.Դասակարգման ընկերությունները հրատարակում են նավերի դասակարգման կանոններ, նավերի կառուցման կանոններ, նավերի համար նյութերի եւ արտադրատեսակների արտադրության նկատմամբ տեխնիկական հսկողության կանոններ, նավերի կառուցման նկատմամբ տեխնիկական հսկողության կանոններ, նավերի տեխնիկական հսկողության եւ զննության կանոններ դրանց շահագործման ընթացքում, նավերից շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու կանոններ:

3.Դասակարգման ընկերությունն իրավունք ունի չտրամադրել եւ հետ վերցնել իր կողմից ավելի վաղ տրամադրված նավային փաստաթղթերը՝ առեւտրային ծովագնացության ոլորտում իր կանոնները, Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի պահանջները չկատարելու դեպքում:

4.Դասակարգման ընկերությունն իրականացնում է հետեւյալի նկատմամբ տեխնիկական հսկողություն եւ դասակարգում՝

1)     ուղեւորատար նավեր եւ լցանավեր (տանկերներ), վտանգավոր բեռների փոխադրման, ինչպես նաեւ քարշակման համար նախատեսված նավեր՝ անկախ գլխավոր շարժիչների հզորությունից եւ համախառն տարողությունից,

2)     սույն մասի առաջին կետում չնշված՝ 55 կՎտ եւ ավելի գլխավոր շարժիչների հզորությամբ ինքնագնաց նավեր,

3) սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերում չնշված՝ 80 եւ ավելի ռեգիստրային տոննա համախառն տարողությամբ նավեր:

 

Հոդված 9. Սակագները

Ընդհանուր օգտագործման ծովային տրանսպորտով բեռների, ուղեւորների եւ ուղեբեռի ծովային փոխադրումների սակագները, ինչպես նաեւ այդ սակագների կիրառման կանոնները սահմանվում են օրենսդրական ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 10. Հաշվարկային միավորը

Սույն օրենսգրքով կիրառվող հաշվարկային միավոր է համարվում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից սահմանվող փոխառության հատուկ իրավունքների միավորը: Անհրաժեշտության դեպքում սույն օրենսգրքում հաշվարկային միավորներով նշված գումարները փոխարկվում են հայկական դրամի՝ դատական որոշման կայացման օրվա կամ կողմերի համաձայնությամբ սահմանված օրվա դրությամբ գործող՝ Կենտրոնական բանկի փոխարժեքով:

 

ԲԱԺԻՆ II

ՆԱՎԸ

ԳԼՈՒԽ 2

ՆԱՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11. Նավի նկատմամբ սեփականության ձեւերը

1.Նավերը կարող են լինել պետական սեփականություն (Հայաստանի Հանրապետության եւ տեղական ինքնակառավարման մարմինների սեփականությունը), իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց մասնավոր սեփականությունը: 

2.Միջուկային էներգետիկական կայանքով նավերը կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության սեփականությունը:

 

Հոդված 12. Նավի եւ կառուցվող նավի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահը

Նավի կամ դրանում մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում նավի գրանցման պահից:

Հոդված 13. Նավի սեփականատիրոջ իրավունքները

1.Նավի սեփականատերն իրավունք ունի սեփական հայեցողությամբ իր նավի հետ կապված կատարելու ցանկացած գործողություն, որը չի հակասում օրենսդրությանը, հանրային շահին եւ անվտանգությանը, վնաս չի հասցնում շրջակա միջավայրին, պատմամշակութային արժեքներին եւ չի ոտնահարում այլ անձանց իրավունքները եւ օրենքով պաշտպանվող շահերը, այդ թվում՝ օտարելու նավն այլ անձանց սեփականությանը, այլ անձանց փոխանցելու նավի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքը՝ մնալով դրա սեփականատերը, գրավադրելու նավը եւ ծանրաբեռնելու այն այլ միջոցներով, ինչպես նաեւ այն այլ կերպ տնօրինելու:

2.Պետական սեփականություն հանդիսացող նավի օտարումն օտարերկրյա պետության, օտարերկրյա իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձի սեփականությանը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 14. Կառուցվող նավի նկատմամբ սեփականության իրավունքը եւ
այլ գույքային իրավունքները

Կառուցվող նավի կամ դրանում մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը եւ այլ գույքային իրավունքները որոշվում են նավի կառուցման պայմանագրի կնքման վայրի իրավունքի հիման վրա, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:  

Հոդված 15. Նավը հավատարմագրային կառավարման հանձնելը

1.Նավի սեփականատերն իրավասու է նավի հավատարմագրային կառավարման պայմանագրով այն հանձնել հավատարմագրային կառավարչին ՝ սեփականատիրոջ օգտին վարձատրության դիմաց նավի կառավարումն իրականացնելու համար:

2.Նավը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում հավատարմագրային կառավարչին դրա նկատմամբ սեփականության իրավունքների փոխանցմանը:

3.Նավը հավատարմագրային կառավարման հանձնելը ենթակա է պարտադիր գրանցման Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում:

4.Հավատարմագրային կառավարիչ կարող է լինել նավերի կառավարման եւ դրանց շահագործման ոլորտում համապատասխան փորձ ունեցող անհատ ձեռնարկատերը կամ կազմակերպությունը: 

5.Նավի հավատարմագրային կառավարման պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:

Նավի հավատարմագրային կառավարման պայմանագրում պետք է նշված լինեն՝

1)     պայմանագրի առարկան, այդ թվում՝ հավատարմագրային կառավարման հանձնվող նավի բնութագիրը եւ դրա արժեքը,

2)     հավատարմագրային կառավարչի կողմից նավի օգտագործման  գոտիները,

3)     այն իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը ի շահ որոնց իրականացվում է նավի կառավարումը (վստահող կամ օգտատեր),

4)     հավատարմագրային կառավարչին տրվող վարձատրության չափը եւ ձեւը,

5)     պայմանագրի գործողության ժամկետը:

 

ԳԼՈՒԽ 3

ՆԱՎԻ ազգային պատկանելությունը եվ ԴՐՈՇԸ

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո
նավարկելու իրավունքը

1.Հայասանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքը տրվում է այն նավերին՝

1)     որոնք պետական սեփականություն են,

2)     որոնք իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց սեփականությունն են,

3)     որոնք Հայաստանի Հանրապետության իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձանց կողմից շահագործվում են առանց անձնակազմի նավի վարձակալության (բերբոուտ-չարտերի) պայմանագրի կամ լիզինգի պայմանագրի հիման վրա:

2.Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքը տրամադրվում է առանց անձնակազմի նավի վարձակալության (բերբոուտ-չարտերի) պայմանագրի կամ լիզինգի պայմանագրի գործողության ժամկետով:

 

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքի ծագումը

1.Նավը Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքը ստանում է Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում նավի գրանցման պահից:

2.Արտասահմանում ձեռք բերված նավն օգտվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքից Հայաստանի Հանրապետության հյուպատոսի (դիվանագիտական ներկայացուցչի) կողմից ժամանակավոր վկայականի տրամադրման պահից, որով հավաստվում է այդ իրավունքը եւ որը գործում է մինչեւ Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում նավը հաշվառելը, սակայն մեկ տարին չգերազանցող ժամկետով:       

Հոդված 18. Պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության պետական դրոշը նավի վրա ապօրինի բարձրացնելու համար

1.Հայաստանի Հանրապետության պետական դրոշն առանց այդ դրոշի ներքո նավարկելու իրավունքի նավի վրա բարձրացնելու համար մեղավոր անձինք կրում են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 19. Նավի ազգային պատկանելությունը

1.Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքից օգտվող նավն ունի Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն:

2.Նավը, որն ունի Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն, պարտավոր է կրել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու նավի իրավունքի կորուստը

1.Նավը կորցնում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքը սույն օրենսգրքի 16-րդ հոդվածով նախատեսված պայմաններին չհամապատասխանելու դեպքերում:

 

Հոդված 21.  Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու նավի իրավունքի ժամանակավոր կորուստը

1.Եթե Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն ունեցող նավի սեփականատերը առանց անձնակազմի նավի վարձակալության (բերբոուտ-չարտերի) պայմանագրի կամ լիզինգի պայմանագրի հիման վրա նավը շահագործման է հանձնել օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձի, ապա ծովային տրանսպորտի ոլորտում գործադիր իշխանության լիազոր մարմնի որոշմամբ նավը ժամանակավորապես կորցնում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքը, պայմանով, որ՝

1)     դրոշի փոխարինումը չի արգելվում այն պետության օրենսդրությամբ, որի ազգային պատկանելությունը ժամանակավորապես տրվում է նավին,

2)     նավի սեփականատերը համաձայնություն է տվել նավի՝ օտարերկրյա պետության դրոշի ներքո ժամանակավոր փոխանցմանը,

3)     գրանցված հիփոթեքերի գրավառուները իրենց գրավոր համաձայնությունն են տվել նավի՝ օտարերկրյա պետության դրոշի ներքո ժամանակավոր փոխանցմանը:

 

ԳԼՈՒԽ 4

ՆԱՎԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 22. Նավերի ռեեստրները

1.Հայաստանի Հանրապետությունում նավերը գրանցվում են Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում:

2.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում գրանցվում են այն նավերը, որոնց նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացվում է դասակարգման ընկերության կողմից:

3.Նավերը, որոնք ենթակա չեն գրանցման Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում, գրանցվում են նավերի գրանցամատյանում:

4.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում եւ նավերի գրանցամատյանում չեն գրանցվում որեւէ նավի պատկանող մակույկները եւ այլ լողացող միջոցները:

5.Հայաստանի Հանրապետության պետական սեփականությունը հանդիսացող կամ Հայաստանի Հանրապետության կողմից շահագործվող եւ բացառապես պետական ոչ առեւտրային նպատակներով օգտագործվող նավերը գրանցվում են Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան:

 

Հոդված 23. Նավերի պետական գրանցում իրականացնող մարմինը

1.Նավերի պետական գրանցումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից:

2.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրի եւ նավերի գրանցամատյանի վարման կարգը սահմանվում է լիազորմարմնի կողմից:

 

Հոդված 24. Նավերի պետական գրանցման պայմանները

1.Նավը կարող է գրանցվել նավերի ռեեստրներից միայն մեկում:

2.Օտարերկրյա պետության նավերի ռեեստրում գրանցված նավը կարող է գրանցվել Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում պայմանով, որ այն հանվել է օտարերկրյա պետության նավերի ռեեստրից համապատասխան հավաստագրի տրամադրմամբ կամ այնպիսի հավաստագրի տրամադրմամբ, որով հավաստվում է, որ Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում պետական գրանցման պահից այդ նավը անհապաղ հանվելու է օտարերկրյա պետության նավերի ռեեստրից:

3.Հայաստանի Հանրապետության իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձանց կողմից առանց անձնակազմի նավի վարձակալության (բերբոուտ-չարտերի) պայմանագրի կամ լիզինգի պայմանագրի հիման վրա շահագործվող օտարերկրյա նավը կարող է գրանցվել Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում հիմնական գրանցման պետության նավերի ռեեստրում դրա գրանցման կասեցումից հետո՝ համապատասխան հավաստագրի տրամադրմամբ, կամ եթե նշված պայմանագրերի կնքման պահի դրությամբ այդ նավը ներառված չի եղել այլ պետության նավերի ռեեստրում:

4.Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն ունեցող նավի գրանցումը օտարերկրյա պետության նավերի ռեեստրում իրավաբանական ուժ չունի, եթե նավը սահմանված կարգով չի հանվել Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրից կամ նավերի գրանցամատյանից:

5.Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն ունեցող եւ օտարերկրյա ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց կողմից՝ առանց անձնակազմի նավի վարձակալության (բերբոուտ-չարտերի) պայմանագրի կամ լիզինգի պայմանագրի հիման վրա շահագործվող նավը օտարերկրյա պետության նավերի ռեեստրում կարող է գրանցվել Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում դրա պետական գրանցման կասեցման եւ նավի գրանցված հիփոթեքերի բոլոր գրավառուների գրավոր համաձայնության ներկայացման պայմանով:  

 

Հոդված 25. Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում ներառման ենթակա տեղեկությունները

1.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում ներառվում են հետեւյալ տեղեկությունները՝

1)     նավի գրանցման հերթական համարը եւ պետական գրանցման ամսաթիվը,

2)     նավի անվանումը (ներկա եւ նախկին), նավի նախորդ գրանցման նավահանգիստը (վայրը),

3)     նավի պետական գրանցման նավահանգստի (վայրի) անվանումը,

4)     նավի միջազգային պայմանականչ ազդանշանը (առկայության դեպքում),

5)     նավի տեսակը եւ նշանակությունը, դրա նավարկման տարածքը,

6)     դասակարգման ընկերության անվանումը, նավի ծածկագիրը, դասի պայմանանշանը եւ դրա գործողության ժամկետը,

7)     նավի հիմնական տեխնիկական բնութագրերը, այդ թվում՝ տարողունակությունը (համախառն եւ զուտ), նավի ընդհանուր բեռնամբարձությունը եւ գլխավոր եզրաչափերը,

8)     նավի սեփականատիրոջ (սեփականատերերի) տվյալները (ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, բնակության հասցեն եւ քաղաքացիությունը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումը եւ գտնվելու վայրը),

9)     ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ սեփականատերերից յուրաքանչյուրի մասնաբաժինը,

10)   նավի կամ նավի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հիմքը (առուվաճառքի պայմանագիր, նավի կառուցման պայմանագիր եւ այլն),

11)    նավատիրոջանունը, ազգանունը, հայրանունը, բնակության հասցեն կամ անվանումը եւ գտնվելու վայրը, եթե նա նավի սեփականատերը չէ,

12)    նավը հավատարմագրային կառավարման հանձնելու պահին հավատարմագրային կառավարչիանունը, ազգանունը, հայրանունը, բնակության հասցեն կամ անվանումը եւ գտնվելու վայրը ,

13)    նավի գրանցված հիփոթեքի մասին տվյալները,

14)    Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրից կամ նավերի գրանցամատյանից նավը հանելու հիմքը եւ ամսաթիվը:

2.Նավը օտարերկրյա պետության դրոշի ներքո ժամանակավոր փոխանցելու դեպքում, Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում նաեւ ներառվում են հետեւյալ հիմնական տեղեկությունները՝

1)     նշում լիազոր մարմնի մասին, որն ընդունել է նավն օտարերկրյա պետության դրոշի ներքո փոխանցելու մասին որոշումը, եւ այդ որոշման ընդունման ամսաթիվը,

2)     ժամկետը, որով թույլատրվում է փոխանցել նավն օտարերկրյա պետության դրոշի ներքո,

3)     այն պետության անվանումը, որի դրոշի ներքո թույլատրվել է նավի նավարկությունը,

4)     բերբոուտ-չարտերի պայմանագրով նավի վարձակալի անունը, ազգանունը, հայրանունը, բնակության հասցեն կամ անվանումը եւ գտնվելու վայրը,

5)     Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում նավի պետական գրանցումը կասեցնելու ամսաթիվը:

 

Հոդված 26. Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում նավի պետական գրանցման մասին դիմումը

1.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում նավի պետական գրանցման մասին դիմումը պետք է համապատասխանի լիազոր մարմնի կողմից հաստատված տիպային ձեւին եւ պարունակի սույն օրենսգրքի 25-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված տեղեկությունները:

2.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում նավի պետական գրանցման մասին դիմումին կցվում են փաստաթղթեր` լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկին համապատասխան:

 

Հոդված 27. Նավի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում

1.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում նավի պետական գրանցումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից նավի գրանցման մասին դիմումի գրանցման պահից քսան աշխատանքային օրվա ընթացքում:

2.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում նավերը գրանցվում են սեփականատիրոջ (սեփականատերերի) անունով:

3.Հայաստանի Հանրապետության իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձանց կողմից առանց անձնակազմի նավի վարձակալության (բերբոուտ-չարտերի) պայմանագրի կամ լիզինգի պայմանագրի հիման վրա շահագործվող նավերը Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում գրանցվում են նավի վարձակալի կամ լիզինգառուի անունով:

4.Լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում նավի պետական գրանցման դեպքում տրվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքի մասին վկայական եւ նավի սեփականության իրավունքի մասին վկայական: Նավերի գրանցամատյանում գրանցված նավին տրվում է նավային գրքույկ:

5.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում նավի պետական գրանցումից հետո նավին տրվում է գրանցման համար:

 

Հոդված 28. Առանց անձնակազմի նավի վարձակալության (բերբոուտ-չարտերի) պայմանագրի կամ լիզինգի պայմանագրի հիման վրա շահագործվող օտարերկրյա պետության նավի պետական գրանցման առանձնահատկությունները

1.Առանց անձնակազմի նավի վարձակալության (բերբոուտ-չարտերի) պայմանագրի կամ լիզինգի պայմանագրի հիման վրա շահագործվող օտարերկրյա պետության նավի պետական գրանցման համար ներկայացվում են փաստաթղթեր` լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկին համապատասխան:

2.Առանց անձնակազմի նավի վարձակալության (բերբոուտ-չարտերի) պայմանագրի կամ լիզինգի պայմանագրի հիման վրա շահագործվող նավի պետական գրանցման ժամանակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքի մասին վկայական՝ այդ պայմանագրերի գործողության ժամկետը չգերազանցող ժամկետով:

 

Հոդված 29. Կառուցվող նավի կամ դրանում մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

1.Կառուցվող նավի կամ դրանում մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից:

2.Կառուցվող նավի կամ դրանում մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կարող է իրականացվել ողնուցի հիմքը գցելու պահից՝ փորձագիտական եզրակացության հիման վրա, որը տեղեկություններ է պարունակում նավի ողնուցի երկարության եւ այլ հիմնական չափերի, օգտագործվող շինարարական նյութերի, մեքենաների, սարքավորումների  մասին, որոնք գտնվում են նավաշինարանի սահմաններում եւ մակնշված կամ այլ կերպ նույնականացված են որպես այդ կառուցվող նավին պատկանող:

3.Կառուցվող նավի կամ դրանում մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում պետական գրանցում իրականացնելու համար ներկայացվում են փաստաթղթեր՝ լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկին համապատասխան:

4.Կառուցվող նավի կամ դրանում մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ տրվում է կառուցվող նավի սեփականության իրավունքի մասին վկայական:

 

Հոդված 30. Նավերի ռեեստրում ներառվող տեղեկությունների փոփոխությունների պետական գրանցումը

1.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում ներառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների մասին նավի սեփականատերը, վարձակալը կամ լիզինգառուն պարտավոր են գրանցող մարմնին հայտնել այդպիսի փոփոխությունների մասին տեղեկատվությունը ստանալու օրվանից հետո երկու շաբաթվա ընթացքում:

2.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում ներառման ենթակա փոփոխությունների, այդ թվում՝ հիփոթեքի, մասին պետական գրանցում իրականացնելու համար ներկայացվում են փաստաթղթեր՝ լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկին համապատասխան:

3.Նավի կամ դրանում մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման դեպքում Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում կատարվում են համապատասխան փոփոխություններ նավի կամ դրանում մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման ամսաթվի նշմամբ եւ տրվում է սեփականության իրավունքի մասին վկայական կամ նավային գրքույկ նոր սեփականատիրոջ անունով:

4.Այն դեպքում, երբ նավը պատահարի արդյունքում կամ ցանկացած այլ պատճառով փոփոխության է ենթարկվել այնքան, որ դադարել է համապատասխանել Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում նախկինում ներառված տվյալներին, այն կարող է վերագրանցվել սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված կանոններին համապատասխան՝ դրա զննությունից եւ դասակարգման վկայական ստանալուց հետո:

 

Հոդված 31. Նավի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթերի կորուստը

1.Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքի մասին վկայականը, նավային գրքույկը, նավի կամ կառուցվող նավի սեփականության իրավունքի մասին վկայականը կորցնելու դեպքում լիազոր մարմինը տրամադրում է այդ փաստաթղթի կրկնօրինակը:

2.Սույն հոդվածի առաջին մասում նշված փաստաթղթերի կրկնօրինակները ստանալու համար ներկայացվում են փաստաթղթեր՝ լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկին համապատասխան:

3.Եթե նավը սույն հոդվածի առաջին մասում նշված փաստաթղթերի կորստի պահին գտնվում է արտասահմանում, ապա Հայաստանի Հանրապետության հյուպատոսը (դիվանագիտական ներկայացուցիչը) նավի նավապետի դիմումի հիման վրա տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքի մասին ժամանակավոր վկայական կամ ժամանակավոր նավային գրքույկ,՝ մեկ տարին չգերազանցող ժամկետով:

 

Հոդված 32. Նավի պետական գրանցման մերժումը

1.Նավի պետական գրանցումը կարող է մերժվել դիմումը ներկայացնողի կողմից սույն օրենսգրքի 15-րդ, 24-րդ եւ 26-րդ հոդվածների պահանջները չկատարելու դեպքում, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

2.Նավի, կառուցվող նավի կամ դրանում մասնաբաժնի սեփականության իրավունքի գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Հոդված 33. Նավի պետական գրանցման կանոնների խախտման համար պատասխանատվությունը

1.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում խաբեությամբ նավը գրանցած կամ սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի առաջին մասի պահանջները խախտած անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 34. Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրից կամ նավերի գրանցամատյանից նավը հանելը

1.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրից կամ նավերի գրանցամատյանից հանվում են այն նավերը, որոնք՝

1)     խորտակվել են, ամբողջովին ավերվել են կամ անհետ կորել,

2)     կառուցվածքի առումով կործանված են,

3)     կորցրել են Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքը,

4)     վերակառուցման կամ այլ էական փոփոխությունների արդյունքում կորցրել են նավ լինելու հատկանիշները:

2.Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետում նշված նավերը կարող են հանվել Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրից կամ նավերի գրանցամատյանից միայն նավի գրանցված հիփոթեքերի բոլոր գրավառուների գրավոր համաձայնությամբ:

3.Լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրից կամ նավերի գրանցամատյանից նավերը հանելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 35. Անհետ կորած նավը

1.Նավը համարվում է անհետ կորած, եթե նավի մասին վերջին տեղեկությունը ստանալու վայրից մինչեւ նշանակման նավահանգիստ սովորական պայմաններում հասնելու համար անհրաժեշտ ժամկետը երկու անգամ գերազանցող ժամկետի ընթացքում նավի մասին որեւէ հաղորդում չի ստացվել:

2.Նավը անհետ կորած ճանաչելու համար անհրաժեշտ ժամկետը չի կարող լինել մեկ ամսից պակաս եւ երեք ամսից ավելի, իսկ ռազմական գործողությունների պայմաններում՝ նավի մասին վերջին տեղեկությունը ստանալու օրվանից վեց ամսից պակաս:

 

Հոդված 36. Կառուցվածքի առումով կործանված նավը

1.Վնասված նավը համարվում է կառուցվածքի առումով կործանված հետեւյալ դեպքերում՝

1)նավը վերականգնելու անհնարինության ո՛չ դրա գտնվելու վայրում եւ ո՛չ էլ ցանկացած այլ վայրում, որտեղ այն կարող է հասցվել,

2)նավի վերանորոգման տնտեսական աննպատակահարմարության:

 

Հոդված 37. Նավերի ռեեստրներից տեղեկություններ ստանալու իրավունքը

Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ստանալու նավերի ռեեստրներում պարունակվող տեղեկատվությունը՝ Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրից եւ նավերի գրանցամատյանից պատշաճ կերպով ձեւակերպված քաղվածքի տեսքով:

 

ԳԼՈՒԽ 5

ՆԱՎԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 38. Նավի անվանումը

1.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում պետական գրանցման ենթակա նավը պետք է ունենա անվանում: Նավի անվանումը տրվում է նավի սեփականատիրոջ կողմից:

2.Նավի անվանումը պետք է տարբերվի այլ գրանցված նավերի անվանումներից:

3.Նավի անվանումը զետեղվում է նավի ցռուկային մասում երկու նավակողերի եւ նավախելի վրա: Նավի վրա նոր անվանումը կարող է զետեղվել միայն Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:

4.Նավի անվանման փոփոխության մասին նավի սեփականատերը անհապաղ ծանուցում է նավի գրանցված հիփոթեքերի գրավառուներին:

 

Հոդված 39. Միջազգային պայմանականչ ազդանշանը

1.Կապի միջոցներով սարքավորված նավին հատկացվում է միջազգային պայմանականչ ազդանշան:

2.Նավի տեխնիկական հագեցվածությունից կախված՝ դրան նաեւ հատկացվում է արբանյակային կապի նավային կայանի նույնականացման համար եւ նավային կայանի ընտրողական կանչի համար:

3.Միջազգային պայմանականչ ազդանշանի, արբանյակային կապի նավային կայանի նույնականացման համարի եւ նավային կայանի ընտրողական կանչի համարի հատկացման կարգը սահմանվում է կապի ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

 

Հոդված 40. Նավի հաշվառման նավահանգիստը

1.Նավի հաշվառման նավահանգիստ է համարվում դրա պետական գրանցման վայրը: Նավի հաշվառման նավահանգիստը նշվում է նավախելի վրա՝ նավի անվանման տակ:

 

ԳԼՈՒԽ 6

ՆԱՎային ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Հոդված 41. Նավի վրա գտնվող նավային փաստաթղթերը

1.Նավի վրա պետք է գտնվեն նավի հետեւյալ փաստաթղթերը՝

1)     Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքի մասին վկայականը,

2)     նավի սեփականության իրավունքի մասին վկայականը,

3)     կառուցվածքի մասով բեռնատար նավի անվտանգության մասին վկայականը,

4)     ուղեւորատար նավի անվտանգության մասին վկայականը (ուղեւորատար նավերի համար),

5)     մատակարարման մասով բեռնատար նավի անվտանգության մասին վկայականը,

6)     ռադիոսարքավորումների մասով բեռնատար նավի անվտանգության մասին վկայականը,

7)     դասակարգման վկայականը,

8)     միջազգային չափման վկայական (դասակարգման ընկերության կողմից տեխնիկական հսկողության ենթակա նավերի համար),

9)     նավի բեռնային հենանիշի մասին (վերջրյա նավակողի ամենացածր բարձրության մասին) միջազգային վկայականը,

10)   նավային ռադիոկայանի շահագործման թույլտվությունը եւ ռադիոպարբերագիրքը (ռադիոկայանի առկայության դեպքում),

11)    նավի անձնակազմի անդամների ցուցակը (նավանձնակազմի ցուցակը),

12)    նավի վրա գտնվող ուղեւորների ցուցակը,

13)    նավի անձնակազմի նվազագույն կազմի մասին վկայականը,

14)    նավամատյանը,

15)    շարժիչասրահի մատյանը (մեխանիկական շարժիչով նավերի համար),

16)   ծովի աղտոտման կանխարգելմանն ուղղված միջոցառումների մատյանը,

17)    նավթով ծովի աղտոտման կանխարգելման մասին միջազգային վկայականը,

18)   կեղտաջրերով ծովի աղտոտման կանխարգելման մասին միջազգային վկայականը,

19)   սանիտարական մատյան,

20)   նավի սանիտարական վկայական,

21)    լիազոր մարմնի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:

2․ Նավերի գրանցամատյանում գրանցված նավը սույն հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված փաստաթղթերի փոխարեն պետք է ունենա նավային գրքույկ:

3․ Սանիտարական մատյանը վարվում է առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված ձևով և կանոններով։

4․ Նավահանգստային կամ ափամերձ ջրերում նավարկող նավը պարտավոր չէ ունենալ շարժիչասրահի կամ սանիտարական մատյան, եթե նավատիրոջ կողմից նման պահանջ սահմանված չէ։

 

Հոդված 42. Նավային փաստաթղթեր նավերի որոշ կատեգորիաների համար

1.Դասակարգման ընկերության կողմից տեխնիկական հսկողության ոչ ենթակա նավը պետք է ունենա հետեւյալ փաստաթղթերը՝

1)     նավային գրքույկ,

2)     նավարկության համար պիտանիության մասին վկայական,

3)     նավի անձնակազմի անդամների ցուցակ (նավանձնակազմի ցուցակ):

Հոդված 43. Նավային փաստաթղթեր տրամադրող մարմինները

1.Դասակարգման վկայականը, միջազգային չափման վկայականը եւ նավի բեռնային հենանիշի մասին միջազգային վկայականը տրամադրվում են դասակարգման ընկերության կողմից:

2.Ծովագնացության անվտանգության եւ նավերից աղտոտման կանխարգելման հարցերով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված նավային փաստաթղթերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լիազոր մարմնի կողմից:

3.Նավային ռադիոկայանի շահագործման համար թույլտվությունը տրամադրվում է կապի ոլորտի լիազոր մարմնի կողմից:

 

Հոդված 44. Օտարերկրյա պետության դասակարգման ընկերության կողմից փաստաթղթերի ճանաչումը

1.Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկող նավին օտարերկրյա պետության դասակարգման ընկերության կողմից տրամադրված վկայականները, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կողմից չի կնքվել համապատասխան փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին միջազգային համաձայնագիր, ճանաչվում են վավեր՝ պայմանով, որ այդ օտարերկրյա պետության դասակարգման ընկերությունը պաշտոնապես ճանաչվել է լիազոր մարմնի կողմից:  

 

Հոդված 45. Նավային փաստաթղթերին ներկայացվող պահանջները

1.Սույն օրենսգրքի 41-րդ եւ 42-րդ հոդվածներում նշված փաստաթղթերը պետք է նավի վրա պահվեն բնօրինակներով, բացառությամբ նավի սեփականության իրավունքի մասին վկայականի եւ նավային գրքույկի, որոնք կարող են նավի վրա պահվել նոտարական կարգով հաստատված պատճեններով:  

Հոդված 46. Նավային փաստաթղթերի ձեւակերպման եւ նավամատյանի
պահման կանոնները

1.Նավի անձնակազմի անդամների ցուցակը (նավանձնակազմի ցուցակը), նավի վրա գտնվող ուղեւորների ցուցակը, նավամատյանը, շարժիչասրահի մատյանը եւ ռադիոպարբերագիրքը վարվում են լիազոր մարմնի կողմից սահմանված ձեւով եւ կանոններով:

2.Նավամատյանը նավի վրա պահվում է դրանում վերջին գրառումը կատարելուց հետո հինգ տարի ժամկետով եւ վերահսկողություն իրականացնելու նպատակով  պատճենահանվում է և տրամադրվում է շահագրգիռ անձանց: Նշված ժամկետի ավարտից հետո նավամատյանը փոխանցվում է լիազոր մարմին:

 

 

ԲԱԺԻՆ III

ՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ՆԱՎԻ ՆԱՎԱՊԵՏԸ

ԳԼՈՒԽ 7

ՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

Հոդված 47. Նավի անձնակազմի կազմը

1.Նավի անձնակազմը բաղկացած է նավապետից, նավի հրամանատարական կազմի այլ անձանցից եւ նավի անձնախմբից:

2.Նավի հրամանատարական կազմի շարքին, նավապետից բացի, դասվում են նավապետի օգնականները, նավամեխանիկները, էլեկտրամեխանիկները, ռադիոմասնագետները եւ բժիշկները: Նավատիրոջ կողմից նավի հրամանատարական կազմի շարքին կարող են դասվել նաեւ այլ նավային մասնագետներ:

3.Նավի անձնախումբը բաղկացած է նավի անձնակազմի այն անդամներից, որոնք նավի հրամանատարական կազմի շարքին չեն դասվում:

 

Հոդված 48. Նավի անձնակազմի նվազագույն կազմը

1.Յուրաքանչյուր նավի վրա պետք է լինի անձնակազմ, որի անդամներն ունեն պատշաճ որակավորում եւ որի կազմն իր թվաքանակով բավարար է՝

1)     անվտանգ նավարկության ապահովման, ծովային միջավայրի պաշտպանության,

2)     նավի վրա աշխատանքային ժամանակի պահպանման նկատմամբ պահանջների կատարման,

3)     նավի անձնակազմի անդամների աշխատանքի գերծանրաբեռնվածության չթույլատրման համար:

2.Ծով դուրս գալու համար նավի անձնակազմի նվազագույն թույլատրելի կազմը՝ կախված նավի տեսակից, նշանակությունից եւ նավարկության շրջանից, սահմանվում է լիազոր մարմնի կողմից:

 

Հոդված 49. Նավի անձնակազմի անդամների իրավական կարգավիճակը

1.Նավի անձնակազմի անդամների իրավական կարգավիճակը եւ նավի անձնակազմի անդամների միջեւ նավի շահագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են նավի դրոշի պետության օրենսդրությամբ:

2.Նավի անձնակազմի անդամների եւ նավատիրոջ միջեւ հարաբերությունները սահմանվում են նավի դրոշի պետության օրենսդրությամբ, եթե այլ բան նախատեսված չէ նավատիրոջ եւ օտարերկրյա պետության քաղաքացիներ հանդիսացող նավի անձնակազմի անդամների միջեւ հարաբերությունները կարգավորող պայմանագրով:

 

Հոդված 50. Նավի անձնակազմի անդամների քաղաքացիությունը

1.Նավի անձնակազմի կազմում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք:

2.Նավապետի, նավապետի ավագ օգնականի, նավի ավագ մեխանիկի եւ ռադիոմասնագետի պաշտոնները կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

 

Հոդված 51. Ծովայինի անձը հաստատող վկայականը

1.Նավի վրա աշխատել թույլատրվում է այն անձանց, որոնք ունեն փաստաթուղթ՝ ծովայինի անձը հաստատող վկայական, որը տրվել է Ծովայինների անձը հաստատող վկայականների մասին 1958 թվականի կոնվենցիային համապատասխան:

2.Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ծովայինի անձը հաստատող վկայականը տրվում է լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 52. Նավի անձնակազմի անդամների որակավորմանը ներկայացվող պահանջները

1.Նավապետի եւ նավի հրամանատարական կազմի այլ անձանց պաշտոններ զբացեղնելը թույլատրվում է այն անձանց, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ Ծովային նավերի հրամանատարական կազմի անձանց կոչումների մասին կարգով սահմանված համապատասխան կոչումներ: Նշված կոչումների շնորհումը հավաստվում է որակավորման վկայականների տրամադրմամբ:

2.Հրամանատարական կազմի պաշտոնները, որոնց համար չի նախատեսվում կոչումների շնորհում, ինչպես նաեւ նավի անձնախմբի անդամների պաշտոններ զբաղեցնելը թույլատրվում է որակավորման վկայականներ ունեցող անձանց, եթե այդպիսի որակավորման վկայականների պահանջը սահմանված է օրենսդրությամբ:

3.Կոչումից զրկելը, որակավորման վկայականը հետ վերցնելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ:

 

Հոդված 53. Նավի անձնակազմի անդամների առողջական վիճակին
ներկայացվող պահանջները

1.Նավի վրա աշխատելու համար թույլատրվում են անձինք, որոնք ունեն առողջական վիճակի մասով այդ աշխատանքի համար նրանց պիտանիությունը հավաստող վկայականներ:

 

Հոդված 54. Աշխատանքային հարաբերությունները նավի վրա

1.Նավի անձնակազմի անդամներին աշխատանքի ընդունելու կարգը, նրանց իրավունքները եւ պարտականությունները, նավի վրա աշխատանքի պայմանները եւ վարձատրությունը, ինչպես նաեւ նրանց աշխատանքից ազատելու կարգը եւ հիմքերը սահմանվում են սույն օրենսգրքով, նավերի վրա ծառայության կանոնադրություններով, այլ օրենսդրությամբ, ինչպես նաեւ գլխավոր եւ ոլորտային սակագնային համաձայնագրերով, կոլեկտիվ եւ անհատական աշխատանքային պայմանագրերով:

2.Նավերի վրա ծառայության կանոնադրությունը, բացառությամբ ձկնարդյունագործական նավատորմի նավերի, հաստատվում է լիազոր մարմնի կողմից:

3.Ձկնարդյունագործական նավատորմի նավերի վրա ծառայության կանոնադրությունը հաստատվում է արդյունաբերության ոլորտի լիազոր մարմնի կողմից:

 

Հոդված 55. Նավատիրոջ պարտականությունները

1.Նավի վրա աշխատանքի անվտանգ պայմանները, նավի անձնակազմի անդամների կյանքի եւ առողջության պահպանությունը եւ անհրաժեշտ բոլոր միջոցներով եւ սարքավորումներով նավի սարքավորումը, ինչպես նաեւ նավի անձնակազմին պարենի եւ ջրի անխափան մատակարարումը, նավի համապատասխան սենքերի տրամադրումը ապահովվում են նավատիրոջ կողմից՝ լիազոր մարմնի կողմից հաստատվող կանոններին համապատասխան, իսկ ձկնարդյունագործական նավի համար՝ արդյունաբերության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատվող կանոններին համապատասխան:

 

Հոդված 56. Նավի անձնակազմի անդամների հայրենադարձումը

1.Նավատերը պետք է իր հաշվին ապահովի նավի անձնակազմի անդամի հայրենադարձումը՝

1)     նավի անձնակազմի անդամի՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու պահին որոշակի ժամկետով կամ մեկ ուղերթի համար կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում,

2)     նավի կործանման դեպքում,

3)     նավի անձնակազմի անդամի՝ նավից դուրս բուժում պահանջող հիվանդության կամ վնասվածքի ստացման դեպքում,  

4)     սնանկության, նավի վաճառքի կամ նավի գրանցման պետության փոփոխության հետեւանքով նավատիրոջ կողմից նավի անձնակազմի անդամների նկատմամբ օրենսդրությամբ կամ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով նախատեսված իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում,

5)     նավատիրոջ նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի դադարեցման դեպքում:

2.Նավի անձնակազմի անդամի հայրենադարձումն իրականացվում է նրա ընտրությամբ դեպի այն նավահանգիստ, որտեղ նրան վարձել են կամ դեպի այն նավահանգիստ, որտեղից սկսվել է նավի ուղերթը, կամ դեպի այն վայր, որը նշված է կոլեկտիվ կամ անհատական աշխատանքային պայմանագրում:

3.Նավատերը պարտավոր է կազմակերպել նավի անձնակազմի անդամի հայրենադարձումը եւ վճարել նրա ճամփորդության եւ պայմանագրով նախատեսված չափով ուղեբեռի փոխադրման ծախսերը, նրա սննդի եւ բնակության ծախսերը մինչեւ սույն հոդվածի երկրորդ մասում նշված վայր ժամանելը, իսկ նավի անձնակազմի անդամի հիվանդության դեպքում՝ նաեւ նրա բուժման ծախսերը մինչեւ նրան փոխադրելի վիճակի հասցնելը:

4.Նավատիրոջ կողմից սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում այդ պարտականությունները ստանձնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հետագայում նավատիրոջից բռնագանձելով կրած ծախսերը:

 

Հոդված 57. Նավի անձնակազմի անդամի անձնական գույքը

1.Նավի անձնակազմի անդամն իրավունք ունի նավով փոխադրել անձնական օգտագործման համար նախատեսված գույք:

2.Նավի հետ պատահարի արդյունքում նավի անձնակազմի անդամի անձնական գույքի ոչնչացման կամ վնասման դեպքում նավատերը փոխհատուցում է պատճառված վնասները: Նավի անձնակազմի այն անդամների անձնական գույքի արժեքը, որոնք մեղավոր են նավի հետ պատահարի առաջացման համար, ենթակա չէ փոխհատուցման:

 

Հոդված 58. Նավի անձնակազմի անդամների փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության հյուպատոսի (դիվանագիտական ներկայացուցչի) հետ

1.Նավապետի եւ նավի անձնակազմի այլ անդամների փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության հյուպատոսի (դիվանագիտական ներկայացուցչի) հետ սահմանվում են Հայաստանի Հանրապետության հյուպատոսական կանոնադրությամբ:

 

ԳԼՈՒԽ 8

ՆԱՎԻ ՆԱՎԱՊԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 59. Նավի կառավարումը եւ նավապետի այլ պարտականությունները

1.Նավապետն իրականացնում է նավի կառավարումը, այդ թվում՝ նավավարումը, ձեռնարկում է նավարկման անվտանգության ապահովման, ծովային միջավայրի պաշտպանության, նավի վրա կարգուկանոնի պահպանման, նավին, նավի վրա գտնվող մարդկանց եւ բեռին վնաս հասցնելը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ:

 

Հոդված 60. Ծովում աղետի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու նավապետի պարտականությունը

1.Նավապետը, եթե նա կարող է դա անել առանց իր նավը եւ դրա վրա գտնվող մարդկանց լուրջ վտանգի ենթարկելու, պարտավոր է՝

1)օգնություն ցուցաբերել ցանկացած անձի, որի կյանքին ծովում վտանգ է սպառնում,

2)հնարավոր առավելագույն արագությամբ օգնության հասնել ծովում աղետի ենթարկվող մարդկանց, եթե նրան հաղորդվել է, որ վերջիններս օգնության կարիք ունեն, եւ եթե  նրա կողմից այդպիսի գործողությունը կարելի է համարել ողջամիտ:

2.Ծովում աղետի ենթարկված անձին օգնություն է ցուցաբերվում անկախ նրա ազգային եւ ռասայական պատկանելությունից, իրավական կարգավիճակից եւ այն հանգամանքներից, որոնց բերումով նա աղետի է ենթարկվել կամ որոնցում նա հայտնաբերվել է:

 

Հոդված 61. Նավերի բախումից հետո օգնություն ցուցաբերելու նավապետի պարտականությունը

1.Միմյանց բախված նավերից յուրաքանչյուրի նավապետը, եթե նա կարող է դա անել առանց իր նավը կամ դրա վրա գտնվող ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին լուրջ վտանգի ենթարկելու, պարտավոր է օգնություն ցուցաբերել մյուս նավին եւ դրա վրա գտնվող ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին:

2.Բախված նավերի նավապետները հնարավորության դեպքում պարտավոր են միմյանց հաղորդել իրենց նավերի անվանումները, դրանց հաշվառման նավահանգիստները, ինչպես նաեւ մեկնման եւ նշանակման նավահանգիստները կամ նավերի մոտակա մուտքի նավահանգիստը։

 

Հոդված 62. Անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար նավահանգիստ մուտք գործելու նավի նավապետի պարտականությունը

1.Եթե նավի վրա գտնվող անձը անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունի, որը չի կարող ցուցաբերվել ծովում, նավապետը պարտավոր է մուտք գործել մոտակա նավահանգիստ՝ այդ մասին տեղեկացնելով նավատիրոջը եւ Հայաստանի Հանրապետության հյուպատոսին (դիվանագիտական ներկայացուցչին) կամ այլ կերպ ապահովել այդ անձի փոխադրումը նավահանգիստ:

 

Հոդված 63. Ռազմական գործողությունների առաջացման կամ ռազմական վտանգի այլ դեպքերում նավի նավապետի պարտականությունը

1.Մեկնման նավահանգստի կամ նշանակման նավահանգստի շրջանում կամ այն շրջանում, որով նավը պետք է անցնի, ռազմական գործողությունների առաջացման դեպքում, ինչպես նաեւ ռազմական վտանգի այլ դեպքերում, նավապետը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները նավի վրա գտնվող մարդկանց փրկելու, նավի եւ նավի վրա առկա փաստաթղթերի, բեռի եւ այլ գույքի զավթումը չթույլատրելու համար:

 

Հոդված 64. Կենսական պաշարների սպառման դեպքում պարենը ռեկվիզիցիայի ենթարկելու նավապետի իրավունքը

1.Եթե սպառվել են բոլոր կենսական պաշարները, այդ թվում՝ պարենի անձեռնմխելի պաշարը, նավի նավապետն իրավունք ունի ընդհանուր բաշխման նպատակով ռեկվիզիցիայի ենթարկել նավի վրա գտնվող անձանց տրամադրության տակ եղած պարենի անհրաժեշտ քանակություն, ինչպես նաեւ նավի վրա գտնվող բեռը, որը կարող է օգտագործվել սննդի համար: Ռեկվիզիցիայի մասին կազմվում է ակտ:

2.Ռեկվիզիցիայի ենթարկված պարենի եւ բեռի արժեքը փոխհատուցվում է նավատիրոջ կողմից:

 

Հոդված 65. Նավապետի իրավունքները նավարկությունը շարունակելու համար գումարի անհետաձգելի անհրաժեշտության դեպքում

1.Եթե նավի ուղերթի ընթացքում նավարկությունը շարունակելու համար առաջացել է գումարի անհետաձգելի անհրաժեշտություն, մասնավորապես նավի վերանորոգման կամ նավի անձնակազմի պահպանության համար, նավապետը՝ նավատիրոջ համապատասխան կարգադրությունը ստանալու համար ժամանակի բացակայության կամ անհնարինության դեպքում իրավունք ունի վաճառել կամ գրավադրել նրան վստահված այն գույքի մի մասը, որն անհրաժեշտ չէ նավարկությունը շարունակելու համար:

2.Նավապետը պարտավոր է նավարկությունը շարունակելու համար ընտրել միջոցների ձեռքբերման այնպիսի եղանակ, որը նվազագույնս վնասաբեր կլինի նավատիրոջ եւ (կամ) բեռնատերերի համար:

3.Նավատերը վաճառված բեռի արժեքը փոխհատուցում է դրա տիրոջը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանով հասցված վնասները համապատասխանում են ընդհանուր վթարի հատկանիշներին կամ երբ վաճառքն իրականացվել է միայն բեռի շահերից ելնելով:

 

Հոդված 66. Նավի կործանման վտանգի դեպքում նավապետի գործողությունները

1.Եթե նավապետի կարծիքով նավին անխուսափելի կործանում է սպառնում, ապա նավապետը ուղեւորների փրկության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուց հետո նավի անձնակազմին թույլատրում է լքել նավը:  Նավապետը վերջինն է լքում նավը՝ ձեռնարկելով իրենից կախված բոլոր միջոցները՝ նավամատյանը, շարժիչասրահի մատյանը եւ ռադիոպարբերագիրքը, տվյալ ուղերթի քարտեզները, փաստաթղթերը եւ թանկարժեք իրերը փրկելու համար:

2.Նավի կործանման դեպքում նավապետը պահպանում է նավի անձնակազմի նկատմամբ ունեցած իր իրավունքներն ու պարտավորությունները:

 

Հոդված 67. Նավի վրա կարգուկանոնի պահպանման մասով նավապետի իրավունքը

1.Նավապետն իրավունք ունի իր լիազորությունների սահմաններում նավի վրա գտնվող ցանկացած անձի տալ անվերապահ կատարման ենթակա կարգադրություններ եւ հրամաններ:

2.Իր օրինական կարգադրություններն ու հրամանները նավի վրա գտնվող անձանց կողմից չկատարելու դեպքում, նավապետն այդ անձանց նկատմամբ կիրառում է անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ հարկադիր:

3.Նավապետն իրավունք ունի խրախուսել նավի անձնակազմի անդամներին եւ նրանց նկատմամբ կիրառել կարգապահական տույժեր, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով հեռացնել նրանց ծառայողական պարտականությունների կատարումից:

 

Հոդված 68. Նավի անձնակազմի անդամներին աշխատանքի ընդունելու
նավապետի համաձայնությունը

1.Նավի անձնակազմի անդամների աշխատանքի ընդունումն իրականացվում է միայն նավապետի համաձայնությամբ:

2.Նավատիրոջ կողմից նավ ուղարկված անձին նավի անձնակազմի կազմում ընդունելու մերժումը նավապետի կողմից պետք է լինի հիմնավորված:  Այդպիսի մերժումը համապատասխան պատճառաբանությամբ ձեւակերպվում է գրավոր եւ փոխանցվում է նավատիրոջը եւ այն անձին, որին աշխատանքի ընդունումը նավապետի կողմից մերժվել է :

 

Հոդված 69. Նավապետը որպես հետաքննության մարմին

1.Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս նավարկության մեջ գտնվող նավի վրա հանցագործության հատկանիշներ պարունակող արարքի կատարման դեպքում, նավապետը կատարում է հետաքննության մարմնի գործառույթներ՝ ընդ որում ղեկավարվելով քրեադատավարական օրենսդրությամբ:

2.Նավապետը իրավունք ունի ձերբակալելու այնպիսի հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձին, որի համար կարող է նշանակվել պատիժ՝ ազատազրկման տեսքով՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխան մարմիններին կամ նավի առաջին մուտքի նավահանգստում Հայաստանի Հանրապետության հյուպատոսին (դիվանագիտական ներկայացուցչին) նրան եւ հետաքննության նյութերի հանձնելը: Անհրաժեշտության դեպքում նավապետը կարող է այդ անձին հետաքննության նյութերի հետ միասին Հայաստանի Հանրապետություն ուղարկել Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկող այլ նավով:

 

Հոդված 70. Նավի վրա երեխայի ծննդյան դեպքում կամ մահվան դեպքում նավապետի պարտականությունները

1.Նավի վրա երեխայի ծննդյան յուրաքանչյուր փաստի կամ մահվան յուրաքանչյուր փաստի մասին նավապետը պարտավոր է գրառում կատարել նավամատյանում եւ այդ մասին տեղեկացնել նավի մուտքի նավահանգստում Հայաստանի Հանրապետության հյուպատոսին (դիվանագիտական ներկայացուցչին):

2.Մահվան փաստի մասին նավապետը պարտավոր է հայտնել մահացածի հարազատներին եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մահացածի մարմինը պահպանելու եւ հայրենիք ուղարկելու համար: Նման հնարավորության բացակայության դեպքում նավապետը պարտավոր է հողին հանձնել մահացածի մարմինը կամ դիակիզել այն եւ աճյունասափորը ուղարկել հայրենիք:

3.Բացառիկ դեպքում, եթե նավը պետք է երկարատեւ ժամանակով գտնվի բաց ծովում, եւ մահացածի մարմինը չի կարող պահպանվել, նավապետն իրավունք ունի մահացածի մարմինը ծովային սովորույթների համաձայն ծովին հանձնել՝ կազմելով համապատասխան ակտ:

4.Նավապետն ապահովում է մահացածի՝ նավի վրա գտնվող գույքի գույքագրումը եւ պահպանությունը մինչեւ այդ գույքը գույքացուցակով Հայաստանի Հանրապետության հյուպատոսին (դիվանագիտական ներկայացուցչին) նավի մուտքի նավահանգստում հանձնելը:

 

Հոդված 71. Ժառանգությունը հաստատելու նավապետի իրավունքը

1.Նավարկության ժամանակ նավի վրա գտնվող անձանց կտակները հաստատվում են նավապետի կողմից եւ հավասարեցվում են նոտարական կարգով հաստատվածներին:

 

Հոդված 72. Հրազեն ունենալու եւ այն կիրառելու մասով նավապետի իրավունքը

1.Նավապետն իրավունք ունի ունենալու հրազեն եւ կիրառելու այն՝ սեփական անվտանգությունը եւ նավի վրա գտնվող մարդկանց եւ գույքի անվտանգությունը ապահովելու համար:

 

Հոդված 73. Նավապետը որպես նավատիրոջ եւ բեռնատերերի ներկայացուցիչ

1.Նավապետն իր ծառայողական դիրքի բերումով ճանաչվում է նավատիրոջ եւ բեռնատերերի ներկայացուցիչ այն գործարքների դեպքում, որոնց կնքումն անհրաժեշտ է՝ ելնելով նավի, բեռի կամ նավարկության կարիքներից, ինչպես նաեւ այն հայցերի դեպքում, որոնք վերաբերում են իրեն վստահված գույքին, եթե տեղում չկան նավատիրոջ կամ բեռնատերերի այլ ներկայացուցիչներ:

 

Հոդված 74. Նավապետի պարտականությունները նավապետի ավագ օգնականի վրա դնելը

1.Նավապետի մահվան, հիվանդության կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ պատճառներով՝ մինչեւ նավատիրոջ կողմից կարգադրությունների ստացումն այդ պարտականությունների կատարումը դրվում է նավապետի ավագ օգնականի վրա:

 

Հոդված 75. Նավապետի պատասխանատվությունը

1.Սույն օրենսգրքում նշված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նավապետը կրում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

ԲԱԺԻՆ IV

ԲԵՌՆԵՐԻ ԾՈՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 9

ԲԵՌՆԵՐԻ ԾՈՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 76. Բեռների ծովային փոխադրում իրականացնելու հիմքերը

1.Բեռների ծովային փոխադրումն իրականացվում է փոխադրման պայմանագրով, որը պետք է կնքվի գրավոր:

2.Հայաստանի Հանրապետության պետական սեփականությունը հանդիսացող կամ Հայաստանի Հանրապետության կողմից պետական ոչ առեւտրային նպատակներով շահագործվող նավերով բեռների ծովային փոխադրումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 77. Ծովային փոխադրման համար բեռների ընդունման ժամանակավոր դադարեցումը կամ սահմանափակումը

1.Լիազոր մարմնի որոշմամբ բացառիկ դեպքերում ծովային փոխադրման համար բեռների ընդունումը կարող է ժամանակավորապես դադարեցվել կամ սահմանափակվել: Լիազոր մարմինը պարտավոր է այդպիսի որոշման մասին անհապաղ ծանուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ինչպես նաեւ հրապարակել «azdarar.am» կայքէջում, լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներում։

2.Բեռների ընդունման ժամանակավոր դադարեցումը կամ սահմանափակումը կարող է կիրառվել որոշակի ուղղություններով, որոշակի նավահանգիստներից կամ դեպի որոշակի նավահանգիստներ ծովային փոխադրումների համար:

 

Հոդված 78. Բեռների փոխադրումը ընդհանուր օգտագործման ծովային տրանսպորտով

1.Եթե օրենսդրությունից բխում է, որ տվյալ առեւտրային կազմակերպությունը պարտավոր է բեռների ծովային փոխադրում իրականացնել ցանկացած իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձին դիմելու հիման վրա, ապա այդ առեւտրային կազմակերպությունը ճանաչվում է որպես ընդհանուր օգտագործման ծովային տրանսպորտի կազմակերպություն:

2.Ընդհանուր օգտագործման ծովային տրանսպորտի կազմակերպությունը պարտավոր է ընդունել փոխադրման համար առաջարկված ցանկացած բեռ, եթե նավում առկա են դրանց փոխադրման համար պիտանի ազատ սրահներ, եւ բեռը կարող է փոխադրվել առանց վնաս հասցնելու մինչեւ այդ փոխադրման համար ընդունված բեռներին:

3.Ընդհանուր օգտագործման ծովային տրանսպորտի կազմակերպությունը պարտավոր է հանրությանը իրազեկել բեռների փոխադրման սակագների եւ պայմանների մասին:

4.Ընդհանուր օգտագործման ծովային տրանսպորտի կազմակերպությունը բեռի ընդունման եւ դրա ծովային փոխադրման պայմանների հարցում իրավունք չունի նախապատվությունը տալ բեռնատերերից մեկին, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

Հոդված 79. Բեռի ծովային փոխադրման պայմանագիր

1.Բեռի ծովային փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է նշանակման նավահանգիստ հասցնել ուղարկողի կողմից իրեն վստահված բեռը եւ այն հանձնել բեռը ստանալու լիազորություն ունեցող անձին (ստացողին), իսկ ուղարկողը պարտավորվում է բեռի փոխադրման դիմաց վճարել պայմանագրով սահմանված վճարը (նավափոխադրավճարը):

2.Բեռի ծովային փոխադրման պայմանագիրը կարող է կնքվել՝

1)բեռի փոխադրման համար ամբողջ նավը, դրա մի մասը կամ որոշ սրահներ հատկացնելու պայմանով կամ

2)առանց այդպիսի պայմանի:

 

Հոդված 80. Նավավարձակալման պայմանագիր (չարտեր)

1.Նավավարձակալման  պայմանագրով (չարտերով) մի կողմը (նավավարձատուն) պարտավորվում է մյուս կողմին (նավավարձորդին) վճարի դիմաց (նավափոխադրավճար) բեռի ծովային փոխադրման համար տրամադրել մեկ կամ մի քանի նավերի ամբողջ տարողունակությունը կամ մի մասը՝ մեկ կամ մի քանի ուղերթի համար:

2.Նավավարձակալման  պայմանագիրը (չարտերը) պետք է պարունակի կողմերի անվանումները, նավափոխադրավճարի չափը, նավի անվանումը եւ բեռի մասին նշումները, բեռի բեռնման վայրը (վայրերը), նավի նշանակման վայրը (վայրերը) կամ նավի ընթանալու ուղղությունը (ուղղությունները):

3.Նավավարձակալման պայմանագրում կարող են կողմերի համաձայնությամբ ներառվել նաեւ այլ պայմաններ եւ վերապահումներ:

 

Հոդված 81. Բեռների ծովային փոխադրումների կազմակերպման մասին պայմանագիր

1.Բեռների պարբերական փոխադրումներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում փոխադրողը եւ բեռնատերը կարող են կնքել բեռների ծովային փոխադրումների կազմակերպման մասին երկարաժամկետ պայմանագրեր:

2.Բեռների ծովային փոխադրումների կազմակերպման մասին պայմանագրով փոխադրողը պարտավորվում է սահմանված ժամկետներում ընդունել, իսկ բեռնատերը փոխադրման ներկայացնել պայմանավորված ծավալով բեռներ եւ վճարել նավափոխադրավճար:

3.Բեռների ծովային փոխադրումների կազմակերպման մասին պայմանագիրը կարող է կնքվել մի քանի բեռնատերերի հետ:

4.Բեռների ծովային փոխադրումների կազմակերպման մասին պայմանագրով սահմանվում են՝

1)     փոխադրման ենթակա բեռի անվանումը եւ ընդհանուր քանակը,

2)     պայմանագրի գործողության ժամկետը,

3)     փոխադրամիջոցների տրամադրման եւ ծովային փոխադրման համար բեռների ներկայացման ժամկետը եւ այլ պայմաններ,

4)     ծովային փոխադրման ընդհանուր պայմանները,

5)     հաշվարկների կարգը,

6)     բեռների ծովային փոխադրումների կազմակերպման մասին պայմանագրից բխող պարտավորությունների խախտման համար պատասխանատվությունը,

7)     այլ պայմաններ:

 

Հոդված 82. Բեռների ծովային փոխադրումների կազմակերպման մասին պայմանագրի եւ բեռի ծովային փոխադրման մասին պայմանագրի հարաբերակցությունը

1.Բեռների ծովային փոխադրումների կազմակերպման մասին պայմանագիր կնքելիս բեռի կոնկրետ խմբաքանակի փոխադրումն իրականացվում է բեռի ծովային փոխադրումների կազմակերպման մասին պայմանագրի հիման վրա կնքված՝ բեռի ծովային փոխադրման պայմանագրին համապատասխան:

2.Բեռների ծովային փոխադրումների կազմակերպման մասին պայմանագրով սահմանված՝ բեռի ծովային փոխադրման պայմանները համարվում են բեռի ծովային փոխադրման պայմանագրում ներառված:

3.Եթե բեռի կոնկրետ խմբաքանակի փոխադրման համար կնքված՝ բեռի ծովային փոխադրման պայմանագրի պայմանները հակասում են բեռների ծովային փոխադրումների կազմակերպման մասին պայմանագրի պայմաններին, ապա կիրառվում են բեռների ծովային փոխադրումների կազմակերպման մասին պայմանագրի պայմանները:

 

Հոդված 83. Բեռների համակցված փոխադրումներ

1.Բեռների համակցված փոխադրումն իրականացվում է տրանսպորտային էքսպեդիցիայի պայմանագրով:

 

Հոդված 84. Բեռը փոխադրողի եւ ստացողի իրավահարաբերությունները

1.Բեռը փոխադրողի եւ բեռի ծովային փոխադրման պայմանագրի կողմ չհանդիսացող ստացողի միջեւ իրավահարաբերությունները սահմանվում են կոնոսամենտով: Կոնոսամենտում չնշված՝ բեռի ծովային փոխադրման պայմանագրի պայմանները պարտադիր են բեռը ստացողի համար, եթե կոնոսամենտը հղում է պարունակում այն փաստաթղթին, որում դրանք շարադրված են:

 

Հոդված 85. Բեռը ծովային փոխադրման ընդունելու ապացույցները

1.Բեռը ծովային փոխադրման ընդունելուց հետո փոխադրողը ուղարկողի պահանջով պարտավոր է տրամադրել կոնոսամենտ:

2.Փոխադրողը իրավունք ունի կոնոսամենտի փոխարեն տրամադրել այլ փաստաթուղթ՝ որպես ծովային փոխադրման համար բեռի ստացման հաստատում: Այդ փաստաթուղթը բեռի ծովային փոխադրման պայմանագիր կնքելու եւ այն փոխադրողի կողմից ընդունելու գլխավոր ապացույցն է:

3.Կոնոսամենտը կազմվում է ուղարկողի կողմից ստորագրված այն փաստաթղթի հիման վրա, որը պետք է պարունակի սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի առաջին մասի 3-8-րդ կետերում նշված տվյալները:

4.Ուղարկողը պետք է բեռնման պահին փոխադրողին երաշխավորի բեռի ապրանքանիշերի, բեռնատեղերի թվի, քանակության եւ քաշի ճշգրտությունն այնպես, ինչպես նշված է իր կողմից, ինչպես նաեւ փոխադրողին փոխհատուցի բոլոր վնասները, որոնք առաջացել են նշված տվյալների անճշտության հետեւանքով:

 

Հոդված 86. Կոնոսամենտի տվյալները

1.Կոնոսամենտը պետք է պարունակի հետեւյալ տվյալները՝

1)     փոխադրողի անվանումը եւ նրա գտնվելու վայրը,

2)     նավի անվանումը, եթե բեռը ընդունվել է ծովային փոխադրման կոնկրետ նավի վրա,

3)     բեռնման վայրը եւ բեռնման նավահանգստում փոխադրողի կողմից բեռը ընդունելու ամսաթիվը,

4)     ուղարկողի անվանումը եւ նրա գտնվելու վայրը,

5)     բեռի նշանակման վայրը կամ նավի նշանակման վայրը կամ նպատակակետը,

6)     ստացողի անվանումը, եթե այն նշված է ուղարկողի կողմից,

7)     բեռի անվանումը, դրա նույնականացման համար անհրաժեշտ հիմնական նշանները, իսկ անհրաժեշտ դեպքերում՝ ուղղակի նշումը բեռի վտանգավոր բնույթի կամ հատուկ հատկությունների մասին, բեռնատեղերի կամ առարկաների քանակը եւ բեռի քաշը կամ քանակը, որը նշված է այլ կերպ, ընդ որում այդ բոլոր տվյալները նշվում են այնպես, ինչպես նշել է ուղարկողը,

8)     բեռի արտաքին վիճակի եւ դրա փաթեթվածքի նկարագրությունը,

9)     նավափոխադրավճարը եւ փոխադրողին հասանելիք այլ վճարներ կամ նշում այն մասին, որ նավափոխադրավճարը պետք է վճարվի պայմանագրում կամ այլ փաստաթղթում ներկայացված պայմանների համաձայն կամ նշում նավափոխադրավճարի ամբողջությամբ վճարված լինելու մասին,

10)   կոնոսամենտի տրման ժամը եւ վայրը,

11)    կոնոսամենտի բնօրինակների թիվը, եթե դրանք մեկից ավելի են,

12)    փոխադրողի կամ նրա անունից գործող անձի ստորագրությունը:

2.Նավի վրա բեռը բեռնելուց հետո փոխադրողը ուղարկողի պահանջով տրամադրում է նավակողային կոնոսամենտ, որի մեջ լրացուցիչ նշվում է, որ բեռը գտնվում է կոնկրետ նավի վրա, ինչպես նաեւ բեռնման ամսաթիվը (ամսաթվերը):

3.Եթե մինչեւ բեռը նավի վրա բեռնելը փոխադրողը փոխադրման ընդունված բեռի համար ուղարկողին տրամադրել է կոնոսամենտ կամ ապրանքի տնօրինման մասին այլ փաստաթուղթ, ապա փոխադրողի պահանջով ուղարկողը պետք է այդ փաստաթուղթը վերադարձնի՝ նավակողային կոնոսամենտ ստանալու դիմաց:

4.Փոխադրողը կարող է նավակողային կոնոսամենտի տրամադրման մասով ուղարկողի պահանջները բավարարել ավելի վաղ տրամադրված փաստաթղթում այնպիսի տվյալներ լրացնելու միջոցով, որոնք պետք է պարունակվեն նավակողային կոնոսամենտում:

 

Հոդված 87. Վերապահումները կոնոսամենտում

1.Եթե կոնոսամենտում պարունակվում են բեռի անվանման, հիմնական նշանների, բեռնատեղերի կամ առարկաների թվի կամ քանակի վերաբերյալ տվյալներ, որոնց վերաբերյալ փոխադրողը կամ նրա անունից կոնոսամենտը տրամադրած այլ անձ գիտի կամ բավարար հիմքեր ունի կարծելու, որ այդ տվյալները չեն համապատասխանում փաստացի ընդունված, իսկ նավակողային կոնոսամենտի տրամադրման դեպքում՝ բեռնված բեռին, կամ եթե փոխադրողը կամ այդպիսի այլ անձ ողջամիտ հնարավորություն չի ունեցել ստուգելու այդ տվյալները, ապա փոխադրողը կամ այդպիսի այլ անձ կոնոսամենտում կատարում է համապատասխան վերապահում, որով կոնկրետ նշվում են այդ անհամապատասխանությունները, կասկածների հիմքերը կամ ստուգման ողջամիտ հնարավորության բացակայությունը:

2.Եթե փոխադրողը կամ նրա անունից կոնոսամենտը տրամադրած այլ անձ կոնոսամենտում չի նշում բեռի արտաքին վիճակը, ապա համարվում է, որ նրանք կոնոսամենտում նշել են, որ բեռը լավ վիճակում է:

 

Հոդված 88. Կոնոսամենտի ապացուցողական ուժը

Կոնոսամենտով հավաստվում է փոխադրողի կողմից բեռի ընդունումը կոնոսամենտում ներկայացված նկարագրությանը համապատասխան, բացառությամբ տվյալների, որոնց մասով կատարվել է վերապահում: Փոխադրողի կողմից հակառակը ապացուցել չի թույլատրվում, եթե կոնոսամենտը փոխանցվել է բարեխղճորեն գործող երրորդ անձի:

 

Հոդված 89. Կոնոսամենտների տեսակները

1.Կոնոսամենտը կարող է տրամադրվել կոնկրետ ստացողի անունով (անվանական կոնոսամենտ), ուղարկողի կամ ստացողի ցուցումով (օրդերային կոնոսամենտ) կամ ըստ ներկայացնողի:

2.Օրդերային կոնոսամենտը, որը չի պարունակում նշումներ ուղարկողի կամ ստացողի ցուցումով տրամադրված լինելու մասին, համարվում է ուղարկողի ցուցումով տրամադրված:

 

Հոդված 90. Կոնոսամենտի օրինակների քանակությունը

1.Ուղարկողի ցանկությամբ նրան կոնոսամենտը կարող է տրամադրվել մի քանի օրինակից, որոնցից յուրաքանչյուրում նշվում է կոնոսամենտի կազմված օրինակների թիվը:

2.Կոնոսամենտի օրինակներից մեկով բեռի հանձնման դեպքում մյուս օրինակները կորցնում են իրենց ուժը:

 

Հոդված 91. Կոնոսամենտով իրավունքների փոխանցումը

1.Կոնոսամենտով հաստատված իրավունքները փոխանցվում են՝

1)     անվանական կոնոսամենտի դեպքում՝ պահանջների զիջման համար սահմանված կանոնների պահպանմամբ,

2)     օրդերային կոնոսամենտի դեպքում՝ օրդերային կամ փոխանցման ձեւաթղթային փոխանցագրերով,

3)     ըստ ներկայացնողի կոնոսամենտի դեպքում՝ պարզ հանձնման եղանակով։

 

ԳԼՈՒԽ 10

ԲԵՌՆԵՐԻ ԾՈՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 92. Նավի ծովագնացունակությունը

1.Փոխադրողը պարտավոր է ուղերթից առաջ նավը բերել ծովագնացական վիճակի, մասնավորապես՝

1)     ապահովել նավի նավավարման համար տեխնիկական պիտանիությունը.

2)     պատշաճ կերպով զինել նավը.

3)     նավը համալրել անձնակազմով.

4)     նավի անձնակազմը զինել բոլոր անհրաժեշտ պարագաներով.

5)     նավի նավամբարները եւ այլ տարածքները, որտեղ փոխադրվում է բեռը, բերել այնպիսի վիճակի, որը կապահովի բեռի պատշաճ ընդունումը, փոխադրումը եւ պահպանվածությունը:

2.Փոխադրողը պատասխանատվություն չի կրում նավի ոչ ծովագնացական վիճակի համար, եթե ապացուցում է, որ այն առաջացել է այնպիսի թերությունների պատճառով, որոնք հնարավոր չի եղել հայտնաբերել իր կողմից օբյեկտիվ  պատճառներով (թաքնված թերություններ):

 

Հոդված 93. Նավի փոխարինումը

1.Եթե բեռը պետք է փոխադրվի որոշակի նավով, ապա այն կարող է բեռնվել այլ նավի վրա միայն նավավարձորդի կամ ուղարկողի համաձայնությամբ, բացառությամբ բեռնման մեկնարկից հետո առաջացած տեխնիկական անհրաժեշտության արդյունքում վերաբեռնման դեպքերի։

 

Հոդված 94. Բեռնման նավահանգիստը

1.Փոխադրողը պարտավոր է նավը մոտեցնել պայմանագրում նշված բեռնման նավահանգիստ կամ պայմանագրի պայմաններին համապատասխանող նավահանգիստ:

2.Եթե բեռնման նավահանգիստը չի նշվել կամ ժամանակին չի նշվել կամ անվտանգ չէ, փոխադրողն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց եւ պահանջել վնասների հատուցում:

 

Հոդված 95. Բեռնման վայրը

1.Փոխադրողը պարտավոր է մոտեցնել նավը պայմանագրում նշված բեռնման վայր։

2.Եթե պայմանագրում նշված վայրը պիտանի չէ բեռնման համար կամ տվյալ ուղերթի համար փոխադրողի կողմից կնքած պայմանագրերում նշված են բեռնման տարբեր վայրեր, ապա փոխադրողը կարող է նավը մոտեցնել տվյալ նավահանգստում սովորաբար օգտագործվող բեռնման վայր:

3.Գծային հաղորդակցությամբ իրականացվող փոխադրումների ժամանակ բեռնման վայրը սահմանում է փոխադրողը։

 

Հոդված 96. Նավը բեռնման վայր մոտեցնելու ժամկետը

1.Փոխադրողը պարտավոր է պայմանագրով նախատեսված ժամկետում նավը մոտեցնել բեռնման վայր։

2.Նավը պայմանագրով նախատեսված ժամկետում բեռնման վայր չմոտեցնելու դեպքում պայմանագիրը կարող է լուծվել՝ փոխադրողի կողմից պատճառված վնասների հատուցմամբ:

 

Հոդված 97. Բեռնման համար նավի պատրաստ լինելու մասին ծանուցումը

1.Փոխադրողը պարտավոր է ուղարկողին կամ նավավարձորդին գրավոր ծանուցել բեռնման համար նավի պատրաստ լինելու մասին: Ծանուցումը կարող է տրվել միայն նավը բեռնման նավահանգստում կամ այդ նավահանգստի համար նախատեսված սպասման վայրում գտնվելու դեպքում։

2.Оրը եւ ժամը, երբ ծանուցումը համարվում է տրված, որոշվում են այդ նավահանգստում ընդունված սովորույթների համաձայն:

3.Եթե ծանուցման մեջ նշված ժամին նավը պատրաստ չէ ընդունել բեռը, ապա փոխադրողը պարտավոր է հատուցել դրա հետ կապված առաջացած վնասները։

 

Հոդված 98. Բեռնման պայմանաժամկետը

1.Բեռնման պայմանաժամկետը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ բեռնման նավահանգստում ընդունված սովորույթներով։

2.Բեռնման պայմանաժամկետը հաշվարկվում է աշխատանքային օրերով, ժամերով եւ րոպեներով՝ նավը բեռնման կամ բեռնաթափման համար պատրաստ լինելու մասին ծանուցումը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից։

3.Բեռնման պայմանաժամկետը չի ներառում այն ժամանակը, որի ընթացքում բեռնում չի իրականացվել փոխադրողից կախված հանգամանքների բերումով կամ բեռի պահպանվածությանը սպառնացող կամ դրա անվտանգ բեռնմանը խոչընդոտող անհաղթահարելի ուժի կամ հիդրոօդերեւութաբանական պայմանների հետեւանքով:

4.Եթե բեռնումը մեկնարկել է նախքան բեռնման պայմանաժամկետի ընթացքի սկիզբը, ապա բեռնման վրա փաստացի ծախսված ժամանակը հաշվարկվում է բեռնման պայմանաժամկետում։

 

Հոդված 99. Բեռնման երկարաձգված պայմանաժամկետը

1.Բեռնման երկարաձգված պայմանաժամկետը որոշվում է կողմերի համաձայնությամբ։ Կողմերի միջեւ համաձայնության բացակայության դեպքում բեռնման երկարաձգված պայմանաժամկետի տեւողությունը համարվում է հավասար բեռնման պայմանաժամկետի կեսին։

2.Բեռնման երկարաձգված պայմանաժամկետը հաշվարկվում է օրացուցային օրերով, ժամերով եւ րոպեներով՝ բեռնման պայմանաժամկետի ավարտի պահից սկսած։

3.Բեռնման երկարաձգված պայմանաժամկետը ներառում է հանգստյան եւ պաշտոնապես սահմանված՝ ոչ աշխատանքային օր համարվող տոնական օրերը, նավահանգստում ոչ աշխատանքային հայտարարված ժամանակահատվածը, ինչպես նաեւ բեռի պահպանվածությանը սպառնացող կամ դրա անվտանգ բեռնմանը խոչընդոտող անհաղթահարելի ուժի կամ հիդրոօդերեւութաբանական պայմանների հետեւանքով առաջացած բեռնման ընդհատումները։ Բեռնման երկարաձգված պայմանաժամկետը չի ներառում այն ժամանակը, որի ընթացքում փոխադրողից կախված պատճառներով բեռնում չի իրականացվել։

 

Հոդված 100. Դեմերեջ (համուրդավճար)

1.Դեմերեջը որոշվում է կողմերի համաձայնությամբ։

2.Կողմերի համաձայնության բացակայության դեպքում դեմերեջը որոշվում է տվյալ նավահանգստում ընդունված դրույքաչափերով։

3.Նշված դրույքաչափերի բացակայության դեպքում դեմերեջը որոշվում է նավի եւ դրա անձնակազմի պահպանման ծախսերի հիման վրա։

 

Հոդված 101. Դիսպաչ

1.Դիսպաչը սահմանվում է կողմերի համաձայնությամբ։

2.Կողմերի համաձայնության բացակայության դեպքում դիսպաչը հաշվարկվում է նավի պարապուրդի համար վճարի կեսի չափով։

Հոդված 102. Փոխադրողի՝ բեռնման երկարաձգված պայմանաժամկետը լրանալուց հետո նավն ուղերթ դուրս բերելու իրավունքը

1.Փոխադրողն իրավունք ունի բեռնման երկարաձգված պայմանաժամկետը լրանալուց հետո նավը դուրս բերել ուղերթ, նույնիսկ եթե պայմանագրով նախատեսված ոչ լրիվ բեռն է բեռնվել նավ՝ փոխադրողից անկախ հանգամանքների բերումով։ Ընդ որում, փոխադրողը պահպանում է նավափոխադրավճարն ամբողջությամբ ստանալու իրավունքը։

2.Բեռի ծովային փոխադրման համար ամբողջ նավը տրամադրելու դեպքում փոխադրողն իրավունք չունի հրաժարվել ընդունել այն բեռը, որն առաքվել է մինչեւ բեռնման պայմանաժամկետը կամ բեռնման երկարաձգված պայմանաժամկետը լրանալը՝ եթե կողմերն այդ մասին պայմանավորվել են, նույնիսկ եթե բեռի ընդունումը, բեռնումը եւ տեղադրումը կարող էին ուշացնել նավը սահմանվածից ավելի շատ ժամանակով։

3.Այն դեպքում, երբ բեռի ծովային փոխադրման համար տրամադրվել է ոչ ամբողջ նավը, փոխադրողն իրավունք ունի, մինչեւ բեռնման պայմանաժամկետը կամ բեռնման երկարաձգված պայմանաժամկետը լրանալը, եթե կողմերն այդ մասին պայմանավորվել են, հրաժարվել ընդունել այդ բեռը, որը՝ դրա ուշացումով ներկայացվելու պատճառով հնարավոր կլինի պատշաճ կերպով եւ մնացած բեռը չվնասելով բեռնել նավ ոչ այլ կերպ, քան նավի ուշացումով։ Ընդ որում փոխադրողը պահպանում է նավափոխադրավճարն ամբողջությամբ ստանալու իրավունքը։

 

Հոդված 103. Նավի ուշացման համար վնասների հատուցումը

1.Փոխադրողն ունի նավը բեռնման երկարաձգված պայմանաժամկետից ավելի ուշացնելու համար իրեն պատճառված վնասների հատուցման իրավունք, եթե նավի ուշացումը տեղի է ունեցել փոխադրողից անկախ հանգամանքների բերումով։

 

Հոդված 104. Մինչեւ բեռնման պայմանաժամկետը կամ բեռնման երկարաձգված պայմանաժամկետը լրանալը նավն ուղերթ դուրս բերելը

1.Այն դեպքում, երբ բեռի ծովային փոխադրման համար հատկացվում է ամբողջ նավը, փոխադրողը՝ ուղարկողի կամ նավավարձորդի պահանջով պարտավոր է նավը դուրս բերել ուղերթ, նույնիսկ եթե ամբողջ բեռը չի բեռնվել։ Փոխադրողն այդ դեպքում պահպանում է նավափոխադրավճարն ամբողջությամբ ստանալու իրավունքը։

 

Հոդված 105. Կողմնակի բեռի բեռնահանումը

1.Բեռների ծովային փոխադրման համար ամբողջ նավը, նավի առանձին մասը կամ նավի առանձին սրահները տրամադրելու դեպքում ուղարկողը կամ նավավարձորդը կարող են պահանջել նավից, նավի առանձին մասից կամ նավի սրահներից բեռնահանել ուղարկման նավահանգստում իրենց չպատկանող բեռը, իսկ ամբողջ նավը տրամադրելու դեպքում՝ ցանկացած նավահանգստում, որտեղ մուտք է գործում նավը։

2.Եթե կողմնակի բեռը ժամանակին չի բեռնահանվել, ապա ուղարկողը կամ նավավարձորդն իրավունք ունեն պահանջել նավափոխադրավճարի համապատասխան նվազեցում, ինչպես նաեւ իրեն պատճառված վնասների հատուցում։

 

Հոդված 106. Բեռի տեղաբաշխումը նավի վրա, բեռի փոխադրումը տախտակամածի վրա

1.Բեռը նավի վրա տեղաբաշխվում է նավապետի հայեցողությամբ։

2.Բեռը չի կարող տեղաբաշխվել տախտակամածի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ նման փոխադրումը թույլատրվում է պայմանագրով, օրենսդրությամբ կամ սովորույթով։

3.Նավի վրա բեռը ճիշտ տեղաբաշխելու, ամրացնելու եւ առանձնացնելու համար պատասխանատվությունը կրում է փոխադրողը։

4.Եթե բեռը փոխադրվում է տախտակամածի վրա, ապա փոխադրողը պարտավոր է այդ մասին նշում կատարել կոնոսամենտում կամ պայմանագրի կնքումը հաստատող այլ փաստաթղթում։ Այդպիսի նշման բացակայության դեպքում փոխադրողը պարտավոր է ապացուցել, որ կնքվել է տախտակամածի վրա բեռի ծովային փոխադրման պայմանագիրը, սակայն նա իրավունք չունի հղում կատարել այդ պայմանագրին երրորդ անձի մասով, որը բարեխղճորեն ստացել է կոնոսամենտը։

 

Հոդված 107. Բեռնման ծախսերը

1.Ուղարկողը կամ նավավարձորդն իրենց հաշվին բեռը տեղադրում են նավակողի երկայնքով։ Բեռը նավի վրա բեռնելու եւ տեղավորելու ծախսերը կրում է փոխադրողը, եթե կողմերի կողմից այլ բան չի սահմանվել։

 

Հոդված 108. Բեռի փաթեթավորումը եւ մակնշումը

1.Կորստից, պակասորդից կամ վնասվածքից (փչանալուց) պաշտպանելու համար տարայի եւ փաթեթավորման կարիք ունեցող բեռը ծովային փոխադրման համար պետք է ներկայացվի սարքին տարայով եւ փաթեթավորմամբ, որն ապահովում է դրա լիակատար պահպանվածությունը: Նշված պահանջը կիրառվում է նաեւ բեռնարկղերի դեպքում։

2.Ուղարկողը պարտավոր է պատշաճ կերպով մակնշել բեռը եւ փոխադրողին տրամադրել դրա մասին անհրաժեշտ տեղեկություններ։ Եթե բեռի համար պահանջվում է հատուկ վարվելակերպ, ապա ուղարկողը պարտավոր է փոխադրողին տեղեկացնել բեռի հատկությունների եւ դրա հետ վարվելու կարգի մասին։

 

Հոդված 109. Բեռի փոխարինումը

1.Բեռը, որի տեսակը կամ տիպը սահմանված է պայմանագրով, կարող է այլ տեսակի կամ տիպի բեռով փոխարինվել միայն փոխադրողի համաձայնությամբ։

 

1.Հոդված 110. Բեռի փաստաթղթերը

1.Ուղարկողը պետք է ժամանակին փոխադրողին փոխանցի բեռի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ փոխադրողի առջեւ պատասխանատվություն է կրում այդ փաստաթղթերը ժամանակին չփոխանցելու, դրանց ոչ հավաստի եւ թերի լինելու հետեւանքով պատճառված վնասների համար։

 

Հոդված 111. Բեռը տնօրինելու իրավունքը

1.Ուղարկողն իրավունք ունի տնօրինելու բեռը մինչեւ այն ստացողին հանձնելու պահը կամ այն պահը, երբ նա փոխանցում է այդ իրավունքը ստացողին կամ երրորդ անձին՝ այդ փոխանցման մասին ծանուցելով փոխադրողին։

2.Ուղարկողն իրավունք ունի պահանջելու բեռը հետ հանձնել բեռի ուղարկման վայրում մինչեւ նավի հեռանալը, միջանկյալ նավահանգստում, կամ այն հանձնել ոչ այն ստացողին, որը նշված է փոխադրման փաստաթղթերում՝ ուղարկողին տրված կոնոսամենտի բոլոր բնօրինակները ներկայացնելու կամ համապատասխան ապահովումը տրամադրելու պայմանով, եւ պահպանելով սույն օրենսգրքի 128-րդ եւ 129-րդ հոդվածներով նախատեսված կանոնները։

 

Հոդված 112. Փոխադրողի պարտականությունները բեռի նկատմամբ

1.Փոխադրողը պարտավոր է բեռը ծովային փոխադրման համար ընդունելու պահից մինչեւ այն հանձնելու պահը ձեռնարկել բեռի պահպանվածությունն ապահովելուն եւ այն ստացողին ժամանակին հասցնելուն ուղղված բոլոր հնարավոր միջոցները։

2.Եթե ծովային փոխադրման համար ընդունված բեռի համար, ելնելով դրա հատկություններից, պահանջվում է հատուկ վարվելակարգ, եւ այդ մասին նշումները պարունակվում են պայմանագրում ու բեռնատեղիներում, ապա փոխադրողը պետք է հոգատարությամբ վերաբերվի այդ բեռին՝ այդ նշումներին համապատասխան։

 

Հոդված 113. Վտանգավոր բեռը

1.Եթե դյուրավառ, պայթուցիկ կամ իր բնույթով վտանգավոր բեռը հանձնվել է ոչ իր անվանման տակ, եւ այն ընդունելիս փոխադրողը չէր կարող արտաքին զննության միջոցով հավաստիանալ դրա հատկությունների մասին, ապա այդպիսի բեռը ցանկացած ժամանակ կարող է բեռնահանվել կամ ոչնչացվել կամ վնասազերծվել փոխադրողի կողմից՝ առանց ուղարկողին վնասները հատուցելու։

2.Ուղարկողը պարտավոր է հատուցել սույն հոդվածի առաջին մասում նշված բեռի ծովային փոխադրման մասով պատճառված վնասները: Այդպիսի բեռի փոխադրման նավափոխադրավճարը չի վերադարձվում։ Եթե բեռն ուղարկելիս նավափոխադրավճարը վճարված չէ, ապա փոխադրողն իրավունք ունի այն գանձել ամբողջ չափով։

3.Եթե փոխադրողի գիտությամբ եւ համաձայնությամբ բեռնված դյուրավառ, պայթուցիկ կամ իր բնույթով վտանգավոր բեռը վտանգավոր է դառնում նավի, այլ բեռի կամ նավի վրա գտնվող մարդկանց համար, ապա փոխադրողն իրավունք ունի տնօրինել այդպիսի բեռը՝ սույն հոդվածի առաջին մասին համապատասխան: Այդ դեպքում փոխադրողն ուղարկողի առջեւ պատասխանատվություն չի կրում նշված բեռի ծովային փոխադրման մասով պատճառված վնասների համար, բացառությամբ ընդհանուր վթարի դեպքի: Փոխադրողն ունի նավափոխադրավճարի ստացման իրավունք այդ նավի բեռով փաստացի անցած տարածությանը համամասնական չափով:

 

Հոդված 114. Ոչ իր անվանումով բեռնված բեռը

1.Փոխադրողն իրավունք ունի ցանկացած նավահանգստում նավից բեռնահանել այն բեռը, որը բեռնված է ոչ իր անվանումով, եւ որն արգելված է արտահանման, ներմուծման համար կամ մաքսանենգ է։

2.Ուղարկողը փոխադրողին հատուցում է այդպիսի բեռների բեռնման եւ բեռնահանման մասով պատճառված վնասները։ Փոխադրողն այդ դեպքում պահպանում է նավափոխադրավճարն ամբողջությամբ ստանալու իրավունքը։

 

Հոդված 115. Փոխադրման ժամկետը եւ երթուղին. Դեվիացիա

1.Փոխադրողը պարտավոր է բեռները տեղ հասցնել պայմանագրում նշված երթուղուն եւ ժամկետներին համապատասխան, իսկ այդպիսի նշման բացակայության դեպքում՝ սովորական երթուղուն համապատասխան եւ սովորական ժամկետներում։

2.Մարդկանց, նավերը եւ բեռները ծովում փրկելու նպատակով նախատեսված երթուղուց նավի ցանկացած շեղում (դեվիացիա) չի համարվում պայմանագրի խախտում, ինչպես նաեւ այլ ողջամիտ շեղում երթուղուց, եթե դա պայմանավորված չէ փոխադրողի սխալ գործողություններով։

 

Հոդված 116. Նշանակման նավահանգիստ նավի մուտք գործելու խոչընդոտները

1.Եթե պետական մարմինների եւ (կամ) նավահանգստի իշխանությունների կողմից արգելքի, տարերային աղետների պատճառով, կամ փոխադրողից անկախ այլ պատճառներով նավը չի կարողանում մտնել նշանակման նավահանգիստ, ապա փոխադրողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել ուղարկողին կամ նավավարձորդին, ինչպես նաեւ բեռը տնօրինելու իրավասություն ունեցող անձին, եթե նա հայտնի է փոխադրողին։

2.Եթե բեռի ծովային փոխադրման համար տրամադրվել է ամբողջ նավը եւ ծանուցումն ուղարկելու պահից ողջամիտ ժամկետում ուղարկողի, նավավարձորդի կամ բեռը տնօրինելու իրավասություն ունեցող անձի կողմից բեռի վերաբերյալ համապատասխան կարգադրություն չի ստացվել, ապա փոխադրողն իրավունք ունի բեռը բեռնահանել մոտակա նավահանգիստներից մեկում կամ վերադարձնել այդ բեռը ուղարկման նավահանգիստ:

3.Եթե բեռի ծովային փոխադրման համար տրամադրվել է նավի մի մասը, ապա փոխադրողը պետք է այլ նավահանգստում բեռնահանի այն բեռը, որը չի կարող փոխադրել նշանակման նավահանգիստ՝ ուղարկողի, նավավարձորդի կամ բեռը տնօրինելու իրավասություն ունեցող անձի կարգադրությանը համապատասխան: Ծանուցումն ուղարկելու պահից երեք օրվա ընթացքում նման կարգադրություն չստանալու դեպքում փոխադրողն իրավունք ունի բեռնահանել բեռը մոտակա նավահանգիստներից մեկում՝ այդ մասին տեղեկացնելով ուղարկողին, նավավարձորդին կամ բեռը տնօրինելու իրավասություն ունեցող անձին։ Փոխադրողը կարող է նույն կերպ վարվել նաեւ այն դեպքում, երբ իր ստացած կարգադրությունը հնարավոր չէ կատարել առանց նավի վրա գտնվող այլ բեռների սեփականատերերին վնաս պատճառելու։

4.Փոխադրողն իրավունք ունի ստանալու ողջամիտ ժամկետում կարգադրությանը սպասելու հետ կապված վնասների, ինչպես նաեւ բեռի բեռնահանման ծախսերի եւ նավափոխադրավճարի հատուցում՝ նավի փաստացի անցած տարածությանը համամասնական չափով:

 

Հոդված 117. Բեռի բեռնահանումը

1.Նշանակման նավահանգստում բեռը բեռնահանելիս կիրառվում են համապատասխանաբար սույն օրենսգրքի 94-101-րդ եւ 103-րդ հոդվածները:

2.Փոխադրողը կրում է բեռը նավակողի երկայնքով բեռնաթափելու ծախսերը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

 

Հոդված 118. Բեռն ստանալու իրավունք ունեցող անձը

1.Բեռը, որի համար տրվել է կոնոսամենտ, նշանակման նավահանգստում կոնոսամենտի բնօրինակի հետեւյալ օրինակներից մեկը ներկայացվելու դեպքում հանձնվում է՝

1)     անվանական կոնոսամենտով՝ կոնոսամենտում նշված ստացողին կամ այն անձին, որին կոնոսամենտը փոխանցվել է պահանջների զիջման համար սահմանված կանոնների պահպանմամբ.

2)     օրդերային կոնոսամենտով՝ այն անձին, որի հրամանով կազմվել է կոնոսամենտը, իսկ կոնոսամենտում փոխանցագրի առկայության դեպքում՝ փոխանցագրերի անընդմեջ շարքից վերջին փոխանցագրի մեջ նշված անձին կամ վերջին ձեւաթղթային փոխանցագրով կոնոսամենտը ներկայացնողին.

3)     ըստ ներկայացնողի կոնոսամենտով՝ կոնոսամենտը ներկայացնողին։

2.Եթե կոնոսամենտի փոխարեն տրվել է ծովային փոխադրման բեռի ստացումը հաստատող այլ փաստաթուղթ, ապա փոխադրողը բեռը կարող է հանձնել միայն այդ փաստաթղթում նշված ստացողին կամ ուղարկողի կողմից նշված ստացողին:

 

Հոդված 119. Բեռն ի պահ հանձնելը. Չպահանջված բեռի վաճառքը

1.Եթե նշանակման նավահանգստում ստացողը չի պահանջել բեռը կամ հրաժարվել է դրանից կամ ուշացնում է բեռի ընդունումը այնքան, որ բեռը հնարավոր չէ բեռնահանել սահմանված ժամին, ապա փոխադրողն իրավունք ունի բեռը հանձնել ի պահ՝ բեռը տնօրինելու իրավասություն ունեցող անձի հաշվին եւ նրա պատասխանատվությամբ, այդ մասին տեղեկացնելով ուղարկողին կամ նավավարձորդին, ինչպես նաեւ ստացողին, եթե նա իրեն հայտնի է։

2.Եթե բեռի փոխադրման համար տրամադրվել է ամբողջ նավը, ապա բեռի բեռնահանումը եւ ի պահ հանձնումն իրականացվում է միայն բեռնման պայմանաժամկետը կամ բեռնման երկարաձգված պայմանաժամկետը լրանալուց հետո եւ պայմանով, որ այդ ընթացքում ուղարկողից, նավավարձորդից կամ բեռը տնօրինելու իրավասություն ունեցող անձից այլ կարգադրություն չի ստացվելու: Փոխադրողի կողմից բեռն ի պահ հանձնելու համար ծախսված ժամանակը դիտարկվում է որպես նավի պարապուրդ։

3.Եթե նավի նշանակման նավահանգիստ ժամանելու օրվանից երկու ամսվա ընթացքում ի պահ հանձնված բեռը չի պահանջվում, եւ ուղարկողը, նավավարձորդը կամ բեռը տնօրինելու իրավասություն ունեցող այլ անձը փոխադրողին չի վճարում տվյալ փոխադրման համար հասանելիք բոլոր գումարները, ապա փոխադրողն իրավունք ունի բեռն օրենսդրությամբ նախատեսված կարգով վաճառել: Շուտ փչացող չպահանջված բեռը, ինչպես նաեւ այն բեռը, որի պահպանման ծախսերը գերազանցում են դրա արժեքը, կարող է վաճառվել նաեւ մինչեւ նշված ժամկետի ավարտը, սակայն ոչ շուտ, քան բեռի առաքման ժամկետը:

4.Չպահանջված բեռի վաճառքից ստացված գումարները, հանած տվյալ բեռի փոխադրման հետ կապված փոխադրողին հասանելիք գումարները, ինչպես նաեւ բեռի պահպանման եւ վաճառքի ծախսերը ենթակա են հաշվեգրման փոխադրողի հաշվին՝ բեռը տնօրինելու իրավասություն ունեցող անձին հանձնելու համար:

5.Եթե չպահանջված բեռի իրացումից ստացված գումարները բավարար չեն փոխադրողի համար նախատեսված վճարները, ինչպես նաեւ բեռի պահպանման եւ վաճառքի ծախսերը ծածկելու համար, փոխադրողն իրավունք ունի չստացված գումարը գանձել ուղարկողից կամ նավավարձորդից:

6.Եթե չպահանջված բեռի վաճառքի օրվանից հետո վեց ամսվա ընթացքում ոչ մեկը դրա վաճառքից ստացված գումարի նկատմամբ իր իրավունքների մասին չի հայտնել, ապա տվյալ բեռի վաճառքից ստացված գումարների հետագա տնօրինումը՝ բացի փոխադրողին հասանելիք գումարներից, իրականացվում է օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 120. Բեռի զննումը եւ ստուգումը այն հանձնելուց առաջ

Բեռը հանձնելուց առաջ ստացողը եւ փոխադրողն իրավունք ունեն պահանջելու իրենց հաշվին անցկացնել բեռի զննում եւ դրա քանակի ստուգում: Եթե ստացողի պահանջով կատարված զննման եւ ստուգման արդյունքում պարզվում է, որ բեռը, որի համար պատասխանատվություն է կրում փոխադրողը, կորել, պակասել կամ վնասվել (փչացել) է, ապա բեռի զննման եւ ստուգման ծախսերը կրում է փոխադրողը։

 

Հոդված 121. Բեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) մասին հայտարարությունը

1.Եթե բեռը հանձնելուց առաջ կամ հանձնելու ժամանակ ստացողը փոխադրողին չի ներկայացրել գրավոր հայտարարություն բեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) մասին եւ չի նշել բեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) ընդհանուր բնույթը, ապա համարվում է, որ բեռը ստացվել է կոնոսամենտի պայմաններին համապատասխան, քանի որ այլ բան ապացուցված չէ:

2.Եթե բեռը զննվել եւ (կամ) ստուգվել է ստացողի կողմից փոխադրողի հետ համատեղ, ապա ստացողը կարող է չանել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հայտարարությունը:

3.Այն դեպքում, երբ բեռի կորուստը, պակասորդը կամ վնասումը (փչացումը) հնարավոր չի եղել հայտնաբերել սովորական եղանակով բեռն ընդունելու ժամանակ, ապա ստացողը փոխադրողին ներկայացվող հայտարարությունը կարող է անել բեռն ընդունելու պահից երեք օրվա ընթացքում:

 

Հոդված 122. Բեռի փոխադրման ժամանակ վճարները

1.Փոխադրողին հասանելիք բոլոր վճարները կատարվում են ուղարկողի կամ նավավարձորդի կողմից: Պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կոնոսամենտում համապատասխան վերապահման առկայության դեպքում փոխադրողին հասանելիք վճարները կարող է կատարել ստացողը:

2.Փոխադրողն իրավունք ունի պահելու ծովային փոխադրման համար իրեն փոխանցված բեռները՝ իրեն հասանելիք նավափոխադրավճարը եւ փոխադրման այլ վճարներն ապահովելու համար, եթե այլ բան սահմանված չէ օրենսդրությամբ կամ չի բխում պարտավորության էությունից:

 

Հոդված 123. Նավափոխադրավճարի չափը

1.Նավափոխադրավճարի չափը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ։ Կողմերի համաձայնության բացակայության դեպքում նավափոխադրավճարի չափը որոշվում է բեռի բեռնման վայրում եւ բեռնման ժամանակ կիրառվող դրույքաչափերի հիման վրա:

2.Եթե նավի վրա բեռնվում է ավելի մեծ քանակությամբ բեռ, քան նախատեսված է պայմանագրով, ապա նավափոխադրավճարի չափը համապատասխանաբար ավելանում է:

3.Եթե պայմանագրով նախատեսված բեռի փոխարեն նավի վրա բեռնվում է այլ բեռ, որի փոխադրման համար նախատեսված նավափոխադրավճարն ավելի մեծ է, քան պայմանագրով սահմանված նավափոխադրավճարը, ապա վճարվում է իրական բեռնված բեռի նավափոխադրավճարը։

4.Եթե նավի վրա իրական բեռնված բեռի նավափոխադրավճարն ավելի փոքր է, քան պայմանագրով նախատեսված նավափոխադրավճարը, ապա վճարվում է պայմանագրով նախատեսված նավափոխադրավճարը։

 

Հոդված 124. Փոխադրման ժամանակ կորած բեռի նավափոխադրավճարը

1.Փոխադրողի մեղքով փոխադրման ժամանակ կորած բեռի նավափոխադրավճարը չի գանձվում, իսկ եթե նավափոխադրավճարը կատարվել է նախապես, ապա վերադարձվում է։ Եթե հետագայում պարզվում է, որ կորած բեռը փրկվել է, ապա փոխադրողն իրավունք ունի ստանալու նավափոխադրավճարը նավի փաստացի անցած տարածությանը համամասնական չափով:

2.Բնական հատկությունների կամ ուղարկողից կամ նավավարձորդից կախված հանգամանքների հետեւանքով կործանված կամ վնասված բեռի համար նավափոխադրավճարը վճարվում է ամբողջությամբ:

 

Հոդված 125. Նավի փաստացի անցած տարածության համար
նավափոխադրավճարը հաշվարկը

1.Նավի փաստացի անցած տարածության համար նավափոխադրավճարը հաշվարկելիս հաշվի է առնվում բեռով նավի անցած ճանապարհի մի մասի հարաբերակցությունը նավի ուղերթի սահմանված երկարության նկատմամբ, ինչպես նաեւ նավի անցած տարածության հետ կապված ծախսերի, ժամանակի, աշխատանքի ծախսի եւ վտանգների հարաբերակցությունն ուղերթի ընթացքում սովորաբար առաջացող ծախսերի, ժամանակի, աշխատանքի ծախսի եւ վտանգների նկատմամբ։

 

Հոդված 126. Փոխադրողի կողմից պայմանագիրը կատարելուց հրաժարվելը

1.Եթե նավի վրա բեռնված բեռի արժեքը չի ծածկում բեռի հետ կապված նավափոխադրավճարը եւ փոխադրողի այլ ծախսերը, իսկ ուղարկողը կամ նավավարձորդը մինչեւ նավի մեկնումն ամբողջությամբ չեն վճարել նավափոխադրավճարը կամ չեն տրամադրել այդ վճարների վճարման ապահովում, ապա փոխադրողն իրավունք ունի մինչեւ նավի մեկնումը լուծել պայմանագիրը եւ պահանջել իրեն վճարել պայմանավորված նավափոխադրավճարի կեսը, նավի պարապուրդի վճարը, եթե դա տեղի է ունեցել, ինչպես նաեւ բեռի հետ կապված այլ ծախսերի հատուցում։ Բեռի բեռնահանումն իրականացվում է փոխադրողի կամ նավավարձորդի հաշվին։

 

Հոդված 127. Նավավարձորդի կամ փոխադրողի կողմից պայմանագիրը
կատարելուց հրաժարվելը

1.Եթե բեռի ծովային փոխադրման համար հատկացվել է ամբողջ նավը, ապա փոխադրողը կամ նավավարձորդն իրավունք ունեն հրաժարվել կատարել պայմանագիրը՝ վճարելով

1)     լրիվ նավափոխադրավճարի կեսը, ինչպես նաեւ նավի պարապուրդի վճարը, եթե դա տեղի է ունեցել, եւ բեռի հետ կապված փոխադրողի կողմից ծախսված այն գումարները, որոնք ներառված չեն նավափոխադրավճարի գումարի մեջ, եթե մերժումը տեղի է ունեցել մինչեւ սահմանված բեռնման պայմանաժամկետը կամ բեռնման երկարաձգված պայմանաժամկետը լրանալը կամ մինչեւ նավը ուղերթի դուրս գալը՝ կախված նրանից, թե այդ երկու ժամկետներից որն է ավելի վաղ լրանում.

2)     լրիվ նավափոխադրավճարի, ինչպես նաեւ նավի պարապուրդի համար վճարը, եթե դա տեղի է ունեցել, եւ բեռի հետ կապված փոխադրողի կողմից ծախսված այն գումարները, որոնք ներառված չեն նավափոխադրավճարի գումարի մեջ, եթե հրաժարումը հետեւել է բեռնման համար սահմանված բեռնման պայմանաժամկետը կամ բեռնման երկարաձգված պայմանաժամկետը լրանալուց կամ նավը ուղերթի դուրս գալուց հետո՝ կախված նրանից, թե այդ երկու ժամկետներից որն է ավելի վաղ լրանում, եւ այն դեպքում, երբ պայմանագիրը կնքվել է մեկ ուղերթի համար.

3)     առաջին ուղերթի համար լրիվ նավափոխադրավճարը, ինչպես նաեւ նավի պարապուրդի համար վճարը, եթե դա տեղի է ունեցել, եւ բեռի հետ կապված փոխադրողի կողմից ծախսված այն գումարները, որոնք ներառված չեն նավափոխադրավճարի գումարի մեջ, մյուս ուղերթների համար նավափոխադրավճարի կեսը, եթե հրաժարումը հետեւել է բեռնման համար սահմանված բեռնման պայմանաժամկետը կամ բեռնման երկարաձգված պայմանաժամկետը լրանալուց կամ նավը ուղերթի մեկնելուց հետո՝ կախված նրանից, թե այդ երկու ժամկետներից որն է ավելի վաղ լրանում, եւ եթե պայմանագիրը կնքվել է մի քանի ուղերթների համար:

2.Եթե ուղարկողը կամ նավավարձորդը հրաժարվում են կատարել պայմանագիրը մինչեւ նավի ուղերթի դուրս գալը, ապա փոխադրողը պարտավոր է բեռը հանձնել նրանց, անկախ նրանից, որ բեռնահանումը կարող է հետաձգել նավի մեկնումը սահմանված ժամկետից ավելի.

3.Եթե ուղարկողը կամ նավավարձորդը հրաժարվում են կատարել պայմանագիրը ուղերթի ընթացքում, նրանք իրավունք ունեն պահանջել բեռի հանձնումն այն նավահանգստում, որտեղ նավը պետք է մտնի պայմանագրի համաձայն, կամ մտել է անհրաժեշտությունից ելնելով։

4.Եթե բեռի ծովային փոխադրման համար ամբողջ նավը չի տրամադրվել, ապա ուղարկողը կամ նավավարձորդն իրավունք ունեն հրաժարվել պայմանագիրը կատարելուց միայն լրիվ նավափոխադրավճարը, նավի պարապուրդի վճարը վճարելու պայմանով, եթե այն տեղի է ունեցել, եւ բեռի հետ կապված փոխադրողի կողմից ծախսված այն գումարները, որոնք ներառված չեն նավափոխադրավճարի գումարի մեջ։ Փոխադրողը պարտավոր է ուղարկողի կամ նավավարձորդի պահանջով հանձնել բեռը մինչեւ նշանակման նավահանգիստ այն առաքելը, եթե դրա արդյունքում փոխադրողին եւ այլ ուղարկողներին կամ նավավարձորդներին վնասներ չեն պատճառվի։

 

Հոդված 128. Պայմանագիրը կատարելուց կողմերի հրաժարվելը

1.Մինչեւ նավը բեռնման վայրից մեկնելը կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի առանց մյուս կողմին վնասները հատուցելու հրաժարվել պայմանագիրը կատարելուց հետեւյալ դեպքերում՝

1)     ռազմական կամ այլ գործողությունների, որոնք առաջացնում են նավը կամ բեռը զավթելու սպառնալիք.

2)     նավի մեկնման վայրի կամ նշանակման վայրի շրջափակման.

3)     նավի արգելապահման պետական մարմինների եւ (կամ) նավահանգստի իշխանությունների հրամանով՝ պայմանագրի կողմերից անկախ պատճառներով.

4)     նավի ներգրավման պետական կարիքների համար.

5)     պետական մարմինների եւ (կամ) նավահանգստի իշխանությունների կողմից ծովային փոխադրման համար նախատեսված բեռը մեկնման վայրից արտահանելու կամ նշանակման վայր ներմուծելու արգելքի:

2.Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ եւ 5-րդ կետերում նշված դեպքերը չեն կարող հիմք լինել առանց մյուս կողմին վնասները հատուցելու պայմանագիրը կատարելուց հրաժարվելու համար, եթե ուշացումը լինելու է կարճատեւ:

3.Մինչեւ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով նավի մեկնումը պայմանագիրը կատարելուց հրաժարվելու դեպքում փոխադրողը չի կրում բեռնաթափման ծախսերը:

4.Սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներից որեւէ մեկի առաջացման հետեւանքով կողմերից յուրաքանչյուրը կարող է հրաժարվել պայմանագիրը կատարելուց նաեւ ուղերթի ընթացքում: Այդ դեպքում ուղարկողը կամ նավավարձորդը փոխադրողին հատուցում են բեռի բեռնահանման ծախսերը, բեռի հետ կապված այլ ծախսերը, ինչպես նաեւ վճարում են նավափոխադրավճար՝ նավի փաստացի անցած ուղու համամասնական չափով:

 

Հոդված 129. Պայմանագրի դադարումը կատարման անհնարինությամբ

1.Պայմանագրի կատարումը դադարում է կողմերի կամքից անկախ, եթե պայմանագիրը կնքելուց հետո եւ մինչեւ նավը բեռնման վայրից ուղերթի դուրս գալը առաջանում են այնպիսի հանգամանքներ, որոնց համար կողմերից որեւէ մեկը պատասխանատու չէ՝ մասնավորապես․

1)     նավը կործանվում է կամ բռնությամբ զավթվում է.

2)     նավը ճանաչվում է նավավարման համար ոչ պիտանի․

3)     փոխադրման համար նախատեսված բեռը կործանվում է։

2.Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանգամանքների առաջացման հետեւանքով պայմանագիրը դադարելու դեպքում կողմերից ոչ մեկը պարտավոր չէ մյուս կողմին հատուցել դրա մասով պատճառված վնասները:

3.Սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքների վրա հասնելու հետեւանքով պայմանագիրը կարող է դադարեցվել նաեւ նավի ուղերթի ժամանակ: Ընդ որում, ուղարկողը կամ նավավարձորդը փոխադրողին վճարում են նավափոխադրավճար նավի փաստացի անցած ուղուն համամասնական չափով՝ փրկված եւ ստացողին հանձնված բեռի քանակի հիման վրա։

 

ԳԼՈՒԽ 11

ՓՈԽԱԴՐՈՂԻ, ՈՒՂԱՐԿՈՂԻ ԵՎ ՆԱՎԱՎԱՐՁՈՐԴԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 130. Փոխադրողի պատասխանատվությունը

1.Բեռը փոխադրման ընդունելու պահից մինչեւ այն հանձնելու պահը փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման), ինչպես նաեւ այն տեղ հասցնելու ուշացման համար:

 

Հոդված 131. Փոխադրողին պատասխանատվությունից ազատելու հիմքերը

1.Փոխադրողը պատասխանատվություն չի կրում փոխադրման համար ընդունված բեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման), ինչպես նաեւ այն տեղ հասցնելու ուշացման համար, եթե ապացուցում է, որ բեռի կորուստը, պակասորդը կամ վնասումը (փչացումը) կամ այն նշանակման վայր հասցնելու ուշացումը տեղի է ունեցել՝

1)     անհաղթահարելի ուժի հետեւանքով.

2)     ծովում եւ նավարկելի այլ ջրերում վտանգների կամ պատահականությունների հետեւանքով.

3)     մարդկանց փրկելու կամ ծովում գտնվող գույքը փրկելու ողջամիտ միջոցների հետեւանքով.

4)     հրդեհի հետեւանքով, որն առաջացել է ոչ փոխադրողի մեղքով.

5)     պետական մարմինների եւ (կամ) նավահանգստի իշխանությունների գործողությունների կամ կարգադրությունների հետեւանքով.

6)     ռազմական գործողությունների կամ հասարակական անկարգությունների հետեւանքով.

7)     ուղարկողի, նավավարձորդի կամ ստացողի գործողությունների կամ անգործության հետեւանքով.

8)     բեռի թաքնված թերությունների, դրա հատկությունների կամ բնական կորստի հետեւանքով.

9)     բեռի տարայի կամ փաթեթվածքի թաքնված թերությունների հետեւանքով.

10)   ոչ բավարար կամ ոչ հստակ ապրանքանիշերի հետեւանքով.

11)    գործադուլների կամ աշխատանքների լրիվ կամ մասնակի կասեցում կամ սահմանափակում առաջացնող այլ հանգամանքների հետեւանքով.

12)    այլ հանգամանքներ հետեւանքով, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, եւ որոնց վերացումը նրանից կախված չի եղել:

2.Փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ բեռի կորուստը, պակասորդը կամ վնասումը (փչացումը) կամ այն ուշացումով տեղ հասցնելը տեղի է ունեցել նավի թաքնված թերությունների հետեւանքով:

 

Հոդված 132. Նավագնացային սխալը

1.Փոխադրողը պատասխանատվություն չի կրում բեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) կամ այն ուշացումով տեղ հասցնելու համար, եթե ապացուցում է, որ դրանք տեղի են ունեցել նավապետի, նավի անձնակազմի այլ անդամների եւ (կամ) նավատարի գործողությունների եւ (կամ) անգործության հետեւանքով նավավարության կամ նավի կառավարման ժամանակ (նավագնացային սխալ):

 

Հոդված 133. Կապարակնքված զետեղարաններում, սարքին փաթեթվածքով կամ ուղեկցմամբ տեղ հասցված բեռի պակասորդի համար փոխադրողին պատասխանատվությունից ազատելը

1.Փոխադրողը պատասխանատվություն չի կրում նշանակման նավահանգիստ ժամանած բեռի պակասորդի համար, եթե այն ժամանել է՝

1)     ուղարկողի կամ նավավարձորդի սարքին կապարակնիքներով նավի սարքին սրահներում, լիխտերներում, բեռնարկղերում.

2)     ամբողջական եւ սարքին տարաներում՝ առանց ճանապարհին այն բացելու նշանների.

3)     ուղարկողի, նավավարձորդի կամ ստացողի ներկայացուցչի ուղեկցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջը ներկայացնող անձը չի ապացուցում, որ բեռի պակասորդը տեղի է ունեցել փոխադրողի մեղքով:

 

Հոդված 134. Փոխադրողի պատասխանատվությունը բեռնարկղի կորստի կամ վնասվածքի համար

1.Ուղարկողի կամ նավավարձորդի բեռնարկղի կամ այլ հարմարանքի կորստի կամ վնասվածքի համար փոխադրողը կրում է պատասխանատվություն հետեւյալ չափերով՝

1)բեռնարկղի կամ այլ հարմարանքի կորստի համար՝ դրանց իրական արժեքի չափով՝ հաշվի առնելով բեռնարկղի կամ հարմարանքի փաստացի մաշվածությունը դրանց կորստի պահին.

2)բեռնարկղի կամ այլ հարմարանքի վնասվածքի համար՝ նշանակման նավահանգստում դրանց վերանորոգման իրական արժեքի չափով, եթե բեռնարկղը կամ այլ հարմարանքը ստացողին հանձնելու պահին փոխադրողի կողմից վերանորոգումը չի կատարվում ինքնուրույն կամ իր հաշվին:

 

Հոդված 135. Բեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) համար հատուցման ենթակա վնասի չափը

1.Փոխադրողը հատուցում է ծովային փոխադրման ժամանակ պատճառված վնասը հետեւյալ դեպքերում՝

1)     բեռի կորուստ կամ պակասորդ՝ կորած կամ պակասած բեռի արժեքի չափով.

2)     բեռի վնասվածք (փչացում)՝ այն գումարի չափով, որով նվազել է դրա արժեքը, իսկ վնասված բեռի վերանորոգման անհնարինության դեպքում՝ դրա արժեքի չափով․

3)     արժեքի հայտարարմամբ ծովային փոխադրման հանձնված բեռի կորուստ՝ բեռի հայտարարված արժեքի չափով:

2.Բեռի արժեքը որոշվում է վաճառողի հաշվում նշված կամ պայմանագրով նախատեսված գնից, իսկ հաշվի բացակայության կամ պայմանագրում գինը նշված չլինելու դեպքում՝ այն գնից, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար:

3.Բեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) հետեւանքով առաջացած վնասի հատուցման հետ մեկտեղ փոխադրողը վերադարձնում է նավափոխադրավճարը, որը գանձվել էր կորած, պակասած, փչացած կամ վնասված բեռի փոխադրման համար, եթե նավափոխադրավճարը չի մտնում բեռի արժեքի մեջ:

 

Հոդված 136. Բեռը ուշացումով տեղ հասցնելու համար փոխադրողի պատասխանատվությունը սահմանափակելը

1.Բեռը ուշացումով տեղ հասցնելու համար փոխադրողի պատասխանատվությունը սահմանափակվում է նավափոխադրավճարի գումարով, եթե ապացուցված չէ, որ բեռը ուշացումով տեղ հասցնելը փոխադրողի դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ կատարված գործողությունների կամ բացթողումների հետեւանք է:

 

Հոդված 137. Փաստացի փոխադրողի պատասխանատվությունը

1.Փոխադրողը պատասխանատվություն է կրում իր ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների շրջանակներում գործող փաստացի փոխադրողի, նրա աշխատողների եւ ծովային գործակալների գործողությունների եւ (կամ) անգործության համար:

2.Բեռների ծովային փոխադրման ժամանակ փոխադրողի պատասխանատվությունը կարգավորող սույն օրենսգրքի կանոնները կիրառվում են նաեւ փաստացի փոխադրողի պատասխանատվության նկատմամբ:

3.Այն դեպքում, երբ պատասխանատվությունը կրում են փոխադրողը եւ փաստացի փոխադրողը, նրանց պատասխանատվությունը համապարտ է:

4.Այն գումարները, որոնք կարող են բռնագանձվել փոխադրողից եւ փաստացի փոխադրողից, ընդհանուր առմամբ չպետք է գերազանցեն սույն օրենսգրքով նախատեսված պատասխանատվության սահմանները:

 

Հոդված 138. Պատասխանատվության սահմանափակման կամ պատասխանատվությունից ազատելու մասին համաձայնության անվավերությունը

1.Օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը սահմանափակելու կամ վերացնելու մասին փոխադրողի եւ բեռնատիրոջ համաձայնությունն անվավեր է, բացառությամբ այն դեպքերի, երբ բեռների ծովային փոխադրումների ժամանակ նման համաձայնությունների հնարավորությունը նախատեսված է օրենսդրությամբ:

 

Հոդված 139. Պատասխանատվությունը սահմանափակելու կամ պատասխանատվությունից ազատելու մասին համաձայնություններ
կնքելու դեպքերը

1.Փոխադրողը եւ բեռնատերն իրավունք ունեն կնքել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը սահմանափակելու կամ վերացնելու մասին համաձայնություն հետեւյալ դեպքերում՝

1)     կոնոսամենտի հիման վրա բեռի ծովային փոխադրում բեռն ընդունելու պահից մինչեւ նավի վրա այն բեռնելը եւ բեռը բեռնահանելուց հետո մինչեւ այն հանձնելը.

2)     կոնոսամենտի հիման վրա կենդանի կենդանիների եւ բեռների ծովային փոխադրում, որոնք պայմանագրին համապատասխան փոխադրվում են տախտակամածի վրա.

3)     հատուկ պայմաններով որոշակի բեռների ծովային փոխադրում, երբ բեռի բնույթը կամ վիճակը կամ այն հանգամանքները, ժամկետները եւ պայմանները, որոնց դեպքում պետք է իրականացվի ծովային փոխադրումը, արդարացնում են հատուկ համաձայնության կնքումը, եթե այդ դեպքում տրվում է ոչ թե կոնոսամենտ, այլ ծովային փոխադրման համար բեռի ստացումը հաստատող այլ փաստաթուղթ:

 

Հոդված 140. Ուղարկողի եւ նավավարձորդի պատասխանատվությունը

1.Ուղարկողը եւ նավավարձորդը պատասխանատվություն են կրում փոխադրողին պատճառված վնասների համար, եթե չեն ապացուցում, որ վնասները պատճառվել են ոչ իրենց կամ այն անձանց մեղքով, որոնց գործողությունների կամ անգործության համար նրանք պատասխանատու են:

 

Հոդված 141. Ուղարկողի, նավավարձորդի կամ ստացողի մեղքով նավի պարապուրդի համար պատասխանատվությունը

1.Բեռը չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու, ուղարկողի, նավավարձորդի կամ ստացողի միջոցներով իրականացվող բեռնման եւ բեռնաթափման աշխատանքների ուշացման կամ ուղարկողի, նավավարձորդի կամ ստացողի մեղքով այլ ուշացումների պատճառով նավի պարապուրդի համար ուղարկողը, նավավարձորդը կամ ստացողը կրում են օրենսդրությամբ եւ կողմերի միջեւ համաձայնությամբ սահմանված պատասխանատվություն:

 

ԲԱԺԻՆ V

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԾՈՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 12

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԾՈՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

Հոդված 142. Ուղեւորների ծովային փոխադրման պայմանագիրը

1.Ուղեւորի ծովային փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է ուղեւորին փոխադրել նշանակված վայրը, իսկ ուղեւորի կողմից ուղեբեռը հանձնելու դեպքում՝ նշանակված վայր հասցնել նաեւ ուղեբեռը եւ հանձնել դա ստանալու համար լիազորված անձին:

2.Ուղեւորը պարտավորվում է վճարել սահմանված ուղեվարձը (փոխադրավարձը), իսկ ուղեբեռը հանձնելու դեպքում՝ նաեւ ուղեբեռը փոխադրելու համար:

 

Հոդված 143. Ծովային փոխադրման ժամանակահատվածը

1.Ուղեւորների ծովային փոխադրումը ներառում է հետեւյալ ժամանակահատվածները՝

1)     ուղեւորի եւ նրա նավախցային ուղեբեռի նկատմամբ՝ այն ժամանակահատվածը, որի ընթացքում ուղեւորը եւ (կամ) նրա նավախցային ուղեբեռը գտնվում են նավի վրա, նստեցման եւ իջեցման ժամանակահատվածը եւ այն ժամանակահատվածը, որի ընթացքում ուղեւորը եւ նրա նավախցային ուղեբեռը ջրային ճանապարհով ափից հասցվում են նավ կամ հակառակը, եթե այդպիսի փոխադրման արժեքը ներառված է տոմսի արժեքի մեջ կամ եթե այդ նպատակով օգտագործվող նավը փոխադրողի կողմից հանձնվել է ուղեւորի տնօրինությանը: Ուղեւորի մասով փոխադրումը չի ներառում այն ժամանակահատվածը, որի ընթացքում նա գտնվում է ծովային կայարանում, նավամատույցում կամ որեւէ այլ նավահանգստային կառույցում կամ դրա վրա.

2)     նավախցային ուղեբեռի նկատմամբ՝ նաեւ այն ժամանակահատվածը, որի ընթացքում ուղեւորը գտնվում է ծովային կայարանում, նավամատույցում կամ ցանկացած այլ նավահանգստային կառույցում կամ դրա վրա, եթե այդ ուղեբեռն ընդունվել է փոխադրողի, նրա աշխատողի կամ ծովային գործակալի կողմից կամ դեռ չի հանձնվել ուղեւորին.

3)     այլ ուղեբեռի նկատմամբ, որը նավախցային ուղեբեռ չէ՝ փոխադրողի, նրա աշխատողի կամ ծովային գործակալի կողմից ափին կամ նավի վրա ուղեբեռն ընդունելու պահից մինչեւ փոխադրողի, նրա աշխատողի կամ ծովային գործակալի կողմից այդ ուղեբեռը հանձնելու պահն ընկած ժամանակահատվածը:

 

Հոդված 144. Փոխադրման փաստաթղթերը

1.Ուղեւորի ծովային փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է տոմսով, իսկ ուղեւորի կողմից ուղեբեռի հանձնումը՝ ուղեբեռի անդորրագրով:

2.Տոմսի եւ ուղեբեռի անդորրագրի ձեւերը սահմանվում են ծովային տրանսպորտի ոլորտում պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից:

 

Հոդված 145. Ուղեւորների ծովային փոխադրման ընդհանուր պայմանները

1.Փոխադրողը պարտավոր է՝

1)     մինչեւ ուղեւորների ծովային փոխադրումն սկսելը նավը բերել նավավարման եւ ուղեւորների անվտանգ փոխադրման համար պիտանի վիճակի, պատշաճ կերպով համալրել այն անձնակազմով, կահավորել եւ մատակարարել անհրաժեշտ ամեն ինչով եւ այդ վիճակում պահել այն ուղեւորների ծովային փոխադրման ընթացքում.

2)     Հայաստանի Հանրապետությունը նշանակման կամ տարանցիկ պետություն լինելու դեպքում, մինչեւ ուղեւորների ծովային փոխադրումն սկսելը համոզվել, որ ուղեւորներն ունեն Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.

3)     կազմակերպել ուղեւորների սպասարկումը եւ ապահովել նրանց նավերի շարժի եւ մատուցվող ծառայությունների վերաբերյալ ճշգրիտ ու ժամանակին տրամադրվող տեղեկատվությամբ:

2.Ուղեւորների ծովային փոխադրում իրականացնելիս փոխադրողն իրավունք ունի ստուգել ուղեւորների՝ նշանակման պետություն մուտք գործելու, տարանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

3.Ուղեւորն իրավունք ունի՝

1)     սահմանված նորմերի շրջանակներում անվճար փոխադրել ուղեբեռը եւ նավախցային ուղեբեռը.

2)     անվճար կամ արտոնյալ պայմաններով փոխադրել երեխաներ։

4.Ուղեբեռի եւ նավախցային ուղեբեռի անվճար փոխադրման նորմերը սահմանվում են ծովային տրանսպորտի ոլորտում պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից:

5.Երեխաների անվճար եւ արտոնյալ պայմաններով փոխադրման կանոնները սահմանվում են ծովային տրանսպորտի ոլորտում պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից:

6.Ուղեւորը պարտավոր է փոխադրողի պահանջով նրան ներկայացնել նշանակման, տարանցիկ պետություն մուտք գործելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

 

Հոդված 146. Ուղեւորի կողմից ուղեւորի ծովային փոխադրման պայմանագիրը կատարելուց հրաժարվելը

1.Ուղեւորն իրավունք ունի ցանկացած ժամանակ, նախքան նավը ուղերթի դուրս գալը, իսկ ուղերթի մեկնարկից հետո՝ ցանկացած նավահանգստում, որտեղ նավը մտնում է ուղեւորներ նստեցնելու կամ իջեցնելու համար, հրաժարվել ուղեւորի ծովային փոխադրման պայմանագիրը կատարելուց:

2.Ուղեւորը, որը փոխադրողին տեղեկացրել է ուղեւորի ծովային փոխադրման պայմանագիրը կատարելուց հրաժարվելու մասին, իրավունք ունի ծովային տրանսպորտի ոլորտում պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից սահմանված կարգով, չափով եւ ժամկետներում հետ ստանալ ուղեվարձը եւ ուղեբեռի փոխադրավարձը:

3.Եթե ուղեւորը ոչ ուշ, քան ծովային տրանսպորտի ոլորտում պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից սահմանված ժամկետում հրաժարվել է կատարել ուղեւորի ծովային փոխադրման պայմանագիրը, կամ հիվանդության պատճառով չի ներկայացել նավի մեկնմանը, կամ մինչեւ նավի մեկնումը հրաժարվել է կատարել ուղեւորի ծովային փոխադրման պայմանագիրը նույն պատճառով կամ փոխադրողից կախված պատճառներով, ուղեւորի կողմից վճարված ուղեվարձը եւ ուղեբեռի փոխադրավարձն ամբողջությամբ վերադարձվում է ուղեւորին:

 

Հոդված 147. Փոխադրողի կողմից ուղեւորի ծովային փոխադրման պայմանագիրը կատարելուց հրաժարվելը

1.Փոխադրողն իրավունք ունի հրաժարվել կատարել ուղեւորի փոխադրման պայմանագիրը հետեւյալ դեպքերում՝

1)     ռազմական եւ այլ գործողություններ, որոնք առաջացնում են նավը զավթելու սպառնալիք.

2)     նավի մեկնման վայրի կամ նշանակման վայրի շրջափակում.

3)     պետական մարմինների եւ (կամ) նավահանգստի իշխանությունների կարգադրությամբ նավի արգելապահումը՝ պայմանագրի կողմերից անկախ պատճառներով.

4)     նավի ներգրավումը պետական կարիքների համար.

5)     ուղեւորի կողմից նշանակման, տարանցիկ պետություն մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթերը փոխադրողին ներկայացնելուց հրաժարվելը.

6)     ուղեւորի կողմից ուղարկող, նշանակման կամ տարանցիկ պետություն հանդիսացող օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից սահմանված կանոնները խախտելը՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան.

7)     փոխադրողի կողմից այնպիսի տեղեկություններին տիրապետելը, որ ուղեւորի մուտքը Հայաստանի Հանրապետություն մերժվելու է, եթե Հայաստանի Հանրապետությունը նշանակման կամ տարանցիկ պետություն է:

 

Հոդված 148. Ուղեւորի ծովային փոխադրման պայմանագիրը դադարեցնելը դրա կատարելու անհնարինության դեպքում

1.Ուղեւորի ծովային փոխադրման պայմանագրի կատարումը դադարեցվում է կողմերի կամքից անկախ, եթե նավը կործանվում է կամ բռնությամբ զավթվում է, ճանաչվում է նավարկման համար ոչ պիտանի, կամ առաջանում են այլ հանգամանքներ, որոնց համար կողմերից ոչ մեկը պատասխանատվություն չի կրում:

 

Հոդված 149. Ուղեւորին ուղեվարձը վերադարձնելը

1.Սույն օրենսգրքի 147-րդ եւ 148-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով ուղեւորի ծովային փոխադրման պայմանագիրը դադարեցնելու դեպքերում, մինչեւ նավը ուղերթի դուրս գալն ուղեւորին վերադարձվում է ուղեվարձը եւ ուղեբեռի փոխադրավարձն ամբողջությամբ, իսկ ուղերթի մեկնարկից հետո պայմանագիրը դադարեցվելու դեպքում՝ դրա մի մասը, այն տարածությանը համամասնական չափով, որի համար ծովային փոխադրումը տեղի չի ունեցել:

 

Հոդված 150. Ուղեւորի ծովային փոխադրման պայմանագիրը փոփոխելը

1.Փոխադրողն իրավունք ունի ուշացնել նավի մեկնումը, փոխել ծովային փոխադրման երթուղին, ուղեւորների նստեցման եւ (կամ) իջեցման վայրը, եթե նավի մեկնման կամ նշանակման վայրում կամ ծովային փոխադրման երթուղում այդպիսի գործողություններն անհրաժեշտ են անհաղթահարելի ուժի, անբարենպաստ սանիտարահամաճարակային պայմանների, ինչպես նաեւ այլ իրադարձությունների եւ երեւույթների հետեւանքով, որոնք կախված չեն փոխադրողից եւ որոնք ծովային փոխադրման պայմանագրի կատարումն այդ պայմանագրով նախատեսված պայմաններով դարձնում են անհնար։

2.Սույն հոդվածի առաջին մասի կանոնները չեն սահմանափակում ուղեւորի ծովային փոխադրման պայմանագիրը կատարելուց հրաժարվելու ուղեւորի իրավունքը:

3.Սույն հոդվածով նախատեսված դեպքերում փոխադրողը պարտավոր է հատուցել ուղեւորի ծովային փոխադրման պայմանագրի փոփոխությամբ ուղեւորին պատճառված վնասները:

 

Հոդված 151. Փոխադրողի պատասխանատվությունը ուղեւորի կյանքին եւ առողջությանը վնաս պատճառելու համար

1.Ուղեւորի կյանքին եւ առողջությանը վնաս պատճառելու համար փոխադրողի պատասխանատվությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կանոններով, եթե այլ օրենսդրությամբ կամ ուղեւորի ծովային փոխադրման պայմանագրով փոխադրողի համար ավելի մեծ պատասխանատվություն նախատեսված չէ:

 

Հոդված 152. Փոխադրողի պատասխանատվությունը ուղեբեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) համար

1.Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղեբեռը պահպանված չլինելու համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո՝ մինչեւ ուղեւորին կամ ուղեբեռն ստանալու համար լիազորված անձին հանձնելը, եթե չի ապացուցում, որ ուղեբեռի կորուստը, պակասորդը կամ վնասումը (փչացումը) պայմանավորված է այնպիսի հանգամանքներով, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, եւ որոնց վերացումը նրանից կախված չի եղել:

2.Փոխադրողը հատուցում է ուղեբեռի ծովային փոխադրման ժամանակ պատճառված վնասը հետեւյալ դեպքերում՝

1)     ուղեբեռի կորուստ կամ պակասորդ՝ կորած կամ պակասած ուղեբեռի արժեքի չափով.

2)     ուղեբեռի վնասում (փչացում)՝ այն գումարի չափով, որով նվազել է դրա արժեքը, իսկ վնասված ուղեբեռի վերանորոգման անհնարինության դեպքում՝ դրա արժեքի չափով.

3)     արժեքի հայտարարմամբ փոխադրման հանձնված ուղեբեռի կորուստ՝ ուղեբեռի հայտարարված արժեքի չափով:

3.Ուղեբեռի արժեքը որոշվում է վաճառողի հաշվում նշված կամ պայմանագրով նախատեսված գնից, իսկ հաշվի բացակայության կամ պայմանագրում գինը նշված չլինելու դեպքում՝ այն գնից, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար:

4.Ուղեբեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) հետեւանքով սահմանված վնասի հատուցման հետ մեկտեղ փոխադրողը վերադարձնում է կորած, պակասած, փչացած կամ վնասված ուղեբեռի փոխադրման համար գանձված փոխադրավարձը, եթե այդ վճարը ներառված չէ ուղեբեռի արժեքի մեջ:

 

Հոդված 153. Փոխադրողի պատասխանատվությունը նավախցային ուղեբեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) համար

1.Փոխադրողի մեղքով նավախցային ուղեբեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) համար փոխադրողը պատասխանատվություն է կրում դրա արժեքի չափով, իսկ այն պարզելու անհնարինության դեպքում՝ այն գնի հիման վրա, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար։ Նավախցային ուղեբեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) համար պատասխանատվության չափը չի կարող գերազանցել մեկ ուղեւորի համար 1800 հաշվարկային միավորը՝ ընդհանուր ուղեւորների ծովային փոխադրման համեմատ։

 

Հոդված 154. Փաստացի փոխադրողի պատասխանատվությունը

1.Փոխադրողը պատասխանատվություն է կրում իր ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների շրջանակներում գործող փաստացի փոխադրողի, նրա աշխատողների եւ ծովային գործակալների գործողությունների եւ (կամ) անգործության համար:

2.Ուղեւորների ծովային փոխադրման ժամանակ փոխադրողի պատասխանատվությունը կարգավորող սույն օրենսգրքի կանոնները կիրառվում են նաեւ փաստացի փոխադրողի պատասխանատվության նկատմամբ:

3.Այն դեպքերում, երբ պատասխանատվությունը կրում են փոխադրողը եւ փաստացի փոխադրողը, նրանց պատասխանատվությունը համապարտ է:

 

Հոդված 155. Արժեքների կորուստը կամ վնասումը

1.Փոխադրողը պատասխանատվություն չի կրում դրամի, արժեթղթերի, ոսկու, ոսկուց եւ արծաթից պատրաստված իրերի, արվեստի գործերի կամ այլ արժեքների կորստի կամ վնասման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նման արժեքներն ի պահ են հանձնվել փոխադրողին:

 

Հոդված 156. Պատասխանատվության սահմանների կիրառումը

1.Սույն օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ պատասխանատվության սահմանները կիրառվում են նավախցային ուղեբեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) հետեւանքով առաջացած բոլոր պահանջներով հատուցման ենթակա գումարների հանրագումարի նկատմամբ:

2.Փաստացի փոխադրողի կողմից իրականացված փոխադրման համար իրենց ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների շրջանակներում գործող փոխադրողի, փաստացի փոխադրողի եւ նրանց աշխատողների ու ծովային գործակալների կողմից հատուցման ենթակա գումարների հանրագումարը չի կարող գերազանցել հատուցման ամենամեծ գումարը, որը սույն օրենսգրքին համապատասխան կարող է գանձվել փոխադրողից կամ փաստացի փոխադրողից: Ընդ որում, նշված անձանցից ոչ մեկը կիրառման ենթակա սահմանված պատասխանատվությունից ավելի պատասխանատվություն չպետք է կրի:

 

Հոդված 157. Ուղեբեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) մասին հայտարարությունը

1.Ուղեւորն իրավունք ունի փոխադրողին, նրա աշխատողին կամ ծովային գործակալին ներկայացնել գրավոր դիմում ուղեբեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) մասին հետեւյալ դեպքերում՝

1)նավախցային ուղեբեռի ակնհայտ կորուստ, պակասորդ կամ վնասում (փչացում)՝ ուղեւորի իջեցումից առաջ կամ իջեցման պահին, իսկ ուղեբեռի նկատմամբ՝ այն հանձնելուց առաջ կամ հանձնելու պահին.

2)նավախցային ուղեբեռի, ուղեբեռի ոչ ակնհայտ կորուստ, պակասորդ կամ վնասում (փչացում)՝ ուղեւորի իջեցման կամ ուղեբեռը հանձնելու օրվանից տասնհինգ օրվա ընթացքում կամ այն պահից, երբ այն պետք է հանձնվի։

2.Ուղեբեռի կորստի, պակասորդի կամ վնասման (փչացման) մասին գրավոր դիմում չի պահանջվում, եթե ուղեբեռի վիճակը հաստատվել կամ ստուգվել է այն ստանալու պահին՝

1)ուղեւորի եւ փոխադրողի կամ նրա աշխատողի կամ ծովային գործակալի հետ համատեղ.

2)ուղեւորի եւ փաստացի փոխադրողի կամ նրա աշխատողի կամ ծովային գործակալի հետ համատեղ։

 

Հոդված 158. Չպահանջված ուղեբեռը

1.Նավի՝ նշանակման նավահանգիստ ժամանելու օրվանից երեք ամսվա ընթացքում չպահանջված ուղեբեռը կարող է վաճառվել կամ ոչնչացվել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 159. Անվճար փոխադրում՝ ուղեւորի ծովային փոխադրման պայմանագրի համաձայն

1.Սույն բաժնի կանոնները կիրառվում են նաեւ այն անձանց նկատմամբ, որոնք անվճար փոխադրվում են նավով՝ ուղեւորի ծովային փոխադրման պայմանագրին համապատասխան։

 

ԲԱԺԻՆ VI

որոշակի Ժամանակով ՆԱՎԱՎԱՐՁՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 13

ԱՆՁՆԱԿԱԶՄՈՎ ՆԱՎԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ (որոշակի ԺԱՄԱՆԱԿՈՎ ՆԱՎԱՎԱՐՁՄԱՆ) ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ (ԹԱՅՄ-ՉԱՐՏԵՐԸ)

 

Հոդված 160. Պայմանագրի հասկացությունը

1.Անձնակազմով նավի վարձակալության (որոշակի ժամանակով նավավարձման) պայմանագրով (թայմ-չարտերով) նավատերը (վարձատուն) վճարի դիմաց նավը հանձնում է նավավարձորդի (վարձակալի) ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը ու իր ուժերով մատուցում է դրա կառավարման եւ տեխնիկական շահագործման ծառայություններ:

 

Հոդված 161. Պայմանագրի ձեւը եւ էական պայմանները

1.Թայմ-չարտերը կնքվում է գրավոր եւ պետք է պարունակի կողմերի անվանումները, նավի անվանումը, դրոշի վերաբերյալ նշում, տեխնիկական եւ շահագործման տվյալները, նավարկման շրջանը, վարձակալության նպատակը, վճարի (նավափոխադրավարձի) չափը, պայմանագրի գործողության ժամկետը, նավի ընդունման եւ հանձնման վայրը։

 

Հոդված 162. Անձնակազմով նավի ենթավարձակալությունը

1.Նավավարձորդը (վարձակալը) իրավունք ունի առանց նավատիրոջ (վարձատուի) համաձայնության նավը հանձնել ենթավարձակալության (ենթաթայմ-չարտեր), եթե այլ բան նախատեսված չէ թայմ-չարտերով։

2.Ենթաթայմ-չարտերի կնքումը նավավարձորդին (վարձակալին) չի ազատում վերջինիս կողմից նավատիրոջ (վարձատուի) հետ կնքված պայմանագիրը կատարելուց։

3.Ենթաթայմ-չարտերի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի կանոնները։

 

Հոդված 163. Նավի պահպանման մասով նավատիրոջ (վարձատուի) պարտականությունը

1.Նավատերը (վարձատուն) պարտավոր է թայմ-չարտերի ամբողջ ժամկետի ընթացքում նավը պահել պատշաճ վիճակում, այդ թվում՝ իրականացնել ընթացիկ եւ հիմնական վերանորոգում եւ տրամադրել անհրաժեշտ պարագաներ։

 

Հոդված 164. Նավի կառավարման եւ տեխնիկական շահագործման մասով նավատիրոջ (վարձատուի) պարտականությունները

1.Նավատիրոջ (վարձատուի) կողմից նավավարձորդին (վարձակալին) նավի կառավարման եւ տեխնիկական շահագործման համար տրամադրվող ծառայությունները պետք է ապահովեն դրա բնականոն եւ անվտանգ շահագործումը թայմ-չարտերում նշված վարձակալության պայմաններին համապատասխան։

2.Նավի անձնակազմի անդամների ծառայությունների վճարման ծախսերը, ինչպես նաեւ վերջիններիս պահպանման ծախսերը կրում է նավատերը (վարձատուն), եթե այլ բան նախատեսված չէ թայմ-չարտերով։

 

Հոդված 165. Նավի առեւտրային շահագործման եւ վերադարձի մասով նավավարձորդի (վարձակալի) պարտականությունները

1.Նավավարձորդը (վարձակալը) կրում է նավի առեւտրային շահագործման կապակցությամբ առաջացող ծախսերը, այդ թվում՝ վառելիքի, շահագործման ընթացքում ծախսվող այլ նյութերի ծախսերը եւ տուրքերի վճարման ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ թայմ-չարտերով։

2.Թայմ-չարտերի ժամկետի ավարտից հետո նավավարձորդը (վարձակալը) պարտավոր է նավը վերադարձնել իր կողմից ստացած վիճակում՝ բացառությամբ բնականոն մաշվածության։

3.Նավը ժամանակին չվերադարձնելու դեպքում նավավարձորդը (վարձակալը) նավը ուշացնելու ժամանակի համար վճարում է թայմ-չարտերում նախատեսված նավափոխադրավճարի դրույքաչափով, կամ նավափոխադրավճարի շուկայական դրույքաչափով, եթե այն գերազանցում է թայմ-չարտերում համաձայնեցված նավափոխադրավճարի դրույքաչափը։

 

Հոդված 166. Նավի ապահովագրությունը

1.Եթե թայմ-չարտերով այլ բան նախատեսված չէ, նավն ապահովագրելու եւ (կամ) դրան կամ այն շահագործելու հետեւանքով պատճառված վնասի համար պատասխանատվությունն ապահովագրելու պարտականությունը նավատիրոջ (վարձատուի) վրա դրվում է այն դեպքում, երբ այդ պարտականությունը բխում է ապահովագրության պայմանագրի կնքմամբ կամավոր ստանձնած պարտավորությունից։

 

Հոդված 167. Նավի անձնակազմի ենթակայությունը

1.Նավի անձնակազմի անդամները նավատիրոջ (վարձատուի) աշխատակիցներն են։ Նրանք ենթարկվում են նավատիրոջ (վարձատուի)՝ կառավարմանը եւ տեխնիկական շահագործմանն առնչվող կարգադրություններին, եւ նավավարձորդի (վարձակալի)՝ նավի առեւտրային շահագործմանը վերաբերող կարգադրություններին։

 

Հոդված 168. Նավափոխադրավճարի վճարումը

1.Նավավարձորդը (վարձակալը) նավատիրոջը (վարձատուին) նավափոխադրավճարը վճարում է թայմ-չարտերով նախատեսված չափով, կարգով եւ ժամկետներում։ Նավավարձորդը (վարձակալը) ազատվում է նավափոխադրավճարը եւ նավի շահագործման ծախսերը վճարելուց այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նավը պիտանի չի եղել շահագործման համար իր ոչ նավարկելի վիճակի պատճառով:

2.Եթե նավը շահագործման համար ոչ պիտանի է դարձել նավավարձորդի (վարձակալի) մեղքով, ապա նավատերն (վարձատուն) ունի թայմ-չարտերում պայմանավորված նավափոխադրավճարի իրավունք՝ անկախ նավավարձորդի (վարձակալի) կողմից իրեն պատճառված վնասների հատուցումից։

3.Նավափոխադրավճարի վճարումը տասնչորս օրացուցային օրից ավելի ուշացնելու դեպքում նավատերն (վարձատուն) իրավունք ունի առանց նախազգուշացման նավը առգրավելու նավավարձորդից (վարձակալից) եւ նրանից բռնագանձելու ուշացման հետեւանքով առաջացած վնասները:

4.Նավի կործանման դեպքում նավափոխադրավճարը ենթակա է վճարման մինչեւ նավը կործանվելու օրը, իսկ եթե այդ օրը որոշել հնարավոր չէ, ապա՝ մինչեւ դրա մասին վերջին նորությունն ստանալու օրը։

 

Հոդված 169. Փրկարարական գործողության իրականացման համար վարձատրությունը

1.Մինչեւ թայմ-չարտերի գործողության ժամկետի վերջը տեղի ունեցած փրկարարական գործողություն իրականացնելու համար նավին հասանելիք վարձատրությունը նավատիրոջ (վարձատուի) եւ նավավարձորդի (վարձակալի) միջեւ բաշխվում է հավասար մասնաբաժիններով՝ հանելով փրկելու համար նախատեսված ծախսերը եւ նավի անձնակազմին հասանելիք վարձատրության մասնաբաժինը։

 

Հոդված 170. Նավավարձորդի (վարձակալի)՝ երրորդ անձանց նկատմամբ ունեցած պատասխանատվությունը

1.Եթե նավը տրամադրվել է նավավարձորդին (վարձակալին) բեռների ծովային փոխադրման համար, նա իրավունք ունի իր անունից կնքել ծովային փոխադրման պայմանագրեր, տրամադրել կոնոսամենտներ եւ փոխադրման այլ փաստաթղթեր: Նավավարձորդը (վարձակալը) պատասխանատվություն է կրում այդ պայմանագրերից եւ փաստաթղթերից բխող պարտավորությունների համար։

 

Հոդված 171. Նավավարձորդի (վարձակալի)՝ նավի փրկության, կործանման կամ վնասման համար կրած պատասխանատվությունը

1.Նավավարձորդը (վարձակալը) պարտավոր է հատուցել նավի փրկության, կործանման կամ վնասման հետեւանքով պատճառված վնասները, եթե նավատերը (վարձատուն) ապացուցի, որ նավի փրկությունը, կործանումը կամ վնասումը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնց համար պատասխանատվություն է կրում նավավարձորդը (վարձակալը) օրենսդրությանը կամ թայմ-չարտերին համապատասխան:

 

ԲԱԺԻՆ VII

Առանց անձնակազմԻ նավի վարձակալությունը (բերբոուտ-չարտերը)

ԳԼՈՒԽ 14

ԱՌԱՆՑ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՆԱՎԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(ԲԵՐԲՈՈՒՏ-ՉԱՐՏԵՐԻ) ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հոդված 172. Պայմանագրի հասկացությունը

1.Առանց անձնակազմի նավի վարձակալության պայմանագրով (բերբոուտ-չարտերով) վարձատուն վճարի դիմաց նավը հանձնում է վարձակալի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը՝ առանց նավի կառավարման եւ դրա տեխնիկական շահագործման ծառայություններ մատուցելու:

 

Հոդված 173. Պայմանագրի ձեւը եւ էական պայմանները

1.Բերբոուտ-չարտերը կնքվում է գրավոր եւ պետք է պարունակի կողմերի անվանումները, նավի անվանումը, դրոշի վերաբերյալ նշում, տեխնիկական եւ շահագործման տվյալները, նավարկման շրջանը, վարձակալության նպատակը, նավի ընդունման եւ հանձնման ժամանակը եւ վայրը, վճարի չափը, վարձակալության ժամկետը։

 

Հոդված 174. Առանց անձնակազմի նավի ենթավարձակալությունը

1.Վարձակալն իրավունք ունի վարձակալած նավն առանց վարձատուի համաձայնության հանձնել ենթավարձակալության (ենթաբերբոուտ-չարտեր)՝ թայմ-չարտերի կամ բերբոուտ-չարտերի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ բերբոուտ-չարտերով։

2.Ենթաբերբոուտ-չարտերի կնքումը վարձակալին չի ազատում վերջինիս կողմից վարձատուի հետ կնքված պայմանագիրը կատարելուց։

 

Հոդված 175. Նավը ծովագնացային վիճակի բերելու մասով վարձատուի պարտականությունը

1.Վարձատուն պարտավոր է ցուցաբերել պատշաճ շրջահայացություն՝ նախքան նավը վարձակալին հանձնելու պահն այն ծովագնացային վիճակի բերելու համար եւ ձեռնարկել նավի կորպուսի, դրա շարժիչի եւ սարքավորումների պիտանիությունն ապահովելու միջոցներ՝ բերբոուտ-չարտերով նախատեսված նպատակների համար։

 

Հոդված 176. Նավի պահպանման մասով վարձակալի պարտականությունը

1.Վարձակալը բերբոուտ-չարտերի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում պարտավոր է նավը պահել պատշաճ վիճակում, այդ թվում՝ իրականացնել ընթացիկ եւ հիմնական վերանորոգում եւ տրամադրել անհրաժեշտ պարագաներ։

 

Հոդված 177. Նավի կառավարման եւ տեխնիկական շահագործման մասով վարձակալի պարտականությունը

1.Վարձակալն իր ուժերով իրականացնում է նավի կառավարումը եւ դրա թե՛ առեւտրային, թե՛ տեխնիկական շահագործումը։

 

Հոդված 178. Նավի անձնակազմը

1.Նավի անձնակազմի համալրումն իրականացվում է վարձակալի կողմից։

2.Նավի նավապետը եւ անձնակազմի այլ անդամներ վարձակալի աշխատակիցներն են եւ ենթարկվում են նրա ցուցումներին եւ կարգադրություններին։

 

Հոդված 179. Բերբոուտ-չարտերով սահմանված վճարը

1.Վարձակալը վարձատուին նախապես վճարում է բերբոուտ-չարտերով սահմանված վճարը՝ կողմերի կողմից համաձայնեցված ամսական դրույքով։ Վարձակալը ազատվում է բերբոուտ-չարտերով սահմանված վճարից եւ նավի շահագործման ծախսերից այն ժամանակի համար, որի ընթացքում այն շահագործման համար պիտանի չի եղել ոչ ծովագնացային վիճակի պատճառով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ պիտանի լինելն առաջացել է վարձակալի մեղքով կամ նավի անձնակազմի հանցավոր գործողությունների եւ (կամ) անգործության հետեւանքով։

2.Բերբոուտ-չարտերով սահմանված վճարը տասնչորս օրացուցային օրից ավելի ուշացնելու դեպքում վարձատուն իրավունք ունի առանց նախազգուշացման նավը առգրավելու վարձակալից եւ նրանից բռնագանձելու ուշացման հետեւանքով առաջացած վնասները:

3.Նավի կործանման դեպքում բերբոուտ-չարտերով սահմանված վճարը վճարվում է մինչեւ նավի կործանման օրը ներառյալ, իսկ եթե այդ օրը որոշել հնարավոր չէ, ապա՝ մինչեւ դրա մասին վերջին նորությունն ստանալու օրը։

 

Հոդված 180. Նավի շահագործման եւ վերադարձի մասով վարձակալի իրավունքներն ու պարտականությունները

1.Վարձակալը նավի շահագործումն իրականացնում է բերբոուտ-չարտերի պայմաններին համապատասխան եւ կրում է դրա հետ կապված բոլոր ծախսերը, ապահովում է նավի անձնակազմի պահպանման ծախսերը, վճարում է նավի շահագործման ծախսերն ու տուրքերը, այդ թվում՝ դրա ապահովագրության ծախսերը։

2.Վարձակալն իրավունք ունի առանց վարձատուի համաձայնության իր անունից երրորդ անձանց հետ կնքել ծովային փոխադրման պայմանագրեր եւ այլ պայմանագրեր, եթե դրանք չեն հակասում բերբոուտ-չարտերով սահմանված նավերի օգտագործման նպատակներին։

3.Վարձակալը բերբոուտ-չարտերի ժամկետի ավարտից հետո պարտավոր է նավը վարձատուին վերադարձնել իր կողմից ստացած վիճակում՝ բացառությամբ բնականոն մաշվածության։

 

Հոդված 181. Վարձակալի՝ երրորդ անձանց նկատմամբ
ունեցած պատասխանատվությունը

1.Վարձակալը երրորդ անձանց նկատմամբ կրում է պատասխանատվություն նավի շահագործման հետ կապված վերջիններիս ցանկացած պահանջի համար՝ օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 182. Վարձակալի՝ նավի փրկության, կործանման կամ վնասման հետեւանքով պատճառված վնասների համար պատասխանատվությունը

1.Վարձակալը պարտավոր է հատուցել նավի փրկության, կործանման կամ վնասման հետեւանքով պատճառված վնասները, եթե այդ վնասները հասցվել են իր, այդ թվում՝ նավի անձնակազմի մեղքով:

 

ԲԱԺԻՆ VIII

ՔԱՐՇԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐը

ԳԼՈՒԽ 15

ՔԱՐՇԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐը

Հոդված 183. Քարշակման պայմանագրի հասկացությունը

1.Քարշակման պայմանագրով մի նավի տերը պարտավորվում է վարձատրության դիմաց մեկ այլ նավ կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածք քարշակել որոշակի հեռավորության վրա կամ որոշակի ժամանակահատվածում (ծովային քարշակում) կամ նավահանգստի ակվատորիայում մանեւրեր իրականացնելու համար՝ ներառյալ նավը կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածք նավահանգիստ մտցնելը կամ նավահանգստից հանելը (նավահանգստային քարշակում)։

 

Հոդված 184. Քարշակման պայմանագրի ձեւը

1.Ծովային քարշակման պայմանագիրը կնքվում է գրավոր։

2.Նավահանգստային քարշակման պայմանագիրը կարող է կնքվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։ Քարշակումը կառավարելու պարտականությունները քարշակող նավի նավապետին վերապահելու մասին համաձայնությունը կնքվում է գրավոր։

 

Հոդված 185. Կողմերի պարտականությունները

1.Քարշակման պայմանագրի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է իր նավը կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածք նախապես բերել քարշակման համար պիտանի վիճակի։

2.Նավի եւ քարշակման այլ օբյեկտների սեփականատերերը պատասխանատվություն չեն կրում իրենց նավի կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածքի թերությունների համար, եթե ապացուցեն, որ դրանք թաքնված են եղել։

3.Քարշակումը պետք է իրականացվի արհեստավարժորեն, ինչպես հանգամանքներն են պահանջում, առանց անհարկի ընդմիջումների եւ ուշացումների եւ ծովային լավագույն փորձի սկզբունքներին համապատասխան։

4.Այն նավը կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածքը, որը գտնվում է այլ նավի կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածքի նավապետի կառավարման ներքո, պետք է նույնպես հոգ տանի քարշակային նավաշարի անվտանգ նավարկության մասին։

 

Հոդված 186. Ծովային քարշակման ժամանակ պատասխանատվությունը

1.Ծովային քարշակումն իրականացվում է քարշակող նավի նավապետի կառավարման ներքո։

2.Ծովային քարշակման ժամանակ քարշակվող նավին կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածքին կամ դրա վրա գտնվող մարդկանց եւ գույքին պատճառված վնասների համար պատասխանատվությունը կրում է քարշակող նավի տերը, եթե չապացուցի, որ վնասները պատճառվել են ոչ իր մեղքով։

3.Կողմերի համաձայնությամբ ծովային քարշակման կառավարման պարտականությունը կարող է վերապահվել քարշակվող նավի կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածքին նավապետին։ Այդ դեպքում քարշակման ժամանակ քարշակող նավին կամ դրա վրա գտնվող մարդկանց եւ գույքին պատճառված վնասների համար պատասխանատվությունը կրում է քարշակվող նավի կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածքի տերը, եթե չապացուցի, որ վնասները պատճառվել են ոչ իր մեղքով։

 

Հոդված 187. Նավահանգստային քարշակման ժամանակ պատասխանատվությունը

1.Նավահանգստային քարշակումն իրականացվում է քարշակվող նավի կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածքի նավապետի կառավարման ներքո։

2.Նավահանգստային քարշակման ժամանակ քարշակող նավին կամ դրա վրա գտնվող մարդկանց եւ գույքին պատճառված վնասների համար պատասխանատվությունը կրում է քարշակվող նավի կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածքի տերը, եթե չապացուցի, որ վնասները պատճառվել են ոչ իր մեղքով։

3.Գրավոր կնքված համաձայնությամբ կողմերը կարող են նավահանգստային քարշակման կառավարումը վերապահել քարշակող նավի նավապետին։ Այդ դեպքում քարշակող նավին կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածքին կամ դրա վրա գտնվող մարդկանց եւ գույքին պատճառված վնասների համար պատասխանատվությունը կրում է քարշակող նավի տերը, եթե չապացուցի, որ վնասները պատճառվել են ոչ իր մեղքով։

 

Հոդված 188. Քարշակման ժամանակահատվածը

1.Քարշակման սկիզբ է համարվում քարշակման սկզբնակետում քարշակվող նավը կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածքը քարշակման ընդունելու պահը, իսկ ավարտը՝ քարշակվող նավը կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածք քարշակման վերջնակետում նավակառանի կամ խարսխի վրա դնելու պահը։

 

Հոդված 189. Ծովային պատահարի դեպքում քարշակվող նավին ցուցաբերվող օգնությունը

1.Քարշակվող նավի կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածքի հետ ծովային պատահար տեղի ունենալու դեպքում քարշակող նավի նավապետը պարտավոր է քարշակվող նավին կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածքին տրամադրել փրկարարական միջոցներ եւ ցուցաբերել անհրաժեշտ օգնություն մինչեւ տուժած նավը կամ նավարկություն իրականացնելու ունակ այլ կառուցվածքը կկարողանա առանց փրկարարի նավարկել՝ քարշակող նավի՝ միայն փաստացի ծախսերի հատուցմամբ եւ առանց փրկարարական վարձատրության վճարման։

 

ԲԱԺԻՆ IX

ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄը

ԳԼՈՒԽ 16

ԾՈՎԱՅԻՆ ԿՐՈՒԻԶԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐը (ԾՈՎԱՅԻՆ ԿՐՈՒԻԶԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ)

Հոդված 190. Ծովային կրուիզի պայմանագրի հասկացությունը

1.Ծովային կրուիզի պայմանագրով մի կողմը (կրուիզ կազմակերպողը) պարտավորվում է մյուս կողմի (կրուիզի մասնակցի) առաջադրանքով մատուցել ծովային ճանապարհորդության կազմակերպման եւ (կամ) իրականացման ծառայություններ՝ որոշակի ծրագրով (ծովային փոխադրում, սնունդ, կենցաղային եւ էքսկուրսիոն սպասարկում եւ այլն), իսկ կրուիզի մասնակիցը պարտավորվում է վճարել սահմանված վճարը։

2.Ծովային կրուիզի պայմանագիրը հավաստվում է կրուիզի կազմակերպչի կողմից տրված ուղեգրով կամ դրան հավասարեցված այլ փաստաթղթով։

 

Հոդված 191. Ծովային կրուիզի պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելը

1.Կրուիզի մասնակիցն իրավունք ունի մինչեւ կրուիզի մեկնարկը հրաժարվել ծովային կրուիզի պայմանագիրը կատարելուց՝ փաստացի կրած ծախսերը կրուիզի կազմակերպչին վճարելու պայմանով։ Կրուիզի կազմակերպչին ծովային կրուիզի պայմանագիրը կատարելուց հրաժարվելու մասին ծանուցած կրուիզի մասնակիցն իրավունք ունի հետ ստանալու կրուիզի համար վճարը ծովային կրուիզի պայմանագրով սահմանված կարգով, չափով եւ ժամկետներում:

2.Այն դեպքում, երբ կրուիզի կազմակերպիչը կրուիզի մասնակցին չի կարող տրամադրել ծովային կրուիզի պայմանագրով՝ նավի վրա պայմանավորված տեղ կամ այնպիսի տեղ, որն իր բնութագրերով եւ սպասարկման պայմաններով չի զիջում պայմանավորված տեղին, կրուիզի մասնակիցն իրավունք ունի հրաժարվել ծովային կրուիզի պայմանագիրը կատարելուց։ Կրուիզի կազմակերպիչը պարտավոր է լրիվ չափով վերադարձնել կրուիզի համար սահմանված վճարը, ինչպես նաեւ հատուցել դրա հետ կապված կրուիզի մասնակցի կրած այլ վնասներ։

3.Կրուիզի կազմակերպիչն իրավունք ունի հրաժարվել ծովային կրուիզի պայմանագիրը կատարելուց՝ սույն օրենսգրքի 147-րդ եւ 148-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքների վրա հասնելու դեպքում։

4.Մինչեւ կրուիզի մեկնարկը ծովային կրուիզի պայմանագիրը կատարելուց հրաժարվելու դեպքում կրուիզի կազմակերպիչը պարտավոր է կրուիզի մասնակցին լրիվ չափով վերադարձնել կրուիզի համար վճարը, իսկ կրուիզի մեկնարկից հետո պայմանագիրը կատարելուց հրաժարվելու դեպքում՝ կրուիզի չօգտագործված մասի համար վճարը։ Կրուիզի մասնակցի պահանջով կրուիզի կազմակերպիչը պարտավոր է իր հաշվին նրան հասցնել մեկնման նավահանգիստ։

 

Հոդված 192. Կրուիզի ժամկետի ավելացումը

1.Անկանխատեսելի հանգամանքների հետեւանքով կրուիզի ժամկետն ավելացվելու դեպքում կրուիզի կազմակերպիչը կրում է կրուիզի մասնակցին տրամադրվող ծառայությունների հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը։

 

Հոդված 193. Կրուիզի կազմակերպչի պատասխանատվությունը

1.Կրուիզի կազմակերպիչը պատասխանատվություն է կրում կրուիզի մասնակցի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար, ինչպես նաեւ նրա իրերի եւ այլ գույքի կորստի, պակասի կամ վնասվելու (փչանալու) հետեւանքով պատճառված վնասների համար՝ սույն օրենսգրքի 151-157-րդ հոդվածներին համապատասխան։

2.Փոխադրողի կամ երրորդ անձի կողմից պատճառված վնասները կրուիզի մասնակցին հատուցած կրուիզի կազմակերպիչն ունի փոխադրողի կամ այդ երրորդ անձի նկատմամբ հակադարձ պահանջի իրավունք՝ իր կողմից վճարված հատուցման չափով:

 

Հոդված 194. Կրուիզի մասնակցի իրավունքները սահմանափակելու վերաբերյալ համաձայնության անվավերությունը

Սույն օրենսգրքով նախատեսված՝ կրուիզի մասնակցի իրավունքները սահմանափակող կողմերի համաձայնությունն անվավեր է։

 

ԳԼՈՒԽ 17

ԾՈՎԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հոդված 195. Ծովային գործակալի ծառայությունների մատուցման
պայմանագրի հասկացությունը

1.Ծովային գործակալի ծառայությունների մատուցման պայմանագրով մի կողմը (ծովային գործակալը) պարտավորվում է վարձատրության դիմաց առեւտրային ծովագնացության ոլորտում իրականացնել իրավաբանական գործողություններ՝ որպես որոշակի նավահանգստում կամ որոշակի տարածքում մյուս կողմի (նավատիրոջ) մշտական ներկայացուցիչ։

 

Հոդված 196. Երկու կողմերի անունից ծովային գործակալի գործողությունները

1.Նավատիրոջ անունից պայմանագիր կնքելիս որպես առեւտրային ներկայացուցիչ հանդես եկող ծովային գործակալը կարող է գործել նաեւ մյուս պայմանավորվող կողմի օգտին, եթե վերջինս նրան լիազորել է դրա համար, եւ նավատերը դրա հետ համաձայն է։

 

Հոդված 197. Ծովային գործակալի պարտականությունները

1.Ծովային գործակալը պարտավոր է՝

1)     բարեխղճորեն իրականացնել իր գործունեությունը՝ սովորական ծովային փորձին համապատասխան.

2)     գործել իր լիազորությունների շրջանակներում.

3)     չփոխանցել իր գործառույթների իրականացումը այլ անձի, եթե միայն նա լիազորված չի եղել դրա համար.

4)     իրականացնել միջոցների ծախսման հաշվառում.

5)     նավատիրոջը հաշվետվություններ ներկայացնել պայմանագրով նախատեսված կարգով եւ ժամկետներում։

 

Հոդված 198. Նավատիրոջ պարտականությունները

1.Նավատերը պարտավոր է՝

1)     տրամադրել ծովային գործակալին բավարար միջոցներ՝ վերջինիս գործառույթներն իրականացնելու համար.

2)     հատուցել ծովային գործակալին այն ծախսերը, որոնք վերջինիս կատարել է նավատիրոջ անունից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում.

3)     իր լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն կրել ծովային գործակալի ցանկացած գործողության հետեւանքների համար.

4)     վճարել ծովային գործակալին վարձատրություն պայմանագրով սահմանված չափով եւ կարգով։

2.Նավատիրոջ կողմից ծովային գործակալի լիազորությունները սահմանափակելու դեպքում բարեխղճորեն գործած երրորդ անձի հետ ծովային գործակալի կողմից իրականացված գործարքը համարվում է վավեր եւ նավատիրոջ համար իրականացված գործարքի համար ստեղծում է իրավունքներ եւ պարտականություններ, եթե միայն երրորդ կողմին հայտնի չի եղել այդ սահմանափակման մասին։

 

Հոդված 199. Ծովային գործակալի ծառայությունների մատուցման պայմանագիրը դադարեցնելը

1.Որոշակի ժամկետով կնքված՝ ծովային գործակալի ծառայությունների մատուցման պայմանագիրը դադարեցվում է այդ ժամկետը լրանալուց հետո։

2.Եթե ծովային գործակալի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով, կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ մյուս կողմին դրա մասին տեղեկացնելով պայմանագիրը լուծելու համար առաջարկվող ամսաթվից առնվազն երեք ամիս առաջ։

 

ԳԼՈՒԽ 18

Ծովային միջնորդական ծառայություններԻ
ՄԱՏՈՒՑՄԱՆ պայմանագիրը

Հոդված 200. Ծովային միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագրի հասկացությունը

1.Ծովային միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագրով մի կողմը (ծովային բրոքերը) պարտավորվում է մյուս կողմի (լիազորողի) անունից եւ հաշվին մատուցել միջնորդական ծառայություններ՝ նավերի առուվաճառքի պայմանագրեր, նավավարձման պայմանագրեր, քարշակման պայմանագրեր եւ ծովային ապահովագրության պայմանագրեր կնքելիս:

 

Հոդված 201. Ծովային բրոքերի կողմից ծովային գործակալի
գործողությունները կատարելը

1.Ծովային բրոքերը կարող է լիազորողի ցուցումով կատարել ծովային գործակալի կողմից իրականացվող գործողությունները։ Այդ դեպքում կիրառվում են ծովային գործակալի ծառայությունների մատուցման պայմանագրի վերաբերյալ սույն օրենսգրքի կանոնները։

 

Հոդված 202. Ծովային գործակալի ծառայությունների համար վարձատրությունը

1.Ծովային գործակալն ունի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածում նշված պայմանագրերը կնքելիս միջնորդական ծառայությունների համար վարձատրության իրավունք։

 

ԲԱԺԻՆ X

ԾՈՎԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 19

ԾՈՎԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 203. Կամավոր ապահովագրությունը

1.Առեւտրային ծովագնացության ոլորտում կարող է իրականացվել ուղեւորների կյանքի, առողջության եւ գույքի, բեռների եւ ուղեբեռի, նավափոխադրավճարի, աշխատանքային պարտականությունները կատարելիս նավի վրա գտնվող նավի անձնակազմի անդամների կյանքի եւ առողջության, նավի, այդ թվում՝ կառուցվող նավի, այլ անձանց կյանքին, առողջությանը եւ (կամ) գույքին պատճառված վնասի համար քաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրություն՝ օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 204. Պարտադիր ապահովագրությունը

1.Առեւտրային ծովագնացության ոլորտում պարտադիր ապահովագրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ նախագահի ակտերին համապատասխան։

 

Հոդված 205. Հրաժարվելը

1.Եթե գույքն ապահովագրված է կորստից (ոչնչանալուց), ապա ապահովադիրը կամ շահառուն կարող է ապահովագրողին հայտնել ապահովագրված գույքի նկատմամբ իր իրավունքներից հրաժարվելու մասին (հրաժարում) եւ ստանալ ապահովագրական գումարի (պատասխանատվության սահմանաչափի) չափով ապահովագրական հատուցում հետեւյալ դեպքերում՝

1)     նավի անհետ կորչելը.

2)     նավի եւ (կամ) բեռի ոչնչանալը (ամբողջական փաստացի կորուստը).

3)     նավի կառուցվածքի կործանումը.

4)     վնասվածքները վերացնելու կամ ապահովագրված բեռը նշանակման վայր հասցնելու տնտեսական աննպատակահարմարությունը.

5)     զավթման վտանգից ապահովագրված նավի եւ (կամ) բեռի զավթումը, եթե զավթումը տեւում է ավելի, քան երկու ամիս:

2.Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում ապահովագրողին են անցնում՝

1)գույքն ամբողջ ապահովագրական արժեքով ապահովագրելիս՝ ապահովագրված գույքի նկատմամբ բոլոր իրավունքները.

2)գույքն ապահովագրական արժեքի մի մասով ապահովագրելիս՝ ապահովագրված գույքի մասնաբաժնի նկատմամբ իրավունքները՝ ապահովագրական գումարի (պատասխանատվության սահմանաչափի) եւ ապահովագրական արժեքի հարաբերակցությանը համամասն։

3.Կողմերի՝ սույն հոդվածի կանոններին հակասող համաձայնությունն առոչինչ է։

 

Հոդված 206. Հրաժարվելու մասին դիմումը

1.Հրաժարվելու մասին դիմումը ապահովագրողին պետք է ներկայացվի սույն օրենսգրքի 36-րդ եւ 206-րդ հոդվածներում նշված հանգամանքները վրա հասնելու կամ ժամկետները լրանալու պահից վեց ամսվա ընթացքում:

2.Վեց ամիսը լրանալուց հետո ապահովադիրը կամ շահառուն զրկվում է հրաժարվելու իրավունքից, սակայն կարող է պահանջել վնասների հատուցում ընդհանուր հիմունքներով:

3.Հրաժարվելու մասին դիմումը չի կարող պայմանականորեն ներկայացվել ապահովադիրի կամ շահառուի կողմից եւ չի կարող հետ վերցվել։

4.Կողմերի՝ սույն հոդվածի կանոններին հակասող համաձայնությունն առոչինչ է։

 

Հոդված 207. Փոխադարձ ապահովագրության ասոցիացիաները

1.Նավատերերն իրավունք ունեն անդամագրվելու միջազգային ասոցիացիաներին՝ իրենց պատասխանատվության բոլոր տեսակների փոխադարձ ապահովագրության համար:

 

ԲԱԺԻՆ XI

ՆԱՎԻ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՆԱՎԻ ՀԻՓՈԹԵՔԸ

ԳԼՈՒԽ 20

ՆԱՎԻ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՆԱՎԻ ՀԻՓՈԹԵՔԸ

Հոդված 210. Նավերի հիփոթեքային իրավունքը

1.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում գրանցված նավը կամ կառուցվող նավը, որի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված է Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում, կարող է գրավադրվել նավի կամ կառուցվող նավի սեփականատիրոջ (գրավատուի) եւ պարտատիրոջ (գրավառուի) միջեւ պայմանագրով սահմանված դրամական պարտավորության ապահովման նպատակով, նավերի այն նույն ռեեստրում կամ նույն նավերի գրանցամատյանում հիփոթեքի հետագա գրանցմամբ, որոնցում գրանցված է նավը կամ կառուցվող նավի նկատմամբ սեփականության իրավունքը:

2.Օտարերկրյա նավի, այդ թվում՝ այն նավի հիփոթեքը, որին ժամանակավորապես իրավունք է տրվել նավարկելու Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո, ինչպես նաեւ օտարերկրյա պատվիրատուի համար կառուցվող նավի հիփոթեքը չի կարող գրանցվել Հայաստանի Հանրապետությունում:

3.Եթե նավը կամ կառուցվող նավը ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա կարող է գրավադրվել նավում կամ կառուցվող նավում ցանկացած մասնաբաժին:

4.Ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող նավը կամ կառուցվող նավը կարող է գրավադրվել բոլոր սեփականատերերի համաձայնությամբ: Նավում կամ կառուցվող նավում մասնաբաժնի սեփականատերն իրավունք ունի ինքնուրույն գրավադրել իր մասնաբաժինը, սակայն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ամբողջ նավը կամ կառուցվող նավը կարող է գրավադրվել բոլոր սեփականատերերի համաձայնությամբ:

 

Հոդված 211. Նավի կամ կառուցվող նավի հիփոթեքի պայմանագրի ձեւը եւ էական պայմանները

1.Նավի կամ կառուցվող նավի հիփոթեքի պայմանագիրը կնքվում է գրավոր եւ հաստատվում նոտարական կարգով:

2.Նավի կամ կառուցվող նավի հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն կողմերի անվանումները եւ գտնվելու վայրերը, հիփոթեքի առարկան, հիփոթեքով ապահովվող պարտավորության բովանդակությունը, չափը եւ կատարման ժամկետը, նավի արժեքը եւ գտնվելու վայրը, ինչպես նաեւ ցանկացած այլ պայման, որի շուրջ կողմերից մեկի դիմումով պետք է համաձայնություն ձեռք բերվի:

 

Հոդված 212. Նավի կամ կառուցվող նավի հիփոթեքի առարկան

1.Եթե նավի հիփոթեքի պայմանագրով այլ բան նախատեսված չէ, նավի հիփոթեքը տարածվում է այն առարկաների վրա, որոնք անքակտելիորեն կապված են նավի հետ եւ պատկանում են նավի սեփականատիրոջը, ինչպես նաեւ նավի ծովային ապահովագրության պայմանագրին համապատասխան հասանելիք ապահովագրական հատուցման վրա՝ նավաբեկության համար պատասխանատվության պայմաններով: Նավի հիփոթեքը չի տարածվում նավափոխադրավճարի վրա:

2.Եթե կառուցվող նավի հիփոթեքի պայմանագրով այլ բան նախատեսված չէ, կառուցվող նավի հիփոթեքը տարածվում է դրա կառուցման համար նախատեսված նյութերի եւ սարքավորումների վրա՝ պայմանով, որ դրանք գտնվում են նավաշինարաններում եւ հստակ նույնականացված են մակնշման կամ այլ եղանակով, ինչպես նաեւ նավի ծովային ապահովագրության պայմանագրին համապատասխան հասանելիք ապահովագրական հատուցման վրա՝ կառուցվող նավի նավաբեկության համար պատասխանատվության պայմաններով:

3.Այն դեպքում, երբ նավի կամ կառուցվող նավի հիփոթեքի առարկան երկու կամ ավելի նավեր կամ կառուցվող նավեր են, դրանցից յուրաքանչյուրն առանձին կամ բոլորը միասին պարտավորության՝ ողջ ծավալով կատարումն ապահովող միջոցներ են, եթե միայն պայմանագրով ուղղակիորեն նախատեսված չէ, թե ինչ ծավալով է պարտավորության կատարումն ապահովվում յուրաքանչյուր նավի կողմից առանձին: Այդ ապահովման չափի մասին տվյալները Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում պետք է ներառվեն հիփոթեքի գրանցման ժամանակ:

 

Հոդված 213. Նավի կամ կառուցվող նավի հիփոթեքի պետական գրանցումը

1.Նավի կամ կառուցվող նավի հիփոթեքը կամ դրանցում մասնաբաժինները գրանցվում են գրավատուի կամ գրավառուի դիմումի համաձայն:

2.Պետական գրանցման դիմումի մեջ նշվում են՝

1)     նավի (անվանումը, պետական գրանցման նավահանգիստը, գրանցման համարը, նավի տիպը եւ դասը, տոննաժը) կամ կառուցվող նավի (նավի կառուցման վայրը, կառուցապատման համարը, նավի տիպը, կիլի երկարությունը եւ այլ հիմնական չափեր, գրանցման համարը) նույնականացման տվյալները․

2)     գրավատուի անվանումը եւ հասցեն․

3)     գրավառուի անվանումը եւ հասցեն․

4)     նավի կամ կառուցվող նավի հիփոթեքի պայմանագրի համաձայն հիփոթեքով ապահովված պարտավորության չափը, իսկ երկու եւ ավելի նավերի կամ կառուցվող նավերի հիփոթեքի դեպքում՝ այն չափը, որով պարտավորության կատարումն ապահովվում է յուրաքանչյուր նավի հիփոթեքով առանձին՝ դրա մասին կողմերի համաձայնության առկայության դեպքում․  

5)     հիփոթեքի ավարտի օրը:

6.Պետական գրանցման դիմումին կցվում է հիփոթեքի պայմանագրի՝ նոտարական կարգով հաստատված պատճենը:

7.Հիփոթեքը գրանցվում է պետական գրանցման դիմումի ստացման օրը:

8.Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստր կամ նավերի գրանցամատյան են մուտքագրվում պետական գրանցման դիմումում նշված բոլոր տեղեկությունները՝ սույն հոդվածի երկրորդ մասին համապատասխան:

9.Հիփոթեքը գրանցած մարմինը գրավատուին եւ գրավառուին պետք է տրամադրի պետական գրանցման վկայական՝ Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում առկա տեղեկություններին համապատասխան:

10.Նավի հիփոթեքի պետական գրանցման դեպքում չի պահանջվում նավային փաստաթղթերում որեւէ տեսակի գրառում կատարել:

 

Հոդված 214. Նավի կամ կառուցվող նավի հիփոթեքով ապահովված պարտավորություններից բխող պահանջները բավարարելու հերթականությունը

1.Եթե երկու եւ ավելի հիփոթեքներ գրանցված են միեւնույն նավի կամ կառուցվող նավի վրա, կամ նավում կամ կառուցվող նավում միեւնույն մասնաբաժնի վրա, հիփոթեքով ապահովված պարտավորություններից բխող պահանջների բավարարման հերթականությունը սահմանվում է ըստ դրանց պետական գրանցման ժամանակի: Ավելի վաղ գրանցված հիփոթեքը առաջնահերթություն ունի ավելի ուշ գրանցված հիփոթեքի նկատմամբ: Ընդ որում, միեւնույն օրը գրանցված հիփոթեքները հավասարազոր են:

2.Հիփոթեքով ապահովված պարտավորություններից բխող պահանջների բավարարման՝ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հերթականությունը կարող է փոփոխվել գրավատուի եւ գրավառուի համաձայնությամբ: Այդ համաձայնությունը ենթակա է Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում գրանցման:

 

Հոդված 215. Հետագա հիփոթեքը

1.Հետագա հիփոթեքը թույլատրվում է, եթե այն արգելված չէ հիփոթեքի մասին նախորդող պայմանագրերով:

2.Գրավատուն պարտավոր է յուրաքանչյուր հաջորդ գրավառուին հայտնել նավի կամ կառուցվող նավի բոլոր առկա հիփոթեքների, ինչպես նաեւ այդ հիփոթեքներով ապահովված պարտավորությունների բնույթի եւ չափի մասին: Գրավատուն պարտավոր է հատուցել այդ պարտականությունը չկատարելու հետեւանքով ցանկացած գրավառուի պատճառված վնասները:

 

Հոդված 216. Հիփոթեքի պայմանագրով իրավունքները զիջելը

1.Գրավառուն իրավունք ունի հիփոթեքի պայմանագրով իր իրավունքները զիջել այլ անձի:

2.Հիփոթեքի պայմանագրով իրավունքները զիջելու դեպքում Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում կատարվում է գրառում զիջելու ժամանակի, այն անձի անվանման եւ հասցեի վերաբերյալ, որի օգտին կատարվել է զիջումը:

 

Հոդված 217. Հիփոթեքի առարկայի պահպանվածությունը

1.Գրավատուն պարտավոր է պատշաճ միջոցներ ձեռնարկել գրավադրված նավի կամ կառուցվող նավի պահպանությունը եւ սարքինությունն ապահովելու համար: Եթե սույն պարտականությունը չկատարելը հանգեցնում է գրավադրված նավի կամ կառուցվող նավի զգալի արժեզրկմանը, գրավառուն իրավունք ունի հարկադրաբար իրացնել գրավադրված նավը կամ կառուցվող նավը, նույնիսկ եթե պարտավորության կատարման ժամկետը վրա չի հասել:

 

Հոդված 218. Հիփոթեքը՝ նավի կամ կառուցվող նավի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման դեպքում

1.Նավի կամ կառուցվող նավի հիփոթեքը գործում է նավի կամ կառուցվող նավի նկատմամբ սեփականության իրավունքի կամավոր փոփոխության դեպքում՝ անկախ այն բանից, թե արդյոք գնորդը կամ այլ ձեռքբերող ստանձնել է հիփոթեքով ապահովված պարտավորության կատարումը:

2.Նավի կամ կառուցվող նավի նկատմամբ սեփականության իրավունքը օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձին կամավոր փոխանցման դեպքում նավի կամ կառուցվող նավի հիփոթեքը չի կարող հանվել Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրից կամ նավերի գրանցամատյանից՝ առանց գրանցված հիփոթեքների բոլոր գրավառուների գրավոր համաձայնության:

 

Հոդված 219. Նավի կամ կառուցվող նավի հարկադիր վաճառքի հիմքը

1.Գրավատուի կողմից պարտքը վճարելու՝ հիփոթեքով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում նավը կամ կառուցվող նավը կարող է վաճառվել դատարանի որոշմամբ՝ ըստ արգելադրված նավի կամ կառուցվող նավի գտնվելու վայրի:

 

Հոդված 220. Նավի կամ կառուցվող նավի հարկադիր վաճառքի վերաբերյալ դատարանի որոշման մասին հանրությանը իրազեկելը

1.Նավի կամ կառուցվող նավի հարկադիր վաճառքի մասին դատարանի որոշումը հրապարակվում է հանրապետական թերթերից որեւէ մեկում երեք օրվա ընթացքում անընդմեջ:

2.Հրապարակումը պետք է ներառի՝

1)     որոշումն ընդունած դատարանի անվանումը, որոշումն ընդունելու օրը․

2)     վաճառքի պատճառները եւ հիմքերը․

3)     վաճառքի եղանակը, վայրը եւ ժամանակը․

4)     նավի կամ կառուցվող նավի մասին տեղեկատվությունը․

5)     առաջարկներ պարտատերերին՝ հրատարակման օրվանից սկսած վաթսուն օրվա ընթացքում դատարան ներկայացնել նավի կամ կառուցվող նավի նկատմամբ իրենց պահանջները․

6)     այլ էական տեղեկատվություն:

 

Հոդված 221. Նավի կամ կառուցվող նավի հարկադիր վաճառքի մասին ծանուցումը

1.Դատարանը նավի կամ կառուցվող նավի վաճառքից առնվազն երեսուն օր առաջ պետք է ուղարկի նավի կամ կառուցվող նավի վաճառքի ժամի եւ վայրի վերաբերյալ ծանուցում՝ հանձնման մասին ծանուցմամբ՝

1)նավը կամ կառուցվող նավի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցած մարմնին,

2)գրանցված հիփոթեքների բոլոր գրավառուներին:

2.Նավի կամ կառուցվող նավի հարկադիր վաճառքի մասին պահանջ ներկայացրած անձը պետք է դատարան ներկայացնի քաղվածք Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրից կամ նավերի գրանցամատյանից՝ կցելով գրանցված հիփոթեքների գրավառուների ցուցակը եւ նրանց հասցեները:

 

Հոդված 222. Նավի կամ կառուցվող նավի հարկադիր վաճառքի հետեւանքները

1.Նավի կամ կառուցվող նավի հարկադիր վաճառքի դեպքում բոլոր հիփոթեքները, բացառությամբ այն հիփոթեքների, որոնք ստանձնել է նավի կամ կառուցվող նավի գնորդը, ինչպես նաեւ ցանկացած տեսակի այլ ծանրաբեռնվածության գործողությունը դադարում է նավի կամ կառուցվող նավի նկատմամբ:

2.Նավի կամ կառուցվող նավի գնորդի խնդրանքով դատարանը վերջինիս տրամադրում է փաստաթուղթ, որը հավաստում է, որ վաճառված նավը կամ կառուցվող նավը ծանրաբեռնված չէ հիփոթեքներով, բացառությամբ այն հիփոթեքների, որոնց նկատմամբ պարտավորությունների կատարումն ստանձնել է գնորդը:

3.Սույն հոդվածի երկրորդ մասում նշված փաստաթուղթը ներկայացնելու դեպքում նավերի եւ կառուցվող նավի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնող մարմինը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրից կամ նավերի գրանցամատյանից հանել տվյալ նավի կամ կառուցվող նավի նկատմամբ գրանցված բոլոր հիփոթեքները՝ բացառությամբ այն հիփոթեքների, որոնց գծով պարտավորությունների կատարումը ստանձնել է գնորդը:

4.Եթե նավի կամ կառուցվող նավի գնորդը Հայաստանի Հանրապետության իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձ է, նավը կամ կառուցվող նավի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է գրանցվի այդ գնորդի անունով: Եթե գնորդն օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, նավերի եւ կառուցվող նավերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմինը պարտավոր է այդ գնորդին տրամադրել տվյալ նավը Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրից կամ նավերի գրանցամատյանից հանելու մասին վկայական՝ օտարերկրյա պետության նավերի ռեեստրում դա գրանցելու նպատակով:

 

Հոդված 223. Նավի կամ կառուցվող նավի հարկադիր վաճառքից ստացված հասույթից ծախսերի առաջնահերթ վճարումը

1.Նավի կամ կառուցվող նավի վրա կալանք դնելու կամ արգելապահելու եւ դրա հետագա վաճառքի հետեւանքով առաջացած ծախսերը՝ ներառյալ նավի վրա արգելանք կամ կալանք դնելու պահից սկսած դրա պահպանության ծախսերը, նավի անձնակազմի հայրենադարձման եւ վաճառքից ստացած հասույթի բաշխման ծախսերն առաջին հերթին վճարվում են դրա վաճառքից գոյացած հասույթից:

 

Հոդված 224. Նավի կամ կառուցվող նավի հիփոթեքի դադարեցումը

1.Նավի կամ կառուցվող նավի հիփոթեքը կարող է դադարեցվել հետեւյալ դեպքերում՝

1)     հիփոթեքով ապահովված պարտավորության դադարմամբ․

2)     նավի կամ կառուցվող նավի հարկադիր վաճառքի դեպքում՝ բացառությամբ սույն օրենսգրքի 222-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքի․

3)     նավի կամ կառուցվող նավի նավաբեկության դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նավի կամ կառուցվող նավի հիփոթեքի գրավառուն կարող է նավի կամ կառուցվող նավի նավաբեկության հետ կապված իրեն հասանելիք ապահովագրական հատուցման պահանջը բավարարել ծովային ապահովագրության պայմանագրին համապատասխան․

4)     գրավատուի եւ գրավառուի միջեւ համաձայնության առկայության դեպքում:

2.Գրավատուի պահանջով գրավառուն պարտավոր է նրան տրամադրել պատշաճ կերպով հավաստված փաստաթուղթ, որը հաստատում է պարտավորությունների ամբողջությամբ կամ մասամբ կատարումը:

3.Հիփոթեքը գրանցած մարմինը սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում հիփոթեքը դադարեցնելու մասին ապացույցներ ներկայացնելիս այն դադարեցնելու մասին գրառում է կատարում Հայաստանի Հանրապետության ծովային նավերի պետական ռեեստրում կամ նավերի գրանցամատյանում:

 

ԲԱԺԻՆ ХII

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՎԹԱՐՆԵՐԸ,  
ԾՈՎԱՅԻՆ ԲՈՂՈՔՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 21

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԹԱՐԸ

Հոդված 225. Ընդհանուր վթարի հասկացությունը

1.Ընդհանուր վթար են ճանաչվում այն վնասները, որոնք պատճառվել են մտածված եւ գիտակցաբար կատարված արտակարգ ծախսերի կամ զոհողությունների հետեւանքով՝ ընդհանուր անվտանգության նկատառումներով, նավը, նավափոխադրավճարը եւ նավով փոխադրվող բեռը դրանց սպառնացող ընդհանուր վտանգից պաշտպանելու նպատակով:

2.Ընդհանուր վթար են ճանաչվում միայն այնպիսի վնասները, որոնք սույն հոդվածի առաջին մասում նշված գործողությունների ուղղակի հետեւանք են:

 

Հոդված 226. Ընդհանուր վթարի բաշխման սկզբունքները

1.Ընդհանուր վթարը բաշխվում է նավի, բեռի եւ նավափոխադրավճարների միջեւ՝ սույն օրենսգրքի 244-րդ հոդվածում ներառված կանոններին համապատասխան որոշվող դրանց արժեքին համամասնորեն։

2.Ընդհանուր վթարի բաշխման կարգով վնասների հատուցման իրավունքը պահպանվում է, եթե արտակարգ ծախսերի կամ զոհողությունների հանգեցրած վտանգն առաջացել է ծովային փոխադրման պայմանագրի կողմերից մեկի կամ երրորդ անձի մեղքով: Այդ բաշխումն ընդհանուր վթարի մասնակիցներին չի զրկում կրած վնասները համապատասխան անձից գանձելու իրավունքից:

 

Հոդված 227. Ընդհանուր վթարի մասին կանոնների կիրառումը

1.Կողմերի համաձայնությամբ կարող են սահմանվել ընդհանուր վթարի մասին այլ կանոններ՝ բացառությամբ սույն օրենսգրքի 225-րդ, 245-249-րդ հոդվածներում ներառված կանոնների:

2.Ազգային օրենսդրության մեջ վթարի տեսակը սահմանող կանոնների բացակայության դեպքում այդ կանոնները կարող են սահմանվել կողմերի համաձայնությամբ կամ առեւտրային ծովագնացության միջազգային սովորույթներով:

 

Հոդված 228. Ապաստարան մուտք գործելու հետ կապված նավի ընդհանուր վթարը

1.Ընդհանուր վթար են ճանաչվում այն ծախսերը, որոնք կապված են ընդհանուր անվտանգության նկատառումներից ելնելով նավահանգիստ նավի մուտք գործելու կամ վերադառնալու անհրաժեշտություն առաջացրած դժբախտ պատահարի կամ այլ արտակարգ հանգամանքի հետեւանքով նավահանգիստ կամ այլ ապաստարան նավի մուտք գործելու կամ դեպի նավահանգիստ կամ բեռնման այլ վայր նավի վերադառնալու հետ։

2.Այն դեպքերում, երբ ապաստարան նավի մուտք գործելու կամ բեռնման վայր վերադառնալու ծախսերը ճանաչվում են ընդհանուր վթար, ապա ընդհանուր վթար են ճանաչվում նաեւ այն ծախսերը, որոնք կապված են այդ վայրից նախնական բեռով կամ դրա մի մասով նավի ելքի հետ:

3.Նավի անձնակազմի աշխատավարձի եւ դրամական բավարարման, վառելիքի եւ մատակարարման առարկաների հետ կապված ծախսերը, որոնք կատարվել են սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերում նշված հանգամանքներում ապաստարան նավի մուտք գործելու կամ բեռնման վայր վերադառնալու հետ կապված ուղերթի երկարացման կապակցությամբ, ճանաչվում են ընդհանուր վթար:

4.Սույն հոդվածի առաջին, երկրորդ եւ երրորդ մասերում ներառված կանոնները համապատասխանաբար կիրառվում են այն ծախսերի նկատմամբ, որոնք առաջացել են դեպի այլ նավահանգիստ կամ այլ վայր նավի՝ այն ապաստարանից տեղափոխվելու արդյունքում, ուր այն մուտք էր գործել կամ վերադարձել, եւ որտեղ դրա վերանորոգումը չի կարող կատարվել՝ ներառյալ նավի ժամանակավոր վերանորոգման, քարշակման եւ ուղերթի երկարացման հետ կապված ծախսերը:

 

Հոդված 229. Բեռը, վառելիքը եւ մատակարարման առարկաները նավի վրա տեղափոխելու, բեռնահանելու եւ հետ բեռնելու հետ կապված ծախսերը

1.Ընդհանուր վթար են ճանաչվում նավի բեռնման, մուտքի կամ ապաստարանի վայրում բեռը, վառելիքը եւ մատակարարման առարկաները նավի վրա տեղափոխելու կամ բեռնահանելու հետ կապված ծախսերը, որոնք կատարվել են ընդհանուր անվտանգության նկատառումներից ելնելով կամ դժբախտ պատահարի կամ այլ արտակարգ հանգամանքների արդյունքում նավին պատճառված վնասվածքները վերացնելու հնարավորություն ձեռք բերելու համար, եթե այդ շտկումները անհրաժեշտ են եղել ուղերթն անվտանգ շարունակելու համար: Բեռը, վառելիքը եւ մատակարարման առարկաները նավի վրա տեղափոխելու կամ բեռնահանելու հետ կապված ծախսերը չեն ճանաչվում ընդհանուր վթար, եթե.

1)     դրանք կատարվել են բացառապես վերափաթեթավորման նպատակով, որն առաջացել է ուղերթի ժամանակ բեռի, վառելիքի եւ մատակարարման առարկաների տեղաշարժման հետեւանքով, եւ այդ վերափաթեթավորումը անհրաժեշտ չի եղել ընդհանուր անվտանգության համար․

2)     բեռնման, մուտքի կամ ապաստարանի վայրում պարզված՝ նավի վերանորոգման անհրաժեշտությունն առաջացել է այնպիսի վնասվածքների արդյունքում, որոնք կապված չեն տվյալ ուղերթի ընթացքում տեղի ունեցած որեւէ դժբախտ պատահարի կամ այլ արտակարգ հանգամանքի հետ:

2.Սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներում բեռնված կամ տեղափոխված բեռը, վառելիքը եւ մատակարարման առարկաները հետբեռնելու եւ դասավորելու հետ կապված ծախսերը, պահպանման բոլոր, այդ թվում՝ ապահովագրական ծախսերի հետ միասին, նույնպես ճանաչվում են ընդհանուր վթար։

3.Սույն օրենսգրքի 231-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են նավի այն ուշանալու հետեւանքով կատարված ծախսերի նկատմամբ, որն առաջացել է բեռը, վառելիքը կամ մատակարարման առարկաները հետ բեռնելու կամ դասավորելու արդյունքում:

 

Հոդված 230. Նավի ժամանակավոր վերանորոգման ծախսերը

1.Նավի ընդհանուր անվտանգության կամ վնասվածքների վերացման նպատակով բեռնման, մուտքի կամ ապաստարանի վայրում կատարված՝ նավի ժամանակավոր վերանորոգման ծախսերը դասվում են ընդհանուր վթարների շարքին: Միայն ուղերթն ավարտելու համար անհրաժեշտ՝ պատահական վնասվածքները ժամանակավորապես վերացնելուն ուղղված ծախսերը հատուցվում են միայն այն խուսափելի ծախսերի շրջանակներում, որոնք կարող էին վերաբերել ընդհանուր վթարին, եթե այն վերացված չլիներ:

 

Հոդված 231. Ընդհանուր անվտանգության նկատառումներով նավի ուշացմամբ պայմանավորված ծախսերը

1.Ընդհանուր վթար են ճանաչվում նավի անձնակազմի աշխատավարձի վճարման եւ պահպանման ծախսերը, որոնք որեւէ նավահանգստում կամ վայրում նավի ուշացման ժամանակ ծագել են դժբախտ պատահարի, զոհողության կամ այլ արտակարգ հանգամանքի հետեւանքով՝ ընդհանուր անվտանգության կամ այն վնասվածքների վերացման նպատակով, որոնք առաջացել են այդ դժբախտ պատահարի, զոհողության կամ այլ արտակարգ հանգամանքի պատճառով, եթե վնասվածքների վերացումն անհրաժեշտ է ուղերթն անվտանգ շարունակելու համար: Վառելիքի, մատակարարման առարկաների եւ նավահանգստի հետ կապված ծախսերը, որոնք առաջացել են նավի ուշացման ընթացքում, հատուցվում են ընդհանուր վթարի բաշխման կարգով՝ բացառությամբ վնասվածքների վերացմանն ուղղված այն ծախսերի, որոնք չեն վերաբերում ընդհանուր վթարին:

2.Սույն հոդվածի առաջին մասի կանոնները չեն կիրառվում այն վնասվածքների վերացմամբ պայմանավորված՝ նավի ուշացման ընթացքում կատարված ծախսերի առնչությամբ, որոնք կապված չեն ուղերթի ընթացքում տեղի ունեցած որեւէ դժբախտ պատահարի կամ այլ արտակարգ հանգամանքի հետ: Այդ ծախսերը չեն ճանաչվում ընդհանուր վթար, նույնիսկ եթե դրանց նորոգումն անհրաժեշտ է եղել ուղերթն անվտանգ շարունակելու համար:

 

Հոդված 232. Նավը նավարկության համար ոչ պիտանի ճանաչելու եւ ուղերթը դադարեցնելու հետեւանքները

Եթե նավը ճանաչվել է նավարկության համար ոչ պիտանի կամ հրաժարվել է ուղերթը շարունակելուց, սույն օրենսգրքի 229-րդ հոդվածի երկրորդ մասով եւ 231-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված՝ նավի անձնակազմի պահպանման, ապահովագրման, աշխատավարձի վճարման եւ դրամական բավարարման, վառելիքի, նավի մատակարարման եւ նավահանգստային ծախսերից ընդհանուր վթարին են դասվում միայն այն ծախսերը, որոնք կատարվել են մինչ նավը նավարկության համար ոչ պիտակի ճանաչելը կամ ուղերթից հրաժարվելը, իսկ եթե մինչեւ այդ ժամանակը բեռնաթափումը դեռ չի ավարտվել՝ մինչ բեռի բեռնաթափման ավարտը:

 

Հոդված 233. Փրկարարական ծախսերով պայմանավորված ընդհանուր վթարը

1.Եթե փրկարարական գործողությունները կատարվել են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածում նշված նպատակներով, փրկարարական ծախսերը ճանաչվում են ընդհանուր վթար՝ անկախ այն բանից՝ փրկարարական գործողությունները կատարվել են պայմանագրի հիման վրա, թե այլ կերպ:

2.Սույն հոդվածի առաջին մասում նշված ծախսերը ներառում են փրկարարական վարձատրությունը, որը սահմանելիս հաշվի են առնվում փրկարարների հմտությունը եւ շրջակա միջավայրին հասցվելիք վնասը կանխելուն կամ նվազեցնելուն ուղղված ջանքերը:

3.Հատուկ փոխհատուցումը, որը նավատիրոջ կողմից փրկարարին վճարվում է սույն օրենսգրքի 267-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված չափով, ընդհանուր վթար չի ճանաչվում:

 

Հոդված 234. Փրկարարական միջոցառումների իրականացմամբ պայմանավորված ընդհանուր վթարը

1.Սույն օրենսգրքի 225-րդ հոդվածում նշված հատկանիշների առկայության դեպքում ընդհանուր վնաս են ճանաչվում՝

1)     վնասները, որոնք պատճառվել են բեռը նավից դուրս նետելու հետեւանքով, ինչպես նաեւ նավին եւ բեռին պատճառված վնասները, որոնք առաջացել են ընդհանուր անվտանգության նպատակով կատարված զոհողության հետեւանքով, մասնավորապես՝ բեռը դուրս շպրտելու համար բացված մտոցներով կամ դրա համար բացված այլ անցքերով նավամբարի մեջ ջրի ներթափանցման հետեւանքով․

2)     վնասները, որոնք նավին կամ բեռին պատճառվել են նավի վրա հրդեհը մարելու ժամանակ՝ ներառյալ վնասները, որոնք պատճառվել են այդ նպատակով նավն ափ շպրտելու կամ այրվող նավը ջրասույզ անելու հետեւանքով․

3)     վնասները, որոնք նավին կամ բեռին պատճառվել են՝ նավը դիտավորյալ կերպով ծանծաղուտի մեջ կանգնեցնելով՝ անկախ այն բանից՝ արդյոք նավը կարող էր ինքնուրույն ծանծաղուտի մեջ ընկնել․

4)     ծանծաղուտի մեջ գտնվող նավի շարժիչների, այլ մեքենաների կամ կաթսաների վնասվածքով պայմանավորված վնասները, որոնք պատճառվել են նավը ծանծաղուտից հանելու ջանքերի արդյունքում ․

5)     արտակարգ ծախսերը, որոնք ուղղված են բեռի, վառելիքի կամ մատակարարման առարկաների՝ նավից դեպի լիխտերներ փոխաբեռնելու միջոցով ծանծաղուտի մեջ գտնվող նավը թեթեւացնելուն, լիխտերների վարձակալությանը եւ դրանք նավի վրա հետ բեռնելուն, ինչպես նաեւ դրա հետեւանքով պատճառված այլ վնասներ:

 

Հոդված 235. Բեռի, վառելիքի եւ մատակարարման առարկաների վնասվելու կամ ոչնչանալու հետեւանքով պատճառված վնասները

1.Բեռի, վառելիքի եւ մատակարարման առարկաների վնասվելու կամ ոչնչանալու հետեւանքով առաջացած վնասները, որոնք պատճառվել են դրանք նավի վրա տեղափոխելու, նավից բեռնահանելու, հետ բեռնելու եւ դասավորելու, ինչպես նաեւ պահպանելու արդյունքում, ճանաչվում են ընդհանուր վթար այն դեպքերում, երբ այդ գործողություններն իրականացնելուն ուղղված ծախսերը ինքնին ընդհանուր վթար են համարվում:

 

Հոդված 236. Նավափոխադրավճարի կորստի հետեւանքով պատճառված վնասները

1.Բեռի կորստով պայմանավորված նավափոխադրավճարի կորուստն ընդհանուր վթար է ճանաչվում այն դեպքերում, երբ բեռի կորուստը հատուցվում է ընդհանուր վթարի բաշխման կարգով: Ընդ որում, նավափոխադրավճարից հանվում են այն ծախսերը, որոնք նավատիրոջ կողմից կարող էին կատարված լինել այն ձեռք բերելու համար, սակայն զոհողության պատճառով չեն կատարվել:

 

Հոդված 237. Փոխարինող ծախսերը

1.Ընդհանուր վթար են ճանաչվում բոլոր այն արտակարգ ծախսերը, որոնք կատարվել են այլ ծախսերի փոխարեն, որոնք կարող էին վերաբերել ընդհանուր վթարին (փոխարինող ծախսեր): Փոխարինող ծախսերը հատուցվում են միայն խուսափելի ծախսերի շրջանակներում՝ անկախ խնայողությունից, որն ստացել է ընդհանուր վթարի մասնակիցներից որեւէ մեկը՝ այդ փոխարինող ծախսերի արդյունքում:

 

Հոդված 238. Նավի, դրա մեքենաների կամ պարագաների վնասվելու արդյունքում առաջացած վնասները

1.Նավի, դրա մեքենաների կամ պարագաների վնասվելու արդյունքում առաջացած՝ ընդհանուր վթար կազմող վնասները որոշվում են՝ ելնելով այն մասերի նորոգման, վերանորոգման կամ փոխարինման արժեքից, որոնք վնասվել կամ կորել են: Ընդ որում, կատարվում են զեղչեր՝ ըստ սույն օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված կանոնների:

2.Եթե նավի նորոգում չի իրականացվել, դրա վնասվելու արդյունքում առաջացած վնասները որոշվում են այն գումարի չափով, որով նավի արժեքը վնասվելու արդյունքում նվազել է, սակայն ոչ ավելի, քան վերանորոգման արժեքը՝ համաձայն նախահաշվի:

 

Հոդված 239. «Հնի փոխարեն նորի համար» զեղչերը

1.Եթե տասնհինգ տարվա վաղեմության նավի նորոգման ժամանակ նավի հին նյութերը կամ մասերը փոխարինվում են նորերով, ապա սույն օրենսգրքի 238-րդ հոդվածին համապատասխան ընդհանուր վթարին առնչվող նորոգման արժեքը նվազեցվում է մեկ երրորդով՝ բացառությամբ սույն հոդվածի երկրորդ, երրորդ եւ չորրորդ մասերով նախատեսված դեպքերի:

2.«Հնի փոխարեն նորի համար» զեղչերը չեն կատարվում սույն օրենսգրքի 230-րդ հոդվածին համապատասխան ընդհանուր վթար ճանաչվող՝ նավերի ժամանակավոր նորոգման արժեքից, ինչպես նաեւ պարենի, մատակարարման առարկաների, խարիսխների եւ խարիսխների շղթաների արժեքից:

3.Նավի վերանորոգման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ չոր նավանորոգարանի, նավարանների եւ նավի փոխադրման ծախսերն ամբողջությամբ դասվում են ընդհանուր վթարին:

4.Նավը վերանորոգելու ժամանակ դրա կորպուսի մաքրման, ներկման եւ երեսպատման հետ կապված ծախսերը ճանաչվում են հիսուն տոկոսի չափով ընդհանուր վթար՝ պայմանով, որ իրանի նախորդ ներկումը կամ երեսպատումն իրականացվել են ընդհանուր վթարը տեղի ունենալուց առաջ՝ վերջին տասներկու ամիսների ընթացքում:

5.«Հնի փոխարեն նորի համար» զեղչերը կիրառելու համար նավի տարիքը հաշվարկվում է դրա կառուցումն ավարտելու տարվա դեկտեմբերի 31-ից:

6.Մեկուսացման, փրկարարական եւ այլ մակույկների, կապի միջոցների, նավիգացիոն սարքերի եւ սարքավորումների, մեքենաների եւ կաթսաների դեպքում հաշվի է առնվում դրանց փաստացի տարիքը:

 

Հոդված 240. Նավի կործանմամբ պատճառված վնասները

1.Նավի կործանման կամ դրա ամբողջական կառուցվածքի կործանման դեպքում ընդհանուր վթարին դասվող վնասները կազմում են այն տարբերությունը, որը գոյություն ունի ընդհանուր վթարին չդասվող վնասվածքների վերացման նախահաշվային արժեքը չներառելով՝ անվնաս վիճակում նավի գնահատված արժեքի եւ այն զուտ հասույթի միջեւ, որը հնարավոր կլիներ ստանալ նավից մնացած մասերի վաճառքից:

 

Հոդված 241. Բեռի ոչնչանալու կամ վնասվելու արդյունքում պատճառված վնասները

1.Բեռի ոչնչանալու կամ վնասվելու արդյունքում պատճառված՝ ընդհանուր վթարին առնչվող վնասները սահմանվում են բեռնաթափման պահին դրա արժեքին համապատասխան, որը սահմանվում է ստացողին ներկայացված առեւտրային հաշվի հիման վրա, իսկ հաշվի բացակայության դեպքում՝ բեռնաթափման պահին բեռի արժեքի հիման վրա: Բեռնաթափման պահին բեռի արժեքը ներառում է ապահովագրական եւ նավափոխադրավճարի հետ կապված ծախսերը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նավափոխադրավճարը չի գտնվում բեռնատիրոջ պատասխանատվության ներքո:

2.Վնասված բեռը վաճառելու դեպքում ընդհանուր վթարին դասվող վնասները կազմում են սույն հոդվածի առաջին մասին համապատասխան որոշվող՝ անվնաս վիճակում բեռի արժեքի եւ դրա վաճառքից ստացված զուտ հասույթի միջեւ տարբերությունը:

3.Վնասները, որոնք առաջացել են առանց նավատիրոջ կամ վերջինիս ծովային գործակալների իմացության նավի վրա բեռնված առարկաների վնասվելու կամ ոչնչանալու, ինչպես նաեւ այն բեռների վնասվելու եւ ոչնչանալու արդյունքում, որոնք փոխադրման համար դիտավորյալ հանձնվել են սխալ անվանմամբ, ընդհանուր վթար չեն ճանաչվում: Եթե այդ գույքը փրկվել է, դրա սեփականատերերը պարտավոր են ընդհանուր հիմունքներով մասնակցել ընդհանուր վթարի համար կատարվող ներդրումներին:

4.Այն բեռների սեփականատերերը, որոնց արժեքը փոխադրման հանձնելու պահին հայտարարվել է դրանց իրական արժեքից ցածր, ընդհանուր վթարի համար կատարվող ներդրումներին մասնակցում են բեռների իրական արժեքին համապատասխան, սակայն վնասների հատուցում են ստանում միայն դրանց հայտարարված արժեքին համապատասխան:

 

Հոդված 242. Որպես ընդհանուր վթար փոխհատուցվող ծախսերի համար
միջոցների տրամադրումը

1.Ընդհանուր վթարի բաշխման կարգով փոխհատուցվող ծախսերի գումարին հաշվեգրվում է երկու տոկոսի չափով միջնորդավճար, որը նույնպես առնչվում է ընդհանուր վթարին՝ բացառությամբ նավի անձնակազմի աշխատավարձի եւ դրամական բավարարման, ուղերթի ընթացքում չփոխարինվող վառելիքի եւ մատակարարման առարկաների արժեքի:

2.Ընդհանուր վթարին են դասվում այն ծախսերը, որոնք կատարվում են ընդհանուր վթարային ծախսերի համար անհրաժեշտ միջոցներ ստանալու նպատակով՝ նավի հիփոթեքի, բեռների վաճառքի կամ վարկի ապահովագրության միջոցով:

 

Հոդված 243. Որպես ընդհանուր վթար փոխհատուցվող վնասների տոկոսները

1.Ընդհանուր վթարի բաշխման կարգով փոխհատուցվող ծախսերի գումարին եւ այլ ծախսերին տարեկան յոթ տոկոս է հաշվեգրվում՝ այդ ծախսերը կատարելու պահից մինչ դիսպաչը կազմելու ավարտը: Եթե ընդհանուր վթարի ծախսերի փոխհատուցման կարգով որեւէ տեսակի վճարներ են կատարվել դիսպաչը կազմելը ավարտելուց առաջ, վճարված գումարի տոկոսները հաշվեգրվում են դրանց վճարման օրը ներառյալ:

 

Հոդված 244. Կոնտրիբուցիոն  արժեքը

1.Գույքի (նավի, բեռի եւ նավափոխադրավճարի) արժեքը, որին համաչափ սահմանվում են ընդհանուր վթարի բաշխման կարգով փոխհատուցվող վնասները ծածկելուն ուղղված ներդրումները (կոնտրիբուցիոն արժեք), որոշվում է սույն հոդվածի կանոններին համապատասխան՝ ուղերթի ավարտին այդ գույքի իրական արժեքի հիման վրա: Այդ արժեքին ավելացվում է նվիրաբերված գույքի համար ընդհանուր վթարի դիմաց փոխհատուցվող գումարը, եթե միայն այդ գումարը դրա մեջ արդեն ներառված չէ:

2.Գույքի կոնտրիբուցիոն արժեքը որոշելու ժամանակ հանվում են բոլոր այն լրացուցիչ ծախսերը, որոնք այդ գույքի հետ կապված կատարվել են ընդհանուր վթարի տեղի ունենալուց հետո՝ բացառությամբ այն ծախսերի, որոնք ընդհանուր վթար են ճանաչվում կամ նավին են դասվում սույն օրենսգրքի 267-րդ հոդվածին համապատասխան հատուկ փոխհատուցում վճարելու որոշման հիման վրա:

3.Բեռի կոնտրիբուցիոն արժեքը որոշվում է բեռնաթափման պահին դրա արժեքով, որը սահմանվում է ստացողին ներկայացված առեւտրային հաշվի հիման վրա, իսկ հաշվի բացակայության դեպքում՝ բեռնառաքման պահին բեռի արժեքի հիման վրա:

4.Բեռի արժեքը ներառում է ապահովագրական եւ նավափոխադրավճարի հետ կապված ծախսերը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նավափոխադրավճարը չի գտնվում բեռնատիրոջ պատասխանատվության ներքո:

5.Բեռի արժեքից հանվում են նախքան բեռնաթափումը կամ դրա ընթացքում բեռի ոչնչանալու կամ վնասվելու արդյունքում պատճառված բոլոր վնասների հանրագումարները:

6.Նշանակման վայրին մոտ վաճառված բեռի կոնտրիբուցիոն արժեքը որոշվում է վաճառքից ստացված զուտ հասույթի հանրագումարով՝ դրան ավելացնելով որպես ընդհանուր վթար փոխհատուցվող գումարը:

7.Նավի կոնտրիբուցիոն արժեքը որոշվում է առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ ընդհանուր վթարը տեղի ունենալու պահին նավը շահագործվելիս է եղել բերբոուտ-չարտերի կամ թայմ-չարտերի հիման վրա:

8.Գույքի կոնտրիբուցիոն արժեքը որոշելիս նավատիրոջ պատասխանատվության ներքո գտնվող նավափոխադրավճարի եւ ուղեւորավարձի գումարներից հանվում են այդ գումարները ստանալու, այդ թվում՝ նավի անձնակազմի աշխատավարձը վճարելու նպատակով կատարված ծախսերը, որոնք ստիպված չէին լինի կատարել այն դեպքում, եթե նավը եւ բեռը ոչնչացած լինեին ընդհանուր վթարի հետեւանքով առաջացած հանգամանքներում, եւ որոնք չեն կարող դասվել ընդհանուր վթարին:

9.Ուղեբեռը եւ այլ անձնական իրեր, որոնք չեն փոխադրվել ըստ կոնոսամենտի, հաշվի չեն առնվում գույքի կոնտրիբուցիոն արժեքը եւ ընդհանուր վթարի բաշխման կարգով փոխհատուցվող վնասները ծածկելուն ուղղված ներդրումները որոշելիս:

 

Հոդված 245. Դիսպաչը եւ դիսպաչերները

1.Շահագրգիռ անձանց դիմումով ընդհանուր վթարի առկայությունը որոշվում եւ դրա բաշխման հաշվարկը (դիսպաչը) կատարվում է ծովային իրավունքի ոլորտում համապատասխան գիտելիքներ եւ փորձ ունեցող անձանց (դիսպաչերների) կողմից:

 

Հոդված 246. Ապացույցները եւ նյութերը, որոնց հիման վրա կազմվում է դիսպաչը

1.Ընդհանուր վթարի բաշխումը պահանջող կողմը պարտավոր է ապացուցել, որ նշված վնասները իսկապես պետք է ճանաչվեն ընդհանուր վթար:

2.Անձը, ում շահերը կարող են շոշափվել դիսպաչը կազմելու արդյունքում, դիսպաչերին գրավոր դիմում է ներկայացնում կորուստների կամ ծախսերի մասին, որոնց փոխհատուցումն ինքը պահանջում է՝ ուղերթը ավարտելու օրվանից սկսած տասներկու ամսվա ընթացքում:

3.Այն դեպքում, երբ նման դիմում չի ներկայացվել, կամ երբ այդ դիմումի հարցումը ներկայացնելուց հետո տասներկու ամսվա ընթացքում անձը չի ներկայացրել առաջադրված պահանջը հիմնավորելուն ուղղված ապացույցներ կամ գույքի արժեքի մասին տվյալներ, դիսպաչերն իրավունք ունի դիսպաչը կազմել իր ունեցած տեղեկության հիման վրա․ ընդ որում՝ դիսպաչը կարող է վիճարկվել միայն ակնհայտ սխալ լինելու հիմքով:

4.Եթե դիսպաչը կազմելու ժամանակ առաջանում են այնպիսի հարցեր, որոնց լուծման համար նավավարության, նավաշինության, նավերի նորոգման եւ այլ ոլորտներում հատուկ գիտելիքներ են պահանջվում, դիսպաչերն իրավունք ունի իր կողմից նշանակված փորձագետին հանձնարարել համապատասխան եզրակացություն նախապատրաստել: Նավերի եւ բեռների արժեքի գնահատման մասում դիսպաչերն իրավունք ունի գնահատման օբյեկտի համապատասխան տեսակի գնահատում անցկացնելու իրավունք ունեցող գնահատողին պատվիրել անկախ գնահատական: Նման եզրակացությունները դիսպաչերի կողմից ընդունվում են այլ ապացույցների հետ մեկտեղ:

5.Այն նյութերը, որոնց հիման վրա կազմվում է դիսպաչը, պետք է բաց լինեն ծանոթանալու համար, եւ դիսպաչերը շահագրգիռ անձանց պահանջով պարտավոր է նրանց հաշվին նրանց տրամադրել այդ նյութերի վավերացված պատճենները:

 

Հոդված 247. Դիսպաչը կազմելու վճարը

1.Դիսպաչը կազմելու համար գանձվում է վճար, որը ներառվում է դիսպաչի մեջ եւ բաշխվում է բոլոր շահագրգիռ անձանց միջեւ՝ ընդհանուր վթարին մասնակցությանը համաչափ:

 

Հոդված 248. Դիսպաչի շտկումը եւ վիճարկումը

1.Դիսպաչի մեջ հայտնաբերված հաշվարկների սխալները կարող են շտկվել դիսպաչերի կողմից՝ վերջինիս նախաձեռնությամբ կամ այն անձանց դիմումով, որոնց միջեւ բաշխվել է ընդհանուր վթարը, դիսպաչի բաղկացուցիչ մասը հանդիսացող դրա լրացումը կազմելու միջոցով (հավելված):

2.Այն անձինք, որոնց միջեւ բաշխված է ընդհանուր վթարը, կարող են դիսպաչը վիճարկել շրջանային եւ Հայաստանի Հանրապետության դատարաններում դիսպաչը կամ դրա հավելվածը ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում՝ հայցադիմումի պատճենը դիսպաչերին ուղարկելու միջոցով դրա մասին պարտադիր կերպով տեղեկացնելով նրան:

3.Դիսպաչերն իրավունք ունի, իսկ դատարանի պահանջով պարտավոր է մասնակցել դիսպաչին առնչվող վեճի քննությանը եւ ըստ գործի էության բացատրություն տալ:

4.Դիսպաչին առնչվող վեճը քննող դատարանը կարող է դիսպաչը ուժի մեջ թողնել, դրա մեջ փոփոխություններ կատարել կամ չեղարկել այն եւ հանձնարարել դիսպաչերին կազմել նոր դիսպաչ՝ դատարանի որոշմանը համապատասխան:

 

Հոդված 249. Դիսպաչի կատարումը

1.Եթե դիսպաչը չի վիճարկվում սույն օրենսգրքի 248-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված ժամկետում կամ վիճարկվում է, սակայն դատարանն այն թողնում է ուժի մեջ, դրա մասով գանձումը կարող է իրականացվել նոտարների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական գործակալների եւ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից կատարողական մակագրություն դնելու միջոցով: Այդ նպատակով նոտարներին, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական գործակալին եւ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի հյուպատոսական պաշտոնատար անձին պետք է ներկայացվեն դիսպաչը եւ դիսպաչերի տեղեկանքներն այն մասին, որ դիսպաչը չի չեղարկվել եւ չի փոփոխվել դատարանի կողմից:

2.Դատարանի կողմից փոփոխված դիսպաչի մասով գանձումը կատարվում է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 22

ՄԱՍՆԱՎՈՐ ՎԹԱՐ

Հոդված 250. Մասնավոր վթարի հասկացությունը

1.Սույն օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված ընդհանուր վթարի հատկանիշներ չունեցող վնասները համարվում են մասնավոր վթար:

2.Անկախ սույն օրենսգրքի 225-րդ հոդվածում նշված հատկանիշների առկայությունից՝ մասնավոր վթար են համարվում՝

1)     նավից դուրս նետված այն բեռի արժեքը, որը փոխադրվել է նավով՝ առանց առեւտրային ծովագնացության կանոնները եւ սովորույթները պահպանելու,

2)     նավի այն բեկորները կամ մասերը կտրատելու արդյունքում պատճառված վնասները, որոնք ավելի վաղ քանդվել կամ փաստացի կորել են ծովային վտանգի հետեւանքով,

3)     նավարկության մեջ գտնվող նավի շարժիչների, այլ մեքենաների կամ կաթսաների աշխատանքի արագացմամբ կամ այլ աշխատանքով պատճառված վնասները,

4)     վնասները կամ կորուստները, որոնք պատճառվել են նավին կամ բեռին՝ ուղերթի տեւողությունն ավելացնելու հետեւանքով (պարապուրդի, գների փոփոխության եւ այլնի հետեւանքով առաջացած վնասներ),

5)     վնասները, որոնք պատճառվել են նավի վրա հրդեհի մարման հետեւանքով, ծխի կամ տաքացման ազդեցությամբ:

 

Հոդված 251. Մասնավոր վթարի մասով պատասխանատվությունը

1.Մասնավոր վթարը ենթակա չէ բաշխման նավի, բեռի եւ նավափոխադրավճարի միջեւ: Այդպիսի վնասների համար պատասխանատվություն է կրում նա, ով կրել է այդ վնասները, կամ նա, ում վրա դրված է դրանք պատճառելու պատասխանատվությունը:

 

ԳԼՈՒԽ 23

ԾՈՎԱՅԻՆ ԲՈՂՈՔՆԵՐ

Հոդված 252. Հայտարարություն ծովային բողոքի մասին

1.Եթե նավի նավարկության կամ կայանման ընթացքում տեղի է ունեցել այնպիսի պատահար, որը կարող է հիմք հանդիսանալ նավատիրոջը գույքային պահանջներ ներկայացնելու համար, ապա նավի նավապետը պետք է սահմանված կարգով հայտարարություն տա ծովային բողոքի մասին՝ ապացույցներ ապահովելու նպատակով:

2.Ծովային բողոքի մասին հայտարարությունը պետք է ներառի պատահարի հանգամանքների եւ այն առաջացրած պատճառների նկարագրությունը, այդ թվում՝ տեղեկատվություն վնասի եւ այն կանխելու կամ նվազեցնելու համար ձեռնարկված միջոցառումների մասին:

 

Հոդված 253. Մարմինները, ում կատարվում է ծովային բողոքի մասին հայտարարությունը

1.Ծովային բողոքի մասին հայտարարությունը տրվում է՝

1)Հայաստանի Հանրապետության հյուպատոսին (դիվանագիտական ներկայացուցչին).

2)օտարերկրյա պետության իրավասու պաշտոնատար անձին՝ այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 254. Ծովային բողոքի մասին հայտարարության ժամկետը

1.Ծովային բողոքի մասին հայտարարությունը տրվում է, եթե պատահարը տեղի է ունեցել՝

1)նավահանգստում՝ պատահարի պահից 24 ժամվա ընթացքում.

2)նավարկության ընթացքում՝ նավի կամ նավի նավապետի՝ պատահարից հետո առաջին նավահանգիստ ժամանելու պահից 24 ժամվա ընթացքում:

 

Հոդված 255. Ծովային բողոքի մասին հայտարարություն՝ ուշացումով

1.Եթե պատահարը տեղի է ունեցել նավարկության ժամանակ, ապա ծովային բողոքի մասին հայտարարությունը կարող է տրվել այն պահին, երբ նավը կամ նավապետը ժամանում են այն նավահանգիստ, որը պատահարից հետո առաջին նավահանգիստը չէ՝ խուսափելու համար պատահարից հետո առաջին նավահանգիստ նավի մուտքի հետ կապված ժամանակի զգալի կորստից եւ ծախսերից:

2.Եթե անհնար է ծովային բողոք ներկայացնել սույն օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, ապա դրա պատճառները պետք է նշվեն ծովային բողոքի մասին հայտարարության մեջ:

 

Հոդված 256. Բեռին վնաս հասցնելու դեպքում ծովային բողոքի մասին հայտարարության առանձնահատկությունները

1.Հիմքի առկայության պարագայում, ենթադրելով, որ տեղի ունեցած պատահարը վնաս է հասցրել նավի վրա գտնվող բեռին, ծովային բողոքի մասին հայտարարությունը պետք է տրվի մտոցները բացելուց առաջ: Ծովային բողոք ներկայացնելուց առաջ բեռնաթափումը կարող է սկսվել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

 

Հոդված 257. Ապացույցները

1.Որպես ծովային բողոքի մասին հայտարարության մեջ շարադրված հանգամանքների հաստատում՝ նավի նավապետը, ծովային բողոքի մասին հայտարարարելու հետ միաժամանակ կամ իր կամ նավի՝ նավահանգիստ ժամանելու պահից սկսած կամ պատահարի տեղի ունենալու պահից սկսած (եթե պատահարը տեղի է ունեցել նավահանգստում), պարտավոր է ոչ ավելի, քան յոթօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հյուպատոսին (դիվանագիտական ներկայացուցչին) կամ օտարերկրյա պետության իրավասու պաշտոնատար անձին ծանոթացման համար ներկայացնել նավամատյանը եւ նավամատյանից քաղվածքը՝ հաստատված նավի նավապետի կողմից:

2.Նավամատյանի ոչնչացման դեպքում ծովային բողոքի մասին հայտարարության մեջ պետք է նշված լինեն նավամատյանի ոչնչացման հանգամանքները եւ պատճառները։

 

Հոդված 258. Ծովային բողոքի մասին ակտի կազմումը

1.Հայաստանի Հանրապետության հյուպատոսը (դիվանագիտական ներկայացուցիչը) կամ օտարերկրյա պետության իրավասու պաշտոնատար անձը նավի նավապետի խնդրանքով կազմում է ակտ ծովային բողոքի մասին: Ծովային բողոքի մասին ակտը հաստատվում է ստորագրությամբ եւ զինանշանի պատկերով կնիքով:

2.Ծովային բողոքի մասին ակտը կազմվում է նավի նավապետի հայտարարության, նավամատյանի տվյալների, նավի նավապետի եւ հնարավորության դեպքում նավի անձնակազմի հրամանատարական կազմի անձանցից ոչ պակաս, քան երկու վկաների, նավի անձնախմբից երկու վկաների հարցումների հիման վրա:

 

ԲԱԺԻՆ XIII

ՆԱՎԵՐԻ ՆԱՎԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ԾՈՎԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 24

ՆԱՎԵՐԻ ՆԱՎԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 259. Նավերի նավարկության անվտանգությունը

1.Նավերի նավարկության անվտանգությունն ապահովվում է նավատիրոջ կողմից: Նավերի նավարկության անվտանգային պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ միջազգային ծովային իրավունքի նորմերի հիման վրա:

2.Նավերի նավարկության անվտանգային պահանջները, որոնց պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության ներքին նավարկության՝ ծով դուրս եկող նավերը, ինչպես նաեւ այդ նավերի ծովային նավարկության շրջանների սահմանները որոշում է դասակարգման ընկերությունը:

 

ԳԼՈՒԽ 25

ՆԱՎԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ՓՐԿԵԼԸ

Հոդված 260. Սույն գլխի կանոնների կիրառման ոլորտը

1.Սույն գլխի կանոնները կիրառվում են ցանկացած տեսակի փրկարարական գործողությունների նկատմամբ, եթե փրկարարական պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2.Սույն գլխի կանոնները չեն տարածվում՝

1)ստացիոնար կամ լողացող հարթակների կամ ծովային շարժական հորատման կայանքների վրա, եթե այդպիսի հարթակները կամ կայանքներն իրենց գտնվելու վայրում կատարում են ծովի հատակի հանքային ռեսուրսների հետախուզում, մշակում կամ արդյունահանում.

2)մշակութային բնույթի ծովային գույքի վրա, որն ունի նախապատմական, հնագիտական կամ պատմական նշանակություն, եթե այն գտնվում է ծովի հատակի վրա:

2.Կողմերը իրավունք չունեն պայմանագրով բացառելու սույն օրենսգրքի 293-րդ հոդվածի կիրառումը, ինչպես նաեւ հրաժարվելու շրջակա միջավայրին պատճառված վնասի կանխարգելմանը կամ նվազեցմանն ուղղված՝ սույն օրենսգրքի 263-րդ եւ 264-րդ հոդվածներով սահմանված պարտականություններից:

3.Սույն գլխի կանոնները կիրառվում են այն նավերի նկատմամբ, որոնք հանդիսանում են պետական սեփականություն կամ շահագործվում են Հայաստանի Հանրապետության կողմից եւ օգտագործվում են փրկարարական գործողություններ իրականացնելու ժամանակ՝ բացառապես պետական ոչ առեւտրային նպատակներով:

 

Հոդված 261. Փրկարարական պայմանագրերը

1.Նավի նավապետն իրավունք ունի փրկարարական պայմանագրեր կնքելու նավատիրոջ անունից: Նավի նավապետը կամ նավատերն իրավունք ունեն փրկարարական պայմանագրեր կնքելու նավի վրա գտնվող գույքի սեփականատիրոջ անունից:

 

Հոդված 262. Փրկարարական պայմանագրերի անվավերությունը եւ փոփոխությունը

1.Փրկարարական պայմանագիրը կամ դրա ցանկացած պայման կարող է անվավեր ճանաչվել կամ փոփոխվել, եթե՝

1)պայմանագիրը կնքվել է չարդարացված ազդեցության հետեւանքով կամ վտանգի ազդեցության տակ, եւ դրա պայմանները համարվում են անարդար.

2)պայմանագրով նախատեսված վճարը զգալիորեն բարձրացված կամ իջեցված է փաստացի տրամադրված ծառայությունների համեմատությամբ:

 

Հոդված 263. Փրկարարի պարտականությունները՝ փրկարարական գործողություն իրականացնելիս

1.Փրկարարը պարտավոր է՝

1)     իրականացնել փրկարարական գործողություններ անհրաժեշտ հոգատարությամբ,

2)     փրկարարական գործողություն իրականացնելիս ցուցաբերել պատշաճ հոգատարություն՝ շրջակա միջավայրին հասցված վնասը կանխելու կամ նվազեցնելու ուղղությամբ,

3)     դիմել այլ փրկարարների օգնության համար, եթե դա պահանջում են հանգամանքները,

4)     նավատիրոջ, նավի նավապետի կամ վտանգի տակ գտնվող այլ գույքի սեփականատիրոջ պահանջով համաձայնել այլ փրկարարների մասնակցությանն այն պայմանով, որ նշված պահանջը ոչ ողջամիտ ճանաչելու հանգամանքը չի ազդի նրա վարձատրության չափի վրա:

 

Հոդված 264. Նավատիրոջ, նավի նավապետի կամ վտանգի տակ գտնվող այլ գույքի սեփականատիրոջ պարտականությունները

1.Նավատերը, նավի նավապետը կամ վտանգի տակ գտնվող այլ գույքի սեփականատերը պարտավոր են՝

1)     փրկարարական գործողությունների ընթացքում ամբողջ ծավալով համագործակցել փրկարարի հետ,

2)     ցուցաբերել պատշաճ հոգատարություն՝ շրջակա միջավայրին հասցված վնասը կանխելու կամ նվազեցնելու ուղղությամբ,

3)     փրկարարի ողջամիտ պահանջով ընդունել նավը կամ այլ գույքը՝ այն անվտանգ վայր հասցնելուց հետո:

 

Հոդված 265. Վարձատրության պայմանները

1.Փրկարարական այն գործողությունները, որոնք ունեցել են հաջողված կամ առնվազն մասամբ հաջողված արդյունք, վարձատրության իրավունք են տալիս:

2.Վարձատրություն չի նախատեսվում, եթե փրկարարական գործողությունը չի ունեցել հաջողված կամ առնվազն մասամբ հաջողված արդյունք՝ բացառությամբ սույն օրենսգրքի 269-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 266. Վարձատրությունը սահմանելու չափանիշները

1.Վարձատրությունը սահմանվում է փրկարարական գործողությունները խրախուսելու նպատակով՝ հաշվի առնելով հաջորդ չափանիշները՝ անկախ չափանիշների նշման հաջորդականությունից՝

1)     նավի եւ այլ գույքի փրկված արժեքը,

2)     փրկարարների վարպետությունը եւ ջանքերը՝ ուղղված շրջակա միջավայրին հասցված վնասը կանխելուն կամ նվազեցնելուն,

3)     փրկարարի կողմից հաջողելու աստիճանը,

4)     վտանգի բնույթը եւ աստիճանը,

5)     նավը, այլ գույքը եւ մարդկանց փրկելիս փրկարարների վարպետությունը եւ ջանքերը,

6)     փրկարարների տրամադրած ժամանակը եւ կրած ծախսերն ու վնասները,

7)     պատասխանատվության ռիսկը եւ այլ ռիսկեր, որոնց ենթարկվել են փրկարարները եւ իրենց սարքավորումները,

8)     ծառայությունների մատուցման արագությունը,

9)     փրկարարական գործողությունների համար նախատեսված նավերի կամ այլ սարքավորումների առկայությունը եւ օգտագործումը,

10)   փրկարարական սարքավորումների պատրաստությունն ու արդյունավետությունը եւ դրանց արժեքը:

2.Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված վարձատրությունը վճարվում է նավի եւ այլ գույքի հարցում շահագրգիռ բոլոր անձանց կողմից՝ դրանց համապատասխան փրկված արժեքին համաչափ:

3.Վարձատրությունը չպետք է գերազանցի նավի եւ այլ գույքի փրկված արժեքը՝ բացառությամբ ցանկացած տեսակի տոկոսների եւ փոխհատուցման ենթակա դատական եւ արբիտրաժային ծախսերի:

 

Հոդված 267. Հատուկ փոխհատուցումը

1.Եթե շրջակա միջավայրին վնաս հասցնելու սպառնալիք առաջացրած նավի կամ բեռի նկատմամբ փրկարարական գործողություններ իրականացնելիս փրկարարը հատուկ փոխհատուցումից ոչ պակաս չափով չի ստացել վարձատրության իրավունք, ապա նա իրավունք ունի նավատիրոջից ստանալու սույն հոդվածի երրորդ մասին համապատասխան սահմանվող իր ծախսերին հավասար հատուկ փոխհատուցում:

2.Եթե սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանգամանքներում փրկարարն իր կողմից կատարված փրկարարական գործողությունների արդյունքում կանխել կամ նվազեցրել է շրջակա միջավայրին հասցվող վնասը, ապա սույն հոդվածի առաջին մասին համապատասխան նավատիրոջ կողմից փրկարարին վճարվող հատուկ փոխհատուցումը կարող է ավելացվել փրկարարի կրած ծախսերի առավելագույնը երեսուն տոկոսի չափով: Եթե դատարանը կամ արբիտրաժը դա համարեն արդար եւ ողջամիտ, ապա կարող են ավելացնել հատուկ փոխհատուցման չափը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 266-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված չափանիշները: Ընդ որում՝ ընդհանուր ավելացումը չի կարող գերազանցել փրկարարի կրած ծախսերի հարյուր տոկոսը:

3.Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված նպատակներով փրկարարի կողմից կատարված ծախսերը նշանակում են փաստացի ծախսեր, որոնք ողջամտորեն կրել է փրկարարը փրկարարական գործողություն իրականացնելիս, եւ արդար վճարում՝ սարքավորումների եւ անձնակազմի համար, որոնք փաստացի եւ ողջամտորեն օգտագործվել են փրկարարական գործողության ժամանակ՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 266-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված չափանիշները:

4.Սույն հոդվածին համապատասխան՝ ընդհանուր հատուկ փոխհատուցումը վճարվում է միայն այն դեպքում եւ այն չափով, երբ այդ փոխհատուցումը գերազանցում է ցանկացած վարձատրություն, որը կարող է ստանալ փրկարարը՝ սույն օրենսգրքի 266-րդ հոդվածին համապատասխան:

5.Այդ դեպքում, երբ փրկարարը ցուցաբերել է անփութություն եւ այդ պատճառով չի կարողացել կանխել կամ նվազեցնել շրջակա միջավայրին հասցվող վնասը, նա կարող է ամբողջությամբ կամ մասամբ զրկվել սույն հոդվածով իրեն հասանելիք հատուկ փոխհատուցումից:

6.Սույն հոդվածում առկա որեւէ դրույթ չի առնչվում նավատիրոջ հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքին:

 

Հոդված 268. Վարձատրության բաշխումը փրկարարների միջեւ

1.Վարձատրությունը բաշխվում է փրկարարների միջեւ՝ սույն օրենսգրքի 266-րդ հոդվածով սահմանված չափանիշներին համապատասխան:

 

Հոդված 269. Վարձատրության բաշխումը նավատիրոջ եւ նավի անձնակազմի միջեւ

1.Փրկարարական գործողություն իրականացնելու համար ստացված ցանկացած վարձատրության բաշխումը նավատիրոջ եւ նավի անձնակազմի միջեւ կատարվում է փրկարարական գործողություն իրականացնելու կապակցությամբ նավատիրոջ եւ նավի անձնակազմի կրած ծախսերն ու վնասները հանելուց հետո, հետեւյալ կերպ՝

1)զուտ փոխհատուցման երեք հինգերորդը հատկացվում է նավատիրոջը, իսկ մնացած մասը բաշխվում է նավի նավապետի եւ նավի անձնակազմի մյուս անդամների միջեւ՝ մեկ երրորդը երկու երրորդի հարաբերակցությամբ.

2)նավի անձնակազմի անդամներին հասանելիք վարձատրության մի մասը, բացառությամբ նավի նավապետի, բաշխվում է նրանց միջեւ՝ հաշվի առնելով փրկարարական գործողություն իրականացնելու ժամանակ գործադրված ջանքերը եւ յուրաքանչյուրի աշխատավարձի չափը:

2.Նավի անձնակազմի անդամներին հասանելիք վարձատրությունը բաշխելու մասին դրույթներից բացառությունները կարող են կատարվել միայն հատուկ հանգամանքների առկայության դեպքում:

3.Սույն հոդվածի առաջին մասի գործողությունը չի տարածվում այն նավերի կողմից փրկարարական գործողության իրականացման համար ստացված վարձատրության բաշխման վրա՝

1)որոնք իրականացնում են փրկարարական գործողություններ մասնագիտական հիմունքներով.

2)հանդիսանում են պետական սեփականություն կամ շահագործվում են Հայաստանի Հանրապետության կողմից եւ օգտագործվում են փրկարարական գործողություններ իրականացնելու ժամանակ՝ բացառապես պետական ոչ առեւտրային նպատակներով:

 

Հոդված 270. Մարդկանց փրկելը

1.Փրկված մարդկանցից որեւէ վարձատրութուն չի ակնկալվում:

2.Մարդկանց փրկարարը, ով մասնակցել է փրկելու անհրաժեշտություն առաջացրած պատահարի կապակցությամբ ծառայությունների մատուցմանը, ունի այն գումարից արդար մասնաբաժնի իրավունք, որը հատկացվել է նավը եւ այլ գույքը փրկելու կամ շրջակա միջավայրին հասցվող վնասը կանխելու կամ նվազեցնելու համար:

 

Հոդված 271. Փրկարարի ոչ ճիշտ վարքի հետեւանքները

1.Փրկարարը կարող է ամբողջությամբ կամ մասամբ զրկվել սույն օրենսգրքի կանոններին համապատասխան իրեն հասանելիք վարձատրությունից կամ հատուկ փոխհատուցումից այն չափով, որով փրկարարական գործողությունները անհրաժեշտ կամ առավել բարդ են դարձել իր մեղքով, կամ եթե նա մեղավոր է խաբեության կամ այլ անազնիվ վարքի մեջ:

 

Հոդված 272. Վարձատրությունը փրկարարական գործողություն իրականացնելու համար այն դեպքում, երբ նավերը պատկանում են միեւնույն տիրոջը

1.Փրկարարական գործողություն իրականացնելու համար վարձատրությունը վճարվում է նաեւ այն դեպքում, երբ փրկարարական գործողություն իրականացրած նավը պատկանում է փրկված նավի տիրոջը:

 

Հոդված 273. Ապահովում տրամադրելու պարտականությունը

1.Փրկարարի խնդրանքով՝ վարձատրություն կամ հատուկ փոխհատուցում վճարելու համար պատասխանատու անձը ներկայացնում է փրկարարի նկատմամբ իր պարտավորության կատարման պատշաճ ապահովումը:

2.Փրկված նավի նավատերը գործադրում է բոլոր ջանքերը՝ փրկված բեռը տերերին հանձնելուց առաջ փրկարարի նկատմամբ իրենց պարտավորությունների կատարման պատշաճ ապահովում տրամադրելու համար:

3.Առանց փրկարարի համաձայնության՝ փրկված նավը եւ այլ գույքը չեն կարող տեղափոխվել այն նավահանգստից կամ վայրից, որտեղ այդ գույքն ի սկզբանե հասցվել է փրկարարական գործողություններն ավարտելուց հետո, այնքան ժամանակ, քանի դեռ չի տրամադրվել փրկարարի նկատմամբ պարտավորությունների կատարման պատշաճ ապահովում:

 

Հոդված 274. Պետական եւ նավահանգստային իշխանությունների կողմից վերահսկվող փրկարարական գործողությունները

1.Եթե փրկարարական գործողություններն իրականացվում են պետական կամ նավահանգստային իշխանությունների կողմից կամ իրենց վերահսկողությամբ, ապա այդպիսի գործողություններ իրականացնող փրկարարներն օգտվում են սույն գլխում նախատեսված իրավունքներից:

2.Փրկարարական գործողություններ իրականացնելու պարտականություն ունեցող պետական եւ նավահանգստային իշխանությունները կարող են օգտվել սույն գլխում նախատեսված իրավունքներից, եթե փրկարարական գործողությունների իրականացումն իրենց կողմից սովորական պարտականությունների կատարում չէր:

 

ԲԱԺԻՆ ХIV

ՆԱԽԱՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՀԱՅՑԵՐ։

ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 26

ՆԱԽԱՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՀԱՅՑԵՐ

Հոդված 275. Առեւտրային եւ այլ ակտեր

1.Այն հանգամանքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ փոխադրողի, ուղարկողի, նավավարձորդի, ստացողի եւ ուղեւորի գույքային պատասխանատվության համար, հաստատվում են առեւտրային, ծանուցման ակտերով կամ ընդհանուր ձեւի եւ այլ ակտերով: Օտարերկրյա պետության նավահանգստում նշված հանգամանքները հաստատվում են տվյալ նավահանգստում առկա կանոններին համապատասխան:

2.Առեւտրային ակտը կազմվում է հետեւյալը հաստատելու համար՝

1)     անհամապատասխանություններ բնեղենով բեռի կամ ուղեբեռի անվանման, զանգվածի ու բեռնատեղերի թվի եւ փոխադրման փաստաթղթում նշված տվյալների միջեւ,

2)     բեռի կամ ուղեբեռի վնասվածքներ,

3)     առանց փաստաթղթերի բեռի կամ ուղեբեռի կամ առանց բեռի կամ ուղեբեռի փաստաթղթերի հայտնաբերում,

4)     հափշտակված կամ կորսված բեռը կամ ուղեբեռը փոխադրողին վերադարձնելը:

3.Ակտերի ձեւերը, դրանց կազմման եւ ակտեր կազմել չպահանջող հանգամանքների հաստատման կարգը սահմանվում է օրենսդրությամբ:

 

Հոդված 276. Փոխադրողի նկատմամբ նախապահանջները

1.Նավավարձորդը, բեռն ուղարկողը եւ ստացողը պարտավոր են փոխադրողի նկատմամբ նախապահանջ ներկայացնել մինչեւ բեռի ծովային փոխադրման կապակցությամբ առաջացող հայցը փոխադրողին ներկայացնելը:

2.Ուղեւորը՝ ուղեբեռը ստանալու լիազորություն ունեցող անձը, մինչեւ ուղեւորների եւ ուղեբեռի ծովային փոխադրման կապակցությամբ առաջացող հայցը փոխադրողին ներկայացնելը, ունի փոխադրողի նկատմամբ նախապահանջ ներկայացնելու իրավունք:

3.Նախապահաջները ներկայացվում են այն փոխադրողի նկատմամբ, ով իրականացրել է փոխադրումը կամ պարտավոր է եղել այն իրականացնել կողմերի համաձայնությամբ:

4.Նախապահանջները, որոնք առաջանում են բեռի խառը փոխադրման արդյունքում, ներկայացվում են այն փոխադրողի նկատմամբ, ով բեռը հասցրել է փոխադրման վերջնակետ:

 

Հոդված 277. Բեռների փոխադրման վերաբերյալ հայցերը

1.Բեռնափոխադրողի նկատմամբ կարող է հայց ներկայացվել այն դեպքում, երբ վերջինս ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվում է բավարարել նախապահանջը, կամ երեսունօրյա ժամկետում բեռնափոխադրողից պատասխան չստանալու դեպքում:

 

Հոդված 278. Նախապահանջներ եւ հայցեր ներկայացնելու իրավունքը

1.Նախապահանջներ եւ հայցեր ներկայացնելու իրավունք ունեն՝

1)     ուղարկողը կամ նավավարձորդը՝ նավը չմոտեցնելու կամ ուշացումով մոտեցնելու դեպքում.

2)     բեռը ստացողը կամ ուղարկողը՝ կոնոսամենտ ներկայացնելու պայմանով՝ բեռի կորստի դեպքում.

3)     բեռը ստացողը կամ ուղարկողը՝ կոնոսամենտ ներկայացնելու պայմանով՝ բեռի պակասորդի կամ վնասվելու (փչանալու) դեպքում.

4)     բեռը ստացողը՝ կոնոսամենտ ներկայացնելու պայմանով՝ տեղ հասցնելն ուշացնելու կամ բեռի հանձնումը ուշացնելու դեպքում.

5)     ուղեբեռի անդորրագիր ներկայացնողը՝ ուղեբեռի կորստի կամ տեղ հասցնելն ուշացնելու, ուղեբեռի պակասորդի կամ վնասվելու (փչանալու) դեպքում.

6)     նավավարձորդը, բեռն ուղարկողը կամ ստացողը՝ կոնոսամենտ ներկայացնելու պայմանով՝ բեռնափոխադրման գերավճարի դեպքում:

2.Բեռների ծովային փոխադրումը ոչ թե կոնոսամենտով, այլ փոխադրման այլ փաստաթղթով կատարելու դեպքում առաջացած նախապահանջները ներկայացնելիս կոնոսամենտի փոխարեն ներկայացվում է տվյալ փաստաթուղթը:

 

Հոդված 279. Նախապահանջներ եւ հայցեր ներկայացնելու իրավունքը երրորդ անձանց փոխանցելը

1.Նախապահանջներ եւ հայցեր ներկայացնելու իրավունքը երրորդ անձանց փոխանցելը չի թույլատրվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բեռն ուղարկողը եւ ստացողն այդ իրավունքը փոխանցում են միմյանց, ինչպես նաեւ բեռնառաքողին:

2.Նախապահանջ եւ հայց ներկայացնելու իրավունքի փոխանցումը հաստատվում է կոնոսամենտի կամ այլ փոխադրման փաստաթղթի վրա վերազիջման մակագրությամբ:

 

Հոդված 280. Նախապահանջների ներկայացման կարգը

1.Նախապահանջները ներկայացվում են գրավոր։ Նախապահանջին պետք է կցվեն փոխադրման փաստաթղթերի պատճենները:

2.Փոխադրողն իրավունք ունի նախապահանջն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում այն վերադարձնելու առանց ուսումնասիրման, եթե նախապահանջին կցված չեն փոխադրման փաստաթղթերի պատճենները:

3.Բեռի կորստի, պակասորդի կամ վնասվելու (փչանալու) վերաբերյալ նախապահանջին, բացի փոխադրման փաստաթղթերից եւ նախապահանջ ներկայացնելու իրավունքը հաստատող փաստաթղթերից, պետք է կցվեն նաեւ փաստաթղթեր, որոնք հաստատում են ուղարկված բեռի քանակը եւ արժեքը:

 

ԳԼՈՒԽ 27

ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆԸ։ ՆԱԽԱՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 281. Բեռների ծովային փոխադրումից բխող պահանջներով հայցային վաղեմության ժամկետները

1.Բեռների ծովային փոխադրումից բխող պահանջների համար սահմանվում է հայցային վաղեմության մեկամյա ժամկետ:

2.Հայցային վաղեմության ժամկետը հաշվարկվում է՝

1)     բեռի կորստի համար վնասների փոխհատուցման պահանջների համար՝ երեսուն օր լրանալուց հետո այն օրից, երբ բեռը պետք է հանձնված լիներ, իսկ խառը փոխադրման դեպքում՝ բեռը փոխադրման ընդունելուց սկսած չորս ամիսը լրանալուց հետո.

2)     բեռի պակասորդի կամ վնասվելու (փչանալու), տեղ հասցնելն ուշացնելու կամ բեռը հանձնելու ուշացման արդյունքում պատճառված վնասների փոխհատուցմանեւ գերավճարը վերադարձնելու կամ փոխադրավճարի պակասորդը գանձելու պահանջների համար՝ բեռը հանձնելու օրվանից սկսած, իսկ եթե բեռը չի հանձնվել, այն օրից, երբ այն պետք է հանձնված լիներ.

3)         նավը չմոտեցնելու կամ ուշացումով մոտեցնելու կապակցությամբ վնասների փոխհատուցման, նավի պարապուրդի համար վճարի, ինչպես նաեւ նավը վաղաժամկետ բեռնելու կամ բեռնաթափելու համար պարգեւավճարներ վճարելու պահանջների համար՝ սկսած այն ամսվան հաջորդող ամսվա ավարտի օրվանից, երբ սկսվել է կամ պետք է սկսվեր փոխադրումը.

4)         բոլոր մյուս դեպքերում՝ սկսած պահանջ ներկայացնելու համար հիմք հանդիսացած իրադարձությունը վրա հասնելու օրվանից։

 

Հոդված 282. Այլ պահանջների համար հայցային վաղեմության ժամկետները

1.Ուղեւորների եւ ուղեբեռի ծովային փոխադրումից, թայմ-չարտերից, բերբոուտ-չարտերից, քարշակումից, ծովային ապահովագրությունից, օրենքով նավի նավապետին վերապահված իրավունքների ուժով նրա կողմից իրականացվող գործարքներից, նավերի բախումից, փրկարարական գործողությունների իրականացումից բխող պահանջների նկատմամբ կիրառվում է հայցային վաղեմության երկամյա ժամկետ:

2.Հայցային վաղեմության ժամկետը հաշվարկվում է՝

1)     ուղեւորների եւ ուղեբեռի ծովային փոխադրման պայմանագրից բխող պահանջների համար՝

ուղեւորների նկատմամբ՝ սկսած այն օրից, երբ նրանք լքել են կամ պետք է լքած լինեին նավը, իսկ եթե պահանջը ներկայացվել է ծովային փոխադրման ժամանակ ուղեւորի առողջությանը պատճառված վնասի կապակցությամբ, ինչը հանգեցրել է նրա մահվան՝ ուղեւորի մահվան օրվանից, սակայն չպետք է գերազանցի երեք տարին՝ սկսած այն օրից, երբ ուղեւորը լքել է նավը,

ուղեբեռի նկատմամբ՝ ուղեբեռը տրամադրելու օրվանից կամ սկսած այն օրվանից, երբ այն պետք է տրամադրվեր.

2)     թայմ-չարտերից, բերբուոտ-չարտերից, քարշակումից, ծովային ապահովագրությունից, օրենքով նավի նավապետին վերապահված իրավունքների ուժով նրա կողմից իրականացվող գործարքներից բխող պահանջների համար՝ հայցի իրավունքի ծագման օրվանից.

3)     նավերի բախման արդյունքում պատճառված վնասների փոխհատուցման պահանջների համար՝ սկսած նավերի բախման օրվանից.

4)     փրկարարական գործողությունների իրականացման ժամանակ առաջացած պահանջների համար՝ սկսած փրկարարական գործողությունների ավարտի օրվանից:

 

Հոդված 283. Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետների կիրառումը

1.Այն պահանջների նկատմամբ, որոնց համար սույն օրենսգրքով հայցային վաղեմության ժամկետները սահմանված չեն, կիրառվում են հայցային վաղեմության ընդհանուր ժամկետներ:

 

Հոդված 284. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքի կասեցումը՝ ընդհանուր վթարի առկայության դեպքում

1.Եթե պահանջի գումարը հաշվարկելը կախված է ընդհանուր վթարի մասով հաշվարկներից, ապա հայցային վաղեմության ժամկետի ընթացքը ժամանակավորապես կասեցվում է՝ դիսպաչերի կողմից ընդհանուր վթարի առկայության մասին որոշում ընդունելուց մինչեւ շահագրգիռ անձի կողմից դիսպաչը ստանալու օրը:

 

Հոդված 285. Բեռների, ուղեւորների եւ ուղեբեռի ծովային փոխադրումից բխող նախապահանջների ներկայացման ժամկետը

1.Փոխադրողի նկատմամբ այն նախապահանջները, որոնք բխում են բեռների, ուղեւորների եւ ուղեբեռի ծովային փոխադրումից, կարող են ներկայացվել հայցային վաղեմության ժամկետի առաջին վեց ամիսների ընթացքում:

 

Հոդված 286. Բեռների, ուղեւորների եւ ուղեբեռի ծովային փոխադրումից բխող նախապահանջների ուսումնասիրման ժամկետը

1.Փոխադրողը պարտավոր է երեսուն օրվա ընթացքում ուսումնասիրել ներկայացված նախապահանջը եւ ծանուցել դիմումատուին այն բավարարելու կամ մերժելու մասին:

2.Բեռների ծովային փոխադրումից բխող նախապահանջը ներկայացնելու օրվանից սկսած՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչեւ նախապահանջի պատասխանը ստանալը կամ պատասխանի համար սահմանված ժամկետի լրանալը:

 

ԲԱԺԻՆ XV

ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ԳԼՈՒԽ 28

ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 287. Կիրառելի իրավունքի ընտրությունը

1.Առեւտրային ծովագնացությունից ծագող՝ օտարերկրյա տարրի հետ հարաբերությունների նկատմամբ կիրառվող իրավունքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության, սույն օրենսգրքի, այլ օրենսդրական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա եւ չի հակասում միջազգային սովորույթների օրենսդրությանը:

2.Իրավունքի ընտրության մասին կողմերի համաձայնությունը պետք է ակնհայտորեն արտահայտված լինի կամ ուղղակիորեն բխի պայմանագրի պայմաններից եւ գործի հանգամանքներից, որոնք դիտարկվում են ամբողջությամբ:

3.Եթե սույն հոդվածի առաջին մասին համապատասխան՝ հնարավոր չէ սահմանել կիրառման ենթակա իրավունքը, ապա կիրառվում է այն իրավունքը, որը առավել սերտորեն կապված է օտարերկրյա տարրով բարդացված հարաբերությունների հետ։

 

Հոդված 288. Նավի եւ կառուցվող նավի նկատմամբ սեփականության իրավունքը եւ այլ իրային իրավունքներ

1.Նավի կամ կառուցվող նավի նկատմամբ սեփականության իրավունքը եւ այլ իրային իրավունքները սահմանվում են այն պետության իրավունքին համապատասխան, որտեղ այդ գույքը գրանցված է:

 

Հոդված 289. Խորտակված գույքի նկատմամբ իրավունքը

1.Ներքին ծովային ջրերում կամ տարածքային ծովում խորտակված գույքի նկատմամբ իրավունքը, ինչպես նաեւ այդ գույքի առնչությամբ ծագող հարաբերությունները սահմանվում են այն պետության իրավունքին համապատասխան, որտեղ այդ գույքը գտնվում է:

2.Բաց ծովում խորտակված նավերի, դրանց վրա գտնվող բեռների եւ այլ գույքի նկատմամբ կիրառվում է նավի դրոշի պետության իրավունքը:

 

Հոդված 290. Առեւտրային ծովագնացության ոլորտում կնքված պայմանագրերից բխող հարաբերությունները

1.Հարաբերությունները, որոնք բխում են բեռի ծովային փոխադրման, թայմ-չարտերի, բերբոուտ-չարտերի, քարշակման, ծովային ապահովագրության պայմանագրերից, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ նախատեսված իրավունքով, իսկ ուղեւորների ծովային փոխադրման եւ ծովային կրուիզի պայմանագրերին համապատասխան՝ նաեւ տոմսի մեջ նշված իրավունքով:

2.Կիրառման ենթակա իրավունքի մասին կողմերի համաձայնության բացակայության դեպքում կողմերի հարաբերությունները սահմանվում են այն պետության իրավունքին համապատասխան, որտեղ գտնվում է այն կողմի հիմնական գործունեության վայրը, որը հանդիսանում է՝

1)     փոխադրող՝ ծովային փոխադրման եւ ծովային կրուիզի պայմանագրերում.

2)     նավատեր՝ թայմ-չարտերում.

3)     վարձատու՝ բերբոուտ-չարտերում.

4)     քարշակող նավի նավատեր՝ քարշակման պայմանագրում.

5)     ապահովագրող՝ ծովային ապահովագրության պայմանագրում:


Հոդված 291. Ընդհանուր վթարի ժամանակ կիրառվող իրավունքը

1.Կիրառման ենթակա իրավունքի մասին կողմերի համաձայնության բացակայության դեպքում ընդհանուր վթարը սահմանվում է այն պետության իրավունքին համապատասխան, որի ներքին ծավային ջրերում կամ տարածքային ծովում տեղի է ունեցել ընդհանուր վթար առաջացրած պատահարը:

2.Եթե ընդհանուր վթար առաջացրած պատահարը տեղի է ունեցել բաց ծովում, եւ վեճը քննվում է Հայաստանի Հանրապետությունում, ապա կիրառվում են այն կանոնները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3.Այն դեպքերում, երբ բոլոր այն անձինք, ում շահերը շոշափվում են ընդհանուր վթարով, ունեն միեւնույն պետության պատկանելություն, կիրառվում է այդ պետության իրավունքը:

 

Հոդված 292. Նավերի բախման արդյունքում առաջացած վնասների փոխհատուցման հետ կապված հարաբերությունները

1.Ներքին ծովային ջրերում եւ տարածքային ծովում նավերի բախման արդյունքում վնասների փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այն պետության իրավունքին համապատասխան, որտեղ տեղի է ունեցել բախումը:

2.Եթե բախումը տեղի է ունեցել բաց ծովում, եւ վեճը քննվում է Հայաստանի Հանրապետությունում, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կանոնները:

3.Մեկ դրոշի ներքո նավարկող նավերի բախման արդյունքում պատճառված վնասների փոխհատուցման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է այդ դրոշի պետության իրավունքը՝ անկախ նավերի բախման վայրից:

 

Հոդված 293. Նավը եւ այլ գույքը փրկելու հետ կապված հարաբերությունները

1.Ներքին ծովային ջրերում եւ տարածքային ծովում նավը եւ այլ գույքը փրկելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառման ենթակա իրավունքի մասին համաձայնության բացակայության դեպքում կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ տեղի է ունեցել փրկարարությունը, իսկ եթե փրկարարությունը տեղի է ունեցել բաց ծովում, եւ վեճը քննվում է Հայաստանի Հանրապետությունում, ապա կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

2.Եթե փրկող եւ փրկված նավերը նավարկում են մեկ դրոշի ներքո, ապա կիրառվում է այդ դրոշի պետության իրավունքը՝ անկախ փրկելու վայրից:

3.Փրկելու համար հասանելիք վարձատրությունը փրկող նավի նավատիրոջ, նավի նավապետի եւ նավի անձնակազմի այլ անդամների միջեւ բաշխելու նկատմամբ կիրառվում է նավի դրոշի պետության իրավունքը, իսկ եթե փրկարարությունը չի իրականացվել նավից, ապա կիրառվում է այն իրավունքը, որի ազդեցությանը ենթարկվում է փրկարարի եւ նրա աշխատողների միջեւ կնքված պայմանագիրը:

 

Հոդված 294. Հիփոթեքը

1.Հիփոթեքի նկատմամբ կիրառվում է հիփոթեքների գրանցման պետության իրավունքը, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան սահմանված չէ:

 

ԲԱԺԻՆ XVI

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 295. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը

1.Սույն օրենսգիրքը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:

 

Հոդված 296. Օրենսդրական ակտերի համապատասխանեցումը սույն օրենսգրքին

1.Մինչեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սույն օրենսգրքին համապատասխանեցնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը կիրառվում են սույն օրենսգրքին չհակասող մասով, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ:

2.Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սույն օրենսգրքին համապատասխանեցնելու ուղղությամբ:

  • Обсуждалось

    10.10.2023 - 26.10.2023

  • Тип

    Кодекс

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1366

Принт