Добавить в избранное

Проект принят

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերից (2.1-ին մասը լրացվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 29-ի ՀՕ-155-Ն օրենքով), ինչպես նաև ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Գիտության բաժնի՝ «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» նպատակից և ՀՀ վարչապետի 2023 թվականի հունիսի 27-ի N 693-Ա որոշմամբ հաստատված՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-155-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների 4-րդ կետից:

Ներկայումս գիտական աստիճանի հավելավճարի չափը սահմանված է ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), որի համաձայն՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար 2015 թվականի հունվարի 1-ից սահմանվել են հավելավճարներ` գիտությունների դոկտորին 50 000 դրամի, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամի չափով: Ընդ որում, գիտաշխատողին գիտական աստիճանի համար հավելավճար հատկացվում է միայն մեկ ծրագրից՝ դրանից օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն ստանալու դեպքում:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 747-Լ որոշման համաձայն` 2022-2025 թվականներին նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի աշխատավարձի աստիճանական ավելացում՝ այն հասցնելով հանրապետության մասշտաբով պետական համակարգում համեմատելի և համադրելի արժեքների։ Այս գործընթացին զուգահեռ բարելավվել են նաև ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում իրականացվող ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր դրամաշնորհային ծրագրերի մրցութային պայմանները, և բարձրացվել է հետազոտական խմբի միջին ամսական աշխատավարձը:

Վերոնշյալ բարեփոխումների արդյունքում էապես ավելացել է գիտաշխաողների միջին աշխատավարձը, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ներառված գիտաշխատողների թվաքանակը, որի հետևանքով ավելացել և շարունակելու է աճել Որոշման շրջանակներում շահառու հանդիսացող գիտաշխատողների թվաքանակը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման ծավալների ավելացման՝ ստեղծելով պետական բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն, ինչպես նաև իմաստազրկվում է հավելավճարի տրամադրումը՝ որպես գիտության ոլորտում աշխատանքի խթանման գործիք` դադարելով նպաստել որևէ համակարգային խնդրի լուծմանը։

Մյուս կողմից, ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակներում իրականացվող ծրագրերում ներգրավված գիտական աստիճան ունեցող 2162 անձանցից 778-ը (շուրջ 36%) հանդիսանում են համատեղությամբ կամ ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատողներ: Ըստ ՏՀԶԿ Ֆրասկատի ուղեցույցի[1] լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատողների թվաքանակը ևս հանդիսանում է հետազոտությունների և մշակումների բնագավառի ցուցիչներից:

Հաշվի առնելով վերը նշված խնդիրները՝ Օրենքում ամրագրվեց դրույթ, համաձայն որի` գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար տրամադրվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին (մաս 2.1):

Այսպիսի պահանջը կստեղծի լրացուցիչ գործիքակազմ` գիտության ոլորտում լրիվ ծանրաբեռնվածությամբ հիմնական աշխատանքի անցնելը խրախուսելու համար:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջանում ուժը կորցրած ճանաչել Որոշումը և ընդունել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափն ու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճար հատկացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին` պահպանելով ներկայումս Որոշմամբ սահմանված գիտական աստիճանի համար հավելավճարների չափը՝ գիտությունների դոկտորին 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին 25 000 դրամ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրությանը, լրացուցիչ խթան կհանդիսանա գիտական աշխատանքը՝ որպես հիմնական աշխատանք ընտրելու գործում և կբարձրացնի ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «Գիտություն» բաժնի «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» և «Գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում» նպատակներից:

 

[1] էջ 166, OECD Frascati Manual 2015: Guidelines for Collecting and Reporting Data on Research and Experimental Development (https://doi.org/10.1787/24132764)։

  • Обсуждалось

    09.10.2023 - 24.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2266

Принт

Предложения

Ֆլորա Սարուխանյան

17.10.2023

Որպես համակարգի աշխատող, վստահեցնում եմ, որ ակնկալիքը, որի համար նման փոփոխություն է կատարվում, չի արդարանալու։ Գիտական աստիճան ունեցող գիտաշխատողը, ով ստիպված է համատեղությամբ աշխատել, ընտրել է այդ տարբերակը ոչ լավ պայմաններից եւ, հաստատ, ոչ 25000 կամ 50000 դրամի տարբերության համար։ Այս նախագծի հաստատման պարագայում, վստահ եմ, որ մեծ մասը ոչ թե կընտրի գիտական ոլորտը որպես հիմնական աշխատավայր, այլ կհրաժարվի դրանից։ Այնպես որ, եթե ակնկալիքը, իրոք գիտական ոլորտում կադրերի ամրապնդումն է, ապա սխալ մոտեցում է ընտրված։ Բացի այդ, հավելավճարը տրվում է գիտական աստիճանի (որակավորման) դիմաց, ոչ թե աշխատանքային դրույքաչափի, որը որակի ապահովման երաշխիք չէ։ Համաձայն եմ Պրն Եղիազարյանի կարծիքի հետ, որ սույնով խախտվում են աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածը եւ 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը։

vano Yeghiazaryan

12.10.2023

Հավելավճարը տրվում է դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճանի համար, իսկ եթե դոկտորը ոչ լրիվ աշխատաժամանակով է աշխատում, դա չի նշանակում, որ նա դոկտորի գիտական աստիճան չունի: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված է. Հավելավճարը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում և այլն), աշխատանքային ստաժի համար: Հետևաբար դոկտորի գիտական աստիճանի համար տրվող 50.000 դրամ հավելավճարը պետք է վճարել բոլոր գիտաշխատող դոկտորներին` անկախ աշխատաժամանակի տևողությունից:

vano Yeghiazaryan

12.10.2023

Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող գիտաշխատողը ևս համարվում է աշխատող, իսկ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության սկզբունքը, որն այս դեպքում ՀՀ կլառավարության որոշման նախագծում խախտվում է: Գիտաշխատողի լրիվ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելը կապ չունի նրա գիտական արտադրանք տալու կարողությունների հետ. կան ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող գիտաշխատողներ, որոնք տալիս են ավելի բարձր գիտական արտադրանք, քանի լրիվ աշխատաժամանակով աշխատողները: Ավելին` երկու դեպքում էլ գործ ունենք իրավաբանորեն նույն եզրույթի` աշխատողի հետ, որին մի դեպքում հավելավճար են տալիս, մյուս դեպքում` ոչ, որն արադարցի չէ, և դրանով խախտվում է աշխատողի իրավունքների ու հնավորությունների հավասարության սկզբունքը: Ուստի առաջարկում եմ որոշման նախագծից հանել «առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող» արտահայտությունը, քանի որ դրանով խախտվում է Աշխատանքային օրեսգրքի 3-րդ հոդվածով սահմանված հիմնական սկզբունքներից մեկը:

Узнать больше