Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 789-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման արդյունքում ստուգումը հաղթահարած անձանց կողմից նոտարի թափուր պաշտոնի համալրման ընթացակարգը վերանայման կարիք ունի, որը պայմանավորված է հետևյալով: Մինչև «Նոտարիատի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-265-Ն օրենքի ուժի մեջ մտնելը (17.08.2023 թվական) գործող ընթացակարգի համաձայն՝ որակավորման ստուգումները կազմակերպվում են առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ: Որակավորման ստուգումը հաղթահարած բոլոր անձինք ստանում են որակավորման վկայական և ընդգրկվում որակավորման ստուգման դրական արդյունքներ ունեցող անձանց ցանկում, որից, ըստ թափուր տեղերի առկայության, ժամանակի ընթացքում կատարվում են նոտարի պաշտոնում նշանակումները: Ընդ որում, որակավորման ստուգման դրական արդյունքները նոտարի պաշտոնում չնշանակված անձանց համար իրենց ուժը պահպանում են հինգ տարի: Մինչդեռ, պրակտիկան ցույց է տալիս, որ նշված եղանակով թափուր պաշտոնի համալրումն այդքան էլ արդյունավետ չէ: Մասնավորապես, ցանկում ընդգրկված անձանց առաջարկվում է համալրել որոշակի նոտարական տարածքի նոտարի թափուր պաշտոնը, իսկ համաձայնության բացակայության դեպքում (օրինակ՝ համաձայն չէ կոնկրետ նոտարական տարածքում գործունեություն ծավալել) ստուգումը հաղթահարած և ցանկում ընդգրկված անձը շարունակում է մնալ ցանկում: Հարկ է նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Երևան նոտարական տարածքը համալրված է նոտարներով, հիմնականում խնդիր կա համալրել մարզերի նոտարական տարածքները, իսկ հեռավորության կամ օրինակ որոշակի պայմանների բացակայության հանգամանքով պայմանավորված՝ ցանկում ընդգրկված անձինք չեն համաձայնվում զբաղեցնել մարզային նոտարական տարածքի նոտարի թափուր պաշտոնը: Հետևաբար, անհրաժեշտ է վերանայել քննարկվող գործընթացը:

Միևնույն ժամանակ, Կառավարության 789-Ն որոշումն ընդունվել է 06.06.2002 թվականին և ուժի մեջ մտել 16.07.2002 թվականին: Տարիների ընթացքում որոշ դրույթներ թեև փոփոխվել և (կամ) լրացվել են, առկա են մի շարք դրույթներ, որոնք քննարկվող որոշումն ուժի մտնելուց ի վեր առհասարակ փոփոխության և (կամ) լրացման չեն ենթարկվել կամ ենթարկվել են 2011 թվականին, քանի որ վերջին փոփոխությունը որոշման մեջ կատարվել է Կառավարության 29.09.2011 թվականի թիվ 1463-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 05.11.2011 թվականին), երբ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը շարադրվել է նոր խմբագրությամբ: Նման պայմաններում, որոշման կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք թերություններ և բացթողումներ, առկա են բազմաթիվ դրույթեր, որոնք ժամանակի հետ կորցրել են իրենց արդիականությունը և վերանայման կարիք ունեն կամ անորոշ ձևակերպման արդյունքում հստակեցման կարիք ունեն: Որոշ դրույթներ չեն համապատասխանում «Նոտարիատի մասին» օրենքի (օրինակ՝ որոշման 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ժամկետը չի համապատասխանում օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ստաժավորման ժամկետին, որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետով, 10-րդ կետով նախատեսված ժամկետները չեն համապատասխանում 11-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետին) կարգավորումներին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ նախագծով առաջարկվում է վերանայել նոտարի թեկնածուների որակավորման ստուգման արդյունքում ստուգումը հաղթահարած անձանց կողմից նոտարի թափուր պաշտոնի համալրման ընթացակարգը՝ սահմանելով, որ որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը տրվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր, ինչպես նաև նոր ստեղծված հաստիքի համար՝ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ՝ տվյալ հաստիքը համալրելու համար: Այդպիսով ընթացակարգն առավել որոշակի է դառնում նաև ստուգմանը մասնակցելու նպատակ և ցանկություն ունեցող նոտարի թեկնածուի համար, քանի որ համապատասխան հայտարարության առկայության պայմաններում վերջինս արդեն իսկ իրազեկվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր տեղի համալրման նպատակով անցկացվող ստուգման մասին և գնահատում նշված ստուգմանը մասնակցելու նպատակահարմարությունը տարբեր գործոնների հաշվառմամբ՝ այդ թվում հաշվի առնելով այն, որ ստուգումը հաղթահարելու դեպքում վերջինս նշանակվելու է որպես տվյալ նոտարական տարածքի նոտար։ Նախագծով վերանայվել է որակավորման ստուգման ընդհանուր ընթացակարգը՝ խմբագրելով այլևս կիրառություն չունեցող, ոչ արդիական դրույթները, սահմանելով առավել որոշակի դրույթներ: Ուստի, նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշման հավելվածով հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ:

3. Կարգավորման նպատակներն, ակնկալվող արդյունքը.

Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշման դրույթների համապատասխանությունը «Նոտարիատի մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաև Արդարադատության նախարարությանը վերապահված գործառույթների արդյունավետ իրականացումը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից, այլ մշակվել է՝ հիմք ընդունելով 17.08.2023 թվականին ուժի մեջ մտած՝ «Նոտարիատի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-265-Ն օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետը, ինչպես նաև Վարչապետի 30.08.2023 թվականի թիվ 877-Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետը:

 

  • Обсуждалось

    08.09.2023 - 23.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Нотариальный

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1151

Принт