Добавить в избранное

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ   ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ  ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ  ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ԾՐԱԳԻՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման, դրան առնչվող օրենսդրական, ենթաօրենսդրական իրավական ակտերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կատարելագործման, ժամանակին համընթաց երկարաժամկետ ռազմավարության մշակման, ինչպես նաև  ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի 364.2 կետի միջոցառման կատարմամբ ակնկալվող արդյունքին հասնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2021թվականի հոկտեմբերի 14-ի N02/08.2/35593-2021 և նոյեմբերի 25-ի N02/08.2/40592-2021 հանձնարարականներով:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս  ոլորտում կապիտալ ներդրումների կամ շինմոնտաժային աշխատանքների (նախահաշվային) արժեքի հաշվարկման հիմքում հիմնականում դիտարկվում են խորհրդային տարիներին մշակված՝ 1984թվականին հաստատված ելակետային (բազային) տվյալներն ու դրանց պարբերաբար ինդեքսավորման  սկզբունքը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշմամբ հաստատված գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի մեթոդաբանությամբ սահմանված բանաձևերը փոխկապակցված են 1984թվականի գնացուցակների և դրանց նկատմամբ կիրառվող ինդեքսների ու Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ, որոնք արդիականացման կարիք ունեն:

Գործող (ЕРЕР-единые районные единичные расценки) ժողովածուներում բացակայում են նոր նյութերով, կառուցվածքներով, սարքավորումներով, մեքենաներով, մեխանիզմներով, կաղապարամածային համակարգերով իրականացվող աշխատանքների (տեխնոլոգիաների) նկարագրերը և նախահաշվային նորմերը:

Կիրառելի չեն նաև նախկին արտադրական նորմերը (ЕНиР-единые нормы и расценки) նոր շինարարական նյութերի արժեքի, աշխատավարձի իրական ծախսերի որոշման համար՝ տեխնիկական նոր միջոցների՝ մեքենա-մեխանիզմների, սարքավորուների և շինարարական տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության բացակայության պատճառով:

Գնագոյացման նորմատիվային բազայի անկատարությունը հանգեցնում է խնդրահարույց  իրավիճակների, նպաստելով ներդրումային (կառուցապատման) ծրագրերի անարդյունավետ ընթացքին:

Պետական ներդրումային ծրագրերի պարագայում նախահաշվային փաստաթղթերի մշակման հիմքում դիտարկվում է բազիսաինդեքսային (այն է՝ ոլորտում գործող նորմատիվ ակտերով սահմանված նախահաշվի կազմման) մեթոդը, որը չի համապատասխանում մրցակցային շուկայում գործող առաջարկ-պահանջարկ սկզբունքին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ բազիսաինդեքսային մեթոդի փոխարեն Նախագծով առաջարկվում է ներդնել շինարարությունում գնագոյացման ռեսուրսային հաշվարկի մեթոդաբանությունը, այն է՝ ընթացիկ գների հաշվառմամբ քաղաքաշինական օբյեկտի նախահաշվային իրական արժեքի որոշման ամենաարդյունավետ  տարբերակը, որի շրջանակներում կարևորվում է մոնիտորինգային կենտրոնների և բազային տվյալների շտեմարանի  ստեղծման անհրաժեշտությունը:

 Գործընթացը ենթադրում է նաև մեծ ծավալով օրենսդրական և ենթաօրենսդրական  փոփոխություններ, բարեփոխումներ և հաջորդական կատարելագործում, շինարարության BIM (Building Information Modeling) ինֆորմացիոն մոդելի  ձևավորման սկզբունքների կիրառում:

Հայեցակարգով նախատեսվող միջոցառումների արդյունքային ցուցանիշները

- ուղղակի արդյունքների մասով ֆինանսական միջոցներ չեն պահանջվի,

- միջանկյալ արդյունքների մասով կպահանջվեն որոշակի ֆինանսական միջոցներ նորմատիվ փաստաթղթերի մի մասի մրցութային կարգով ձեռքբերման համար,

- վերջնական արդյունքի մասով ֆինանսական ներդրումների կանխատեսումները կարող են հստակեցվել միայն ուղղակի և միջանկյալ արդյունքներն ապահովելու պարագայում:

Հայեցակարգին կից ներկայացված է նաև առաջնահերթ այն միջոցառումների ծրագիրը, որոնք ֆինանսավորում չեն պահանջի 2022-2024թթ հատվածում:

Միաժամանակ հարկ է նշել, որ «Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության   որոշման   նախագծի ընդունման կապակցությամբ կարող է առաջանալ լրացուցիչ ֆինանսական միջոցների, պետական բյուջեի եկամուտներում  և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն՝ պայմանավորված միջոցառումների ծրագրի կատարմամբ  ։

Համագործակցություն <Ռուսաստանի գլխավոր պետական փորձաքննություն> դաշնային ավտոնոմ կազմակերպության հետ

2020-2021թթ ընթացքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչությունը սերտորեն փոխգործակցել է  <Ռուսաստանի գլխավոր պետական փորձաքննություն> դաշնային ավտոնոմ հիմնարկի  հետ և մասնակցել հեռավար կազմակերպված միջազգային կոնֆերանսներին:

Ի թիվս այլ մասնակից-պետությունների, Հայասատանի Հանրապետության անունից  իրենց ելույթներն ու դիրքորոշումներն են ներկայացրել նաև Կոմիտեի ներկայացուցիչները շինարարությունում գնագոյցաման սկզբունքների գործող մեթոդաբանության և դրա արդիականացման հնարավոր լուծումների, ակնկալվող աջակցության վերաբերյալ:

Հարկ է նշել, որ 2020 թվականի նոյեմբերի 19-ի IV Միջազգային կոնֆերանսին ներկայացվել է զեկույց ՀՀ-ում գնագոյացման խնդիրների և դրանց հաջորդական հնարավոր լուծումների մասին:

Գործընկեր պետության՝ Բելառուսի Հանրապետությունում շինարարությունում ռեսուրսային մեթոդի ներդրման և հետագա զարգացմանը նվիրված  նմանատիպ ելույթով հանդես է եկել նաև Բելառուսի Հանրապետության Շինարարությունում գնագոյացման հանրապետական գիտատեխնիկական կենտրոնի տնօրեն Գենադի Անատոլիի Պուրսը,  ով հանգամանալից պարզաբանել է այլընտրանքային (ռեսուրսային) մեթոդի կիրառման իրավական կարգավորումներն ու  առավելությունները:

Մասնագիտական տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Հայաստանի ներկայացուցիչների  խնդրանքով խնդրի առնչությամբ Գենադի Պուրսի և Կոմիտեի միջև համագործակցությունը շարունակվել է նաև 2021թվականին՝ հեռավար առանձին հանդիպումների և քննարկումների  կազմակերպման միջոցով, որին մասնակցել են ոչ միայն Կոմիտեի, այլև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Շինարարների միության մասնագետները:

Հայեցակարգի նախագծով ամրագրված հիմնական միջոցառումները ձևավորվել են բովանդակային վերը նշված համատեղ քննարկումների և հարցադրումների համաձայն, որոնք ճշգրտվել են ըստ խնդիրների հաջորդականության և դրանց լուծման ուղիների:

Քննարկումների հիմքում մասնակիցների կողմից հատկապես շեշտադրվել են իրավաստեղծ գործընթացները, նորմատիվ ակտերի արդիականացման (Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունված ակտերի հնարավոր տեղայնացման՝ դիտարկելով Ղազախստանի, Ղրղզստանի հաջողված օրինակները) անհրաժեշտությունը, ոլորտում գների մոնիթորինգի  կազմակերպման և մոնիթորինգային խմբերի ձևավորման կարևորությունը, վերջիններիս մասնագիտական որակավորումը և հմտությունները (կարողությունները) <գործարար միջավայր-պետություն> փոխհամագործակցությունն ապահովելու գործում:

Ելնելով վերոգրյալից՝  որպես առաջնահերթություն են սահմանվել թե՛ Հայեցակարգի ընդունումը և թե՛ դրանով ամրագրված միջոցառումները, որոնք պետք է հիմք հանդիսանան առաջիկայում ձևավորված խնդիրների լուծման համար:

Միաժամանակ,  ղեկավարվելով 2021 թվականի նոյեմբերի 3-ին կայացած Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի N  ԿԱ/209-2021 արձանագրության 4-րդ կետի հանձնարարականով.

1. Կոմիտեի մասնագիտական ստորաբաժանման կողմից առաջարկվել է ՀՀ 2023-2025թթ ՄԺԾԾ նախագծում ընդգրկել Հայեցակարգի Հավելված N2-ով նախատեսված ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009թվականի ապրիլի 3-ի  N 35-Ն հրամանով հաստատված ՀՀ տարածքում կառուցվող  շենքերի, կառուցվածքների և շինարարական  աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների ժողովածուի (անալոգ –օբյեկտների կատալոգի) արդիականացման և  լրամշակման աշխատանքները:

2. <Քաղաքաշինության մասին> oրենքում նախատեսվում են լրացումներ շինարարությունում գնագոյացման ոլորտին վերաբերող մասով Կոմիտեին համապատասխան   լիազորություններ վերապահելու  համար:

 

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության ապրիլի 8-ի <ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Լ որոշում

Բաժին <Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկ>՝

<73.Գործող նորմատիվատեխնիկական իրավական ակտերի հետ մեկտեղ նոր մեքենա-մեխանիզմների և սարքավորումների կիրառման հիմնական խոչընդոտ է հանդիսանում նաև գործող շինարարական աշխատանքների արժեքի գնագոյացման մեթոդաբանությունը: Գործող գնագոյացման մեթոդաբանությամբ շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման համար հիմք են ծառայում նախկին Խորհրդային Միության ժամանակ համապատասխան գերատեսչությունների և պետական ինստիտուտների կողմից մշակված նախահաշվային տարրային նորմերը, որոնց արդիականացումը և վերանայումը վերջին անգամ իրականացվել են 1984 թվականին:

74. Նախկինում մշակված նախահաշվային տարրային նորմերի հիման վրա կազմվել են շինարարական աշխատանքների գնացուցակներ, ինչպես կապիտալ շինարարության համար, այնպես էլ՝ վերանորոգման աշխատանքների։ Հարկ է նշել նաև, որ գնացուցակներում ներառված աշխատանքների գնային հաշվարկն արտացոլվում է ռուբլով։ Հետևաբար, ներկայումս նախահաշվային տարրային նորմերի կիրառելիությունն ապահովելու նպատակով իրականացվում է վերահաշվարկ՝ կիրառելով ինդեքսավորման մեթոդաբանությունը կամ բազիսաինդեքսային մեթոդը։ Ներկայումս գործող կարգով շինմոնտաժային աշխատանքների նախահաշվի և շուկայում ձևավորվող արժեքի միջև առկա են անհամապատասխանություններ:>

Կետ 13.1՝ <Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման բազիսաինդեքսային մեթոդաբանությունից անցում ռեսուրսային մեթոդաբանությանը (Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման ծրագրի Հայեցակարգի մշակում):>:

 

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում

Կետ 5.2՝ <Շինարարության գնագոյացման մեթոդաբանության ոչ արդիական (դեռևս խորհրդային ժամանակաշրջանի) մեթոդների փոխարեն նոր՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող մեթոդաբանության ներդրման ճանապարհային քարտեզի մշակում, վերանայման ենթակա օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի շրջանակի սահմանում>:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտե , ինչպես նաև մասնագիտական դիրքորոշումներ ներկայացրած  հաստատություններն ու  կազմակերպությունները՝ Հայաստանի շինարարների միություն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, «Հայնախագիծ» ԲԲԸ, ՀՀ նախագծողների միություն:

4. Ակնկալվող արդյունքը

Քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, ոլորտի արմատական բարեփոխում (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցում, վստահության ամրապնդում, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացում, գնահատման իրական ծախսերի կանխատեսում և հաշվարկ:

 

  • Обсуждалось

    20.06.2023 - 05.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1576

Принт