Добавить в избранное

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅԱՄԱՆԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

—մայիսի 2023 թվականի N- —Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅԱՄԱՆԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ և 10-րդ, 46-րդ հոդվածի 1-ին, 7-րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից գործող ռազմական կցորդի, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչների նշանակման և գործունեության կարգը և կարգավիճակը՝ համաձայն N 1 hավելվածի.

2) Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից գործող առևտրական կցորդի, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների նշանակման և գործունեության կարգը և կարգավիճակը՝ համաձայն N 2 hավելվածի.

3)       Մասնագիտացված միջազգային կազմակերպություններում, օտարերկրյա պետություններում միջազգային պայմանագրի հիման վրա գործող Հայաստանի Հանրապետության կցորդների և ներկայացուցիչների նշանակման և գործունեության կարգը և կարգավիճակը՝ համաձայն N 3 hավելվածի:

  1. Սահմանել, որ.

1) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից սույն որոշման 1-ին կետով նախատեսվածից բացի, այլ կցորդներ կարող են գործել այդ մասին համապատասխան պետության հետ կնքված երկկողմ միջազգային պայմանագրի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) մասնագիտացված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը նշանակվում է և նրա գործունեության առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հիմք ընդունելով տվյալ միջազգային կազմակերպությանն անդամակցելու մասին փաստաթղթի դրույթները և առաջնորդվելով սույն որոշման Հավելված 3-ի դրույթներով:

  1. Հայաստանի Հանրապետության ռազմական, առևտրական և այլ կցորդների և ներկայացուցիչների, ինչպես նաև մասնագիտացված միջազգային կազմակերպություններում, օտարերկրյա պետություններում միջազգային պայմանագրի հիման վրա գործող Հայաստանի Հանրապետության կցորդների և ներկայացուցիչների, նրանց ընտանիքի անդամների պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ հաստիքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1935-Ն, 2009 թվականի դեկտեմբերի 17-ի «Եվրոպական Միությունում և համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1491-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կանոնակարգը հաստատելու մասին» N 1708-Ն, 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին» N 1807-Ն, 2005 թվականի փետրվարի 17-ի «Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի կանոնադրությունը հաստատելու մասին» N 173-Ն, 2009 թվականի հուլիսի 2-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի կարգավիճակը և գործունեության կարգը հաստատելու մասին մասին» N 738-Ն որոշումները:
  3. Սույն որոշման 4-րդ կետում նշված որոշումների՝ համապատասխան հաստիքներ ստեղծելու վերաբերյալ դրույթները գործում են մինչև համարժեք հաստիքներ ստեղծելու մասին ՀՀ վարչապետի որոշումների ընդունումը կամ միջազգային պայմանագիր կնքելը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված N1

 ՀՀ կառավարության 2023 թվականի

-ի N -Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության կամ ռազմական և ռազմաքաղաքական գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպության (այսուհետ` միջազգային կազմակերպություն) միջև ձեռք բերված պայմանավորվածության կամ միջազգային պայմանագրի համաձայն օտարերերկրյա պետություններում կամ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից նշանակվում են պաշտպանության հարցերով ռազմական և ռազմաօդային կցորդներ (այսուհետ` ռազմական կցորդներ) կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ (այսուհետ` ներկայացուցիչներ):
  2. Ռազմական կցորդները և ներկայացուցիչները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում:
  3. Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդները և ներկայացուցիչները գործում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում՝ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ընդհանուր քաղաքական ղեկավարությամբ:
  4. Ռազմական կցորդների և ներկայացուցիչների հաստիքները ստեղծվում և վերացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացմամբ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
  5. Բարձրագույն սպայական պաշտոն զբաղեցնող ռազմական կցորդները և ներկայացուցիչները նշանակվում են մինչև չորս տարի ժամկետով, իսկ ավագ սպայական կազմի պաշտոն զբաղեցնող ռազմական կցորդները և ներկայացուցիչները` մինչև երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել մինչև մեկ տարի:
  6. Ռազմական կցորդների և ներկայացուցիչների նշանակմանը ներկայացվում են հետևյալ պահանջները`

1) ռազմական կցորդներ կարող են նշանակվել ավագ կամ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում, բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության զինվորական ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ ունեցող և օտարերկրյա պետությունում առավելապես կիրառվող լեզվին տիրապետող զինծառայողները.

2) ներկայացուցիչներ կարող են նշանակվել ավագ կամ բարձրագույն սպայական կազմի կոչում, բարձրագույն կրթություն ունեցող, զինվորական ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ ունեցող և միջազգային կազմակերպության աշխատանքային լեզուներից մեկին տիրապետող զինծառայողները.

  1. Ռազմական կցորդները և ներկայացուցիչները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
  2. Ռազմական կցորդները և ներկայացուցիչները կարող են ունենալ օգնականներ (մինչև 3 անձ), որոնք համալրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
  3. Ռազմական կցորդներն և ներկայացուցիչներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության հետ կնքված միջազգային պայմանագրերով և միջազգային իրավունքի այլ նորմերով` հաշվի առնելով օտարերկրյա պետության օրենսդրությունը կամ միջազգային կազմակերպությունների կանոնադրությունները և այլ փաստաթղթեր:
  4. Օտարերկրյա պետություն ժամանելուց հետո ռազմական կցորդները և ներկայացուցիչները, հավատարմագրման սահմանված կարգին համապատասխան, ներկայացվում են տվյալ պետության արտաքին գործերի նախարարությանը և ռազմական գերատեսչության ղեկավարությանը կամ միջազգային կազմակերպության համապատասխան մարմիններին:
  5. Եթե օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը միաժամանակ հավատարմագրված է նաև այլ պետությունում կամ միջազգային կազմակերպություններում, ապա ռազմական կցորդները և ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել նաև այդ պետության ռազմական գերատեսչությունում կամ միջազգային կազմակերպությունում` մշտապես գտնվելով օտարերկրյա պետությունում` այդ պետության կամ միջազգային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության կամ միջազգային պայմանագրին համապատասխան:
  6. Ռազմական կցորդները և ներկայացուցիչները օտարերկրյա պետությունում և միջազգային կազմակերպությունում իրականացնում են այդ պետության և միջազգային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, ինչպես նաև ներկայացնում են այդ երկրի հետ համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկություններ: Ներկայացուցիչները, ռազմական կցորդները օտարերկրյա պետությունում իրականացնում են ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է օտարերկրյա պետության ռազմական գերատեսչության կամ միջազգային կազմակերպության հետ պաշտոնական կապերի հաստատում և պահպանում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, հետևում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրերի իրականացմանը, օժանդակություն ցուցաբերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի պատվիրակություններին` օտարերկրյա պետություն կամ միջազգային կազմակերպություն կատարված այցերի կազմակերպման ժամանակ: Ներկայացուցիչները, ռազմական կցորդները օտարերկրյա պետության զինված ուժերի հրամանատարության հետ հաստատում են պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով ներկա են լինում զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, այցելում ռազմական օբյեկտներ և հաստատություններ: Ռազմական կցորդները համակարգում են նաև օտարերկրյա պետության ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քաղաքացիական ծառայողների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների ուսման և վերապատրաստման առնչությամբ ծագած հարցերը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանձնարարությամբ կամ պաշտպանության նախարարության համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ` ներկայացուցիչները, ռազմական կցորդները միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող են իրականացնել դիտորդական գործառույթներ:
  7. Ռազմական կցորդները և ներկայացուցիչները օտարերկրյա պետությունում և միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ռազմաքաղաքական և ռազմական կամ պաշտպանության հարցերով խորհրդականներն են: Բարձրագույն սպայական պաշտոն զբաղեցնող ռազմական կցորդի և ներկայացուցչի կարգավիճակը հավասարեցվում է դեսպանորդ լիազոր նախարարի, իսկ ավագ սպայական պաշտոն զբաղեցնող ռազմական կցորդինը և ներկայացուցչինը՝ խորհրդականի դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց կարգավիճակին: Ռազմական կցորդները և ներկայացուցիչներն ու օգտվում են Հայաստանի Հանրապետության դիվանագետների համար օրենքով սահմանված բոլոր արտոնություններից, եթե օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ընթացակարգերն այլ բան չեն նախատեսում: Ռազմական կցորդներին, ներկայացուցիչներին և նրանց ընտանիքի անդամներին սահմանված կարգով տրամադրվում են դիվանագիտական անձնագրեր:
  8. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները և հիմնարկները ռազմական կցորդներին և ներկայացուցիչներին ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն: Ռազմական կցորդներն և ներկայացուցիչներն օգտվում են հատուկ կապի միջոցներից, իսկ դրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական փոստից և գաղտնի կապից:
  9. Ռազմական կցորդները և ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ուղղակիորեն ստանում են հրահանգներ և հանձնարարականներ` դրանց մասին սահմանված կարգով տեղեկացնելով օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին և նրա հետ համաձայնեցնելով դրանց իրագործման ուղիները: Ներկայացուցիչների, ռազմական կցորդների անմիջական ենթակայությունը, նրանց և աշխատակազմի գործառնական պարտականությունները սահմանվում են «Դիվանագիտական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով և սույն կարգով:
  10. Ռազմական կցորդները և ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացված հրահանգների և հանձնարարականների, այդ թվում` ուղղակիորեն ստացված հրահանգների և հանձնարարականների կատարման համար հաշվետու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, իսկ ռազմաքաղաքական հարցերով՝ նաև օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին:
  11. Ռազմական կցորդները և ներկայացուցիչներն իրենց տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, իսկ ռազմաքաղաքական խնդիրներին առնչվող գործունեության տարեկան հաշվետվությունը` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ռազմաքաղաքական հարցերով ռազմական կցորդներին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին հանձնարարականներ է տալիս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցով, իսկ հրատապ դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի միջոցով:
  12. Ռազմական կցորդները և ներկայացուցիչներն իրենց գործունեությունն իրականացնում են սահմանված կարգով հաստատված պաշտոնի անձնագրին (աշխատատեղի նկարագրին) համապատասխան:

 

 

 

Հավելված N2

ՀՀ կառավարության 2023 թվականի

 -ի N -Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդները և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչները (այսուհետ՝ առևտրական կցորդներ և առևտրական ներկայացուցիչներ) գործում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում՝ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:
  2. Առևտրական կցորդները և առևտրական ներկայացուցիչներն աջակցում են Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը օտարերկրյա պետության հետ:
  3. Առևտրական կցորդները և առևտրական ներկայացուցիչներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են միջազգային իրավունքի նորմերով, համապատասխան պետության հետ Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերով, համապատասխան միջազգային կազմակերպության կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության օրենսդրություններով և սույն կարգով:
  4. Առևտրական կցորդները և առևտրական ներկայացուցիչները կարող են գործունեություն ծավալել միաժամանակ մի քանի օտարերկրյա պետություններում, եթե դիվանագիտական ներկայացուցչությունը, որում նրանք գործում են, հավատարմագրված է այդ պետություններում կամ համապատասխան պետությունների հետ միջազգային պայմանագրերի առկայության դեպքում:
  5. Առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցիչների խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև բազմակողմանի և փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն աջակցելը.

2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև արտաքին առևտրատնտեսական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությանը նպաստելը.

3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև բազմակողմանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստելը.

4) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության տնտեսավարող սուբյեկտների միջև գործարար կապերի հաստատմանն աջակցելն ու նրանց միջև համագործակցության իրականացման հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելը.

5) միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական շահերը ներկայացնելը.

6) միջազգային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության աշխատանքների իրականացմանը ցուցաբերվող աջակցությունը:

  1. Առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցիչնի գործառույթներն են՝

1) Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների իրականացմանն ու օտարերկրյա պետության պետական մարմիններում կամ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանն աջակցելը.

2) օտարերկրյա պետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին, միջազգային կազմակերպությունում ընթացող գործընթացների և կազմակերպության անդամ երկրների արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին տեղեկությունների հավաքագրումը, ամփոփումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը.

3) օտարերկրյա պետության պետական կառավարման մարմիններին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելը.

4) օտարերկրյա պետությունում տնտեսական բնույթի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացմանն ու այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը նպաստելը.

5) Հայաստանի Հանրապետության դեսպանի կողմից միջազգային պայմանագրերի նախագծերի շուրջ բանակցությունների վարմանն աջակցելը, միջազգային կազմակերպության բանակցային գործընթացներին Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովումը.

6) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև կնքված միջազգային առևտրատնտեսական պայմանագրերի իրականացմանն աջակցելը, միջազգային կազմակերպության և կազմակերպությունում գործող մշտական խորհուրդների, աշխատանքային խմբերի ու կազմակերպության անդամ երկրների ներկայացուցչությունների հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.

7) միջազգային կազմակերպության քարտուղարության հետ ամենօրյա աշխատանքների ապահովումը.

8) առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների, միջազգային կազմակերպության հետ իրականացվող աշխատանքների շրջանակներում պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպմանն աջակցելը.

9) Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության և այլ պետական մարմինների՝ օտարերկրյա պետությունում գործող ներկայացուցչությունների (ներկայացուցիչների) գործունեության համակարգումն ու աջակցության ապահովումը.

10) Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տվյալ երկրի կազմակերպություններից պոտենցիալ ներդրողներ որոնելը.

11) օտարերկրյա պետությունում իրականացվող միջազգային ցուցահանդեսներին, բիզնես-ֆորումներին, գործարար բնույթի միջոցառումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցության կազմակերպմանն աջակցելը.

12) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության տնտեսավարող սուբյեկտների միջև առևտրատնտեսական գործարքների նախապատրաստմանն ու իրականացմանն աջակցելը, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը նպաստելը.

13) Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների շահերը ներկայացնելը (այդ սուբյեկտների համաձայնության և անհրաժեշտության դեպքում) օտարերկրյա պետության պետական մարմիններում։

14) միջազգային կազմակերպության մշտական խորհուրդների և աշխատանքային խմբերի ընթացիկ աշխատանքներին մասնակցությունը և Հայաստանի Հանրապետության բանակցային տեսակետները կազմակերպությունում ներկայացնելը.

  1. Առևտրական կցորդները և առևտրական ներկայացուցիչներն ունեն`

1) Հայաստանի Հանրապետության դեսպանության և իրենց պաշտոնի անվանմամբ Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող ձևաթուղթ,

2) առանձին բանկային հաշիվ:

  1. Առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցիչների հաստիքներն ստեղծվում և վերացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
  2. Առևտրական կցորդները և առևտրական ներկայացուցիչները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
  3. Առևտրական կցորդները նշանակվում են քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ կամ քաղաքական պաշտոններ կամ նախարարի խորհրդականի հայեցողական պաշտոն առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք կամ պետական վարչական պաշտոն առնվազն երեք տարի զբաղեցնող անձինք կամ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով խոշոր կազմակերպություն հանդիսացող գործադիր մարմնի ղեկավարի՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք, որոնք տիրապետում են օտարերկրյա պետությունում առավելապես կիրառվող լեզվին։ Առևտրական կցորդները նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
  4. Առևտրական ներկայացուցիչները նշանակվում են քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ կամ քաղաքական պաշտոններ կամ նախարարի խորհրդականի հայեցողական պաշտոն առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք կամ պետական վարչական պաշտոն առնվազն երեք տարի զբաղեցնող անձինք կամ դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք տիրապետում են միջազգային կազմակերպությունում կիրառվող լեզուներից մեկին:

Առևտրական ներկայացուցիչները նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

  1. Առևտրական կցորդի և առևտրական ներկայացուցիչների վարձատրությունը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, որոնք հավասարեցվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի պաշտոնային դրույքաչափին և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափին:
  2. Առևտրական կցորդները և առևտրական ներկայացուցիչները հավատարմագրվում են օտարերկրյա պետության արտաքին գործերի նախարարությունում` դիվանագետների հավատարմագրման սահմանված կարգով, իսկ օտարերկրյա պետության օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ նաև առևտրատնտեսական հարցերով լիազոր մարմնում:
  3. Առևտրական կցորդներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության հետ կնքված միջազգային պայմանագրերով և միջազգային իրավունքի այլ նորմերով` հաշվի առնելով օտարերկրյա պետության օրենսդրությունը կամ միջազգային կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի հանձնարարականները, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ցուցումները:
  4. Առևտրական կցորդները և առևտրական ներկայացուցիչներն իրենց ընթացիկ գործունեության մասին կանոնավոր տեղեկատվություն են ներկայացնում օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին:
  5. Առևտրական կցորդները և առևտրական ներկայացուցիչներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետու են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին:
  6. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններն առևտրական կցորդներին և առևտրական ներկայացուցիչներին առաջադրանքներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի միջոցով:
  7. Առևտրական կցորդներին, ներկայացուցիչներին և նրանց ընտանիքի անդամներին սահմանված կարգով տրամադրվում են դիվանագիտական անձնագրեր:

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

 -ի N -Ն որոշման

 

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅԱՄԱՆԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

  1. Մասնագիտացված միջազգային կազմակերպություններում (այսուհետ՝ միջազգային կազմակերպություն), օտարերկրյա պետություններում միջազգային պայմանագրի հիման վրա գործող Հայաստանի Հանրապետության կցորդները և ներկայացուցիչները (այսուհետ՝ կցորդներ և ներկայացուցիչներ) ներկայացնում են Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտին առնչվող շահերը միջազգային կազմակերպությունում կամ օտարերկրյա պետությունում:
  2. Կցորդները և ներկայացուցիչները գործում են օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպության գլխամասային գրասենյակի տեղակայման երկրում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կամ մշտական ներկայացուցչությունում` դեսպանի կամ մշտական ներկայացուցչի ընդհանուր ղեկավարությամբ:
  3. Կցորդները և ներկայացուցիչներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են միջազգային իրավունքի նորմերով, միջազգային կազմակերպության նորմատիվ ակտերով և երաշխավորություններով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, միջազգային կազմակերպության նստավայր պետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կարգով:
  4. Կցորդների և ներկայացուցիչների խնդիրներն են`

1) Օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում համապատասխան ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելը.

2) Օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտին առնչվող աշխատանքների իրականացմանը ցուցաբերվող աջակցությունը.

3) Օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում ընթացող գործընթացների մասին եռամսյակային կտրվածքով տեղեկությունները Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնի ղեկավարին ներկայացնելը.

4) Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների հետ աշխատանքային կապերն ապահովելը:

  1. Կցորդների և ներկայացուցիչների գործառույթներն են`

1) Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ստորաբաժանումների, մշտական խորհուրդների, հանձնաժողովների, կոմիտեների, աշխատանքային խմբերի, ինչպես նաև միջազգային կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպումը և իրականացումը, մասնակցությունը ընթացիկ աշխատանքներին և Հայաստանի Հանրապետության շահերը կազմակերպությունում ներկայացնելը.

2) Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության քարտուղարության հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպումը.

3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև առկա՝ համապատասխան ոլորտին առնչվող խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլերի մշակումը, ձեռնարկումը.

4) Օտարերկրյա պետության համապատասխան ծառայությունում առկա գործընթացների, իրավիճակի մասին տեղեկությունների հավաքագրումը, վերլուծումը, ամփոփումը, այդ տեղեկությունների հիման վրա առկա իրավիճակի հնարավոր բարելավմանն ուղղված քայլերի մշակումն ու ըստ անհրաժեշտության առաջարկների ներկայացումը։

5) Միջազգային կազմակերպության համապատասխան ոլորտին առնչվող բանակցային գործընթացներին Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովումը` համաձայնեցնելով տվյալ երկրում կամ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի հետ.

6) Օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում ընթացող` համապատասխան ոլորտին առնչվող գործընթացների մասին տեղեկությունների հավաքագրումը, ամփոփումը և եռամսյակային կտրվածքով տրամադրումը Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմնի ղեկավարին.

7) Միջազգային կազմակերպության անդամ երկրների համապատասխան ոլորտի վիճակագրության մասին տեղեկատվության հավաքագրումն ու եռամսյակային կտրվածքով տրամադրումը Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնի ղեկավարին.

8) Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնի ղեկավարի կողմից հանձնարարական տրվելու դեպքում ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի նախագծերի շուրջ բանակցությունների վարմանն աջակցություն ցուցաբերելը.

9) Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության հետ համապատասխան ոլորտում իրականացվող համագործակցության շրջանակներում պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման աշխատանքների իրականացմանն աջակցություն ցուցաբերելը.

10) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ չարգելված և սույն կարգով սահմանված խնդիրների լուծմանն ուղղված այլ գործառույթներ:

  1. Կցորդները և ներկայացուցիչներն ունեն`

1) Օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ձևաթուղթ.

2) առանձին բանկային հաշիվ:

  1. Կցորդների և ներկայացուցիչների հաստիքները ստեղծվում և վերացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` իրավասու պետական մարմնի ներկայացմամբ՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ՝ հիմք ընդունելով տվյալ միջազգային կազմակերպությանն անդամակցելու մասին փաստաթղթի դրույթները և առանջնորդվելով սույն կարգի դրույթներով:
  2. Կցորդները և ներկայացուցիչները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` իրավասու պետական մարմնի ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
  3. Կցորդները և ներկայացուցիչները նշանակվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմնում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ կամ քաղաքական պաշտոններ կամ նախարարի խորհրդականի հայեցողական պաշտոն առնվազն երկու տարի զբաղեցնող անձինք կամ պետական վարչական պաշտոն առնվազն երեք տարի զբաղեցնող անձինք, որոնք տիրապետում են միջազգային կազմակերպության աշխատանքային լեզուներից մեկին կամ օտարերկրյա պետությունում առավելապես կիրառվող լեզվին։
  4. Կցորդների և ներկայացուցիչների վարձատրությունը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, որոնք հավասարեցվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի պաշտոնային դրույքաչափին և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափին:
  5. Կցորդներին և ներկայացուցիչներին և նրանց ընտանիքի անդամներին սահմանված կարգով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր:
  6. Կցորդների և ներկայացուցիչների նստավայրը տեղակայվում է համապատասխան օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության շենքում կամ այլ վայրում:
  7. Կցորդները և ներկայացուցիչները սահմանված կարգով հավատարմագրվում են միջազգային կազմակերպությունում և օտարերկրյա պետության արտաքին գործերի նախարարությունում:
  8. Կցորդները և ներկայացուցիչները գործում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ղեկավարների հանձնարարականներով:
  9. Կցորդները և ներկայացուցիչներն իրենց ընթացիկ գործունեության մասին ըստ անհրաժեշտության տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնի ղեկավարին, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարին:
  10. Կցորդները և ներկայացուցիչներն իրենց կատարած աշխատանքի մասին հաշվետու են Հայաստանի Հանրապետության համատասխան մարմնի ղեկավարին և համապատասխան օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցրության ղեկավարին:
  11. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններն կցորդներին և ներկայացուցիչներին առաջադրանքներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնի ղեկավարի կամ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի միջոցով:
  • Обсуждалось

    30.05.2023 - 14.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Международные отношения

  • Министерство

    Министерство иностранных дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2397

Принт