Добавить в избранное

В стадии разработки

««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետով, ի թիվս այլնի, նախատեսված է Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում միջոցառումը, որի իրականացման ուղղություններն են հանդիսանում կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը:

Նշված հրամայականով պայմանավորված՝ նախագծով նախատեսվող կարգավորումներն ուղղված են քրեակատարողական ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող նոր կադրերի պատրաստմանը, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի քրեակատարողական համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ այդպիսով երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը:

Այս առումով, ռազմավարական միջոցառումների ցանկով նպատակներին հասնելու առաջնային քայլերից մեկը հանդիսանում է քրեակատարողական ծառայության վերափոխումը, որը հնարավորության կտա ոչ միայն կառուցվածքային, այլև գործառույթային առումով ունենալու այնպիսի ստորաբաժանումներ, որոնք առավել արդյունավետ կլուծեն ծառայության առջև դրված խնդիրները և ըստ էության գործառնական առումով կլրացնեն մեկը մյուսին։ Ասվածի վկայումն է այն, որ  ներկայումu ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանություն և ներսում՝ անվտանգության ապահովման գործառույթներ իրականացվում են երկու տարբեր ստորաբաժանումների՝ պահպանության ապահովման և անվտանգության ապահովման ծառայողների կողմից։ Նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ, միմյանց հետ արդյունավետորեն չփոխկապակցված երկու ստորաբաժանումների գործունեությունը հանգեցնում է դրանց միջև փոխգործակցության և արդյունավետ կառավարման խնդիրների ծագմանը, ինչպես նաև ուժերը միևնույն արդյունքն ակնկալող խնդիրների լուծմանն ուղղելու հնարավորության բացակայությանը։ Մինչդեռ, նշված ուղղություններում արդյունավետ աշխատանքն առաջնային կարևորություն ունի քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության, ներքին անվտանգության ապահովման, քրեակատարողական հիմնարկներում նոր հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման համար։

Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել քրեակատարողական հիմնարկներում ստեղծել նոր՝  Անվտանգային կառավարման ստորաբաժանում, որն իր մեջ կներառի հիշյալ երկու ստորաբաժանումների գործառույթները, ինչը նաև հնարավորություն կտա նոր ստեղծված ստորաբաժանման ծառայողների ուժերն արդյունավետ օգտագործել ըստ անհրաժեշտության՝ թե արտաքին պահպանության և թե քրեակատարողական հիմնարկի ներսում անվտանգության ապահովման խնդիրներն իրականացնելիս։

Հարկ է նկատել նաև, որ կադրային քաղաքականության վերափոխման ռազմավարական նպատակի տեսանկյունից առանցքային նշանակույն ունի ոչ միայն կառուցվածքային ստորաբաժանումների նախատեսումը, այլև քրեակատարողական ծառայողի մասնագիտացված, պատասխանատու, բարեվարք, ազնիվ և վստահելի կադրերի ներգրավուն, որն, անշուշտ, հնարավոր է իրագործել նոր Անվտանգային կառավարման ստորաբաժանման ներդրումից հետո քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման և անվտանգության ապահովման ստորաբաժանումները լուծարելուց և նոր կադրեր ներգրավելու և վերջիններիս կողմից համապատասխան ուսուցման գործընթացն անցնելու արդյունքում:

 Ընդ որում՝ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ, հաշվի առնելով գործընթացի աննախադեպ և բովանդակային առումով խրթին լինելու հանգամանքը, նախատեսվում է՝ ոստիկանությունում Պարեկային ծառայության ներդրման օրինակով, սկզբնական շրջանում Անվտանգային կառավարման ստորաբաժանումը ներդնել Արմավիր քրեակատարողական հիմնարկում, որին հաջորդելու է մյուս քրեակատարողական հիմնարկներում նշված ստորաբաժանումների ներդրման շարունական բարեփոխումները:

Վերոգրյալից զատ, քրեակատարողական ծառայության՝ որպես հանրային ծառայության տեսակի պատշաճ կազմակերպման և ծառայության գրավչության բարձրացման գործում անկյունաքարային նշանակություն ունի  քրեակատարողական ծառայության անցնելու և ծառայությունը շարունակելու համար սոցիալական երաշխիքներ և լրացուցիչ խթաններ նախատեսող կառուցակարգերի նախատեսումը: Միաժամանակ, հաշվի առնելով քրեակատարողական ծառայողների՝ իրենց գործառույթներով (որոնց թվում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժների կատարումը, անձնանց կալանքի տակ պահելը, քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումը, քրեակատարողական հիմնարկներում ապահովում է օրինականության և անվտանգության ապահովումը) պայմանավորված կատարվող աշխատանքի բնույթը և դժվարությունը, դրա սոցիալական կարևորությունը՝ առավել ցայտուն կերպով է ընդգծվում ծառայողների համար արժանի վարձատրության և սոցիալական երաշխիքների նախատեսման անհրաժեշտությունը: Ընդ որում կարևորվում է ծառայողներին՝ իրենց ունեցած մասնագիտական գիտելիքների և կարողությունների բավարար մակարդակի առկայության դեպքում միայն վարձատրության լրացուցիչ մեխանիզմներից օգտվելու հնարավորության ընձեռումը:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

  • Օրենքի 11-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները հնարավորություն կտան և նախադրյալներ կստեղծեն քրեակատարողական հիմնարկներում (նախնական ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկում) համապատասխան օրենսդրական փոփոխությունների և կադրերի պատրաստման և ներգրավման միջոցով ներդնել նոր՝ Անվտանգային կառավարման ստորաբաժանում՝ դրանք նոր առավել պատրաստված, ազնիվ, բանիմաց, նոր համազգեստվ և հատուկ տեխնիկական հագեցված կադրերով համալրելու, որից հետո գործող անվտանգության ապահովման և պահպանության ապահովման ստորաբաժանումները կլուծարվեն։
  • Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի ներկայիս կարգավորումը՝ քրեակատարողական ծառայության պետին վերջինիս առաջարկով համապատասխան նախարարի կողմից պաշտոնի նշանակելու և փոխադրելու մասով, հակասում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասին, որի համաձայն՝ «Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»։ Այսինքն՝ նախարարի լիազորությունների մեջ չի մտնում քրեակատարողական ծառայության պետին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը և փոխադրելը։ Առաջարկվող փոփոխությամբ հակասությունը կվերացվի, քանի որ ըստ էության, ինչպես նշվել է՝ քրեակատարողական ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ վարչապետը։
  • Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն պատիժ կատարող հիմնարկների պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը՝ կարող է բողոքարկվել վերադասության կարգով, որի դեպքում պետք է կայացվեն բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և դատապարտյալի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտականության մասին կամ բողոքը մերժելու մասին որոշումներ, ինչը ենթադրում է քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց ընդունած որոշումների՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի կողմից վերադասության կարգով վերանայելու և ըստ այդմ՝ նոր որոշում կայացնելու լիազորություն։

Հարկ է նշել, որ Օրենքի 26-րդ հոդվածում նախատեսված են քրեակատարողական ծառայության պետի լիազորությունները, որոնց շարքում որոշումներ կայացնելու  (այդ թվում՝ ենթակա պաշտոնատար անձանց կողմից կայացրած որոշումների վերանայման արդյունքում)  լիազորություն նախատեսված չէ, ինչը գործնականում կարող է առաջացնել խնդրահարույց իրավիճակներ, օրինակ՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեակատարողական ծառայության պետի կողմից կայացված որոշումների դատական կարգով վիճարկման առիթ հանդիսանալ։

Ուստի, Օրենքի 26-րդ հոդվածում համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելով` քրեակատարողական ծառայության պետին օրենքով որոշումներ կայացնելու լիազորություն կնախատեսվի և հնարավորություն կտրվի  համապատասխան քրեակատարողական ծառայողների, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից կայացրած որոշումները վերադասության կարգով քննարկելու և դրա արդյունքում դրանք անփոփոխ թողնելու, փոփոխելու և նոր որոշումներ կայացնելու, ինչով էլ կվերանան մի շարք հակասական իրավիճակներ, տարընկալումներ և այլ խնդիրներ:

  • Օրենքի 30-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է հոդվածում վկայակոչված՝ ուժը կորցրած օրենքի գործող օրենքով փոխարինմամբ։

Մասնավորապես՝ Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:»։

 «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքն ուժը կորցրել  2017 թվականի դեկտեմբերի 16-ին և ներկայումս քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության հարցերը վերաբերելի մասով կարգավորվում են ներկայումս գործող՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով։

  • Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեակատարողականծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը քրեակատարողական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը կիրառում է կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։

 Ներկայիս վերոնշյալ կարգավորումներն առաջացնում են տարընկալում, ինչի արդյունքում Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսանքի տեսակը գործնականում հնարավոր չէ կիրառել ու ներկայումս չի կիրառվում։ Մասնավորապես,  պարզ չէ և անտրամաբանական է, թե ներկայիս ձևակերպման պարագայում գործնականում ինչպես պետք է կիրառել «արտահերթ կոչման շնորհում» խրախուսանքի տեսակն այն դեպքում, երբ ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը լրացած լինելու պայմաններում Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քրեակատարողական ծառայողին արդեն իսկ պետք է շնորհվի հերթական կոչումը: Հարկ է նշել, որ արտահերթ կոչումը, որպես կանոն, պետք է շնորհվի մինչև հերթական կոչման ժամկետի լրանալը, իսկ տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումը՝ եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, ուստի առաջարկվող փոփոխությամբ կմտցվի հստակություն և հնարավոր կլինի քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառել ինչպես արտահերթ կոչման շնորհում, այնպես էլ՝ տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում խրախուսանքի տեսակները։

Բացի այդ, ներկայումս քրեակատարողական ծառայության պետը և համապատասխան նախարարը օժտված չեն քրեակատարողական ծառայության համակարգում աշխատող քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև ՀՀ պետական այլ մարմինների ծառայողներին, աշխատակիցներին կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ներկայացուցիչներին քրեակատարողական ծառայության գերատեսչական մեդալներով պարգևատրելու լիազորությամբ, ինչը գործնականում խոչընդոտ է հանդիսանում քրեակատարողական ծառայության առջև դրված խնդիրների իրականացմանը աջակցած և մեծ ավանդ ներդրած վերոնշյալ անձանց պարգևատրելու համար։

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ քրեակատարողական հիմնարկների կրտսեր խմբի ծառայողների նկատմամբ որպես խրախուսանք՝ մեդալով և կրծքանշանով պարգևատրում, ինչպես նաև արտահերթ կոչում շնորհելու իրավասություն ունի միայն քրեակատարողական հիմնարկի պետը: Ուստի, Նախագծով առաջարկվող՝ Օրենքի 35-րդ հոդվածում համապատասխան լրացում և փոփոխություններ կատարելով, ինչպես նաև Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը նոր 7․1 կետով և  26-րդ հոդվածի 1-ին մասը նոր 13.1 կետով լրացնելով և բացի այդ, նույն լրացումներով և փոփոխություններով ընդհանուր առմամբ քրեակատարողական ծառայության համակարգում գերատեսչական մեդալով ու կրծքանշանով պարգևատրման ենթակա անձանց շրջանակն ընդլայնելով և այդ մեդալներով ու կրծքանշաններով պարգևատրելու լիազորությունները ոլորտը կառավարող համապատասխան նախարարին ու քրեակատարողական ծառայության պետին վերապահելով՝ կվերանան Օրենքի կիրառման հետ կապված տարբեր հակասական մեկնաբանություններն ու կկանոնակարգվեն խրախուսանքների կիրառման օրենսդրական անհստակությունները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության պետը հնարավորություն կունենա համապատասխան անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երկարամյա ծառայության (աշխատանքի) կամ ծառայողական (աշխատանքային) պարտականությունները կամ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու կամ քրեակատարողական ծառայության հետ համագործակցության կամ քրեակատարողական ծառայության առջև դրված խնդիրների իրականացմանն աջակցելու համար գերատեսչական մեդալներով պարգևատրել նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այլ մարմինների ու կազմակերպությունների ծառայողներին (աշխատողներին) և անհատ անձանց:

  • Միաժամանակ, նախագծով առաջարկվում է քրեակատարողական ծառայության կրտսեր, միջին, առաջատար կամ գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) համար սահմանել ատեստավորման համակարգ, որի արդյունքներով պայմանավորված քրեակատարողական ծառայողին կհաշվարկվի հավելավճար: Այսինքն, նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում նաև բարելավել Քրեկատարողական ծառայության ներկայիս ծառայողների վարձատրության պայմանները: Գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն կներդրվի քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն համապատասխան հավելավճարների չափերը, վճարման և հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները: Օրենքով նախատեսվող կարգավորումների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ քրեակատարողական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձիք պարտավոր են լինելու անցնել ատեստավորում երեք տարվա ընթացքում: Միաժամանակ, հավելավճարի հաշվարկման և վճարման հնարավորությունը առկա է լինելու բացառապես քրեակատարողական ծառայողի կողմից ատեստավորման դրական արդյունքների արձանանգրման դեպքում: Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած քրեակատարողական ծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: Նշվածից զատ, հարկ է փաստել, նախագծի համաձայն՝ ատեստավորման արդյունքներով երեք տարվա ընթացքում (օրենք ուժի մեջ մտնելուց հետո) հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելը ամրագրվում է որպես ծառայությունից ազատման հիմք:

3.Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի սահմանել և հստակեցնել ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2020 թվականի հունվարի 21-ի N ՀՕ-14-Ն օրենքի ընդունմամբ առաջացած՝ Օրենքի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած չկարգավորված և (կամ) ոչ հստակ կարգավորված, իսկ առանձին դեպքերում նաև տարընկալումների տեղիք տվող իրավահարաբերությունները։

Բացի այդ, նոր ստեղծվող հաստիքները հնարավորություն կտան քրեակատարողական հիմնարկներում երկու տարբեր՝ արտաքին պահպանություն և ներքին անվտանգություն իրականացնող  ստորաբաժանումները միավորելու, հիշյալ ստորաբաժանումներում ծառայություն իրականացնող բանիմաց ծառայողներին, ինչպես նաև ծառայությունում պաշտոն չզբաղեցնող այլ անձանց վերապատրաստելու և նոր ստեղծվող ստորաբաժանումում մրցութային կարգով նշանակելու, նրանց նոր հատուկ հանդերձանքով և տեխնիկական միջոցներով հագեցնելու արդյունքում հասարակությանը և միջազգային հանրությանը ներկայանալ նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական ծառայողներով։

Նախագծի ընդունումը կնպաստի նաև Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման և պահպանման, ծառայողնրեի վարձատրության պայմանների էական բարելավմանը:

4.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը հանգեցնելու է ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունների, սակայն հաշվի առնելով, որ հնարավոր չէ կանխորոշել քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանումում պաշտոն զբաղեցնելու համար դիմորդների հստակ թիվը, ուստի՝ այս պահին հստակ հաշվարկ-հիմնավորում ներկայացնել հնարավոր չէ:

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն կառուցվածքային փոփոխությունների մասով բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետի պահանջներից:

  • Обсуждалось

    13.12.2022 - 28.12.2022

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовно-исполнительная

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2303

Принт