Добавить в избранное

В стадии разработки

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք /նոր խմբագրություն/

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(Նոր խմբագրությամբ)

 

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 1.          Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության հիմքերը:

 

Հոդված 2. Նախադպրոցական կրթության մասին օրենսդրությունը

 

 1.Նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Հանրակրթության  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Ընտանեկան օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

  1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

 

 Հոդված 3.  Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններ

 

նախադպրոցական կրթություն՝ նախադպրոցական  տարիքի յուրաքանչյուր երեխայի մտավոր, հոգեկան և ֆիզիկական զարգացման, ուսուցման, խնամքի և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է երեխայի՝ տարիքին համապատասխան զարգացմանը, ինքնասպասարկմանը սոցիալիզացիային, կյանքի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, տարրական կրթություն սահուն անցման ապահովմանը:

 

նախադպրոցական տարիք` երեխայի 0- 6 տարեկանը.

նախադպրոցական հաստատություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագիր և ապահովում է նախադպրոցական  տարիքի յուրաքանչյուր երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության, ինչպես նաև խնամքի ու հսկողության, առողջության պահպանման ու ամրապնդման համար անհրաժեշտ միջավայր,

նախադպրոցական  հաստատության խումբ`  երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խումբ․

նախադպրոցական հաստատության  տարատարիք երեխաների խումբ`  տարբեր տարիքային  խմբերի կրթական ծրագրեր յուրացնող  տարատարիք երեխաների համակազմով ձևավորված խումբ.

կրթության առանձնահատուկ պայմաններ` երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված ուսուցման մեթոդների, անհատական ուսուցման տեխնիկական միջոցների, հարմարեցված միջավայրի, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն․

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա՝ նախադպրոցական կրթության կազմակերպման հետ կապված դժվարություններ, այդ թվում՝ զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխա, ում կողմից նախադպրոցական   ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ.

ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ նախադպրոցական կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և նախադպրոցական  կրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքի ապահովում.

մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին և մանկավարժական աշխատողներին.

երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ երեխայի նախադպրոցական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում և կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում.

ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համար.

անհատական ուսուցման և զարգացման պլան` նախադպրոցական կրթության պետական չափորոշչի, կրթական ծրագրերի և երեխայի առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում նաև՝ աջակցող ծառայությունները).

 երեխաների խնամք և հսկողություներեխաների խնամքի կազմակերպմանն ուղղված համալիր, որոնք ապահովում են  հաստատությունում երեխաների օրվա ռեժիմի և անձնական հիգիենայի պահպանումը․

ուսուցման և  դաստիարակության միջոցներզարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային և երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական  ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, տպագիր և էլեկտրոնային կրթական ռեսուրսներ․

մանկավարժական աշխատող` երեխաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում`  լրացուցիչ ) ծրագրերի յուրացման, նախադպրոցական կրթության չափորոշիչների պահանջների ապահովման, ինչպես նաև ուսուցման, զարգացման և դաստիարակության  մեթոդների կիրառման միջոցով երեխաների համապատասխան գիտելիքների, կարողությունների, հմտությունների  ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և(կամ) դրանք ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակից.

մանկավարժական աշխատողի ատեստավորում՝ մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին  համապատասխանության որոշման գործընթաց.

մանկավարժական աշխատողի վերապատրաստում` վերապատրաստող կազմակերպություններում մանկավարժական աշխատողի կողմից կրթության պետական կառավարման լիազորված  մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան` մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների  կատարելագործման գործընթաց.

նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ`  նորմատիվ,  որը սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, նրանց ներկայացվող որակական պահանջները,   ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, ինչպես նաև այդ տարիքի  երեխաների կրթության կազմակերպման պայմանների ապահովումը, որի արդյունքում երեխան կկարողանա առավելագույնս յուրացնել նախադպրոցական կրթական ծրագիրը և հասնել կրթության միջոցով ապահովվող արդյունքին.

նախադպրոցական կրթական ծրագիր` նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնադաստիարակչական գործընթացի բովանդակության, կրթության  կազմակերպման ձևերի, կիրառվող մեթոդաբանության, տեխնոլոգիաների և  ըստ տարիքային խմբերի` երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների, զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան ակնկալվող արդյունքների ամբողջություն.

նախադպրոցական կրթության  այլընտրանքային ծրագիր` ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է  նախադպրոցական պետական կրթական  չափորոշչով սահմանված արդյունքները.

հեղինակային նախադպրոցական կրթական ծրագիր` այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից.

 փորձարարական  նախադպրոցական կրթական ծրագիր` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային նախադպրոցական  կրթական ծրագիր, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը և ներդրումը.

նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթական ծրագիր, որը  նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս երեխաների նախասիրությունների, զարգացման պահանջների բավարարմանը

փորձաքննություն` կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական նյութի՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին մեթոդաբանության  համապատասխանության գնահատման գործընթաց.

 

Հոդված 4. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը

1․ Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունն ու որակը` որպես յուրաքանչյուր  երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարևոր երաշխիք։

  1. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն:
  3. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  4. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:

 

Հոդված 5. Նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները  և պետական քաղաքականության սկզբունքները

 

  1. Նախադպրոցական կրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի՝

1) մտավոր, հոգեկան, ֆիզիկական  կարողությունների համակողմանի զարգացմանը, դաստիարակությանը, խնամքին, առողջության պահպանմանը և սոցիալական ներառմանը, տարիքին համապատասխան զարգացմանը, ինքնասպասարկմանը սոցիալիզացիային, կյանքի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը.

2) երեխայի իրավունքների պաշտպանությանը, նրա արժանապատվության նկատմամբ հարգանքին.

3) երեխայի անհատականության ձևավորմանը և տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստմանն ու սահուն անցմանը.

2․ Նախադպրոցական կրթության խնդիրներն են՝

1) տրամաբանության և մտածողության և տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը.

2) վարվեցողության կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, իրավական դաստիարակության ապահովումը, անվտանգ կենսագործունեության հիմունքների սերմանումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական ու ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, աշխատանքային, ինքնասպասարկման հմտությունների և կարողությունների ձևավորումը.

3) հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի, ազգային ավանդույթների, մայրենի լեզվի, ազգային և համամարդկային արժեքների նկատմամբ հարգանքի, սեփական անձի, շրջապատի և շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումն ու արմատավորումը.

4) երեխայի անհատականության ձևավորումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը.

5) կրթությունը շարունակելու պատրաստվածության ապահովումը.

6) ընտանիքին սոցիալ-մանկավարժական աջակցության ցուցաբերումը:

  1. Նախադպրոցական կրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետևյալ սկզբունքների ապահովումը.

1) նախադպրոցական կրթության ազգային և համամարդկային արժեքների, երեխայի  կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական և իրավական տարրերի ձևավորումը, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը.

2) ուսուցման և խնամքի հավասար հնարավորությունները և մատչելիությունը, համապատասխանությունը երեխայի զարգացման մակարդակին և անհատական առանձնահատկություններին.

3) նախադպրոցական կրթության բնագավառում կառավարման ժողովրդավարական սկզբունքների ապահովումը.

4) նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառական և երեխայակենտրոն միջավայրի խթանման, երեխայի մտավոր, հոգեկան և ֆիզիկական ունակությունների զարգացման առաջնայնությունը.

5)  երեխայի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների և նախադպրոցական ուսումնական հաստատության միջև համագործակցությունը․

6) նախադպրոցական կրթության աշխարհիկ բնույթը.

7) նախադպրոցական կրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը.

8) անկախ կազմակերպական-իրավական ձևից` նախադպրոցական ուսումնական հաստատությունների և դրանցում ընդգրկված երեխաների ու աշխատողների իրավահավասարությունը։


Գ Լ ՈՒ Խ  2


ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 Հոդված 6. Նախադպրոցական կրթության համակարգը

 

  1. Նախադպրոցական կրթության համակարգը ներառում է`

1) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը.

2) նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատությունները,

3) նախադպրոցական կրթության կառավարման մարմինները:

 

 

 Հոդված 7.Նախադպրոցական տարիքը

 

  1. Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կայացման ժամանակաշրջանն է և յուրաքանչյուր տարիքի համար այն հաշվարկվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը լրանալը:
  2. Նախադպրոցական տարիքային փուլերն են՝

ա) վաղ մանկության տարիք` 0- 3 տարեկան.

բ) կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչև 5 տարեկան.

գ) ավագ նախադպրոցական` 5-ից մինչև 6 տարեկան:

3.Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորվում են հետևյալ տարիքային խմբերը.

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ   -    մինչև 1 տարեկան

2) վաղ մանկության տարիքի երկրորդ  խումբ  - մեկից մինչև երկու տարեկան

3) կրտսեր առաջին խումբ -   երկուսից մինչև երեք տարեկան

4) կրտսեր երկրորդ   խումբ -  երեքից մինչև չորս տարեկան

5) միջին խումբ  -   չորսից  մինչև հինգ տարեկան

6) ավագ խումբ – հինգից մինչև վեց տարեկան։

 

  1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն` կարող են ձևավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձևավորված խմբեր:

 

Հոդված 8. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատությունտարիքային խմբերի համալրումը

 

  1. 1. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է  երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված փաստաթղթերի ցանկի և հաստատության  ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանա­գրի հիման վրա. լիազոր մարմնի սահմանած կարգով.
  2. Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը):
  3. Օտարերկրյա քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող կամ երկքաղաքացու, ինչպես նաև այն  դեպքում,  երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը` օտարերկրացի, երեխայի  ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է ծնողը (նրանց օրինական ներկայացուցիչը)՝ անկախ  ազգային պատկանելու­թյու­նից:
  4. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերում երեխաների հարմարունակության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները սահմանվում են կրթական ծրագրերով:
  5. Տարիքային խմբերի համալրումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ը: Տարվա ընթացքում ազատված տեղերը համալրվում են ազատման պահից:
  6. Հաշմանդամություն ունեցող երեխաները օգտվում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:

 

Գ Լ ՈՒ Խ  3


ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հոդված 9. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը

 

  1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է`
  • ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, ուղղությունները և բովանդակության բաղադրիչները․ և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները
  • երեխաներին ներկայացվող ընդհանուր կրթական պահանջները և նրանցից ունեցած ակնկալիքները՝ ըստ զարգացման սահմանված տարիքային խմբերի․
  • երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության երաշխավորվող առավելագույն չափը․
  • երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը,
  • նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի զարգացնող միջավայրի չափանիշները;
  1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ապահովումընախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է:
  2. Նախադպրոցականկրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ծրագրամեթոդական ապահովումը իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 10. Նախադպրոցական կրթական ծրագրերը, ծրագրերի բաղադրիչները, դասակարգումը

  1. Նախադպրոցական կրթական ծրագիրը ներառում է ուսումնադաստիարակչական գործընթացի իրականացման նպատակները, բովանդակությունը, կրթության կազմակերպման ձևերը, կիրառվող մեթոդաբանությունը, տեխնոլոգիաները և երեխաներից ակնկալվող արդյունքները:
  2. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված հասանելի մակարդակը ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի` երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմամբ` այդ տարիքի երեխաների զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան:
  3. Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչներն են` երեխայի խոսքի, տրամաբանության, ճանաչողական,  մտավոր, ֆիզիկական, գեղարվեստա-գեղագիտական զարգացման, բնագիտության, էկոլոգիական, իրավական, քաղաքացիական, աշխատանքային դաստիարակության  հիմունքներին ծանոթացումը:
  4. Նախադպրոցական կրթական ծրագրերը դասակարգվում են`

1) հիմնական (համալիր) ծրագիր

2) այլընտրանքային (տարբերակային) ծրագիր:

  1. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  2. Օտար լեզվով նախադպրոցական կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։
  3. Նախադպրոցական կրթական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`

1) ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) նախադպրոցական կրթական  լրացուցիչ ծառայությունների կազմակերպումը.

4) երեխաների խնամքի, առողջության պահպանման միջոցառումները.

5) երեխաների սննդի կազմակերպումը.

6) երեխաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

7) սաների երկարօրյա ուսուցման, դաստիարակության և (կամ)  գիշերակացի կազմակերպումը.

8) մարզաառողջարարական բազաներում, ճամբարներում սաների ուսուցման, դաստիարակության  ու հանգստի կազմակերպումը։

  1. 8. Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է:
  2. 9. Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` «Լիցենզավորման գործընթացը կարգավորող» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 11 Նախադպրոցական կրթությանը և նրա իրականացմանը ներկայացվող պահանջներ

 

  1. Նախադպրոցական կրթության բովանդակությունը սահմանվում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով:
  2. Նախադպրոցական կրթությունն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչին համապատասխան կրթական ծրագրերով:
  3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով չնախատեսված լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցումն իրականացվում է ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ և ընտրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ 4


ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 12. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները սահմանվում ենՆախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը կարող է այլ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կազմում:

 

Հոդաված 13. Նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության և ոչ պետական:
  2. Պետական և համայնքային ենթակայությաննախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առևտրային կազմակերպություններ են:
  3. Ոչ պետականնախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
  4. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի կանոնադրության հիման վրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:

 

Հոդված 14. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը

 

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 15. Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումը

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)` սույն օրենքին, այլ իրավական ակտերին և հաստատության կանոնադրությանը համապատասխան:

 

Հոդված 16. Նախադպրոցական ուսումնական հաստատության  տնօրենը, նրա իրավասություններն ու պարտականությունները.

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, ով նշանակվում (ընտրվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական կամ գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
  3. Տնօրենի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով`

1)  դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը`

1) պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, համապատասխան կրթական ծրագրերի իրացման, կրթական որակի և բովանդակության, երեխաների զարգացման, կյանքի և առողջության պահպանման, կրթական գործընթացում երեխաների, աշխատողների իրավունքների պահպանման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:

2) իրականացնում է հաստատության զարգացման ծրագրի, ուսումնադաստիարակչական, ուսումնական պլանների, տարեկան ուսումնական պարապմունքների ժամանակացույցի, օրվա կանոնակարգի, կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների  և աշխատակարգի կանոնների մշակումը և ներդրումը.

3) իրականացնում է մանկավարժական կադրերի ընտրությունը, ընդունելությունը և տեղաբաշխումը: Որոշում է աշխատողների պաշտոնային պարտականությունները, ստեղծում պայմաններ` նրանց մասնագիտական վարպետության, որակավորման բարձրացման համար.

4) ներկայացնում է հաստատությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, այլ կազմակերպություններում.

5) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում է գործարքներ, տալիս է  հաստատության անունից  հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

6) սահմանում է հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները, կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի որոշումներով և  կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության  գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

8) աշխատանքի  նշանակում և աշխատանքից ազատում է  հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում  կարգապահական տույժեր,

9) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

10) օրենքով և հաստատության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 17. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականություն ապահովելու նպատակով:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են կրթության բնագավառում լիազորություններ ունեցող պետական կառավարման մարմինները:
  3. Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  5


ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 18. Նախադպրոցական  կրթության բնագավառի կառավարման մարմինները
 

Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարումն իրականացնում են՝

1) կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.

2) մարզպետարանը․

3) Երևանի քաղաքապետը․

4) տեղական ինքնակառավարման մարմինները:

5) գործադիր մարմինը՝ տնօրենը

 

Հոդված 19. Նախադպրոցական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) Նախադպրոցական կրթության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականությունը.

2) հիմնադրում է պետական նախադպրոցական հաստատություններ.

3) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը.

4) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.

5) սահմանում է նախադպրոցական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները.

6) հաստատում է նախադպրոցական հաստատության տնօրենի և մանկավարժական աշխատողների ատեստավորման, կարգերը.

7) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության  հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.

8) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգը. այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը։

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 20 Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները նախադպրոցական կրթության բնագավառում

 

  1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝

1) մշակում է նախադպրոցական  կրթության բնագավառի պետական քաղաքականությունը.

2) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները, այդ թվում` փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի  նորմատիվները.

3) սահմանում է նախադպրոցական կրթության համակարգի զարգացման ծրագրերը և գերակա ուղղությունները․

4) մշակում, հաստատում և ներդնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները և վերահսկում դրանց պահանջների կատարումը.

5) կազմակերպում է նախադպրոցական կրթության նորմատիվ, գիտական, ծրագրամեթոդական, կադրերի պատրաստման և տեղեկատվական ապահովումը.

6) մշակում է  նախադպրոցական հաստատության տնօրենի և մանկավարժական աշխատողների ատեստավորման կարգերը.

7) համակարգում և վերահսկում է նախադպրոցական կրթության համակարգի նորարարական գործունեության կազմակերպումն ու իրականացումը.

8) հաստատում է կրթական չափորոշիչներից բխող ուսումնադիդակտիկ պարագաների, ծրագրամեթոդական, ուսումնական ձեռնարկների, գեղարվեստական գրականության  ցանկերը.

9) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով նախադպրոցական կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնում է միջազգային համագործակցություն.

10) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը.

11) իրականացնում է նախադպրոցական կրթության համակարգի գիտամեթոդական ապահովումը.

12) մշակում և հաստատում  է նախադպրոցական կրթական ծրագրերը, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկները, ուսումնադիտողական նյութերը, մեթոդական ցուցումները.

13) մշակում և հաստատում է նախադպրոցական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, դրանց ձևերը և  վարելու կարգը.

14) սահմանում է  լրացուցիչ կրթական ծառայությունների կազմակերպման օրինակելի կարգը.

15) իրականացնում է նախադպրոցական կրթության ոլորտում փորձնական ծրագրեր` կրթության համակարգի արդիականացման և զարգացման նպատակով` հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման և կրթության ոլորտի գերակա ուղղությունները,

16) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

  1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարմաննախադպրոցականկրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

 

Հոդված 21. Նախադպրոցական կրթության  բնագավառում մարզպետարանի իրավասությունը

  1. Մարզպետարանը`

1) ապահովում է մարզի  տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը.

2) օրենքով սահմանված կարգով վերահսկում է պարտադիր լիազորությունների կատարումը նախադպրոցական կրթության բնագավառում.

3) վերահսկում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության  նախադպրոցական կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, ապահովում է կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.

4) համակարգում և  հսկողություն է իրականացնում նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառման գործընթացի, ուսումնական հաստատություններում  նրանց ընդգրկման նկատմամբ.

5)  ապահովում է պետական ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի  շահագործումը և պահպանումը.

6) օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում  անցկացնում է  պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների ատեստավորումը.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

 

Հոդված 22. Նախադպրոցական կրթության բնագավառում Երևանի քաղաքապետի իրավասությունը

  1. Երևանի քաղաքապետը՝

1) իրականացնում է օրենքներով, սույն օրենքով համայնքի ղեկավարին նախադպրոցական կրթության ոլորտում վերապահված լիազորությունները.

2) ապահովում է համայնքի վարչական շրջաններում պետական կրթական քաղաքականության իրականացումը, վերահսկողություն է իրականացնում օրենքով  վարչական շրջանի ղեկավարին վերապահված լիազորությունների պատշաճ իրականացման նկատմամբ.

3) ապահովում է համայնքային ուսումնական հաստատությունների շենքերի շահագործումը և պահպանումը

4) վերահսկողություն է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության  նախադպրոցական կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման նկատմամբ, ապահովում  կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին  համապատասխան.

5) համակարգում և հսկողություն է իրականացնում նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառման գործընթացի, ուսումնական հաստատություններում  նրանց ընդգրկման նկատմամբ: Ավագանուն  ներկայացնում է առաջարկություններ` քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից ծնողներին մատուցած ծառայությունների դիմաց   երեխաների պահման վճարների  չափերի, արտոնությունների   վերաբերյալ.

6) Օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում  անցկացնում է  պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների ատեստավորումը.

 7) իրականացնում է սույն օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

 

Հոդված 23. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները նախադպրոցական կրթության ոլորտում

 

  1. Տեղական ինքնակառավարման մարմինները՝

1) ապահովում են նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը.

2) վարում են նախադպրոցական տարիքի երեխաների, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, հաշվառումը.

3) մասնակցում են նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.

4) ապահովում են պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար.

5) իրականացնում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը և պաշտոնից ազատումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) կազմակերպում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացումը.

7) ապահովում են նախադպրոցական տարիքի երեխաների առողջապահական խնդիրների իրականացումը.

8) սահմանում են համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության  ֆինանսավորման  նորմատիվներ` տեղական բյուջետային միջոցների հաշվին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հատկացվող սուբվենցիայի առանձին դեպքերի.

9) ապահովում են համայնքի նախադպրոցական կրթական համակարգում  նախադպրոցական ուսուցման և դաստիարակության համակարգի զարգացման  հիմնական ուղղությունների մշակումը` Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական ուղղություններին, օրենսդրության պահանջներին համապատասխան.

10) իրականացնում է համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության վերլուծությունը և վերահսկողությունը, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան.

11) ապահովում է համայնքում նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկումը  ուսումնական հաստատություններում․

12) ապահովում է միջազգային, հասարակական կազմակերպությունների համագործակցությունը համայնքի նախադպրոցական հաստատությունների գործունեության զարգացման և կրթական քաղաքականության մեջ.

13) ապահովում է համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններին համապատասխան ծրագրամեթոդական նյութերով և տեղեկատվությամբ.

14) համայնքում նախադպրոցական հաստատությունների  տեղաբաշխման  ուղղությամբ աշխատանքների համակարգումը, միջոցառումների ձեռնարկումը` դրանց  ընդլայնման ուղղությամբ.

15) բնականոն գործունեության ապահովումը նախադպրոցական հաստատությունների երեխաների համակազմի համալրման, սննդի  կազմակերպման, նոր տնտեսական մեխանիզմների ներդրման, երեխաների  կյանքի և առողջության պահպանման, շենք-շինությունների, ֆիզիկական միջավայրի հարմարեցման և կրթադաստիարակչական հարցերում` նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրական խնդիրներին համապատասխան, նախադպրոցական կրթության հարցերի  ուղղությամբ միասնական պետական  քաղաքականության  իրականացման գործում.

16) ապահովում է հաստատությունների գործունեության ամենամյա վիճակագրական տվյալները՝ գործող օրենսդրության համապատասխան.

17) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

 

2.Նախադպրոցական կրթության ֆինանսավորման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների  իրավասությունն է`

1) համայնքում նախադպրոցական հաստատությունների գործունեության պլանավորումը, կազմակերպումը, կարգավորումը և վերահսկողությունը.

2) նախադպրոցական կրթության  զարգացման ֆոնդերի ձևավորումը, ֆինանսավորման տեղական նորմատիվների ընդունումը.

3) յուրաքանչյուր բյուջետային տարում <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի համաձայն` համայնքային բյուջեի գումարների բաշխումը  համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների բնականոն գործունեության կազմակերպման, շահագործման և նորոգման համար.

4) յուրաքանչյուր նոր ուսումնական տարում նախադպրոցական տարիքի երեխաների կրթության, առողջության պահպանման, խնամքի  կարիքների համար միջոցների հատկացումը.

5) տարբեր տեսակների և աշխատանքային ռեժիմների համայնքային նախադպրոցական հաստատությունների ամենամյա ֆինանսավորումը տարբերակված ձևով` ըստ կրթության և ֆինանսական բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների կողմից հաստատաված  նորմատիվ ակտերի.

 6) նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության ֆինանսավորումը` պետական   և տեղական  ֆինանսավորման նորմատիվների հիման վրա` 1 սանի հաշվարկով` ըստ ուսումնական հաստատության տիպի, տեսակի, իսկ առանձին  դեպքերում  (լեռնային և սահմանամերձ շրջաններ)  հատուկ չափաքանակներով.

7) հաստատությունների կողմից ներկայացված հաստիքային ցուցակի, տարիֆիկացիայի   և ըստ եռամսյակների բաշխված ծախսերի նախահաշվի հաստատումը.

8) փոքր համակազմով, ինչպես նաև գյուղական, հեռավոր, բարձրադիր, սահմանամերձ վայրերում տեղակայված  նախադպրոցական հաստատությունների  համար ֆինանսավորման   նորմատիվների և ծախսերի հաշվարկումը` անկախ երեխաների համակազմի թվից, համապատասխան գործակցի կիրառմամբ.

9) տեղական ֆինանսավորման նորմատիվների կազմումը և   հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունը, տվյալ տարածքում կրթական գործընթացի իրականացման հետ կապված ընթացիկ ծախսերի, շենքերի, սարքավորումների և  հաստիքային պահպանման հետ կապված ֆինանսական միջոցների ապահովումը.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լրացուցիչ աղբյուրների ներգրավման խթանումը հաստատության կանոնադրական խնդիրների իրականացման ուղղությամբ:

 

 

 

Գ Լ ՈՒ Խ  6


ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 24. Ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցները
 

  1. Նախադպրոցական կրթության ոլորտի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են՝

1) նախադպրոցական տարիքի երեխան.

2) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները.

3) տնօրենը, մեթոդիստները, դաստիարակները, ուսուցիչները, լոգոպեդները, հոգեբանները, սոցիալական մանկավարժները, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչները, ստուդիաների, խմբակների ղեկավարները և այլ մասնագետներ.

4) բուժաշխատողները.

5) դաստիարակների օգնականները և դայակները.

6) ծնողը / նրա օրինական ներկայացուցիչը/.

7) նախադպրոցական կրթության ոլորտում համապատասխան կրթական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք:

 

Հոդված 25. Կրթության կազմակերպման մանկավարժահոբենական աջակցության ծառայությունները Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը

 

Երեխայի նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները , ինչպես նաև Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը իրականացվում է «Հանրակրթության մասին » ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 26. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ

 

  1. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում.

1) նախադպրոցական դպրոցական մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.

2) տարածքային մակարդակ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.

3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից։

  1. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը վկայագրման նպատակով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները:
  2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով։

 

Հոդված 27. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը

 

  1. Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տված՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմինը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը։
  2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձևը մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
  3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիր ունեցող երեխայի նախադպրոցական կրթության կազմակերպման համար տրամադրվում են համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ, իսկ սույն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքում տրվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ՝ համաձայն նույն հոդվածի նույն մասի 7-րդ կետի պայմանների:

 

 

 

Հոդված 25. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների իրավունքները և պարտականությունները

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված  մարմինը:

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի անձը, ով`

1)  դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նախադպրոցական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) մաuնակցելու նախադպրոցական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

3) բողոքարկելու նախադպրոցական հաuտատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով.

4) առաջարկներ ներկայացնելու նախադպրոցական կրթական չափորոշիչների, ծրագրերի, ձեռնարկների բարելավման վերաբերյալ.

5) oգտվելու նախադպրոցական հաստատության ուսումնամեթոդական և տեղեկատվական ռեսուրսներից.

6) ընտրելու և կիրառելու ուսուցման այնպիuի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուuումնական գործընթացի ներառականությունը, մատչելիությունն ու որակը,

7) օգտագործելու կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական  ծրագրեր, ձեռնարկներ և ուսուցողական նյութեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ և սաների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) ուսումնադաստիարակչական աշխատանքները իրականացնելու համար  կիրառելու տարբերակային ձևեր` պահպանելով պլանավորմանը  ներկայացվող սկզբունքներն ու չափանիշները:

9) պաշտպանված  լինելու մանկավարժական և այլ աշխատողների, ծնողների  այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր  մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

10) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մաuնագիտական գործունեություն իրականացնելու համար.

11) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու  կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

12) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին, կրթական ծրագրին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու պարապմունքների պլաններ, թեմատիկ միավորներ.

13) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

14) դիմելու` որակավորման համապատասխան տարակարգ  ստանալու համար.

15) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել յուրաքանչյուր երեխայի իրավունքները, ազատություներն ու  արժանապատվությունը.

2) ապահովել երեխայի կրթության իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի մտավոր, ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները.

3) ապահովել սաների կողմից  նախադպրոցական ծրագրերի յուրացումը,  երեխաների զարգացումը և համապատասխան գիտելիքների ու հմտությունների ձևավորումը՝ համաձայն նախադպրոցական կրթական չափորոշիչների և ծրագրերի,

4) նպաստել սաների արժեքային համակարգի ձևավորմանը, խմբերում ներառական և երեխայակենտրոն միջավայրի ստեղծմանը:

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, կենսաթոշակների նշանակումը, բժշկական զննության կազմակերպումը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատութունների մանկավարժական աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, իսկ աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական և վարչական աշխատողների մանկավարժական աշխատանքային ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները առանց տարակարգերի` սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 26. Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում

  1. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա  ունի որակյալ նախադպրոցական կրթություն ստանալու իրավունք:
  2. Ծնողների /օրինական ներկայացուցիչների/ ընտրությամբ երեխան կարող էնախադպրոցական կրթություն ստանալ`

1) նախադպրոցական ուսումնական հաստատություններում.

2) ընտանիքում.

3) անհատական մանկավարժական գործունեության միջոցով.

4) նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող այլ  կազմակերպություններում` խնամքի, զարգացման, դաստիարակության և ուսուցման անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների առկայությամբ:

3․ Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի`

1) մտավոր և հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից և քարոզչությունից պաշտպանվածության.

2) բժշկական օգնության և սպասարկման.

3) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից, բռնությունից և ազդեցությունից, ֆիզիկական և հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության:

 

Հոդված 27. Աշխատանքային հարաբերությունները նախադպրոցական կրթության ոլորտում

 

1.Նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ։

2.Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը համապատասխան որակավորման դեպքում կարող է ունենալ շաբաթական մինչև ութ ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն տվյալ ուսումնական հաստատությունում: Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստը` կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս  ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

 

Հոդված 28. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի, տնօրենի վերապատրաստումը, ատեստավորումը

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի, տնօրենի վերապատրաստումը և ատեստավորումը պարտադիր է, և իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին և ժամանակացույցին համապատասխան:
  2. Մանկավարժական աշխատողի և տնօրենի վերապատրաստումն ու ատեստավորումը կազմակերպվում է հինգ տարին մեկ:
  3. 3. Ատեստավորման ենթակա նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը և մանկավարժական աշխատողները վերապատրաստվում են վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների կողմից, որոնց ցանկը և ցանկի ձևավորման կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  4. 4. Ատեստավորման հանձնաժողովը նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի, մանկավարժական աշխատողի համար բաց քվեարկությամբ ձայների պարզ մեծամասնությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1)  <<համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին>>.

2)  <<չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին>> :

  1. 5. Ատեuտավորման հանրապետական հանձնաժողովների որոշումները հիմք են տնօրենին, մանկավարժական  աշխատողին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:
  2. 6. Տնօրենին, մանկավարժական աշխատողին պաշտոնից ազատումը անձին չի զրկում վարչական պաշտոն զբաղեցնելու կամ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
  3. 7. Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը 5 տարուց պակաս ժամկետով զբաղեցնող տնօրենը և պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող մանկավարժական աշխատողը .

2) ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող տնօրենը և մանկավարժական աշխատողը.

3) 63 տարին լրացած տնօրենը.

4) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող տնօրենը և մանկավարժական աշխատողը , եթե նման հայտ չի ներկայացվել.

  1. 8. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող տնօրենը և մանկավարժական աշխատողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

9.Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված տնօրենը և մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:10. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել տնօրենի և մանկավարժական աշխատողների արտահերթ պարտադիր վերապատրաստում:

  1. 11. Ատեստավորված մանկավարժական աշխատողը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել մանկավարժական աշխատողի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին, որի բնութագրիչները սահմանում է կրթության կառավարման պետական լիազորված մարմինը։
  2. 12. Հանրապետական հանձնաժողովը որակավարման տարակարգի որոշման մասին ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) «ենթակա է համապատասխան որակավորման տարակարգի շնորհման».

2) «ենթակա չէ համապատասխան որակավորման տարակարգի շնորհման»:

13.Հանրապետական ատեստավորման հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի նախագահի, տեղակալի, քարտուղարի և մասնակից անդամների ստորագրության և սահմանված ձևանմուշի համաձայն` ատեստավորվողի թերթիկում  գրանցման  հիման վրա  կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան  հրամանի հրապարակման օրվանից:

  1. 14. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:
  2. 15. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար։
  3. 16. Որակավորման տարակարգ ստացած պետական և համայնքային մանկավարժական աշխատողին տրվում է համապատասխան հավելավճար, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողին` հիմնադրի կողմից ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 29. Երեխաների բժշկական սպասարկումը  նախադպրոցական  ուսումնական հաստատությունում

 

  1. Նախադպրոցական կրթության համակարգում բժշկական սպասարկման կազմակերպումն ապահովում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:
  2. Նախադպրոցականուսումնական հաստատության սաներն ապահովվում են անվճար հիմունքներով պարբերաբար բժշկական սպասարկմամբ, որն իրականացնում է տվյալ համայնքն սպասարկող բժշկական կազմակերպությունը:
  3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում հսկողությունը բժշկական սպասարկման նկատմամբ իրականացնում է առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը:

 

Հոդված 30. Երեխաների սննդի կազմակերպումը  նախադպրոցական  ուսումնական հաստատությունում

  

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում, սահմանված չափաքանակին համապատասխան, երեխաների սնունդը կազմակերպում և դրա համար պատասխանատվություն են կրում ուսումնական հաստատությունների հիմնադիրները` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 31. Ծնողների /նրանց օրինական ներկայացուցիչների/ իրավունքները և պարտականությունները

  

  1. Ծնողները/նրանց օրինական ներկայացուցիչները/ իրավունք ունեն՝

1) ընտրելու  նախադպրոցական ուսումնական հաստատությունը և երեխայի կրթություն ստանալու ձևը, այդ թվում` ուսուցումը ընտանիքում.

2) երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններին.

3) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին․

4) մասնակցելու երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատմանը.

5) դիմելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին՝ իր  երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատելու նպատակով։

  1. Ծնողները / նրանց օրինական ներկայացուցիչները/ պարտավոր են՝

1) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական, մշակութային արժեքների նկատմամբ.

2) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների և ընդունակությունների զարգացման համար.

3) հարգել երեխայի արժանապատվությունը.

4) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, հարգալից վերաբերմունք ավագների, մայրենի լեզվի, ազգային ավանդույթների և սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ:

  1. Երեխայի հաճախելը նախադպրոցական ուսումնական հաստատություն չի ազատում ընտանիքին` նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու և կրթելու պարտավորությունից:

 

Գ Լ ՈՒ Խ  7


ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ

 

Հոդված 32. Նախադպրոցական  ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական  գործունեությունը

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրներն են՝

1) հիմնադիրների հատկացումները.

2) ծնողների /նրանց օրինական ներկայացուցիչների/ վճարումները, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումները, հանգանակությունները և նվիրատվությունները.

3) միջազգային կազմակերպությունների կողմից կատարվող ներդրումները.

4) լրացուցիչ վճարովի կրթական և մարզաառողջարարական ծառայություններից ստացված միջոցները.

5) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար մանկավարժահոգեբանական աջակցությունների ծառայությունների կազմակերպումը ֆինանսական բարձրացված չափաքանակով և բժշկական վերականգնողական ծառայութունները.

6) կրթության կազմակերպման համար լրացուցիչ պետական աջակցությունից ֆինանսավորման բարձրացված չափաքանակով օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն հետևյալ ֆունկցիաների միջին, ծանր և խոր խանգարումներ.

ա) ձայնի և խոսքի.

բ) լսողական.

գ) տեսողական.

դ) ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն ունեցող.

ե) շարժողական։

7) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:

3.Նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական  հաuտատությունը կարող է համայնքային և պետական բյուջեներից uտանալ լրացուցիչ կամ նպատակային ֆինանuավորում, որի դեպքերը և կարգը (ընթացակարգը)  սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 33. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի ստեղծումն ու զարգացումն իրականացվում են հիմնադրի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
  2. Նախադպրոցականուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան ներառում է շենքեր, շինություններ, հողամասեր, հաղորդակցության միջոցներ, գույք, խաղային միջոցներ, դիդակտիկ պարագաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլն:
  3. Նախադպրոցականուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային ներկայացվող պահանջները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  4. Պետական և համայնքային ենթակայությաննախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած օրինակելի հաստիքացուցակի և նորմատիվների հիման վրա:
  5. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

 

 

Հոդված 35. Եզրափակիչ դրույթ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

  • Обсуждалось

    31.10.2017 - 15.11.2017

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 25583

Принт

Предложения

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

14.11.2017

Հոդված 32-ի 2-րդ մասի 7-րդ կետից հանել «ծանրության» բառը։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

14.11.2017

Հոդված 32-ի 2-րդ մասի 6-րդ կետի դ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «դ) մտավոր»։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

14.11.2017

Հոդված 32-ի 2-րդ մասի 6-րդ կետը լրացնել նոր զ) ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «զ) հոգեկան կամ այլ»։

Узнать больше