Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 224-րդ հոդվածի 2-րդ մասում «մշտական օգտագործման տրամադրված՝ պետական սեփականություն հանդիսացող հողերի» բառերը փոխարինել «անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված՝ ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների (այդ թվում՝ ինքնակամ)» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 225-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «ինչպես նաև բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի` բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով» բառերը փոխարինել «պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքի՝ բնակարանների, ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված՝ հասարակական, արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների (ավտոկայանատեղիների, ավտոհանգրվանների) սեփականատերերի՝ բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում շենքի տակ գտնվող)՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների մասով» բառերով:
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկը վճարում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց (մշտական) օգտագործողը:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասեր.
«2.1 Կառուցապատման իրավունքով տրամադրված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված՝ ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների մասով անշարժ գույքի հարկը վճարում են այդ հողամասերի հողօգտագործման իրավունք ունեցող անձինք:
2.2 Վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված՝ ստորգետնյա և վերգետնյա ինքնակամ շենքերի, շինությունների կամ կառույցների մասով անշարժ գույքի հարկը վճարում են այդ շենքերի, շինությունների կամ կառույցների հողօգտագործման իրավունք ունեցող անձինք:
2.3 Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված՝ ստորգետնյա և վերգետնյա ինքնակամ շենքերի, շինությունների կամ կառույցների, այդ թվում՝ ինքնակամ զբաղեցրած հողամասերի մասով՝ անշարժ գույքի հարկը վճարում են այդ հողամասերի ու շենքերի, շինությունների կամ կառույցների օգտագործողները:»:
Հոդված 3. Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ավտոտնակը (ավտոկայանատեղին, ավտոհանգրվանը)` տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված կառույցը կամ տարածքը».
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` նոր կառուցված և (կամ) փոփոխություններ կրած և անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` սույն մասում նշված համապատասխան հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում, հողամասի սեփականության և (կամ) հողօգտագործման իրավունք ունեցող հարկ վճարողների կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները, ինչպես նաև անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ու դրանց վրա ինքնակամ կառուցված շինությունները:»:
Հոդված 4. Օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «մշտական» բառերը փոխարինել «անհատույց (մշտական)» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.
«1.1 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար.»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. 1-ին կետում՝
1) «ա.» ենթակետում «տասնհինգ» բառը փոխարինել «հիսուն» բառով,
2) «բ.» ենթակետի՝
ա. առաջին պարբերությունում «երեսուն» բառը փոխարինել «երկու հարյուր» բառերով,
բ. երկրորդ պարբերությունում «հիսուն հազար» բառերը փոխարինել «մեկ միլիոն» բառերով,
գ. երրորդ պարբերությունում «հիսուն հազար» բառերը փոխարինել «հինգ միլիոն» բառերով,
դ. չորրորդ պարբերություն «հարյուր հազար դրամ» բառերը փոխարինել «հինգ միլիոն դրամ՝ գումարած 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար հինգ միլիոն դրամ» բառերով.
2. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.
«1.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների յուրաքանչյուր երկարաձգման համար.
ա. հիմնական շենքերի և շինությունների դեպքում`
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների յուրաքանչյուր երկարաձգման համար` հարյուր հազար դրամ,
բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների յուրաքանչյուր երկարաձգման համար`
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում` չորս հարյուր հազար դրամ,
- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում` երկու միլիոն դրամ,
- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 25 միլիոն դրամ,
- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 25 միլիոն դրամ՝ գումարած 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար 25 միլիոն դրամ.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի աղյուսակներից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն կետով սահմանված՝ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը չի կիրառվում այն շինությունների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է: Այդ դեպքում ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը սահմանվում է 1.0:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է նաև այն շինությունների մասով, որոնց շինարարության թույլտվության ժամկետը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավարտվել է և չի երկարաձգվել, ինչպես նաև այն շինությունների մասով, որոնց շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Սույն օրենքը չի կիրառվում այն շինությունների մասով, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել և երկարաձգվել է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնել երկարաձգված շինարարության թույլտվության երկարաձգված ժամկետում:

  • Обсуждалось

    01.11.2022 - 17.11.2022

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Финансовая, Кадастр, Местное самоуправление

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2865

Принт

Предложения

Հակոբ Մակարյան

01.11.2022

Հերիք չի ավելացնեք բեռը, ամեն ոլորտում, ամեն օր: Էս ինչ եք անում?????

Узнать больше