Добавить в избранное

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող օրենսդրությամբ մահացած ծնված պտղի (մեռելածին) հուղարկավորության կամ ոչնչացման հարցը կանոնակարգված չէ, հաշվի առնելով, որ վերջիններս, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի (այսուհետ` Հրաման), չեն հանդիսանում կենսաբանական թափոն: Բացի այդ, օրենքով սահմանված կարգով վերջիններս չեն կարող հուղարկավորվել, քանի որ մեռելածնի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման:

Ներկայումս մահացած ծնված պտուղների աճյունները հրկիզվում են "ԷԿՈԼՈԳԻԱ Վ. Կ. Հ." ՍՊԸ-ի միջոցով, որն իրականացնում է իր գործունեությունը վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիայի ներքո` պտղի հերձում իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի շրջանակներում այն դեպքում, երբ մահացած ծնված պտուղը կենսաբանական թափոն չի համարվում:

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ հարցը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ, որի ընթացքում առաջ քաշվեցին նաև խնդրի կարգավորման էթիկական ասպեկտները, ինչպիսիք են` մեռելածնին կենսաբանական թափոն դիտարկելու աննպատակահարմարությունը, քանի որ այսօր ամբողջ աշխարհում ավելանում են, իսկ Հայաստանում արդեն լինում են դեպքեր, երբ ծնողները պահանջում են մեռելածնի դին և հանձն են առնում նրա հուղարկավորությունը, հաշվի առնելով, որ մեռելածին պտուղը կարող է լինել 500 գրամից մինչև 3000 գրամ և ավել քաշի, և վերջինիս պարագայում զգայական մակարդակում ծնողի կողմից ընկալվել է որպես նորածին երեխայի դի:

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Առաջարկվող կարգավորումներով ծնողին հնարավորություն է տրվում ստանձնել մեռելածնի հուղարկավորությունը` այդ մասին նրա կողմից ցանկություն հայտնելու դեպքում:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով մեռելածինների տարեկան քանակը (2016-2020թթ. տատանվել է 450-700 միջակայքում), հուղարկավորության ֆինանսական բեռը և հողահատկացման հետ կապված խնդիրները, հուղարկավորությունը ստանձնող անձ չլինելու դեպքում նպատակահարմար չէ համայնքի ղեկավարի կողմից (ինչպես դա արվում է մահացած նորածնի դեպքում) կազմակերպել մեռելածնի հուղարկավորությունը հողին հանձնելու միջոցով: Օրինակ, ՌԴ-ում մեռելածինների աճյունները հուղարկավորվում են կամ դիակիզվում դիակիզարաններում, պահպանվում մեկ տարի, և եթե այդ ընթացքում ևս ծնողները մոխիրը չեն պահանջում, թաղվում ընդհանուր գերեզմանոցում: Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Հայաստանում փաստացի դիակիզարաններ չեն գործում և մոտ ապագայում հավանաբար, չեն էլ գործի` նկատի ունենալով մեր ազգի մտածելակերպը և պահանջարկի բացակայությունը, նախագծով առաջարկվում է մեռելածնի դին կիզել վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ունեցող կազմակերպություններում, ինչպես դա փաստացի արվում է այսօր:

 Նման կարգավորման ներքո մեռելածնի աճյունը չի համարվի կենսաբանական թափոն, ինչը, մեր համոզմամբ, ընկալելի չի լինի մեր հասարակության ստվար զանգվածի համար, սակայն, օրենքի ուժով սահմանելով մեռելածնի աճյունի կիզման վայրը, փաստացի կատարվող գործընթացը կբերվի օրինական դաշտ:

Նշված կարգավորումը մեր կողմից դիտակվում է ժամանակավոր, սակայն այս պահին անհրաժեշտ լուծում` մինչև Հայաստանի Հանրապետությունում դիակիզարանների փաստացի շահագործումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ծնողին կտրվի հնարավորություն` ցանկության դեպքում ստանձնելու մեռելածնի հուղարկավորությունը, իսկ մեռելածնին հուղարկավորության ստանձնող չլինելու պարագայում կլրացվի օրենսդրական բացը` փաստացի կատարվող գործընթացը բերելով օրինական դաշտ:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:

  • Обсуждалось

    29.12.2021 - 13.01.2022

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3775

Принт