Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

 

ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածում օգտագործվող «անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը» ձևակերպումը բավական անորոշ է, ինչը իրականում խոչընդոտում է կանխամտածված սնանկության դեպքերի բացահայտմանը և քրեական պատասխանատվության իրացմանը: Այսինքն, օրենսդիրը չի բացահայտել, թե որոնք են այն հանգամանքները, այն իրավաբանական փաստերը, որոնք կարող են որակվել որպես անվճարունակության հատկանիշներ: Իրավական այս անորոշ ձևակերպման պատճառով դատարանները կայացնում են արդարացման դատական ակտեր:

Բերենք մեկ օրինակ դատական պրակտիկայից.

Երևանի Աջափնյակ և դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտված ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով և 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննված քրեական գործով 2016թ. օգոստոսի 8-ին կայացվել է արդարացման դատավճիռ և ամբաստանյալն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով, այն դեպքում, երբ ամբաստանյալը նախաքննական իր ցուցմունքներում լիովին ընդունել է մեղավորությունն ու տվել խոստովանական ցուցմունքներ:

Չնայած, որ ամբաստանյալն ընդունել էր մեղավորությունը, սակայն պատճառաբանել է, որ ակտիվներն ուղղել է ունեցած վարկային պարտավորությունների մարմանն ու ընտանիքի կարիքները հոգալուն, սակայն նշանակված լրացուցիչ դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ հերքվել է պատճառաբանությունը և հաստատվել, որ ՍՊ ընկերության տնօրենն իր վարկային բոլոր պարտավորությունները մարելուց հետո, ունեցած ակտիվների հաշվին կարող էր մարել նաև հարկային պարտավորությունները:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալը հրաժարվել է նախաքննական ցուցմունքներից ու չի ընդունել մեղքը՝ հայտնելով, որ չի ունեցել բավարար դրամական միջոցներ գոյացած հարկային պարտավորությունները մարելու համար:

Կայացրած դատավճռի մեջ դատարանը, գնահատելով մեղադրյալի կողմից դատաքննության ընթացքում տրված ցուցմունքը, արձանագրել է, որ նա չի գնացել կանխամտածված սնանկության ու չի խուսափել հարկերը վճարելուց, այլ ընկերությունում առաջացել են ֆինանսական դժվարություններ, որոնցով պայմանավորված՝ ամբաստանյալը չի կարողացել գումարներն ուղղել հարկային պարտավորությունների մարմանը: Այդ նպատակով գրավադրել է իր և բարեկամների բնակարանները, իսկ ստացված դրամական միջոցներն էլ ուղղել է վարկային պարտավորությունների մարմանը:

Դատարանը քրեական գործով նշանակված դատահաշվապահական երեք փորձաքննություններից երկրորդը՝ կրկնակի փորձաքննության եզրակացությունը, համադրել է քրեական գործի փաստական հանգամանքների հետ ու գտել, որ գործի ճիշտ և օբեկտիվ լուծման համար պետք է հիմք ընդունել հենց այդ եզրակացությունը, այն դեպքում, որ գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշանակվել է լրացուցիչ՝ երրորդ փորձաքննությունը, որի եզրակացությամբ կատարվել է ՍՊԸ-ի ֆինանսական վերլուծություն ու դիտարկվել հարկային պարտավորությունների կատարման ու դրանք վճարելու հնարավորությունների հարցերը:

Ամենատարբեր վերլուծություններ կատարելով՝ դատարանը գտել է, որ ամբաստանյալի արարքում բացակայում է հանցակազմը և կայացրել արդարացման դատավճիռ:

Քրեական գործով բերվել են վերաքննիչ ու վճռաբեկ բողոքներ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բերված բողոքը, իսկ վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել:

Ինչպես վերը նշվեց, ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածում տեղ գտած հասկացությունների ոչ հստակ ու անորոշ ձևակերպումները քննության առումով բավական լուրջ բարդություններ են ստեղծում: Այսինքն, քննարկվող հոդվածում «անվճարունակության հատկանիշների ստեղծում կամ դրանց չափի ավելացում» ձևակերպումը պրակտիկայում սուբյեկտիվ մեկնաբանությունների տեղիք է տալիս, ուստի այն վերանայման կարիք ունի:

Հիշյալ հանցակազմը՝ տարբեր ձևակերպումներով, իր արտացոլումն է գտել նաև մի շարք երկրների քրեական օրենսգրքերում: Մասնավորապես, Իսպանիայի, Գերմանիայի, էստոնիայի և մի շարք այլ երկրների քրեական օրենսգրքերում կանխամտածված սնանկության հանցակազմերի դիսպոզիցիաները նախատեսում են կոնկրետ գործողություններ, որոնց դիտավորյալ կատարման դեպքում միայն անձը ենթակա է քրեական պատասխանատվության: Որպես օրինակ կարելի է նշել տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրի կամ պարտապանի կողմից իր հաշվեկշռում առկա գույքի դիտավորյալ ոչնչացումը, վնասումը, չհիմնավորված նվիրատվությունը կամ զիջումը, անշահավետ գործարքների կնքումը, միջոցների ոչ նպատակային օգտագործումը և այլն: Ուսումնասիրվել է նաև Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, որում արտացոլված կանխամտածված սնանկության ու ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հանցակազմերի հասկացությունները գրեթե համընկնում են:

Կարծում ենք, որ հոդվածի ձևակերպումները հստակեցնելն իր դրական ազդեցությունը կունենա իրավակիրառի համար՝ զերծ պահելով տարաբնույթ մեկնաբանություններից:

 

 

 

  2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նշյալ խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է՝

ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի «այլ անձանց շահերից ելնելով,» բառերից հետո լրացնել «որոնք դրսևորվել են հաշվեկշռում առկա կամ սեփականության իրավունքով պատկանող գույքի դիտավորյալ ոչնչացմամբ, վնասմամբ, ակնհայտ անշահավետ, կեղծ, շինծու գործարքներ կնքելով, ակնհայտ անհիմն նվիրատվությամբ, պահանջի ակնհայտ անհիմն ներմամբ, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջմամբ,  գույքը ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառելով, ծառայությունը կամ աշխատանքը ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցելով, ուրիշի պարտքը սեփականը դարձնելով, միջոցները ոչ նպատակային օգտագործելով, ակտիվների նվազեցմամբ,» բառերը:

Նման կարգավորումը հնարավորություն կտա հստակեցնել, լիարժեք բացահայտել օրենսդրի կամքը և վերացնել իրավական անորոշությունը՝ նկաստելով այս հոդվածի կիրառման տեսանկյունից կանխատեսելի քրեական քաղաքականության և արդյունավետ արդարադատության:

 

  3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 

  4. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների դեպքում ակնկալվում է օրենսդրական և դրա արդյունքում նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդրների լուծում՝ վերացնելով կամ առնվազն սահմանափակելով հայեցողական մեկնաբանությունների հնարավորությունը:

 

  5. Օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը.

Օրենքի ընդունման դեպքում պետական եկամուտների և ծախսերի ուղղակի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Միաժամանակ, ակնկալվում է, որ դրույթի իրավական որոշակիության մակարդակի բարձրացման արդյունքում առավել արդյունավետ կերպով կհիմնավորվի անձի մեղավորությունը, ինչի արդյունքում պետական եկամուտների որոշակի ավելացում կարող է տեղի ունենալ:

 

 

  • Обсуждалось

    25.06.2021 - 10.07.2021

  • Тип

    Кодекс

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3000

Принт