Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԾԵՐ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մեկ անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը դատարանի կողմից մեկ վարույթում միացնելու հարցի վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումն ընդհանուր իրավասության դատարանների կողմից կիրառվում է հակասող մեկնաբանություններով:

Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի իրավակարգավորման համաձայն՝ մեկ վարույթում նույն ամբաստանյալի վերաբերյալ տարբեր քրեական գործերի միացումը դատարանի հայեցողական լիազորությունն է, քանզի քննարկվող հոդվածով այդպիսի իմպերատիվ պահանջ չի սահմանվում, այլ օգտագործվում է կարող են միացվել արտահայտությունը, սակայն դատարանների կողմից ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու պատճառով, հետագայում, տարբեր ժամանակահատվածներում, նույն անձի վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանների կողմից նշանակված պատժաչափերի և պատժի կրման ժամկետների հաշվարկման մասով արդեն դատապարտյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց համար ստեղծվում է անբարենպաստ վիճակ:

Նույն ամբաստանյալի վերաբերյալ տարբեր դատարաններում և (կամ) նույն դատարանի տարբեր դատավորների վարույթներում քննվող քրեական գործերի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի կարգով չմիացնելու դեպքում նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հիմքով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացվել են բազմաթիվ վճռաբեկ բողոքներ, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ չեն ընդունվել:

Վերոշարադրյալ դատավարական խնդրի լուծված չլինելու հանգամանքն իր արտացոլումն է գտել իրավակիրառ պրակտիկայում: Այսպես.

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորության իրականացման շրջանակներում ի հայտ են եկել միևնույն անձի վերաբերյալ ընդհանուր իրավասության տարբեր դատարանների կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած երկու ինքնուրույն դատական ակտեր (դատավճիռներ), որոնցով, սակայն, անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով՝ դատավճիռների համակցությամբ, վերջնական պատիժ նշանակված չէ, ինչն իր հերթին իրավակիրառ պրակտիկայում դատապարտյալի կողմից պատժի կրման տեսանկյունից առաջացնում է դժվարություններ՝ վերջնական պատժաչափի և պատժի կրման ժամկետի հաշվարկման մասով: Մասնավորապես, եղել է դեպք, երբ դատապարտյալը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտվել է ազատազրկման և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 տարի 4 ամիս ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով 2019 թվականի նոյեմբերի 12-ից: Դատավճիռն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 09-ից: Պատժի սկիզբը հաշվվել է 2019 թվականի նոյեմբերի 12-ից, պատժի վերջը՝ 2023 թվականի մարտի 12:

Մեկ այլ գործով՝ նույն անձը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման  և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով 2019 թվականի մայիսի 16-ից: Դատավճիռն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունիսի 05-ից: Պատժի սկիզբը հաշվվել է 2019 թվականի մայիսի 16-ից, պատժի վերջը՝ 2021 թվականի մայիսի 16:

Այսպիսով, նույն դատապարտյալի վերաբերյալ վերը նշված դատական ակտերի համակարգային վերլուծությունից տեսանելի է, որ նրա վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած երկու ինքնուրույն դատավճիռներով ինչպես հանցանքների համակցությամբ, այնպես էլ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ նշանակված չէ, իսկ առկա դատական ակտերով սահմանված են պատժի կրումից ազատվելու տարբեր ժամկետներ:

Այսպիսով, գործող քրեական և քրեական դատավարության օրենսդրությունը վերը նշված խնդրին իրավական լուծում տալու մեխանիզմներ չի սահմանում, և այս առումով առկա է օրենսդրական բաց՝ այնքանով, որքանով օրենսդիրը չի սահմանել նման դեպքերում դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու օրենսդրական կարգավորում, ինչն իր հերթին կարող է հանգեցնել պատժի համաչափության, պատիժներ նշանակելիս օրինականության սահմանադրական սկզբունքների խախտման:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման դեպքում պետական ծախսերի ուղղակի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Իրավակիրառ պրակտիկայում առաջացած վերոշարադրյալ խնդրին լուծում տալու, ինչպես նաև առկա օրենսդրական բացը լրացնելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է

  1. ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածում կատարել լրացում և նախատեսել, որ եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալի կողմից պատժի կրման ընթացքում ի հայտ են եկել նրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած երկու կամ ավելի ինքնուրույն դատավճիռներ, որոնցով վերջնական պատիժ չի նշանակվել, ապա դատապարտյալի, նրա պաշտպանի, դատախազի, կամ քրեակատարողական հիմնարկի միջնորդությամբ վերջին դատական ակտը կայացրած դատարանը նոր դատական ակտով դատապարտյալի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանում նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Այս կարգավորման ամբողջական իրացման նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 430-րդ և 438-րդ հոդվածներում:

       3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

      4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է իրավական կարգավորման ենթարկել այն դեպքերը, երբ դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալի կողմից պատժի կրման ընթացքում ի հայտ են եկել նրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած երկու կամ ավելի ինքնուրույն դատավճիռներ, որոնցով վերջնական պատիժ չի նշանակվել: Նման դեպքերում շահագրգիռ անձի միջնորդությամբ վերջին դատական ակտը կայացրած դատարանը նոր դատական ակտով դատապարտյալի նկատմամբ կսահմանի վերջնական պատիժ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ընդունման ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ այլ ՆՈՐՄԱՏԻՎ իրավական ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման  կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 

  • Обсуждалось

    25.06.2021 - 10.07.2021

  • Тип

    Кодекс

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2887

Принт