Добавить в избранное

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) կարելի է ականատեսը լինել հայհոյանքի, որն իր բնույթով հրապարակային է: Հաշվի առնելով հայհոյանքի դրսևորման բնույթը, այն է՝ հրապարակայնությունը, առկա է այդպիսի վարգածիքը պետության կողմից համարժեք իրավական գնահատականի արժանացնելու խնդիր, քանզի հրապարակային հայհոյանքով խաթարվում են սոցիալական բնական հարաբերությունը, հասարակական համերաշխությունը: Հրապարակային հայհոյանքը կարող է ուղղված լինել ինչպես անհատի կամ անհատների հստակ որոշելի խմբի, այնպես էլ անորոշ թվով անձանց: Բացի այդ, այն կարող է դրսևորվել նաև առանց անհատականացման, ընդհանրացված ձևով: Անկախ նրանից, թե նշված դրսևորումներից որն է տեղի ունենում, արդյունքում, վնաս է հասցվում ոչ միայն կոնկրետ հասցեատիրոջը, այլև՝ ողջ հանրությանը, քանզի այն դրսևորվել է հրապարակային եղանակով, ինչն ինքնին վկայում է արարքի հանրային որոշակի վտանգավորության, հանրային բարքերի և բարոյական նորմերի, համակեցության ողջամիտ կանոնների նկատմամբ անտարբեր, ընդհուպ մինչև անհարգալից վերաբերմունքով: Այսինքն, նման պարագայում անձի արարքը ոչ միայն մասնավոր, այլև հանրային իրավունքի կողմից կարգավորման առարկա պետք է դառնա: Առավել ևս, երբ դրա դրսևորումներից մեկը՝ առանց անհատականացման, ընդհանրացված ձևով հայհոյանքը, չի կարող պաշտպանության արժանանալ քաղաքացիաիրավական դաշտում, քանզի առկա չէ հայհոյանքի կոնկրետ հասցեատերը, անձը, ում՝ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված իրավունքը խախտվել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում խուլիգանության համար, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի համար, որն իր մեջ ներառում է նաև անձին հայհոյելը:

Վերոնշյալ դրույթների և, ընդհանրապես, օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ հանրային կյանքում առկա են հետևյալ խնդիրները.

  1. Հրապարակային հայհոյանքը կամ անպարկեշտ ձևով վիրավորանքը կարող է չորակվել որպես խուլիգանություն՝ հանցակազմի բացակայության հիմքով, որի արդյունքում, ըստ էության, հանրորեն որոշակի վտանգավորություն ունեցող արարք կատարած անձը չի ենթարկվում պատասխանատվության:
  2. Ինչ վերաբերում է քաղաքացիաիրավական պատասխանատվությանը, ապա դա կոնկրետ անձանց հարաբերությունների խնդիրն է և տնօրինչականության սկզբունքից ելնելով՝ անձն ինք է որոշում՝ դիմել իրավական պաշտպանության, թե՝ ոչ: Ընդ որում, քննարկվող գաղափարի իմաստով էական չէ նույնիսկ, թե արդյոք անձն օգտվել է դատական պաշտպանության իր իրավունքից, քանզի թեկուզև հայհոյանքն ուղղված է եղել կոնկրետ անձի, սակայն իր հրապարակային բնույթով պայմանավորված՝ պահպանելով մասնավոր հարաբերությունը, վերածվում է նաև հանրային իրավահարաբերության:
  3. Առանց անհատականացման, ընդհանրացված ձևով հայհոյանքի դեպքում առկա չէ մասնավոր հարաբերություն, իսկ դրա վերաբերյալ հանրային իրավահարաբերության բացակայության պայմաններում, այդպիսի վարքագիծը մնում է անհետևանք:

Այս խնդիրները հաղթահարելու նպատակով առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որ հրապարակային հայհոյանքի կամ անպարկեշտ ձևով վիրավորանքի դեպքում, հստակ նշված այլ պայմանների առկայության դեպքում իհարկե, անձը ենթարկվի վարչական պատասխանատվության: Ընդ որում, Նախագծում առկա ձևակերպումներն այնպիսին են, որ բացառում են որակման հետ կապված հնարավոր խնդիրները, որոնք կարող էին առաջանալ քրեական և վարչական պատասխանատվության առումով: Ինչ վերաբերում է քաղաքացիական պատասխանատվությանը, ապա հրապարակային հայհոյանքի համար համար անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելը կամ այդպիսի գործընթաց սկսելը որևէ կերպ չի փոխկապակցվում կամ առավել ևս արգելակում վարչական պատասխանատվության գործընթացը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրավախախտման օբյեկտը տարբեր է. քաղաքացիականի դեպքում՝ անձի արժանապատվությունն է, իսկ վարչականի դեպքում՝ հասարակական կարգը: Ուստի, այս առումով, որևէ իրավական խնդիր չկա նաև անձին մեկ արարքի համար կրկին անգամ պատասխանատվության ենթարկելու արգելքի սկզբունքի հետ:

 

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթը կայանում է հետևյալում.

Նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 172-րդ հոդվածով, ըստ որի վարչական իրավախախտում կդիտարկվի  հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ անպարկեշտ ցանկացած ձևով վիրավորանքը:

Այսինքն, առանձնացված են այն հարթակները կամ տեղերը, որոնցով կարող է դրսևորվել հայհոյանքը, այն է՝ հասարակական վայրերը, զանգվածային լրատվության միջոցները կամ ինտերնետային կայքերը (այդ թվում՝ սոցիալական ցանցերը):

Նախագծով սահմանվել են նաև հայհոյանքի դրսևորման ձևերը, այն է՝ խոսքի, պատկերի կամ նշանի միջոցով՝ նպատակ ունենալով հնարավորինս համապարփակ կերպով ամրագրել հիմնական ձևերը՝ չբացառելով դրսևորման այլ ձևերի հնարավորությունը:

 Միաժամանակ, ինչպես նախորդ կետում նշվեց, բացառելու համար որակման հետ կապված հնարավոր խնդիրները և փակուղային իրավիճակները, սահմանվել է պայման, ըստ որի կատարված արարքը չպետք է պարունակի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության  (խուլիգանություն) հատկանիշներ:

Որպես պատասխանատվության տեսակ սահմանված է տուգանքը, իսկ տուգանքի չափ է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկը՝ նպատակ ունենալով հնարավորություն տալ իրավակիրառին յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, հաշվի առնելով արարքի բնույթը և օրենսդրությամբ նախատեսված այլ հանգամանքները, ողջամիտ կիրառել՝ ի թիվս այլնի, նաև համաչափության սկզբունքի հստակ պահպանմամբ: Ընդ որում, տուգանքի չափի ընտրությունը պայմանավորված է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13-րդ գլխով (Հասարակական կարգի դեմ ոտնձգող վարչական իրավախախտումներ), որտեղ նախատեսվում է կատարել հիմնական լրացումը, սահմանված պատժաչափերի հաշվառմամբ: Բացի այդ, պատժաչափի ընտրության հարցում էական է եղել նաև այն մոտեցումը, որ, հաշվի առնելով դրա առնչությունը (սակայն ոչ երբեք պաշտպանությունը) կարծիքի ազատ արտահայտման՝ սահմանադրական և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով ամրագրված իրավունքի հետ, պատժաչափը չպետք է լինի այնքան բարձր, որ իր բնույթով ընկալվի իբրև քրեական բնույթ ունեցող:

Նախագծով լրացվող 172-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են կարգավորումներ, որոնք նպատակ ունեն կանխելու անձի կողմից նոր այդպիսի արարքի կատարումը՝ սահմանելով առավել խիստ իրավական ներգործության միջոցներ:

Նախագծով նախատեսված մյուս նոր կարգավորումները, որոնք վերաբերում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 224-րդ, 261-րդ, 277-րդ, 287-րդ և 305-րդ հոդվածներին, հանդիսանում եմ լրացվող 172-րդ հոդվածի լիարժեք իրացումն ապահովող հարակից լրացումներ և փոփոխություններ:

Նշվածներից մեկով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-րդ հոդվածում կատարել փոփոխություն, որով հրապարակային հայհոյանքի կամ անպարկեշտ ձևով վիրավորանքի հետ կապված գործերով վարչական ակտերը դատական կարգով կարող են բողոքարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: Այսպիսի մոտեցման նպատակն է նախ, ապահովել անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ ինչպես այս, այնպես էլ՝ վարչական դատարանում քննվող այլ գործերով դիմած անձանց (նախևառաջ՝ նկատի ունենալով վարչական դատարանի ծանրաբեռնածությունը), ինչպես նաև կանխել վարչական դատարանի հնարավոր նոր ծանրաբեռնվածությունը:

 

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել օրենսդրության մեջ առկա այն բացը, որը հնարավորություն չի տալիս իրավական պատասխանատվության ենթարկելու հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյած, անպարկեշտ ձևով վիրավորած անձին, եթե վերջինիս արարքը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման  կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման դեպքում պետական ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Նախատեսվում է պետական բյու­­ջեի եկա­մուտ­ների ավելացում, սակայն հնարավոր չէ ստույգ կամ նույնիսկ մոտավոր ներկայացնել որևէ հաշվարկ այդ առնչությամբ:

  • Обсуждалось

    07.04.2021 - 22.04.2021

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Административные правонарушения

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7041

Принт

Предложения

Գեւորգ Հայրապետյան

08.04.2021

Հաշվի առնելով, որ Նախագծի նպատակն է հանրայնորեն, բոլորին հասանելի (հասարակական վայրում) արված հայհոյանքի եւ անպարկեշտ վիրավորանքի համար պատասխանատվություն սահմանելը, երբ նման արտահայտության արդյունքում իրավախախտման օբյեկտ է դառնում հասարակական կարգը՝ խնդրահարույց է դառնում նաեւ Նախագծում վիրավորանքի հանրայնությունը ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) արված լինելով պայմանավորելը: Այսպես, վերեւի առաջարկությունում նշված «մեկ երրորդ անձ» չափանիշը կիրառելի է նաև համացանցի նկատմամբ, ուստի համացանցում կամ սոցիալական ցանցում արտահայտությունը վիրավորանք կհամարվի եւ կհամապատասխանի հրապարակային արված լինելու չափանիշին նաեւ այն դեպքում, երբ երեք եւ ավելի օգտատիրոջ միասին հաղորդակցվելու (օրինակ՝ group chat) դեպքում մեկը զրույցի մյուս մասնակցին հայհոյի կամ այլ կերպ վիրավորի կամ եթե երկուսը միասին հայհոյեն երրորդին: Ուստի, այս դեպքում առաջանում է այն խնդիրն, ինչ վերեւում: Թիվ ԵԱԴԴ/0074/02/12 քաղաքացիական գործով ընդհանուր իրավասության դատարանը կիրառել է «հասանելի է բոլորին» եզրույթը, ըստ որի՝ սոցիալական ցանցերում (կիրառելի է նաեւ համացանցային այլ հարթակների նկատմամբ) տեղադրված հայտարարությունը հրապարակային հայտարարություն է, եթե արվել է բոլորին հասանելի եղանակով: Այլ կերպ ասած, համացանցը (ինտերնետային կայքը, սոցիալական ցանցը) տարածք է, որը կարելի է կիրառել ինչպես որպես հանրային հարթակ (հասարակական վայր), այնպես էլ որպես մասնավոր վայր: Հետեւաբար, առաջարկում եմ վարչական պատասխանատվությունը պայմանավորել համացանցում (ներառյալ՝ սոցիալական ցանցերում) ոչ թե վիրավորանքի "հրապարակային" լինելով, այլ բոլորին հասանելի եղանակով (ըստ էության՝ public) արված լինելով:

Գեւորգ Հայրապետյան

08.04.2021

Նախագծով առաջարկվող արարքը եւ հիմնավորումը չեն համապատասխանում միմյանց: Մասնավորապես, հիմնավորման մեջ խոսք է գնում ինտերնետային կայքերից (այդ թվում՝ սոցիալական ցանցերից) բացի հասարակական վայրերում եւ զանգվածային լրատվության միջոցներով տարածվող հայհոյանքի (անպարկեշտ վիրավորանքի) մասին: Այնինչ Նախագծում օգտագործվում է "հրապարակային հայհոյել, "հրապարակային հայհոյանք"-ը: Այս առումով Նախագիծը հաշվի չի առնում, որ "հրապարակային"-ը ներառում է, բայց չի նույնանում հանրայնորեն կամ հասարակական վայրում արվածի հետ: Այսպես, ԵԿԴ/2293/02/10 գործով Վճռաբկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ հրապարակային է այն արտահայտությունը, որը կատարվել է առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ: Այս առումով պետք է նշել, որ թեեւ իրավունքի շուրջ քննարկումներում, դոկտրինում կամ խոսակցականում կարող ենք օգտագործել հրապարակային կամ ոչ հրապարակային վիրավորանք արտաայտությունները, սակայն մեկնաբանված "վիրավորանք" եզրույթի տեսանկյունից ոչ հրապարակային վիրավորանք գոյություն չունի, քանի որ արտահայտությունը վիրավորական համարվելու համար պետք է ի թիվս այլնի նաեւ կատարված լինի հրապարակային եղանակով: Ուստի, վիրավորանքն (այդ թվում անպարկեշտ ձեւով արվածը) արդեն իսկ իր մեջ պարունակում է հրապարակայնության նախապայմանը: Արդյունքում Նախագիծը նման բառակազմով փաստացի վերաբերում է անպարկեշտ ձեւով արված ցանկացած վիրավորանքի եւ ցանկացած հայհոյանքի, որը արվել է առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ (ներառյալ, եթե երկու անձ միասին վիրավորում մեկ ուրիշին) ոչ միայն հասարակական վայրերում կամ հանրայնորեն, այլ նաեւ մասնավոր վայրերում, երբ հասարակությունը հաղորդակից էլ չի լինում վիրավորանքին կամ հայհոյանքին: Արդյունքում, Նախագիծը փաստացի չի սահմանափակվում Նախագծի հիմնավորման մեջ նշված նպատակով եւ սահմանազանցում է հիմնավորման մեջ նշված փաստարկը: Վերոնշյալի համատեքստում առարկայազուրկ է դառնում Նախագծի հիմնավորման այն պնդումը, որ որևէ իրավական խնդիր չկա նաև անձին մեկ արարքի համար կրկին անգամ պատասխանատվության ենթարկելու արգելքի սկզբունքի հետ առնվազն հետեւյալ պատճառով. քանի որ վհրապարակային վիրավորանքն առկա է նաեւ մեկ երրորդ անձի ներկայության կամ հաղորդակից դարձնելու դեպքում եւ ըստ այդմ հրապարակայնության պայմանը ներառում, բայց չի սահմանափակվում եւ չի նույնանում միայն հասարակական վայրում կամ հանրայնորեն վիրավորանքի կամ հայհոյելու հետ, ապա նման բառակազմով Նախագծի դեպքում ստացվում է, որ Նախագիծը ոչ թե պատասխանատվություն է նախատեսում վիրավորանքի ձեւի (պայմանների՝ հանրայնորեն, հասարակական վայրում իրականացված լինելու) համար, այլ պարզապես առանձնացրել է վիրավորանքի որոշ տեսակներ (հայհոյանքը եւ անպարկեշտ ձեւով վիրավորանքը) եւ դրանց համար նախատեսում է վարչական պատասխանատվություն՝ չվերացնելով քաղաքացիաիրավական պատասխանատվությունը: Առաջարկում եմ Նախագիծը խմբագրել, վարչական պատասխանատվությունը պայմանավորել ոչ թե վիրավորանքի "հրապարակային" լինելով, այլ հանրայնորեն, բոլորին հասանելի (հասարակական վայրում) արված լինելով:

Mikayel Mutafyan

08.04.2021

Հայհոյանքը պետք է կոնկրետ անձին ուղղված լինի, ոչ թե առհասարակ: Հակառակ դեպքում կարելի է պատժել անեկդոտի համար : Նաև ցանկալի կլիներ ստանալ վիրավորանքի կոնկրետ սահմանումը, այն էլ նշանի միջոցով:

Узнать больше