Добавить в избранное

Հրապարակվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ իրավապաշտպան Հ/Կ 04.06.2020 17:12:01 Իրավական դրքորոշում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ <<Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ>> իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում վերը նշված նախագծերը ուսումնասիրվել են մտավոր սեփականության ոլորտը կարգավորող օրեսդրության և միջազգային պարտավորությունների տեսանկունից։ Անչափ կարևորում ենք տնտեսական մրցակցության պաշտպանության կոնտեքստում կեղծարարության և կեղծ ապրանքների շրջանառության դեմ արդյունավետ պայքարի իրականացումը, բայց մաժամանակ գտնում ենք, որ այն պետք է իրականացվի պետական համապատասխան կառույցին հատուկ գործիքակազմի միջոցով և լիազորությունների շրջանակում, առանց կրկնօրինակելու կամ ձեռք բերելու իրավապահ մարմիններին բնորոշ գործառույթներ և առավել ևս միջամտելու արդարադատության իրականացմանը ։ Այսպես՝ վերը նախագծի 18-րդ հոդվածում առկա են դրույթներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածին, ՄԻԵԿ-ի /<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի/ դրույթներին և Վճռաբեկ դատարանի վարչական գործ թիվ ՎԴ/4241/05/11 և քաղաքացիական գործ թիվ 3-1462/ՏԴ որոշումներում ամրագրված մտավոր սեփականության ոլորտի համար կարևոր կարգավորումներին։ Շփոթության աստիճանի նմանությանը վերաբերող հարցերը իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ խնդիրներ են առաջացնում հաշվի առնելով, որ անհրաժեշտ է իրականացնել մասնագիտական /փորձագիտական/ գիտելիքների հիման վրա օբյեկտիվ և սուբյեկտիվ տարրերի խորը հետազոտություն, որը ժամանակատար է և նման դեպքերում հանձնաժողովը պետք է զերծ մնա մակերևույթային գնահատակններից և հիմնվի որոշում կայացնելիս փորձագիտական ուսումնասիրության և եզրակացության վրա։ Գրանցված ապրանքային նշանների դեպքում այս կարգավորումը առնչվում է վարչական ակտի հավաստիության կանխավարկածի հետ, քանի որ այն պայմանավորված է մեկ այլ պետական լիազոր մարմնի կողմից կայացված վարչական ակտի հետ, որին տնտեսվարողը վստահում է։ Արդարացված չէ նաև պետական կառավարման համակարգում նույնաբովանդակ որոշում /շփոթության աստիճանի նմանություն/ կայացնելու լիազորությամբ օժտել երկու տարբեր կառույցների՝ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությանը և հանձնաժողովին։ Նախագծի 19-րդ հոդվածում առկա են դրույթներ, որոնք ուղղակի հակասության մեջ են մտնում մտավոր սեփականության իրավունքի հիմնարար սկզբունքների և բնական մենաշնորհի հետ, քանի որ մտավոր սեփականության պաշտպանությունը պայմանավորված բացառիկ իրավունքներով ենթադրում է այլ տնտսվարողների համար խոչընդոտների ստեղծում։ Խնդրահարույց է նաև Սահմանադրականության տեսանկյունից վերը նշված հոդվածում անբարեխիղճ մրցակցության առկայության վերաբերյալ Հանձնաժողովի որոշումամբ իրավասու մարմնի համար քաղաքացիական շրջանառության մասնակցի, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցին իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելու դրույթը։ Մտավոր սեփականության օբյեկտի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել միայն դատարանի որոշմամբ: Նույնը վերաբերվում է հոդված 38-ի 4-րդ կետով սահմանված հանձնաժողովի լիազորությանը։ Վերը նշված բոլոր հիմնավորումները վերաբերվում են նաև <<Ապրանքային նշանների մասին>> ՀՀ օրենքի նախագծի փոփոխությանը, այն ամբողջությամբ չի բխում մտավոր սափականության իրավունք ունեցող բազմաթիվ իրավատերերի շահերից։ Կարևորելով կեղծարարության դեպ պայքարի անհրաժեշտությունը առաջարկում ենք Հեդված 20-ը ձևակերպել հետևյալ կերպ՝ Հոդված 20. Անբարեխիղճ մրցակցությունը` կապված մտավոր գործունեության արդյունքների ապօրինի օգտագործման հետ Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսվարող սուբյեկտի կողմից մտավոր սեփականության օբյեկտն ապօրինի (առանց դրա իրավատիրոջ թույլտվության) օգտագործելը, ինչպես նաև իրացնելու նպատակով կեղծ կամ նմանակված ապրանքներ ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ այլ ձևով քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը։ Առաջարկվող ձևակերպումը ավելի հստակ է նախ, որ դիսպոզիցիայում բովանդակային կրկնողություն չկա, այսինքն ապրանք արտադրելը, վաճառը կամ վաճառքի առաջարկը արդեն ներառված է մտավոր սեփականության օբյեկտի օգտագործում հասկացության մեջ և ավելորդ անգամ նշել պետք չէ։ Հայաստանը միակ երկիրն է որտեղ կեղծ ապրանքների շրջանառության համար կարգավորումներ չկան և կեղծված ապրանքներ ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը որը նույնպես կհամարվի անբարեխիղճ մրցակցություն էապես կնպաստի պայքարին։ Եվ վերջապես առաջարկվող կարգավորմամբ իրավատերը հնարավորություն կունենա առանց քրեա-իրավական և քաղաքացիա-իրվական ընթացակարգով դատարան դիմելու պաշտպանել իր խախտված իրավունքները։ Ընդունվել է ի գիտություն Նախագծի 20-րդ հոդվածը խմբագրվել է։
2 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 19:59:14 Նախագծի 1-ին հոդվածի համաձայն առանձնացվում են օրենքի հետևյալ նպատակները՝ • պաշտպանել և խրախուսել տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, • ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, • նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում։ Օրենքի նպատակների շարքում թվարկվում է նաև սպառողների շահերի պաշտպանությանը նպաստելը, ինչը ենթադրում է, որ օրենքը ոչ թե ուղղակիորեն միտված է սպառողների շահերի պաշտպանությանը, այլ օրենքով սահմանված գործիքակազմն իրացնելով լիազոր մարմինը նպաստում է նաև սպառողների շահերի պաշտպանությանը, սակայն չի իրականացնում նման ուղղակի գործառույթ։ Միաժամանակ, նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում որպես օրենքի կարգավորման առարկա առանձնացվում է սպառողների շահերի պաշտպանությունը պետական մարմինների կամ տնտեսվարող սուբյեկտների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային վարքագծից։ Բացի այդ, տնտեսական մրցակցության պաշտպանության մարմինը վերանվանվում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով , որը Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ի շարս այլնի, իրականացնելու է նաև սպառողների շահերի պաշտպանությունը։ Վերոշարադրյալի արդյունքում առաջանում է իրավական խզում օրենքի նպատակի և դրա առարկայի ու Հանձնաժողովի կարգավիճակի միջև այն առումով, որ օրենքի կարգավորման առարկան և Հանձնաժողովի իրավական կարգավիճակը շեղվում են օրենքի նպատակից։ Մասնավորապես, եթե օրենքի նպատակը սպառողների շահերի պաշտպանությանը նպաստելն է, այլ ոչ թե սպառողների շահերի պաշտպանությունը, ապա օրենքի կարգավորման առարկան և օրենքը կիրարկող լիազոր մարմնի կարգավիճակը պետք է համապատասխանեն օրենքի նպատակին։ Միաժամանակ, եթե Հանձնաժողովը վերածվելու է նաև սպառողների շահերի պաշտպանության մարմնի, ապա հարց է առաջանում, թե արդյո՞ք Հանձնաժողովին վերապահվող գործիքակազմը բավարար է այդ նպատակին հասնելու համար և արդյո՞ք Հանձնաժողովի այս գործառույթը շփոթություն չի առաջացնի պետական մարմինների գործառութային համալիրի իրացման համատեքստում։ Խնդիրը կայանում է նրանում, որ Հանձնաժողովը սպառողների շահերը պաշտպանելու է Նախագծով սահմանված իրավախախտումների շրջանակներում՝ հակամրցակցային համաձայնություն, գերիշխող դիրքի չարաշահում, արգելված համակենտրոնացումներ, անբարեխիղճ մրցակցություն և այլն, այնինչ սպառողների շահերի պաշտպանությունը չի կարող սահմանափակվել միայն Նախագծով թվարկված վարքագծով և ընդգրկում է բավականին լայն շրջանակ։ Բացի այդ, Հանձնաժողովի անվանումը և Նախագծի 28-րդ հոդվածով վերջինիս վերապահված գործառույթը սպառողների շրջանում կարող է առաջացնել այն թյուր ընկալումը, որ Հանձնաժողովը սպառողների պաշտպանության ունիվերսալ մարմին է, այնինչ իրականում այդպես չէ։ Կան սպառողների շահերի պաշտպանության այլ մարմիններ ևս, որոնք այս կամ այն ասպեկտով իրականացնում են սպառողների իրավունքների պաշտպանությունը, օրինակ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ինչ որ առումով նաև Ֆինանսական համակարգի հաշտարարը ևս իրականացնում են սպառողների շահերի պաշտպանության գործառույթներ։ Նշված խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ է կամ վերաձևակերպել օրենքի նպատակը և որոշակիացնել սպառողների շահերի պաշտպանության Հանձնաժողովի գործառույթները կամ հրաժարվել սպառողների շահերի պաշտպանության ուղղակի գործառույթից։ Հարկ է նշել նաև, որ նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության հիմնավորումը չի պարունակում դրույթներ Հանձնաժողովին սպառողների շահերի պաշտպանության գործառույթը վերապահելու անհրաժեշտության մասին, ինչը հնարավորություն կտար ամբողջական պատկերացում կազմել Նախագծի հեղինակների մտադրության մասին։ Չի ընդունվել Նախագծով նախատեսված օրենքի կարգավորման առարկան ընդգրկում է սպառողների շահերի պաշտպանությունը այնքանով, որքանով դրանք վնասվում կամ կարող են վնասվել հակամրցակցային գործողությունների (այդ թվում՝ անբարեխիղճ մրցակցության) արդյունքում: Այդ մասին է վկայում նաև Հանձնաժողովին այս ոլորտում տրված լիազորությունների շրջանակի ուսումնասիորթյունը:
3 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով օրենքին տրվել է էքստերիտորիալ գործողություն, ինչը նշանակում է, որ օրենքը տարածվելու է այլ պետության տարածքում տնտեսվարող սուբյեկտների այն գործողությունների վրա, որոնք հետևանքներ են առաջացրել Հայաստանի Հանրապետությունում։ Նախագծով տրված «տնտեսվարող սուբյեկտ» հասկացությունից պարզ է դառնում, որ այն ընդգրկում է ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին։ Դրա մասին են վկայում նաև Նախագծի 14-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները։ Արդյունքում ստացվում է, որ օրենքը տարածվելու է օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտների վարքագծի վրա, եթե դա Հայաստանի Հանրապետությունում կառաջացնի փաստական հետևանքներ կամ ստեղծի նման հնարավորություն։ Օրենքի էքստերիտորիալ գործողությունը ենթադրում է նաև Հանձնաժողովի իրավասությունների էքստերիտորիալ իրացում, քանի որ ակնհայտ է, որ այլ պետության մրցակցային մարմինը չի կարող կիրառել ՀՀ օրենքը։ Արդյունքում, հարց է առաջանում, թե ինչպե՞ս են իրացվելու օրենքի էքստերիտորիալ գործողությունը և Հանձնաժողովի լիազորությունները, քանի որ օտարերկրյա բազմաթիվ կազմակերպությունների վարքագիծը կարող է Հայաստանի Հանրապետությունում առնվազն սպառողների շահերի վրա անդրադառնալ։ Օրինակ, արտասահմանյան մատակարարները կարող են որոշել, որ ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին այլևս ապրանք չեն մատակարարելու կամ ebay, amazon կայքերը կարող են որոշել, որ ՀՀ ապրանքների վաճառքը պետք է սահմանափակել կամ Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ մասով սահմանված համակենտրոնացումը կարող է ազդել ՀՀ-ում մրցակցային իրավիճակի վրա։ Գտնում ենք, որ օրենքի էքստերիտորիալ գործողությունը չի կարող կրել նման բացարձակ բնույթ և անհրաժեշտ է սահմանել այն դեպքերը, երբ օրենքը կարող է կիրառվել, ինչպես նաև հստակ գործիքակազմը և ընթացակարգը։ Չի ընդունվել Օրենքը չի կարող չկարգավորել Հայաստանի Հանրապետության մրցակցային միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործողությունները՝ թեկուզև դրանք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, իսկ Հանձնաժողովի որոշումների Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարման հարցը միջազգային իրավական փաստաթղթերով կարգավորման ենթակա հարց է։
4 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը հակամրցակցային համաձայնություններ է որակում այնպիսի գործողությունները (գործարքները), վարքագիծը կամ որոշումները, որոնք ուղղված են մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը։ Այս ձևակերպումը տարբերվում է գործող օրենքի ձևակերպումից այն առումով, որ հստակ ընդգծում է համաձայնության ուղղվածությունը, այսինքն՝ դրա սուբյեկտների նպատակը (ուղղակի դիտավորությունը) հակամրցակցային վարքագիծ դրսևորելու համատեքստում, քանի որ «ուղղված» տերմինը մեկնաբանվում է որպես համաձայնության մասնակիցների նպատակի ուղղություն՝ ուղղակի դիտավորություն։ Դրա արդյունքում, առերևույթ, բացառվում է այն համաձայնությունները հակամրցակցային համարելու հնարավորությունը, որոնք ոչ թե ուղղված են մրցակցության սահմանափակմանը, այլ հանգեցնում են կամ առավել ևս կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը։ Նշված հանգամանքն, իր հերթին, կարող է առաջացնել բարդություններ հակամրցակցային համաձայնությունների ապացուցման գործընթացում, քանի որ անհրաժեշտություն կառաջանա ապացուցելու համաձայնության մասնակիցների՝ մրցակցությունը սահմանափակելու ուղղակի դիտավորությունը, ինչը շատ դեպքերում անհնար կլինի։ Ավելին, պետք է նշել, որ Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «այլ համաձայնություններ» եզրույթը ներկայացվում է որպես այնպիսի գործողությունների ամբողջություն, որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը։ Այսինքն ստացվում է, որ հորիզոնական կամ ուղղահայաց համաձայնությունների համար անհրաժեշտ է ուղղակի դիտավորություն, իսկ այլ համաձայնությունների համար բավարար է նաև անուղղակի դիտավորությունը, քանի որ այլ համաձայնություն են համարվում այն գործողությունները, որոնք անգամ անուղղակիորեն կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը։ Միաժամանակ, այս առումով Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 3-րդ կետն առերևույթ հակասում են միմյանց, քանի որ համաձայնությունը հակամրցակցային համարելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ համաձայնությունը ուղղված լինի մրցակցության սահմանափակմանը, իսկ այլ համաձայնությունների դեպքում դա պարտադիր չէ, բավարար է միայն մրցակցության սահմանափակման ուղղակի կա անուղղակի հնարավորության ստեղծումը։ Համանման կերպով հակասություն է առկա Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 13-րդ, 4-րդ մասի 4-րդ և 5-րդ մասի 11-րդ կետերի միջև։ Առաջարկում ենք Նախագծում օգտագործել գործող օրենքի տերմինաբանությունը («ուղղված են» ձևակերպումը փոխարինել «ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը» ձևակերպմամբ)։ Ընդունվել է մասնակի Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրվել է։
5 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծով գերիշխող դիրքի որոշման տրամաբանությունը հիմնականում նույնանում է գործող օրենքի կարգավորումների հետ՝ գերիշխող դիրքը դիտարկելով որպես օբյեկտիվորեն գոյություն ունեցող կարգավիճակ անկախ Հանձնաժողովի որոշման առկայությունից։ Նման մոտեցումը հիմնականում համապատասխանում է գերիշխող դիրքի որոշման արտասահմանյան առաջատար փորձին։ Այնուամենայնիվ ցանկանում ենք Հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել Նախագծի 8-րդ հոդվածի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դրույթների որոշակի համակարգային խնդիրների վրա՝ իրավական որոշակիության, իրավական ակտերի կանխատեսելիության և համաչափության սահմանադրական սկզբունքների համատեքստում։ Ի տարբերություն օրենքի գործող կարգավորումների՝ Նախագծով «ապրանքային շուկա» հասկացությունը ևս դիտարկվում է որպես օբյեկտիվորեն գոյություն ունեցող ապրանքների շրջանառության ոլորտ, և ապրանքային շուկան գոյություն ունի անկախ Հանձնաժողովի որոշման առկայությունից (օրենքի գործող կարգավորումների համաձայն ապրանքային շուկան իրավական արժևորում է ստանում միայն Հանձնաժողովի որոշմամբ սահմանվելուց հետո)։ Ապրանքային շուկան բնութագրվում է աշխարհագրական և ապրանքատեսակային սահմաններով, ծավալով և սուբյեկտներով։ Դա իր հերթին նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտը իր գերիշխող դիրքի առկայությունը պարզելու համար պետք է հատկորոշի ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը, ապա ապրանքատեսակային սահմանը, իմանա շուկայի բոլոր մասնակիցներին և նրանց բաժինները։ Եթե ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը հատկորոշելը տնտեսվարող սուբյեկտների համար կարող է առանձնակի դժվարություններ չառաջացնել, ապա նույնը չենք կարող ասել ապրանքատեսակային սահմանի, ծավալի և սուբյեկտների կազմի վերաբերյալ։ Մասնավորապես, ապրանքատեսակային սահմանը ընդգրկում է ապրանքը և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքները, իսկ ապրանքների փոխադարձ փոխարինելիությունը որոշվում է մի շարք չափանիշների վրա, որոնք հատկորոշելը շատ դեպքերում կարող է չհամընկնել տնտեսվարող սուբյեկտի և Հանձնաժողովի կողմից կիրառված մեթոդաբանության առումով։ Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտը կարող է ապրանքային շուկայի ծավալը հաշվել բնեղեն արտահայտությամբ, իսկ Հանձնաժողովը՝ արժեքային։ Դժվարություններ կարող են առաջանալ նաև որակական չափանիշով սեփական գերիշխող դիրքը որոշելու չափանիշները։ Միաժամանակ, Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քանակական չափանիշներով գերիշխող դիրք ունեցող համարելիս հաշվի է առնվում տվյալ շուկայի կենտրոնացվածության աստիճանը, որի դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս է տնտեսվարող սուբյեկտը որոշելու շուկայի կենտրոնացվածության աստիճանը՝ կիրառելու է Հերֆինդալ-Հիրշմանի մեթոդը, թե այլ մեթոդներ, և ի՞նչ է լինելու, եթե տնտեսվարող սուբյեկտի և Հանձնաժողովի մեթոդաբանությունը չհամընկնեն և հանգեցնեն տարբեր արդյունքների։ Բացի այդ, Նախագծի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները սահմանում է Հանձնաժողովը, ինչի արդյունքում հարց է առաջանում, թե արդյոք իրենց գերիշխող դիրքի առկայությունը պարզելու համար տնտեսվարող սուբյեկտները պետք է առաջնորդվեն այդ կարգով, թե՝ ոչ, իսկ առաջնորդվելու դեպքում՝ կարող են արդյոք այն կիրառել այնպես, որ ապահովվի իրենց գործողությունների արդյունքների կանխատեսելիությունը և լեգիտիմ ակնկալիքի ամբողջական իրացումը։ Միանշանակորեն դրական գնահատելով կատարվող փոփոխությունները և հստակեցումները՝ ցանկանում ենք Հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել վերը նշված հարցադրումների վրա, որոնք, հուսով ենք, օգտակար կլինեն, քննարկվող կարգավորումների հետագա կատարելագորման ընթացքում։ Ընդունվել է ի գիտություն
6 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահելու դեպքում Հանձնաժողովը կարող է տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման) մասին որոշում ընդունել, որը տնտեսվարող սուբյեկտի կողմից ենթակա է կատարման տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում: Նախագիծը, սահմանելով Հանձնաժողովի իրավասությունը ընդունելու տնտեսվարող սուբյեկտի ապախոշորացման վերաբերյալ որոշում, միաժամանակ չի նախատեսում նման վերակազմակերպման իրականացման հատուկ ընթացակարգ, ինչը ենթադրում է, որ Հանձնաժողովի որոշման հիման վրա համապատասխան տնտեսվարող սուբյեկտը պետք է սկսի վերակազմակերպման գործընթաց այնպես, ինչպես կամավոր վերակազմակերպման դեպքում (ընդհանուր ժողովի գումարում, բաժնետերերի և պարտատերերի ծանուցում և այլն): Ընդ որում, այդ գործընթացի ժամանակ, կազմակերպության մասնակիցները կամ բաժնետերերը պարտավորված չեն նախ մասնակցել ընդհանուր ժողովի նիստերին, ապա նաև քվեարկել որևէ ձևով, ինչը նշանակում է, որ Հանձնաժողովի վարչական ակտի հիման վրա վերակազմակերպումը կարող է ընդհանրապես տեղի չունենալ, այդ թվում՝ անկախ կազմակերպության կամքից, օրինակ՝ բաժնետերերի կողմից ժողովին չմասնակցելու հետևանքով: Միաժամանակ, Նախագծի 96-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի տուգանք նշանակելու որոշումը կամովին չկատարվելու դեպքում անբողոքարկելի դառնալուց հետո ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով: Այս դեպքում էլ, եթե կազմակերպությունը չկատարի Հանձնաժողովի որոշումը, ապա որևէ հետևանք չի առաջանա, քանի որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի նախատեսում որևէ ընթացակարգ, որով կազմակերպությունը կպարտավորվի հարկադիր կարգով վերակազմակերպվել: Միաժամանակ, Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով: Դատարանը նշանակում է իրավաբանական անձի արտաքին կառավարիչ և նրան հանձնարարում է իրականացնել իրավաբանական անձի վերակազմակերպում: Նշանակման պահից իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորություններն անցնում են արտաքին կառավարչին: Արտաքին կառավարիչն իրավաբանական անձի անունից հանդես է գալիս դատարանում, կազմում է բաժանիչ հաշվեկշիռ և վերակազմակերպման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձանց կանոնադրությունների հետ միասին ներկայացնում է դատարան: Դատարանի կողմից այդ փաստաթղթերը հաստատելը հիմք է նոր ստեղծվող իրավաբանական անձանց պետական գրանցման համար: Հարկադիր վերակազմակերպումը կարելի է համարել օրենքի խախտման համար իրավախախտի նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոց: Ուստի, նշված հարկադրանքի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է, որպեսզի իրավախախտ սուբյեկտը հնարավորություն չունենա ազդելու գործընթացի վրա, որոշելու դրա հետագա ընթացքը: Այդ նպատակներին հնարավոր է հասնել այն դեպքում, երբ կազմակերպության վերակազմակերպումն իրականացվում է առանց նրա մասնակցության կամ առանց նրա կողմից որոշումներ կայացնելու հնարավորության, ինչպիսի ընթացակարգ համարվում է Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը, երբ դատարանը նշանակում է իրավաբանական անձի արտաքին կառավարիչ և նրան հանձնարարում է իրականացնել իրավաբանական անձի վերակազմակերպում և նշանակման պահից իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորություններն անցնում են արտաքին կառավարչին: Հենց սա է հարկադիր վերակազմակերպման էությունը, երբ վերակազմակերպվողը չունի վերակազմակերպման գործընթացի վրա ազդելու հնարավորություն և գործիքակազմ: Հետևաբար, Հանձնաժողովի իրավասությունն ընդունելու տնտեսվարող սուբյեկտի բաժանման կամ առանձնացման վերաբերյալ որոշում, չի կարելի համարել Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հարկադիր վերակազմակերպման ընթացակարգից տարբերվող ընթացակարգ, այլ ընդհակառակը, դրանք պետք է համարել հենց օրենքով նախատեսված այն հիմքերը, երբ դատական կարգով կարող է իրականացվել կազմակերպության հարկադիր վերակազմակերպում: Կարծում ենք, որ վերը նշված վերլուծությունը կարող է դրականորեն ազդել քննարկվող կարգավորման կատարելագործման վրա։ Ընդունվել է ի գիտություն Կատարվել են համապատասխան փոփոխություններ:
7 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 6. Նախագծի 14-րդ հոդվածով էական փոփոխության են ենթարկվել համակենտրոնացման ձևերը, դրանք լրացվել են նաև նոր ձևերով, որոնք նախկինում երբևէ Հանձնաժողովի կողմից չեն դիտարկվել որպես համակենտրոնացում։ Մասնավորապես, Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ համակենտրոնացում է համարվում նաև մտավոր սեփականության իրավունքի կամ անհատականացման այլ միջոցի օգտագործման իրավունքի ձեռքբերումը, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտը կարող է էական ազդեցություն ձեռք բերել որևէ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա։ Նշված ձևակերպումը թույլ է տալիս ենթադրել, որ մտավոր սեփականության իրավունքի օբյեկտի վերաբերյալ գործարքներ կնքող սուբյեկտների վրա դրվում է այդ գործարքի ազդեցությունը գնահատելու պարտականություն, քանի որ մտավոր սեփականության իրավունքի օբյեկտի նկատմամբ ցանկացած գործարք չէ, որ պետք է համարել համակենտրոնացում։ Քանի որ շատ դեպքերում տնտեսվարող սուբյեկտները չեն կարող գնահատել այդ ազդեցությունը, իսկ գնահատելու դեպքում էլ կա ռիսկ, որ այդ գնահատումը կարող է չհամընկնել Հանձնաժողովի եզրահանգումների հետ, հետևաբար տնտեսվարող սուբյեկտների վրա անուղղակիորեն դրվում է պարտականություն հայտարարագրման հիմքերի առկայության դեպքում դիմել Հանձնաժողով։ Ընդ որում, շատ հնարավոր է, որ դիմելու դեպքում Հանձնաժողովը որոշի, որ համակենտրոնացում ընդհանրապես առկա չէ, քանի որ բացակայում է դրա ամենաէական հատկանիշը՝ որևէ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա ազդելու հնարավորությունը։ Միաժամանակ, քանի որ Նախագծում օգտագործված է «որևէ ապրանքային շուկա» տերմինը, ինչը նույնական է «ցանկացած ապրանքային շուկա» եզրույթի հետ, ուստի ստացվում է, որ օրինակ առևտրային ցանցեր շահագործող տնտեսվարող սուբյեկտները մտավոր սեփականության իրավունքի օբյեկտի նկատմամբ գործարքներ կնքելիս պետք է գնահատեն բազմաթիվ շուկաներում դրա ազդեցությունը, ինչը անհամաչափ պարտավորություն է հետապնդվող նպատակի համատեքստում։ Բացի այդ, Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում կիրառվող «կամ անհատականացման այլ միջոցի» բառակապակցության օգտագործումը ենթադրում է, որ դրան նախորդող «մտավոր սեփականության իրավունքի օբյեկտ» բառակապակցությունը վերաբերում է մտավոր սեփականության իրավունքի այն օբյեկտներին, որոնք Քաղաքացիական օրենսգրքի 1100-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համարվում են անհատականացման միջոցներ։ Միաժամանակ, հարց է առաջանում, թե ինչպես են հարաբերակցվելու որևէ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա էական ազդեցություն ունենալու և հայտարարագրման հիմք համարվող գերիշխող դիրքի հանգեցնելու կամ այն ամրապնդելու իրավիճակները, որպեսզի չստացվի, թե համակենտրոնացման պայմանը նույնանում է հայտարարագրման հիմքի հետ։ Չի ընդունվել Մտավոր սեփականության իրավունքի օբյեկտի նկատմամբ ցանկացած գործարք չէ, որ նշված հոդվածի իմաստով կհամարվի համակենտրոնացում։ Իսկ այդ հանգամանքը ավելի հեշտ պարզելու մեխանիզմները նախատեսվել են Նախագծում, ինչպիսիսն է՝ օրինակ եզրակացությունների տրամադրման ինստիտուտը և Համակենտրոնացման պարզեցված կարգով թույլատրումը:
8 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը այլ տնտեսվարող սուբյեկտի անունով գրանցված արդյունաբերական նմուշին նույնական կամ շփոթության աստիճանի նման նմուշի ապօրինի օգտագործումը համարում է տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնել, իսկ 20-րդ հոդվածում անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսվարող սուբյեկտի կողմից մտավոր գործունեության պահպանվող օբյեկտի ապօրինի օգտագործմամբ (առանց դրա իրավատիրոջ թույլտվության) ապրանքի արտադրումը, վաճառքը, վաճառքի առաջարկը և այլ ձևով քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը։ Անհասկանալի է, թե որ դեպքում պետք է արդյունաբերական նմուշի ապօրինի օգտագործումը համարել շփոթություն առաջացնել, իսկ որ դեպքում՝ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման նկատմամբ անբարեխիղճ մրցակցություն։ Միաժամանակ, չբացահայտված տեղեկատվությունը ևս համարվում է մտավոր սեփականության պահպանվող օբյեկտ, ուստի կարիք կա ներդաշնակեցնելու Նախագծի 20-րդ և 25-րդ հոդվածները։ Ընդունվել է Կատարվել են համապատասխան փոփոխություններ:
9 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են Հանձնաժողովի այնպիսի լիազորություն, ինչպիսին այլ պետական մարմինների հակամրցակցային ակտերը, ներառյալ՝ ապրանքային նշանների նկատմամբ գրանցումները անվավեր ճանաչելու լիազորություն։ Միաժամանակ, նույն հոդվածը նախատեսում է նաև պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտերը անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու Հանձնաժողովի իրավասությունը։ Հարց է առաջանում, թե որ դեպքերում պետք է Հանձնաժողովը դիմի դատարան, իսկ որ դեպքերում սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչի համապատասխան ակտերը, այսինքն՝ Հանձնաժողովն ունի էական հայեցողություն այլ պետական մարմինների վարքագիծը վերահսկելու համատեքստում, ինչն առերևույթ չի համապատասխանում պետական կառավարման համակարգի գործառման ընդհանուր տրամաբանությանը։ Միաժամանակ, հետաքրքրական է, որ Նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում օգտագործվում է հակամրցակցային ակտեր եզրույթը, իսկ 8-րդ կետում այդ եզրույթը բացակայում է, ինչի արդյունքում հարց է առաջանում, թե արդյոք Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչել պետական մարմինների հակամրցակցային ակտերը անվավեր է ճանաչում սեփական նախաձեռնությամբ, իսկ այլ ակտերը՝ դատարան դիմելու միջոցով։ Բացի այդ, անհասկանալի է, թե ի՞նչ պետական մարմինների մասին է խոսքը։ Արդյոք Հանձնաժողովը կարող է անվավեր ճանաչել մեկ այլ ինքնավար մարմնի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կամ Կենտրոնական բանկի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտերը։ Գտնում ենք, որ Հանձնաժողովի՝ Նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված լիազորությունն անհրաժեշտ է հանել։ Միաժամանակ, անհասկանալի է, թե ինչպե՞ս են հարաբերակցվում Նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 18-րդ հոդվածի 3-րդ մասը կամ 19-րդ հոդվածի 2-րդ մասը։ Ընդունվել է ի գիտություն
10 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծի 40-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն չորսը, իսկ 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող անձի ձայնը որոշիչ է: Ստացվում է, որ Հանձնաժողովի որոշումները կարող են ընդունվել 3 անդամի կողմ քվեարկելու դեպքում, ինչի արդյունքում խաթարվում է Հանձնաժողովի կոլեգիալ բնույթը, ավելին ստացվում է, որ որոշումը չի ընդունել Հանձնաժողովը, այլ այն ընդունել են ընդամենը 3 անդամ։ Առաջարկում ենք Հանձնաժողովի նիստերի քվորումի համար սահմանել Հանձնաժողովի առնվազն 5 անդամի ներկայություն, իսկ որոշումների ընդունման համար Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն՝ առնվազն 4 անդամի կողմ ձայների առկայություն։ Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանձնաժողովի նախագահը չունի այնպիսի առանձնահատուկ կարգավիճակ, որով էականորեն տարբերվում է Հանձնաժողովի մյուս անդամներից, իսկ նրա գործառույթները սահմանափակվում են ընթացակարգային կազմակերպչական բնույթի գործողություններով՝ առաջարկում ենք վերացնել Հանձնաժողովի նախագահի ձայնի վճռորոշ նշանակություն ունենալու վերաբերյալ կարգավորումները։ Հարկ է նշել, որ կազմավորման կարգով Հանձնաժողովին մոտ մեկ այլ ինքնավար մարմին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործում է հենց մեր կողմից նկարագրված մոդելով («Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենք, հոդված 11)։ Նման մոդելով է գործում նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Առաջարկում ենք նաև քննարկման առարկա դարձնել կոնկրետ որոշման բնույթով պայմանավորված անհրաժեշտ նվազագույն ձայների քանակ սահմանելու հնարավորության հարցը։ Չի ընդունվել Նախագծի 42-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործիքակազմի նախատեսումը հետապնդում է իրավական անվտանգությունը չխաթարելու նպատակ: Այսպիսի դիրքորոշում արտահայտել է նաև Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1384 որոշմամբ: Իսկ հանձնաժողովի նախագահին ձայնի վճռորոշ նշանակություն ունենալու հնարավորություն նախատեսելը պայմանավորված է փակուղային իրավիճակների բացառման անհրաժեշտությամբ:
11 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծի 45-րդ հոդվածի 2-րդ մասում «անձնական շահադիտական» բառերն առաջարկում ենք փոխարինել «իրենց պաշտոնեական լիազորություններից դուրս կամ դրանց չարաշահմամբ ցանկացած» բառերով։ Ընդունվել է Կատարվել են համապատասխան փոփոխություններ։
12 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծի 46-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված լիազորությունը ստուգումների մասով անհրաժեշտ է սահմանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով, հակառակ դեպքում խախտվում է ստուգումների անցկացման միասնականությունը և բացի այդ Նախագծով կարգավորվում է այլ օրենքի կարգավորման առարկային վերաբերող հարաբերություն։ Չի ընդունվել Տեսաձայնագրման լիազորությունը վերաբերում է միայն Հանձնաժողովին, ուստի բացակայում է համապատասխան կարգավորումները «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով նախատեսելու անհրաժեշտությունը:
13 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծով վերացվում է Հանձնաժողովի կողմից իր հաջորդ տարվա գործունեության ծրագիրը Ազգային ժողովում հրապարակելու պարտականությունը և կարգավորում է միայն նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը հրապարակելու վերաբերյալ դրույթներ։ Նախագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորման մեջ նշված փոփոխության վերաբերյալ որևէ հիմնավորում առկա չէ, չնայած այն հանգամանքին, որ այս փոփոխությունը կրում է հիմնարար նշանակություն ինքնավար մարմինների հաշվետվողականության, գործողությունների գնահատման և թափանցիկության համատեքստում։ Ծրագիրը և հաշվետվությունը գտնվում են օրգանական կապի մեջ և հնարավորություն են տալիս հանրության և որ ամենակարևորն է տվյալ մարմինը ձևավորած և առաջնային մանդատով օժտված Ազգային ժողովին գնահատելու Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, որը կարևոր ուղենիշ է նաև Հանձնաժողովի անդամների աշխատանքը գնահատելու համար։ Չի ընդունվել Հանձնաժողովի կողմից իրականացվող գործունեությունը մեծ մասամբ անկանխատեսելի է, քանի որ կախված տնտեսական մրցակցության ոլորտում առկա իրավախախտումների քանակից և բնույթից, ուստի Հանձնաժողովի գործունեության ծրագիրը չի կարող արտացոլել հաջորդ տարվա ողջ գործունեությունը։
14 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանելով ոլորտային ուսումնասիրությամբ պարզման ենթակա հանգամանքների շրջանակը՝ չի բացահայտում, թե արդյոք ոլորտային ուսումնասիրության արդյունքներով վերհանվելու են գերիշխող դիրք ունեցող սուբյեկտները, թե պարզապես ֆիքսվելու են դրանց մասնաբաժինները՝ առանց դրանք շուկայի կենտրոնացվածության աստիճանի հետ համադրելու և արդյունքում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներին վեր հանելու։ Չի ընդունվել Բարձացված հարցադրումները կարող են կարգավորել Հանձնաժողովի կողմից ընդունվող ուղեցույցի շրջանակներում ։
15 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծի 55-րդ հոդվածի 3-րդ մասն առերևույթ հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 5-րդ հոդվածին, քանի որ նախատեսում է դիմումի վերադարձ ձևական պահանջների չպահպանման համար (օրինակ՝ դիմումին կցվող նյութերի ցանկը չնշելու դեպքում), բացի այդ Նախագծի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի համադրված վերլուծության արդյունքում առկա է նաև հայեցողական լիազորությունները չարաշահելու վտանգ։ Չի ընդունվել Եզրակացությունների տրամադրումը չի հանդիսանում վարչական վարութ: Բացի այդ, տվյալ դեպքում առկա է ոչ թե հակասություն, այլ ընդհանուր կանոնրից տարբերվող հատուկ կանոնի նախատեսում:
16 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծի 56-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նախքան եզրակացություն տրամադրելը Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դիմումատուին, պետական մարմինների և այլ սուբյեկտների՝ եզրակացություն տրամադրելու համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու պահանջով, ինչպես նաև ստանալու դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև դիմումատուին կամ այլ անձանց հրավիրել Հանձնաժողովի նիստի կամ աշխատանքային քննարկման։ Նշված ձևակերպումից միանշանակ պարզ չէ, թե արդյոք այն վերաբերում է ինչպես դիմումի հիման վրա ընթացակարգ սկսելուն, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությանը։ Եթե այս կարգավորումը վերաբերում է նաև Հանձնաժողովի նախաձեռնությանը, ապա սուբյեկտների վրա դրվում է անհամաչափ պարտականություն՝ իր բացասական հետևանքներով, այն դեպքում, երբ Հանձնաժողովի նախաձեռնությամբ եզրակացության տրամադրումը չի հանդիսանում հանրային այնպիսի բարիք կամ ուղղված չէ նման բարիքի պաշտպանությանը, որով կարելի է հիմնավորել սուբյեկտներին նման պարտականություններով ծանրաբեռնելը և ենթադրաբար տեղեկատվություն չտրամադրելու համար պատասխանատվության ենթարկելը։ Ընդունվել է ի գիտություն Հանձնաժողովը իր նախաձեռնությամբ եզրակացություն տալիս է միայն նորմատիվ իրավական ակտի նախագծի տնտեսական մրցակցության պաշտպանությանը վերաբերող հարցերի վերաբերյալ, ինչի պարագայում տնտեսվարող սուբյեկտների վրա դրվելիք պարտականությունը համաչափ է և ուղղված է իրենց գործունեության ոլորտում ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը:
17 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծի 57-րդ հոդվածի 1-ին մասը Նախագծի 56-րդ հոդվածի 5-րդ մասի առկայության պայմաններում Հանձնաժողովի համար ստեղծում է լայն հայեցողություն ցուցաբերելու հնարավորություն, քանի որ անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է տեղեկատվության անբավարարությամբ տալ եզրակացություն, որը պարտադիր լինի կատարման, իսկ չկատարման դեպքում առաջանան բացասական հետևանքներ։ Ընդունվել է ի գիտություն Նախագծի 56-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պահանջված տեղեկատվության բացակայության դեպքում Հանձնաժողովը եզրակացությունը տրամադրում է այդ տեղեկատվության բացակայությամբ՝ նշելով դրա նշանակությունը և ազդեցությունը քննարկվող հարցի վերաբերյալ, ինչի պարագայում եզրակացություն ստացողի համար հստակ կլինի, թե Հանձնաժողովին հայտնի չդարձած որ հանգամանքի դեպքում ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորի։
18 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Առաջարկում ենք նախագծի 59-րդ հոդվածում հստակ ամրագրել, որ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ։ Չի ընդունվել Նախագծի 59-րդ հոդվածի ձևակերպումից ակնհայտ է, որ այն չի նախատեսում երկարաձգված ժամկետը երկարաձգելու հնարավորություն։
19 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծի 68-րդ հոդվածի 2-րդ մասը իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է, բացի այդ ստեղծում է Հանձնաժողովի կողմից լայն հայեցողություն ցուցաբերելու հնարավորություն, քանի որ պարտավորեցնում է սուբյեկտին ներկայացնել ապացույցներ ապագայում որոշակի վարքագիծ դրսևորելու վերաբերյալ, ինչը շատ դեպքերում անհնար կլինի ապահովել։ Ընդունվել է ի գիտություն Նշված նորմը միայն ամրագրում է տնտեսվարող սուբյեկտի հայտարարագրած համակենտրոնացումը թույլատրելու նպատակով ապացույցներ ներկայացնելու իրավունքը։ Եթե անհնար լինի նման ապացույցներ ներկայացնելը, ապա Հանձնաժողովը չի կարող թույլատրել համակենտրոնացումը։ Հարկ է նշել, որ Նախագծի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Հանձնաժողովը համակենտրոնացումը կարող է թույլատրել պայմանով։
20 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծով ներմուծվել է լիովին նոր ինստիտուտ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ հաղորդման նախնական ուսումնասիրությունը, որն առաջին հայացքից ուղղված է վարչարարության տնտեսավարության սկզբունքի ապահովմանը, սակայն գործնականում կարող է հանգեցնել այդ սկզբունքի խախտմանը և բացի այդ հանգեցնել անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակման։ Այսպես, Նախագծի 75-րդ հոդվածի 1-ին մասը նախնական ուսումնասիրության համար սահմանում է մեկամսյա ժամկետ՝ այդ ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու հնարավորությամբ (այստեղ արդիական է սույն կարծիքի 18-րդ կետում արտահայտված դիրքորոշումը)։ Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Հանձնաժողովը նախնական ուսումնասիրության շրջանակներում կարող է իրացնել իր ողջ գործիքակազմը՝ ստուգում, ուսումնասիրություն, հսկիչ գնում, դիտանցում, մշտադիտարկում, լսումներ և այլն։ Ստացվում է, որ Հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու հիմքերը ստուգելու նպատակով փաստացի հարուցում է վարչական վարույթ, չնայած այն հանգամանքին, որ Նախագծով ուղղակիորեն այդ մասին նշված չէ։ Արդյունքում ստացվում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթը փաստացի կարող է տևել ոչ թե առավելագույնը վեց ամիս, այլ՝ ութ ամիս։ Բացի այդ, հարց է առաջանում, թե ինչու՞ պետք է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթը տևի երեք ամիս, եթե դրան նախորդող նախնական ուսումնասիրության ընթացքում կատարվելու են վարչարարական գործողություններ, որոնք հատուկ են վարչական իրավախախտման վերաբերյալ վարչական վարույթին, ի՞նչ գործողություններ պետք է կատարվեն այդ երեք ամսում։ Արդյո՞ք,Հանձնաժողովը կարող է նախնական ուսումնասիրության ընթացում կատարված գործողությունները կրկնել վարչական իրավախախտման վարույթի ժամանակ և ինչպե՞ս է դա ապահովելու տնտեսավարության սկզբունքի իրացումը։ Բացի այդ, Հանձնաժողովը նախնական ուսումնասիրության արդյունքներով կարող է ընդունել դիմումը վերահասցեագրելու վերաբերյալ որոշում, ընդ որում այդ որոշումը կարող է ընդունվել մեկ ամիս հետո, քանի որ Նախագծով այդ որոշման ընդունման հատուկ ժամկետ նախատեսված չէ։ Նման պայմաններում, կարող է ստեղծվել իրավիճակ, երբ նախնական ուսումնասիրության արդյունքներով կայացվի հաղորդումը վերահասցեագրելու վերաբերյալ որոշում, սակայն համապատասխան վարչական մարմնի իրավասության տիրույթում քննարկման ենթակա իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինեն նախնական ուսումնասիրությունն իրականացնելու մեկամսյա ժամկետի ընթացքում։ Հենց այդ նկատառումներից ելնելով էլ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը դիմումը վերահասցեագրելու համար սահմանում է ընդամենը եռօրյա ժամկետ։ Գտնում ենք, որ նախնական ուսումնասիրություն իրականացնելու Հանձնաժողովի իրավասությունը ենթակա է էական վերափոխման վարչարարության տնտեսավարության, անձանց իրավունքների երաշխավորման, նույն արդյունքին միտված մի քանի վարույթներ չհարուցելու, Հանձնաժողովի հայեցողական լիազորության համաչափ իրականացման տեսանկյունից։ Ընդունվել է մասնակի Հաղորդման հիման վրա կատարվող նախնական ուսումնասիրության նպատակն է պարզել, թե Նախագծի 75-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որ որոշումն ենթակա ընդունման Հանձնաժողովի կողմից, ուստի այդ փուլում կատարվող գործողություններն ուղղված են միայն այդ նպատակին, ինչին հասնելու համար հնարավոր է, որ անհրաժեշտ լինի կատարել նշված գործողություններից յուրաքանչյուրը, որոնց մի մասի կատարումը՝ կախված նաև դրանց ծավալից, կարող է պահանջել տևական ժամանակ` ընդհուպ մինչև մեկ ամիս: Իսկ վարույթ հարուցելուց հետո կատարվող գործողություններն ուղղված են իրավախախտման առկայության, դրա բոլոր հանգամանքների պարզմանը։ Դիմումը վերահասցեագրելու մասով Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։
21 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 Նախագծի 89-րդ հոդվածով սահմանվող տուգանքի չափերից շատերն ունեն անհասկանալի ծագում և ստեղծում են առնվազն իրավական որոշակիության և համաչափության տեսանկյունից դրանց սահմանադրականությունը վիճարկելու հնարավորություն։ Խոսքը վերաբերում է Նախագծի 89-րդ հոդվածի 11-րդ, 13-րդ և 16-րդ մասերին։ Նախ, անհասկանալի է, թե ինչպես պետք է հասկանալ «առավել խիստ տուգանքի չափ» ձևակերպումը, եթե նշանակվող տուգանքները սահմանված են հասույթի նկատմամբ տոկոսով, երկրորդ՝ անհասկանալի է, թե ի՞նչ չափանիշով են նույնացվում օրինակ հակամրցակցային համաձայնությունները և դրանց քննության շրջանակներում թերի տեղեկատվություն տալու իրավախախտումները։ Այս մեթոդաբանության մասին ևս հիմնավորումներում ոչ մի խոսք չկա։ Ընդունվել է ի գիտություն «Առավել խիստ տուգանքի չափ» ձևակերպումը ենթադրում է այն իրավախախտման համար նախատեսված տուգանքի առավելագույն չափը, որի տոկոսն ավելի բարձր է։ Հիմնավորումներում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
22 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 3-րդ հոդվածում «տնտեսական գործունեության» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «արգելված» բառը։ Ընդունվել է Կատարվել են համապատասխան փոփոխություններ:
23 "Լեգատուս" ՍՊԸ 04.06.2020 20:16:20 «Իրավաբանական անձանց գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համատեքստում առաջարկում ենք քննարկել հիշյալ օրենքի 31-րդ հոդվածի 3-4-րդ մասերը, 36․2-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, 51-րդ հոդվածի 2-րդ մասը փոփոխելու հարցը՝ հաշվի առնելով գերիշխող դիրք վերաբերյալ Նախագծում նախատեսվող կարգավորումները։ Ընդունվել է Կատարվել են համապատասխան փոփոպություններ:
24 «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 21:23:47 Օրենքի նախագծի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ապրանքների տեսակները, տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողով տեղեկատվության տրամադրման և մշտադիտարկման իրականացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: Գտնում ենք, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրականա ակտով վարչական մարմնի լիազորություններ սահմանելը վիճելի է, այդպիսի կարգավորումները պետք է նախատեսվեն միայն օրենքով, ավելին, վիճելի է նաև Հանձնաժողովի կողմից ենթաօրենսդրական ակտերի ընդունման լիազորությունների շրջանակի մեծացումը, որը նույնպես չհիմնավորված է: Ընդունվել է ի գիտություն Սահմանադրության 122-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ինքնավար մարմիններին օրենքով կարող է վերապահվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն:
25 «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 21:26:20 Բազմաթիվ իրավապաշտպանների, իրավաբանների, մասնագետների և փաստաբանների կողմից արձանագրվել է ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթի ժամկետի անսահամանափակ լինելը, հիմնավորվել է, որ դա իրավական անորոշություն առաջացնող է: Սույն նախագծով նույնպես առկա է նույն խնդիրը, մասնավորապես կասեցման ժամանակահատվածը անսահմանափակ է և կարող է տևել տարիներ, իսկ վարչական վարույթի ժամկետը կարող է անսահամափակ երկարաձգվել 30-օրյա ժամկետով, դա իրավական որոշակիության խախտում է և կարող է հանգեցնել Հանձնաժողովի կողմից կամայական վարքագծի: Ընդունվել է ի գիտություն Նախագծի 59-րդ հոդվածի ձևակերպումից ակնհայտ է, որ այն չի նախատեսում երկարաձգված ժամկետը երկարաձգելու հնարավորություն։