Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց ժամանակավոր կալանավորման ինստիտուտը կարևոր երաշխիք է օտարերկրյա պետության տարածքում հանցագործություն կատարած և ՀՀ-ում ձերբակալված անձանց հանձնման գործընթացը պատշաճորեն ապահովելու, իսկ միջազգային պայմանագրերով նախատեսված՝ հանձնումը բացառող հանգամանքերի առկայության դեպքում ՀՀ-ում անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար:

 Մինչ 2012 թվականը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) բացակայում էին հիշյալ ինստիտուտը կարգավորող օրենսդրական դրույթները: 2012 թվականին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ՀՕ-42-Ն օրենքով կատարված լրացմամբ նախ՝ տրվեցին «ժամանակավոր կալանավորում» և «հանձնման համար կալանավորում» ինստիտուտների սահմանումները, ապա՝ նաև Օրենսգրքի 54-րդ գլուխը (Քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերին համապատասխան) լրացվեց 478.1 - 478.4 հոդվածներով:

Այսպես՝ Օրենսգրքի 478.2 հոդվածի համաձայն՝

  1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչև 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով՝ հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով: Եթե հանձնելու վերաբերյալ միջնորդությունը չի ստացվել ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում, կամ Հայաստանի Հանրապետության դատարանը մերժել է հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությունը, կամ պարզվել են հանձնումը բացառող հանգամանքները, ապա անձը ենթակա է ազատման: Հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ժամանակին չներկայացնելու հիմքով անձին ժամանակավոր կալանավորումից ազատելը չի խոչընդոտում հետագայում նրա նկատմամբ հանձնելու համար կալանավորման կիրառմանը:
  2. Մինչև անձին հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալը օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը կարող է հանձնվել փոստով, այդ թվում՝ էլեկտրոնային կամ հեռագրով կամ տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաև Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլի) կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը:
  3. Դատախազն անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնում է ձերբակալման վայրի դատարան: Միջնորդությանը կցվում են ձերբակալման արձանագրության պատճենը, օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ որոշումը կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերից մեկը և ձերբակալվածի անձը հաստատող փաստաթղթերը:
  4. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
  5. Միջնորդության քննարկման արդյունքների մասին դատախազը, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, անհապաղ տեղյակ է պահում օտարերկրյա պետության իրավասու մարմնին:

 Փաստորեն, օրենսդիրը ժամանակավոր կալանավորման կիրառման միջնորդության քննության արդյունքներով կայացվող երկու՝ միջնորդությունը բավարարելու ու ժամանակավոր կալանավորում կիրառելու և միջնորդությունը մերժելու մասին որոշումներից հնարավորություն է տալիս վերաքննության կարգով  բողոքարկել միայն ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին որոշումը, իսկ միջնորդության քննության արդյունքում կայացված մյուս՝ միջնորդությունը մերժելու մասին որոշումն առկա օրենսդրական կարգավորման պայմաններում ենթակա չէ բողոքարկման:

 Հստակ իրավական մեխանիզմները կալանքի վերցված անձին թույլ են տալիս բողոքարկել դատարանի կողմից կայացված՝ իր նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին որոշումը, մինչդեռ, մյուս կողմը՝ դատախազը, որը ժամանակավոր կալանավորման կիրառման միջնորդությունը դատարան ներկայացնող և դրա հիմնավորվածության համար պատասխանատու սուբյեկտն է, միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացվելու պարագայում զրկվում է իր դիրքորոշումը վերաքննիչ դատարանում ներկայացնելու հնարավորությունից, ինչը առաջին ատյանի դատարանի թույլ տված դատական սխալի և ժամանակավոր կալանավորման հիմքերի առկայության պայմաններում կարող է հանգեցնել հանձնման ենթակա անձի ազատության մեջ հայտնվելուն: Նման պայմաններում դատախազությունը, փաստորեն, զրկվում է անձի իրավական վիճակի վրա էապես ազդող դատական ակտը բողոքարկելու իր սահմանադրական լիազորությունը լիարժեք իրացնելու հնարավորությունից: Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանը խնդրո առարկա դրույթի սահմանադրականության վիճարկման գործի (2019 թվականի փետրվարի 19-ի ՍԴՈ-1446 որոշում) շրջանակներում ևս իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ դատախազությունը դատարանի կայացրած դատական ակտերը բողոքարկելու իր սահմանադրական լիազորությունը կարող է իրացնել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, իսկ ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու հանրավորություն օրենքը չի նախատեսում, հետևաբար, հիշյալ որոշումը դասվում է չբողոքարկվող միջանկյալ դատական ակտերի շարքին:

 Վերոնշյալ սահմանադրական վեճի շրջանակներում, թեպետ Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ Օրենսգրքի 478.2 հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի կողմից ևս փաստվել է, որ առկա օրենսդրական ձևակերպումների պայմաններում դատախազը զրկված է խնդրո առարկա որոշումը բողոքարկելու իրավունքից, իսկ սահմանադրաիրավական վեճի շրջանակներում օրենսդիր մարմնի ներկայացուցիչ հանդիսացող պատասխանող կողմը իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ կալանավորման կիրառումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու համապատասխան իրավունք և գործիքակազմ ամրագրված չլինելու պայմաններում առկա օրենսդրական դրույթները չեն ապահովում քրեական դատավարությունում կողմերի իրավահավասարության և դատարանի մատչելիության սկզբունքների լիարժեք իրացումը, ինչպես նաև պետության կողմից հանձնման մասին միջազգային պարտավորությունների կատարումը։

 Ընդ որում, թեպետ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ մասնակից պետությունները պարտավոր չեն ստեղծել ազատությունից զրկելու (կալանքի) օրինականությունը ստուգելու համար իրավասության երկրորդ մակարդակ[1], այդուհանդերձ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում խափանման միջոցների, ինչպես նաև հանձնման համար կալանավորման կիրառման միջնորդությունների քննության արդյունքում կայացված որոշումների բողոքարկման վերաբերյալ առկա դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը թույլատրում է դրանց բողոքարկումը վերադաս դատական ատյաններում և որևէ սահմանափակում բողոքարկման իրավունքի իրացման առումով, նախատեսված չէ: Այսինքն՝ մեր իրավական համակարգը ստեղծել է իրավասության երկրորդ մակարդակ և նման պայմաններում անհրաժեշտ է քրեական հետապնդման մարմինների համար ևս ապահովել հավասար  հնարավորություններ ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու դեպքում դատարանի կայացրած ապօրինի և չհիմնավորված որոշումները բողոքարկելու և վերադաս դատական ատյանում համապատասխան իրավական դիրքորոշում հայտնելու համար՝ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների  պատշաճ կատարումն ապահովելու և հանցանք կատարած անձի քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիության սկզբունքի իրացումն ապահովելու նպատակով:

 

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Օրենսգրքի 478.2 հոդվածի 4-րդ մասում՝ նախատեսելով, որ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշման հետ մեկտեղ բողոքարկման ենթակա է նաև միջնորդությունը մերժելու մասին որոշումը` նպատակ ունենալով ապահովել օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դատարանի կայացրած որոշումները բողոքարկելու դատախազի սահմանադրական լիազորության պատշաճ իրացումը:

 

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ լրացում կկատարվի ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքի 478.2 հոդվածի 4-րդ մասում՝ ապահովելով դատարանի կայացրած դատավճիռները, վճիռները և որոշումները բողոքարկելու՝ դատախազի սահմանադրական լիազորություն լիարժեք իրացումը՝ նպաստելով հանձնման վերաբերյալ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը, ինչպես նաև հանցանք կատարած անձանց պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի ապահովմանը:

 

[1] Navarra v. France, app. no. 13190/87, 23.11.1993

  • Обсуждалось

    06.05.2019 - 22.05.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Международные отношения, Юридическая взаипомощь, Уголовный процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6250

Принт