Добавить в избранное

Проект принят

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 1998 թվականի մայիսի     5-ին, որից հետո Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Արդյունքում Օրենքը պարունակում է մի շարք թերություններ և հակասություններ, ինչպես նաև չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային, մասնավորապես՝

 

  1. Օրենքում առկա են անհստակություններ և թերի կարգավորումներ կապված կատարողական թերթ տալու իրավասություն ունեցող դատարանների, կատարողական թերթ տալու ժամկետների, կատարողական թերթ տալու դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաև  դրանց բողոքարկման հետ: Այսպես՝
  • Օրենքի որոշ կարգավորումներից բխում է, որ եթե վերաքննիչ դատարանը կայացնի, օրինակ, դատական սանկցիա կիրառելու մասին դատական ակտ, ապա կատարողական թերթը պետք է տա առաջին ատյանի դատարանը, այն դեպքում, երբ ակտը կայացրել է վերաքննիչ դատարանը,
  • Օրենքում բացակայում է կատարողական թերթ տալու դիմումը մերժելու և առանց քննության թողնելու կառուցակարգեր,
  • 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխում է, որ արբիտրաժի վճիռների, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, օտարերկրյա դատարանների և արբիտաժի վճիռների հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու նպատակով անձի դիմումի համաձայն դատարանը կայացնում է որոշում, մինչդեռ Օրենքի 18-րդ հոդվածի վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ դատարանի որոշումը բավարար չէ կատարողական թերթ տալու համար և դատարանի որոշման առկայության պայմաններում անհրաժեշտ է կրկին դիմում ներկայացնել:
  • Օրենքով կատարողական թերթ տալը կամ կատարողական թերթ տալու դիմումը մերժելը բողոքարկելու իրավական հնարավորություն նախատեսված չէ, ինչը հակասում է Սահմանադրական դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 13-ի ՍԴՈ-1330 որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը, որի համաձայն՝ կատարողական թերթը կազմում է դատական ակտի օրգանական մասը, հետևաբար` այն ենթարկվում է գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրենքով նախատեսված բողոքարկման ընդհանուր կանոնին:

 

  1. Օրենքում բացակայում են կատարողական թերթով նախատեսված պարտավորությունը կամովին կատարելու և անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը խրախուսելու մեխանիզմները:
  2. Օրենքը հարկադիր կատարողի կողմից ընդունված որոշումների և ծանուցումների ուղարկման և հանձնման հետ կապված հարաբերությունների կարգավորման համար հղում է կատարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, որում առկա նոր մոտեցումները անհրաժեշտ է ներդնել կատարողական վարույթում:
  3. Օրենքը ներկայումս չի նախատեսում կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու համար պարտապանին կամ այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու հնարավորություն:
  4. Օրենքը չի ապահովում պարտատիրոջ պահանջների բավարարման լիարժեք մեխանիզմ: Այսպես՝
  • գործնականում դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացում առաջանում են իրավիճակներ, երբ կատարողական վարույթի ընթացքում պարտապանը միջոցներ չի ձեռնարկում իրեն փաստացի պատկանող (օրինակ՝ ժառանգության իրավունքի վկայագրի, դատական ակտի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա) և իր անունով գրանցման ենթակա գույքային իրավունքը գրանցելու ուղղությամբ՝ վճռով իր վրա դրված պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով,
  • Օրենքը չի սահմանում գույք կամ գույքային իրավունք ձեռք բերելու դեպքում նոր հայտարարագիր ներկայացնելու պարտականություն:
  1. Օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածների կարգավորումից բխում է, որ պարտապանի բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է ավարտել կատարողական վարույթը, մինչդեռ գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ պարտապանի ներկայության անհրաժեշությունն ընդհանրապես բացակայում է կատարողական գործողություններ իրականացնելու համար (օրինակ՝ պարտապանի բանկային հաշվին առկա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելիս), սակայն, փաստորեն, նրա բացակայության պայմաններում հարկադիր կատարողը կարող է ավարտել կատարողական վարույթը:
  2. Օրենքըպարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել մուտք գործելու հնարավորություն նախատեսելու պարագայում չի կարգավորում պարտապանի բացակայության, համաձայնություն չտալու կամ այլ կերպ հարկադիր կատարողի՝ բնակարան մուտք գործելը խոչընդոտելու դեպքում ձեռնարկվող միջոցների հարցը:
  3. Գրավով ապահովված պարտավորության կատարման ընթացքում գրավի առարկայի անբավարարության կամ գրավի առարկան չհայտնաբերելու դեպքում հարկադիր կատարողը չի կարող բռնագանձում տարածել պարտապանի այլ գույքի վրա, քանի որ կատարողական թերթում դրա մասին նշված չի լինում:
  4. Օրենքը նախատեսում է միայն հարկադիր աճուրդով օտարված բնակարանի, բնակելի տան և այլ շինության նոր սեփականատիրոջ պահանջով բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, վտարելու հնարավորություն:
  5. Օրենքով սահմանված կարգավորումների համաձայն՝ դատարանը կատարողական թերթը հարկադիր կատարողին ուղարկում է էլեկտրոնային եղանակով, սակայն հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումները դատարանին էլեկտրոնային եղանակով տրամադրելու մասին դրույթներ նախատեսված չեն:
  6. Օրենքի 44.1-ին հոդվածում ներառված չեն պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում պարտապանի դրամական միջոցների վրա նախկինում պարտավորության ողջ ծավալով դրված արգելանքը հանելու կառուցակարգեր:
  7. Օրենքում առկա են նաև վերոնշյալ և այլ կարգավորումներ հետ փոխկապակցված մի շարք խնդիրներ ևս:

          Վերոշարադրյալը վկայում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)՝

  • կարգավորվել են կատարողական թերթ տալու կարգի, կատարողական թերթ տալու ժամկետների, կատարողական թերթ տալու դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաև  դրանց բողոքարկման հետ կապված հարցերը.
  • նախատեսվել է դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու հնարավորություն.
  • նախատեսվել է կատարողական թերթը դատական ակտի կատարված մասով մերժելու և չմերժված մասով տրամադրելու հնարավորություն.
  • հստակեցվել են հարկադիր կատարման փուլում որոշումների ուղարկման և ծանուցման ընթացակարգերը.
  • նախատեսվել է գրավի առարկան հայտնաբերելու անհնարինության դեպքում պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորություն միայն կատարողական թերթում այդ մասին նշված լինելու դեպքում.
  • սահմանվել է պարտապան-ֆիզիկական անձի դեպքում մինչև 100 000 դրամ բռնագանձման ենթակա գումարի պահանջով հարուցված կատարողական վարույթով գույքագրում չիրականացնելու մասին դրույթ, բացառությամբ այն դեպքերի, երբ Օրենքով սահմանված հարցումների արդյունքում պարտապանին պատկանող գույք չի հայտնաբերվել կամ հայտնաբերված գույքը բավարար չէ պարտավորությունների կատարման համար.
  • ներդրվել են պարտատիրոջ պահանջների բավարարումն ապահովող մեխանիզմներ՝ 100 000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա գումարով կատարողական վարույթ հարուցելու դեպքում հայտարարագիր, ինչպես նաև գույք կամ գույքային իրավունք ձեռք բերելու դեպքում նոր հայտարարագիր ներկայացնելու պարտականություն է սահմանվել.
  • նախատեսվել է, որ պարտապան-իրավաբանական անձի կամ նրա լիազորված անձի հետախուզումը ևս հայտարարվում է միայն այն դեպքում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական վարույթի իրականացումը.
  • ամրագրվել է հարկադիր կատարողի կողմից պարտապանին պատկանող շինություն ընթերակաների պարտադիր մասնակցությամբ մուտք գործելու պարտականություն.
  • սահմանվել է, որ վտարումն իրականացվում է նաև այն դեպքում, երբ երկրորդ կամ հետագա աճուրդները չկայանալու արդյունքում գույքը հանձնվել է պարտատիրոջը.
  • ամրագրվել են միջանկյալ դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթերով հարուցված վարույթներով հարկադիր կատարողի որոշումները էլեկտրոնային եղանակով դատարանին ներկայացնելու վերաբերյալ կարգավորումներ.
  • սահմանվել է դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը հայցագնի չափը գերազանցելու, ինչպես նաև պարտավորությունը մասնակի կատարելու դեպքերում արգելանքը մասնակի հանելու հնարավորություն.
  • «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով լրացվել են կատարողական մակագրության թերթ տալու պայմանները.
  • «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվել են հարկադիր էլեկտրոնային աճուրդի և տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գնի հետ կապված խնդիրները.
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է վարչական ակտով սահմանված դրամական միջոցների հարկադիր կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն.
  • «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է կատարողական թերթի պատճենը տրամադրելու համար պետական տուրքի չափը.
  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով որպես պետական գրանցման վարույթի հարուցման հիմք նախատեսվել է պարտավորեցման հայցով կայացված վճռի հիման վրա տրված կատարողական թերթ ստանալու մասին դիմումի պատճենը:

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարողական վարույթի արդյունավետության բարձրացում, այդ թվում՝ կատարողական թերթ տալու կարգի և ժամկետների հստակեցում, պարտապանին պատկանող գույ­­քի հայտնաբերման, պարտապանին պատ­կա­նող գույքի հայտարարա­գրման, չգրանցված իրավունք­նե­րի գրանցման և դատական ակ­տերի կամավոր կատար­ման խթանման գործիքակազ­մի ներդնում:

  • Обсуждалось

    09.10.2018 - 25.10.2018

  • Тип

    Закон

  • Область

    Принудительное исполнение судебных актов

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9540

Принт

Предложения

Միհրան Մինասյան

25.10.2018

Առաջարկություն 11-րդ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 53 հոդվածի և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն աճուրդի կարգով վաճառվող անշարժ գույքը գնահատվում է փորձագետի կողմից։ Անհրաժեշտ է ստեղծել կարգ որի համաձայն հարկադիր կատարողի որոշմամբ պարտադիր կլինի անշարժ գույքը գնահատել առաջին հերթին որպես օգտագործող չունեցող ազատ անշարժ գույք իսկ երկրորդ հերթին որպես առանց պայմանագրի կամ պայմանագրի հիմքով օգտագործվող անշարժ գույք; Տվյալ կարգի շնորհիվ պարզ կլինի թե առանց պայմանագրի օգտագործող պարտապան սեփականատերը կամ ապօրինի օգտագործողը ինչ չափի վնաս է հասցնում ։ Հետևաբար հարկադիր կատարողը նախքան անշարժ գույքի վաճառքը հիմք կունենա (կամ պարտավորված կլինի) իր որոշմամբ վտարելու (առանց պայմանագրի) օգտագործողին որպեսզի կարողանա պատշաճ կերպով կատարել կատարողական թերթի պահանջը։

Միհրան Մինասյան

24.10.2018

Առաջարկություն 10-րդ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի դրույթներում վտարման վերաբերյալ օգտագործվող շինություններ բառակապակցությունը պետք է փոխարինել ամշարժ գույք բառակապակցությամբ , քանի որ վտարումը կարող է կատարվել նաև հողատարածքը վտարվող պարտապանի շարժական գույքից ազատելու համար։

Միհրան Մինասյան

24.10.2018

Առաջարկություն 9-րդ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 64,1-րդ հոդվածով ներկայացված է աճուրդի ներկայացված շինություններից վտարում կատարելու դրույթը։ Անհրաժեշտ է օրենքով հստակեցնել այն հարցը թե՝ հարկադիր կատարողը աճուրդի վաճառքից ստացած գումարը երբ է հանձնելու պահանջատիրոջը ? վտարումից առաջ թե վտարումից հետո։ Պետք է հաշվի առնել, որ աճուրդի կարգով գնորդ կողմը իրավունք ունի պահանջել իր մուծած ամբողջ գումարի վերադարձը կամ պահանջել փոխհատուցում, եթե հարկադիր կատարողը անշարժ գույքը հանձնվում է իրեն վնասված վիճակում։ Անհրաժեշտ է պարզել թե աճուրդի ներկայացված անշարժ գույքի վաճառքից հետո վտարումը համարվում է կատարողական վարույթի շրջանակում կատարված գործողություն թե ոչ ? ։ Հարկադիր կատարողը կարող է թե ոչ նախքան վտարումը կարճել կատարողական վարույթը պատճառաբանելով որ կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված ? համաձայն օրենքի 42 հոդ-ի 1-ին կետի 1-ին ենթակետի։ Անհարժեշտ է մատնանշել թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 568 հոդ-ի կանոնները //Անշարժ գույքը հանձնելը// կիրառվում են թե ոչ, իսկ եթե կիրառվում են ապա հարկադիր կատարողը ինչ պատասխանատվություն է կրելու եթե աճուրդով վաճառված անշարժ գույքը վնասված կամ ձևափոխված վիճակում է հանձնվում գնորդին ? Ինչու օրենքը հարկադիր կատարողին չի պարտադրում կատարելու տեսաձայնագրություն և վտարվողին պատասխանատվության ենթարկելու ավելի հստակ մեխանիզմներ, եթե վերջինս վնասում է կամ սպառնում է վնասել աճուրդի դրված անշարժ գույքը ինքնիրավչության նպատակով ?

Узнать больше