ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) 2025 թվականի մարտի 17-ից ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը (այսուհետ՝ Գնահատման համակարգ), որն ամբողջ հանրապետությունում կներդրվի 2026 թվականին հուլիսի 1-ից։
Նշված մարզերում համակարգի փորձնական կիրառման արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնք առաջացրել են Որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն։ Առաջարկվող փոփոխությունները միտված են Գնահատման համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացմանը։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Գնահատման համակարգի ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում փորձնական ներդրման արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝
1. Որոշմամբ վերագրում կատարվում է այն դեպքերում, երբ ընտանիքի անդամը 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող անձ է։ Գործնականում շատ են դեպքերը, երբ անձը հանդիսանում է ուսանող, սակայն չի ներառվում նշված տարիքային խմբում, որի դեպքում նույնպես կատարվում է վերագրում,
2. Գնահատման համակարգով ընտանիքի եկամտի կազմի մեջ ներառվում են նաև ամսական պարբերականությամբ որպես սոցիալական աջակցություն (առնվազն երկու ամիս անընդմեջ) տրամադրվող բոլոր դրամական միջոցները՝ անկախ դրանց տրամադրման հիմքից,
3. Գնահատման համակարգի փորձնական կիրառման արդյունքում ի հայտ են եկել դեպքեր, երբ անձի որոշակի կարգավիճակով պայմանավորված՝ վերագրման օբյեկտիվ հանգամանքները բացակայում են (օրինակ՝ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված շարքային կազմի ժամկետային զինծառայող կամ քրեակատարողական հիմնարկում պատժի կրումից ազատված անձ լինելու հանգամանով պայմանավորված),
4.Ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել դեպքեր, երբ ընտանիքում առկա է եղել կենցաղավարման կամ ծնողավարման հմտություններով պայմանավորված խնդիրներ, օրինակ՝ երեխաների խնամքի, դաստիարակության, ընտանիքի կենցաղավարման, որն իր հերթին բացասական է անդրադառնում ընտանիքի սոցիալական վիճակի վրա,
5.Որոշման շրջանակներում կիրառվող բացառող գործոնների մեջ մերժված դիմումների ամենաբարձր տոկոսը կազմում են անշարժ գույքի առկայության դեպքում սահմանված գույքահարկի չափը գերազանցելու հիմքով մերժումները՝ շուրջ 32 %, իսկ ընդհանուր դիմումների մեջ այս բացառող գործոնների մերժումների թիվը կազմում է 9%,
6.Որոշմամբ սահմանված բացառող գործոնների թվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը, մասնավորապես, եթե ընտանիքի անդամը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, ում վարձու աշխատողներից առնվազն մեկը չի հանդիսանում ընտանիքի անդամ կամ ընտանիքի որևէ անդամը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված որևէ առևտրային կազմակերպության հիմնադիր։ Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ տվյալ բացառող գործոնը կիրառվել է այն ընտանիքների համար, որոնք հանդիսացել են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության անդամ, որի արդյունքում անապահովության հիմքով տրամադրվող աջակցությունները մերժվում են,
7. Որոշման շրջանակներում կիրառվող բացառող գործոնների հիմքով մերժումների վերլուծությամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման սահմանաչափերը գերազանցելու հանգամանքի դեպքում կիրառվող բանաձևերը՝ դրանք կիրառելով ոչ թե դիմելուն նախորդող, այլ հաջորդող ամիսների համար,
8.Վարկային պարտավորությունների գծով ամսական մարման չափն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքը գերազանցելու հանգամանքի դեպքերով մերժված դիմումների մեջ կազմում է 27%, իսկ ընդհանուր դիմումների մեջ այս բացառող գործոնների մերժումների թիվը կազմում է 8%,
9.Գործող կարգավորումներով բացառող գործոն է նաև այն դեպքը, երբ ընտանիքի անդամի կողմից կնքված երաշխավորության պայմանագրի գումարը գերազանցում է 100 000 ՀՀ դրամը կամ համարժեք արժույթը։ Գործնականում հանդիպող դեպքերի մեծ մասում ընտանիքների մեծ մասը հանդիսացել է երաշխավոր, սակայն ուղղակի կապ չեն ունեցել վարկի գումարի հետ և այս բացառող գործոնով դուրս են մնում Գնահատման համակարգից։ Շեմի վերանայման դեպքում հնարավորություն կտրվի մեղմացնել բացառող գործոնի ազդեցությունն այս դեպքերի համար, հաշվի առնելով նաև այս հիմքով մերժված դիմումների տոկոսը, որը բացառող գործոնների մեջ մերժված դիմումների մեջ կազմում է 20%, իսկ ընդհանուր դիմումների մեջ այս բացառող գործոնների մերժումների թիվը կազմում է 6%,
10.Որոշմամբ բացառող գործոն է դիտարկվում նաև ընտանիքի անդամների ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) համաձայն՝ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքի եռապատիկը գերազանցելու հանգամանքը, որի մեջ ներառվում են նաև անապահովության հիմքով տրամադրվող նպաստները և պետական բյուջեից ստացվող կուտակային հատկացումների լրացուցիչ միջոցները,
11.Գործող կարգով գնահատման համակարգում ինքնաշխատ եղանակով ընդունված որոշումները վերադասության կարգով բողոքարկելու հնարավորությունն առկա է միայն անհատական օգտահաշվի միջոցով, որտեղ բացակայում է հնարավորությունը դիմողի կողմից ներկայացնելու համապատասխան իրավասու մարմնի կողմից տրամադրված՝ բացառող գործոնը չկիրառելու հիմք հանդիսացող տեղեկանք։ Վերոնշյալից բացի՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգն՝ ապահովելով վարչարարությամբ սահմանված գործընթացների սահուն ընթացքը,
12.Գնահատման համակարգի շրջանակներում ընտանիքի կեցության պայմաններն ուսումնասիրվում են Որոշմամբ սահմանված՝ տնայցի ընթացքում «Ընտանիքի կեցության պայմանների գնահատման գործիք»-ի միջոցով, որի կիրառման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել դիտարկել կեցության պայմանների ուսումնասիրության ժամանակ Գնահատող մասնագետի կողմից ըստ անհրաժեշտության նշումներ կատարելու հնարավորությունը, որը կարող է հիմք հանդիսանալ սոցիալական դեպք բացելու համար կամ անապահովության գնահատման համար ներկայացված տվյալների (փաստաթղթերի) հավաստիությունն ուսումնասիրելու՝ Որոշմամբ նախատեսված ավելի վճարված գումարները վերադարձնելու գործընթաց կազմակերպելու համար,
13. այլ խնդիրներ կամ կարգավորման ենթակա այլ դրույթներ:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Նախագծով առաջարկվում է՝
1) ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության փոփոխության դեպքում՝ մինչև 18 տարեկան անձանց թվի ավելացման և ընտանիքի անդամի մահվան դեպքերի ժամանակ դիմողի կողմից որևէ փոփոխություն անելու անհրաժեշտությունը հանել՝ տվյալների ինքնաշխատ ստացման հնարավորությամբ պայմանավորված,
2) սահմանված 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող անձ սոցիալական խմբի դեպքում հանել տարիքային սահմանափակումը՝ նախնական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ սովորող անձանց համար,
3) «Պետական տուրքի մասին» օրենքի 19․7-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումների իրականացումից ստացվող կանխիկ և անկանխիկ վճարումները, դիտարկել որպես եկամուտ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գնահատման համակարգի տրամաբանությունը եկամտային հիմքով ծայրահեղ աղքատության գնահատումն է, ուստի դիմողի հնարավոր եկամուտների ստուգումը հնարավորություն է տալիս բարձրացնել նոր համակարգի հասցեականությունը և արդյունավետությունը,
4) ընտանիքի եկամտի կազմի մեջ դիտարկել նաև ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող նպաստը,
5) ընտանիքի եկամտի կազմի մեջ ներառվող պարբերական սոցիալական աջակցություն հանդիսացող դրամական միջոցների դեպքում սահմանել բացառություն՝ դրանց կազմում չդիտարկելով ընտանիքին անապահովության հիմքով տրամադրվող նպաստները,
6) ուժը կորցրած ճանաչել Որոշման այն դրույթները, որոնք չեն գործում կամ որոնց կիրառման անհրաժեշտությունը բացակայում է,
7) եկամտի վերագրում չկատարել նախնական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ սովորող անձանց, ինչպես նաև՝ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված շարքային կազմի ժամկետային զինծառայողների, քրեակատարողական հիմնարկում պատժի կրումից ազատված անձանց համար վերադառնալու օրվա դրությամբ մինչև 6 ամիս լրանալը,
8) եկամտի վերագրում կատարել (անապահովության գնահատման ամսից) նաև այն դեպքում, երբ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամը հրաժարվել է օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկված կենցաղավարման կամ ծնողավարման հմտություններ ձեռք բերելու համար նախատեսված դասընթացներին մասնակցելուց կամ այդ դասընթացներն անցնելուց հետո հմտություններ ձեռք չի բերել: Ընդ որում ընտանիքի տվյալ անդամի համար եկամտի վերագրում կատարված լինելու դեպքում՝ կատարվում է եկամտի ևս մեկ վերագրում: Ընդ որում այս դրույթն առաջարկվում է կիրառել 2027 թվականի հուլիսի 1-ից,
9) անշարժ գույքի առկայության դեպքում սահմանված բացառող գործոնի մասով ներկայիս սահմանված գույքահարկերի չափերն ավելացնել 25 տոկոսով,
10) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքի առկայության դեպքում բացառող գործոն դիտարկել միայն շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կազմակերպություններին, բացառություն՝ երբ անապահովության գնահատման ժամանակահատվածին նախորդող երկու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության իրացման շրջանառությունը չի գերազանցել 1 դրամը կամ անձը անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվում է մինչև 12 ամիս ժամկետով,
11) բացառող գործոններից՝ տվյալ տարվա ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի սպառման սահմանաչափը գերազանցելու հանգամանքի դեպքում կիրառվող հաշվարկման բանաձևում կատարել փոփոխություն՝ w = 90 կՎտ.ժամ + 20 կՎտ.ժամ x n-ի փոխարեն դիտարկել ընտանիքի կողմից հաջորդ ամսվա ընթացքում 2200 և ավելի կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի սպառման հանգամանքը, որը Գնահատման համակարգում հաշվի է առնվում անապահովության գնահատման համար դիմում ներկայացնելուն ամսվան հաջորդող ամսվանից,
12) բացառող գործոններից՝ նախորդող 12 ամիսների ընթացքում ընտանիքի կողմից բնական գազի սպառման միջին ամսական սահմանաչափը գերազանցելու հանգամանքի դեպքում կիրառվող հաշվարկման բանաձևում կատարել փոփոխություն՝ w = 600 խոր․մ․ + 110 խոր․մ․ x n, փոխարեն դիտարկել ընտանիքի կողմից հաջորդ ամսվա ընթացքում 700 և ավելի խոր․մ․ բնական գազի սպառման հանգամանքը, որը Գնահատման համակարգում հաշվի է առնվում անապահովության գնահատման համար դիմում ներկայացնելուն ամսվան հաջորդող ամսվանից,
13) բացառող գործոններից՝ վարկային պարտավորությունների գծով ամսական մարման չափն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքը գերազանցելու հանգամանքը փոխել վարկային պարտավորությունների գծով նախորդ ամսվա մարման չափն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքը գերազանցելու հանգամանքը, եթե վարկը տրամադրվել է անապահովության գնահատման ժամանակահատվածին նախորդող երեք տարիների ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ անապահովության գնահատման ժամանակահատվածին նախորդող երկու տարիների ընթացքում վարկի մարումներ չեն կատարվել կամ վարկի (բոլոր վարկերի) գումարը չի գերազանցում 10 000 000 դրամը,
14) վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով գործող երաշխավորության պայմանագրով երաշխավոր հանդիսանալու հիմքով բացառող գործոն սահմանված 100 000 ՀՀ դրամի կամ համարժեք արժույթի փոխարեն դիտարկել, եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով գործող երաշխավորության պայմանագրով երաշխավոր, եթե երաշխավորության բոլոր պայմանագրերի գումարը գերազանցում է 1 000 000 ՀՀ դրամը կամ համարժեք արժույթը և վարկը տրամադրվել է ընտանիքի անապահովության գնահատման համար դիմումը ներկայացնելուն նախորդող երեք տարիների ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ անապահովության գնահատման ժամանակահատվածին նախորդող երկու տարիների ընթացքում վարկի մարումներ չեն կատարվել,
15) բացառող գործոններից՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) համաձայն՝ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքի եռապատիկը գերազանցելու հանգամանքի դեպքում բացառություն սահմանել ընտանիքին անապահովության հիմքով տրամադրվող նպաստների և պետական բյուջեից ստացվող կուտակային հատկացումների լրացուցիչ միջոցները,
16) գնահատման համակարգում ինքնաշխատ եղանակով ընդունված որոշումները դիմողը վերադասության կարգով կարող է բողոքարկել նաև առցանց եղանակով (ներառյալ՝ անհատական օգտահաշվի միջոցով),
17) առաջարկվում է բողոքի արդյունքում Ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված գործողությունների արդյունքն արտացոլվի Գնահատման համակարգում, ընդ որում, առաջարկվում է նաև, որ բացառող գործոնների վերաբերյալ բողոքի առկայության դեպքում Դիմողը կարողանա ներկայացնել նաև համապատասխան իրավասու մարմնի կողմից տրամադրված՝ բացառող գործոնը չկիրառելու հիմք հանդիսացող տեղեկանք,
18) վերադասության կարգով բողոքները քննող՝ Ծառայության համապատասխան ստորաբաժանումը կազմակերպում է անհրաժեշտ գործողությունների իրականացումը (ուսումնասիրություն, տնայցի իրականացում, փաստաթղթերի և տվյալների համադրում և այլն), որի արդյունքում կայացված որոշումն արտացոլվում է Գնահատման համակարգում,
19) սահմանել նոր կարգավորում, որով կեցության պայմանների ուսումնասիրության ժամանակ Գնահատող մասնագետը ըստ անհրաժեշտության նշումներ կատարելու հնարավորություն կունենա, որը կարող է հիմք հանդիսանալ սոցիալական դեպք բացելու համար կամ անապահովության գնահատման համար ներկայացված տվյալների (փաստաթղթերի) հավաստիությունն ուսումնասիրելու Որոշմամբ նախատեսված ավելի վճարված գումարները վերադարձնելու գործընթաց կազմակերպելու համար.
20) իրականացնել վերը նշված իրավակարգավորումներից բխող տեխնիկական բնույթի մի շարք այլ փոփոխություններ.
21) ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, անապահովության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգի վերաբերյալ։
2. Կարգավորման առարկան
Նախագծի ընդունմամբ կարգավորվում են անապահովության գնահատման և դրա հիման վրա նպաստ կամ այլ ծառայություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է անապահովության գնահատման համակարգի հասցեականության ու արդյունավետության բարձրացում:
4. Նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունների պահանջից։ Այն է՝ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը: Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։
Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթներն ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում: Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը:
-
Продолжительность
23.04.2026 11.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
-
Test
Просмотры 87
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .