Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.                Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և առաջարկվող կարգավորման բնույթը.

Քրեակատարողական ծառայության արդյունավետությունը, անվտանգության ապահովման մակարդակը և մարդու իրավունքների ապահովման որակը անմիջականորեն պայմանավորված են ծառայողների մասնագիտական պատրաստվածությամբ, զբաղեցրած պաշտոնին համապատասխանությամբ և շարունակական զարգացման խթանմամբ։

Քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը բարելավելու և ատեստավորման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Արդարադատության նախարարի 2025 թվականի օգոստոսի 14-ի N 530-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ (այսուհետ նաև՝ Խումբ): Խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացվել են առաջարկներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են ատեստավորման կառուցվածքային և գնահատման համակարգի լավարկմանը, ֆիզիկական պատրաստականության գնահատմանը զուգահեռ նաև կրակային պատրաստականության գնահատումը, ընդհանուր զարգացվածության բաժնի թեստավորման և մասնագիտական բաժնի թեստավորման փուլերի միավորմանը և թեստերի վերանայմանը, ինչպես նաև ատեստավորման հանձնաժողովի կազմի փոփոխությանը:

Առաջարկների ամփոփման արդյունքում մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 649-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 649-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) գործող խմբագրության համաձայն՝ ատեստավորումն իրականացվում է փուլերով` հետևյալ հերթականությամբ՝

1) ֆիզիկական պատրաստականության ստուգարք.

2) ընդհանուր զարգացվածության բաժնի թեստավորում՝ թղթային եղանակով.

3) մասնագիտական բաժնի թեստավորում` թղթային եղանակով.

4) հարցազրույց (միայն գլխավոր խմբի ծառայողների համար):

Նախագծով առաջարկվում է քրեակատարողական ծառայողների ատեստավորումն իրականացնել 3 փուլով՝ հետևյալ հերթականությամբ.

1) թեստավորում՝ ընդհանուր զարգացվածության և մասնագիտական գիտելիքների ստուգում,

2) ֆիզիկական և կրակային պատրաստականության գնահատում,

3) հարցազրույց:

Ատեստավորման փուլերի հաջորդականությունը սահմանելիս ելակետ է ընդունվել այն մոտեցումը, որ ծառայողների գնահատումը պետք է իրականացվի փուլային և տրամաբանական հաջորդականությամբ՝ ապահովելով ինչպես գործընթացի օբյեկտիվությունը, այնպես էլ դրա արդյունավետ կազմակերպումը։ Այդ տրամաբանությամբ նախ նախատեսվել է իրականացնել ծառայողների գիտելիքների ստուգում, այնուհետև գնահատել նրանց ֆիզիկական և գործնական պատրաստվածությունը, իսկ վերջնական փուլում գնահատել անձնային և բարեվարքային հատկանիշները։

Թեստավորման փուլը նախատեսվում է անցկացնել որպես առաջին փուլ, քանի որ այն հնարավորություն է տալիս առավել օբյեկտիվ և ստանդարտացված եղանակով գնահատել ծառայողների ընդհանուր զարգացվածության մակարդակը և մասնագիտական գիտելիքները։ Միևնույն ժամանակ այս փուլը թույլ է տալիս նախնական ընտրություն կատարել՝ հաջորդ փուլերին մասնակցելու համար թողնելով միայն այն ծառայողներին, որոնք ապահովել են բավարար գիտելիքների մակարդակ։ Նման մոտեցումը նպաստում է նաև ատեստավորման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։

Թեստավորումից հետո նախատեսվում է անցկացնել ֆիզիկական և կրակային պատրաստականության ստուգման փուլը։ Քրեակատարողական ծառայությունը, լինելով հատուկ ծառայություն, ենթադրում է ծառայողների համապատասխան ֆիզիկական պատրաստվածություն և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գործնական կարողություններ։ Ֆիզիկական և կրակային պատրաստականության ստուգումը նպատակ ունի գնահատել ծառայողների պատրաստվածությունը ծառայության առանձնահատկություններով պայմանավորված տարբեր իրավիճակներում գործելու տեսանկյունից։ Այս փուլը նպատակահարմար է իրականացնել այն ծառայողների շրջանակում, որոնք արդեն հաղթահարել են գիտելիքների ստուգման փուլը։ Այդպիսով ապահովվում է ինչպես գործընթացի արդյունավետ կազմակերպումը, այնպես էլ ռեսուրսների նպատակային օգտագործումը։

Ատեստավորման վերջնական փուլում նախատեսվում է հարցազրույցի անցկացում, որի ընթացքում գնահատվում են ծառայողի անձնային հատկանիշները, բարեվարքությունը, հաղորդակցման հմտությունները և մասնագիտական գործունեության նկատմամբ վերաբերմունքը։ Հարցազրույցի փուլում հանձնաժողովը հնարավորություն է ստանում կատարել ծառայողի գործունեության համակողմանի գնահատում և ձևավորել վերջնական պատկերացում նրա անձնային որակների, բարեվարքության և այլ հմտությունների վերաբերյալ։

Այսպիսով, ատեստավորման փուլերի նշված հաջորդականությունը թույլ է տալիս ապահովել ծառայողների գիտելիքների, ֆիզիկական պատրաստվածության և անձնային հատկանիշների համակողմանի և փուլային գնահատում՝ միաժամանակ ապահովելով գործընթացի օբյեկտիվությունը, արդյունավետ կազմակերպումը և ռեսուրսների նպատակային օգտագործումը։

Ընդհանուր զարգացվածության բաժնի թեստավորման և մասնագիտական բաժնի թեստավորման փուլերի միավորման արդյունքում մասնակիցների ընդհանուր զարգացվածության և մասնագիտական գիտելիքների ստուգումն իրականացվելու է մեկ փուլով, այն է՝ թեստավորման փուլով:

Նախագծով առաջարկվող կարգավորումների համաձայն՝ ատեստավորման յուրաքանչյուր փուլ գնահատվելու է 0-ից 80 միավոր, որից անցողիկ է համարվում 41 միավորը: Ատեստավորված են համարվելու բոլոր 3 փուլերում անցողիկ միավորներ ապահոված ծառայողները: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փուլին մասնակցելու են նախորդ փուլում անցողիկ միավորներ ապահոված ծառայողները։

Նախագծով առաջարկվում է նաև փոփոխել քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգի թեստավորման փուլում ներառված առաջադրանքների քանակը՝ 50 հարցից դարձնելով 80 հարց, որոնցում կարող են ընդգրկվել նաև իրավիճակային խնդիրներ: Ըստ այդմ, Նախագծով առաջարկվում է փոփոխել «բավարար», «լավ» և «գերազանց» գնահատականների սանդղակը: Ընդ որում, Նախագծով առաջարկվում է ատեստավորման վերջնական գնահատականը դարձնել բոլոր փուլերի գնահատականների թվաբանական միջինը, որով ծառայողը գնահատվում է «գերազանց» (71-80), «լավ» (56-70) կամ «բավարար» (41-55):

Որոշման գործող կարգավորմամբ ատեստավորման կարգում բացակայում են քրեակատարողական ծառայողների կրակային պատրաստականության գնահատումը, ինչը ոչ պակաս կարևոր գործոն է քրեակատարողական ծառայողի մասնագիտական որակները գնահատելու, և ըստ այդմ՝ հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարը շարունակելու համար: Նախագծով առաջարկվում է ֆիզիկական պատրաստականության ստուգման փուլում ներառել նաև քրեակատարողական ծառայողների կրակային պատրաստականության գնահատումը:

Որոշման գործող խմբագրությամբ տարիքային տվյալներից ելնելով՝ քրեակատարողական ծառայողները ազատվում են ֆիզիկական պատրաստականության նորմատիվները հանձնելու պարտականությունից: Վերջիններս ստուգարքի փուլին չեն մասնակցում և համարվում են ստուգարքի փուլը հաղթահարած։ Մինչդեռ, Քրեակատարողական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված անհրաժեշտ է, որ քրեակատարողական ծառայողները, անկախ տարիքից, պայմանավորված ծառայության առանձնահատկություններով, ունենան իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ նվազագույն ֆիզիկական պատրաստվածություն: Ուստի, Նախագծով հանվել է տարիքային հանգամանքով պայմանավորված ֆիզիկական պատրաստականության փուլից ազատելու կարգավորումը: Ընդ որում՝ Նախագծով առաջարկվում է ֆիզիկական և կրակային պատրաստականության փուլին մասնակցելուց ազատել միայն քրեակատարողական հիմնարկի պետերին և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներին:

Անդրադառնալով հարցազրույցի փուլին՝ հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվում է այն պարտադիր դարձնել ատեստավորվող բոլոր ծառայողների համար, որի ընթացքում ստուգվելու են նրանց բարեվարքությունը, ընդհանուր անձնային որակները և հմտությունները: Այս փոփոխությունը միտված է ատեստավորման վերջնական գնահատումից առաջ առավել համակողմանի ծանոթանալու ատեստավորման ենթակա քրեակատարողական բոլոր ծառայողների թե՛ անձնային որակներին, թե՛ հմտություններին:

Հարկ է նշել նաև, որ Նախագծով առաջարկվում է ատեստավորման հանձնաժողովի կազմը փոփոխել՝ ավելացնելով մեկ անդամ հասարակական կազմակերպություններից և ևս մեկ անդամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից` ատեստավորման հանձնաժողովը 7 անդամից դարձնելով 9 անդամ: Այս փոփոխությունը պայմանավորված է ատեստավորման գործընթացի թափանցիկության, բազմակողմանիության և ինստիտուցիոնալ հավասարակշռության բարձրացման անհրաժեշտությամբ։ Քրեակատարողական ծառայողների ատեստավորումը կարևոր նշանակություն ունի ծառայության արդյունավետության և ծառայողների մասնագիտական մակարդակի գնահատման տեսանկյունից, ուստի նպատակահարմար է ապահովել, որ այդ գործընթացում ներգրավված լինեն տարբեր ինստիտուցիոնալ և մասնագիտական փորձառություն ունեցող ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի անդամների թվի ավելացումը հնարավորություն է տալիս ընդլայնել հանձնաժողովի կազմը՝ ընդգրկելով ինչպես պետական կառավարման տարբեր մարմինների ներկայացուցիչների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Այս մոտեցումը նպաստում է նրան, որ ատեստավորման գործընթացում ապահովվի տարբեր տեսակետների և մասնագիտական փորձի համադրություն, ինչը բարձրացնում է կայացվող եզրակացությունների հիմնավորվածությունը և նվազեցնում հնարավոր սուբյեկտիվության ռիսկերը։ Մասնավորապես, հանձնաժողովի կազմում արտաքին ներկայացուցիչների ներգրավումը նպաստում է գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը և ապահովում է որոշումների կայացման ավելի հավասարակշռված մոտեցում։

Միաժամանակ, հանձնաժողովի անդամների թվի ավելացումը նպաստում է նաև հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման արդյունավետությանը։ Ավելի մեծ կազմ ունեցող հանձնաժողովը հնարավորություն է տալիս ապահովել տարբեր մասնագիտական ուղղությունների ներկայացվածություն և անհրաժեշտության դեպքում աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև։ Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ ատեստավորման գործընթացը ներառում է ծառայողների մասնագիտական գիտելիքների, ֆիզիկական պատրաստվածության և անձնային հատկանիշների բազմակողմանի գնահատում։

Հարկ է նաև նշել, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է նաև իրավական ակտի համակարգվածության և կրկնությունների բացառման անհրաժեշտությամբ։ Նպատակահարմար է ենթաօրենսդրական ակտում պահպանել միայն այն դրույթները, որոնք կարգավորում են օրենքով չկարգավորված ընթացակարգային հարցերը կամ մանրամասնում են օրենքով նախատեսված ընդհանուր նորմերի կիրառման մեխանիզմը։  Նախագծով առաջարկվել է հանել այն դրույթները, որոնք բառացիորեն կամ ըստ էության կրկնում են օրենքով արդեն իսկ սահմանված կարգավորումները։ Օրինակ՝ գործող խմբագրությամբ Որոշման 4-րդ կետը գրեթե ամբողջությամբ կրկնում է «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի կարգավորմումը, իսկ Որոշման 7-րդ կետը, ըստ էության, կրկնում է Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 8-րդ մասի կարգավորմումը:

Անդրադառնալով Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելուն՝ անհրաժեշտ է ընդգծել, որ «բավարար» գնահատականը ցույց է տալիս, որ ծառայողը հիմնականում համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին ներկայացվող նվազագույն պահանջներին, սակայն չի ցուցաբերում այն մակարդակի մասնագիտական կամ գործնական պատրաստվածություն, որը թույլ կտա նրան գտնվել առավել բարձր արդյունքներ ցուցաբերած ծառայողների շարքում։ Այդ պատճառով նման գնահատական ստացած ծառայողների համար հավելավճարի չափը սահմանվում է համեմատաբար ավելի ցածր՝ պահպանելով խրախուսման տրամաբանությունը, սակայն միաժամանակ տարբերակելով այն ծառայողներից, որոնք ատեստավորման ընթացքում ցուցաբերել են առավել բարձր արդյունքներ։

Հավելավճարի չափերի նման տարբերակումը նաև նպաստում է ծառայողների միջև առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը և խրախուսում է ծառայողների մասնագիտական գիտելիքների, ֆիզիկական պատրաստվածության և ծառայողական հմտությունների շարունակական բարելավումը։ Այս մոտեցումը թույլ է տալիս ատեստավորման արդյունքները կապել ծառայողների նյութական խրախուսման հետ՝ ապահովելով, որ առավել բարձր արդյունքներ ցուցաբերած ծառայողները ստանան համաչափորեն ավելի բարձր հավելավճարի հաշվարկման իրավունք։

 

2. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունումը միտված է կատարելագործելու քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագծերի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

4. Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն չի առաջանալու կատարելու փոփոխություն ոլորտային իրավական ակտերում:

 

6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծերի բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 56-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները և Արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի 627-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների գործունեության չորրորդ ուղղությունից (Համակարգի կառավարման և անվտանգության բարեփոխում):

  • Продолжительность

    20.04.2026 05.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Социальное обеспечение, Финансовая, Уголовно-исполнительная

  • Министерство

    Министерство юстиции

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 88

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: