ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում գործազրկության մակարդակի վրա ազդող էական գործոններից մեկը բնակչության թվային գրագիտության ցածր մակարդակն է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ գործազուրկ քաղաքացիների զգալի մասը չունի թվային միջավայրում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ նվազագույն հմտություններ։ Մասնավորապես, շատ քաղաքացիներ չեն տիրապետում էլեկտրոնային փոստի ստեղծման և կիրառման հմտություններին, չեն կարող կազմել ինքնակենսագրականի (CV), չունեն համակարգչից օգտվելու տարրական կարողություններ, ինչպես նաև չեն կարող օգտվել առցանց ծառայություններից և աշխատանքի որոնման հարթակներից։ Նշված խնդիրները առավել ընդգծված են սոցիալապես անապահով, ցածր կրթական մակարդակ ունեցող և մարզային բնակավայրերում ապրող քաղաքացիների շրջանում։
Թվային գրագիտության պակասը էապես սահմանափակում է քաղաքացիների մրցունակությունը աշխատաշուկայում և խոչընդոտում նրանց ներգրավվածությանը ինչպես զբաղվածության ծրագրերում, այնպես էլ թվայնացվող տնտեսությունում և պետական ծառայությունների համակարգում։ Միաժամանակ, թվային հմտությունների զարգացումը հանդիսանում է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող կարևոր նախադրյալ և կարող է էական ազդեցություն ունենալ գործազրկության մակարդակի նվազեցման վրա։
2. Կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է իրականացնել գործազուրկ անձանց թվային գրագիտության զարգացման ծրագիր, որի հիմնական նպատակն է ապահովել նրանց թվային գրագիտության նվազագույն մակարդակը՝ նպաստելով աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը և զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել թվային գրագիտության բարձրացման դասընթացներ, որոնք ներառելու են համակարգչային տարրական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառություն, ինքնակենսագրական կազմելու կարողություններ, աշխատանքի որոնման առցանց հարթակների օգտագործում, ինչպես նաև թվային անվտանգության հիմունքներ։
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է դասընթացների կազմակերպում հիբրիդ ձևաչափով՝ առկա և առցանց բաղադրիչների համադրմամբ։ Դասընթացների ընդհանուր տևողությունը կկազմի 24 ակադեմիական ժամ, դասընթացները կիրականացեն 6 շաբաթվա ընթացքում՝ շաբաթական 2 օր, օրական 2 ժամ տևողությամբ։
Դասընթացի բովանդակությունը ձևավորվել է կրթական չափորոշիչներին համապատասխան և ներառում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հիմունքներ, կիբերանվտանգություն և թվային էթիկա, ամպային տեխնոլոգիաներ և կիրառական ծրագրեր (Microsoft Office, Google ծառայություններ, էլեկտրոնային փոստ)։
Ծրագրի արդյունավետ իրականացում, մասնավորապես՝ դասավանդման միասնական որակ և մեթոդաբանություն ապահովելու նպատակով նախատեսվում է ներգրավել դասընթացավարներ՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Նախատեսվում է նաև, որ հրապարակային օֆերտայի պայմանագրեր կարող են կնքվել այն կազմակերպությունների հետ, որոնք ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կրթական դասընթացների փորձառություն (առնվազն 2 տարվա գործունեություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կրթական դասընթացի իրականացման առնվազն 2 դրական փորձ)։ Արդյունքում կձևավորվի դասընթացավարների կայուն և մասշտաբավորվող ցանց, որը հնարավորություն կտա ծրագիրը շարունակական և ընդլայնվող հիմունքներով իրականացնել երկրի ողջ տարածքում։
Դասընթացավարները նախքան դասընթացների իրականացումն անցնելու են վերապատրաստողների վերապատրաստում (Training of Trainers – TOT), որի արդյունքում ձևավորվում է դասընթացավարների խումբ։
Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է ներգրավել մինչև 10,000 գործազուրկ անձ՝ հետագա փուլերում շահառուների թիվը հասցնելով մինչև 30,000-ի։
Դասընթացների ավարտին մասնակիցները կանցնեն ամփոփիչ գնահատում (թեստավորում), որի անցողիկ շեմը (թեստային առաջադրանքների առնվազն 80%-ը) հաղթահարած մասնակիցները ստանում են սերտիֆիկատ և 50,000 դրամի չափով էլեկտրոնային վաուչեր։ Վաուչերի միջոցով մասնակիցները կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջով հրապարակված «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթական մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվող դասընթացներին։
Ծրագրի իրականացումը նախատեսվում է միջգերատեսչական համագործակցության շրջանակում՝ ներգրավելով համապատասխան պետական մարմիններ, կրթական և տեխնոլոգիական կազմակերպություններ, ինչպես նաև միջազգային գործընկերներ։ Նշված համագործակցությունը կապահովի ծրագրի արդյունավետ կազմակերպումը, տարածքային հասանելիությունը և բովանդակային որակը։
Ծրագրի առաջին փուլի նախնական ֆինանսական հաշվարկներով ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 492,848,125 ՀՀ դրամ, ինչը մեկ շահառուի հաշվով կազմում է մոտ 49,284.81 ՀՀ դրամ։ Ծախսերը ներառում են դասընթացավարների վարձատրություն, ուսումնական նյութերի մշակում, մոնիթորինգ և գնահատում, ինչպես նաև մոտիվացիոն բաղադրիչներ։ Ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին՝ հետևյալ հաշվարկով.
Ֆինանսական հաշվարկ (1-ին փուլ՝ 10,000 շահառու)
|
Գործազուրկների թվային գրագիտության դասընթացներ. costing |
|
||
|
Անվանում |
Պարամետր |
Արժեք (ՀՀ դրամ) |
|
|
Գործազուրկների թիվ |
10,000 |
– |
|
|
TOT, դասընթացի նյութ, սահիկաշարեր |
1 |
2,000,000 |
|
|
Դասընթացավարների թիվ |
83 |
– |
|
|
Դասընթացավարների 1 դասաժամի արժեք |
11,000 |
– |
|
|
Համակարգող օգնականների քանակ 1 փուլի համար |
5.21 |
150,000 յուր․ |
|
|
Դասաժամերի քանակ |
24 |
– |
|
|
Մոտիվացիոն բաղադրիչ (վաուչեր) միավորի արժեք |
50,000 |
– |
|
|
Ծախսեր |
Ֆինանսական միջոց (ՀՀ դրամ) |
|
Աշխատավարձ |
138,687,500.00 |
|
Վաուչեր (հաշվարկվել է 70 %-ի համար) |
350,000,000.00 |
|
Որակի գնահատում, մոնիթորինգ /աշխատավարձի 3%/ |
4,160,000.00 |
|
Ընդամենը |
492,848,125 |
|
Մեկ շահառուին համար իրականացվող ծախս |
49,284.81 |
Գործազուրկների թվային գրագիտության դասընթացների բյուջեն հաշվարկվել է հաշվի առնելով հետևյալը՝ նախատեսվել է 1 TOT վերապատրաստում, որի շրջանակում պատրաստվում են 83 դասընթացավարներ։ Վերջիններս ծրագրի դասընթացներն իրականացնում են 6 փուլով, և աշխատավարձային ֆոնդը ձևավորվում է դասընթացների ընդհանուր դասաժամերի արժեքից (83 դասընթացավար * 6 փուլ * 24 ժամ* 11,000 դրամ), TOT վերապատրաստման արժեքից (1* 2,000,000 դրամ) և յուրաքանչյուր փուլի կազմակերպման համար անհրաժեշտ համակարգող օգնականների ծախսից (5.2 օգնական * 6 փուլ * 150,000 դրամ)։
Դասընթացների կազմակերպական և ընթացիկ համակարգումն ապահովելու համար հաշվարկվել է համակարգող օգնականների ներգրավումն այն սկզբունքով, որ յուրաքանչյուր 16 դասընթացավարի/դասընթացի համար 1 օգնական է նախատեսվում։ Այս մոտեցմամբ մեկ փուլի համար հաշվարկվել է 5.21 օգնականի պահանջ, որը 6 փուլերի համար ներառվել է աշխատավարձային ֆոնդում։ Որակի գնահատման և մոնիթորինգի ծախսը սահմանվել է աշխատավարձային ֆոնդի 3 տոկոսի չափով՝ ծրագրի իրականացման որակի վերահսկողությունն ու ընթացիկ գնահատումն ապահովելու նպատակով։
Վաուչերային բաղադրիչը հաշվարկվել է որպես ծրագրի մասնակցությունն ու արդյունքները խթանող միջոց՝ ենթադրելով, որ վաուչեր կստանա մասնակիցների 70 %ը։ Այսինքն՝ 10,000 շահառուից վաուչեր կտրամադրվի 7,000 մասնակցի, յուրաքանչյուրին՝ 50,000 դրամ արժեքով, ինչի արդյունքում վաուչերային ծախսը կազմում է 350,000,000 դրամ։ Արդյունքում ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 492,848,125 դրամ, իսկ մեկ շահառուի հաշվով միջին ծախսը՝ 49,284.81 դրամ։
Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է, որ առնվազն 10,000 գործազուրկ քաղաքացի ձեռք կբերի թվային գրագիտության հիմունքների վերաբերյալ գիտելիքներ, կձևավորվի աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մրցունակ աշխատուժ, կբարձրանա զբաղվածության ծրագրերի արդյունավետությունը և կստեղծվի ծրագրի մասշտաբավորման համար պատրաստ պետական մոդել։ Երկարաժամկետ առումով ծրագիրը կնպաստի գործազրկության մակարդակի նվազեցմանը, աշխատաշուկայի թվայնացմանը, պետական ծառայությունների հասանելիության բարձրացմանը և սոցիալական ներառականության ամրապնդմանը։
Առաջին փուլում Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա փորձարկել և կատարելագործել մեխանիզմները՝ ապահովելով ծրագրի հետագա ընդլայնման արդյունավետ հիմք։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության կողմից:
4. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Սույն իրավական ակտի ընդունմամբ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախս չի նախատեսվում: Ծրագրի իրականացումը նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից հետո։
5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.
Նշված իրավական ակտի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի մշակումը բխում է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի 104-րդ «Թվային հմտություններ, մարդկային կապիտալի զարգացում և նորարարական էկոհամակարգ» կետից որով նախծատեսված է զարգացնել համընդհանուր թվային գրագիտությունը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում ամրագրված է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության ու արդյունավետության բարձրացման, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրման կարևորությունը։
-
Продолжительность
16.04.2026 04.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Работа и занятость
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
-
Test
Просмотры 98
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .