Добавить в избранное

«Զբոսաշրջության մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության բնագավառին առնչվող, ինչպես նաև քաղաքացիների հանգստի և ճանապարհորդության իրավունքների իրականացման և այդ իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, սահմանում է զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները, նպատակները և դրանց իրականացման մեխանիզմները:

Հոդված 2. Զբոսաշրջային գործունեության իրավական կարգավորումը

  1. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքում, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները

Սույն հոդվածով սահմանված հասկացությունները սույն օրենքում և զբոսաշրջության բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերում ունեն հետևյալ իմաստները.

  1. Այցելու` ֆիզիկական անձ, ով ճանապարհորդում է իր մշտական կեցության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) մինչև մեկ տարի ժամկետով, ցանկացած նպատակով (ճանաչողական, ժամանցի, գործնական, հանգստի, հարազատներին այցելության, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կամ անձնական այլ նպատակներով), բացառությամբ ժամանման վայրում վճարովի գործունեություն իրականացնելը և ժամանման վայրում գտնվող կազմակերպություններից կամ ժամանման վայրի ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից վարձատրվելը:
  2. Մշտական կեցության վայր` մշտական բնակության վայր, աշխատանքի կամ մեկ տարի և ավելի ժամկետով կրթության վայր, ինչպես նաև պարբերաբար կամ հաճախ այցելվող վայրեր, բացառությամբ հանգստավայրերի:
  3. Զբոսաշրջիկ` այցելու, որը ժամանման վայրում (երկրում) անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց:
  4. Զբոսաշրջություն` ճանաչողական, հանգստի, հարազատներին այցելության, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, առողջարարական, վերականգնողական, գործնական, համաժողովների, տոնակատարությունների, ցուցահանդեսների, մշակութային և այլ բնույթի միջոցառումների մասնակցության և այլ նպատակներով զբոսաշրջիկների ճանապարհորդություն` մշտական կեցության վայրից (երկրից) այլ վայր (երկիր), առավելագույնը մինչև մեկ տարի ժամանակահատվածով:
  5. Ներգնա զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքում:
  6. Արտագնա զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
  7. Ներքին զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքում:
  8. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ` ֆիզիկական անձ, ում մշտական կեցության վայրը Հայաստանի Հանրապետությունն է:
  9. Զբոսաշրջային ծառայություններ` զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, ավտովարձույթի, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, համաժողովների, տոնակատարությունների, ցուցահանդեսների, մշակութային, մարզական, գործնական և այլ բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման կամ այլ ծառայություններ:
  10. Զբոսաշրջային փաթեթ` 24 և ավելի ժամ տևողությամբ կամ առնվազն մեկ գիշերակաց պարունակող առնվազն երկու տարբեր զբոսաշրջային ծառայությունների համալիր, որը

1) ձևավորվում է մեկ անձի կողմից` ներառյալ զբոսաշրջիկի ընտրությամբ` զբոսաշրջիկի հետ կնքելով պայմանագիր, կամ

2) անկախ նրանից, թե պայմանագրեր են կնքվում ծառայություններ մատուցող առանձին անձանց հետ, ձևավորվող փաթեթում ներառված ծառայությունները

ա. ձեռք են բերվում մեկ անձից և համակցվում են մինչև գործարքը կնքելը, կամ

բ. առաջարկվում կամ իրացվում են մեկ  ընդհանուր գնով, կամ

գ. գովազդվում կամ իրացվում են «փաթեթ» կամ նմանատիպ այլ եզրույթի ներքո, կամ

դ. համակցվում են զբոսաշրջիկի հետ պայմանագիր կնքելուց հետո` պայմանագրով նախատեսված տարբեր զբոսաշրջային ծառայություններից, զբոսաշրջիկի ընտրությամբ, կամ

ե. ձեռք են բերվում ծառայություններ մատուցող տարբեր անձանցից առցանց ամրագրման համակարգերի միջոցով, երբ զբոսաշրջիկի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն և վճարման պայմանները փոխանցվում են զբոսաշրջիկի հետ առաջին պայմանագիրը կնքած անձի կողմից ծառայություններ մատուցող այլ անձանց, և, ծառայություններ մատուցող այլ անձանց հետ պայմանագրեր են կնքվում առաջին պայմանագիրը կնքվելուց հետո 24 ժամվա ընթացքում: 

  1. Զբոսաշրջային փաթեթի պայմանագիր` ամբողջական զբոսաշրջային փաթեթի պայմանագիրը կամ տարբեր պայմանագրերով զբոսաշրջային փաթեթի տրամադրման դեպքում փաթեթում ներառված ծառայությունների մատուցման բոլոր պայմանագրերը:
  2. Զբոսաշրջային ռեսուրսներ` զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական և այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական բնույթի, բնական, մարդկային, սոցիալ-տնտեսական և այլ ռեսուրսներ, որոնք կարող են հանդիսանալ զբոսաշրջային արդյունք կամ գրավչության օբյեկտ, կամ ներառվել զբոսաշրջային փաթեթում:
  3. Զբոսաշրջային գրավչության օբյեկտ` զբոսաշրջային գրավչություն ներկայացնող բնական, պատմական, մշակութային, գիտական, գեղագիտական և այլ բնույթի օբյեկտներ:
  4. Զբոսաշրջային արդյունք` մեկ կամ մի քանի զբոսաշրջային ռեսուրս կամ ծառայություն կամ դրանց համալիր, որը որպես մեկ միավոր կարող է իրացվել, այդ թվում ներառվելով զբոսաշրջային փաթեթում:
  5. Զբոսաշրջային փաթեթի մեկնարկ` զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների մատուցումը սկսելու ժամկետ:
  6. Տուր` առնվազն երկու զբոսաշրջային ծառայություններով ապահովված ճանապարհորդություն:
  7. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտ` զբոսաշրջային օպերատոր և զբոսաշրջային գործակալ:
  8. Զբոսաշրջային օպերատոր` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է տուրի կամ զբոսաշրջային փաթեթի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն:
  9. Զբոսաշրջային գործակալ` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը` որպես գործակալ, առանց զբոսաշրջային փաթեթ կամ տուր ձևավորելու մատուցում է հետևյալ ծառայությունները`
    • զբոսաշրջային փաթեթների խթանում և վաճառք,
    • ճանապարհորդության հետ կապված փաստաթղթերի ձևակերպում,
    • տրանսպորտային ծառայությունների տրամադրում,
    • հյուրանոցային ծառայությունների տրամադրում,
    • ճամփորդական ապահովագրության տրամադրում,
    • զբոսաշրջային այլ ծառայությունների տրամադրում:
  • Զբոսավար` ֆիզիկական անձ, ով վճարի դիմաց զբոսաշրջիկներին տրամադրում է տեղեկություններ հնագիտության, պատմության, բնության, աշխարհագրության, պետական համակարգի, զբոսաշրջային արդյունքի, հայ ժողովրդի ինքնության, պատմության, մշակույթի և նվաճումների մասին, մատուցում է տուրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծառայություններ:
  1. Ուղեկցորդ` ֆիզիկական անձ, ով վճարի դիմաց զբոսաշրջիկներին տրամադրում է կազմակերպչական ծառայություններ և ցուցաբերում մասնագիտական օգնություն:
  2. Զբոսաշրջային ավտոբուս` առնվազն 8 նստատեղ (բացառությամբ վարորդի նստատեղի) ունեցող ավտոմոբիլ, որի միջոցով իրականացվում է զբոսաշրջիկների ոչ կանոնավոր փոխադրում:
  3. Զբոսաշրջային կենտրոն` առաջնահերթ զարգացման ենթակա կամ զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող, բնական, սոցիալ-մշակութային, առողջարանային կամ այլ ռեսուրսների կենտրոնացմամբ տարածք, որի սահմանները և կարգավիճակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  4. Զբոսաշրջային երթուղի` երթուղի, որը միմյանց է կապում զբոսաշրջային տարբեր գրավչության օբյեկտներ և վայրեր:
  5. Զբոսաշրջային գյուղ` գյուղական համայնք, որտեղ կենտրոնացված են նշանակալի զբոսաշրջային ռեսուրսներ, որն ունի համեմատական առավելություն զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, որի կարգավիճակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  • Հյուրանոցային տնտեսության օբյեկտ` սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված օբյեկտներից յուրաքանչյուրը:
  1. Հյուրանոցապան` սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող հյուրանոցային տնտեսության օբյեկտի միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ:
  • Հյուրանոցային համար` հյուրանոցային տնտեսության օբյեկտի բնակելի միավոր, որն ունի առանձին մուտք, տրամադրվում է հյուրին գիշերակացի համար և ապահովված է կեցության համար անհրաժեշտ կահավորանքով:
  1. Հյուր` անձ, ում տրամադրվում է կացարան hյուրանոցային տնտեսության օբյեկտում:
  2. Հայաստանի արհեստագործական արտադրանք` հիմնականում ձեռքով, ձեռքի, կամ մեխանիկական գործիքներով պատրաստված արտադրանք, որն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում և ունի ավելի քան երեսուն տոկոս ավելացված արժեք: Արհեստագործական արտադրանքին կարող է տրվել համապատասխան վկայական և նշան Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ 2. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ 

Հոդված 4. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, նպատակը և խնդիրները

  1. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ է:
  2. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են.
  • ստեղծել բարենպաստ իրավական ու տնտեսական պայմաններ զբոսաշրջության զարգացման համար,
  • սահմանել Հայաստանում զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունները,
  • ստեղծել պայմաններ զբոսաշրջիկների և զբոսաշրջային ծառայություններ մատուցողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար,
  • ապահովել զբոսաշրջության զարգացումը կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան,
  • ապահովել միջազգային արդյունավետ համագործակցության զարգացումը:

 

  1. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել.
  • Հայաստանի կայուն և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, ազգային եկամտի ավելացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը` պայմանավորված.

ա. զբոսաշրջային այցելությունների քանակի ավելացմամբ,

բ. զբոսաշրջությունից ստացվող եկամտի ավելացմամբ,

գ. աշխատատեղերի ստեղծմամբ,

  • պատմամշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանը և պատշաճ ներկայացմանն ու խթանմանը,
  • մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության պահպանմանն ու զարգացմանը,
  • բնական ռեսուրսների պահպանությանը, ռացիոնալ օգտագործմանը և զարգացմանը, բնապահպանական խնդիրների լուծմանը,
  • Հայաստանի և հայ ժողովրդի համաշխարհային ճանաչելիության ու հարգանքի բարձրացմանը,
  • Հայաստան սփյուռք կապերի ու հայապահպանության ամրապնդմանն ու զարգացմանը,
  • Հայաստանի, որպես աշխարհում ամենացանկալի զբոսաշրջային երկրներից մեկի, նկարագրի ձևավորմանը,
  • համամարդկային արժեքների պահպանությանը, զարգացմանը, խթանմանը, միջազգային համերաշխության և խաղաղության ամրապնդմանը և այդ գործընթացներում Հայաստանի դերի բարձրացմանը:

 4. Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական խնդիրներն են`

  • ամրապնդել և շարունակական բարձրացնել Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը,
  • ապահովել ամբողջական վիճակագրություն, որակյալ հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ` ի նպաստ պետական քաղաքականության արդյունավետ մշակման ու իրականացման,
  • դիվերսիֆիկացնել հայկական զբոսաշրջային արդյունքը, ձևավորել նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքներ,
  • դիվերսիֆիկացնել Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի շուկաները, որոշել գերակա նպատակային շուկաներն ու իրականացնել նպատակային մարքեթինգ և խթանում,
  • ապակենտրոնացնել զբոսաշրջությունը դեպի Հայաստանի Հանրապետության մարզեր, այդ թվում նաև գյուղական համայնքներ,
  • համաշխարհային շուկայում ամրապնդել, զարգացնել և խթանել Հայաստանի նկարագիրը` որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրության, ներդրումների և զբոսաշրջության համար բարենպաստ ու գրավիչ երկիր,
  • բարելավել համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիությունը` տրանսպորտային հասանելիության և մուտքի-ելքի մատչելիության բարձրացման միջոցով,
  • բարելավել և զարգացնել ենթակառուցվածքները,
  • ամրապնդել և շարունակական բարձրացնել ծառայությունների որակը,
  • զարգացնել մարդկային ռեսուրսները,
  • ապահովել բարենպաստ գործարար, ներդրումային միջավայր,
  • բարելավել զբոսաշրջային կենտրոնների և զբոսաշրջային գրավչության օբյեկտների կառավարումը,
  • խթանել զբոսաշրջության ոլորտի նկատմամբ հանրային հետաքրքրությունը և շահագրգռվածությունը, շահագրգիռ կողմերի միջև ապահովել ընդհանուր տեսլականի ձևավորում ու արդյունավետ համագործակցություն,
  • աջակցել զբոսաշրջության բնագավառում գործող, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների գործունեությանը,
  • ամրապնդել և շարունակական ակտիվացնել միջազգային համագործակցությունը,
  • ձևավորել զբոսաշրջության կայուն զարգացմանը և զբոսաշրջիկների իրավունքների պաշտպանությանը նպաստող օրենսդրություն:

 

Հոդված 5. Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

  1. հաստատում է զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերը, այդ թվում` զբոսաշրջային կենտրոնների, զբոսաշրջային գյուղերի, ներդրումային և մարքեթինգային,
  2. հայտարարում է զբոսաշրջային կենտրոններ, զբոսաշրջային գյուղեր, հաստատում է դրանց տարածքներում քաղաքաշինական և բնապահպանական հատուկ նորմեր, առանձին դեպքերում հաստատում է զբոսաշրջային երթուղիներ,
  3. հաստատում է զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների գործունեության և հյուրանոցային ծառայությունների լիզենզավորման կարգերը,
  4. հաստատում է, զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների որակավորման կարգերը, հյուրանոցային տնտեսության օբյեկտների հանրային սննդի օբյեկտների, զբոսաշրջային ավտոբուսների որակավորման կարգերն ու ընթացակարգերը, զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման կարգը, զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրի վարման կարգը (ներառյալ տվյալների բազայի բովանդակությունը) և վարչական ռեգիստրի վարման համար տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվության և հաշվետվությունների ներկայացման կարգն ու ձևերը,
  5. իր իրավասության սահմաններում կնքում է զբոսաշրջության բնագավառում միջազգային պայմանագրեր,
  6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունը կարող է պատվիրակել զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին,
  7. իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

     Հոդված 6. Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները

  1. Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականությունը մշակում և իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
  2. Լիազոր մարմինը.
  • մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ հաստատում է զբոսաշրջության զարգացման պետական ծրագրեր, այդ թվում` զբոսաշրջային կենտրոնների, զբոսաշրջային գյուղերի, ներդրումային և մարքեթինգային,
  • մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարություն, ինչպես նաև իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջության զարգացման հետ կապված` վերջիններիս իրավասության հարցերով,
  • մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում զբոսաշրջության ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծեր,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով իրականացնում է զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջայի գործակալների գործունեության և հյուրանոցային ծառայությունների լիզենզավորում,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով իրականացնում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների, հանրային սննդի օբյեկտների, զբոսաշրջային ավտոբուսների որակավորում,
  • մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության պայմանագրերի վերաբերյալ, կնքում է միջգերատեսչական պայմանագրեր, ապահովում է զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցությունը, ներկայացնում է զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը միջազգային համագործակցության շրջանակներում,
  • հսկողություն է իրականացնում սույն օրենքի և զբոսաշրջության բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված լիցենզիաների պահանջների ու պայմանների կատարման նկատմամբ,
  • կիրառում է պատասխանատվության միջոցներ սույն օրենքի և զբոսաշրջության բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար,
  • համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում,
  • վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը (ռեգիստրը),
  • համակարգում է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող կամ ֆինանսավորվող զբոսաշրջությանն առնչվող աջակցության ծրագրերը կամ ծրագրերի այն մասերը, որոնք պարունակում են զբոսաշրջության բաղադրիչ,
  • իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

     ԳԼՈՒԽ 3. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ

Հոդված 7.  Զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրը

  1. Հայաստանի Հանրապետությունում վարվում է զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստր` լիազոր մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
  2. Վարչական ռեգիստրը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած բովանդակությամբ տվյալների բազա Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ գործունեություն իրականացնող զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների, սույն օրենքին համապատասխան որակավորված զբոսավարների, ուղեկցորդների, հանրային սննդի օբյեկտների, զբոսաշրջային ավտոբուսների և սույն օրենքին համապատասխան հավատարմագրված զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների վերաբերյալ:
  3. Զբոսաշրջության ոլորտի վարչական ռեգիստրը վարվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակված և տրամադրված տեղեկությունների, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր սկզբունքով ներկայացվող տեղեկատվության և հաշվետվությունների հիման վրա:
  4. Տնտեսավարող սուբյեկտների տեղեկատվության և հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 8.  Զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանը

 

  1. Զբոսաշրջային ռեսուրսները դասակարգվում են հետևյալ կերպ.
  • զբոսաշրջային բնական ռեսուրսներ, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնության պատկերներ, աշխարհագրական առանձնահատկություններ, կլիմայական և հիդրոգրաֆիկ բարենպաստ պայմաններ, կենսաբանական առանձնահատկություններ, զբոսաշրջիկների համար գրավիչ բնության այլ ֆիզիկական օբյեկտներ,
  • զբոսաշրջային մարդածին ռեսուրսներ, որոնք բաժանվում են հետևյալ խմբերի.

ա) զբոսաշրջային նյութական մարդածին ռեսուրսներ, այդ թվում` պատմության և  մշակույթի հուշարձաններ, պատմական շինություններ, կառույցներ, առարկաներ, մարդու կողմից ստեղծված զբոսաշրջության գրավչության այլ օբյեկտներ.

բ) զբոսաշրջային ոչ նյութական մարդածին ռեսուրսներ, այդ թվում` մշակութային, գիտական, բուժական, առողջարանային, զվարճանքի գործունեության արդյունք հանդիսացող ոչ նյութական արժեքներ:

  1. Հայաստանի Հանրապետությունում վարվում է զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
  2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրնեց իրավասության շրջանակներում աջակցում են լիազոր մարմնին զբոսաշրջային ռեսուրսների գույքագրման և գրանցամատյանի վարման գործընթացին:

 ԳԼՈՒԽ  4.  ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. Հյուրանոցային ծառայությունները

  1. Հյուրանոցային ծառայություններն են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կեցության հետ կապված այլ ծառայությունները:
  2. Նվազագույն հյուրանոցային ծառայություններն են կացարանի և սանհանգույցի տրամադրումը, ընդ որում, կացարանը և սանհանգույցը մաքրվում և կացարանում անկողինը հարդարվում է ամեն օր:
  3. Հայաստանի Հանրապետությունում հյուրանոցային ծառայությունների մատուցումը լիցենզավորվում է: Լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
  4. Լիցենզիա կարող է ստանալ այն հյուրանոցապանը, որը սեփականության կամ օգտագործման իրավունքով տիրապետում է սույն օրենքին համապատասխան հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտ:
  5. Հյուրանոցապանին արգելվում է
  • սույն օրենքով նախատեսված հաշվառման կամ որակավորման վկայական չունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտի միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցելը կամ առաջարկելը.
  • լիցենզիա չունեցող զբոսաշրջային գործունեության սուբեկտի միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցելը կամ առաջարկելը:

 Հոդված 10. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները

  1. Հյուրանոցը հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որը բաղկացած է մեկ կամ մի քանի շինություններից կամ կազմում է որևէ շինության մաս, որն ունի առնվազն 6 հյուրանոցային համար (մեկ կամ երկտեղանոց) և որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ:
  2. Մոթելը հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որը գտնվում է ճանապարհների հարևանությամբ, բաղկացած է մեկ կամ մի քանի շինություններից կամ կազմում է որևէ շինության մաս, որն ունի առնվազն 6 հյուրանոցային համար (մեկ կամ երկտեղանոց) և որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ: Մոթելում մատուցվում է նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ:
  3. Առողջարանը հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, մատուցվում է նաև հատուկ կարգի ծառայություններ` օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում մատուցում է նաև բժշկական օգնություն և սպասարկում:
  4. Հոսթելը հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ և որն ունի գիշերելու համար առնվազն 20 ննջատեղ:
  5. Հանգստյան կամ մասնագիտացված ճամբարները կամ տները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ շինության կամ դրան հարակից տարածքներում որոշակի մասնագիտական գործունեություն (մշակութային, հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, մանկապատանեկան, մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման և այլն) վարող անձանց:
  6. Պանսիոնը հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, օրական առնվազն 3 անգամ կազմակերպվում և մատուցվում  են սննդի ծառայություններ:
  7. Ճամբարային բնակատեղին (քեմփինգ) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որտեղ գիշերակացի և սննդի ծառայությունները մատուցվում են վրաններում և, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, ապահովված է ավտո-մոտո տրանսպորտի կայանման ծառայությամբ:
  8. Զբոսաշրջային տունը (Բի ընդ Բի` B&B) այն բնակելի տունը կամ բնակարանն է, որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, տրամադրվում է առնվազն նախաճաշ և, որը հարակից է հյուրանոցապանի բնակելի տանը, բնակարանին կամ դրա մասն է կազմում:
  9. Հյուրատունը գիշերակացի, սննդի պատրաստման հարմարություններով և սանհանգույցով կահավորված առանձին բնակելի տուն կամ բնակարան է, որը տրամադրվում է զբոսաշրջիկներին որպես կացարան:

Հոդված 11. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը և հաշվառումը

  1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների կամավոր որակավորում:
  2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման կարգերին և ընթացակարգին համապատասխան:
  3. Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ձևի վկայական:
  4. Հայաստանի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտները պարտադիր հաշվառվում են` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով` ըստ սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված տեսակների: Ընդ որում` հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը որոշում է հյուրանոցապանը` սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան:
  5. Հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ձևի վկայական:
  6. Որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտը համարվում է հաշվառված:
  7. Լիազոր մարմինը հաշվառված և որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
  8. Հյուրանոցապանը հյուրանոցային  տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման և ներկայացման նպատակով պետք է օգտագործի հյուրանոցային տնտեսության օբյեկտի հաշվառման կամ որակավորման վկայականում նշված անունը, իսկ սահմանված կարգով որակավորման կարգ ունենալու դեպքում` նաև համապատասխան որակավորման կարգի նշանը:
  9. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի անունը ներառում է դրա տեսակն ու տարբերակիչ անվանումը:
  10. Արգելվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով սույն հոդվածով նախատեսված անուն օգտագործելը, եթե օգտագործվող անունը նշված չէ հաշվառման կամ որակավորման վկայականում:
  11. Արգելվում է որակավորման կարգի նշան օգտագործել այն հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չունի օգտագործվող նշանին համապատասխանող որակավորման կարգ:
  12. Արգելվում է սույն օրենքով նախատեսված որակավորման կարգի նշաններին մոլորեցնելու աստիճանի նման նշաններ օգտագործելը հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով:

Հոդված 12. Հյուրանոցային ծառայություններին ներկայացվող պահանջները

  1. Հյուրանոցապանը պարտավոր է հյուրանոցային տնտեսության օբյեկտում, հյուրերի համար տեսանելի տեղում տեղադրել հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն`
  • հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվան և որակավորման կարգի (եթե առկա է) մասին տեղեկատվություն,
  • մատուցվող ծառայությունների ցանկը և գնացուցակը:
  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված տեղեկատվությունը պետք է տեսանելի լինի նաև դրսից:
  2. Հյուրանոցապանը պարտավոր է մինչև հյուրանոցային տնտեսության օբյեկտը գործարկելը այն ներկայացնել հաշվառման` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
  3. Հյուրանոցապանը վարում է հյուրերի և հյուրերի համար ամրագրում կատարող անձանց վերաբերյալ տվյալների (ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային, իրավաբանական անձանց համար պետական գրանցման տվյալներ, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն:
  4. Հյուրանոցապանը հյուրի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար պետք է հաստատի և կիրառության մեջ դնի ներքին կանոնակարգ:
  5. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակին և որակավորման կարգին վերաբերող պահանջները, ինչպես նաև ծառայությունների ամբողջական գնացուցակը պետք է մատչելի լինեն հյուրին և տրամադրվեն առաջին իսկ պահանջով: 

Հոդված 13. Անձանց ընդունելու հյուրանոցապանի իրավունքներն ու պարտականությունը

  1. Հյուրանոցապանը պարտավոր է.
  • առանց խտրականության ընդունել և կացարան տրամադրել բոլոր անձանց, ովքեր ներկայանում են անձը հաստատող փաստաթղթերով ու դիմում հյուրանոցային ծառայությունների խնդրանքով և պատրաստ են վճարել ծառայությունների դիմաց, բացառությամբ այն դեպքերի, երբ հյուրանոցային տնտեսության օբյեկտի առանձնահատկություններով պայմանավորված նախապես հրապարակված են ծառայություններ մատուցելու հատուկ պայմաններ,
  • ընդունել և տեղավորել հյուրի իրերը,
  • ապահովել հյուրերի անվտանգությունը և նրանց մատուցվող սննդային արտադրանքի համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին:
  1. Հյուրանոցային համարը նախապես ամրագրված և հյուրանոցապանի կողմից հաստատված լինելու պարագայում ազատ համար չլինելու հիմքով հյուրանոցային ծառայության մատուցումը մերժելու դեպքում հյուրանոցապանը պարտավոր է.
  • ամրագրում կատարած անձին այլ հյուրանոցային տնտեսության օբյեկտում ապահովել ամրագրված հյուրանոցային համարին համարժեք հյուրանոցային համարով, կամ
  • ամրագրում կատարած անձին փոխհատուցել ամրագրման պահին գործող հյուրանոցային համարի գնի կրկնապատիկի չափով ամրագրման ողջ ժամանակահատվածի համար:

Հոդված 14. Պատասխանատվությունը հյուրի անձնական իրերի պահպանության համար

  1. Հյուրանոցում և մոթելում հյուրանոցապանն ապահովում է հյուրերի թանկարժեք իրերը չհրկիզվող պահարանում պահելու հնարավորություն և այդպիսի հնարավորության մասին տեղեկատվություն է զետեղում հյուրանոցի ընդունարանի, ինչպես նաև բոլոր համարների տեսանելի մասում:
  2. Հյուրանոցապանը պատասխանատվություն չի կրում այն իրերի համար, որոնք հյուրը պահել է իր վերահսկողության տակ:

 Հոդված 15.  Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների լիցենզավորումը

  1. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալի գործունեությունը լիցենզավորվում է: Լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
  2. Լիցենզիա կարող է ստանալ սույն օրենքով և լիցենզավորման կարգով սահմանված պահանջներին համապատասխանող զբոսաշրջային օպերատորը և զբոսաշրջային գործակալը:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման կարգով կարող է նախատեսվել զբոսաշրջային օպերատորն ու իր անունից ծառայություններ մատուցող զբոսաշրջային գործակալի նկատմամբ գործունեության ողջ ընթացքում զբոսաշրջային փաթեթի ձևավորման և իրացման հետ կապված պարտավորությունների կատարման ֆինանսական երաշխիքներ ապահովելու պահանջ:
  4. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտին արգելվում է իրացնել, առաջարկել կամ զբոսաշրջային փաթեթում ներառել
    • լիցենզիա չունեցող հյուրանոցապանի հյուրանոցային ծառայություններ.
    • սույն օրենքով նախատեսված հաշվառման կամ որակավորման վկայական չունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտի միջոցով հյուրանոցային ծառայություններ.
    • Լիցենզիա չունեցող զբոսավարի կամ ուղեկցորդի ծառայություններ.
    • սույն օրենքով նախատեսված հաշվառման կամ որակավորման վկայական չունեցող զբոսաշրջային ավտոբուսների միջոցով տրանսպորտային ծառայություններ:

Հոդված 16.  Զբոսաշրջային ծառայությունների իրացումն ու խթանումը

  1. Զբոսաշրջային օպերատորը և գործակալը զբոսաշրջային փաթեթը սպառողին (զբոսաշրջիկին) վաճառելու դեպքում կնքում են զբոսաշրջային փաթեթի պայմանագիր:
  2. Զբոսաշրջային օպերատորը սպառողի առջև պատասխանատվություն է կրում զբոսաշրջային փաթեթի պայմանագրում ներառված ծառայությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` անկախ նրանից, թե ծառայությունները մատուցվում են իր, թե իր հետ պայմանագիր կնքած այլ անձանց կողմից:
  3. Զբոսաշրջային գործակալը իր անունից կնքած պայմանագրի (այդ թվում` փաստաթղթերի ձևակերպման և ճանապարհորդության կազմակերպման հետ կապված այլ ծառայությունների մատուցման) մասով սպառողի առջև պատասխանատվություն է կրում պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` անկախ նրանից, թե պայմանագրով նախատեսված ծառայությունները մատուցվում են իր, թե իր հետ պայմանագիր կնքած այլ անձանց կողմից:
  4. Արգելվում են կեղծ, մոլորեցնող, անիրական կամ ապակողմնորոշող հայտարարությունները, գովազդը զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից առաջարկվող, վաճառվող ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ:

 Հոդված 17. Սպառողին տրամադրվող տեղեկատվությունը

  1. Նախքան սպառողի հետ պայմանագիր կնքելը զբոսաշրջային օպերատորը և գործակալը պարտավոր են սպառողին տրամադրել տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ`
  • անձնագրերի, ժամանման կամ տարանցիկ երկրների մուտքի և ելքի հետ կապված պահանջների ու ձևակերպումների (արտոնագրեր, սահմանային անցման, մաքսային և այլ ձևակերպումներ),
  • կյանքի, առողջության ապահովագրության և այլ ապահովագրական ծառայությունների,
  • ժամանման կամ տարանցիկ երկրներում վարակիչ հիվանդությունների, առողջության սպառնալիքների և դրանց կանխարգելման, ինչպես նաև առողջության հետ կապված սահմանափակումների և պահանջների,
  • ամրագրման պայմանների, այդ թվում` պայմանագիրը դադարեցնելու պայմանների,
  • վճարման չափի, կարգի, ժամկետի և նպատակի,
  • մեկնման և վերադարձի ժամերի և վայրերի,
  • միջանկյալ կանգառների և փոխադրամիջոցների,
  • կոնտակտային տվյալների, որոնց միջոցով սպառողը կարող է կապվել զբոսաշրջային օպերատորի կամ գործակալի հետ ճանապարհորդության ընթացքում,
  • մանկական տուրերի դեպքում երեխայի և պատասխանատու անձանց կոնտակտային տվյալների:

Հոդված 18. Սպառողի հետ կնքվող պայմանագրի պարտադիր դրույթները

  1. Սպառողի հետ զբոսաշրջային օպերատորի և գործակալի պայմանագիրը պարունակում է հետևյալ պարտադիր դրույթները.
  • զբոսաշրջային օպերատորի կամ գործակալի լրիվ անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, զբոսաշրջային օպերատորի հաշվառման համարը, իսկ պայմանագիրը գործակալի միջոցով կնքելու դեպքում` նշում գործակալ լինելու և զբոսաշրջային օպերատորի մասին տվյալները,
  • սպառողի տեղաբաշխման վայրը, զբոսաշրջային փաթեթի նկարագրությունը և իրականացման ժամկետները,
  • զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների նկարագրերը, ժամկետները և որակական նկարագրերը, այդ թվում`

ա)   տրանսպորտային միջոցների տեսակը, որակավորման կարգը,

բ)    ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը, որակավորման կարգը,

գ) սննդի կազմակերպման և մատուցման հաճախականությունը, պայմանները, ռեստորանի որակավորման կարգը,

դ)     տեսարժան վայրերի այցելության ծրագրերը, մշակութային և այլ միջոցառումները,

  • զբոսաշրջային փաթեթի գինը` բոլոր անհրաժեշտ վճարումների, հարկերի և տուրքերի մանրամասներով, գնի փոփոխման հանգեցնող հանգամանքների և այդ մասին սպառողին տեղեկացման ժամկետների ձևակերպմամբ,
  • վճարման կարգը, ժամկետներն ու պայմանները,
  • եթե փաթեթի իրականացման համար անհրաժեշտ է նվազագույն քանակով մարդկանց առկայություն, ապա նրանց ոչ բավարար քանակի պատճառով փաթեթը չեղյալ հայտարարելու մասին հաճախորդին տեղեկացնելու վերջնաժամկետը,
  • զբոսաշրջային ապահովագրության տեսակը և չափը (եթե առկա է):

 

  1. Զբոսաշրջային փաթեթի գինը կարող է փոխվել բացառապես այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված են դրա հիմքերը և պայմանները, որոնք բացառապես պայմանավորված են հետևյալ փոփոխություններով.
  • տրանսպորտային ծառայությունների գների` կապված վառելիքի կամ այլ էներգակիրների գների փոփոխության հետ,
  • հարկերի, տուրքերի, այլ պարտադիր վճարների,
  • տարադրամի փոխարժեքի:
  1. Զբոսաշրջային փաթեթի գինը չի կարող բարձրացվել առանց սպառողին զբոսաշրջային փաթեթի մեկնարկից առնվազն 20 օր առաջ համապատասխան հաշվարկներով հիմնավորված ծանուցման:
  2. Սույն հոդվածի շրջանակներում գների բարձրացումը պայմանագրի գնի 8% և ավելի կազմելու դեպքում սպառողն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը և հրաժարվել փաթեթից առանց տուգանք վճարելու:

Հոդված 19.  Զբոսաշրջային փաթեթի ծառայությունները չկատարելու դեպքերը

  1. Սպառողի հետ կնքված պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման անհնարինության դեպքում զբոսաշրջային օպերատորը միջոցներ է ձեռնարկում, առանց սպառողից հավելյալ գումարներ գանձելու, համապատասխան այլընտրանքային ծառայություններ մատուցելու ուղղությամբ և հոգում է տրամադրված ու պայմանագրով նախատեսված ծառայությունների միջև առաջացած գումարային տարբերությունը:
  2. Զբոսաշրջային օպերատորի կողմից այլընտրանքային ծառայություններ մատուցելու անհնարինության կամ սպառողի կողմից դրանց մերժման դեպքում զբոսաշրջային օպերատորն ապահովում է սպառողի վերադարձը կամ մեկնումը սպառողի հետ համաձայնեցված որևէ այլ վայր:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում տրամադրվող փոխադրամիջոցը պետք է համապատասխանի պայմանագրով սահմանվածին:

Հոդված  20. Զբոսաշրջային  օպերատորի և գործակալի գրասենյակը

  1. Զբոսաշրջային օպերատորն ու գործակալը պետք է ունենան գրասենյակ` կահավորված իրենց ծառայությունների պատշաճ մատուցումն ապահովող կահույքով, տեխնիկական և կապի միջոցներով:
  2. Զբոսաշրջային օպերատորը և գործակալը գրասենյակում պետք է ապահովեն հետևյալի առկայությունը.
  • իրենց լրիվ անվանումը, պետական գրանցման տվյալները, որակավորման վկայականը (առկայության դեպքում), իսկ զբոսաշրջային օպերատորը` նաև հաշվառման վկայականը,
  • սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը,
  • զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի օրինակները,
  • իրենց կողմից առաջարկվող զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութեր,
  • Հայաստանը ներկայացնող տեղեկատվական, գովազդային  նյութեր,
  • ժամանման երկրները ներկայացնող տեղեկատվական, գովազդային նյութեր,
  • անձնագրային և վիզային ձևակերպումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր,
  • ժամանման երկրների ազգային սովորույթների, կրոնական ծեսերի, սրբավայրերի, բնության, մշակույթի, պատմության և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ օբյեկտների, հատուկ պահպանվող հուշարձանների, օրենսդրական, կրոնական պահանջների և արգելքների վերաբերյալ այնպիսի տեղեկատվական նյութեր, որոնք անհրաժեշտ են համապատասխան շրջագայության ընթացքում:

Հոդված 22. Հանրային սննդի օբյեկտների որակավորումը

  1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է հանրային սննդի օբյեկտների կամավոր որակավորում:
  2. Հանրային սննդի օբյեկտների որակավորումն իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման կարգերին և ընթացակարգին համապատասխան:
  3. Որակավորում ստացած հանրային սննդի օբյեկտներին տրամադրվում է համապատասխան վկայական:
  4. Լիազոր մարմինը որակավորված հանրային սննդի օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
  5. Արգելվում է որակավորման կարգի նշան օգտագործել այն հանրային սննդի օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չունի օգտագործվող նշանին համապատասխանող որակավորման կարգ:
  6. Արգելվում է որակավորման կարգի նշաններին մոլորեցնելու աստիճանի նման նշաններ օգտագործելը հանրային սննդի օբյեկտը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով:

 Հոդված 23. Զբոսաշրջային ավտոբուսների որակավորումը և հաշվառումը

  1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է զբոսաշրջային ավտոբուսների կամավոր որակավորում:
  2. Զբոսաշրջային ավտոբուսների որակավորումն իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման կարգերին և ընթացակարգին համապատասխան:
  3. Որակավորում ստացած զբոսաշրջային ավտոբուսին տրամադրվում է համապատասխան վկայական:
  4. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային ավտոբուսները պարտադիր հաշվառվում են` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
  5. Հաշվառված զբոսաշրջային ավտոբուսին տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ձևի վկայական:
  6. Որակավորված զբոսաշրջային ավտոբուսը համարվում է հաշվառված:
  7. Լիազոր մարմինը հաշվառված և որակավորված զբոսաշրջային ավտոբուսների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
  8. Արգելվում է որակավորման կարգի նշան օգտագործել այն զբոսաշրջային ավտոբուսը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով, որը չունի օգտագործվող նշանին համապատասխանող որակավորման կարգ:
  9. Արգելվում է որակավորման կարգի նշաններին մոլորեցնելու աստիճանի նման նշաններ օգտագործելը զբոսաշրջային ավտոբուսը ներկայացնելու կամ գովազդելու նպատակով:

Հոդված 24. Զբոսաշրջային ավտոբուսի կայանումը և կանգառը

  1. Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարները հաշվառված և օտարերկրյա զբոսաշրջային ավտոբուսների համար սահմանում և տրամադրում են հատուկ անվճար կայանման և կանգառի վայրեր` սեփական նախաձեռնությամբ կամ լիազոր մարմնի առաջարկությամբ:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կայանման և կանգառի վայրերը նշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տարբերանշաններով:

 Հոդված 25 Զբոսավարների և ուղեկցորդների լիցենզավորումը

  1. Հայաստանի Հանրապետությունում զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը լիցենզավորվում է, բացառությամբ այն անձանց գործունեության, ովքեր զբոսավարի կամ ուղեկցորդի գործունեություն են իրականացնում բացառապես այն զբոսաշրջային գրավչության օբյեկտի սահմաններում, որտեղ աշխատում են համապատասխան պայմանագրով:
  2. Զբոսավարների և ուղեկցորդների լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման կարգով:
  3. Զբոսավարի կամ ուղեկցորդի լիցենզիա կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման կարգին համապատասխան որակավորում ունեցող ֆիզիկական անձը:
  4. Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության ընթացքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջներն ու պայմանները`

1) զբոսավարի կամ ուղեկցորդի ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմանների և պարտավորությունների կատարումը,

2) զբոսաշրջիկների ավանդույթները, սովորույթները, կրոնական հավատալիքները հարգելը,

3) Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական զբոսաշրջային արդյունքի կամ  պատմամշակութային ժառանգության վերաբերյալ կեղծ, ոչ հավաստի կամ խեղաթյուրված տեղեկություն չտրամադրելը,

  • զբոսաշրջիկների հետ անկաշկանդ շփման համար անհրաժեշտ լեզվի իմացությունն ապահովելը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ,
  • զբոսաշրջիկների անվտանգության ապահովման նպատակով արտակարգ իրավիճակների, վնասվածքների և դժբախտ պատահարների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելը, ինչպես նաև զբոսաշրջիկի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարների մասին համապատասխան մարմիններին անհապաղ տեղյակ պահելը,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով անվանաքարտ կրելը,
  • լիցենզիա չունեցող զբոսաշրջային գործունեության սուբյեկտների միջոցով զբոսավարի կամ ուղեկցորդի ծառայությթւններ չմատուցելը
  • Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման կարգով և պարբերականությամբ որակավորման ստուգում անցնելը և որակավորման ստուգման դրական արդյունք ունենալը:
  1. Բացի սույն հւդվածի 6-րդ մասով նախատեսված պայմաններից ուղեկցորդը պետք պահպանի նաև հետևյալ պայմանները`
  • դժվարանցանելի երթուղիների իրականացման ընթացքում զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովող գործողություններին և հմտություններին տիրապետելը և դրանց կիրառելը,
  • անհրաժեշտ կապի միջոցներին տիրապետելը և դրանք կիրառելը:

Հոդված 26. Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ

  1. Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները հավատարմագրվում են լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
  2. Լիազոր մարմնի կողմից հավատարմագրված զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները կրում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տարբերանշան:
  3. Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների չափանիշները, հավատարմագրման ընթացակարգը և տարբերանշանը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  4. Արգելվում է սույն հոդվածով նախատեսված տարբերանշան կամ դրան մոլորեցնելու աստիճանի նման այլ նշան օգտագործելը այն տեղեկատվական կենտրոնները ներկայացնելիս, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով չեն հավատարմագրվել:

ԳԼՈՒԽ 5. ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 27. Զբոսաշրջիկի իրավունքները

  1. Զբոսաշրջիկն իրավունք ունի՝
  • անձնական անվտանգության, կյանքի, առողջության, սպառողի իրավունքների և գույքի պաշտպանության,
  • ստանալ պայմանագրով նախատեսված զբոսաշրջային ծառայություններ,
  • իր համար հասկանալի լեզվով զբոսաշրջային օպերատորից կամ գործակալից ստանալ լրիվ և օբյեկտիվ տեղեկատվություն` ժամանման երկրի (վայրի)՝ զբոսաշրջության հետ առնչվող օրենքների և բնակվելու կանոնների, տեղաբնակների սովորույթների, հասարակական և կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքների, ապահովագրության և զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների մասին,
  • օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներից,
  • ստանալ տեղեկատվություն ժամանման կամ տարանցիկ երկրներում վարակիչ հիվանդությունների, առողջության սպառնալիքների և դրանց կանխարգելման, ինչպես նաև առողջության հետ կապված սահմանափակումների և պահանջների վերաբերյալ:
  1. Գրավոր պայմանագրի կամ պայմանագրում սույն օրենքով նախատեսված պարտադիր դրույթների բացակայության դեպքում զբոսաշրջային օպերատորի կամ գործակալի ու սպառողի միջև վեճի դեպքում հիմք են ընդունվում սպառողի ողջամիտ գրավոր բացատրությունները:

 Հոդված 28. Զբոսաշրջիկի պարտականությունները և պատասխանատվությունը

  1. Զբոսաշրջիկը պարտավոր է՝
  • պահպանել զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմանները և կանոնները,
  • հարգել ժամանման երկրի (տեղանքի) ավանդույթները, սովորույթները, կրոնական հավատալիքները,
  • չխախտել հասարակական կարգը, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և կատարել ժամանման երկրի տարածքում գործող իրավական ակտերի և միջազգային պայմանագրերի պահանջները,
  • առողջական խնդիրներ ունենալու դեպքում անհապաղ տեղեկացնել զբոսավարին, զբոսաշրջային օպերատորին, զբոսաշրջային գործակալին կամ բժշկական օգնության հաստատություն:
  1. Ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով իր ապօրինի գործողությունների համար:

Հոդված 29. Պետության պարտավորությունները զբոսաշրջիկների նկատմամբ

  1. Պետությունն ապահովում է զբոսաշրջիկների իրավունքները և օրինական շահերը՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
  2. Պետությունը պարտավոր է հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել արտագնա զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու համար:

ԳԼՈՒԽ 6. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ  ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 30. Պետական հսկողության խնդիրները

Պետական հսկողության հիմնական խնդիրներն են`

  1. զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելումը, հայտնաբերումը և վերացումը,
  2. սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին զբոսաշրջության բնագավառում մատուցվող ծառայությունների համապատասխանության ապահովումը:

Հոդված 31. Պետական հսկողություն իրականացնող մարմինը

Զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

 

ԳԼՈՒԽ 7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 32. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները ճանաչվում են լիցենզավորված համապատասխան լիցենզավորման կարգերն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:
  2. Զբոսաշրջային ավտոբուսները ներկայացվում են հաշվառման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:
  3. Մինչև «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ 241-Ն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզավորված զբոսավարները և ուղեկցորդները համարվում են սույն օրենքին համապատասխան լիցենզավորված:

 Հոդված 33. Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ 11-Ն):

   ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Օ Ր Ե Ն Ք Ը

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԱԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասը լրացնել 37-րդ և 38-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

«37) գործատուի կողմից աշխատողի` տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գործող և համապատասխանաբար «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին ու «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային գործունեության սուբյեկտների միջոցով) հանգստի հետ կապված ծառայություների ձեռք բերման համար տրամադրվող միջոցները,

38) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույն տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գործող և համապատասխանաբար «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին ու «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային գործունեության սուբյեկտների միջոցով) հանգստի հետ կապված ծառայություների ձեռք բերման ծախսերը` մեկ անձի համար 200000 դրամի սահմաններում:»:

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 դեկտեմբերի 17-ի ՀՕ 241-Ն օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները և զբոսաշրջային ավտոբուսները` միջազգային փոխադրումների իրականացման ժամանակ.»:

 

 ՆԱԽԱԳԻԾ

 ՕՐԵՆՔԸ

 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը  լրացնել 12.1 գլխով` հետևյալ բովանդակությամբ.

 

 «ԳԼՈՒԽ 12.1

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԳԱՎԱՌԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

Հոդված 171.1 «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների հետ կապված վարչական ակտը չկատարելը

 

  1. «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի, 26-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի պահանջների հետ կապված վարչական ակտը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի  երկու հարյուրապատիկի չափով:

 

  1. Սույն հոդվածի 1-ին մասով  նախատեսված արարքը վարչական տույժի կիրառման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի  հինգ հարյուրապատիկի չափով:»:

 

 

Հոդված 2. Օրենսգրքի 244.7  հոդվածը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

 

«Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն քննում է սույն օրենսգրքի 171.1 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը և կիրառում է պատասխանատվության միջոցները:»:               

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՙԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ՚  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ   ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ

 

  Հոդված1.  ՙԼիցենզավորման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի  աղյուսակը լրացնել 17. 1 մասով` հետևյալ բովանդակությամբ. 

   

 

17. 1 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

 

 

 

 

 

 

 

1.

Զբոսավարի գործունեություն

ԿՄ

 

-

-

-

Ո

Հ

-

2.

Ուղեկցորդի գործունեություն

ԿՄ

 

-

-

-

Ո

Հ

-

3

Զբոսաշրջային օպերատորի գործունեություն

ԿՄ

 

-

-

-

-

Հ

-

4

Զբոսաշրջային գործակալի գործունեություն

ԿՄ

 

-

-

-

-

Հ

-

5

 Հյուրանոցային ծառայությւնների մատուցում

ԿՄ

 

-

-

-

-

Հ

-

 

 

 

 

  • Обсуждалось

    03.03.2017 - 20.03.2017

  • Тип

    Закон

  • Область

    Культура, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11865

Принт

Связанные документы / ссылки