ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի ………. -ի N…-Ն
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2. 2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի 917-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 962-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և գործում է 2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության կառավարության
2026 թվականի ………-ի N ….-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի հաշվառումն իրականացվում է ելնելով երեխայի լավագույն շահերից՝ այդ թվում հաշվի առնելով երեխայի կարիքին համապատասխան լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացումն ապահովելու անհրաժեշտությունը։
2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց հաշվառման, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման գործընթացում ներգրավված են և իրենց լիազորությունների շրջանակում գործառույթներ են իրականացնում սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին), Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտրոն), մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը (այսուհետ միասին՝ աշխատակազմ), խնամակալության և հոգաբարձության մարմինը (այսուհետ՝ ԽՀՄ) և օրենքով նախատեսված այլ մարմիններ կամ կազմակերպություններ:
3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման նպատակը նրանց կարգավիճակի հստակեցումն է։
4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կարգավիճակի հաստատման նպատակը երեխայի խնամքի կազմակերպումն է ընտանեկան միջավայրում (որդեգրման, խնամակալության, հոգաբարձության կամ խնամատարության միջոցով), իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում տեղավորելն է, նրանց համար երեխայի պաշտպանության պլան կազմելը և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով սահմանված երաշխիքներ տրամադրելը:
5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց հաշվառումն իրականացվում է ԽՀՄ-ների կողմից, իսկ կարգավիճակի հաստատումը՝ աշխատակազմի կողմից:
6. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման և կարգավիճակի հաստատումից հետո նրանց համար կազմվում է անհատական սոցիալական միջամտության ծրագիր՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, կազմակերպվում է նրանց խնամքը և տրամադրվում է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով սահմանված երաշխիքներ:
7. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման գործընթացը կազմակերպում է երեխայի, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ հաշվառելու դեպքում՝ չափահաս անձի փաստացի գտնվելու վայրի համայնքի՝ երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողը (այսուհետ՝ մասնագիտացված սոցիալական աշխատող):
8. Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններում, ինչպես նաև Նախադպրոցական, հանրակրթական, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և այլ հաստատությունների պաշտոնատար անձինք փաստացի առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների այլընտրանքային խնամքն ապահովելու նպատակով տեղեկությունը պարտավոր են հայտնել երեխայի գտնվելու վայրի ԽՀՄ:
9. Համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը, տեղեկանալով փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին, պարտավոր է երեք օրվա ընթացքում ապահովել երեխայի պաշտպանության գործընթացում սոցիալական աշխատանքի իրականացումը, այդ թվում՝ գնահատումը։
10. Բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ հաստատությունների ղեկավարները, որտեղ գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ՝ պարտավոր են յոթ օրվա ընթացքում, այն օրից, երբ տեղեկություն են ստացել, որ երեխայի խնամքը կարող է կազմակերպվել ընտանիքում, երեխաների պաշտպանության տեղեկատվական ենթահամակարգի (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) միջոցով հայտնել երեխայի գտնվելու վայրի ԽՀՄ-ին:
11. Գնահատման արդյունքները տեղեկատվական համակարգ մուտքագրելուց հետո՝ համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը տեղեկատվական համակարգում ընտրում է այն հիմքերը, որոնք առկա են երեխային՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու համար։
12. Համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը երեխային որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու փաստն ամրագրում է որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառման հիմքը հստակեցվելուց հետո ոչ ուշ քան երեք օրվա ընթացքում՝ տեղեկատվական համակարգի միջոցով երեխայի անձնական գործում հաշվառման համապատասխան ծածկագիր ձևավորելու միջոցով։
13. Սույն կարգի 12-րդ կետում նշված հաշվառման ծածկագիրը ձևավորվում է հաշվի առնելով տվյալ համայնքի կողմից ընթացիկ տարում հաշվառման հերթական համարը, ինչպես նաև համայնքի համարը՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի Հավելված 2-ի կետի և ենթակետի։
14. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի գործը հաշվառման պահից տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի է դառնում աշխատակազմին։
15. Աշխատակազմը, ուսումնասիրելով տեղեկատվական համակարգում հաշվառված գործը, երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է կարգավիճակը:
16. Աշխատակազմը, սույն հավելվածի 14-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու է հիմնավոր առաջարկությամբ վերադարձնել հաշվառված գործը ԽՀՄ-ին՝ 15-օրյա ժամկետում տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխությունն իրականացնելու և աշխատակազմին տեղեկացնելու նպատակով։
17. Աշխատակազմի կողմից կարգավիճակի հաստատման արդյունքում տեղեկատվական համակարգում որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառման ծածկագրում ավելանում է ընթացիկ տարում տվյալ մարզում որպես որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառվան վերցված երեխաների թվում տվյալ գործի հերթական համարը և կարգավիճակի հաստատման օրը, ամիսը, տարին։
18. Երեխան համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխա աշխատակազմի կողմից կարգավիճակի հաստատման պահից սկսած։
19. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի հաշվառումն իրականացնելուց հետո ոչ ուշ, քան յոթ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումն իրականացրած համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը կազմում է երեխայի պաշտպանության պլան՝ առաջնորդվելով օրենսդրությամբ սահմանված կարգով։
20. ԽՀՄ-ն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավական կարգավիճակի փոփոխման դեպքում երեք օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում իրականացնում է անհրաժեշտ փոփոխություն, որը հասանելի է դառնում աշխատակազմին:
21. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավական կարգավիճակի փոփոխման դեպքում՝ տեղեկատվական համակարգում իրականացված փոփոխությունների արդյունքում գործը տեղափոխվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների դուրսգրված գործերի ենթաբաժին՝ շարունակելով մնալ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ենթաբաժնում, եթե կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու հիմքերը չեն վերացել։
22. Հաշվառման, կարգավիճակի հաստատման, կարգավիճակի դադարեցման բոլոր փուլերում տեղեկատվական համակարգում իրականացվող մուտքագրումները դիտման եղանակով հասանելի են լիազոր մարմնին, որը մասնագիտական հսկողություն իրականացնելու արդյունքում կարող է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ այդ թվում տեղեկատվական համակարգի ծանուցումների բաժնում հաղորդագրություն ուղարկելու միջոցով։
23. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումն ու կարգավիճակի հաստատումն իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման ու կարգավիճակի հաստատման նույն ընթացակարգով։
24. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձին հաշվառելիս վերջինիս փաստացի գտնվելու վայրի մասնագիտացված սոցիալական աշխատողը տեղեկատվական համակարգում որոնում է տվյալ անձի՝ նախկինում որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված լինելու վերաբերյալ գործը։
25. Եթե անձը փոխել է բնակության վայրը և որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ հաշվառվման է վերցվելու համայնքում, որը տարբերվում է որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառումն իրականացրած համայնքից, ապա հաշվառումն իրականացնող համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը տեղեկատվական համակարգում որոնման արդյունքում տեսնում է միայն անձի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառման օրը, ամիս, տարին և հաշվառման համայնքը։
26. Սույն հավելվածի 25-րդ կետում նշված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձին հաշվառել ցանկացող համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը տեղեկատվական համակարգում իրականացնում է համապատասխան նշագրում՝ նախորդ համայնքից գործը հայցելու նպատակով։
27. Հայցը ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառումն իրականացրած համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողն ուսումնասիրում է հայցի հիմքերը և գործը փոխանցում է։ Անձնական գործի փոխանցման պահից այն հասանելի է դառնում միայն որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ հաշվառումն իրականացնող համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին։
28. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի հաշվառումն իրականացնելիս համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում թարմացնում է անձի տվյալները և փոխանցում է աշխատակազմ՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում կարգավիճակի հաստատման նպատակով և տարածքային կենտրոն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատական սոցիալական միջամտության ծրագիր կազմելու նպատակով։
29. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի հաշվառման և կարգավիճակի հստակեցման դեպքում տեղեկատվական համակարգում անձնական գործի ծածկագիրը ձևավորվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի հաշվառման և կարգավիճակի հստակեցման ժամանակ ձևավորվող ծածկագրերի նույն սկզբունքով։
30.Եթե անձը նախկինում հաշվառված չի եղել որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա, սակայն առկա են օրենսդրությամբ նախատեսված հիմքեր անձին որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ հաշվառելու համար, ապա տեղեկատվական համակարգում բացվում է նոր գործ և հաշվառման, կարգավիճակի հաստատման գործընթացն իրականացվում է նույն ընթացակարգով։
31. ԽՀՄ-ի կամ աշխատակազմի կողմից տեղեկատվական համակարգում իրականացված մուտքագրումների արդյունքում՝ լիազոր մարմինը ձևավորում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների վիճակագրությունը և մշակում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։
32. Առանց ծնողական խնամքի մնացած կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման տեղեկանքները արտածվում են տեղեկատվական համակարգից։
33. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի օրինական ներկայացուցչին կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձին սույն հավելվածի 32-րդ կետում նշված տեղեկանքները հասանելի են անհատական օգտահաշվում։
34. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման վերաբերյալ տեղեկանքները ձևավորվում են համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի և Ձև 2-ի։
Ձև 1
Հաշվառման տեղեկանք
առանց ծնողական խնամքի մնացած երեխա (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, սեռ, ծննդյան համայնք)
Կարգավիճակի հաստատման ծածկագիր———————
- Կարգավիճակը հաստատած (մարզպետի աշխատակազմ կամ Երևանի քաղաքապետարան) _______________________
- Կարգավիճակի հաստատման օր, ամիս, տարի——————————
- Հաշվառման վերցրած խնամակալության և հոգաբարձության մարմին _______________________
Հաստատում եմ
● Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ,Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության հարցերով վարչության պետ_______________________
● Տեղեկանքի ձևավորվման օր,ամիս,տարի _______________
● Ստորագրություն _______________________
Ձև 2
Հաշվառման տեղեկանք
առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, սեռ, ծննդյան համայնք)
Կարգավիճակի հաստատման ծածկագիր———————
1. Կարգավիճակը հաստատած (մարզպետի աշխատակազմ կամ Երևանի քաղաքապետարան) _______________________
2. Կարգավիճակի հաստատման օր, ամիս, տարի——————————
3. Հաշվառման վերցրած խնամակալության և հոգաբարձության մարմին _______________________
4. Որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա կարգավիճակի հաստատման ծածկագիրը (եթե նախկինում վերցվել է հաշվառման որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա)——————————————
Հաստատում եմ
● Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ,Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության հարցերով վարչության պետ_______________________
● Տեղեկանքի ձևավորվման օր,ամիս,տարի _______________
● Ստորագրություն _______________________
-
Տևողություն
23.03.2026 08.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 57
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: